ԿՐՔԵՐ ԵՎ ԲԱՐՔԵՐ

(ՊԵՐՃԱԽՈՍ ԱՂՄՈՒԿ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՇՈՒՐՋ)

01.10.2012, Իրավունք

Այսօր քննարկվող հարցն ունի, ըստ իս, հինգ հիմնական երանգավորում. տնտեսական, ներքաղաքական, բարոյական, իրավաբա­նական և արտաքին- քաղաքական: Փորձեմ դրանք առանձին-առանձին մեկնաբանել, ապա և տալ ամբողջական գնահատականը:

Եվ այսպես, ինչպես վկայում է Ազգային Վիճակագրական Ծառայության տեղեկագիրքը (Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2011 թ. Հունվար-դեկտեմբերին, էջ 162), 2011 թ. հանրապետությունում դատական ակտերի հիման վրա ստացվել է 91604 կատարողական վարույթ: Այդ նույն ժամանակաշրջանում կարճվել և ավարտվել է նախորդ տարուց փոխանցվածը հաշվի առնելով` 104108-ը և հաշվետու ժամանակաշրջանի վերջում մնացել է 18960 անավարտ կատարողական վարույթ: Հանրապետության պետական բյուջեի օգտին Ֆինանսների նախարարության և Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցերով գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված և չվերականգնված մնացորդ գումարներն էին` բռնագանձվածը` 1 մլրդ 471 մլն 166,6 հազար դրամ, իսկ չվերականգնվածը` տարեվերջին կազմել է 18 մլրդ 949 մլն 852,2 հազար դրամ: Հանրապետության պետական բյուջեի օգտին քրեական գործերով գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված և չվերականգնված մնացորդ գումարները կազմել են. բռնագանձված գումարը` 99 մլն 750,1 հազար դրամ, չվերականգնված մնացորդ գումարը` 1 մլրդ 340 մլն 113,8 հազար դրամ, իսկ 2010 թ. բռնագանձված գումարը կազմել է` 111 մլն 570 հազար դրամ, չվերականգնված մնացորդ գումարը տարեվերջին` 1 մլրդ 672 մլն 531 հազար դրամ: Ես այս թվերը հնչեցնում եմ մեկ նպատակով, այն է` ասելու համար, որ ամեն տարի մեր երկրում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցվում են հարյուրավոր քրեական գործեր պետական բյուջեի օգտին կատարողական վարույթներով բռնագանձումներ կատարելու վերաբերյալ: Այդ գործերում քիչ չեն հանրապետության քրեական օրենսգրքի 179-րդ և 190-րդ հոդվածների հատկանիշերով հարուցվածները: Սակայն մենք երբեք ու երբեք չենք էլ իմացել դրանց մասին, ոչ էլ դրանց վերաբերյալ եղել են բազում հրապարակումներ, հարցազրույցներ, նույնիսկ հեռուստաբանավեճեր: Երբևէ օտարերկրյա դիվանագետներին չի հետաքրքրել հարյուրավոր նման  գործերով մեղադրվող ձեռներեցների ճակատագիրը: Այլ կերպ ասած` նրանք կատարելապես վստահել են մեր իրավապահ մարմիններին: Իսկ եթե վերջիններիս կողմից սխալ է թույլ տրված եղել, ապա անմիջապես արձագանքել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը և հարցը փակվել է:

 

Եվ ապա ինչպես հայտնի է, այս տարվա սեպտեմբերի 15-ին Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ անվերապահ հայտարարեց, որ այսուհետև մեր երկրում խիստ և հետևողական պայքար է մղվելու կոռուպցիայի, կաշառակերության, տնտեսական հանցագործությունների դեմ: Եվ այդ պայքարում հաշվի չեն առնվելու մեղադրվողների ո´չ ով լինելը, ո´չ զբաղեցրած պաշտոնը և ո´չ էլ նախկինում ունեցած ծառայությունները: Ըստ որում, նույն այդ խորհրդակցության ժամանակ հատուկ նշվեց, որ պետք է բացառել, որ օրինախախտումների դեմ պայքարը հանկարծ չնենգափոխվի ընդամենը չնչին չարաշահումներ թույլ տված շարքային չինովնիկների դեմ պայքարով:

«Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիրի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ, կրկնում եմ, ոչ թե «Սիվիլիթաս»-ի, այլ դրա հիմնադիրի դեմ Ազգային Անվտանգության Ծառայությունը հայտարարությամբ հանդես էր եկել դեռևս այս տարվա մայիսի 25-ին: Ըստ էության այս քրեական գործը նպատակ ունի օգնել «Սիվիլիթաս» հիմնադրամին, որպեսզի պաշտպանվեն նրա կանոնադրությունը և չվատնվեն, ինչ խոսք, բարեգործության նպատակով հատկացված ֆինանսական միջոցները: Մենք ձեզ հետ միասին ականատես եղանք, թե դրանից հետո ինչ մեծաքանակ հրապարակումներ եղան ընդդեմ Ազգային Անվտանգության Ծառայության կողմից ի պաշտոնե իրականացվող ձեռնարկումների: Եվ` զարմանալի բան այդ ընթացքում ոչ ոք չբարեհաճեց հանդես գալ հայտարարությամբ, թե բարձրացված աղմուկը ոչ այլ ինչ է, քան պարզեիպարզ ճնշում նախաքննություն իրականացնող մարմնի նկատմամբ: Կառավարությունում կայացած խորհրդակցությունում հանրապետության նախագահի ելույթի առանցքային դրույթներից մեկն էլ այն էր, որ ինքը երկրի հիմնական օրենքի 49-րդ հոդվածի համաձայն` հետևողականորեն «ապահովելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:

Այսօր Ազգային Ժողովում ներկա հարցի  քննարկումը Նախագահի առաջ քաշած խնդիրները կյանքի կոչելու համոզիչ վկայությունն է: Ես ըմբռնումով եմ մոտենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որդեգրած դիրքորոշմանը: Սակայն ինձ զարմացնում է նրա տարածած հայտարարության հետևյալ դարձվածքը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն Գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը»: Ի՞նչ է ստացվում` Վարդան Օսկանյանը քննության ամբողջ ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալ քրեական վարույթ իրականացվող մարմնին և իր պարզաբանումները ներկայացնել գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցների առնչությամբ, իսկ հիմա որպես ցուցմունքներ ու պարզաբանումներ ներկայացնող գործի մեջ է ներքաշում մի ամբողջ կուսակցություն: Դրանով իսկ Օսկանյանը, ավելի ճիշտ` նրա վա՜յ-հուշարարները, փորձում են, որ տարրական տնտեսական հանցագործություն կատարելու համար կամա-ակամա մեղադրվող կողմ ճանաչվի ոչ ավելի, ոչ պակաս` հենց «Բարգավաճ Հայաստան»-ը: Պատկերացնո՞ւմ եք, թե դատարանի կողմից հանցակազմը ապացուցելու պայմաններում ինչ անբարենպաստ վիճակում կհայտնվի «Բարգավաճը»: Կարծում եմ, ոչ ոք էլ չէր կարող խանգարել, որ այդ կուսակցության ընտրական ցուցակում երկրորդ համարի տակ գրանցված Վարդան Օսկանյանն այսօր այստեղ ներկայացվող փաստաթղթերի փաթեթը հրապարակեր, ժամանակին ներկայացներ քննչական մարմնին: Եվ այդ պարագայում միգուցե արդեն իսկ անհրաժեշտություն չառաջանար, որ Գլխավոր դատախազը հանդես գար այս միջնորդությամբ: Եթե դա չի արվել, ապա տրամաբանությունը հուշում է պնդել, որ ի սկզբանե խնդիր է դրվել քաղաքականացնել հարցը, փորձելով ինչո՞ւ ոչ, դրանով իսկ կոծկել ճշմարտությունը…

Մեզ թվում է, որ Ազգային ժողովի կողմից Գլխավոր դատախազի միջնորդության մերժումը կունենա խիստ բացասական բարոյա-իրավաբանական հետևանքներ: Նախ և առաջ` այն առումով, որ մեր հազարավոր հայրենակիցներ հիմք կունենան մտածելու, որ երբ գործը վերաբերում է այս կամ այն նախարարի, պատգամավորի, պաշտոնատար այլ անձանց, ապա գործում է միայն մեկ «օրենք», որի նպատակն է հանցանքը պարտակելը, քրեական գործը ջրելը: Եվ ընդհակառակը, երբ գործը վերաբերում է շարքային քաղաքացիներին, ապա գործում է մեկ ուրիշ օրենք` նույնիսկ չնչին հանցանքի համար խստագույնս պատժելու միտումով:

Ինչ վերաբերում է խնդրո առարկայի շուրջ հնարավոր զարգացումների բացասական իրավական հետևանքներին, ապա դրանք ակնհայտ են: Միջնորդության մերժման պարագայում քննչական և դատախազական մարմիններում աշխատող բազում օրինապաշտ քննիչներն ու դատախազները կարող են մտածել` եթե պաշտոնատար անձանց նկատմամբ ամեն քրեական գործ արգելափակվելու է Ազգային ժողովում կամ վերադաս այլ մարմնում, ապա ինչու իրենք պետք է հզորների առջև վատամարդ դառնան, վտանգեն իրենց աշխատանքային կարիերան, և դեռ հետն էլ վերջիններիս կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների թունոտ քննադատության թիրախը դառնան:

Եվ վերջապես քննարկվող հարցի արտաքին քաղաքական հետևանքների մասին: Գովելի է, որ Վարդան Մինասիչի ճակատագրի վերաբերյալ անտարբեր չեն Եվրամիության անդամ երկրների դեսպանները: Զարմանալի է նաև, որ մեր քաղաքացիները, որոնք դեռ ծանոթ էլ չէին Գլխավոր դատախազի միջնորդության մանրամասնություններին, այդ մասին տեղեկացան, մասնավորապես, «Հայկական ժամանակ» թերթի սեպտեմբերի 29-ի համարից, իսկ դրանից դեռ մեկ օր առաջ էլ` սեպտեմբերի 28-ին, հանդես է եկել “Washington Post” հեղինակավոր թերթի փոխխմբագիր, ծագումով հայ Դևիդ Իգնատիուսը պերճախոս հրապարակումով` «Ճնշելով հասարակական կազմակերպությանն ու քաղաքական բանավեճը Հայաստանում»: Հոդվածագիրը նշում է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը հրատարակում է թերթ և ունի ինտերնետային հեռուստաընկերություն, որոնք անկախ ձայներ են մի երկրում, ուր լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է իշխանությունների կողմից: Ահա այստեղ է, որ կցանկանայի որոշ պարզաբանումներ կատարել: Այսպես, «Օրակարգ» թերթը, որը գործում է «Սիվիլիթասի» շրջանակում և ֆինանսավորվում է ի թիվս այլ երկրների, նաև մեր բարեկամ ամերիկացիներից ստացվող գումարներով, այս տարվա մարտի 1-ին հոդված է տպագրում այսպիսի վերտառությամբ` «Գեղամյանի Եվրասիական Միությունը ՀՀԿ-ն է», որտեղ, մասնավորապես, գրում է. «Եվրասիական Միությունը մեր ապագան է», - սա Արտաշես Գեղամյանի գրքի վերնագիրն է: … Գրքի վերնագիրն արդեն իսկ կեղծ է` Եվրասիական Միություն գոյություն չունի: Եթե անգամ գոյություն ունենար, նրա ամբողջ «արդյունավետությունը» հենց այն է, որ ապագա չունի, որովհետև դրա կարևորության մասին խոսել է բռնապետ Վլադիմիր Պուտինը, և դրանում ընդգրկվելու համաձայնություն են տվել էլ առավել բռնապետական բարքերով հայտնի Բելառուսն ու Ղազախստանը»: Այդ նույն թերթի մարտի 8-ի համարում հայտարարվում է` «Պուտինը վերադառնում է Կրեմլ, չնայած նրա դարաշրջանն արդեն ավարտվել է», «Վլադիմիր Պուտինի գլխավոր խնդիրն այն է, որ նա Ռուսաստանին չի կարող առաջարկել ոչ մի նոր գաղափար»: Միտումնավորությունն ակնհայտ է. Հիշենք թեկուզ նախընտրական շրջանում Պուտինի ռազմավարական յոթ ծրագրերի հրապարակումը և դրանց արձագանքելը ռուսական և համաշխարհային մամուլում, որոնք անշուշտ պիտի նկատած լինեին «Օրակարգի» հոդվածագիրն ու նրա պատվիրատուն… Բացահայտորեն պարզ է. հրապարակումները խիստ վտանգավոր սադրանք են և խնդիր են հետապնդում սեպ խրել հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի մեջ, թշնամացնել մեր երկու երկրների ժողովուրդներին: Եվ նմաններին ձայնակցող, օտար աղբյուրներից ֆինանսավորվող «Օրակարգի» և «Սիվիլիթասի» գործողությունները ակներևաբար հակասում են ոչ կառավարական կազմակերպությունների մասին Հայաստանում գործող օրենքներին:

Ավարտելով խոսքս` կցանկանայի մեր գործընկերներին զգոնության կոչել. Չդառնանք օտարամետ ուժերի խարդավանքների հլու ձայնարկիչն ու մասնակիցը: Առավել ևս զենք չդառնաք տեղական լցոնման տարրերի ձեռքում, ովքեր հանուն իշխանության վերադառնալու և կուտակած փողերը կորցնելու վերահաս վտանգից խուսափելու, կանգ չեն առնի անգամ Հայոց պետականությունը թուլացնելու, խարխլելու դավաճանական քայլի գայթակղության առջև: Համոզված եմ, որ Ազգային ժողովը կպաշտպանի հանրապետության Գլխավոր դատախազի միջնորդությունը: Հակառակ պարագայում չէր խանգարի, որ Հայաստանի արդի քաղաքական և տնտեսական գործիչները խորհեին մ.թ.ա. 279 թվականին հռոմեացիներին պարտության մատնած ճակատամարտից հետո արված Էպիրի Պյուրոս արքայի բացականչության բուն իմաստի շուրջ. «Եվս այսպիսի մի հաղթանակ և ես կմնամ առանց զորքի»…

Հ.Գ.  «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսեր Նակուլա Բասելի Նակուլային, որը կասկածվում էր ինտերնետում մահմեդականներին ծաղրող ժապավենի տեղադրման մեջ, օրերս` սեպտեմբերի 27-ին ԱՄՆ իշխանությունները ձերբակալեցին: Ձերբակալության առիթն այն էր, որ Նակուլան 2010 թ. բանկային քարտերի հետ կապված մեքենայությունների համար պայմանականորեն դատապարտվել էր և 5 տարվա ընթացքում (փորձարկման ժամկետը) իրավունք չուներ առանց իշխանություններին իրազեկելու օգտվել ինտերնետից: Մինչև օրս էլ աշխարհի մահմեդականները շարունակում են ավերել արևմտյան երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները ողջ աշխարհում: ԱՄՆ-ն խստորեն դատապարտեց մահմեդականների կրոնական զգացմունքները վիրավորողներին: Ավելին, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման նույնիսկ հայտարարեց. «Մահմեդականների անմեղությունը » ֆիլմը վիրավորել է Ամերիկային»: Ակամայից մտաբերում ես այն աղմուկը, որը բարձրացվեց քրիստոնյաների կրոնական զգացմունքները վիրավորողների` Pussy Riot խմբի առնչությամբ: Հիշենք, թե ի՜նչ տեղեկատվական պատերազմ հայտարարվեց Ռուսաստանի իշխանությունների, դատական մարմինների դեմ, երբ ընթանում էր այդ խմբի ներկայացուցիչների դատավարությունը: Համեմատելով ըստ էության նմանատիպ այս երկու խիստ անընդունելի հակամահմեդական և հակաքրիստոնեական դրսևորումները, գալիս ես տխուր եզրահանգման: Ստացվում է, որ Նակուլայի դեպքում, երբ նա ծաղրում է իսլամ դավանողներին, դա վիրավորանք է նաև արևմուտքին, իսկ երբ անարգում  են քրիստոնեական սրբությունները և դրա համար օրենքով դատապարտվում, ապա դա Արևմուտքը բնութագրում է որպես քաղաքական հետապնդում, խոսքի ազատության ճնշում: Երբ քրեական օրենսգրքի հստակ ձևակերպված հոդվածներով մեղադրանք է հարուցվում շարքային ձեռներեցի նկատմամբ, ապա դա ընկալվում է որպես անօրինականության դեմ ուղղված պայքար: Իսկ երբ փորձ է արվում նույն հոդվածով առայժմ միայն մեղադրանք ներկայացել բարձրակարգ VIP- անձին, ապա գտնվում են ուժեր, որոնք հանրությանը հրամցնում են որպես քաղաքական հետապնդում, ճնշում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման դեմ:

Մեր հինավուրց բարեկամ հռոմեացի պետական գործիչ,  սենատոր, հռետոր և գրող Մարկոս Տալլիյոս Ցիցերոնը դեռ մ.թ.ա. 1-ին դարում իր ճառերում ուղղված հռոմեական օրինական իշխանությունների դեմ դավեր նյութող Լուկիոս Սերգիոս Կատիլինային հաճախ մերկացնելով ավարտում էր իր խոսքը «O tempora, o mores!» «Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր» արտահայտությամբ: Դրանով իսկ նա հեգնում էր Հռոմում տիրող բարքերը…

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային Միաբանություն կուսակցության» և  «Հյուսիսային Հեռանկար» հասարակական կազմակերպության ղեկավար

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր