ԿՐՔԵՐ ԵՎ ԲԱՐՔԵՐ
(ՊԵՐՃԱԽՈՍ ԱՂՄՈՒԿ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՇՈՒՐՋ)
01.10.2012, Իրավունք
Այսօր քննարկվող հարցն ունի, ըստ իս, հինգ հիմնական երանգավորում. տնտեսական, ներքաղաքական, բարոյական, իրավաբանական և արտաքին- քաղաքական: Փորձեմ դրանք առանձին-առանձին մեկնաբանել, ապա և տալ ամբողջական գնահատականը:
Եվ այսպես, ինչպես վկայում է Ազգային Վիճակագրական Ծառայության տեղեկագիրքը (Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2011 թ. Հունվար-դեկտեմբերին, էջ 162), 2011 թ. հանրապետությունում դատական ակտերի հիման վրա ստացվել է 91604 կատարողական վարույթ: Այդ նույն ժամանակաշրջանում կարճվել և ավարտվել է նախորդ տարուց փոխանցվածը հաշվի առնելով` 104108-ը և հաշվետու ժամանակաշրջանի վերջում մնացել է 18960 անավարտ կատարողական վարույթ: Հանրապետության պետական բյուջեի օգտին Ֆինանսների նախարարության և Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցերով գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված և չվերականգնված մնացորդ գումարներն էին` բռնագանձվածը` 1 մլրդ 471 մլն 166,6 հազար դրամ, իսկ չվերականգնվածը` տարեվերջին կազմել է 18 մլրդ 949 մլն 852,2 հազար դրամ: Հանրապետության պետական բյուջեի օգտին քրեական գործերով գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված և չվերականգնված մնացորդ գումարները կազմել են. բռնագանձված գումարը` 99 մլն 750,1 հազար դրամ, չվերականգնված մնացորդ գումարը` 1 մլրդ 340 մլն 113,8 հազար դրամ, իսկ 2010 թ. բռնագանձված գումարը կազմել է` 111 մլն 570 հազար դրամ, չվերականգնված մնացորդ գումարը տարեվերջին` 1 մլրդ 672 մլն 531 հազար դրամ: Ես այս թվերը հնչեցնում եմ մեկ նպատակով, այն է` ասելու համար, որ ամեն տարի մեր երկրում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցվում են հարյուրավոր քրեական գործեր պետական բյուջեի օգտին կատարողական վարույթներով բռնագանձումներ կատարելու վերաբերյալ: Այդ գործերում քիչ չեն հանրապետության քրեական օրենսգրքի 179-րդ և 190-րդ հոդվածների հատկանիշերով հարուցվածները: Սակայն մենք երբեք ու երբեք չենք էլ իմացել դրանց մասին, ոչ էլ դրանց վերաբերյալ եղել են բազում հրապարակումներ, հարցազրույցներ, նույնիսկ հեռուստաբանավեճեր: Երբևէ օտարերկրյա դիվանագետներին չի հետաքրքրել հարյուրավոր նման գործերով մեղադրվող ձեռներեցների ճակատագիրը: Այլ կերպ ասած` նրանք կատարելապես վստահել են մեր իրավապահ մարմիններին: Իսկ եթե վերջիններիս կողմից սխալ է թույլ տրված եղել, ապա անմիջապես արձագանքել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը և հարցը փակվել է: