ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԵՍ ԿՈՂՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ, ԲԱՅՑ ԴԵՄ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԾՐԱԳՐԻՆ

 08.06.2018, Իրավունք

Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) ամենամյա՝ 48-րդ նստաշրջանում, որը տեղի է ունեցել 2018թ. հունվարի 23-26-ը Դավոսում՝ «Ընդհանուր ապագայի ստեղծում մասնատված աշխարհում» կարգախոսով, ներկայացվեց աշխարհի երկրների տնտեսական զարգացման այլընտրանքային համակարգ։ ՀՏՀ փորձագետները և վերլուծաբաններն առաջարկեցին Երկիր մոլորակի գլխավոր մակրոտնտեսական ցուցանիշը՝ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) փոխարինել ներառական զարգացման ինդեքսով (Inclusive Development Index - IDI), քանի որ, նրանց կարծիքով, ՀՆԱ-ն չի արտացոլում ռեալ իրավիճակն ինչպես համաշխարհային տնտեսությունում, այնպես էլ կոնկրետ երկրներում։ Ավելի վաղ անդրադարձել եմ այն հարցին, որ IDI-ն 12 բնութագրիչ ունի, որոնք բաժանվում են երեք խմբի՝ յուրաքանչյուրը 4-ական ցուցանիշով։ Հիշեցնեմ, որ բնութագրիչների առաջին խմբում, որն անվանված է «Աճ և զարգացում», նշված են. 1) բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն (2010թ. ԱՄՆ դոլարի  արժեքով); 2) աշխատանքի արտադրողականությունը՝ մեկ աշխատողին բաժին ընկնող ՀՆԱ-ն (ԱՄՆ դոլարով); 3) կյանքի ակնկալվող միջին տևողությունը; 4) աշխատունակ տարիքի բնակչության զբաղվածությունը (նշվում է տոկոսներով)։ Բնութագրիչների երկրորդ՝ «Ներառականություն» խմբում նշված են. 1) հասարակությունում եկամուտների շերտավորման (բաշխվածության) գործակիցը (0 – լիակատար հավասարություն, 100 – լիակատար անհավասարություն); 2) աղքատության մակարդակը; 3) հասարակության շերտավորման գործակիցն ըստ հարստության բաշխման (0 – լիակատար հավասարություն, 100 -  լիակատար անհավասարություն); 4) տնային տնտեսությունների միջին ամենօրյա ծախսը (գնողունակության վրա հիմնված ցուցանիշ. այն  երկրի բնակչությունը բաժանում է երկու մասի՝ նրանց, ովքեր ծախսում են այդ նշաձողից ավելի բարձր կամ ավելի ցածր)։

Բնութագրիչների երրորդ՝ վերջին խմբում, որն ունի «Սերունդների հաջորդականությունը և զարգացման կայունությունը» անվանումը, ներկայացված են. 1) ճշգրտված զուտ խնայողությունները (հաշվարկվում են հետևյալ սխեմայով. բնական հարստությունների պաշարներ՝ գումարած կրթության ծախսեր՝ հանած ռեսուրսների սպառում, էներգիայի պաշարների սպառում, վնասներ արտանետումներից. նշվում են համախառն ներքին արդյունքի տոկոսներով); 2) ՀՆԱ ջերմոցային էֆեկտը (CO₂-ի արտանետումների ցուցանիշը ներքին համախառն արդյունքի յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց, որն արտադրում է երկրի տնտեսությունը); 3) պետական պարտքի չափը (ՀՆԱ տոկոսով); 4) ժողովրդագրական ծանրաբեռնվածությունը (0-15 և 64-ից բարձր տարիքի խնամառու քաղաքացիների հարաբերակցությունը աշխատունակ բնակչության ընդհանուր թվաքանակի հետ)։ Բոլոր 12 ցուցանիշներից սկզբում կազմվում են 3 խմբային ինդեքսները, և հետո արդեն դրանց գումարումից ստացվում է ամփոփ ցուցանիշը՝ որպես միջին թվաբանական։

Պատահական չէ, որ կատարեցի այս էքսկուրսը, քանի որ 2018թ. ապրիլի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունում, «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» նախագծի (այսուհետ՝ Ռազմավարություն) քննարկման ժամանակ, նախագահն ասաց. «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն և բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար»։ Այնուհետև նշվում էր, որ այս փաստաթղթի իրագործումն անհրաժեշտ պայմաններ կապահովի հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման համար, որոնք կլինեն բարձր վարձատրվող և զգալիորեն կկրճատեն գործազրկության մակարդակը, հատկապես երիտասարդության շրջանում։ Ռազմավարությունում նախատեսվում է զգալի միջոցներ ներդնել մարդկային կապիտալի, այսինքն՝ կրթության և առողջապահության զարգացման գործում։ Վերջնանպատակը անհրաժեշտ պայմանների ստեղծումն է, որպեսզի մինչև 2040 թվականը մենք ունենանք չորս միլիոն բնակչությամբ Հայաստան՝ մեկ շնչին բաժին ընկնող մոտ 20 հազար ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով։ Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ համազգային նպատակների իրագործումն ուղղակիորեն շաղկապվում էր «կայուն և բարձր ներառական տնտեսական աճի հետ»։

Մանրակրկիտ վերլուծելով Հայաստանի տնտեսական դրությունը՝ կրկին համոզվում ենք, որ առաջադրված համազգային նպատակներին հասնելը բարդ, բայց իրականանալի խնդիր է, որն, ըստ իս, ենթադրում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի քննադատական իմաստավորում IDI բնութագրիչների տեսանկյունից։ Ընդ որում, կարևոր է հանգամանալիորեն վերլուծել, թե որոնք են ներառական տնտեսական աճի առկա հնարավորությունները մեր տնտեսության համար։ Այս բոլոր հարցերի ամբողջությունը մեկ հոդվածում պարզաբանելը հնարավոր չի թվում, իսկ ընկալման առումով, ըստ իս, աննպատակահարմար է։

Դիտարկենք լոկ առանձին խնդիրներ, որոնց լուծումը կնպաստի Հայաստանի տնտեսության էական աճին։ Այս նպատակով ներկայացնենք որոշ ցուցանիշներ, որոնք բնութագրում են ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման դինամիկան 2007-2017թթ. (տե՛ս Աղյուսակ 1)։ Նշենք, որ Աղյուսակ 1-ում և ստորև ներկայացվող մյուս աղյուսակներում ներկայացված բոլոր ցուցանիշները վերցվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի համապատասխան տարիների հունվար-դեկտեմբեր, հունվար և հունվար-փետրվար ամիսների տեղեկագրերից, ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի՝ համապատասխան ժամանակաշրջանի տեղեկագրերից։

               

Այսպես, ըստ Աղյուսակ 1-ի՝ 11 տարիների ընթացքում ներդրումները ՀՀ հիմնական կապիտալում կազմել են 5 տրլն 907 մլրդ 700 մլն դրամ։ Այդ նույն ժամանակամիջոցում համախառն ներքին արդյունքը (այսուհետ՝ ՀՆԱ) ավելացել է 2 տրլն 430 մլրդ 800 մլն դրամով։ Այսպիսով, ՀՆԱ աճի ծավալը պայմանավորված հիմնական կապիտալում ներդրումներով 2,5 անգամ փոքր է եղել հիմնական կապիտալում ներդրված միջոցների գումարից։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ 2007-2017թթ. ժամանակաշրջանում ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) ավելացել է 5 մլրդ 131 մլն 668 հազ. դոլարով կամ, դրամով արտահայտված՝ 2 տրլն 772 մլրդ 429,9 մլն դրամով, կրկնում եմ՝ ՀՆԱ 2 տրլն 430 մլրդ 800 մլն դրամ աճի պարագայում (տե՛ս Աղյուսակ 2)։

 

* 507 մլրդ 156 մլն դրամ։ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումը 2018թ. հունվարին (էջ 54)։

** 3 տրլն 279 մլրդ 585,9 մլն դրամ։ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումը 2018թ. հունվարին (էջ 72)։

 

Նման վիճակագրությունը բավական տագնապալի մտորումների տեղիք է տալիս և վկայում է այն մասին, որ այդ տարիների ընթացքում ներդրումները հիմնական կապիտալում և պետական փոխառությունները չափազանց անարդյունավետ են օգտագործվել։ Ո՞րն է սրա պատճառը։ Հարկ եղած պրոֆեսիոնալիզմի բացակայությունը՝ առնվազն, էլ չեմ ասում միջոցների ոչ նպատակային օգտագործման մասին և այլն, և այլն։ Բայց սա առանձին վերլուծության թեմա է, որը, կարծում եմ, անպայման կարվի։ Իսկ այստեղ նշենք, որ առաջացել է հստակ պայմանների մշակման անհրաժեշտություն, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել ինչպես հիմնական կապիտալում ներդրումների, այնպես էլ բյուջետային ծախսերի անարդյունավետ օգտագործումը։ Այս նպատակով հրատապ է դառնում SMART (ինտելեկտուալ) տնտեսությանն անցման խնդիրը։ Դա թույլ կտա ավելի ռացիոնալ օգտագործել նյութական, աշխատանքային, մտավոր ռեսուրսները համազգային խնդիրների լուծման համար։ Հայաստանի տնտեսությունում կիրարկման առումով սա նշանակում է մեր երկրի էկոնոմիկայում արդիական մոտեցմամբ խիստ պահանջված նպատակների առաջադրում, ինչպիսիք են՝ հազարավոր նոր և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը, տնտեսությունը ներառական տնտեսական աճի բերելու ինստիտուցիոնալ և տնտեսական պայմանների մշակումը և այլն։ SMART-նպատակների առաջադրման համակարգը թույլ կտա, օրինակ, «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030»-ը վերամշակել այնպես, որպեսզի նպատակների առաջադրման փուլում առկա ամբողջ ինֆորմացիան ընդհանրացվի տնտեսության ճյուղերի կտրվածքով, սահմանվեն աշխատանքի ընդունելի ժամկետներ առաջադրված նպատակներին հասնելու համար, պարզել ռեսուրսներով ապահովվածության աստիճանը՝ առաջադրված նպատակներին հասնելու համար և, վերջապես, գործընթացի բոլոր մասնակիցներին տալ հստակ, ճշգրիտ, կոնկրետ խնդիրներ։ Նշենք, որ SMART-ը հապավում է՝ կազմված Specific, Measurable, Achievable, Relevant, Time bound բառերի սկզբնատառերից։ Specific (կոնկրետ) չափանիշը նշանակում է, որ նպատակն առաջադրելու ժամանակ պետք է ճշգրիտ պարզված լինի այն արդյունքը, որին ուզում ենք հասնել։ Measurable (չափելի) չափանիշը նշանակում է, որ նպատակը պետք է չափելի լինի, այսինքն՝ պետք է սահմանված լինեն կոնկրետ չափանիշներ նպատակի կատարման գործընթացը չափելու համար։ Achievable չափանիշը ենթադրում է, որ SMART-ով առաջադրված նպատակը պետք է հասանելի լինի, քանի որ խնդրի կատարման իրատեսականությունն ազդում է կատարողի մոտիվացիայի վրա։ Ընդ որում, նպատակի հասանելիությունը որոշվում է սեփական փորձի հիման վրա՝ հաշվի առնելով առկա բոլոր ռեսուրսներն ու սահմանափակումները, այն է՝ ժամանակային ռեսուրսները, ներդրումները, աշխատանքային ռեսուրսները, կատարողի գիտելիքները և փորձը, նրա համար տեղեկատվության և ռեսուրսների մատչելիությունը, որոշումներ ընդունելու հնարավորությունը և վարչական լծակների առկայությունը։ Relevant (նշանակալի) չափանիշը նշանակում է կարևորել այն ընկալումը, թե տնտեսության ճյուղերի, կոնկրետ կորպորացիաների կամ ձեռնարկությունների առջև կանգնած կոնկրետ խնդրի լուծումն ինչ ներդրում կունենա համազգային նպատակին հասնելու գործում։ Եվ վերջապես, Time bound (ժամանակով սահմանափակված) չափանիշով նախատեսվում է սահմանել վերջնաժամկետը, որի գերազանցումը խոսում է առաջադրված նպատակը չկատարելու մասին։

Կարծում եմ, որ SMART-տեխնոլոգիաների լայն ներդրումը զգալի չափով կնվազեցնի նաև կոռուպցիոն ռիսկերը, ուստի կասկած չի հարուցում, որ այս գործոնն անպայման պետք է դրվի Հայաստանի Հանրապետության կառավարության Ծրագրի, նրա աշխատանքի արդյունավետության չափանիշների մշակման հիմքում։

Այս առնչությամբ կուզենայի ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքին, որ առաջացել է հիմնական կապիտալում ներդրումների և ներդրումների արդյունավետության բարձրացման հստակ չափանիշների մշակման անհրաժեշտություն, չափանիշներ, որոնք կենթադրեն առավելագույն մուլտիպլիկատիվ էֆեկտի ստացում։ Միևնույն ժամանակ, խոսքը միայն էական մուլտիպլիկատիվ էֆեկտի հասնելու մասին չէ, երբ մեկ միավոր ներդրման դիմաց ստանում ենք աճ ՀՆԱ-ի հանդեպ, օրինակ՝ երկու և ավելի միավորի չափով։ Պակաս կարևոր չէ պետական ծախսերի բարձր մուլտիպլիկատիվ էֆեկտի ապահովումը, երբ պետական ծախսերի ավելացման պայմաններում արձանագրվում է միագումար եկամտի աճի առաջանցիկ տեմպ։ Ցավոք, վերջին 11 տարիներին այս բոլոր հարցերը դուրս են մնացել գործադիր իշխանության՝ ՀՀ իրարահաջորդ կառավարությունների տեսադաշտից։ Առաջինը, ինչն անհրաժեշտ է անել՝ հասցեատերերի հստակեցումն է, որոնց պետք է գերակա կարգով ուղղվեն ներքին ներդրումները, արտաքին փոխառությունները, պետական ծախսերի իրականացումը։ Բնական է, որ սա ենթադրում է ներդրումային նախագծերի արդյունավետության և հասցեատերերի (որոնց կուղղվեն ներդրումները և կիրականացվեն պետական ծախսերը) հստակեցման կանխատեսման համակարգի մշակում, ինչը վերջնարդյունքում թույլ կտա ապագայում ՀՆԱ էական աճի հույս ունենալ։

Այնուհետև, կուզենայի ուշադրություն հրավիրել նաև հետևյալի վրա։ Աղյուսակ 1-ի համաձայն՝ վերջին տարիներին նկատվում է ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալի զգալի կրճատում։ Ավելին, ՀՀ Վճարային հաշվեկշռի ցուցանիշների համաձայն՝ 2013-2017թթ. ՀՀ տնտեսությունում կատարվել են բացասական ներդրումներ, այսինքն՝ հանվել է կապիտալ՝ 1 մլրդ 393,305 մլն դոլար ընդհանուր գումարի չափով։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը կորցրել է իր ներդրումային գրավչությունը, ինչն իր հաստատումն է գտնում նաև երկրի միջազգային ներդրումային դիրքը բնութագրող վատթարացող ցուցանիշներում։ Այսպես, վատթարանում է արտաքին ֆինանսական ակտիվների և պարտավորությունների պաշարի հավասարակշռությունը, այսինքն՝ տեղի է ունենում պարտավորությունների առաջանցիկ, ընդ որում՝ էական աճ ֆինանսական ակտիվների աճի համեմատ։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ներկայացնենք վիճակագրությունը։ Այսպես, եթե 2012թ. դեկտեմբերի վերջի դրությամբ զուտ միջազգային ներդրումային դիրքը եղել է (մինուս) -6 մլրդ 835,43 մլն դոլար (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ. հունվար-փետրվարին, էջ 114), ապա արդեն 2017թ. դեկտեմբերի վերջի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է (մինուս) -8 մլրդ 802,14 մլն դոլար (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-փետրվարին, էջ 113)։ ՀՀ միջազգային ներդրումային դիրքի այսօրինակ փոփոխությունները, երբ տեղի է ունենում պարտավորությունների ծավալի էական ավելացում արտաքին ֆինանսական ակտիվների համեմատ, լուրջ ներդրողներն ասոցիացնում են ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացման ռիսկերի բարձրացման հետ։ Ցավոք, նման անխուսափելի երկյուղները ամրանում են այլ հանգամանքով ևս։ Այսպես, եթե 2012թ. (տե՛ս Աղյուսակ 2) ՀՀ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը կազմում էր 3,31% (ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագիր, 2013թ. հունվար, էջ 56), ապա 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 4,99% (ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագիր, 2018թ. հունվար, էջ 122)։ Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակամիջոցում բնակչության ավանդները 959 մլրդ 529 մլն դրամից (ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագիր, 2013թ. հունվար, էջ 30) աճել են մինչև 2 տրլն 130 մլրդ 144 մլն դրամ (ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագիր, 2018թ. հունվար, էջ 97) կամ 2,22 անգամ (ինչը մեզ չի կարող չուրախացնել), մենք իրավունք ունենք պնդելու, որ, թեև 2017 թվականին, օրինակ՝ 2015, 2016 թվականների համեմատ, չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը 6,98%-ից իջել է 4,99%-ի, սակայն, ընդհանուր առմամբ նշված ժամանակաշրջանում բացարձակ արտահայտությամբ տեղի է ունեցել առևտրային բանկերի չաշխատող ակտիվների ծավալի զգալի աճ։ Բնական է, որ այս հանգամանքը նույնպես չի ոգևորի արտաքին ներդրողներին Հայաստանի տնտեսությունում զգալի ներդրումներ կատարելու համար։ Չէ՞ որ, ըստ էության, այս վիճակագրությունը վկայում է, որ եթե երկրի ներսում պոտենցիալ ներդրողներն իրենք են ձեռնպահ մնում ներդրումային նախագծեր իրականացնելուց, ապա այս պարագայում միանգամայն սպասելի է, որ օտարերկրյա ներդրողներն առավել ևս չեն շտապի անել դա։ Կարծում եմ, որ այս հարցերի համալիրը պետք է դառնա հանգամանալի վերլուծության և  գործուն միջոցների մշակման առարկա ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից և դրվի ՀՀ նոր կառավարության Ծրագրի ու համապատասխան լրացումներով՝ ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության հիմքում։ Նման մոտեցումը թույլ կտա էապես բարձրացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը, բարենպաստ պայմաններ կստեղծի ինչպես ուղղակի օտարերկրյա, այնպես էլ ներքին ներդրումների զգալի աճի ապահովման համար։        

Կցանկանայի ուշադրություն հրավիրել նաև հետևյալ հանգամանքի վրա (տե՛ս Աղյուսակ 3)։

* պարտադիր պահուստներ (դրամով)

** պարտադիր պահուստներ (արտարժույթով)

 

Աղյուսակ 3-ից երևում է, որ փողի զանգվածի (М2) ծավալը վերջին տասնամյակում աճի միտում ունի, և սա վկայում է ՀՀ ԿԲ քաղաքականության ճիշտ ուղղության մասին։ Ընդ որում, բարձրանում է նաև տնտեսության դրամայնացման մակարդակը (2007թ. 21,95%-ից մինչև 46,0% 2017-ին)։ Միևնույն ժամանակ, նշենք, որ զարգացած տնտեսությամբ երկրների փորձը ցույց է տալիս, որ հավասարակշռված տնտեսության համար դրամայնացման բնականոն մակարդակ է համարվում փողի զանգվածի (М2) այն ծավալը, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 90-110%-ը։ Եթե դրամայնացման ցուցանիշն ավելի բարձր է նշված մակարդակի վերին՝ 110% սահմանից, ապա սա վկայում է այն մասին, որ տնտեսության ֆինանսական հատվածի դերը չարդարացված ձևով մեծ է և, միևնույն ժամանակ, որքան բարձր է դրամայնացման մակարդակը, այնքան ավելի մեծ է տնտեսությունում ֆինանսական «պղպջակների» առաջացման հավանականությունը։ Համեմատության համար նշենք, որ ներկայում Ճապոնիայի տնտեսությունում դրամայնացման ցուցանիշը կազմում է ՀՆԱ-ի ծավալի 170%-ը, ԱՄՆ-ում՝ ՀՆԱ-ի 150%-ը։ Շատ երկրների տնտեսության աճի դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս. եթե դրամայնացման ցուցանիշը փոքր է վերը նշված ստորին սահմանից՝ 90%, ապա դա նշանակում է, որ փողը դեֆիցիտ ապրանք է, և արդյունքում՝ դրա արժեքն աճում է (նկատի ունենք վարկավորման տոկոսադրույքի աճը) և, որպես հետևանք, տնտեսությունում չեն ներդրումավորվում ամենաքիչ եկամտաբեր ճյուղերն ու ձեռնարկությունները (այդ թվում՝ ենթակառուցվածքային)։ Եթե այդ ենթակառուցվածքը կրիտիկականորեն կարևոր է տնտեսության բնականոն գործունեության համար, այդ դեպքում ներդրումները պետք է իրականացվեն բյուջեի ծախսերի միջոցով, այլապես տվյալ ենթակառուցվածքը պարզապես կանհետանա և, որպես հետևանք, առհասարակ կնվազեն հոսքերը բյուջե, կկրճատվեն սոցիալական ծախսերը, կընկնի բնակչության կենսամակարդակը։ Ընդ որում, ռեալ գնաճը կավելանա, քանի որ փողի դեֆիցիտի պայմաններում տոկոսադրույքները կբարձրանան, կաճեն դրամական շրջանառության տրանզակցիոն ծախքերը («ծախքերի ինֆլյացիա»)։ Կարծում եմ, որ այս հարցերը նույնպես պետք է ներառվեն ՀՀ կառավարության առաջարկվող Ծրագրի վերջնական խմբագրման մեջ, ինչպես նաև հաշվի առնվեն ՀՀ Կենտրոնական բանկի նոր՝ լրացումներ պահանջող դրամավարկային քաղաքականությումում։ Նշենք, որ պետք է ուշադրության առնվեն նաև ստորև ներկայացվող եզրահանգումները և առաջարկությունները՝ Հայաստանի տնտեսության ֆինանսական ոլորտի վիճակի վերաբերյալ։

Ուշագրավ են նաև ՀՀ փողի զանգվածի կառուցվածքի փոփոխությունները, որի հիմքում փողի բազան է, այսինքն՝ դրամական էմիսիայի գործընթացում ՀՀ Կենտրոնական բանկի ստեղծած կանխիկ փողը (տե՛ս Աղյուսակ 3)։ 2007-2017թթ. դրամական զանգվածի ծավալն ավելացել է 3,7 անգամ, իսկ թղթակցային հաշիվները հանած՝ 3,38 անգամ (2007թ. 615 մլն 457 հազ. դրամից մինչև 2077 մլն 781 հազ. դրամ 2017-ին)՝ ՀՆԱ-ի 1,78 անգամ աճի պայմաններում։ Այդ նույն ժամանակաշրջանում փողի բազայի ծավալն ավելացել է 2,4 անգամ՝ կանխիկ դրամի 1,47 անգամ աճի պայմաններում։ Ընդ որում, առևտրային բանկերի պարտադիր պահուստները (դրամով) ավելացել են՝ 37 մլրդ 445 մլն դրամից հասնելով 311 մլրդ 698 մլն դրամի, այսինքն՝ 8,3 անգամ, իսկ արտարժույթով պարտադիր պահուստները (թղթակցային հաշիվներ) ավելացել են՝ 38 մլրդ 421 մլն դրամից (կամ 112 մլն 309 հազ. դոլարից) հասնելով 177 մլրդ 23 մլն դրամի (կամ 366 մլն 735 հազ. դոլարի) կամ 3,3 անգամ։ Այսինքն՝ տեղի է ունեցել պարտադիր պահուստների ծավալի առաջանցիկ աճի զգալի տեմպ՝ ինչպես փողի զանգվածի, այնպես էլ փողի բազայի աճի տեմպի համեմատ։

Հարկ է առանձնապես ընդգծել, որ առևտրային բանկերի պարտադիր պահուստների էական աճն, անշուշտ, բարձրացնում է նրանց նկատմամբ ավանդատուների վստահությունը։ Եվ սա, կարծում եմ, այս փուլում արդարացված քաղաքականություն է։ Հարցը փողի զանգվածի, փողի բազայի և պարտադիր պահուստների օպտիմալ հարաբերակցության ընտրության անհրաժեշտությունն է։ Ի՞նչ նկատի ունենք սա ասելով։ Նախ՝ այդ ցուցանիշները բնավ պատահական չէ, որ հիշատակված են։ Այսպես, փողի զանգվածի (М2 դրամական ագրեգատի) և փողի բազայի հարաբերությունը կոչվում է վարկային մուլտիպլիկատոր, որի մեծությունը բնութագրում է տնտեսության վարկավորման հնարավորությունները։ Երկրորդ՝ հաջող զարգացող մի շարք երկրների տնտեսությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ երկրների տնտեսություններում, որպես կանոն, վարկային մուլտիպլիկատորի օպտիմալ մեծությունը գտնվում է 4-6 միջակայքում։ Ընդ որում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ վարկային մուլտիպլիկատորի վերին սահմանի (6) գերազանցումը հանգեցնում է տնտեսությունում ֆինանսական պղպջակների  առաջացման, իսկ վարկային մուլտիպլիկատորի իջեցումը միջակայքի նշված ստորին սահմանից (4) ցածր նվազեցնում է տնտեսության իրական սեկտորի վարկավորման հնարավորությունները, իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ շատ ձեռնարկություններ, որոնք կարող էին իսկապես աշխատել տնտեսությունում, աշխատատեղեր ապահովել և հարկեր վճարել, իրականում վարկային միջոցների բացակայության պատճառով չեն աշխատում, իսկ դրանց տեղը զբաղեցնում են, հիմնականում, ժողսպառման և միջանկյալ ներդրումային ապրանքների խոշոր ներմուծողները։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ խոշոր ներմուծողների գերակշռությունը տեղի է ունենում նաև արտասահմանից Հայաստան ապրանքներ հասցնելու, այսինքն՝ ներմուծման լոգիստիկայի բարդության, ինչպես նաև Հայաստանի ներքին շուկայի փոքր ծավալների հետևանքով, ինչը պարարտ հող է ստեղծում ներմուծողների շրջանում մոնոպոլիաների ձևավորման համար։

Ընդհանրացնելով վերն ասվածը՝ իրավամբ կարող ենք պնդել, որ ՀՀ ԿԲ-ն և առևտրային բանկերը բավարար չափով արդյունավետ չեն իրականացնում իրենց իսկ գլխավոր գործառույթներից մեկը՝  խնայողությունները ներդրումների վերածելը, այսինքն՝ դրանցում բավարար չափով չի գործադրված տրանսմիսիոն մեխանիզմը։ Մենք նաև իրավունք ունենք պնդելու, որ ՀՀ տնտեսության աճի տեմպը, թեև առաջին հայացքից բարձր է թվում, բայց զգալիորեն ցածր է իր պոտենցիալ հնարավորությունից՝ նաև այն պատճառով, որ Կենտրոնական բանկը տնտեսությունից փող է հանում (ինչի մասին են վկայում դրամայնացման մակարդակի և վարկային մուլտիպլիկատորի ցուցանիշները)։ Ընդ որում, խոսքը էմիսիայի ճանապարհով փողի զանգվածի ծավալի մեխանիկական մեծացման մասին չէ։ ՀՀ Կենտրոնական բանկը պետք է առևտրային բանկերի նպատակային վարկավորում իրականացնի հետագա իրական ներդրումային նախագծերի իրագործման համար։ Ընդ որում, հնարավոր առարկությունները, թե չի կարելի փող տպել ներդրումների համար, որովհետև, իբր, դա ազգային արժույթի արժեզրկում և ինֆլյացիա է առաջացնում, պարզ խորամանկություն են։ Չէ՞ որ 11 տարիների ընթացքում (տե՛ս Աղյուսակ 3) փողի զանգվածն ավելացել է 3,7 անգամ՝ ՀՆԱ 1,78-ակի աճի պարագայում, սակայն ինֆլյացիայի ոչ մի վտանգավոր և չվերահսկվող աճ այդ շրջանում չի նկատվել։ Նման մոտեցումը նոր չէ։ Հիշենք, որ Ճապոնիայի տնտեսական հրաշքի հիմքում ընկած են եղել բնակչության խնայողությունները։ Ֆինանսների նախարարությունը խնայդրամարկղերի միջոցով փող էր հավաքում բնակչությունից։ Եվ այդ փողը  փոխանցվում էր Ճապոնիայի Զարգացման բանկ, մասնագիտացված այլ առևտրային բանկեր և հետագայում վերաբաշխվում էր զարգացման ինստիտուտներին՝ որպես վարկային ռեսուրսներ։ Զարգացման ինստիտուտներն արդեն այդ փողը ներդնում էին տնտեսության մեջ։

Որպես թեմայի ամփոփում մեջբերենք Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինի խորհրդական, ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Գլազևի խոսքերը. «Առանց ներդրումների վարկավորման ճկուն դրամական քաղաքականության (որը պետք է իրականացվի պետական հատուկ ներդրումային նախագծերի, մասնավոր-պետական գործընկերության միջոցով, որտեղ բիզնեսը ստանձնում է արտադրությունը խթանելու, նոր տեխնիկա ներդնելու, աշխատատեղեր ստեղծելու պարտավորություններ, իսկ պետությունը երաշխավորում է նպաստավոր հարկման կայուն պայմաններ, էժան վարկ) և ռազմավարական պլանավորման համադրման մենք չենք կարող հաջողել»։ Այս խոսքերը նույնությամբ կարելի է վերագրել նաև Հայաստանին։

Ֆինանսական ոլորտում ստեղծված իրավիճակն ավելի ամբողջական պատկերացնելու համար, կարծում եմ, հարկ է ուշադրություն դարձնել նաև Հայաստան կատարված դրամական ներհոսքի դինամիկային։ Ինչպես երևում է Աղյուսակ 1-ից, վերջին տարիներին նկատվում է ֆիզիկական անձանց ՀՀ բանկային համակարգի միջոցով փոխանցվող դրամական միջոցների նկատելի նվազման միտում։ Այսպես, ամենամյա զուտ դրամական ներհոսքը ֆիզիկական անձանց 2016-2017թթ. երկու և ավելի անգամ ցածր է եղել, քան 2012-2014թթ.։ Ընդ որում, կարևոր է նշել նաև, որ արտաքին առևտրաշրջանառության՝ 2012-2017թթ. 5 մլրդ 470 մլն 670,8 հազ. դոլարից մինչև 2015-2017թթ. 6 մլրդ 425 մլն 529,7 հազ. դոլար աճի պայմաններում ընդհանուր առմամբ էապես կրճատվել է ՀՀ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը (չնայած 2017թ. որոշակի աճին՝ 2016թ. համեմատ)։ Ընդգծենք, որ շատ կարևոր է այս միտումը պահպանել, իսկ առաջիկա տարիներին և հետագայում իրականացնել ներմուծումը փոխարինելուն ուղղված քաղաքականություն։ Այս հարցն առանձնակի հրատապություն է ստանում լարված միջազգային իրադրության, Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցների քաղաքականության պայմաններում, ինչը, մեր երկրների համար անցանկալի այլ հետևանքներից զատ, անպայման կանդրադառնա նաև Ռուսաստանից ՀՀ կատարվող դրամական փոխանցումների ծավալի վրա։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ ամենամեծ զուտ դրամական ներհոսքը Հայաստան կատարվում է հենց Ռուսաստանից։ Օրինակ, 2017թ. ՀՀ ֆիզիկական անձանց ուղարկված 731 մլն 492 հազ. դոլար դրամական զուտ ներհոսքից Ռուսաստանի բաժինը կազմել է 688 մլն 853 հազ. դոլար կամ 94,17%։ Նման իրավիճակը բերում է այն եզրահանգման, որ ներմուծման կրճատմանն ուղղված գործուն միջոցների չընդունումը, Հայաստան կատարվող դրամական փոխանցումների նվազման պարագայում, լի է լուրջ հետևանքներով ՀՀ վճարային հաշվեկշռում հավասարակշռության ապահովման համար, ուստի ներմուծումը փոխարինելու հարցերը, ըստ իս, պետք է հանգամանալիորեն մշակված լինեն ՀՀ կառավարության Ծրագրում։ Հակառակ դեպքում, ի թիվս այլ բացասական հետևանքների, կարող է տեղի ունենալ ազգային արժույթի արժեզրկում, որն, իր հերթին, կհանգեցնի ինֆլյացիայի աճի, բնակչության կենսամակարդակի իջեցման, նոր արտաքին փոխառությունների անհրաժեշտության, իսկ իրադարձությունների զարգացման նման ընթացքը հնարավոր դեֆոլտի վտանգ է պարունակում, և սա չպետք է անտեսել։

Ահա մի քանի հարցեր, որոնց վրա կուզենայի հրավիրել Հայաստանի կառավարության նոր կազմի ուշադրությունը նրա ծրագրի վերջնական խմբագրման գործընթացում։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ հարկ է նորից ու նորից իմաստավորել ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը՝ ներառական զարգացման ինդեքսի ցուցանիշների լույսով։ Եվ որ ամենագլխավորն է՝ մշակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքի արդյունավետության հստակ չափորոշիչներ։         

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի

հայկական մասի համանախագահ,

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

www.amiab.am

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր