ԵՐԲ ՄԵԿ ԶԻՆՎՈՐՆ ԷԼ Է ՄԱՐՏԻ ՄԵՋ ՀԱՂԹՈՒՄ
17.10-2.10.2014, Իրավունք
Հոկտեմբերի 3 – 5-ը Ժնևում տեղի ունեցավ Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, նստաշրջանի չորս նիստերում էլ ծավալվեց բուռն բանավեճ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև: Բարեբախտաբար, նստաշրջանի աշխատանքներն ամբողջությամբ տեսագրվել են և տեղադրված են ԵԱՀԿ ԽՎ-ի պաշտոնական կայքում (www.oscepa.org): Հարկ է նշել, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի ելույթները (թվով` յոթը) միանգամայն տապալեցին ադրբեջա-նական պատվիրակության հերթական ջանքերը ԵԱՀԿ ԽՎ-ի 56 անդամ-երկրների պատվիրակություններին ապատեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ: Այդ առիթով մեր թղթակիցը դիմեց Արտաշես Գեղամյանին խնդրանքով` ներկայացնել նստաշրջանի ընթացքը` կապված մեզ առնչվող հարցերի հետ:
– Պարոն Գեղամյան, եթե ընդհանուր գնահատական տալու լինեք անցած նստաշրջանին, ինչո՞վ էր նա առանձնանում նախորդներից:
– Թերևս ադրբեջանական պատվիրակության հանդուգն պահվածքով ու դիրքորոշմամբ նստաշրջանի մեկնարկում, որը շատ արագ հօդս ցնդեց ոչ առանց մեր կտրուկ միջամտության: Անհրաժեշտությունից ելնելով, ունեցա յոթ ելույթ: Ընդ որում, նախ հարկ համարեցի դրվատանքի խոսքեր հղել Մինսկի խմբի համանախագահող երկրների հասցեին, սակայն ոչ միայն ԼՂՀ-ի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ունեցած դերի, այլև մի շարք այլ առիթներով ու համապատասխան հիմնավորումներով: Մասնավորապես, դա վերաբերում էր ԵԱՀԿ ԽՎ-ում ԱՄՆ-ի պատվիրակության անդամ, կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթի խնդրանքին` միջամտել, որպեսզի ԵԱՀԿ ԽՎ-ն հավանություն տա և ֆինանսավորի թրաֆիքինգի դեմ պայքարի հանձնաժողովի գործունեության շարունակմանը: Այդ մասին նպատակահարմար դիտեցի հանդես գալու հատուկ ելույթով, որը, վերջին հաշվով, իր նշանակությունն ունեցավ հարցի դրական լուծման տեսակետից: ԵԱՀԿ ԽՎ-ում ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար Մայք Մաքինթայերը, որը, ի դեպ, տեղ էր զբաղեցնում անմիջապես մեր հարևանությամբ, ելույթս ավարտելուն պես իր ջերմ բավականությունը հայտնեց: ԱՄՆ-ի պատվիրակության անունից նա նաև գոհունակություն հայտնեց, երբ իմ մեկ այլ ելույթում նշեցի Միացյալ Նահանգների պետքարտուղարության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության սկզբունքային դիրքորոշումը` կապված վերջիններիս կողմից Ադրբեջանի իշխանությունների դատապարտմանը Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, գերեվարված Կարեն Պետրոսյանի դաժան սպանության համար: Մեկ ուրիշ ելույթում էլ երախտագիտություն հայտնեցի Ֆրանսիայի պատվիրակությանը առ այն, որ այդ երկիրը օգնության ձեռք մեկնեց` փրկելով քեսաբահայությանը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների սպանդից: Ուշագրավ էր նաև այն, որ երբ քննարկվում էր շվեյցարիացի պատվիրակների առաջարկը Իտալիայի և Շվեյցարիայի սահմանին` Ալպերում, կազմակերպել ԵԱՀԿ խորհրդարանականների հանդիպում ի հիշատակ Ուկրաինայում զոհված իտալացի լրագրողի, հավանության արժանացավ և իմ առաջարկը` միաժամանակ նույնն անել նաև Ուկրաինայում զոհված ռուս հեռուստալրագրողների և ֆոտոլրագրողի պարագայում: Բնականաբար, իհարկե, ելույթներիս սայրը մշտապես ուղղված էր ադրբեջանական պատվիրակության ապատեղեկատվական նկրտումների դեմ, որի շնորհիվ շատ տխուր տեսք ստացան մեր ոխերիմ հարևանները: Ինչևէ, կարելի էր մեր արծարծած հարցերի շարադրանքը շարունակել, սակայն, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի ընթերցողի դատին հանձնել դրանցից թեկուզ չորսի սղագրությունը:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՎ ՆԻՍՏՈՒՄ
(3 հոկտեմբերի 2014 թ., Ժնև)
Շնորհակալություն, պարոն նախագահ։
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները և այն իրադրությունը, որ տիրում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններում, խիստ անհանգստացնում են Հայաստանին։ Եվ դա օրինաչափ է, որովհետև մոտ 100 հազար հայ ապրում է Ուկրաինայում, եղբայրական Ուկրաինայում։ Ուզում եմ նաև ընդգծել, որ ավելի քան 2,5 մլն հայ ապրում է եղբայրական, բարեկամական, դաշնակից Ռուսաստանում։ Եվ այն, ինչ կատարվում է այնտեղ, բնականաբար, հուզում է նաև մեզ։ Իհարկե, այն հարցերին պատասխանելուց առաջ, թե ինչ է կատարվում այնտեղ, ինչու է այդպես ստացվել, հարկավոր է հարցնել` որո՞նք են տեղի ունեցողի պատճառները։ Իսկ պատճառները պետք է փնտրել, ավելի ճիշտ` կարելի է բացատրել` վերլուծելով ոչ վաղ անցյալի իրադարձությունները, երբ 1962 թ. տեղի ունեցավ Կարիբյան ճգնաժամը, երբ ռուսական, խորհրդային 42 հրթիռ` միջուկային մարտագլխիկներով, և ռմբակոծիչներ տեղակայվեցին Կուբայում։ Այն տագնապալի ժամանակներում աշխարհը հայտնվել էր համաշխարհային պատերազմի եզրին։ Եվ այդ ժամանակ` 1962 թ. հոկտեմբերի 28-ին, Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի և խորհրդային ղեկավարության միջև կնքվեց ջենտլմենական համաձայնագիր, ըստ որի` ԱՄՆ-ը պարտավորվում է չհարձակվել, չներխուժել Կուբա, եթե ԽՍՀՄ-ը հետ տանի իր հարձակողական զենքն ու այդ հրթիռները դուրս բերվեն Կուբայից։ Հիշեցնեմ, որ հրթիռները տեղակայվել էին ի պատասխան այն բանի, որ մինչև այդ իրադարձությունները Թուրքիայում տեղակայվել էին «Յուպիտեր» հրթիռներ, որոնք կարող էին միջուկային զենք կրել և ուղղված էին Խորհրդային Միության դեմ։ «Յուպիտեր» հրթիռները կարող էին 10 րոպեի ընթացքում հասնել Խորհրդային Միության կենսականորեն կարևոր կենտրոններ, այն դեպքում, երբ խորհրդային հրթիռներին, ԱՄՆ տարածք հասնելու համար, 25 րոպե էր հարկավոր։
Եվ ահա, որպեսզի շաղկապեմ 1962 թվականին տեղի ունեցածն այն բանի հետ, ինչն այսօր կատարվում է Ուկրաինայում ու նրա շուրջ, հղում կատարեմ ամերիկյան արտաքին քաղաքականության պատրիարք Հենրի Քիսինջերին։ Սույն թվականի մարտին գրած իր «Ինչպես ավարտել ճգնաժամն Ուկրաինայում» հեղինակային հոդվածում, որը հրապարակել է “The Washington Post”-ում, նա ասում է հետևյալը. «Եթե Ուկրաինան ուզում է գոյատևել և բարգավաճել, պետք է կամուրջ դառնա Արևելքի և Արևմուտքի միջև»։ Այնուհետև, ըստ Քիսինջերի, ուկրաինական հարցն անընդհատ բարձրացվում է որպես հակասականություն. ո՞ւմ կհարի Ուկրաինան` Արևելքի՞ն, թե՞ Արևմուտքին։ Սակայն, նրա կարծիքով, Ուկրաինան պետք է լինի ոչ թե կռվախնձոր, այլ, հակառակը, պետք է նպաստի կողմերի միջև երկխոսության հաստատմանը։ Ինչպես գրում է Քիսինջերը, «Արևմուտքը պետք է հասկանա, որ Ուկրաինան Ռուսաստանի համար երբեք պարզապես «օտարերկրյա պետություն» չի լինի, քանի որ Ուկրաինան երկար ժամանակ Ռուսաստանի մասն է եղել, և երկու երկրների պատմությունը սերտորեն միահյուսված է»։ Եվ վերջապես, նույն հոդվածում Հենրի Քիսինջերը կարծիք է հայտնում, որ Ուկրաինան չպետք է մտնի ՆԱՏՕ։ Ահա այստեղ է հենց Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հասկանալու բանալին։ Եվ Հայաստանի համար հարցի այսօրինակ առաջադրումը շատ հասկանալի է։ Անցած տարվա սեպտեմբերի 3-ին, ամենևին ոչ պատահականորեն, մեր Նախագահը, ցանկություն հայտնելով, որ մենք ուզում ենք լինել Եվրասիական միության կազմում, այդ նույն ժամանակ էլ հայտարարեց, որ Հայաստանը կշարունակի խոր համագործակցությունը և´ Եվրամիության, և´ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Եվ դա պայմանավորված էր նրանով, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ոչ թե մեծ տերությունների հակասությունների, այլ նրանց շահերի ընդհանրության հիման վրա։
Շնորհակալություն ուշադրության համար։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ
(3 հոկտեմբերի 2014 թ., Ժնև)
Հարգելի գործընկերներ։
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Միջերկրածովյան համաժողովը բացառիկ կարևոր նշանակություն ունի հայկական պատվիրակության համար, որովհետև այդ տարածքում ապրում է ավելի քան 700 հազար հայ։ Օգտվելով առիթից` ուզում եմ երախտագիտությունս հայտնել Հունաստանի, Կիպրոսի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Ալժիրի, Մարոկկոյի, Լիբանանի, Սիրիայի և, իհարկե, Հորդանանի, Պաղեստինի ու Իսրայելի կառավարություններին այն բանի համար, որ այդ երկրների հայկական ծագմամբ օրինապաշտ քաղաքացիները լիովին ներգրվել են նշյալ պետությունների հասարակական-քաղաքական կյանքում։ Անկեղծ ասած, ինձ խիստ տագնապեցրեց ադրբեջանցի գործընկերոջ ելույթը, այն պարզ պատճառով, որ ես կարծում էի, թե այսօր այստեղ, այս հեղինակավոր լսարանում, ադրբեջանական պատվիրակությունը պետք է որ զղջում արտահայտեր։ Ապաշխարեր իր համերկրացիների այն արարքների համար, որոնց պատճառով տառացիորեն տասն օր առաջ Ադրբեջանում դատում էին «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) 25 գրոհայինների` Ադրբեջանի քաղաքացիների, որոնց ձեռքերը մինչև արմունկները թաթախված են արյան մեջ։ Ամերիկացի գլխատված լրագրողի, ֆրանսիացի, անգլիացի լրագրողների ու քաղաքացիների, ինչպես նաև Սիրիայի ու Իրաքի հարյուր հազարավոր խաղաղ քաղաքացիների, մեր բարեկամ եզդիների (որոնք ենթարկվեցին ցեղասպանության) արյան մեջ։ Եվ այս տեսակետից բնավ պատահական չէ, որ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության կարգախոսը կարող է դառնալ հետևյալը` «Լկտիությունը, սուտը և ապատեղեկատվությունը երկրորդ երջանկություն են»։ Բայց խոսքն այս մասին չէ։ Սույն թվականի մարտի 24-ին Հաագայում, ելույթ ունենալով Հաագայի համաժողովների կենտրոնում («World Forum Convention Center»), Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը խոր անհանգստություն հայտնեց այն իրադարձությունների առիթով, որոնք տեղի էին ունեցել Քեսաբում (Սիրիա)։ Նա, մասնավորապես, ասաց. «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով։ Առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռևս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Եվ հայերը ֆրանսիական փոխադրանավով (առիթից օգտվելով` հերթական անգամ երախտագիտությունս եմ հայտնում այդ մեծ երկրին` Ֆրանսիային, որը մեկ անգամ չէ, որ փրկել է հայերին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ) տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները»։ Անդրադառնալով պատմական իրողություններին` Հայաստանի Նախագահն այդ ժամանակ հենց հիշատակեց 1915 թվականը, երբ ավելի քան 1,5 մլն հայ կոտորեցին, իսկ հրաշքով փրկվածներն ապաստան գտան հավատքով մուսուլմանական երկրներում։ Եվ այնտեղ ավելի քան 100 տարի թուրքական յաթաղանից փրկված հայերի հետնորդները հաշտ ու համերաշխ ապրում են տեղի ժողովուրդների հետ։ Ես այս մասին պատահական չէ, որ ասում եմ, այլ լոկ ուզում եմ ընդգծել, որ այդ երկրներում հայերի համար դավանական առումով ոչ մի ճնշում չկա, ինչը, առավել ևս, կարող էր դառնալ պատերազմի, խաղաղության խախտման պատճառ։ Ուստի, այսօր չափազանց կարևոր է, որ մենք դատապարտենք ԻԼԻՊ կատարած բարբարոսական ամեն մի արարք, էլ չեմ խոսում ցեղասպանության փաստերի մասին` լինի այն հայերի, եզդիների, թե ասորիների հանդեպ, փաստեր, որոնց վկան ենք այսօր դառնում մենք։
Տասն օր առաջ ահաբեկիչները բարբարոսաբար հողին հավասարեցրին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար կառուցված տաճարը` Դեր Զորի Սուրբ Նահատակաց եկեղեցին, որտեղ հանգչում էին Մեծ եղեռնի բազմաթիվ զոհերի ոսկորները։ Ես այս մասին հիշատակում եմ այն պարզ պատճառով, որ ուղիղ երկու տարի առաջ Տիրանայում, այնտեղ անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանի վերջին օրը, հապճեպ հնչեցվեց մի բանաձև, որը գովաբանական ձոն էր Թուրքիայի հասցեին. իբր, նրանք շատ կառուցողական և մարդասիրական աշխատանք են տանում սիրիաթուրքական սահմանին։ Այն ժամանակ ես մտահոգություն և անհանգստություն հայտնեցի, որ այն, ինչ կատարվում է սահմանին, ոչ այլ ինչ է, եթե ոչ իսլամական ահաբեկիչների հանդարտեցում, որոնք սպառազինություն են ստանում Թուրքիայից։ Երկու տարի է անցել, և այսօր Թուրքիան ստիպված է իր Ազգային մեծ ժողովի միջոցով որոշում ընդունել այդ նույն տարածաշրջանում ցամաքային ուժեր մտցնելու մասին, հենց այդտեղ ու հենց այն ուժերի դեմ, որոնց ինքն է ժամանակին սպառազինել, սպառազինել է վերջին երեք տարիների ընթացքում։
Ավարտելով ելույթս` կուզենայի գործընկերներիս ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա. մենք գտնվում ենք Եվրոպայում անվտանգության և համագործակցության վերաբերյալ Հելսինկյան Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակի շեմին։ Եվ մեր նպատակն այդ իրադարձության նախօրեին ամենևին էլ ԵԱՀԿ տարածքում ապրող քաղաքացիներին տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ «շեղելու» ձգտումը չէ։ Շատ ավելի կարևոր է, որ փորձենք մտածել, թե այն ժամանակ` 40 տարի առաջ, ինչ ընդհանուր և միավորող բան գտան մեր երկրների ղեկավարներն ու առաջնորդները, որոնք կնքեցին այդ ակտը, որը մեր երկրներին թույլ տվեց ապրել քիչ թե շատ խաղաղ պայմաններում։ Եվ վերջում ավելացնեմ. կուզենայի ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ տալ փոխ առնել ոչկառավարական կազմակերպությունների հետ աշխատանքի Հայաստանի փորձը` այսուհետ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շատ արդարացի քննադատությանը չարժանանալու համար, որն ընդամենը մեկ շաբաթ առաջ մտահոգություն էր հայտնել այն առիթով, որ Ադրբեջանում ոչ մի ոչկառավարական կազմակերպություն նորմալ չի կարողանում գործել։ Եվ վերջապես, ներում շնորհեք քաղբանտարկյալներին, ազատ արձակեք մարդու իրավունքների համար պայքարող անմեղ բանտարկյալներին։
Շնորհակալություն ուշադրության համար։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՎ ՆԻՍՏՈՒՄ
(4 հոկտեմբերի 2014 թ., Ժնև)
Շնորհակալություն, հարգելի տիկին նախագահ։ Այսօր քննարկվող հարցը բացառիկ կարևոր նշանակություն ունի այն պարզ պատճառով, որ աշխարհում տիրող բարդ իրավիճակը հիմնականում տնտեսական և էկոլոգիական չափումներ ունի։ Կուզենայի նշել, որ, ցավոք, բացասական այն բոլոր դրսևորումները, որոնք եղել են 2008 – 2009 թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, ներկայում դեռևս հաղթահարված չեն։ Եվ այսօր մենք կրկին տեսնում ենք մի միտում, երբ տարեցտարի, ավա՛ղ, աճում է Արևմուտքի առաջատար երկրների արտաքին պարտքը, չի կրճատվում նրանց պետական բյուջեի դեֆիցիտը։ Բավական է ասել, որ Եվրամիության երկրների պետական արտաքին պարտքը մոտենում է արդեն միության մեջ մտնող երկրների ՀՆԱ 100 %-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ ցուցանիշը, ցավոք, արդեն գերազանցել է ՀՆԱ 100 %-ը։ Եվ պետական պարտքի ու պետական բյուջեի պակասուրդի աճի միտումն առայժմ հաղթահարված չէ։ Ուստի, ստեղծված լարված իրավիճակի ակունքը պետք է փնտրել նաև, կրկնում եմ, տնտեսական և էկոլոգիական չափումներում` հետագայում բոլոր այն պատճառները հաղթահարելու համար, որոնք տնտեսական և ֆինանսական ոլորտներում հանգեցրել են նման իրադրության։ Որպեսզի գլոբալ խնդիրների մասին ասածներս շատ վերամբարձ չհնչեն, մեր հանրապետության, մեր հարևանների օրինակով կանգ առնեմ տնտեսական, նաև էկոլոգիական չափումների վրա։ Բավական է ասել, որ այսօրվա դրությամբ, ՄԱԿ գնահատականներով` աշխարհի մոտ 40 երկիր ջրային ռեսուրսների, խմելու ջրի սուր կարիք ունի։ Ջրի, հատկապես խմելու ջրի սուր կարիք ունեցող պետությունների թվում առաջիններից մեկը մեր հարևանն է` Ադրբեջանը։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Ադրբեջանի Հանրապետության ջրային ռեսուրսների դեֆիցիտի զգալի մասը լրացվում է ի հաշիվ այն գետերի, որոնք սկիզբ են առնում և հոսում են Հայաստանի տարածքով։ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չեն օգտվում իրենց այդ «ահեղ զենքից» և պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ համատեղ օգտագործել այդ ռեսուրսները, չնայած այն բանին, որ արդեն 23 տարի մենք շրջափակված ենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից։ Այնինչ, հենց մենք կիրառենք այդ զենքը, Ադրբեջանը կհայտնվի շատ աննախանձելի իրավիճակում։ Իսկ այն կիրառելու համար Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ բարոյական և էթիկական արգելք չեն տեսնում այն բարդ հարաբերությունների պատճառով, որոնք ստեղծվել են մեր երկրների միջև, երբ ադրբեջանական կողմը սպառնում է խփել անգամ քաղաքացիական ինքնաթիռները, որոնք կթռչեն Ստեփանակերտի օդանավակայանից։ Եթե մենք դիմենք այդ «զենքին», ապա, հեղինակավոր փորձագետների կարծիքով, Ադրբեջանի Աղստաֆայի, Թովուզի, Ղազախի, Գերանբոյի, Թերթերի, Բարդինի, Աղջաբեդիի, Բեյլագանի, Շամխորի, Գետաբեկի, Իմիշլիի շրջանները լիովին կամ էլ զգալի չափով կզրկվեն ոռոգման, ինչպես նաև խմելու ջրից։ Իհարկե, այս կապակցությամբ մենք կարող էինք մեր ադրբեջանցի գործընկերներին հիշեցնել Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի խոսքերը, որը 1992 թ., ի պատասխան Իրաքի և Սիրիայի դժգոհության, որոնք մեղադրում էին Թուրքիային այն բանի համար, որ վերջինը յուրացնում է Տիգրիս և Եփրատ գետերի հիմնական ջրհոսը, ինչի հետևանքով Սիրիայի և Իրաքի հարյուր հազարավոր հեկտար վարելահողեր ամայանում և անապատանում են, նրանց չոր պատասխանել էր. «Դա ինքնիշխանության հարց է։ Մենք ունենք բոլոր իրավունքներն այն ամենի հանդեպ, ինչը մեզ անհրաժեշտ է ... Ջրային ռեսուրսները պատկանում են Թուրքիային ճիշտ այնպես, ինչպես նավթի ու գազի պաշարները` Իրաքին և Սիրիային։ Բայց մենք հո նրանց չենք ասում. «Լսե´ք, մենք իրավունք ունենք ձեր նավթագազային հանքավայրերի կեսի հանդեպ», ուրեմն, նրանք էլ իրավունք չունեն պահանջելու այն, ինչը մերն է ... Ընդհուպ մինչև այն պահը, երբ այդ սահմանային գետերը դուրս են գալիս մեր հանրապետության սահմաններից, նրանք մերն են ամբողջությամբ և լիովին»։ Ի տարբերություն սրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ղեկավարությունները քանիցս առաջարկել են մեր հարևաններին` Թուրքիային և Ադրբեջանին, ապաշրջափակել մեր ընդհանուր սահմանը և կառուցողական երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների, մասնավորապես` Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման մասին։ Հայկական երկու հանրապետությունների սեփականությունը հանդիսացող ջուրը, ինչպես և ցանկացած ապրանք, ենթակա է փոխանակման կամ վաճառքի։ Ցավոք, դրա փոխարեն մենք ի պատասխան լսում ենք վերջնագրեր, համաշխարհային հանրությանը, հեղինակավոր միջազգային կազմակերպություններին ապատեղեկացնում են այս հարցում իրերի իսկական դրության մասին, լինեն դրանք Եվրոպայի խորհրդի, թե ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովները։ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, քանզի գիտակցում է, որ հայկական երկու պետությունները համաշխարհային ողջ հանրության հետ մեկտեղ գտնվում են նույն նավակում, մի մեծ նավում, որը, ավա՛ղ, չի կարողանում դուրս պրծնել այն վտանգավոր ջրապտույտից, որի մեջ ընկել է համաշխարհային տնտեսությունը։
Շնորհակալություն ուշադրության համար։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՎ ՆԻՍՏՈՒՄ
(5 հոկտեմբերի 2014 թ., Ժնև)
Հարգելի պարոն նախագահ, սիրելի գործընկերներ։
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտին, ինչպես նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը, որոնք դատապարտել են Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, գերի վերցված Կարեն Պետրոսյանի սպանությունը։ Ընդսմին` ուզում եմ նաև վրդովմունքս հայտնել իմ լավ բարեկամի` ադրբեջանցի գործընկերոջս ելույթի առիթով, որը հանկարծ խոսեց Լեռնային Ղարաբաղում անհետ կորած չորս հազար ադրբեջանցիների մասին։ Դա վրդովեցնում է այն պարզ պատճառով, որ վերջին մի քանի տարիներին տեղի են ունեցել ավելի քան երկու տասնյակ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Այդ հանդիպումները կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, բայց այդ հարցն ադրբեջանական կողմը ոչ մի անգամ չի բարձրացրել։ Այդ ի՞նչ անհոգի վերաբերմունք է սեփական քաղաքացիների հանդեպ։
Բայց իմ ելույթում կուզենայի խոսել այլ բանի մասին։ Գալիք տարվա ամռանը մենք նշելու ենք Եվրոպայում անվտանգության և համագործակցության վերաբերյալ Հելսինկյան Եզրափակիչ ակտի ստորագրման քառասնամյակը։ Այդ բոլոր տարիներին հազվադեպ է պատահել, որ ԵԱՀԿ-ն լավատեսական տրամադրությամբ հրավիրած լինի իր Խորհրդարանական Վեհաժողովները, անցկացրած լինի կոնֆերանսներ, այնինչ աշխարհը կարոտ է լավատեսությանը, ԵԱՀԿ անդամ պետությունների միջև համագործակցության լավ փորձին։ Եվ բարեբախտաբար, նման լավ, դրական փորձ կուտակվել է Հայաստանում։ Վերջերս մեզ մոտ տեղի ունեցավ համահայկական համաժողով` աշխարհի 60 երկրների հայ համայնքների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն անվանապես շնորհակալություն հայտնեց աշխարհի 60 պետությունների առաջնորդներին և ղեկավարներին, պետություններ, որոնք տարբեր դավանանքներ ունեն` հուդայականություն, իսլամ, քրիստոնեություն։ Շնորհակալություն այն բանի համար, որ ամենուր հայկական Սփյուռքն արժանանում է լավ և հարգալիր վերաբերմունքի։ Ո՞րն է սրա պատճառը։ Ո՞րն է փիլիսոփայական էությունն այն բանի, որ հայերը, չկորցնելով իրենց ինքնատիպությունը, միահյուսվում են այն հասարակություններին, որոնցում ներկայում ապրում են, ուր փախել են նրանց նախնիները` փրկվելով 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ Մտածելով այս երևույթի մասին, հանրահռչակ փիլիսոփաների հետ խորհրդակցելով դրա էության շուրջ` մենք գտանք այդ երևույթի բանալին, բացատրությունը։ Եվ այդ բացատրությունը տալիս են XVII դարի անգլիացի մեծ բանաստեղծ Ջոն Դոննի խոսքերը։ Ես ինձ թույլ կտամ կարճ ներկայացնել նրա քարոզներից մեկը.
«Ոչ մի մարդ Կղզի չէ,
ամեն մարդ ինքնին նշխար է Մայրցամաքի և մասնիկ Երկրի:
Եվ եթե ծովափնյա ժայռից ծովը մի բուռ հող տանի,
Եվրոպան կնվազի,
նմանապես եթե հրվանդանի մասը տանի ու ավերի
քո սեփական կամ քո բարեկամի կալվածքը:
Յուրաքանչյուր մարդու մահ նաև նվազեցնում է ինձ,
քանզի ես մարդկության մասնիկն եմ:
Հետևաբար, բնավ ոչ մեկին մի ուղարկիր իմանալու,
թե ում համար է ղողանջում զանգը:
Այն նաև քեզ համար է ղողանջում»:
Այո, զանգը ղողանջում է մեզ բոլորիս համար։ Եվ միայն այն ժամանակ, երբ ընկալվի այս քարոզի ճշմարտացիությունը, գիտակցվի այն, որ չկա ուրիշի ցավ, ուրիշի դժբախտություն, մենք կկարողանանք լավատեսական տրամադրությամբ գնալ Հելսինկյան Եզրափակիչ ակտի ստորագրման քառասնամյակին ընդառաջ։
Վերջում ադրբեջանցի մեր գործընկերներին` իրենց արտահայտած տագնապի առնչությամբ, ինչ-որ կերպ հանգստացնելու համար կուզենայի ասել, որ Հայկական ատոմային էլեկտրակայանն աշխատում է ԱԷՄԳ-ի պահանջներին լիովին համապատասխան, այս իմաստով ոչ նրանց, ոչ մեզ ոչինչ չի սպառնում։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա հարակից անվտանգության գոտու շրջակա միջավայրի աղտոտմանը, ապա այս դեպքում ևս ուզում եմ հանգստացնել ադրբեջանցի գործընկերներին։ Եթե ձեզ համար Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի զավթված տարածք է, ապա Հայաստանի ու ողջ աշխարհի հայերի համար դա Հայրենիք է։ Հայրենիք, որի յուրաքանչյուր քառակուսի մետրը ներկված է հանուն անկախության իրենց կյանքը զոհաբերած մեր 7 հազար եղբայրների ու քույրերի, հայրերի ու մայրերի, անմեղ սպանված երեխաների արյամբ։
Շնորհակալություն։