ԵՐԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ ԶՐՊԱՐՏԵԼԸ ՀՐԱՄՑՆՈՒՄ ԵՆ ԻԲՐԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

08.02.2011, Հայոց աշխարհ

Օրերս Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակեց «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2010 թվականի հունվար-դեկտեմբերին» տեղեկագիրը: Ցավոք, անցած տարվա արդյունքները բնութագրող հիմնական ցուցանիշները լուրջ մտահոգություն են առաջացնում: Այսպես, 2010թ. Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կազմել է մինչճգնաժամային 2008-ի ՀՆԱ ծավալի 78,73%-ը, իսկ ճգնաժամային 2009 թվականի համեմատ, թեև նշվել է ՀՆԱ 102,6%-անոց աՃի տեմպ, սակայն դա եղել է այնպիսի պայմաններում, երբ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը, այն է. ընթացիկ և համադրելի գներով ՀՆԱ-ի ծավալների հարաբերակցությունը կազմել է 110,2%: Այսպիսով, անցած տարի նախորդի` 2009-ի համեմատ, գրանցվել է ՀՆԱ ծավալի ոչ թե աճ, այլ անկում: Ծանրացել է նաև բնակչության սոցիալական վիճակը` մեկ աշխատողի միջին անվանական աշխատավարձի 106,7%-ով աճի տեմպի պարագայում սպառողական գների ինդեքսն աճել է 108,2%-ով: Վատթարացել են արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները: Չնայած ներմուծման համեմատ արտահանման աճի առաջանցիկ տեմպերին, ավելացել է առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը ավելի քան 166,6 մլն դոլարով: Ընդ որում` հարկ է նշել, որ արտահանման աճի բարձր տեմպը պայմանավորված էր գունավոր մետաղների, մասնավորապես՝ պղնձի (որի խտանյութը զգալի տեսակարար կշիռ ունի ՀՀ-ից արտահանման կառուցվածքում) գների եռակի ավելացմամբ: Տագնապեցնում է այն, որ ՀՀ պետական արտաքին պարտքի տեսակարար կշիռը 2008թ. ՀՆԱ 13%-ից հասել է ՀՆԱ 44%-ի՝ 2010թ. արդյունքներով կազմելով 3 մլրդ 795 մլն դոլար:

Ավելորդ չէ նշել, որ 2010թ. մանրածախ առևտրի ծավալը նախորդ տարվա համեմատ կազմել է 100,6%, և դա` սպառողական գների ինդեքսի 108,2 %-ի դեպքում, այսինքն` առկա է բնակչության վճարունակ սպառողական պահանջարկի շոշափելի կրճատում, ասել է թե` նրա կենսամակարդակի իջեցում: Հատկապես հարկ է նշել, որ եթե չլինեին մեր հայրենակիցների դրամական փոխանցումներն իրենց հարազատներին ու մերձավորներին, որոնք ապրում են ՀՀ-ում, ապա մեր հարյուր հազարավոր քաղաքացիների սոցիալական վիճակը ծայրահեղ կլիներ: Այսպես, 2010թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 943 մլն 807 հազար դոլար։ Ընդ որում՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 833 մլն 711 հազար դոլար (ՀՀ ԿԲ լրատու, 2010թ. նոյեմբեր) կամ տրանսֆերտների զուտ ներհոսքի ընդհանուր գումարի 88.39%-ը։

 

Տնտեսությունում և սոցիալական ոլորտում այսքան տագնապալի իրադրության պայմաններում ո՛չ կառավարությունը՝ հանձինս վարչապետի և ֆինանսատնտեսական հատվածի նախարարությունների ղեկավարների, ո՛չ Հայաստանի ԿԲ ղեկավարությունը, ցավոք, այդպես էլ հանդես չեկան շարունակվող ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների մասնագիտական վերլուծությամբ, այդպես էլ հաշվետու չեղան, օրինակ, թե ինչու ՀՀ 2010թ. պետական բյուջեով նախատեսված ինֆլյացիայի մակարդակը գերազանցվեց ավելի քան մեկուկես անգամ։ Այդպես էլ բացատրություններ չտվեցին, թե ինչով էր պայմանավորված այն հանգամանքը, որ սակավահող Հայաստանում վարելահողերի մոտ 38%-ը չի մշակվում։ Այս պայմաններում ամենևին էլ անսպասելի չէր, որ անցած տարի գյուղատնտեսության համախառն արդյունքի ծավալը 2009-ի համեմատ կազմել է 86,5%։ Ծիծաղ, տագնապ և ցասում է առաջացնում այն, որ այս պայմաններում տարատեսակ մամուլի ասուլիսների ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարները խրոխտ զեկուցում են հանրապետության քաղաքացիներին այն մասին, որ 2010թ. ՀՆԱ ծավալը նախանշված 1,2% աճի փոխարեն ավելացել է 2,6%-ով։ Ընդ որում՝ նրանք չգիտես ինչու լռում են ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորի մեծության մասին, որը կազմել էր 110,2%։ Ծիծաղ է հարուցում այն, որ նրանք թվում է թե մեծ մարդիկ են, բայց իրենց խորամանկ չարաճճիների նման են պահում, որոնք շարունակվող ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ուզում են համոզել իրենց համերկրացիներին, որ նրանց կյանքն ավելի լավ, իսկ ապրելն ավելի ուրախ և հեշտ է դարձել։ Տագնապալի է այն, որ, հնարավոր է, նրանք իսկապես այդպես էլ մտածում են, քանի որ տնտեսությունում ըստ իրենց առկա հաջողությունների մասին տեղեկացնում են այնպիսի ինքնագոհությամբ, որ կողքից կարող է թվալ, թե մեր երկիրն, իբր, աճի կայուն տեմպեր է ցուցադրում տնտեսությունում և սոցիալական ոլորտում։ Կողքից կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, թե Հայաստանի քաղաքացիները, բանուգործը թողած, կառավարությանն իրենց հազիվ զսպվող երախտագիտությունը հայտնելու հնարավորություն են փնտրում։ Հավանաբար՝ այն բանի համար, որ գործազրկության մակարդակը 2010թ. դրությամբ կազմել է ընդամենը մի ինչ-որ 27,5%, ինչի մասին ընթացիկ տարվա փետրվարի 1-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական ծառայության գործակալության պետ Սոնա Հարությունյանը։ Բայց չէ՞ որ կարող էր և ավելի վատ լինել, ինչպես, օրինակ, Եգիպտոսում, որտեղ գործազրկության մակարդակը կազմել է ոչ թե մի ինչ-որ 27,5%, այլ մի ամբողջ 20%, ինչը զայրացրել և վրդովեցրել է այդ երկրի քաղաքացիներին։ Ընդ որում՝ ՀՀ օրենսդրության համաձայն, գործազուրկ են համարվում այն քաղաքացիները, որոնք փնտրում են աշխատանք և ոչ մի թոշակ ու նպաստ չեն ստանում։

Զայրացնում է այն, որ կառավարության ֆինանսատնտեսական հատվածը մտահոգված չէ, թե ՀՀ-ի համար ինչ անդրադարձ և հետևանքներ կարող են ունենալ ներկայումս Մեծ Մերձավոր Արևելքի պետությունները ցնցող գործընթացները։ Իրենց նեղություն չեն տալիս պարզելու այդ ցնցումների պատճառները, խուլ են ձևանում ռազմատենչ այն հայտարարությունների հանդեպ, որոնցով հանդես է գալիս հարևան Ադրբեջանի ղեկավարությունը։ Ավելին, համապատասխան եզրակացություններ չեն անում այն փաստից, որ միջազգային մակարդակով հետևողական աշխատանք է տարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերի վարկաբեկման ուղղությամբ։ Ի հաստատումն ասվածի՝ կարելի է նշել այն, որ անցած շաբաթ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում վերընտրվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն, որը եվրոպական հանրության համար կարևորագույն խնդիր համարեց Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի գործունեության վերականգնումը։ Սույն հարցի վերաբերյալ ընթացիկ տարվա հունվարի 22-ին ԵԽԽՎ Բյուրոն ընդունեց համապատասխան որոշում։ Եվ դա՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների քանիցս հնչած հորդորներին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել բանակցային գործընթացին։ Այս հաշվով բավական հստակ արտահայտվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը, որը, պատասխանելով 2011թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների մասին հարցին, ասաց. «Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարգավորմանը, ապա իսկապես Ռուսաստանը՝ որպես երեք համանախագահող երկրներից մեկը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին պայմանավորվածության հասնելու ջանքեր է գործադրում։ Եռյակում մասնակցությունից բացի, Ռուսաստանը, նախևառաջ հանձին Նախագահ Դ.Ա. Մեդվեդևի, իր հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ օգտագործում է այն բանի համար, որ համանախագահների հետ համաձայնեցված մոտեցումների հունով երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ձևաչափում որոնվեն հանգուցալուծումները»։ Այնուհետև Ս.Վ. Լավրովը հայտարարեց. «Եվ, հավանաբար, ամենագլխավորն այս փուլում այդ գործընթացին չխանգարելն է։ Քանի որ հենց սկսում են ներգրավվել ամբիոնները, հատկապես այնպիսի կազմակերպություններինը, ինչպիսին են ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն, ապա հարցը գործնական քննարկումից անմիջապես փոխադրվում է հրապարակային բանավեճի ոլորտ։ Դա երբեք չի նպաստում դիրքորոշումների մերձեցմանը, այլ ընդամենը առաջ է բերում մոտեցումների սրացում, սադրում է կողմերի հակադրության խորացում» (ՌԴ ԱԳՆ Տեղեկատվական տեղեկագիր, 2011թ. հունվարի 17, էջ 17)։ Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ թուրք-ադրբեջանական կողմը, ԵԽԽՎ-ի հարգարժան ինստիտուտի միջոցով, նպատակադրվել է խափանել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Ավելին, այն ջանում է էլ ավելի սրել հայ-ադրբեջանական հարաբերությունները, շիկացնել թշնամանքի և անհանդուրժողության մթնոլորտը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այնինչ, հասկանալի է, որ բանակցությունների այլընտրանքը ռազմական գործողությունների վերսկսումն է, որոնք սկսելու համար Ադրբեջանում արդեն քանի տարի համապատասխան տեղեկատվական ֆոն է ստեղծվում։ Վերցնենք թեկուզ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Ռաուֆ օղլի Շարիպովի հայտարարությունն այն մասին, որ 2011թ. իր երկրի ռազմական բյուջեն կավելանա 90%-ով և կկազմի 3,1 մլրդ դոլար։ Ընդ որում՝ եթե հաշվի առնենք, որ բացի այդ ծախսերից, 1 մլրդ 360 մլն դոլար էլ կծախսվի պաշտպանական արդյունաբերության կարիքների համար, ապա արդյունքում Ադրբեջանի ռազմական բյուջեի և պաշտպանական ընդհանուր ծախսերն ընթացիկ տարում կկազմեն 4 մլրդ 460 մլն դոլար կամ այդ երկրի ՀՆԱ-ի 8,9%-ը։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի 2011թ. ռազմական բյուջեն ավելի քան 10 անգամ զիջում է Ադրբեջանի ռազմական ծախսերին, իսկ պաշտպանական ծախսերը 2011թ. ՀՀ-ում կկազմեն մոտ 390 մլն դոլար։ ՀՀ տնտեսության վիճակը բնութագրող թվական ցուցանիշների այսքան մանրակրկիտ շարադրանքն արվել է միայն մի նպատակով. ցույց տալ հանրապետության տնտեսությունում ստեղծված իրադրության ողջ բարդությունը, մեր քաղաքական ընտրանու ուշադրությունը սևեռել այս հիմնախնդիրների վրա։ Նման մոտեցման անհրաժեշտությունը թելադրվում է նաև հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրադրությամբ, երբ ոչ միայն արմատական ընդդիմության՝ հանձին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ), այլև կառուցողական ընդդիմության, մասնավորապես՝ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացույցիչների կողմից ավելի ու ավելի բարձր են հնչում կանխատեսումներ Հայաստանի ինքնալուծարման կամ անկախության կորստի հնարավորության մասին։

Բնականաբար, հարց է ծագում. կա՞ արդյոք ելք ստեղծված իրավիճակից։ Անշուշտ, կա։ Ընդ որում՝ ես չեմ թվարկի Հայաստանի տնտեսության հիմնական արատները, որոնք արգելակում են երկրի զարգացումը, դրա մասին արդեն շատ է գրվել: Լինեն դրանք օլիգոպոլիաների համակարգի քանդման՝ վաղուց արդեն հասունացած անհրաժեշտությունը, տնտեսվարող սուբյեկտների  ազատ մրցակցության համար հավասար պայմանների ստեղծման, արտաքին առևտրում մոնոպոլիաների ճնշիչ համակարգի (ինչը խիստ բացասաբար է անդրադառնում ներքին շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման վրա, սնանկացման է հասցնում հայրենական ապրանքարտադրողներին, հատկապես մանր ու միջին ֆերմերային տնտեսություններին) վերացման, բոլոր ոլորտներում արմատացած կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի (ինչն առանձնապես կարևոր է թվում) հարցերի լուծման հրատապությունը: Կոռուպցիայի առումով բարդ իրադրության վառ օրինակ են ծառայում ԱՎԾ-ի հրապարակած տվյալները (Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2010թ. հունվար-դեկտեմբերին, էջ 139): Այսպես, ՀՀ պետական բյուջեի օգտին, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օգտին ՀՀ ֆինանսների նախարարության հայցերով գույքային բնույթի վարույթներով բռնագանձված և չվերականգնված մնացորդ գումարների բաշխվածությունը ի հայտ է բերել հետևյալ պատկերը. բռնագանձված գումարը կազմել է 1 մլրդ 94,7 հազար դրամ, այն դեպքում, երբ չվերականգնված մնացորդ գումարն անցած տարեվերջին կազմել է 19 մլրդ 537 մլն 337,4 հազար դրամ։ Ի՞նչ կա այս ճնշող թվերի հետևում, երբ անբարեխիղճ հարկատուներից բռնագանձված գումարը կազմում է գանձման ենթակա 20 մլրդ 417 մլն 432,1 հազար դրամ գումարի ընդամենը 5,68%-ը։ Ինչո՞վ բացատրել սա: Հարկային և ֆինանսական ծառայությունների աշխատանքում պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ կամ, մեղմ ասած, դատական մարմինների անբարեխղճությամբ. թող պարզեն ՀՀ Նախագահի աշխատակազմի, կառավարության վերահսկողության ծառայությունները և Վերահսկիչ պալատը։

Վերոշարադրյալից ելնելով՝ առանձնապես հրատապ է դառնում այն նախագծերի իրականացմանը նպատակաուղղված աշխատանքը, որոնք արդեն դրված են Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական Կենտրոնի ծրագրի հիմքում: Նշենք, որ Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական Կենտրոնի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 2010թ. ապրիլի 15-ին Երևանում, ՌԴ նախագահի՝ ԱՊՀ երկրների հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Ֆարիտ Մուխամետշինի հետ ՀՀ Նախագահի հանդիպումից 6 ամիս հետո։ Հանդիպումը կայացավ Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։

Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ Ինովացիոն համագործակցության կենտրոնն արդեն որոշակի քայլեր է ձեռնարկում, որոնք կոչված են միավորել Ռուսաստանի և Հայաստանի ինովացիոն ներուժը, նպաստել երկու պետությունների տնտեսությունների արդիականացմանը, ստեղծել հավելյալ հնարավորություններ և անհրաժեշտ պայմաններ մեր երկրների բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերական համալիրների ոլորտում համատեղ մշակումների գործնական իրականացման համար։ Հարկ է հատկապես նշել, որ Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական Կենտրոնը «պիլոտային» նախագիծ է, և ենթադրվում է, որ դրա փորձի վրա կստեղծվեն կենտրոններ այլ հանրապետություններում, առաջին հերթին՝ Անկախ Պետությունների Համագործակցության երկրներում։ Ուրեմն, այս Կենտրոնի աշխատանքի հաջողությունը կդիտարկվի որպես ԱՊՀ երկրների տնտեսությունների ինտեգրացիոն գործընթացների հեռանկարայնությունը որոշող ծանրակշիռ գործոն։ Այս նախագծի հաջողությունը լավ նախադրյալներ կստեղծի միասնական տնտեսական տարածքի ձևավորման գործընթացներն արագացնելու համար։ Ճիշտ այնպես, ինչպես, Աստված մի արասցե, անհաջողությունը կարող է անդառնալի վնաս հասցնել այս գործին և վարկաբեկել տնտեսական ինտեգրման գաղափարն իսկ, ավելին, կասկածի տակ դնել դրա անվիճելի առավելությունները Համագործակցության երկրների համար։ Ուստի, չափազանցություն չի լինի պնդումն այն մասին, որ Ռուսաստանի և Հայաստանի՝ ռազմավարական գործընկերների, ռազմաքաղաքական մերձավոր դաշնակիցների տնտեսական ինտեգրումը սկզբունքային նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի ապագայի համար, այլև կարող է դրական ազդեցություն գործել Եվրասիական քաղաքական-տնտեսական միության ձևավորման վրա, որի միջուկը կհանդիսանա Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միությունը, որի ստեղծման մասին 2010թ. հուլիսի 5-ին Աստանայում, Եվրասիական տնտեսական ընկերակցության Միջպետխորհրդի նիստում հայտարարեց ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Հատկանշական է, որ այդ ժամանակ էլ Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահները հավաստիացրին, որ իրենց երկրներն ուսումնասիրում են մաքսային միություն մտնելու հնարավորությունները։

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ինտեգրման գործընթացների իրագործման հարցում ռուսական կողմից հիմնական գործող անձինք են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը՝ հանձին դեսպան Վ.Ե. Կովալենկոյի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ հանձին նրա ղեկավար, միևնույն ժամանակ՝ Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական Վ.Վ. Կրիվոպուսկովի։ Գաղտնիք չէ նաև այն, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության հետագա խորացումը խափանում է մեր հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական ծրագրերը, որոնք ահա արդեն երրորդ տասնամյակն է՝ մարդու իրավունքների սրտցավ միջազգային պահապանների աչքերի առջև իրականացնում են Հայաստանի Հանրապետության տնտեսական շրջափակումը՝ փորձելով մեր երկիրը հասցնել տնտեսական կոլապսի, իսկ այնուհետև՝ անձնատուր լինելու Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում։ Պարզ է, որ թուրք-ադրբեջանական իշխող շրջանակները հիանալի գիտակցում են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրենց ռազմական և տնտեսական ծավալապաշտության ճանապարհին հզոր խոչընդոտ է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերը` Հայաստանի Հանրապետությունը: Երկիր, որի տնտեսությունը թեև լավագույն ժամանակները չի ապրում, բայցևայնպես Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրման խորացման միջոցով ոչ այնքան հեռավոր ապագայում կարող է դառնալ պակաս խոցելի, նշանակում է՝ ավելի հզոր ու հուսալի պատնեշ Ռուսաստանի հարավային «ստորոտում» Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների ճանապարհին։ Ուրեմն, այդ պետությունների և նրանց շահերը լոբբինգի ենթարկող, միջազգային կազմակերպություններում խրամատավորված քաղաքական, ինչպես նաև զանազան տիպի հակառուսաստանյան ուժերի հիմնական նպատակը կլինի Հայ ազգային կոնգրեսի՝ ռուսատյացության տրամադրություններ ունեցող թևի օգտագործումը ռուս-հայկական ռազմավարական գործընկերության վարկաբեկումն ու դրա էության խեղաթյուրումը։ Ուստի, պետք էր սպասել, որ ՀՀ-ում նրանք կծավալեն իսկական տեղեկատվական պատերազմ այն քաղաքական գործիչների և դիվանագետների դեմ, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային, եղբայրական հարաբերությունների խորացման օգտին։ Իսկ ադրբեջանա-թուրքական քարոզչության և նրանց ՀԱԿ-ական կամակատարների հիմնական նպատակը հակառուսաստանյան և ռուսատյացության տրամադրությունների հրահրումն է։ Այս տնաբույծ հանրության մոլեգնության աստիճանի մասին ավելի քան պերճախոս վկայում են սարի այն կողմից շռայլորեն վարձատրվող թերթերի զանազան հրապարակումների վերնագրերը։ Անվիճելի է, որ այս անազնիվ և կեղտոտ զբաղմունքի առաջնության դափնին կայուն  կերպով «Ժամանակ» թերթինն է, որի հետևից ցից երևում են նրա քաղաքական ուղղորդողի՝ տխրահամբավ «քաղաքագետ»-ի երկար ականջները, որին Հայաստանի հայրենասիրական մամուլը մեղադրեց լրտեսական գործունեության մեջ։ Այսպես, ս.թ. հունվարի 22-ին «Գաղութատիրություն մարտնչող հոգևարքը», Վ. Կրիվոպուսկով. «Ֆանատների մեջքի հետևում սև դիմակ հագած, սև հոգով և սև մտքերով մարդիկ էին» ցցուն վերնագրերով «Ժամանակ» թերթը զրպարտագրեր հրապարակեց, որը մեղադրանքներ էր պարունակում Ռուսաստանի դեսպանության խորհրդական, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովի հասցեին։ Եվ ի՞նչ եք կարծում, հարգելի ընթերցողներ, ինչո՞ւմ են դրսևորվել Հայաստանի Գրողների միության պատվավոր անդամ, Ռուսաստանի Գրողների և Լրագրողների միությունների անդամ Վ.Վ. Կրիվոպուսկովի «իմպերիալիստական» և «ռասիստական» հակումները։ Պարզվում է՝ նա վերցրել ու ի լուր աշխարհի հայտարարել է. «Ռուսաց լեզվի իմացությունը թույլ կտա բարձրացնել քաղաքապետարանի (նկատի ունի Երևանի քաղաքապետարանը) կառավարչական որոշումների մշակման որակը։ Ո՞նց է նման բան ասել, որքա՜ն ավելի տպավորիչ կլիներ, եթե քաղաքապետարանի պաշտոնյաները, ասենք, Ռուսաստանի «Գազպրոմի» (որի ղեկավար Ալեքսել Միլերը վերջերս խոստացավ, որ առաջիկա տարիներին Երևանում կիրականացվեն խոշոր ներդրումներ՝ մինչև երկու մլրդ դոլարի չափով) ներկայացուցիչների հետ շփվեին թարգմանչի միջոցով։ Չէ՞ որ դա, հրապարակման հեղինակների կարծիքով, ամենամեծ կարևորությունը կհաղորդեր համագործակցությանը, կընդգծեր հայկական կողմի անկախությունը։ Ինչպես ասում են, չմեռանք՝ էս անհեթեթությունն էլ տեսանք։ Սակայն այստեղ նաև մեկ այլ փորձանք կա. որտեղի՞ց գտնել ռուսերենից հայերենի և հակառակը թարգմանիչների այդքան մեծ բանակ, եթե այդ նույն ուժերի կողմից սանձազերծվել է ռուսատյացության անզուսպ քարոզչություն, որն արհեստականորեն ուռճացվեց միանգամայն որոշակի նպատակով. խեղաթյուրել այն քայլերը, որոնք նախաձեռնել էր Հայաստանի կրթության նախարարությունը դպրոցական կրթության արդիականացման ուղղությամբ, և որոնք ենթադրում էին ութ կամ տասը օտարալեզու դասավանդմամբ դպրոց բացել։ Ես չսխալվեցի, օտարալեզու, այլ ոչ թե բացառապես ռուսերենով դասավանդմամբ, ինչն իբր կսպառնա հայկական պետականության անկախությանը, կսասանի նրա հիմքերը։ Այս անմտությունն անմիջապես որսացին նաև էլեկտրոնային ԶԼՄ-ները, որոնք նույնպես «դիմակազերծեցին» Վիկտոր Վլադիմիրովիչի «գաղութատիրական» և «ռասիստական» նկրտումները։ Բնականաբար, այս քարոզչությունում անմասն չէր կարող մնալ նաև «Չորրորդ ինքնիշխանությունը»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի (ԼՏՊ) քնքշորեն գուրգուրած այս հոգեզավակը։ Այսպես, 2011թ. հունվարի 13-ի  իր «Վարկ պարտքի դիմաց» հրապարակման մեջ թերթն այնտեղ է հասել, որ վերցրել ու գրել է. «Ինչպես հայտնի է, վերջերս Ռուսաստանը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար վարկ տրամադրեց։ Ըստ մեր տեղեկությունների՝ այդ վարկի դիմաց Հայաստանի իշխանությունները համաձայնել են «մոռանալ» երկրաշարժի տարիներին «Վնեշտորգբանկի» հաշվիհամարին փոխանցված այն ահռելի գումարները, որոնք այն ժամանակ հիմնականում հայկական սփյուռքի կողմից ուղարկվել էին Հայաստան»: Եվ այս մասին խոսում է ԼՏՊ-ի խոսափողը՝ դիտավորյալ մոռանալով, որ 1990թ. մայիսի վերջից մինչև 1998թ. փետրվարը Հայաստանում իշխանություն էին «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա տերերն ու հովանավորները, որոնց ստուգապես հայտնի է Հայաստանի՝ ԽՍՀՄ Վնեշտորգբանկի հաշվին եղած արժութային միջոցների ճակատագիրը։ Ավելին, նրանք չգիտես ինչու մոռացել են իրենց նախկին հրապարակումների մասին, որոնցում քննադատում էին Ռուսաստանին այդ նույն 500 մլն դոլարի վարկն իբր անընդունելի բարձր տոկոսադրույքներով տրամադրելու համար։ Հետո ավելի հետաքրքիր է։ Ինչպես գրում է թերթը. «Հայաստանյան շրջանակներում ռուս «հետախույզ» Կրիվոպուսկովը, շրջանառվող լուրերի համաձայն, տարբեր առիթներով վերջերս անընդհատ բարձրաձայնում է, թե իր փառահեղ նախաձեռնության շնորհից է, որ Ռուսաստանը Հայաստանին 500 մլն դոլար վարկ տրամադրեց, ինչի դիմաց էլ Հայաստանը «հեչ արեց» «Վնեշտորգբանկի» պարտքը»։ ԼՏՊ-ի թայֆան քաջատեղյակ է, որ Հայաստանին ռուսական վարկի տրամադրման հարցը ֆինանսատնտեսական ճգնաժամի սուր փուլի պայմաններում որոշվել էր շնորհիվ ՀՀ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի և նրա գործընկեր Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի ու ՌԴ վարչապետ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի կայուն և վստահալից հարաբերությունների։ Այս մասին քանիցս գրվել է տերպետրոսյանական մամուլում։ Ուրեմն, ինչո՞ւ են նրանք նորից ու նորից հոլովում Ռուսաստանի դեսպանության խորհրդականի անունը, ինչո՞վ է նա «մեղավոր», որ առաջ է բերել լևոնական քարոզչության զայրույթը, ընդ որում՝ այնքան ուժեղ, որ նա իր գրչակներին բաց է թողել հենց Վ.Վ. Կրիվոպուսկովի վրա։ Իհարկե, կարելի էր այս ամենին արձագանքել Վլադիմիր Պուտինի օրինակով, որը ս.թ. փետրվարի 3-ին, Առաջին ալիքի (ОРТ) անձնակազմի հետ հանդիպման ընթացքում, Վլադիմիր Պոզների «Ըստ էության, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Առաջին ալիքի եթերում ընդդիմության ներկայացուցիչների հայտնվելուն, այսինքն՝ դա Ձեզ մոտ բացասական վերաբերմո՞ւնք է առաջացնում։ Դուք դա սկզբունքորեն հնարավոր համարո՞ւմ եք» հարցին պատասխանեց. «Բացարձակապես։ Կոնկրետ ռադիոալիքներում, ըստ իս, միայն դրանով էլ զբաղվում են։ Ընդ որում՝ ես Ձեզ նույնիսկ ավելին կասեմ. երբ ես երբեմն որոշ բաներ եմ լսում, ես հո գիտեմ, թե իրականում, կյանքում ինչ է տեղի ունենում։ Ես և՛ տեսնում եմ, և՛ լսում, որ նրանք ստում են, բայց նույնիսկ դրան ես միանգամայն հանգիստ եմ վերաբերվում։ Պետք է, չէ՞, որ ինչ-որ մեկը ստի, որովհետև ինչ-որ մեկն ուզում է լսել այդ սուտը։ Թող ասեն, ի վերջո»։ Մեր պարագայում էլ են ակնհայտորեն ստում, սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում ռուս-հայկական հարաբերությունների մասին ստի, հակառուսաստանյան հիստերիայի հրահրման վրա է կառուցված ՀԱԿ տեղեկատվական ողջ քաղաքականությունը։ Այնպես որ՝ իմաստ ունի օգնել Վ. Կրիվոպուսկովի ընդդիմախոսներին՝ նրա կերպարն առավել լիարժեք պատկերացնելու համար։ Կարծում ենք, որ դա կօգնի տերպետրոսյանական քարոզչությանն ավելի լիարժեք բացահայտելու «գաղութատիրության» և «ռասիզմի» դրսևորումները ռուս դիվանագետի գործունեության մեջ։ Այս նպատակով իմաստ ունի թվարկել ռուսական դեսպանության և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք հատկապես ակտիվացան վերջին մեկուկես տարում՝ Հայաստանում նոր դեսպանի՝ Վ.Ե. Կովալենկոյի և դեսպանության խորհրդականի՝ Վ.Վ. Կրիվոպուսկովի նշանակմամբ։ Այսպես, ՀԱԿ հակառուսական թևի, նրանց կամակատար ԶԼՄ-ների տրամաբանությամբ՝ ինչո՞վ ռասիզմի դրսևորում չէ, օրինակ, այն փաստը, երբ հայտնի գրական-գեղարվեստական և քաղաքական “Юность” ամսագիրը Հայաստանում Ռուսական խոսքի օրերի շրջանակում կազմակերպում է “Юность”  ամսագրի ռուս-հայկական համատեղ համարի թողարկումը (N9, 2009թ.)։ Տեսե՛ք, է, այս համարում “Юность” ամսագրի ընթերցողները հնարավորություն ունեին ռուսաց լեզվով ծանոթանալու ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի անվանի բանաստեղծների ու արձակագիրների, մշակույթի գործիչների, այլ նաև մեր երիտասարդ գրողների ստեղծագործություններին։ Կամ էլ, լևոնական քարոզչության տրամաբանությամբ՝ ռազմատենչ գաղութատիրության և ռասիզմի դրսևորում կարելի էր համարել Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության նախագահ Վ.Կրիվոպուսկովի նախաձեռնությամբ հրատարակված “Дом  Ростовых”  (№  2,  2007թ.) ամսագիրը, որում կրկին ռուսերեն թարգմանությամբ տպագրված են Սիլվա Կապուտիկյանի, Վահագն Դավթյանի, Հրանտ Մաթևոսյանի, Համո Սահյանի, «Չորրորդ ինքնիշխանության» խմբագրի սրտին մոտ Վանո Սիրադեղյանի, ինչպես նաև Գուրգեն Խանջյանի, Դավիթ Հովհաննեսի և տաղանդավոր շատ այլ հեղինակների հիանալի ստեղծագործությունները։ Դե, ասեք, ՀԱԿ առաջնորդներն ինչպե՞ս հրաժարվեն իրենց սեփական երգից և խոստովանեն, որ ռուս դիվանագետի վերոնշյալ նախաձեռնություններն ամենևին էլ ռասիզմի դրսևորումներ չեն։ Նման բան ասեն թե չէ՝ նրանց ֆինանսավորումն անմիջապես կդադարեցվի։ Կամ էլ, ո՜նց չկատաղեն ռուսատյացները, որ շնորհիվ Վ. Կրիվոպուսկովի ակտիվ գործունեության լույս է տեսել հայ գրողների պատմվածքների “Зов” («Կանչ») ռուսերեն լեզվով ժողովածուն, որտեղ ընդգրկվել են հայ ժամանակակից գրողների պատմվածքները. Հովիկ Վարդումյան, Լևոն Խեչոյան, Դավիթ Մուրադյան, Կարինե Խոդիկյան, Սուսաննա Հարությունյան, Դոնարա Ղարաղյոզյան և տաղանդավոր այլ հեղինակներ։ «Ժամանակ» և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերը համարձակորեն ռասիստական դրսևորումների շարքին կարող են դասել “Сердце  не  камень” («Սիրտը քար չէ») առանձին գրքով հայ վիպասանների գործերի հրատարակումը ռուսերենով, ինչպես նաև 20-21-րդ դդ. հայ պոեզիայի առաջին հատորի լույսընծայումը։ Կամ էլ, ինչպե՞ս կարող են լևոնականները հանդուրժել, որ 2008թ. Մոսկվայում ռուսերեն լեզվով հրատարակվեց “Поправший смерть, сотворивший  твердь” գիրքը, որտեղ ներկայացված է 20-րդ դարի հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի պոեզիան, ընդ որում՝ այս նախագծի հեղինակը և խմբագրական խորհրդի նախագահը, պարզվում է, այդ նույն «գաղութատեր» և «ռասիստ» Կրիվոպուսկովն էր։ Եվ, իհարկե, ՀԱԿ-ը չի կարող ներել Կրիվոպուսկովին “Мятежный  Карабах” («Խռովյալ Ղարաբաղ») գրքի հրատարակման համար, որում նա, դեռ 2003թ. հունվարի 13-ին գրում էր. «Ամեն անգամ կարդալով օրագրային գրառումներս՝ ակամա մտածում եմ այն մասին, որ եթե այն ժամանակ՝ 20-րդ դ. 80-ականների վերջին-90-ականների սկզբին խորհրդային ղեկավարությունը, մեծ տերությունների ղեկավարները, համաշխարհային հանրությունն անհրաժեշտ քաղաքական և իրավաբանական գնահատական տային հայերի սպանություններին, ջարդերին և բռնություններին Սումգաիթում, Կիրովաբադում, Բաքվում, Լեռնային Ղարաբաղում, ընդհանրապես Ադրբեջանում, ապա մարդկությունը գուցե կարողանար խուսափել համաշխարհային ահաբեկության ներկայիս սանձարձակությունից»։ Կարելի է և շարունակել Վ.Կրիվոպուսկովի նախաձեռնությունների թվարկումը, որոնք ակնառու կերպով հաստատում են նրա «գաղութատիրական» և «ռասիստական» նկրտումները, սակայն, կարծում եմ, վերոշարադրյալից կարելի է գալ հետևյալ եզրահանգման. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության՝ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական և հումանիտար կապերի (արդեն մեր պետությունների ամուր ռազմաքաղաքական բավական կայուն դաշինքի պայմաններում) ամեն կերպ խորացմանն ուղղված քաղաքականությունն ակնհայտորեն խարխլում է այն բոլոր հակազգային ուժերի ոտքերի տակի հողը, որոնք զօրուգիշեր սուտ են տարածում, զրպարտում հենց այն դիվանագետներին, որոնք Հայաստանում կատարում են իրենց դիվանագիտական առաքելությունը ոչ միայն որպես իրենց երկրի ծառայողներ, այլ նաև մեր հասարակության մեծ մասի կողմից ընկալվում են որպես մարդիկ, որոնք մեծ հարգանքով և ուշադրությամբ, ես կասեի՝ սրտի թրթիռով են ռուս բազմամիլիոն լսարանի առջև բացում մեր հինավուրց ու արդի մշակույթի նոր սահմանները: Ինչպես երևում է, ռուս դիվանագետների գործունեությունը Հայաստանում ուժգնորեն արգելակում, զրոյի է հավասարեցնում թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների, նրանց արտասահմանյան լոբբիստների` Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հոգևոր կապերը ջլատելու ջանքերը, որոնք էլ մեր երկրների ռազմավարական գործընկերությունը շաղախող հիմքն են: Ուստի, ամենևին էլ պատահական չպետք է համարել լևոնական քարոզչության սանձազերծած հակառուսաստանյան հիստերիան, որը խիստ ձեռնտու է թուրք-ադրբեջանական իշխող շրջանակներին: Ում՝ ում, բայց ադրբեջանցիներին և թուրքերին վաղուց հայտնի է, թե որքան արժեքավոր է հայ և ռուս ժողովուրդների հոգևոր հարազատությունը և քաղաքակրթական փոխլրացյալությունը հայերի համար։ Ով՝ ով, բայց նրանք շատ լավ գիտեն, որ Օսմանյան կայսրությունում արևմտահայ մամիկներն ու պապիկները, փրկվելով թուրքական յաթաղանից, իրենց հետ երեխաներին ու գրքեր էին վերցնում...

Իմաստավորելով այս ամենը` ակամա հիշում եմ Լուսավորության դարաշրջանի անգլիացի քննադատ և բանաստեղծ, դոկտոր Սեմուել Ջոնսոնի` 1745թ. ապրիլի 7-ին Գրական ակումբում արտասանած խոսքերը. «Հայրենասիրությունը սրիկայի վերջին ապաստանն է»: Մեր պարագայում ապշում ես, թե որքան նսեմ պետք է լինեն նրանց դիտավորությունները, որոնք, անհիմն կերպով զրպարտելով Հայաստանի իսկական բարեկամներին, մեր ժողովրդին ոչ բնորոշ իրենց ապերախտությունը և ազգային շահերի ուղղակի դավաճանությունը հրամցնում են իբրև հայրենասիրություն:

Արտաշես Գեղամյան

«Ազգային միաբանություն կուսակցության»

նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր