Արտաշես Գեղամյան. Հայաստանի ճակատագրի համար անհատական պատասխանատվության գիտակցումն ավելի քան հրատապ է
20:38, 21 Մայիս, 2017
http://www.armenpress.am/arm/news/891664/artashes-gexamyan-hayastani-tchakatagri-hamar-anhatakan.html
23.05.2017, Իրավունք
Լուսանկարում. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ` Կորյուն Նահապետյանը, Կարինե Աճեմյանը, Անդրանիկ Հարությունյանը, Հարություն Կարապողոսյանը, ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Սամվել Ֆարմանյանը (Երևան, 20.05.2017 թ.)
«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ VI գումարման Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հոդվածը:
Եվ այսպես, 2017թ. մայիսի 18-ին աշխատանքն սկսեց Հայաստանի Հանրապետության VI գումարման Ազգային ժողովը։ Չեմ թաքցնի, հինգերորդ անգամ անկախ Հայաստանի խորհրդարանում ընտրված լինելով՝ արդեն առաջին նստաշրջանի առաջին նիստին չէի կարող թաքցնել Հայրենիքիս համար ինձ պաշարած հպարտության, Հայաստանի ճակատագրի համար անձնական բարձր պատասխանատվության զգացումը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Չէ՞ որ իր սրտահույզ խոսքով, ՀՀ ԱԺ պատգամավորներին իր օրհնությամբ Վեհափառ տեր, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն առանձնակի նշանակալիություն հաղորդեց նորընտիր խորհրդարանի աշխատանքին։
Լուրջ մտորումների տեղիք տվեց ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի Ուղերձը (այսուհետ՝ Ուղերձ)։ Արդեն այժմ ակներև է, որ նախագահի Ուղերձում առաջադրված խնդիրների լուծումը պետք է դառնա իշխանության բոլոր ճյուղերի գործունեության գլխավոր գերակայությունը։ Ավելին, նրանց կանոնավոր աշխատանքը նպատակ ունի, ինչպես նշվել է Ուղերձում, «ի վերջո, հանգել միևնույն գաղափարին. մենք պետք է կառուցենք ուժեղ Հայաստան»։ Եվ միանգամայն օրինաչափ է, որ այս ազգային նպատակի ձեռքբերումը հիմնականում պայմանավորված է իրականացվող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությամբ, որը կոչված է ստեղծելու ոչ միայն տնտեսության կայուն, դինամիկ աճի նախադրյալներ, այլև դառնալու այդ աճի ապահովման վճռորոշ գործոնը։
Փոխլրացնող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության վրա հիմնված միասնական պետական քաղաքականության մշակումը և իրագործումը, կարծում եմ, լինելու են ՀՀ նոր կառավարության գործունեության բովանդակությունը, որի գործունեության ծրագիրը պետք է դառնա քննարկման առարկա VI գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ավարտվող նիստի ընթացքում։
Կառավարության ծրագրի քննարկման նախօրեին կուզենայի որոշ նկատառումներ և առաջարկություններ հայտնել, որոնց պատասխաններն, անշուշտ, կօգնեն ավելի ամբողջական պատկերացնել, թե ինչպիսին են մեր ռեսուրսներն ու հնարավորությունները նախագահի Ուղերձում առաջադրված խնդիրներն իրագործելու առումով։
Այս առնչությամբ կցանկանայի փոքր-ինչ ծավալել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ս.թ. մայիսի 19-ին Պետական գույքի կառավարման վարչության ղեկավարության հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արած առաջարկությունը. «Մենք ամբողջ գույքը, որն այսօր չի աշխատում, պետք է ինտենսիվ ակտիվացնենք, որովհետև սա այն փողն է, որը բաշխված չէ, և դրանով մենք կարող ենք ներդրումներ իրականացնել ենթակառուցվածքներում»: Բնավ կասկածի տակ չդնելով վարչապետի առաջադրած խնդրի իրավաչափությունը՝ կարծում եմ, վաղուց հասունացել է Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակի վերլուծության անհրաժեշտությունը՝ շեշտը դնելով ընդհանուր առմամբ հետևյալ հարցերի վրա։
Օրինակ, հանրապետությունում առկա արտադրական հզորությունների պարագայում՝ ինչպիսի՞ն է դրանց բեռնվածության աստիճանը։ Ընդ որում՝ չէր խանգարի հանգամանալիորեն վերլուծել արդյունաբերության բոլոր ճյուղերը՝ նշելով յուրաքանչյուր ձեռնարկության արտադրահզորությունների բեռնվածությունն առանձին-առանձին։ Դա թույլ կտա պատասխանել ինչպիսի՞ն է արդեն առկա արտադրական հզորությունների արտադրանքի թողարկման հնարավոր անվանական աճը։
Շատ կարևոր է առկա հզորությունների բեռնվածության մակարդակը որոշելիս հասկանալ, թե ինչպիսին է թերբեռնվածության աստիճանը շրջանառու միջոցների անբավարարության պատճառով։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գույքագրել արտադրական հզորությունների մաշվածության աստիճանը, դրանց մաշվածքի և հետագա շահագործման համար պիտանիության աստիճանը։ Միաժամանակ, նպատակահարմար կլինի վերլուծել արտադրության շահութաբերության մակարդակը և այն համադրել վարկավորման հաշվեդրույքի հետ։ Դա թույլ կտա կողմնորոշվել ֆինանսավորման հնարավոր աղբյուրների հարցում։
Կարծում եմ, որ որևէ մեկի մեջ կասկած չի առաջացնում այն, որ Հայաստանի տնտեսության համար խիստ հրատապ է բնական պաշարների օգտագործման արդյունավետության վերհանումը, հատկապես լեռնահանքային արդյունաբերությունում։ Հաշվի առնելով կատարված վերլուծությունը՝ հարկ է կոնկրետ առաջարկություններ ներկայացնել բնական պաշարների, հումքային բազայի օգտագործման արդյունավետության էական բարձրացման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, բնավ հարկ չկա սահմանափակվել լոկ պղնձաձուլական արտադրության ստեղծման մասին առաջարկությամբ, որն, անշուշտ, շատ կարևոր է։
Կարծում եմ, որ հայրենական արտադրության մրցունակության բարձրացման և արտահանման աճի զգալի խթանման նպատակով, իսկ Ուղերձում խնդիր է դրված առաջիկա հինգ տարիներին ապրանքների և ծառայությունների արտահանումը հասցնել մինչև ՀՆԱ 40-45%-ին, անհրաժեշտ է մանրամասն վերլուծել մեր արտադրության էներգատարությունը և նյութատարությունը, չէ՞ որ այդ ցուցանիշներից է մեծ մասամբ կախված նրանց մրցունակությունը։ Միևնույն ժամանակ, հարկ է հատուկ անդրադառնալ այդ ցուցանիշների վերլուծությանը արտադրության արտահանական կողմնորոշում ունեցող ճյուղերում։ Այս սովորական ճշմարտությունների մասին ստիպված ենք կրկին խոսել այն պատճառով, որ, ավաղ, ոչ բոլոր ձեռնարկատերերն ու կառավարիչներն են միկրոտնտեսական վերլուծությունը դնում իրենց գործունեության հիմքում։ Այս աշխատանքի կարգավորման գործում նրանց օգնելն էլ հենց գործուն կատարումը կլինի ՀՀ նախագահի Ուղերձի հետևյալ դրույթի. «Պետությունը պետք է խրախուսի և խթանի հատկապես մրցունակ, արտահանման մեծ պոտենցիալ ունեցող և հիմնականում տեղական ռեսուրսների վրա հիմնված ոլորտները և, ինչու չէ, նաև կոնկրետ ծրագրերի զարգացումն ու իրականացումը: …Ուստի անհրաժեշտ է հստակ նպատակային աշխատանք տանել տնտեսության տարբեր ճյուղերում պետություն-մասնավոր գործակցության մատչելիության բարձրացման և կիրառման հնարավորությունների ընդլայնման համար…»։
Լուրջ մակրոտնտեսական վերլուծությունը ենթադրում է նաև Ուղերձում առաջադրված հետևյալ խնդրի իրագործումը. «Մասնավորապես, 1990-2015 թվականների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 2 միլիարդ 257 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է 10 միլիարդ 529 միլիոն ԱՄՆ դոլարի՝ աճելով մոտ 4.7 անգամ:
2016-2040 թվականների ընթացքում ևս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ»: Կասկածից վեր է, որ նման արդյունքների կարելի է հասնել միայն ներդրումների լայն ներգրավմամբ, ինչպես նաև դրամավարկային այնպիսի քաղաքականության հիման վրա, որին ներհատուկ է երկարաժամկետ վարկերի գոյացումը։
Իմ «Արտաշես Գեղամյան. Հարկավոր է տնտեսական աճի նոր մոդել» («Արմենպրես», 30.05.2016թ.) և «Արտաշես Գեղամյան. Մտորումներ Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելի մասին» («Արմենպրես», 23.09.2016թ.) հոդվածներում արդեն խոսվել է փոքր ու միջին ձեռնարկատիրությանը (այսուհետ՝ ՓՄՁ) պետական աջակցության ակտուալացման մասին։ Մասնավորապես, ներկայացվել է մի շարք երկրների փորձը, օրինակ՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Չիլիի և այլն, որոնցում կիրառվում է աջակցության ծավալների մեծացումը ՓՄՁ վարկերի երաշխիքների տեսքով։ Ներկայացվել է Ֆինլանդիայի, Նոր Զելանդիայի, Իսպանիայի օրինակը, որոնք լայնորեն կիրառում են պետական երաշխիքների ավելացումը արտահանման գործողությունների գծով։ Ներկայացվել են այն պետությունների օրինակները, որոնցում հաջող իրագործվում են ՓՄՁ ուղղակի ֆինանսավորման չափի մեծացման, փոքր ու միջին բիզնեսի տոկոսադրույքների սուբսիդավորման պետական ծրագրերը, ինչպես նաև վերլուծվել է այն երկրների փորձը, որոնցում լայնորեն կիրառվում են հարկային արտոնությունները, վճարումների երկարաձգումը, կենտրոնական բանկերի կողմից ՓՄՁ-ին սպասարկող վարկային կազմակերպությունների թիրախային ֆինանսավորումը։ Ցավոք, չնայած ՓՄՁ-ն ոչ թե հատվածային որոշումների հիման վրա, այլ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից ՓՄՁ-ների ֆինանսավորման ամբողջական պետական քաղաքականության մշակման ճանապարհով մատչելի վարկերով ապահովելու հարցի ողջ հրատապությանը՝ էական առաջընթաց այս աշխատանքում, ավաղ, դեռևս չի նկատվում։
Բնական է, նման քաղաքականությունը կարելի է մշակել՝ ունենալով որոշ շատ կարևոր հարցերի պատասխանները, այն է. ինչո՞վ բացատրել, որ տարեցտարի առևտրային բանկերում մեր քաղաքացիների ավանդների (բավական համեստ տոկոսներով) ավելացման պայմաններում այդպես էլ չի նկատվում նրանց կողմից հատկացվող վարկերի համամասնական աճ։ Կամ՝ ինչո՞վ բացատրել, որ վերջին տարիներին առևտրային բանկերում պահպանվում է չաշխատող ակտիվների բարձր մակարդակը։ Այսպես, 31.12.2016թ. չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը կազմել է 5,96%, 31.03.2017թ.՝ 6,19%։ Հարկ է վերլուծել նաև, թե ինչպիսին են բավական վիճելի այն գործելակերպի վնասները, երբ սղաճի ցածր մակարդակի պայմաններում Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ թերֆինանսավորված, ընդ որում՝ վարկավորման բարձր հաշվեդրույքների պայմաններում։
Այսպես, Հայաստանի տնտեսության դրամայնացումը, այսինքն՝ դրամական միջոցներով (լիկվիդային ակտիվներով) տնտեսության ապահովվածության աստիճանը, որոնք կարող են կատարել այնպիսի գործառույթներ, ինչպես շրջանառության և վճարման միջոցը, որը որոշվում է դրամայնացման գործակցի օգնությամբ, էապես ցածր է տնտեսությունում փողի իրական պահանջարկից։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, ներկայացնեմ Հայաստանի տնտեսության դրամայնացման գործակցի (М2 դրամական զանգվածի հարաբերությունը ՀՆԱ-ին) տվյալները վերջին տարիներին։
Կարծում եմ, որ Աղյուսակ 2-ում ներկայացված տվյալները (դրանք բնութագրում են երկրների դրամայնացման մակարդակը գլոբալ ֆինանսական ճգնաժամից հետո, 2009թ. վերջի դրությամբ) ցույց են տալիս, որ զարգացած երկրները տնտեսության դրամայնացման գործակիցը պահում են ՀՆԱ 60%-ի մակարդակում։ Ընդհանուր առմամբ, զարգացած երկրների երեք քառորդն ունի ՀՆԱ 80%-ից բարձր դրամայնացման գործակից։ Այս ցուցանիշով Հայաստանի հարևանությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Բուրկինա Ֆասոն, Կամերունը, Կոնգոյի Հանրապետությունը, Գաբոնը, Ուգանդան, Զամբիան և այլն, բնավ լավատեսություն չի ներշնչում։ Իսկ ինչ վերաբերում է հետխորհրդային պետություններին՝ Բելառուս, Ադրբեջան և Վրաստան, որոնք նույնպես տնտեսության դրամայնացման ցածր մակարդակ ունեն, ապա այդ փաստը ոչ մի կերպ չի կարող լավատեսություն ներշնչել, թեկուզև այն պատճառով, որ այդ հանրապետություններում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն էապես բարձր է, քան Հայաստանում։ Այսպես, ԱՄՆ ԿՀՎ cia.gov (The World Factbook) կայքի տվյալներով՝ 2016թ. վերջին Վրաստանում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում էր $10 հազ., Բելառուսում՝ $17 հազ. 500, Ադրբեջանում՝ $17 հազ. 700, Հայաստանում՝ $8 հազ. 900։ Այս առնչությամբ ընթերցողներին հիշեցնեմ, որ Ուղերձում խոսվում է Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով եկամուտների էական բարձրացման անհրաժեշտության մասին. «Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրված բարելավումները»: Ինքնին հասկանալի է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, եթե հաշվարկվի գնողունակության պարիտետով, ապա կլինի շատ ավելի բարձր և մեզ համար շահեկան:
Ուղերձում նշվում է, որ. «Հայաստանի անկախացումից անցել է ավելի քան 25 տարի: Այն բավարար ժամանակ է խոր վերլուծություններ կատարելու և հետևություններ անելու համար: Ժամանակն է, որ մեր ծրագրման, թիրախների ամրագրման հորիզոնը դառնա առնվազն 20-25 տարի»։ Այս խնդրի իրագործումը հնարավոր է միայն հանրապետության տնտեսության իրական վիճակի համակողմանի վերլուծությամբ։ Հենց սրանից ելնելով էլ նշվել են արտադրական ոլորտի գործունեության որոշ ասպեկտներ, որոնք պահանջում են համակողմանի մակրո- և միկրոտնտեսական վերլուծություն։
Որպեսզի պատկերն ամբողջական լինի, նշենք, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամից հետո վերջին 8 տարիներին առաջավոր երկրներն սկսել են կտրուկ մեծացնել դրամական զանգվածները։ Բոլորից շատ տնտեսությունում դրամի քանակի ավելացման գործում հաջողել է Չինաստանը՝ 4 անգամ, իսկ դոլարի քանակությունն աշխարհի տնտեսությունում այդ նույն շրջանում ավելացել է 5 անգամ, ճապոնական իենի քանակությունը՝ 3,5 անգամ, եվրոյինը՝ 1,5 անգամ։ Հայաստանի պարագայում մենք կարող ենք, ավաղ, պնդել, որ մեր տնտեսությունում դրամավարկային քաղաքականության ոլորտում սահմանափակումների միջոցով արհեստականորեն ստեղծվել է դրամական քաղցի վիճակ։ Գաղտնիք չէ, որ աշխարհի երկրների մեծ մասում փողը, որը ներդրվում է համաշխարհային տնտեսությունում, ոչնչով ապահովված չէ, այն, որպես կանոն, փակում է համապատասխան պետությունների պարտքը։
Կրկնում եմ, տնտեսության դինամիկ զարգացման հասնելու համար հարկ է, նախ, արդյունավետորեն օգտագործել առկա արտադրական հզորությունները, ավելի լիարժեք բեռնել դրանք։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի ֆինանսական իշխանությունները ստեղծեն վարկային էմիսիայի մեխանիզմ։ Այլ խոսքերով՝ որպեսզի տնտեսությունը դրամայնացվի՝ գոնե բնականոն վերարտադրության ապահովման նպատակով, հարկավոր է փող ստեղծել։ Ամենապարզ բանը, ինչը կարող է անել պետությունը, դա տնտեսությունը փողով հագեցնելն է։
Առավել ևս, սա անհրաժեշտ է՝ հաշվի առնելով, որ դա տեղի է ունենում երկրի պետական արտաքին պարտքի անշեղ աճի, տարեցտարի ավելացող բյուջետային ծախսերի (որոնք տրամադրվում են այդ պարտքի սպասարկմանն ու մարմանը) պայմաններում։
Այսպես, համաձայն 2013, 2014, 2015, 2016 և 2017թթ. պետական բյուջեի մասին օրենքի՝ պետական ծախսերը պետական արտաքին պարտքի սպասարկման համար ունեցել են հետևյալ տեսքը (տե՛ս Աղյուսակ 3).
Կարծում եմ, որ Աղյուսակներ 1, 2, 3-ում բերված տվյալները թույլ են տալիս անել հետևյալ եզրահանգումը. կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային և ենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունները, ցավոք, այդպես էլ չդարձան տնտեսական աճի ֆինանսավորման կարևորագույն գործիք։ Իսկ թե ինչպես հասնել այս խնդրի լուծմանը, ըստ իս՝ սա էլ պետք է դառնա ՀՀ կառավարության նոր, հայտնի չափով հին կազմի ծրագրի կարևոր բաժիններից մեկը, որն առաջիկայում կդրվի ՀՀ VI գումարման Ազգային ժողովի քննարկմանը։ Այլապես մենք հերթական անգամ կդառնանք կառավարության՝ վերջին մի քանի տարիների հերթական ծրագրի հաստատման վկաները, որի իրագործման արդյունքները ներկայացված են Աղյուսակ 4-ում։
Կարելի է նաև տագնապեցնող այլ ցուցանիշներ էլ ներկայացնել, որոնք պահանջում են քննադատական մոտեցում Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի կողմից, որոնք դարձել են նրանց կողմից իրականացվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության հետևանքը։ Կարևոր է, որպեսզի արդյունքում կառավարության մշակած նոր ծրագիրն ուղղված լինի մեր երկրի համար բացառապես հրատապ բազմաթիվ խնդիրների լուծման գործնական ուղիների մատնանշմանը, որոնց թվում առաջնային նշանակություն ունի աղքատության էական կրճատման միջոցների ձեռնարկումը։ Եվ, ինչպես նշված է Ուղերձում, անհրաժեշտ է, որպեսզի. «Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշը աղքատների տոկոսն է ընդհանուր բնակչության թվում, և այդ ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս, իսկ 2040 թվականին՝ 7-8 տոկոս»:
Նշեմ, որ սույն հոդվածում տեղ է գտել լուծում պահանջող առավել հրատապ խնդիրների ոչ մեծ մասը, ինչից էլ հիմնականում կախված կլինի Ուղերձում նշված նպատակների իրագործումը։
Որպես հետգրություն նշեմ, որ թանկ փողերի քաղաքականությունը (չնայած վերջին տարիներին նկատվում է ինչպես ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի, այնպես էլ առևտրային բանկերի կողմից տնտեսության իրական հատվածի վարկավորման մակարդակի որոշ իջեցում) սպանում է տնտեսության իրական սեկտորը, նորարարություններն ու ներդրումները, թանկ փողերը շահավետ են միայն բանկիրներին և ֆինանսական կապիտալին։ Հենց նրանք են բարձրացված տոկոսադրույքներից այսօր տնտեսության իրական սեկտորի շահութաբերության հետ անչափելի մեծ շահ ստանում։ Այս անհամապատասխանության կարգավորումը, զուտ տնտեսական անհրաժեշտությունից զատ, ունի նաև բարոյական մեծ նշանակություն։
Խոսքն այն մասին է, որ դրամական իշխանությունների և կառավարության նման քաղաքականությունը տանում է դեպի մեր հասարակության հետագա գույքային շերտատում, մեր բնակչության լայն շերտերում անարդարության զգացողության առաջացում։ Կարծում եմ, որ Ուղերձի տողերն այն մասին, թե. «Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք՝ մեկն արտաքին թշնամին է, մյուսը՝ ներքին...
Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին: Ներքին թշնամին որոշակի մտածողությունն ու որոշակի երևույթներ են: Այդ երևույթներից ամենավտանգավորը, թերևս, անարդարությունն է: Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին»:
Կարծում եմ, որ ՀՀ կառավարության ծրագիրը պետք է լրիվ չափով հաշվի առնի Ուղերձում դրված խնդիրների հրատապությունը։ Ավելին, անհրաժեշտ է նպատակային յուրաքանչյուր խնդրի իրագործման համար մշակել դրանց իրականացման ճանապարհային քարտեզներ։ Իսկ ՀՀ VI գումարման Ազգային ժողովի պատգամավորները պետք է գիտակցեն իրենց անձնական, անհատական պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության և ինը միլիոնանոց Հայկական սփյուռքի ճակատագրի համար։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ VI գումարման Ազգային ժողովի պատգամավոր
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ