Արտաշես Գեղամյան. «Դուգինի դիրեկտիվները»՝ որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության վարկաբեկման գործիք

15.08-19.08.2016, Արմենպրես

23.08.2016, Իրավունք

23.08-24.08.2016, Հայոց աշխարհ

https://armenpress.am/arm/news/857075/artashes--gegamyan-direktiviy-dugina-kak-instrument-diskreditacii.html

Այժմ արդեն համարձակորեն կարելի է պնդել, որ անցած շաբաթը միջազգային կյանքում աննախադեպ հագեցած էր նշանակալի իրադարձություններով։ Նախ հարկ է նշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններն Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի նախագահների, ինչպես նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Դժվար է գերագնահատել կայացած հանդիպումների, դրանցում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը՝ մանավանդ հաշվի առնելով վերջին ամիսներին տարածաշրջանում ծավալվող դրամատիկ իրադարձությունները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմը, ահաբեկչական գրոհների շարքը Թուրքիայում, այդ երկրում պետական հեղաշրջման ձախողված փորձը և այլն։ Կասկածից վեր է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծվում է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ։ Այն պահանջում է համակողմանի ընկալում և վերլուծություն՝ տարածաշրջանում տնտեսական աճի և անվտանգության ամրապնդման համար բացվող հնարավորությունների արդյունավետ իրականացման նպատակով։ Ընդ որում՝ խիստ կարևոր է այնպես անել, որպեսզի այդ նոր իրողություններն օրգանապես միավորվեն, լրացվեն իրապես գործող ինտեգրացիոն նախագծերով, հարկ է առավելագույնս հաշվի առնել տարածաշրջանի յուրաքանչյուր պետության ազգային շահերը՝ խստիվ կասեցնելով կայսերական մեծամտության ցանկացած դրսևորում, որը կարող է կործանել ամեն տեսակ լավ նախաձեռնություն։ Այստեղ կարևոր է սկզբից ևեթ հրաժարվել որևէ մեկին միջնորդ դատավոր, մի ինչ-որ անկոչ խրատատու կարգելուց։ Ցավոք և դժբախտաբար, նման ռեցիդիվներ պատահում են։ Ինքներդ դատեք։

Եվ այսպես, ս.թ. ապրիլի 5-ին tsargrad.tv հեռուստաալիքով եթեր հեռարձակվեց քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի «Դուգինի դիրեկտիվները» հեղինակային ծրագիրը։ Դրանում հեղինակն իրեն բնորոշ կտրական ձևով բավական վիճելի մի շարք հայտարարություններ արեց։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը։ Խորհրդածելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ Ա.Դուգինն ասաց. «Ամենագլխավորը, ինչը պետք է հասկանալ ղարաբաղյան հակամարտությունում. այն առհասարակ լուծում չունի»։ Իհարկե, նրա համար պետք է որ ցավալի լինի, որ միայն իրեն հայտնի այս «պարզ ճշմարտությունն» այդպես էլ չգիտակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հանձինս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական գործերի գծով պետական քարտուղար Արլեմ Դեզիրի, որոնք ս.թ. մայիսի 16-ին Վիեննայում կազմակերպել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Այնուհետև՝ հունիսի 20-ին, Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկրորդ գագաթաժողովը, որն, ըստ Վլադիմիր Պուտինի, աչքի ընկավ կառուցողական տրամադրվածությամբ։ Մեր քաղաքագետի հոռետեսական կանխատեսումը չէր ընկալվել նաև ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովի կողմից, որը գագաթաժողովի նախօրեին հանդիպել էր Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների, ինչպես նաև այդ երկրների նախագահների հետ։ Այսպիսով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս հարցում կարծես թե գեղեցիկ չվարվեցին Դուգինի հետ՝ լիովին արհամարհելով նրա՝ Կասանդրայի գուշակություններին վայել «պատմական» կանխատեսումը։

Վերոհիշյալ ծրագրում Ալեքսանդր Գելևիչը, դատողություններ անելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, բարեհաճորեն բարբառեց. «Մենք համաձայն ենք նաև մարզի հանդեպ հայերի վերահսկողության փաստին, բայց ձևականորեն շարունակում ենք Լեռնային Ղարաբաղն իրավաբանորեն համարել Ադրբեջանի տարածք»։ Ընթերցողի մեջ, բնականաբար, հարց կառաջանա. իսկ ո՞ւմ նկատի ունի պարոն Ա.Դուգինը, երբ ասում է՝ «մենք համաձայն ենք նաև»։ Царьград ТВ հեռուստաալի՞քը, որի գլխավոր խմբագիրն է ինքը։ Իսկ գուցե Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ սոցիոլոգիական ֆակուլտետի միջազգային հարաբերությունների սոցիոլոգիայի ամբիոնը, որի ղեկավարն է եղել մի ժամանակ։ Թե՞ անվանի պրոֆեսորն իր մասին խոսում է հոգնակի թվով՝ ի նշան սեփական անձի հանդեպ առանձնահատուկ հարգանքի։ Չպետք է բացառել, որ իր մտքերի նման շարադրմամբ նա առեղծվածորեն ակնարկում է իրեն տրված լիազորությունների մասին՝ նման մտքեր հնչեցնել Ռուսաստանի քաղաքական Օլիմպոսում բազմած պետական այրերի հանձնարարությամբ։ Համենայն դեպս, շատ շնորհակալ ենք Ա.Դուգինին, որ նա, այնուամենայնիվ, բարձրաձայնում է միտքն առ այն, որ «իրենք համաձայն են մարզի հանդեպ հայերի վերահսկողության փաստին»։ Այնուհետև հարգարժան պրոֆեսորը շարունակում է. «... Իսկ հայերն ու ադրբեջանցիներն իրե՞նք ինչ են ասում։ Առաջիններին ձեռնտու է այն, որ Ղարաբաղն իրենց ձեռքում է։ Նրանք այդ հողերը հետ են բերել և պահում են։ Այո, վատ բան է չճանաչված լինելը, բայց լավ է լինել ողջ և վերահսկել տարածքը»։ Նկատենք, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ֆիզիկական գոյությունը, դատելով Ա.Դուգինի այս խոսքերից, հնարավոր է միայն իր բնակության տարածքի հանդեպ Լեռնային Ղարաբաղի բնակչության վերահսկողության պայմաններում։ Մտապահենք հազվադեպորեն արդարացի այս պնդումը։ Այնուհետև ծրագրի հեղինակը հիմնավորում է այն եզրահանգումը, թե պատերազմը Լեռնային Ղարաբաղում շահավետ չէ ոչ Իրանին, ոչ, առավել ևս, Թուրքիային։ Ընդ որում՝ նա չգիտես ինչու մոռանում է այն մասին, որ ապրիլյան արյունահեղության օրերին (2016թ.) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները, բոլորն՝ առանց բացառության, ինչպես նաև ԵԱՀԿ-ում նախագահող՝ ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Եվրամիության ղեկավարները միահամուռ կոչ էին անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, և միայն Թուրքիայի ղեկավարությունն էր՝ հանձինս նախագահի, վարչապետի և արտգործնախարարի, լիակատար համերաշխություն հայտնում Ադրբեջանին այս պատերազմում և հայտարարում էր, թե պատրաստ է մինչև վերջ աջակցել այդ երկրին իր իսկ սանձազերծած արյունահեղության մեջ։ Այդ ինչպե՞ս եղավ, որ իմանալով այս մասին (իսկ չիմանալ Ա.Դուգինը պարզապես չէր կարող)՝ նա, երբ նոր-նոր էր դադարեցվել քառօրյա պատերազմի կրակը, ապրիլի 5-ին իր հեղինակային ծրագրի եթերում պնդեց. «Դուք կզարմանաք, բայց անգամ Թուրքիային է ամեն ինչ ձեռնտու (նկատի ունի մինչև պատերազմն ստեղծված ստատուս-քվոն- Ա.Գ.), նրան միայն ռազմական հակամարտությանը միջամտելն էր պակաս»։ Եվ այսպես ամբողջ հաղորդման ընթացքում նա հեռուստադիտողին բերում-հանգեցնում է միայն մեկ՝ գլխավոր եզրակացությանը. «Իսկ թե ում է ձեռնտու պատերազմը, դե դա, իհարկե, ամերիկացիներն են։ Տարածաշրջանային բոլոր տերությունները պատերազմի պարագայում կորցնում են, իսկ ԱՄՆ-ը միայն շահում է։ Ընդ որում՝ ոչ թե ԱՄՆ-ը որպես այդպիսին, այլ նեոկոնսերի գլոբալիստական էլիտան և արյունարբու Հիլարին։ Այ, նրանք են հենց մեղավոր հակամարտության հարցում»։ Պրոֆեսորի այս պնդման մեջ հստակ երևում է անթաքույց ձգտումը՝ ամեն գնով պաշտպանել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսուհետ՝ ԼՂՀ) միջև պատերազմի գլխավոր հրահրողին, այն է՝ Թուրքիային։ Ի՞նչ է սա։ Մոլորությո՞ւն, թե՞ պատահականություն։ Իսկ գուցե հեռուն գնացող քաղաքականությո՞ւն։

Այս հարցերի պատասխանները երկար սպասել չտվեցին։ Ս.թ. օգոստոսի 10-ին «Դուգինի դիրեկտիվը. ռուս-հայկական գագաթաժողով» այդ նույն ծրագրում պրոֆեսորը ոգևորված և անառարկելիորեն հայտարարում է. «Բայց այսօր Ռուսաստանի մեծ աշխարհաքաղաքականությունը թելադրում է Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքի անհրաժեշտությունը,- այնուհետև հեղինակը մեծահոգաբար հանգստացնում է հայկական և իրանական կողմերին՝ շարունակելով,- ինչը չի բացառում Մոսկվա-Երևան և անգամ Մոսկվա-Թեհրան-Երևան առանցքները»։ Այսքան շռայլ և հանգստացնող հայտարարություններից հետո քիչ է մնում շնորհակալություն հայտնես քաղաքագետին, որ իր այս զիլ ելույթում գոնե չի հայտարարում ՀԱՊԿ-ի լուծարման մասին (որին, ըստ նրա գուշակության, փոխարինելու է գալու Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքը), առավել ևս՝ չի ավետում Եվրասիական տնտեսական միության կամ էլ, ասենք, ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) կազմաքանդումը։ Բայց կարող էր, չէ՞։ Քիչ է մնում բացականչես՝ շնորհակալություն, Ալեքսանդր Գելևիչ, ձեր ցուցաբերած հումանիզմի համար։ Այնուհետև դիրեկտիվների հեղինակն իրեն իրավունք է վերապահում մատնանշել Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ինչ-ինչ սխալներ. «Խաղալով տարածաշրջանային մասշտաբով և հայերի պատմական հիշողության վրա, ինչպես նաև օգտվելով Սարգսյանի քաղաքականության որոշակի սխալներից՝ ամերիկամետ ուժերը հենց Հայաստանում փորձում են խեղաթյուրել այդ ամբողջ պատկերը (նկատի ունի ռուս-հայկական հարաբերությունները- Ա.Գ.)։ Նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել այն բանում, որ նրա օգնությունը բավարար չէ, իսկ Բաքվի և Անկարայի հետ մերձեցումը փորձում են ներկայացնել որպես, իբր, դավաճանություն հայերի և ղարաբաղյան գործի հանդեպ»։ Խոսելով մեր թշնամիների կողմից «Սարգսյանի քաղաքականության որոշակի սխալներն» օգտագործելու մասին՝ Ա.Դուգինը, ըստ երևույթին, նկատի ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ այժմ ոչ մոդայիկ սկզբունքային հավատարմությունն իր դաշնակցային պարտավորություններին, մանավանդ միջազգային կազմակերպություններում։ Վերցնենք թեկուզ քվեարկությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հոբելյանական խորհրդաժողովում (ԵԱՀԽ Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման 40-ամյակի առիթով)՝ 2015թ. հուլիսին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հելսինկյան հռչակագրի (այսուհետ՝ Հռչակագիր- Ա.Գ.) ընդունման ժամանակ։ Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունը բոյկոտել էր այդ նստաշրջանը Ֆինլանդիայի կողմից ՌԴ որոշ պատվիրակների վիզաներ չտալու պատճառով։ Եվ ահա, նշյալ Հռչակագիրը լեցուն էր հակառուսական պարագրաֆներով և Ղրիմի վերաբերյալ բացահայտ հակառուսական բանաձևով։ Այդ խորհրդաժողովին մասնակցող 56 երկրներից միայն ձեր խոնարհ ծառան (որին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդն է մեր նախագահը, վստահել է լինել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ մշտական պատվիրակության ղեկավարը) «դեմ» քվեարկեց Հելսինկյան հռչակագրի ընդունմանը։ Միանգամայն տեղին եմ համարում նշել նաև, որ Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքի ենթադրյալ անդամների ներկայացուցիչները, ասել է թե՝ թուրքական և ադրբեջանական պատվիրակությունները՝ հիացմունքը դեմքներին, քվեարկեցին ինչպես Հռչակագրի ընդունման, այնպես էլ Ղրիմի «անեքսիայի վերաբերյալ» ակնհայտորեն կանխակալ հակառուսական բանաձևի օգտին։ Վերադառնալով ս.թ. օգոստոսի 10-ի «Դուգինի դիրեկտիվը» հաղորդմանը՝ կուզենայի ընդգծել, որ հատկապես գորովալից է դրա հեղինակի հիացական, գովաբանական երգասացությունն Ադրբեջանի և ադրբեջանցիների հասցեին. «Բացի այդ, ադրբեջանցիները մեր եղբայրներն են, մեր ռուսական աշխարհի մի մասը և մեզ հետ ամուր կապված են քաղաքակրթական կապերով»։ Թերևս, Ա.Դուգինի այսքան վեհ, ինքնաբուխ հոգեկան պոռթկումը պայմանավորված է ս.թ. հուլիսին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Թբիլիսյան հռչակագրի ընդունման քվեարկության արդյունքներով, որը նույնպես հագեցած է հակառուսական ձևակերպումներով և հակառուսական բանաձևով։

Ընթերցողներին հիշեցնենք, որ այս անգամ ևս Մոսկվա-Բաքու-Անկարա ենթադրյալ առանցքի մասնակից երկրների (Թուրքիա և Ադրբեջան) պատվիրակները կրկին, ոչ առանց հիացմունքի, «կողմ» քվեարկեցին այդ փաստաթղթի ընդունմանը, որն ունի Հռչակագրի կոշտ հակառուսական ձևակերպումներ։ Նշենք, որ դրա ընդունման «դեմ» են քվեարկել ՌԴ Դաշնային ժողովի 4 պատգամավոր և ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը։ Հավանաբար, Հայաստանի քաղաքական ղեկավարության սկզբունքային դիրքորոշումը՝ միշտ հավատարիմ լինել իր դաշնակցային պարտավորություններին, որոնք առարկայանում են այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպությունում, ինչպիսին է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, ըստ Ալեքսանդր Գելևիչի, որակվում է ոչ այլ կերպ, քան «Սարգսյանի քաղաքականության որոշակի սխալներ»։ Նշենք, որ հենց այսպիսի կարծիքի են նաև «ամերիկյան կուրատորների ողորմությունից օգտվող» «ամերիկամետ ուժերը» հենց Հայաստանում, որոնց իր ծրագրում հիշատակում է հեղինակը։ Համաձայնեք, Ալեքսանդր Գելևիչ, որ կարծես թե այնքան էլ լավ չի ստացվում այդ հանրության հետ նույն ընկերախմբում գտնվելը և անապացույց, պարզապես հենց այնպես Հայաստանի նախագահին քննադատելը։

Ա.Դուգինի վերոնշյալ ելույթում անընդունելի այլ «անցումներ» էլ կան։ Օրինակ. «Սակայն, ինչպես և ցանկացած էթնոկենտրոն հանրություն, հայերը կորցնում են համամասնությունը։ Մեծ տերությունը (նկատի ունի Ռուսաստանը- Ա.Գ.) չի կարող կրտսեր գործընկերոջ ցուցումով շարժվել, թույլ տալ պայմաններ թելադրել իրեն և պահանջներ ներկայացնել։ Ընդհակառակը, այդ Երևանը պետք է հարմարվի եվրասիական մեծ աշխարհաքաղաքականությանը՝ ջանալով ապահովել իր շահերը»։ Ըստ երևույթին, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունն իսկապես որ «կորցրել էր համամասնությունն» ինչպես 2015, այնպես էլ 2016 թվականներին՝ ԵԱՀԿ 55 անդամ պետություններին թելադրելով «ընդհանուրից» տարբեր կարծիք, որը միահամուռ և մեկից ավելի անգամ արտահայտվել է հակառուսական հռչակագրերի և բանաձևերի ընդունմանը «դեմ» քվեարկությամբ։ Հետևելով Ա.Դուգինի տրամաբանությանը՝ պետք էր ողջունել այդ հակառուսական փաստաթղթերը՝ դրանով իսկ «հարմարվելով եվրասիական մեծ քաղաքականությանը, որն իրագործվում է ԵԱՀԿ տարածքում։ Իսկ ինչ վերաբերում է այն հանդիմանություններին, թե Հայաստանն, իբր, փորձում է հասնել նրան, որպեսզի «մեծ տերությունը շարժվի կրտսեր գործընկերոջ ցուցումով», ապա այս պնդման պարագայում մի ինչ-որ անկապ բան է ստացվել։ Ես ինչ-որ չեմ հիշում, որ ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ հիմնարար ու հիմնադիր փաստաթղթերում ավագ ու կրտսեր գործընկերների մի որևէ սահմանազատում լինի կամ էլ նշված լինի այդ հարգարժան կազմակերպությունների որևէ անդամ երկրի արտոնությունների մասին։ Ալեքսանդր Գելևիչը սխալվում էր նաև այն ժամանակ, երբ պնդում էր. «Սակայն Ռուսաստանը, որպես մեծ աշխարհամասային տերություն, գլոբալ շահեր ունի, որոնք, բնականաբար, չունեն հայերը»։ Կուզենայի պրոֆեսորին հիշեցնել, որ եթե պատմական ճակատագրի բերումով այժմ Հայաստանում ապրում է մոտ 3 մլն հայ, ապա հայկական սփյուռքի ընդհանուր թվաքանակը 7-8 մլն մարդ է։ Ընդ որում՝ ցավով պետք է փաստել, որ մեր ազգը ցրված է աշխարհով մեկ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Վրաստան, Իրան, Լիբանան, Արգենտինա, Ուկրաինա, Ավստրալիա, Կանադա, Գերմանիա, Հունաստան. ահա այն պետությունների բնավ ոչ ամբողջական ցանկը, որոնցում հոծ բնակություն ունեն այն հայերը, որոնք հիմնականում Օսմանյան կայսրությունուն իրականացված Հայոց ցեղասպանությունից (1915-1923թթ.) հրաշքով փրկվածների հետնորդներն են։ Էլ չեմ ասում այն հիսուն հազար հայերի մասին, որոնք ապրում են իրենց պատմական հայրենիքում, որն այսօր արդի Թուրքիայի վարչական տարածքն է հանդիսանում։ Ստեղծված պատմական իրողություններից ելնելով՝ մեզ չի կարող չանհանգստացնել մեր մոլորակի բոլոր անկյուններում ապրող մեր եղբայրների և քույրերի, հայրերի և պապերի ճակատագիրը։ Մենք չենք կարող անտարբեր լինել այն բանի հանդեպ, թե ինչպես է ընթանում կյանքն այն բոլոր երկրներում, որոնց օրինապահ քաղաքացիներն են հանդիսանում տասնյակ և հարյուր հազարավոր (իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պարագայում՝ մեկ միլիոնից ավելի) մեր հայրենակիցները։ Ուստի, Հայաստանը հենց ամենաիսկական գլոբալ շահեր ունի, որոնք էլ պայմանավորում, ավելին՝ թելադրում են մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական կանոնը։ Հայկական ղեկավարության սկզբունքային դիրքորոշումն արտաքին քաղաքականությունում պարզ է և հասկանալի, ավելին՝ այն քանիցս հնչեցրել է Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը. սեփական արտաքին քաղաքականությունը երբեք չկառուցել մեծ տերությունների հակասությունների վրա, այլ, ընդհակառակը, ջանալ գտնել և խորացնել պետությունների և ժողովուրդների՝ հայկական հնագույն քրիստոնեական քաղաքակրթության ավանդույթներին համահունչ ընդհանուր շահերը։

Ցավոք, «Դուգինի դիրեկտիվը. ռուս-հայկական գագաթաժողով» վեցրոպեանոց իր հաղորդման մեջ (ս.թ. օգոստոսի 10) Ա.Դուգինը բացարձակապես անընդունելի ևս մեկ «անցում» է կատարում, այն է. «Ուստի, Հայաստանը պետք է համաձայնի Բաքվին հինգ շրջան հանձնելու Լավրովի պլանին՝ դրա դիմաց չափից ավելի բարձր ու ոչ իրատեսական գին չպահանջելով։ Գլխավոր գինը Ռուսաստանի կողմից հայերի անվտանգության և կյանքի անվերապահ երաշխավորումն է»։ Թվում է, թե այս երկու նախադասության մեջ խտացված է Ա.Դուգինի քաղաքական բացարձակ կարճատեսությունը։ Նախ՝ իր մակերեսային մոտեցմամբ նա փաստորեն արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ինստիտուտը ղարաբաղյան կարգավորման գծով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման այդ, թերևս, միակ հեղինակավոր ձևաչափը, որի շրջանակներում ահա արդեն երկրորդ տասնամյակն է՝ ձևավորվել է նպատակների և մոտեցումների ընդհանրություն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից։ Հատկապես նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը մշտապես դրական է համարել Ռուսաստանի նախագահը։ Եվ նման մոտեցումը դարձյալ դրսևորվեց բոլորովին վերջերս, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների սանկտպետերբուրգյան գագաթաժողովում, երբ բանակցությունների եզրափակիչ փուլում ներգրավվեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և, իհարկե, Ռուսաստանի ներկայացուցիչները։ Ավելին, Ա.Դուգինը հայկական կողմին ուղղված իր այդօրինակ, ըստ էության՝ վերջնագրային պահանջով զրոյի է հանգեցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սկզբունքային դիրքորոշումը, որը նա հնչեցրել է ս.թ. օգոստոսի 5-ին, Բաքու կատարելիք այցի նախօրեին, Ադրբեջանական պետական «ԱզերԹաջ» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում։ Պատասխանելով «Կարծիք կա, թե հենց Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ ղարաբաղյան հանգույցի լուծման գործում։ Համաձա՞յն եք արդյոք այս կարծիքին» հարցին՝ Վլադիմիր Պուտինն ասաց. «Ուզում եմ հատկապես ընդգծել, որ մենք բնավ չենք փորձում Ադրբեջանին և Հայաստանին պարտադրել ինչ-որ պատրաստի դեղատոմսեր։ Կողմերը պետք է իրենք պայմանավորվեն, առանց դրսի ճնշման, գտնեն փոխընդունելի լուծումներ։ Սա է մեր հաստատակամ դիրքորոշումը»։ Հավանաբար, Ա.Դուգինը, հնչեցնելով խնդրի մասին իր հատուկ կարծիքը, դեռևս չի հասցրել ծանոթանալ սույն խնդրի վերաբերյալ ռուսաստանյան ղեկավարության ամուր դիրքորոշմանը, ինչն էլ, իր հերթին, առաջ է բերել նրա վերոնշյալ անպատասխանատու հայտարարությունը։ Ավելին, այդ նույն հարցազրույցում Ռուսաստանի նախագահն ասել է. «Փոխզիջման հասնելը ենթադրում է գտնել օպտիմալ հավասարակշռություն տարածքային ամբողջականության սկզբունքի և ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջև։ Մենք մեզ լիովին հաշիվ ենք տալիս, թե ինչպիսի պատասխանատվություն է ընկած Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության ուսերին»։ Ռուսաստանի նախագահի այսքան հստակ արտահայտած դիրքորոշումից հետո ամեն տեսակ հուշարարների՝ քննարկվող խիստ զգայուն խնդիրների էությունը խեղաթյուրելու ճիգերը դատապարտված են անհաջողության, դրանք կընկալվեն ոչ այլ կերպ, քան սայլի հինգերորդ անիվ։ Կարելի էր ընթերցողների ուշադրությունն էլի՛ սևեռել այլ, միանգամայն անընդունելի, երբեմն սադրիչ մտավարժանքների վրա, որոնք հնչել են 2016թ. ապրիլի 5-ին և օգոստոսի 10-ին հեռարձակված «Դուգինի դիրեկտիվը» հաղորդումներում։ Բայց կուզենայի ընթերցողների ուշադրությունը հրավիրել այլ հանգամանքի վրա։ Տագնապ է առաջացնում Դուգինի՝ ուղղակի ասենք, վնասակար մտավարժանքները հնչեցնելու ձևը։ Տպավորություն է ստեղծվում, թե ծրագրի հեղինակը նյութի մատուցման իր ձևով ուզում է հեռուստադիտողների մեջ կարծիք ստեղծել, թե ինքը բարձրաձայնում է Կրեմլի պաշտոնական դիրքորոշումը։ Եվ նրա այդ հնարքը որպես երկնային մանանա, հոգու սպեղանի է ընկալվում Հայաստանի՝ արտասահմանից շռայլորեն վարձատրվող մերձքաղաքական շրջանակների, հակառուսական տրամադրություններ ունեցող տարատեսակ գրանտակերների կողմից։ Մի խոսքով, դատելով «Դուգինի դիրեկտիվը» ծրագրի երկու հաղորդումներից՝ կարելի է առանց երկմտելու պնդել, որ դրանք ծառայում են որպես գործիք ՀԱՊԿ և ԵԱՏՄ իր մերձավոր դաշնակիցների հանդեպ Ռուսաստանի արտաքին քաղաքականության վարկաբեկման համար։ Կարծում ենք, չէր խանգարի, որ Ալեքսանդր Դուգինը, նախքան ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իր ոչ օբյեկտիվ, մակերեսային դատողությունները տիրաժավորելը, Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքի ստեղծման հնարավորությամբ զմայլվելը, հիշողության մեջ թարմացներ ռուս-թուրքական տասներեք պատերազմների պատմությունը։ Ավելորդ չէր լինի հիշել նաև այն անգնահատելի ռազմական օգնության հետևանքների մասին, որը ցուցաբերեց բոլշևիկյան Ռուսաստանը քեմալական Թուրքական հանրապետության կայացման դժվարին ժամանակներում։ Մեղք չի լինի հիշեցնել նաև, թե ինչով և ինչպես թուրքերը երախտագետ եղան ԽՍՀՄ-ին Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Կարծում ենք՝ արժե, որ Ալեքսանդր Գելևիչն ավելի հանգամանալի ծանոթանա «Դուգինի դիրեկտիվներում» քննարկվող հարցերի վերաբերյալ հայկական ղեկավարության ունեցած դիրքորոշմանը, հարցեր, որոնք քանիցս հնչեցրել է Հայաստանի նախագահը։ Դրանից հետո, հույս ունեմ, նրա հեղինակային հաղորդումների պաթոսը փոքր-ինչ կպակասի, փոխարենն ավելի ծանրակշիռ կլինի դրանց բովանդակությունը։

Հոդվածի ավարտին կուզենայի նշել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքներով, մամուլի ասուլիսում շատ հստակ ներկայացրել է մեր երկրի նախագահը. «Նման հակամարտությունն անհնար է լուծել` հղում կատարելով դրա հետևանքների, այլ ոչ թե պատճառի վերացմանը: Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է: Հենց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ»: Միայն Միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալով է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հանձին Ռուսաստանի ունենալով իր անվտանգության հուսալի երաշխավորին, հուսալիորեն պաշտպանված կլինի։ Ընդ որում՝ շատ կարևոր է նաև այն, որ Հայաստանի և ԼՂՀ-ի հանդեպ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների դրսևորումը մեր բարին չկամեցողների կողմից չի ներկայացվի որպես Խորհրդային Միությունը հիշեցնող մի ինչ-որ արդիականացված կառույցի վերստեղծմանն ուղղված կայսերական նկրտումների ցուցաբերում։

Ահա այսպիսի բաներ, Ալեքսանդր Գելևիչ։

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

ՀՀ ԱԺ մշտական պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր