Արտաշես Գեղամյան. Հարկավոր է տնտեսական աճի նոր մոդել
30.05.2016, 13:57, Արմենպրես
31.05.2016, Իրավունք
http://www.armenpress.am/arm/news/849004/artashes-gexamyan-harkavor-e-tntesakan-atchi-nor-model.html
Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) նախագահ Սերժ Սարգսյանը, փետրվարի 12-ին ելույթ ունենալով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների առջև, միանգամայն հետաքրքիր մի շարք մտքեր արտահայտեց, որոնց հրատապությունը հաստատվում է օրեցօր։ Մասնավորապես, անդրադառնալով պետական իշխանության մարմինների գործառնությանը՝ ՀՀ նախագահն ասաց. «Իշխանության բոլոր ճյուղերում էլ շատ մեծ տարածում ունեն «արդեն համաձայնեցված է», «արդեն որոշված է» արտահայտությունները։ Ակնհայտ է, որ ակնարկն ուղղվում է մինչև իշխանության ամենաբարձր օղակ։ Սրանով իրենց կարծիքով երկու կարևոր խնդիր է լուծվում.
1. հարցի լայն քննարկման սահմանափակում, այլընտրանքային գաղափարների մերժում և, հաճախ, անձնապես ձեռնտու տարբերակների անցկացում՝ սեփական անպարկեշտությունը ուրիշներին վերագրելով,
2. պատասխանատվության փոխանցում դեպի «վերին օղակ»՝ զերծ մնալով հնարավոր սխալների դեպքում քննադատության թիրախ դառնալուց»։
Իմ կարծիքով՝ սա բաց խոսակցության անկեղծ կոչ էր, առաջին հերթին՝ իր զինակիցներին, ինչպես նաև քաղաքական բոլոր գործիչներին, Հայաստանի քաղաքացիներին, որոնց համար թանկ է երկրի ճակատագիրը, ովքեր ունեն «ազատ, ապահովված, քննադատական մտածելակերպ» (չակերտներում ՀՀ նախագահի բառերն են ս.թ. փետրվարի 12-ի ելույթից)։ Երկրի ղեկավարի այսօրինակ հարցադրումն էլ առիթ հանդիսացավ վերլուծելու մեր երկրում իրականացվող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը, որի արդյունավետությունն էլ հիմնականում պայմանավորում է տնտեսական աճը։
Օբյեկտիվ գնահատական տալու համար իրականացվող տնտեսական քաղաքականությանը, որի անբաժան բաղադրիչն է դրամավարկային և հարկաբյուջետային (այսուհետ՝ ֆիսկալ) քաղաքականությունը, վերլուծությունն սկսենք հակառակ կողմից, այսինքն՝ վերլուծենք տնտեսական քաղաքականության արդյունավետությունը՝ հիմնվելով նրա արդյունքների վրա։ Դրա համար դիտարկենք ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման միտումները վերջին 2-3 տարիներին։ Նշենք, որ մեր հոդվածում օգտագործվող վիճակագրական տվյալները վերցված են հմնականում պաշտոնական աղբյուրներից՝ ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ՝ ՀՀ ԱՎԾ) տեղեկագրերից։
Եվ այսպես, համաձայն ՀՀ ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016թ. հունվար-մարտին» տեղեկագրի՝ Համախառն ներքին արդյունքի (այսուհետ՝ ՀՆԱ) աճի տեմպը տնտեսության իրական հատվածում 2015թ. արդյունքներով, 2014թ. համեմատ, կազմել է 103,0% (էջ 11)։ Այդ նույն ցուցանիշների հարաբերակցությունը դոլարով արտահայտված՝ կազմել է 90,7%, այսինքն՝ գրանցվել է ՀՆԱ-ի 9,3 տոկոսային կետի նվազում։ Այդ նույն ժամանակահատվածում, եթե բնակչության մեկ շնի հաշվով ՀՆԱ-ն 2014թ. կազմում էր $3852, ապա 2015-ին այն կազմել է համապատասխանաբար $3504, նվազումը՝ 9 տոկոսայի կետ։
Հատկանշական է, որ 2015թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդները ՀՀ առևտրային բանկերում էապես ավելացել են՝ 2014թ. 1 տրլն 336 մլրդ 645 մլն դրամից մինչև 1 տրլն 520 մլրդ 651 մլն դրամ 2015թ. դեկտեմբերի վերջի դրությամբ՝ ապահովելով 113,7% աճի տեմպ (ՀՀ ԿԲ 2016թ. հունվարի տեղեկագիր)։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ այդ նույն ժամանակահատվածում առևտրային բանկերի տրամադրած վարկերը կրճատվել են։ Այսպես, եթե 2014թ. դրանց ծավալը կազմել է 2 տրլն 91 մլրդ 377 մլն դրամ, ապա 2015թ. 2 տրլն 5 մլրդ 242 մլն դրամ, անկումը կազմել է 4,1 տոկոսային կետ։ Մտահոգում է նաև այն հանգամանքը, որ եթե 2014թ. վերջին առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը կազմում էր 6,15%, ապա 2015թ. վերջին՝ 6,98%, իսկ 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ համապատասխանաբար 9,06% (ՀՀ ԿԲ 2016թ. մարտի տեղեկագիր)։
Այս վիճակագրությունը հենց այնպես չէ, որ ներկայացնում ենք, այս և ստորև ներկայացվող ցուցանիշները կօգնեն վեր հանել տնտեսությունում և ֆինանսական ոլորտում նկատվող միտումները։ Օրինակ, վերջին 2-3 տարիներին նկատվում շահութաբերության մակարդակի իջեցման միտում տնտեսության իրական հատվածում։ Այս պնդման հաստատումն է հանդիսանում հարկերի և տուրքերի ընդհանուր ծավալում շահութահարկի տեսակարար կշռի դինամիկայի վերլուծությունը։ Այսպես
2013թ. շահութահարկի տեսակարար կշիռը կազմում էր 12,45%, 2014թ.՝ 9,74%, իսկ 2015թ.՝ 9,7% (ՀՀ ԱՎԾ «ՀՀ սոցիալ-տնտեսական դրությունը 2014, 2015թթ. հունվար-դեկտեմբերին» տեղեկագրեր)։ Այս միտումը, ցավոք, սպասելի էր, քանի որ ՀՀ տնտեսության իրական հատվածում շարունակվում է աշխատանքի արտադրողականության մակարդակի անկումը։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ներկայացնենք տվյալներ ՀՀ ԱՎԾ «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ աշխատողների թվաքանակով որոշվող չափերի և տնտեսական գործունեության (երկնիշ դասակարգմամբ), 2013, 2014 և 2015թթ. հունվար-դեկտեմբերին» տեղեկագրերից (տե՛ս Աղյուսակ 1).
Ինչպես երևում է Աղյուսակ 1-ից, 2014-2015թթ. նկատվել է աշխատանքի արտադրողականության նվազում ինչպես ընդհանուր առմամբ արդյունաբերությունում, այնպես էլ նրա հիմնական ճյուղերում՝ հանքագործական, մշակող, սննդամթերքի, դեղագործական արտադրանքի, համակարգիչների, էլեկտրոնային, օպտիկական և էլեկտրասարքերի արտադրությունում։ Այսպես, 2015թ. արտադրությունում զբաղված մեկ աշխատողի արտադրածն ընդհանուր առմամբ արդյունաբերությունում կազմել է 2013թ. մակարդակի 96,5%-ը, հանքագործական արտադրությունում և բաց հանքերի շահագործման մեջ՝ 68,4%-ը։ Ընդ որում, նշենք, որ 2015թ. այս ճյուղում արտադրության ծավալների աճի տեմպը 2013թ. համեմատ կազմել է 147,6%։ Փաստը, որ դա տեղի է ունեցել աշխատանքի արտադրողականության մակարդակի էական նվազման պայմաններում (31,6 տոկոսային կետով), վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել ընդերքի անխնա վատնում։ Գործերն այնքան էլ լավ չեն նաև մշակող արդյունաբերությունում, որտեղ 2015թ. աշխատանքի արտադրողականության մակարդակը կազմել է 70,3%, սննդարդյունաբերությունում՝ 76,6%, դեղերի արտադրությունում՝ 46,4%, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքերի արտադրությունում՝ 73,8%, էլեկտրասարքերի արտադրությունում՝ 65,1%։ Էլ չենք ասում այն մասին, որ ՀՀ արդյունաբերության նշված ճյուղերում աշխատանքի արտադրողականությունը զգալիորեն ցածր է, քան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) երկրներում։ Այս առնչությամբ հարկ է նշել, որ շուկայական տնտեսության պայմաններում, աշխատանքի այդքան ցածր արտադրողականության պարագայում, մեր արդյունաբերության միջազգային մրցունակությունը, վերոնշյալ երկրների ձեռնարկությունների հետ համեմատության մեջ, գտնվում է վտանգավոր աստիճանի ցածր մակարդակում։
Հանրահայտ է, որ տնտեսության մրցունակության բարձրացման մեջ առանցքային դերը պատկանում է նախևառաջ մարդկային կապիտալին, որը բնութագրվում է աշխատողների աշխատանքի արտադրողականությամբ, կենսամակարդակով, աշխատողների ընդհանուր թվաքանակում ինժեներատեխնիկական աշխատողների և մասնագետների տեսակարար կշռով։ Միևնույն ժամանակ, ձեռնարկությունների և առհասարակ արդյունաբերության ճյուղերի մրցունակության ընդհանրացնող գնահատականի համար, ինչպես հայտնի է, օգտագործվում են արտադրության ինքնարժեքի, շահութաբերության, հիմնական ֆոնդերի և շրջանառու միջոցների, հումքային և նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշները։ Սրա կողքին, կարևոր տեղ է հատկացվում կապիտալ ներդրումների (ուղղակի ներդրումներ հիմնական ֆոնդերում) օգտագործմանը։ Մինչ դիտարկելը, թե մրցունակության ցուցանիշների վրա ինչ ներգործություն է ունենում ՀՀ-ում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, ուշադրություն դարձնենք հետևյալ փաստին։ Այսպես, վերջին 2-3 տարիներին տեղի է ունեցել աշխատավարձի աճի տեմպերի առաջանցիկ աճ աշխատանքի արտադրողականության աճի տեմպերի համեմատ։ Միջին ամսական անվանական աշխատավարձն, օրինակ, ընդհանուր առմամբ ՀՀ տնտեսությունում (ոչ պետական հատվածում) 2014թ. դեկտեմբերին տոկոսներով, 2013թ. դեկտեմբերի համեմատ, կազմել է 103,4%, իսկ 2015թ. դեկտեմբերին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, 103,3%։ Այդ նույն ժամանակահատվածում, ինչպես արդեն նշվեց, 2015թ., 2013թ. համեմատ, նկատվել է աշխատանքի արտադրողականության նվազում (96,5%)։ Այդ նույն ժամանակահատվածում միջին ամսական անվանական աշխատավարձի աճի տեմպը 2015թ., 2013թ. համեմատ, կազմել է. հանքագործական արդյունաբերությունում և քարհանքերի շահագործման մեջ՝ 125,4%, մշակող արդյունաբերությունում՝ 114,4% (ԱՎԾ, «Սոցիալ-տնտեսական վիճակը ՀՀ-ում 2016թ. հունվարին», էջ 53, «Սոցիալ-տնտեսական վիճակը ՀՀ-ում 2014թ. հունվարին», էջ 46)։ Կարելի է այլ տվյալներ էլ ներկայացնել, որոնք կրկին հաստատում են, որ ՀՀ տնտեսությունում ամենուրեք նկատվում է ոչ պետական ոլորտի նյութական արտադրության աշխատողների աշխատավարձի աճի տեմպերի էական բարձրացում աշխատանքի արտադրողականության աճի տեմպերի համեմատ։ Նման իրավիճակը հանգեցնում է շահույթի կրճատման կամ վնասների աճի ինչպես առանձին վերցրած ձեռնարկությունում, այնպես էլ առհասարակ արդյունաբերության ճյուղերում։ Դա իր հերթին դանդաղեցնում է ընդլայնված վերարտադրությունը, ինչպես նաև բացառում է միջոցների արտադրական կուտակման հնարավորությունը, որոնք կարող են օգտագործվել ինչպես շրջանառու միջոցների ֆինանսավորման, այնպես էլ սեփական արտադրությունում ներդրումներ կատարելու համար։ Այդ դեպքում ձեռնարկությունները ստիպված չեն լինի բարձր տոկոսներով վարկեր վերցնել առևտրային բանկերից։ Այսինքն՝ ակնհայտ է, որ, որպեսզի տնտեսական քաղաքականությունը տանի դեպի ՀՆԱ-ի, զբաղվածության և աշխատանքի վճարման մակարդակի աճ, պետք է պահպանվեն որոշակի հարաբերակցություններ աշխատանքի արտադրողականության և աշխատավարձի աճի տեմպերի միջև։ Պետք է գիտակցվի այն, որ բնականոն տնտեսական պայմաններում աշխատավարձի և եկամուտների աճի տեմպերը չպետք է գերազանցեն աշխատանքի արտադրողականության աճի տեմպերն ինչպես ամբողջ տնտեսությունում, այնպես էլ նրա առանձին վերցրած ճյուղերում։ Սրան համապատասխան՝ աշխատավարձի աճի տեմպի հետ աշխատանքի արտադրողականության աճի տեմպի հարաբերակցությունը որոշելու խնդիրը պարտադիր պայման է, որը թույլ կտա կարգավորել արտադրական արտադրանքի ինքնարժեքի իջեցումը, ինչպես նաև ավելացնել կուտակումները։ Աշխատանքի արտադրողականության առաջանցիկ աճի տեմպը աշխատավարձի աճի տեմպի համեմատ սղաճ չի առաջացնի, այնինչ հակառակ հարաբերակցության պարագայում սղաճ է առաջանում թեկուզև այն պատճառով, որ աշխատավարձի աճի անչափ բարձր տեմպերը խախտում են աշխատանքի ծախսերի և դրա վճարման միջև կապը, ինչն իր հերթին հանգեցնում է աշխատանքի արտադրողականության նվազման։ Սակայն արտադրության այս կարևորագույն գործոնների (աշխատանքի արտադրողականության և աշխատավարձի) միջև համամասնությունը որոշելիս հարկ է չմոռանալ նաև այն, որ աշխատանքի վճարման ցածր մակարդակը բացասական ներգործություն է ունենում ոչ միայն աշխատանքային ակտիվության վրա, այլև ձևավորում է բնակչության ցածր վճարունակային պահանջարկ։
Ամփոփելով վերն ասվածը՝ կարծում ենք, կարելի է անել գլխավոր եզրահանգումն այն մասին, որ սուր անհրաժեշտություն է առաջացել՝ բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը տնտեսության իրական հատվածում։ Այս խնդրի լուծումը հնարավոր է միայն աճի նոր տնտեսական մոդելի անցման պարագայում, որը կունենա ինովացիոն զարգացման կողմնորոշում՝ ի հաշիվ նոր արդիական տեխնոլոգիաների ներդրման։ Իսկ օտարերկրյա տեխնոլոգիաների ներդրումը հնարավոր է միայն խոշոր ներդրումների հոսքի պայմաններում՝ խթանիչ ներդրումային քաղաքականության ապահովմամբ։ Ուստի, հրատապ է դառնում ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության համակողմանի վերլուծության խնդիրը՝ տնտեսությունում ներդրումային մթնոլորտի բարելավման վրա նրա ներգործությունը պարզելու նպատակով։
Հոդվածի սկզբում արդեն նշել ենք այն մասին, որ վերջին տարիներին նկատվել է ՀՀ առևտրային բանկերում ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդների աճի միտում։ Ընդ որում, նշվել է նաև, որ այդ նույն ընթացքում տեղի էր ունենում բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալների կրճատում, ինչպես նաև չաշխատող ակտիվների տեսակարար կշռի աճ։ Այս համատեքստում տագնապ է առաջացնում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալի՝ վերջին տարիներին նկատվող էական նվազման միտումը (տե՛ս Աղյուսակ 2).
Աղյուսակում նշված են ներդրումների զուտ հոսքերը՝ հաշվետու ժամանակաշրջանում օտարերկրյա ներդրումների մուտքերի և մարումների տարբերությունը (ԱՎԾ, «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2016թ. հունվար-փետրվարին», էջ 80, «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2014թ. հունվար-փետրվարին», էջ 78)։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել նաև, որ 2012թ. օտարերկրյա ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմել է 7,56%, ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմել է 5,7%: 2013թ. այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,73% և 2,6%, 2014թ.՝ 3.48% և 2,43%, իսկ 2015թ.՝ 2,46% և 1,4%։
Այստեղ հարկ է նշել նաև, որ ՀՀ առևտրային բանկերի կողմից իրավաբանական անձանց վարկավորման կրճատման միտումը (խոսքը երկարաժամկետ վարկերի մասին է՝ 1 և ավելի տարի մարման ժամկետով) նկատվում էր նաև ՀՀ տնտեսության իրական հատվածում։ Ակնհայտ է, որ վարկավորման ծավալների կրճատումը շատ բանով պայմանավորված է ՀՀ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքի պահպանմամբ։ Այսպես, 2014թ. վերաֆինանսավորան տոկոսադրույքը տատանվում էր 6,75%-7,75%-ի միջակայքում, ինչը 2,25-2,58 անգամ բարձր է այդ տարի գրանցված սղաճի մակարդակից, այն դեպքում, երբ 2015թ. այն էապես բարձրացել էր և տատանվում էր 8,5%-10,5%-ի միջակայքում, ինչը 2,3-2,8 անգամ բարձր էր 2015 թ. սղաճի մակարդակից։ Ընդ որում, վերաֆինանսավորման 10,5% տոկոսադրույքը պահպանվում էր փետրվարի 11-ից մինչև օգոստոսի 11-ը, իսկ օգոստոսի 12-ից մինչև նոյեմբերի 11-ը սահմանվեց 10,25%- մակարդակին (ՀՀ ԿԲ տեղեկագիր, հունվար, էջ 90)։ Դրա հետևանքով պահպանվեցին առևտրային բանկերի կողմից վարկավորման բարձր տոկոսադրույքները։ Այսպես, 2014թ. դեկտեմբերին վարկավորման միջին ամսական տոկոսադրույքը կազմել է 16,26%, 2015թ. դեկտեմբերին՝ 15,96%, այն դեպքում, երբ 2013թ. նույն ամսին այն կազմում էր 15,04%։ Այսինքն՝ մենք իրավունք ունենք պնդելու, որ վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքի պահպանմամբ ՀՀ ԿԲ-ն թույլ չի տալիս քիչ թե շատ զգալի վարկեր վերցնել, հատկապես ներդրումային գործունեության իրականացման համար։ Ընդ որում, վատթարանում է նաև բնակչության վարկավորումը, որի ժամկետանց պարտքը արդեն վերցրած վարկերի գծով, ինչպես նաև իրավաբանական անձանց տրված ժամկետանց վարկերի ծավալը նկատելիորեն մեծանում են։ Այսպես, ժամկետանց վարկերի ծավալը վարկերի ընդհանուր ծավալում 2013թ. դեկտեմբերին կազմել է 21 մլրդ 320 մլն դրամ, 2014թ. դեկտեմբերին՝ 32 մլրդ 531 մլն դրամ, 2015թ. դեկտեմբերին՝ 37 մլրդ 863 մլն դրամ, իսկ 2016թ. մարտին՝ 45 մլրդ 487 մլն դրամ (ՀՀ ԿԲ տեղեկագիր, 2016թ. մարտ, էջ 75, ՀՀ ԿԲ տեղեկագիր, 2015թ. հունվար, էջ 48, ՀՀ ԿԲ տեղեկագիր, 2014թ. հունվար, էջ 84)։
Այսպիսով, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հանգեցնում է վարկի թանկացմանը, ինչը տանում է վարկառու ձեռնարկությունների ծախքերի աճի և, դրա հետ մեկտեղ, թողարկվող արտադրանքի գների բարձրացման։ Մեր ցածր շահութաբեր տնտեսության պայմաններում վարկավորման տոկոսադրույքի բարձրացումն անխուսափելիորեն շահութաբերության նորմից բարձր է ստացվում ակտիվների գծով, և անիմաստ է դառնում ներդրումների ֆինանսավորումը (վարկավորումը)։ Ավելին, վտանգ կա, որ վարկերի տոկոսադրույքները գերազանցում են թողարկվող արտադրանքի շահութաբերությունը, ինչն անիմաստ է դարձնում շրջանառու կապիտալի վարկավորումը։ Դրա հետևանքն է դառնում արտադրության կրճատումը, որն առաջ է բերում թողարկվող արտադրանքի միավորի հաշվով ծախքերի աճ, ինչն էլ հանգեցնում է դրա գնի հետագա բարձրացման։ Իսկ գների աճը իջեցնում է ՀՀ-ում արտադրվող ապրանքների մրցունակությունը։ Ակնհայտ է, որ ներդրումների վարկավորման անհնարինությունը ՀՀ արտադրական ոլորտին զրկում է մասշտաբի մեծացման և տեխնոլոգիական կատարելագործման ճանապարհով ծախքերը նվազեցնելու հնարավորություններից, ինչն էլ խոչընդոտում է թողարկվող արտադրանքի գների իջեցմանը։
Կարծում ենք, որ վերն ասվածը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման դինամիկ աճի ապահովման համար անհրաժեշտ է հասնել տնտեսական քաղաքականության՝ դրամավարկային և ֆիսկալ քաղաքականության համարժեքության՝ ուղղված ներդրումների զգալի ավելացմանը, տնտեսական աճի խթանմանը։ Ընդ որում, հարկ է ելնել այն ընկալումից, որ ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի գլխավոր դերը ոչ թե ամեն գնով սղաճի ցածր մակարդակը պահելն ու արժույթի փոխարժեքը կարգավորելն է, այլ տնտեսական աճը խթանելը՝ գիտատեխնիկական առաջընթացի, մասնավորապես ներդրումային գործունեության համակողմանի ակտիվացման հիման վրա։ Բնականաբար, այս ամենը պահանջում է համապատասխան ֆինանսավորում, համապատասխան ծախսեր։ Այստեղ գլխավոր հարցը վարկի գինն ու նրա հասանելիությունն է։ Տնտեսության առջև ծառացած խնդիրների ողջ համալիրը լուծելու համար, կարծում ենք, անհրաժեշտ է մշակել միասնական ծրագիր, որի գլխավոր կողմնորոշիչը, գլխավոր նպատակն է լինելու հանրային բարեկեցության բարելավումը։
Այդ գլխավոր նպատակից ելնելով պետք է ձևավորվի դրամավարկային և ֆիսկալ քաղաքականությունը։ Օրինակ, եթե այդ նպատակի իրագործումը ենթադրում է աշխատանքի արտադրողականության էական աճ, ապա դրան համապատասխան պետք է իջեցվեն կամ հանվեն արդիական տեխնոլոգիաների ներկրման հարկերը, պետք է սահմանվի էժան վարկ՝ պետության երաշխիքով։ Իսկ եթե մենք ուզում ենք էլ ավելի շեշտադրել հանրային բարեկեցության բարելավումն ի հաշիվ սղաճի իրական նվազման (հաճախ սղաճն անվանում են աղքատների հարկ), ինչը միաժամանակ շատ կարևոր է տնտեսական աճին անցման համար, այդ ժամանակ անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը և ԿԲ-ն կազմեն միասնական ծրագիր, որտեղ կենտրոնական տեղերից մեկը պետք է զբաղեցնի ծախքերի նվազման և միջոցների համակողմանի խնայողության գիծը ինչպես տնտեսության մասնավոր, այնպես էլ պետական հատվածում։ Ծրագրում մեծ տեղ պետք է հատկացվի առկա ռեսուրսների և առաջին հերթին՝ հիմնական ֆոնդերի և սարքավորումների նպատակային օգտագործմանը, միաժամանակ ամեն կերպ պետք է աջակցել հավելյալ ներդրումների ներգրավմանն արտադրության արդիականացման գործում, նոր, բարձրտեխնոլոգիական հզորությունների ներդրմանը։
Կարծում ենք, որ արդեն հասունացել է այն նպատակների համակարգի ստեղծման սուր անհրաժեշտությունը, որոնք ՀՀ կառավարությունը և ՀՀ ԿԲ-ն ընդունում են որպես անհրաժեշտություն մի քանի տարվա համար, և այդ նպատակների իրագործման համար էլ ձևավորվում է արդիականության մարտահրավերներին համարժեք տնտեսական՝ դրամավարկային և ֆիսկալ քաղաքականություն։ Ընդ որում, կարևոր է նպատակներն առաջադրելիս օգտվել SMART տեխնոլոգիայից, որը թույլ է տալիս նպատակադրման փուլում ընդհանրացնել առկա ամբողջ տեղեկատվությունը, սահմանել աշխատանքի ընդունելի ժամկետներ, որոշել այդ նպատակների իրագործման համար առկա ռեսուրսների բավարարությունը, գործընթացի բոլոր մասնակիցներին առաջադրել հստակ, ճշգրիտ, որոշակի խնդիրներ։
Եզրակացությունը մեկն է՝ հարկավոր է տնտեսական աճի նոր մոդել։
Արտաշես Գեղամյան
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ