Արժանավայել ներկայացնել ոչ միայն Հայաստանը, այլ նաև բազմամիլիոնանոց Հայկական Սփյուռքը
15.03.2016, Արմենպրեսս
18.03.2016, Իրավունք
http://armenpress.am/arm/news/839500/dostoiyno-predstavlyat-ne-tolko-armeniyu-no-i-mnogomillionnuyu.html
Վիեննայում 2016թ. փետրվարի 25-26-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տասնհինգերորդ ձմեռային նստաշրջանը։ Խորհրդաժողովում համակողմանիորեն քննարկվեցին ԵԱՀԿ տարածաշրջանում անդրազգային անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։ Տեղի ունեցավ նաև հատուկ քննարկում «Միգրացիայի և փախստականների ճգնաժամը ԵԱՀԿ տարածաշրջանում. ամրացնելով հավաքական պատասխանը» թեմայով։ Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցեցին և զեկուցումներով հանդես եկան ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան, ԵԱՀԿ-ում 2016թ. Գերմանիայի նախագահության հարցերով զբաղվող՝ ԳԴՀ կառավարության հատուկ լիազոր Հերնոթ Էրլերը և նշանավոր այլ քաղաքական գործիչներ։ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովից ստացած տպավորությունների մասին խնդրեցինք պատմել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանին։
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան, Արտաշես Գեղամյանը և ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Նախագահ Իլկա Կաներվան
- Արտաշես Մամիկոնովիչ, ԵԱՀԿ տարածքում, անմիջապես մեր սահմանների հարևանությամբ տիրող բարդ միջազգայինն իրադրության պայմաններում որքանո՞վ Ձեզ հաջողվեց ԵԱՀԿ 56 անդամ երկրների պատվիրակներին հասանելի դարձնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին հուզող հարցերը։
Ա.Գ.–Արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովն իր աշխատանքի առաջին իսկ րոպեներից տրամադրված էր լուրջ և հանգամանալից խոսակցության՝ առաջին հերթին, ԵԱՀԿ տարածքում և ընդհանրապես աշխարհում անվտանգության ու համագործակցության ապահովման ուղիների որոնման ուղղությամբ։ ԵԱՀԿ ԽՎ երեք Ընդհանուր կոմիտեների համատեղ նիստին նախորդել էր Մշտական կոմիտեի (խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների) նիստը։ Ես երկու անգամ եմ ելույթ ունեցել այդ նիստում։
- Եվ ինչի՞ մասին էին Ձեր ելույթները։
Ա.Գ. – Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի ընթերցողների դատին ներկայացնել իմ ելույթների ամբողջ տեքստը։
Արտաշես Գեղամյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի նիստում (25 փետրվարի 2016թ., Վիեննա)
Սիրիայում խաղաղության հաստատման վերաբերյալ բոլոր հարցերը հրատապ են, մանավանդ Հայաստանի համար։ Այս առնչությամբ, կարծում եմ, ճիշտ կլինի, եթե ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հանդես գա հատուկ հայտարարությամբ՝ հաջակցություն Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների նախաձեռնության, ովքեր հանդես են եկել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Համատեղ հայտարարությամբ։ Հիշեցնեմ, որ չորս տարի առաջ Ռուսաստանի նախագահը հանդես էր եկել Սիրիայի քիմիական զինաթափման նախաձեռնությամբ, որն աջակցության էր արժանացել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից։ Եվ դա բացառիկ դրական հետևանքներ ունեցավ հնարավոր քիմիական պատերազմի կանխարգելման գործում։ Եթե չլինեին այն ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության համատեղ ջանքերը, Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանն այսօր, և աշխարհն առհասարակ, մխրճված կլիներ քաոսի և աղետների մեջ։ Հիշելով համագործակցության այս դրական փորձը՝ կուզենայի, որպեսզի անպայման քաղաքականապես սատարեինք Ռուսաստանի ղեկավարության՝ ԱՄՆ-ի կողմից աջակցված այս խիստ կարևոր և ճիշտ ժամանակին արված նախաձեռնությանը։
Հարգելի՛ գործընկերներ։ Վիեննա գալուս նախօրեին ես հանդիպել եմ սիրիահայ տասնյակ փախստական ընտանիքների հետ։ Նրանք խնդրել են ինձ, որ ինչ-որ ձևով Ձեզ հասցնեմ այն տագնապները, մտքերն ու ակնկալիքները, որոնք համակում և փոթորկում են նրանց։ Ես դա նկարագրել եմ ձեր ուշադրությանը ներկայացված ոչ մեծ գրքում, որն այսօր բաժանվել է Ձեզ։ Եթե ժամանակ ունենաք, խնդրում եմ՝ անպայման կարդացեք, մանավանդ որ այն թարգմանված է ԵԱՀԿ բոլոր աշխատանքային լեզուներով։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ տեղեկացնել ձեզ և, առաջին հերթին, հայ ընտրողներին իմ ինքնատիպ հաշվետվության մասին, որը ներկայացրել եմ իմ մյուս գրքում՝ վերնագրված «Տագնապի և հույսի ժամանակները»։ Այդ գիրքը նույնպես աշխատանքային կարգով կառաքվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ներկայացված բոլոր պատվիրակությունների ղեկավարներին։ Իսկ հիմա թույլ տվեք գիրքը նվիրել մեր նախագահ Իլկա Կաներվային, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելային և ցանկանալ, որ մեր նստաշրջանն ընդունի շրջադարձային, բախտորոշ որոշումներ, որոնք խիստ պահանջված են մեր տագնապալի ժամանակներում, որպեսզի տարիներ անց մեզնից յուրաքանչյուրը կարողանա հպարտանալ այս խորհրդաժողովի աշխատանքներին իր մասնակցությամբ։ Խորհրդաժողով, որն իրավամբ կարող է դառնալ պատմական։ Պարոն Կաներվա, պարոն Մոնտելա, Հայաստանին չնեղացնելու համար. Դուք, պարոն Մոնտելա, վերջերս եղել եք Ադրբեջանում, Վրաստանում, եկեք նաև մեզ մոտ, մենք սպասում ենք Ձեզ Հայաստանում։ Եվ ես լիազորված եմ Ձեզ հանձնելու մեր նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի հրավերը՝ Ձեզ հարմար ժամանակ այցելել Հայաստան։ Իսկ հիմա թույլ տվեք Ձեզ հանձնել այս գրքերը։
Շնորհակալություն։
Արտաշես Գեղամյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի նիստում (25 փետրվարի 2016թ., Վիեննա)
Նախ կուզենայի շնորհակալություն հայտնել մեծարգո Դորիս Բարնեթին իր անխոնջ գործունեության համար, որն ուղղված է եղել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն այն բարդ, ձգձգվող հակամարտության կարգավորմանը ներգրավելուն, որի մեջ հայտնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ես ելույթ չէի ունենա, եթե չլիներ մի շատ վտանգավոր հայտարարություն, որը հնչեց մեր գործընկերոջ՝ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի կողմից, որը փորձեց գնահատական տալ ԵԱՀԿ աշխատանքին։ Նա, միևնույն ժամանակ, սկսեց մեղադրել ԵԱՀԿ-ին միջամտության և այնպիսի գործառույթներ կատարելու մեջ, որոնք, իբր, այդ կազմակերպության գործը չեն։ Ի հաստատումն իր խոսքերի՝ նա որպես օրինակ ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը Եվրոպայի խորհրդրի Խորհրդարանական վեհաժողովի վերջերս կայացած նստաշրջանին։ Հիշեցնեմ, որ ԵԽԽՎ նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցերի քննարկման առնչությամբ արված հայտարարությունում ասվել է ընդամենն այն մասին, որ դեռևս 1997 թվականից, ի կատարումն ԵԱՀԿ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների բուդապեշտյան գագաթաժողովի որոշումների, կայացվել է որոշում՝ հիմնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ձևաչափը, որին էլ հանձնարարվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Նշենք, որ այդ ժամանակ էլ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հաստատվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և
Ռուսաստանը։ Պետք է ասել, որ անցած տարիների ընթացքում ընդունվել է վերոնշյալ համանախագահող երկրների նախագահների հինգ համատեղ հայտարարություն, որոնք կոչ են անում հակամարտող կողմերին կշռադատված, օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել հակամարտության լուծմանը Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդի Հելսինկյան Եզրափակիչ ակտի (1975թ.) շրջանակում։ Ցավոք, անցած տարիներին ցանկացած միջազգային կազմակերպության ամեն տեսակ նախաձեռնություն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակից դուրս՝ ադրբեջանցի մեր գործընկերների կողմից անմիջապես մեկնաբանվում է որպես կարևոր առաջընթաց քայլ, և որ ամենագլխավորն է՝ դա մատուցվում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության այլընտրանք։ Եվ դա արվում է միայն մի նպատակով. Ցանկացած պատրվակով խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների իրագործումից։ Դա անթույլատրելի է։ Այո, մենք համաձայն ենք բանավիճել Ղարաբաղյան խաղաղ կարգավորման խնդրի շուրջ ցանկացած մակարդակով, բայց որպեսզի այնպես չստացվի, երբ, օրինակ, մի ամբողջ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդները նախապատրաստում և հասնում են Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը, երբ մեր նախագահը գնում է կառուցողական առաջարկություններով, բայց այդ նույն ժամանակ, բարձր մակարդակով ընթացած բանակցությունների հենց հաջորդ օրը, ադրբեջանական կողմը հայտարարում է, թե դա անօգուտ հանդիպում էր, հանդիպում պարզապես հանդիպման համար։ Եվ անմիջապես էլ, բարձր մակարդակով կայացած հանդիպման այսօրինակ գնահատականից հետո լարվածությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի դիմակայության գծում, բնականաբար, թեժանում է։ Էլ չեմ ասում արդեն այն մասին, որ սկսվում են ծանր հրետանու ռմբակոծումները ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլ նաև անկախ, ինքնիշխան պետության՝ Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ։
Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանը միշտ կողմ է կառուցողական երկխոսության։ Բայց այդ երկխոսությունը չպետք է ադրբեջանական կողմի համար որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն ընդդիմանալու միջոց ծառայի։
Շնորհակալություն։
-Անկասկած, ադրբեջանական և հայկական պատվիրակությունների միջև բանակռիվը չի ավարտվել ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի քննարկումների շրջանակում։ Ի՞նչ շարունակություն է ստացել այն։
Ա.Գ. – Միանգամայն իրավացի եք։ Այդ նույն օրը՝ ս.թ. փետրվարի 25-ին, ես ստիպված եղա երեք անգամ ելույթ ունենալ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի Ընդհանուր կոմիտեի նիստում։ Կարծում եմ, որ այն, ինչ ես ասացի իմ ելույթներում, ադրբեջանցի իմ գործընկերներին այնքան էլ դուր չեկավ։ Ի դեպ, թող այդ մասին դատի ընթերցողը՝ ծանոթանալով այն ամենին, ինչ ես ասել եմ իմ ելույթներում։
Արտաշես Գեղամյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի Ընդհանուր կոմիտեի նիստում (25 փետրվարի 2016թ., Վիեննա)
Հարգելի՛ տիկին նախագահ, հարգելի՛ գործընկերներ։
Թբիլիսիում կայանալիք ամենամյա նստաշրջանը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ Մեծ Մերձավոր Արևելքի, մանավանդ Սիրիային սահմանակից պետությունների ճակատագրի համար։ Ուստի, մեզ համար շատ կարևոր է պատրաստվող զեկուցման մեջ, որը ներկայացվելու է, բոլոր նյութերում նախատեսել առավել հրատապ հարցերը, որոնք պետք է դառնան Թբիլիսիում կայանալիք ամառային նստաշրջանի քննարկման առարկան։ Շատ կարևոր է, որպեսզի այն հարցերը, որոնց լուծումը կնպաստի լարվածության թուլացմանը, մանավանդ անվտանգության ամրապնդմանը, այն ամբողջ դրականը, որի ընձյուղներն այսօր տեսնում ենք, դառնան համակողմանի վերլուծության առարկա։ Ես նորից նկատի ունեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահների Համատեղ հայտարարությունը Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Մենք Հայաստանում, հավանաբար՝ ավելի, քան որևէ մեկը, լիովին զգում ենք այդ հակամարտության ամբողջ կործանարարությունն ու կորստաբերությունը թեկուզև այն պատճառով, որ Սիրիայից Հայաստան ընդհանուր առմամբ մոտ 20 հազար սիրիահայ փախստական է եկել։ Նրանցից ավելի քան 16 հազարն այսօր հանգրվան ու ապաստան է գտել, ավելին՝ հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում։
Սիրիայի հայ բնակչությունը, սիրիացիների հետ միասին, մեծ կորուստներ է կրել՝ թե՛ նյութական, թե՛ բարոյական։ Ինչ՞ նկատի ունեմ։ Բավական է թեկուզ ասել, որ պայթեցվել են հայկական տաճարներ. Հալեպում՝ 15-րդ դարի կառույց Քառասուն Նահատակաց եկեղեցին, որը հայ ուղղափառ համայնքի կենտրոնն էր։ Իսկ 2014թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն ականապատեցին և պայթեցրին Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին Դեր-էր-Զորում։ Այդ եկեղեցին նվիրված էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ, բայց, ցավոք, Սիրիական անապատում զոհված 200 հազար հայ զոհերի հիշատակին։ Էլ չեմ ասում այն մասին, որ սիրիահայ փախստականներն ամբողջովին կորցրել են իրենց ունեցվածքը։
Ամփոփելով՝ ուզում եմ կրկին նշել, որ մենք լիովին աջակցում ենք այն ամեն դրականին, որը կնպաստի լարվածության մեղմացմանը, անվտանգության ապահովմանը ԵԱՀԿ տարածքում։
Շնորհակալություն։
Արտաշես Գեղամյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի Ընդհանուր կոմիտեի նիստում (25 փետրվարի 2016թ., Վիեննա)
Ուզում եմ ելույթս սկսել լեհ մեծ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ Բրունո Յասենսկու հայտնի խոսքերով։ Իր «Անտարբերների դավադրությունը» վեպում նա գրել է. մի վախեցիր թշնամիներից, վատագույն դեպքում նրանք կարող են սպանել քեզ, մի վախեցիր բարեկամներից, վատագույն դեպքում նրանք կարող են դավաճանել քեզ, վախեցիր անտարբերներից, նրանք չեն սպանում և չեն դավաճանում, բայց նրանց լռելյայն համաձայնությամբ է, որ երկրի վրա գոյություն ունեն դավաճանությունն ու սպանությունը։ Եվ ահա, հարգարժան Դունյա Միյատովիչի ելույթը մեկ անգամ ևս համոզեց մեզ խոսքի ազատության, մամուլի ազատության կարևորության մեջ, որոնք խափանում են անտարբերների դավադրության հնարավորությունը։ Եվ այս հանգամանքը մեր բոլորի վրա բացառիկ պատասխանատվություն է դնում, որովհետև մենք ապրում ենք չդադարող հիբրիդային պատերազմի պայմաններում, երբ տեղեկատվական պատերազմները դառնում են ոչ պակաս ահեղ զենք, քան տանկերն ու խոշոր տրամաչափի հրետանային մահասփյուռ զենքերը։ Ցավոք, ուզում եմ խոսել ահա թե ինչի մասին, ահա թե ինչի վրա եմ ուզում հրավիրել գործընկերներիս ուշադրությունը։ Մեր օրերում միևնույն երևույթի, միևնույն միջադեպի մասին զանգվածային լրատվամիջոցներում արտահայտվում են տրամագծորեն հակառակ կարծիքներ, որոնք հաճախ, ըստ էության, ոչ մի ընդհանուր բան չունեն խոսքի ազատության հետ։ Եվ տեղեկատվական հոսքերի այս երկակիությունը, երբեմն էլ՝ նրանց տարածած լիակատար ապատեղեկատվությունը բորբոքում է աշխարհը։ Բորբոքում է բոլոր երկրների քաղաքացիների հանրային կարծիքը, ընդ որում՝ առանց բացառության։ Ուստի, կարծում եմ, անհրաժեշտություն է առաջացել մշակելու չափորոշիչներ, որոնք կնպաստեն խոսքի և մամուլի իսկական ազատության հաստատմանը, և որ գլխավորն է՝ պատասխանատվության մթնոլորտի ստեղծմանն այն ամենի համար, ինչն ասվում և գրվում է մեր անհանգիստ ժամանակներում։ Ինձ թվում է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը միջազգային այն հեղինակավոր եզակի
կազմակերպություններից մեկն է, որտեղ յուրաքանչյուր պատվիրակի, յուրաքանչյուր պատգամավորի ձայնը լսելի է լինում։ Եվ այդ հանգամանքից չօգտվելը, խոսքի իսկական ազատության հաստատման գործում սեփական արժանի ավանդը չներդնելն անթույլատրելի են, կարծում եմ՝ այս գործում անգործ մնալը կծանրանա բոլորիս խղճի վրա։
Շնորհակալություն։
Արտաշես Գեղամյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի Ընդհանուր կոմիտեի նիստում (25 փետրվարի 2016թ., Վիեննա)
Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Բահար Մուրադովային ինքնամերկացնող ելույթի համար։ Փառք Աստծո, հարգելի գործընկերներ, դուք լսեցիք, թե ինչի մասին խոսեցի ես։ Ստացվում է, որ երբ դու մեջբերում ես կատարում Բրունո Յասենսկուց, դա ընկալվում է որպես վիրավորանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին։ Երբ մեջբերում ես Ալիևին, ընդ որում՝ վկայակոչում ես ադրբեջանական շշալցման սկզբնաղբյուրը, դա նույնպես ընկալվում է որպես վիրավորանք Իլհամ Ալիևին։ Սա արդեն նոր երևույթ է քաղաքականության մեջ։ Պարզապես այլ բանի վրա ես զարմանում. ինչո՞ւ է ադրբեջանական պատվիրակությունն իր առջև նպատակ դնում ինչ գնով էլ լինի մերկացնել և վարկաբեկել Իլհամ Ալիևին։ Չէ՞ որ մեր նախագահն, այնուամենայնիվ, լուրջ է վերաբերվում նրան, ավելին՝ նրա հետ բանակցություններ է վարում Ղարաբաղյան կարգավորման շուրջ։ Երրորդ պահը. այսօր, այստեղ, բոլորի աչքի առջև ադրբեջանական պատվիրակությունը բան է սովորեցնում ամերիկացիներին, ֆրանսիացիներին, ռուսներին։ Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակներին, և ադրբեջանցի գործընկերները միևնույն ժամանակ պնդում են, որ հայկական պատվիրակությունը նրանց վերցնում է պաշտպանության տակ։ Դե, սա արդեն ախտորոշում է, որովհետև Հայաստանը չի կարող պաշտպանել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, չի կարող պաշտպանել Ֆրանսիային, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբում այն ներկայացնում է Եվրամիությունը, և չի կարող պաշտպանել Ռուսաստանին այն նույն պարզ պատճառով, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները դրա կարիքը չունեն։
Այսինքն՝ այս բոլոր փաստերը վկայում են մեկ բան. Ադրբեջանական պատվիրակությունն ապակառուցողական է տրամադրված և ամեն բան անում է, որպեսզի խեղաթյուրի այստեղ հնչող ելույթների բովանդակությունը։ Անգամ այսօր, մի քիչ առաջ իմ ասած խոսքերը լիովին խեղաթյուրվում են, մատուցվում են միանգամայն այլ լույսով։ Ես կարծում եմ, որ շատ լավ կլինի, եթե ադրբեջանցի պատվիրակներն ավելի հաճախ նման ելույթներ ունենան, այդ ժամանակ մեզ՝ հայ պատվիրակներիս, անելու բան չի մնա՝ նրանց ծափահարելուց բացի։ Ինչ վերաբերում է մեր նախագահին, ապա դա մեծ պետական գործիչ է, ով, այո, 1992-94թթ. իր ձեռքերի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքից դուրս է բերել արյունլվա երեխաների, ծերերի ու կանանց։ Ստեփանակերտ քաղաքից, որն այն դաժան տարիներին ենթարկվում էր ադրբեջանական հրետանու, տանկերի գնդակոծությանը։ Մենք հպարտանում ենք նրանով։ Մեկ անգամ ևս շնորհակալություն ձեզ, տիկին Մուրադովա, դուք շատ ու շատ հեշտացնում եք հայկական պատվիրակության աշխատանքը։ Բայց սիրեք ձեր նախագահին։ Այդքան հմտորեն մի մերկացրեք ու մի վարկաբեկեք նրան։
Շատ շնորհակալ եմ։
-Հույս ունեմ, որ Ձեր այդ ելույթներից հետո բանակռիվը հասավ իր տրամաբանական ավարտին։ Այդպե՞ս է։
Ա.Գ.-Դուք շատ լավատես եք ձեր կանխատեսումներում։ Ադրբեջանցի գործընկերները նախապես էին պատրաստել իրենց ելույթների տեքստերը։ Ընդ որում՝ դրանք կարդալու ժամանակ լսարանն այնպիսի տպավորություն էր ստանում, որ նրանց բնավ հետաքրքիր չէ, թե ինչի մասին է քննարկումն ընթանում։ Նրանց առջև պարզապես խնդիր էր դրված հնչեցնել արդեն մի լավ ձանձրացրած հարցերն «օկուպացված տարածքների», «միլիոնավոր փախստականների», «Խոջալուի ցեղասպանության» և այլնի մասին։ Բնական է, որ նրանց ելույթները չէին կարող իմ կողմից համապատասխան արձագանքի չարժանանալ։ Չեմ ուզում չափազանցել, բայց Քաղաքական հարցերի և անվտանգության գծով ընդհանուր կոմիտեի նիստում իմ երեք ելույթներից հետո առաջացած էֆեկտն ադրբեջանական պատվիրակությանը գցեց հիմար, բայց և ծիծաղելի դրության մեջ։ Ինքներդ դատեք։
Արտաշես Գեղամյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հարցերի և անվտանգության գծով Ընդհանուր կոմիտեի նիստում (26 փետրվարի 2016թ., Վիեննա)
Հարգելի՛ պարոն նախագահ, սենատոր Ռոջեր Ուիքեր։ Նախ ուզում եմ Ձեզ իմ երախտագիտությունը հայտնել Ձեր մշտական պատրաստակամության համար՝ պատվիրակություններից յուրաքանչյուրի հետ առարկայորեն քննարկել ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև առհասարակ ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների հրատապ խնդիրները։ Անդրադառնալով տիկին Սեդերֆելթի զեկուցման նախագծին՝ ասեմ, որ ամբողջովին պաշտպանում եմ դրա այն հատվածը, որը վերնագրված է «Երրորդ թեմա», որտեղ դիտարկվում է ձգձգվող հակամարտությունների խնդիրը։ Զեկուցողն արդարացիորեն նշում է առկա հակամարտությունների կարգավորմանը և տարբեր երկրների, հակամարտող կողմերի միջև երկխոսության հաստատմանը քաղաքացիական հասարակության ներգրավման անհրաժեշտության մասին։ Հայաստանը կողմնակից է նման մոտեցմանը։ Բայց ինչպե՞ս վարել երկխոսություն քաղաքացիական հասարակության հետ, եթե մեզ մոտ, օրինակ, փակ են սահմաններն այդ երկրների հետ։ Այդ երկրների կողմից Հայաստանի շրջափակումը շարունակվում է 24 տարի։ Իսկ երկխոսությունը մեր հասարակությունների միջև, իհարկե, արդեն վաղուց պահանջված է։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ տեղին է հիշեցնել հետևյալը։ Դեռևս 1982թ. դեկտեմբերին ընդունվեց ՄԱԿ Կոնվենցիան ծովային իրավունքի մասին, որը գործողության մեջ մտավ 1994թ. նոյեմբերին։ 2010թ. մարտի 1-ի դրությամբ 159 երկիր ստորագրել և վավերացրել է այդ կոնվենցիան։ Դրա 125-րդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ դեպի ծով ելք չունեցող պետությունները ծովին հասանելիության իրավունք ունեն. «...Այդ նպատակով դեպի ծով ելք չունեցող պետություններն օգտվում են տրանսպորտային բոլոր միջոցներով ազատ տարանցումից՝ տարանցող պետությունների տարածքի միջով»։ Եվ ահա, Թուրքիան խախտում է նաև այդ կոնվենցիան։ Եվ դա՝ չնայած այն բանին, որ 2009թ. հոկտեմբերին Հայաստանը նախաստորագրել է համաձայնագրեր Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների կարգավորման մասին։ Անկեղծ ասած, ես կարող էի բազմաթիվ այլ օրինակներ էլ բերել Թուրքիայի կողմից Միջազգային իրավունքի խախտումների մասին, բայց ձեռնպահ կմնամ, և ահա թե ինչու։ Երեկ ժամը 18.53-ին ադրբեջանական հեղինակավոր «haqqin.az» լրատվական կայքը տեղեկատվություն է հրապարակել՝ «Էրդողանը պաշտպանել է «Ջեբհաթ ան-Նուսրային» վերնագրով, որտեղ ասվում է այն մասին, որ Էրդողանը դժգոհություն է հայտնել այն առիթով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ռուսաստանը սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց Համատեղ հայտարարության մեջ նշել են, որ անթույլատրելի է բանակցությունների երկխոսության մեջ ներառել ակնհայտորեն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԻԼԻՊ-ը և «Ջեբհաթ ան-Նուսրան»։ Նշենք, որ այս որոշումը բնավ էլ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կամքը չէ, դա ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումն է, որը նշված կազմակերպությունները դասել է ահաբեկչականների շարքին։ Ելնելով դրանից, ինչպես ասում է հայտնի ասացվածքը՝ չկա չարիք առանց բարիքի։ Գուցեև ավելի լավ է, որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը փակ է, որովհետև, եթե հիշում եք, դեռևս 2015թ. ԵԱՀԿ ԽՎ ձմեռային և ամառային նստաշրջաններում ես նախազգուշացնում էի այն վտանգի մասին, որ ԻԼԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինները Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով, նրանց իշխանությունների թողտվությամբ (չի բացառվում՝ նրանց ստվերային օժանդակությամբ), կարող են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի դիմակայության գիծ։
Շնորհակալություն ուշադրության համար։
Արտաշես Գեղամյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հարցերի և անվտանգության գծով Ընդհանուր կոմիտեի նիստում (26 փետրվարի 2016թ., Վիեննա)
Հարգելի՛ պարոն նախագահ, թանկագի՛ն գործընկերներ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. փետրվարի 12-ին, ելույթ ունենալով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավար կազմի ներկայացուցիչների առջև, սկզբունքային դիրքորոշում էր արտահայտել՝ դրված Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, որի էությունը հետևյալն է. Հայաստանը երբեք իր արտաքին քաղաքականությունը չի կառուցել և այսուհետ ևս չի կառուցելու մեծ տերությունների միջև առկա հակասությունների վրա։ Այս մոտեցումը թելադրված է մեր ամբողջ պատմությամբ և այն իրողություններով, որոնք վկայում են ահա թե ինչի մասին։ Ներկայում մոտ 3 միլիոն հայ ապրում է Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում ապրում է մոտ 2,5 միլիոն հայ, 1,5 միլիոն հայ ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մոտ 400 հազար՝ Ֆրանսիայում, մոտ 150 հազար՝ Իրանում։ Նրանք հիմնականում մեր այն հայրենակիցների սերունդներն են, ովքեր հրաշքով փրկվել են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից։ Եվ ահա, այս պատմական իրողությունները շատ բանով կանխորոշում են մեր երկրի արտաքին քաղաքական գիծը։ Հենց այդ պատճառով ենք մենք հավատարիմ մնում այդ գծին։
Հույս ունեմ, որ միանգամայն հասկանալի պետք է լինի, թե ինչու եմ ես համառորեն խնդրել և հիմա էլ հաստատում եմ իմ խնդրանքն առ այն, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը սատարի Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերին, որոնք հանգեցրին հրադադարի հաստատման մասին Համատեղ հայտարարության ստորագրմանը և Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն սկսելուն։ Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ այս հարցն առաջիկայում կմտցվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի օրակարգ։ Ինչ վերաբերում է իմ ադրբեջանցի գործընկեր, հարգարժան Բահար խանումի ակնարկին, ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ իմ նախորդ ելույթում ես մեջբերում կատարեցի ոչ անհայտ ադրբեջանական կայքից՝ haqqin.az/news/64395։ Դե, ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը, եթե այդ մասին գրում է ադրբեջանական կայքը։ Կրկնեմ, որ «Էրդողանը պաշտպանել է «Ջեբհաթ ան-Նուսրային» վերնագրով հոդվածում՝ հրապարակված 2016թ. փետրվարի 25-ին, ժամը 18։35-ին, մասնավորապես ասվում է.
«Ինչպես տեղեկացնում է Gumhuriyyet-ը, Էրդողանն իր ելույթում դժգոհություն է արտահայտել, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունը չի ներառվել հրադադարի պլանում»։ Այնուհետև այդ հոդվածում մեջբերվում են Էրդողանի խոսքերը. «ԻԼԻՊ-ը, YPG-ն և Սիրիայի կառավարական զորքերը միմյանց դեմ չեն կռվում։ Նրանց իսկական թիրախն ընդդիմությունն է, որն էլ սիրիացի ժողովրդի իսկական ներկայացուցիչն է։ «Ջեբհաթ ան-Նուսրան» կռվում է ԻԼԻՊ-ի դեմ, բայց նրան նույնպես վատն են համարում։ Ուրեմն, ինչո՞ւ եք դուք նրան վատ համարում։ «Ջեբհաթ ան-Նուսրան» վատ և ահաբեկչական է դարձել այն պատճառով, որ մյուսներից տարբերվող դիրքորոշում ունի»։ Այսինքն՝ մենք հերթական անգամ գործ ունենք բացահայտ ստի հետ՝ հնչեցված ադրբեջանական պատվիրակության կողմից, որը պարտադրվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամներին։ Այսպես մենք հեռու չենք գնա։ Չի կարելի քաղաքականություն կառուցել ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների հիշողության կորստի և գռեհիկ ստի վրա։
Շնորհակալություն։
Արտաշես Գեղամյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հարցերի և անվտանգության գծով Ընդհանուր կոմիտեի նիստում (26 փետրվարի 2016թ., Վիեննա)
Հարգելի՛ պարոն նախագահ, հարգելի՛ գործընկերներ։
Անդրազգային անվտանգության հարցերի քննարկումների ժամանակ, ցավոք, այնպիսի ավանդույթ է ստեղծվել, երբ մենք արձագանքում ենք այս կամ այն իրադարձության հետևանքներին, որն սպառնում է ապակայունացնել իրադրությունը ԵԱՀԿ տարածքում։ Այնինչ, կուտակվել է նաև տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության դրական փորձ, որն ուղղված է ԵԱՀԿ տարածքում հնարավոր ապակայունացման կանխմանը։ Ո՞րն է այդ դրական փորձը։ Դա Հայաստանի սերտ համագործակցությունն է ՆԱՏՕ անդամ պետությունների հետ անվտանգության հարցերում, և Հայաստանն այս գործում լավ օրինակ է ցույց տալիս։ Ի՞նչ նկատի ունեմ։ ՀԱՊԿ անդամ լինելով և լինելով Ռուսաստանի ու Եվրասիական տնտեսական միության մյուս պետությունների հետ դաշնակցային հարաբերությունների մեջ՝ հայ խաղաղարարներն ամենաակտիվ և գործուն մասնակցությունն են ունենում ՆԱՏՕ և ՄԱԿ առաքելություններում։ Այսպես, Կոսովոյում հայ խաղաղարարներն ամերիկյան զինված ուժերի ստորաբաժանումների հետ միասին ակտիվ մասնակցություն են ունենում ՆԱՏՕ խաղաղարար գործողություններին։ Բունդեսֆերի զինված ստորաբաժանումների հետ միասին հայկական զինված ուժերի ներկայացուցիչները ծառայում են Աֆղանստանում։ Հայաստանցի խաղաղարարները ներառված են նաև Լիբանանում խաղաղության հաստատման ՄԱԿ առաքելությունում։
Շփվելով ՆԱՏՕ անդամ երկրների զինվորականների հետ, ովքեր կատարում են իրենց ինտերնացիոնալ պարտքն այդ խաղաղարար առաքելությունների կազմում, գալիս ես մի եզրահանգման. մեր խաղաղարարներից յուրաքանչյուրը հպարտանում է իր ծառայությամբ։ Որովհետև համոզված է, որ բարի գործ է կատարում, անմիջական մասնակցություն է ունենում խաղաղության և անվտանգության հաստատման գործին՝ լինի դա Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում, թե ՀԱՊԿ-ին ենթակա տարածքում։ Ուրեմն, անվտանգության համատեղ ապահովման հարցերում կան նաև դրական օրինակներ, որոնք կարող են դրվել ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև սերտ համագործակցության և փոխըմբռնման հիմքում։ Եվ այս համատեքստում ուզում եմ դրական գնահատել այն պատրաստակամությունը, որն օրերս արտահայտեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգը Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի երկխոսության վերսկսման մասին, որն արժանացավ ռուսական կողմի հավանությանը։ Ես ավելի քան համոզված եմ, որ սերտ համագործակցությունը Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի շրջանակում փակուղի կքշի ահաբեկիչներին և նրանց հանցակիցներին։ Անգամ եթե նրանցից ոմանք առնչություն ունեն ՆԱՏՕ անդամ առանձին երկրի հետ։
Շնորհակալություն:
-Այսպիսի համոզիչ և կոշտ գնահատականներից հետո ադրբեջանցի Ձեր գործընկերները, կուզենայինք հավատալ, վերջապես հանդարտվեցի՞ն։
Ա.Գ. – Ոչ, ԵԱՀԿ ԽՎ Լիագումար նիստում նրանք փորձեցին ակնարկել 1992թ. Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ինչին անհապաղ հետևեց իմ պատասխան ելույթը։ Կարծում եմ, որ ընթերցողներին հետաքրքիր կլինի ծանոթանալ դրան։
Արտաշես Գեղամյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Լիագումար նիստում (26 փետրվարի 2016թ., Վիեննա)
Հարգելի՛ պարոն նախագահ, նախ կուզենայի գոհունակություն հայտնել այն առիթով, որ ադրբեջանցի գործընկեր Բահար Մուրադովան վերջապես ընդունեց ադրբեջանական կողմի պատասխանատվությունը Խոջալուի ողբերգության համար։ Ի դեպ, կուզենայի հիշեցնել, որ այդ մասին դեռևս 1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета»-ում տպագրվել էր այդ տարիներին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը չեխ լրագրողուհի Դանա Մազալովայի հետ։ Բայց հիմա մեր քննարկումն այլ բանի մասին է։ Հայաստանը գենետիկ մակարդակով է զգում միգրանտների և փախստականների ցավը, որովհետև 100 տարի առաջ հարյուր հազարավոր հայ փախստականներ, փախչելով թուրքական յաթաղանից, օսմանյան Ցեղասպանությունից, իրենց փրկությունն ու ապաստանն են գտել Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հունաստանում, Իրանում և մի շարք այլ երկրներում։ Մի խոսքով՝ դա մեզ համար խորապես անձնական և սեփական ցավ է։ Ի պատիվ մեր հայրենակից հայ փախստականների և նրանց սերունդների՝ ասենք, որ նրանք իրենց ոսկե ավանդն են ունեցել այն երկրների մշակույթների պատմության մեջ, որոնցում գտել են իրենց հանգրվանն ու փրկությունը։ Բավական է հիշել Ֆրանսիական ակադեմիայի պատվո անմահ անդամներ Անրի Վերնոյին, Անրի Թրուայային, Գառզուին, հիշել Ամերիկայի Միացյալ Նահանգների այնպիսի ականավոր մշակութային գործիչների, ինչպիսին են Վիլյամ Սարոյանը, Արշիլ Գորկին, կամ էլ Հայոց ցեղասպանության վկա, Սթիվ Ջոբսին որդեգրած և խնամած Կլարա Հակոբյանը, իհարկե՝ նշանավոր քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը, մեկենաս, հայտնի բարերար Քըրք Քըրքորյանը և Հայկական Սփյուռքի շատ այլ նշանավոր գործիչներ։ Ուզում եմ օգտվել առիթից և անկեղծ երախտագիտությունս հայտնել Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի, Եվրամիության մյուս երկրների ղեկավարներին, որոնք արդեն մեր օրերում հանգրվան են տալիս Հյուսիսային Աֆրիկայից, Սիրիայից, Աֆղանստանից եկած հարյուր հազարավոր փախստականների։ Կուզենայի երախտագիտության խոսքեր ասել նաև Ռուսաստանին, որն ընդունել և տեղավորել է ավելի քան մեկ միլիոն փախստականի Ուկրաինայից։ Կուզենայի նաև նշել, որ Հայաստանն ընդունել և ապաստան է տալիս մոտ 20 հազար փախստական սիրիահայերի։ Համաձայնեք, որ 3 միլիոնանոց Հայաստանի համար սա պատկառելի թիվ է։ Ամփոփելով՝ մեկ անգամ ևս նշեմ, որ փախստականների ցավը գենետիկ մակարդակով զգացող մարդիկ միայն կկարողանան ըստ արժանվույն գնահատել այն մեծ ավանդը, որ նրանց ապաստանելու գործում ներդնում են Եվրամիությունը և Ռուսաստանը։
Շնորհակալություն:
-Շնորհակալություն, Արտաշես Մամիկոնովիչ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում Ձեր կատարած աշխատանքի մասին այսքան հանգամանալից հաշվետվություն-զրույցի համար։ Նշեմ նաև, որ «Իրավունք» թերթի կողմից Ձեզ՝ որպես հայ պատգամավորի, որը լավագույն կերպով է ներկայացնում մեր երկիրը միջազգային ասպարեզում, պատվոգիր շնորհելը միանգամայն արդարացի է։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հայ քաղաքական գործիչները միջազգային ասպարեզում արժանավայել ներկայացնեն ոչ միայն Հայաստանը, այլ նաև բազմամիլիոնանոց Հայկական Սփյուռքը։