Ա. Գեղամյան. Այսօր ԼՂՀ-ն կայացած, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է
30.06.2014, Panorama.am
«Տպավորություն կա, որ Հելսինկյան եզրափակիչ ակտը կազմված է ոչ թե 10 սկզբունքներից, որոնց կիրառումը պետք է լինի միաժամանակյա և որոնք ունեն հավասար իմպերատիվ իրավաբանական ուժ, այլ կազմված է սոսկ մեկ սկզբունքից՝ տարածքային ամբողջականության սկզբունքից: Իսկ որտե՞ղ է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,- այս մասին Բաքվում հունիսի 28-ին մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Նշենք, որ նստաշրջանի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ում Միացյալ նահանգների պատվիրակության կողմից առաջարկվել է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ բանաձև, որով կառույցը պետք է դատապարտի Ռուսաստանին Ղրիմի միանալը և պաշտպանի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Բաքուն կմիանա բանաձևին, եթե Վաշինգտոնը այնտեղ ներառի նաև ԼՂ խնդրի վերաբերյալ ադրբեջանամետ մոտեցումները:
Հայկական պատվիրակության ղեկավար Ա. Գեղամյանը պատասխանել է այդ ելույթներին և ընդգծել, որ ռուսական կողմը կոչ է անում հանել բանաձևի քննարկումը, քանի որ նրանում բացակայում է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Նա կոչ է արել նման բանաձևի ընդունմամբ չվնասել ուկրաինական ճգնաժամի շուրջ ընթացող բանակցային գործընթացին:
Նա վտանգավոր է համարել ելույթներում հնչած այն միտքը, թե ԱՄՆ-ն գերտերություն է և պետք է լուծի ԼՂ հակամարտությունը: Ըստ Գեղամյանի՝ նման պնդման վտանգավորությունը նրանում է, որ անտեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը:
«Եթե ԼՂ հակամարտությունը լուծում է միայն մեկ պետություն, ապա ինչո՞ւ պահել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ընդհանրապես ինչո՞ւ է անհրաժեշտ ԵԱՀԿ-ն, եթե կա համաշխարհային մեկ դատավոր: Մեր նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը նրանում է, որ ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունում կա հիմք խաղաղություն հաստատելու համար, և այդ հիմքը Լաքվիլայում, Լոս Կաբոսում, Մուսկոկայում և այլուր Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների 5 համատեղ հայտարարություններն են: Ինչո՞ւ ենք մենք ի սկզբանե զրոյացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հինգ տարի շարունակվող քրտնաջան աշխատանքը: Ո՞ւմ է դա շահեկան»,- ընդգծել է Արտաշես Գեղամյանը:
Նա պատասխանել է նաև ադրբեջանական պատվիրակության մեղադրանքներին և մասնավորապես անդրադարձել այն հայտարարություններին, թե ԼՂՀ-ն ու Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատմական ադրբեջանական հողեր են:
«Մտովի պատկերացնում եմ, թե ինչպես իրենց կզգային հին ժամանակների մեծագույն պատմիչներ Հերոդոտոսն ու Քսենոֆոնը՝ լսելով այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատմական ադրբեջանական հողեր են»,- հեգնել է Ա. Գեղամյանը:
Հայկական պատվիրակության ղեկավարն իր մտահոգությունն է արտահայտել, որ ելույթներում հիշատկվել է նաև Խոջալուի ողբերգության մասին: Գեղամյանի խոսքով Խոջալուի իրադարձությունները խայտառակություն են ոչ միայն ԵԱՀԿ ԽՎ պատգամավորների, այլև ողջ աշխարհի համար, որ նման բան հնարավոր է եղել 20-րդ դարում:
«Կա հայտնի հոդված, որը թվագրվում է 1992թ.-ին, չեխ թղթակից Մազալովայի հետ հարցազրույցը Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի հետ, որում վերջինս հստակ ասում է, որ հայերը բացել են խաղաղ միջանցք ադրբեջանական քաղաքացիների դուրս գալու համար: Սակայն ինչ-որ մեկին շահեկան էր անպայման սպանել խաղաղ ադրբեջանցիներին, դա ասում է Մութալիբովը, որպեսզի հետո այդ ամենը բարդվի Ադրբեջանի գործող իշխանությունների վրա»,- ասել է Արտաշես Գեղամյանը:
Վերջինս խոսել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելու մասին և հերքել մեղադրանքները, թե Հայաստանը դեմ է քվեարկել մի բանաձևի, որը դատապարտում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումը:
«Նման բան տեղի չի ունեցել: Ղրիմի ժողովուրդն օգտվել է ինքնորոշման իր իրավունքից և միացել է իր պատմական հայրենիքին՝ Ռուսաստանին: Հայաստանն աջակցում է այդ հարցում, քանի որ բախվել է նման խնդրի՝ կապված Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է: Այսօր ԼՂՀ-ն ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է, ինչը հաստատում են Լեռնային Ղարաբաղ այցելած բոլոր մարդիկ՝ լինեն նրանք Եվրոպայի խորհրդից, թե ԵԱՀԿ-ից: Եվ նրանք հետագայում համարվում են անցանկալի անձինք Ադրբեջանի Հանրապետությունում»,- նշել է Արտաշես Գեղամյանը: