26.09.2013, tert.am
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ինքնիշխանությունը կորցնելու գնահատականը համարում է մակերեսային և հարց է տալիս, թե երբ ՀՀ-ն անդամագրվեց ՀԱՊԿ-ին կամ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ինքնիշխանության որոշակի մաս չզիջե՞ց:
«Մենք այդ մասին բազմիցս ասել ենք, հիմա Ռուսաստանի դեսպանը պետք է ասե՞ր, որ հասկանայինք։ Մաքսային միության կանոնադրության մեջ գրված է, որ Մաքսային միությունը աշխարհի մյուս սուբյեկտների հետ առևտրատնտեսական հարաբերություններում հանդես է գալիս որպես մեկ միասնական տարածք՝ ներկայացնելով անդամ պետություններին։ Այսինքն՝ ստեղծվում է վերպետական մարմին, որը ներկայացնում է անդամ երկրներին, դրանով իսկ սուվերենության սահմանափակում է գնում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և ավելացրեց, որ մինչդեռ մեր իշխանությունը փորձում էր ակնհայտը հերքել։
Արտաշես Գեղամյանը ինքնիշխանությունը կորցնելու գնահատականը համարեց մակերեսային և սխալ. «Խորանալով բովանդակության մեջ և մակերեսային գնահատական տալը՝ սխալ է»։
Արտաշես Գեղամյանը խորհուրդ տվեց ամենայն ուշադրությամբ ընթերցել Եվրամիության մայր փաստաթուղթը, որտեղ կարելի է տեսնել, որ նույն սկզբունքն է գործում, ուստի նշեց, որ, բնականաբար, այն ինչը տարիներ շարունակ փորձարկվել է ԵՄ-ում, կլինի նաև Եվրասիական տնտեսական քաղաքականության մեջ։
«Եթե ամենայն ուշադրությամբ ընթերցեք ոչ թե Եվրասիական միության, այլ Եվրամիության մայր փաստաթուղթը, ապա այնտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ ԵՄ-ի անդամ երկրները իրենց ինքնիշխանության որոշակի հարցերի տնօրինությունը ոչ թե կորցնում են, այլ իրենք պատվիրակում են (делегируют) Եվրահանձնաժողովի եվրախորհրդարանին, ինչը շատ բնորոշ է ցանկացած խոշոր միջազգային կառույցին»,- ասաց նա։
Արտաշես Գեղամյանը նշեց նաև, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելով էլ Հայաստանը որոշակի չափով կորցրեց իր ինքնիշխանությունը։
«Իսկ ի՞նչ եք կարծում, ՀՀ-ն երբ անդամագրվեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ինքնիշխանության որոշակի մաս չզիջե՞ց այդ կառույցին, իհարկե զիջեց, որովհետև նա արդեն արտաքին առևտրում առաջնորդվելու է ոչ թե սեփական օրենսդրությամբ կամ սեփական լավի ու վատի գիտակցմամբ, այլ այն կանոններով, որի տակ ինքը ստորագրել է՝ անդամակցելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ինչն ընդունված պրակտիկա է»,- ասաց նա։
Ըստ նրա՝ նույնը նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում է։ «Անվտանգության հարցերն այսօր մենք որոշակի չափով պատվիրակել ենք մեր դաշնակիցներին ՀԱՊԿ-ի գծով, բնականաբար, ՀԱՊԿ-ի որոշումները կոլեգիալ են ընդունվում, այլ ոչ Պաշտպանության նախարարությունում։ Հիմա ի՞նչ, դա Հայաստանի համար վնա՞ս է, բնավ ոչ, դա երաշխավորում է մեր պաշտպանվածությունը, մեր ազգային անվտանգությունը»,- ասաց նա և ավելացրեց, թե դեսպանը պարզապես հնչեցրել է այն, ինչ պետք է հնչեցներ։
«Այսինքն՝ ցանկացած խոշոր միջազգային միավորում, բնականաբար, ենթադրում է, որ եթե միասնական տնտեսական քաղաքականություն է իրականացնում, ըստ որում որոշումն էլ ընդունվում է կոնսեսուսի հիման վրա, ապա այո՛, անդրազգային կառույցը կընդունի այս կամ այն հարցի վերաբերյալ միասնական մոտեցում, բայց այդ միասնական մոտեցումն ընդունվում է կոնսեսուսի հիման վրա, այսինքն՝ եթե Հայաստանի տնտեսական անվտանգությանը վնասում է, ապա Հայաստանը կարող է վետո դնել։ Նույնը Ղազախստանի, Բելառուսի դեպքում, սրանք սովորական հարցեր են, պարզապես մարդիկ խորանալով փորձում են ամեն ինչից սենսացիա անել, սա սովորական հարաբերությունների հարցեր են»,- ասաց նա։
ՀՀԿ պատգամավորը հարցրեց, թե երբևէ լսե՞լ եք, որ ԵՄ անդամ երկրների պետությունները ինչ-որ հայտարարությամբ հանդես գան, որը հակասում է պաշտոնական Բրյուսելի որդեգրած քաղաքականությանը՝ լինի դա տնտեսության ոլորտում, ազգային անվտանգության ոլորտում, կամ ցանկացած բնագավառում։
«Որոշակի հարցեր կան, որոնց այս բարդ աշխարհաքաղաքական վիճակում շատ ավելի դյուրին է պատասխան գտնել, երբ դու որդեգրում ես միասնական մոտեցում և այստեղ գործում է սիներգետիկ էֆեկտը, այսինքն՝ սովորական գումարելիների վերջնարդյունքը շատ ավելի խոշոր է, քան մեխանիկական գումարումը»,- եզրափակեց նա։