ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 11 ապրիլի 2006 թ.)

Հարգելի գործընկերներ, 2006թ. հունվարին «ՀԱՄԱՍ» շարժումը համոզիչ հաղթանակ տարավ Պաղեստինի խորհրդարանական ընտրություններում: Ուշագրավ է, որ «ՀԱՄԱՍ»-ի օգտին քվեարկել է նաև Պաղեստինի քրիստոնյա բնակչությունը, որը կազմում է ինքնավարության բնակիչների ընդհանուր քանակի 10%-ը: Իսկ մարտ ամսին, Արիել Շարոնի և Էհուդ Օլմերտի «Կադիմա» կուսակցությունը Իսրայելի Կնեսետի (խորհրդարանի) ընտրություններում ստացել է ընտրողների ձայների առավելագույն քանակը` 29 մանդատ («Ավոդա» կուսակցությունը` 19 մանդատ):

«ՀԱՄԱՍ»-ի հաղթանակը հատուկ իմաստ ունի, քանի որ, ըստ էության, Պաղեստինի ժողովուրդը գերադասեց ազգային-կրոնական կուսակցությունը` իր համերաշխության, հավասարության, մերձավորի նկատմամբ հոգատարության գաղափարներով, և երես թեքեց մինչ այդ երկրում իշխող մատերիալիստական ազատական պարադիգմայից (տարիմաստ գաղափարից): «Կադիմա» կուսակցության հաղթանակը (ճիշտ է, ոչ այդչափ համոզիչ) վկայում է Իսրայելի ժողովրդի հակվածության մասին` հետևել «Ճանապարհային քարտեզ» պլանի իրականացմանը, որի էությունն է` «Անվտանգություն` տարածքների դիմաց»:

Կնեսետի ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին իսկ ելույթում Էհուդ Օլմերտը հայտարարեց. «Ես ցանկանում եմ դիմել պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին: Մենք պատրաստ ենք հրաժարվել միասնական և անբաժանելի Իսրայել ունենալու մեր երազանքից: Ես կոչ եմ անում պաղեստինցիներին նույնպես հրաժարվել իրենց ցանկությունների և առասպելների մի մասից հանուն Իսրայելի հետ կողք կողքի խաղաղության մեջ ապրելու հնարավորության»:

Այդ նույն օրերին «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական ղեկավար Հալեդ Մաշաալը նշեց, որ «ՀԱՄԱՍ»-ը երբեք առևտրի առարկա չի դարձնի իր սկզբունքները և տեղի չի տա Իսրայելի հետ հաշտվելու հորդորներին` առանց իրենց հիմնական պահանջների կատարման. պաղեստինյան բոլոր տարածքների ազատագրում` ներառյալ Երուսաղեմը և պաղեստինցի փախստականների վերադարձը հայրենիք:

Ո՞րն է ելքը բռնության վերսկսմամբ հղի այս իրավիճակից և գոյություն ունի՞ արդյոք այն: Որտե՞ղ են թաքնված այս հակամարտության պատմական, աշխարհայացքային արմատները, հակամարտություն, որը չի դադարել Իսրայել պետության ստեղծման օրից` 1948 թվականից: Հիրավի, իրավացի էր հայտնի դիվանագետը` ասելով. միշտ էլ բարդ է եղել Երուսաղեմը, որ անգամ Տիրոջն անհրաժեշտ է եղել երեք մարգարեների ուղարկել տարբեր տեղեր:

Կարծում եմ, արաբա-իսրաjելական հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին հիմնական խոչընդոտը բանակցությունների ընթացքի վերջնական նպատակի վերաբերյալ երկու կողմերի տրամագծորեն հակառակ պատկերացումների մեջ է: Իսրայելցիների համար տարածաշրջանում խաղաղությունն ընկալվում է որպես նորմալ իրավիճակ, երբ վերացվում են հակամարտող կողմերի փոխադարձ հավակնությունները և նրանց հարաբերությունները խարսխվում են իրավական ամուր հենքի վրա: Այլ կերպ ասած` իրենց դատողություններում իսրայելցիները հենվում են 20-րդ դարի ազատական ժողովրդավարությանը բնորոշ գաղափարների վրա: Իսկ արաբները, հատկապես պաղեստինցիները Իսրայելի արդեն իսկ գոյության փաստը դիտում են որպես ներխուժում սրբազան արաբական հող: Խիստ հեղինակավոր փորձագետների կարծիքով` նրանք կարող են համաձայնվել տարածքային փոխզիջմանը` ուղղակի այլ ելք չունենալու պատճառով: Սակայն այդ փոխզիջմանը նրանք կվերաբերվեն մոտավորապես այնպես, ինչպես Ֆրանսիան, որը ստիպված էր համաձայնվել 1870թ. Էլզասի և Լոթարինգիայի բռնակցմանը Գերմանիային: Այսինքն, դրա մեջ նրանք կտեսնեն ստիպողական անհրաժեշտություն` խնդիր ունենալով պատեհ պահին կորցրածը ետ բերելու հրամայականի հետ:

Իսկ ինչպե՞ս գործել ստեղծված իրավիճակում: Հենրի Քիսինջերը իր «Անհրաժե՞շտ է արդյոք Ամերիկային արտաքին քաղաքականություն» մենագրության մեջ հիշում է Յասեր Արաֆատի հետ ունեցած զրույցներից մեկը, որը տեղի է ունեցել 1994թ. հուլիսին Փարիզում` վերջինիս, Իցհակ Ռաբինին և Շիմոն Պերեսին Ֆելիքս Բուանիի անվան «Խաղաղության Մրցանակի» հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ: Քիսինջերը հարցրել է. «Իսրայելցիները ինչո՞ւ պետք է հավատան Ձեզ»: «Որովհետև սաուդացիները հրաժարվել են մեզանից, հորդանանցիները ձգտում են մեզ թուլացնել, իսկ սիրիացիները` կառավարել»,- պատասխանել է Յասեր Արաֆատը:

Այսինքն, կարելի է հետևություն անել, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ փոխզիջման հնարավորությունը զգալիորեն կախված է արաբական երկրների դիրքորոշումից:

Ինչպիսի՞ հեռանկարներ կան դրա հիմքում: Մահմեդական արաբական աշխարհը բնավ էլ միատարր չէ: Այստեղ կան աշխարհաքաղաքական ազդեցիկ մի քանի հանգույցներ, որոնցից յուրաքանչյուրը հենվում է կրոնական, պատմական, մշակութային, քաղաքակրթական յուրովի ավանդույթների վրա և ռազմավարական ինքնուրույն քաղաքականություն է իրականացնում ինչպես գլոբալ, այնպես էլ տեղային մասշտաբներով: Այսպես, Եգիպտոսը, որն արդեն հասել է ազգային-պետական սահմանների վերականգնմանը, տարածաշրջանում վարվող քաղաքականության մեջ, սովորաբար, դրսևորում է չափավոր մոտեցումներ: Սակայն, ներքին պատճառներից ելնելով, նա քիչ հիմքեր ունի մեծ ռիսկի գնալու և կողմ լինելու բանակցային այնպիսի ծրագրերի, որոնք կարող են պարսավանքի ենթարկվել արաբական արմատական վարչակարգերի կողմից, ինչպես նաև ռադիկալների կողմից` բուն Եգիպտոսում: Հիշենք, որ վերջին խորհրդարանական (քիչ թե շատ ժողովրդավարական) ընտրություններում Եգիպտոսում ընտրողների ձայների շուրջ 20%-ը տրվեց «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը, որից 1987թ. ծնունդ էր առել «ՀԱՄԱՍ»-ը: Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիայի թագավորությանը, ապա այն ղեկավարում է ինչպես քոչվոր իսլամական ֆունդամենտալիստների ցեղախմբերին, այնպես էլ քաղաքային կոնգլոմերատներին, որոնք, իրենց էությամբ համեմատելի են Արևմտյան քաղաքների հետ: Ոչ մեկին չի հաջողվի ներքաշել սաուդացիներին կասկածելի ինչ-որ բանակցությունների մեջ, որոնք պահանջում են փոխադարձ զիջումներ: Առավել ևս, հաշվի առնենք, որ Սաուդյան Արաբիան երբեք մասնակցություն չի ունեցել արաբա-իսրայելական պատերազմներում: Անտարակույս, գործելով կուլիսների ետևից, նա կնպաստի բանակցային վերջնական ցանկացած արդյունքին: Հորդանանն անկեղծորեն մշտապես նպաստել է արաբա-իսրայելական դիվանագիտական ճիգերին: Սակայն Հորդանանի Հաշեմիական թագավորության աշխարհագրական դիրքը, այն է` գտնվելով Իսրայելի, Սիրիայի, Իրաքի և պաղեստինյան ապագա պետության շրջապատում, ծայրաստիճան զգայուն է դարձնում նրան բոլոր կողմերից, հատկապես արմատականների հնարավոր ճնշման պարագայում:

Դրա հետ մեկտեղ, վերջերս Խարտումում (Սուդան) ավարտված Արաբական Պետությունների Ընկերակցության ամենամյա գագաթաժողովում այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Ամր Մուսան, պատասխանելով պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին, հայտարարեց, որ «ՀԱՄԱՍ»-ը այդ գործում վարում է հավասարակշռված քաղաքականություն:

Ի մի բերելով ասվածը, կարելի է հետևություն անել, որ «Անվտանություն` տարածքների դիմաց» բանաձևը կհանգեցնի նրան, որ երբ Իսրայելի կողմից տարածքային զիջումները կախվածության մեջ կդրվեն մահմեդական սրբատեղերի վերաբերյալ պաղեստինյան փոխզիջումներից, ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի բանակցությունների մասնակիցների շրջանակի ընդլայնմանը: Մասնավորապես, բանակցող կողմերից մեկը հարկադրված է լինելու իրականացնել պանարաբական, նույնիսկ, պանիսլամիստական քաղաքականություն: Ակնհայտ է, որ դա տվյալ դեպքում կուժեղացնի պաղեստինյան ղեկավարության ազդեցությունը, միաժամանակ սահմանափակելով նրա ճկունությունը բանակցային գործընթացում:

Մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել նաև Իսրայելում: Այսպես, Կնեսետի ընտրությունների նախաշեմին Ամոն փոքրիկ բնակավայրում տեղի ունեցավ իսրայելցի զինվորականների «քարկոծում» իրենց արյունակիցների կողմից: Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ դեպքերը տեղի են ունենում արաբական բնակավայրում, այլ ոչ թե հրեական, և ասես թե ականատեսն ես դառնում ահաբեկչական հերթական ակտից հետո հատուցման գործողությանը: Բայց քարեր նետողները հրեաներ էին, որոնք, թվում է, թե կազմակերպել էին սեփական «ինտիֆադան»` պաղեստինցիներից ընդօրինակելով ռազմական գործողությունների իրականացման փորձը: Հրեաները պաշտպանում էին իրենց տները, իրենց հողը ճիշտ այնպես, ինչպես դա անում են պաղեստինցիները: Հազարամյա դեգերումներից հետո հրեաները հատուկ վերաբերմունք ունեն հող ասածի նկատմամբ, որը նրանց պատկերացումով դարձել է փոքր հայրենիք: Հենց դրանով կարելի է բացատրել այն ցասումը, որով նրանք պաշտպանում էին Ամոնն իրենց իսկ ցեղակիցներից, ովքեր, նրանց համոզմամբ, գործում էին, ելնելով թշնամի պաղեստինցիների շահերից` «Ճանապարհային քարտեզ» ծրագրի շրջանակներում: Արդյունքում սպանվեցին երկու ոստիկան, շուրջ 200-ը ծանր վիրավորվեցին: Ամոնի բնակիչների դեմ իրականացված գործողություններում ներգրավված էին շուրջ 2000 զինվոր և ավելի քան 3000 ոստիկան: Նրանց դիմակայում էին 3000 հրեա արմատականներ, աջ ծայրահեղականներ, որոնց կարելի է համարել ահաբեկիչներ, եթե դատելու լինենք միջադեպի արյունալի արդյունքներից:

Հատկանշական է, որ Ամոնում տեղի ունեցած այրունահեղության ճիշտ այդ նույն օրերին Իսրայելում իշխող ազատականները («Կադիմա» կուսակցությունից) ընդունեցին աննախադեպ որոշում` 28 պաղեստինցիների փոխհատուցել յուրաքանչյուրին 100 հազարական դոլար այն պատճառով, որ նրանք չգործած հանցանքի համար մեկ և ավելի տարիներ են անցկացրել իսրայելական բանտերում:

Ինչպե՞ս կտրել տասնյակ տարիներ շարունակվող իսրայելա-պաղեստինյան արյունածոր հակամարտության «գորդյան հանգույցը»: Վերհիշենք տաս տարվա վաղեմության դեպքերը:

1995թ. նոյեմբերի 4-ին սպանվել էր Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Իցհակ Ռաբինը: Համայն աշխարհը դիտում կամ մասնակցում էր նրա թաղման արարողությանը: Հորդանանի թագավոր Հուսեյնի համար թաղման արարողությանը մասնակցելը պաշտոնական առաջին այցն էր Իսրայել, իսկ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարակի համար` ընդհանրապես առաջին այցելությունը հրեական պետություն: Ողբում էին և´ հրեաները, և´ մահմեդականները, և´ քրիստոնյաները: Վշտակցում էին բոլոր նրանք, ում խորթ չէին մարդասիրությունն ու կարեկցությունը:

1996թ. սեպտեմբերի 25-ին «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդներից մեկը` Հալեդ Մաշաալը Ամմանում (Հորդանան) երկու անձանց կողմից հարձակման ենթարկվեց, երբ դուրս էր գալիս ավտոմեքենայից: Հարձակվողներից մեկը Մաշաալի գլխին (ականջի ետևում) սեղմեց արծաթագույն մի գործիք և կաթվածահարող թույն ներարկեց: Մաշաալի թիկնապահները բռնեցին հարձակվողներին և հանձնեցին հորդանանյան ոստիկանությանը, որը պարզել էր, որ նրանք Իսրայելի գործակալներն են: Հորդանանի թագավոր Հուսեյնը, թերևս, լինելով արաբական աշխարհում Իսրայելի լավագույն բարեկամներից մեկը, կանգնած էր վերջինիս հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու եզրին: Բենիամին Նետանյահուն, այն ժամանակվա Իսրայելի վարչապետը, անձամբ մեկնել էր Ամման, որպեսզի իր ներողությունը հայտնի կատարվածի համար, սակայն Հորդանանի թագավորը հրաժարվել էր նրան ընդունել: Հուսեյնը հայտարարել էր, որ եթե Մաշաալը մահանա, ապա իսրայելական գործակալները կկանգնեն բաց դատարանի առաջ և կախաղան կհանվեն: Ի վերջո, Նետանյահուն հակաթույն էր ուղարկել և «ՀԱՄԱՍ»-ի ներկայիս քաղաքական առաջնորդի կյանքը փրկվել էր: Իսրայելը համաձայնվեց նաև ազատ արձակել ահաբեկչության մեջ մեղադրվող 70 պաղեստինցիների: Նրանց թվում էր «ՀԱՄԱՍ»-ի հոգևոր առաջնորդ շեյխ Ահմեդ Յասինը, որը զոհվեց անցյալ տարի` իսրայելական հռթիռակոծության ժամանակ:

Այդ նույն 1996թ. հորդանանցի հոգեկան հիվանդ զինվորականը սպանել էր 7 իսրայելցի աշակերտուհիների: Ի տարբերություն մերձավորարևելյան այլ ղեկավարների, Հորդանանի թագավորն արդարացում չփնտրեց. նա մեկնեց Իսրայել, հանդիպեց զոհվածների ծնողներին, ծնկաչոք աղոթեց նրանց հետ, ապաշխարեց իր երկրի անունից և ցավակցություններ հայտնեց: Բարի կամքի այս արտահայտությունը խոր իմաստ ուներ, որովհետև ցույց տվեց հոգատարությունը և հարգանքը մարդկային ցանկացած կյանքի նկատմամբ, կարևոր չէ` արաբի, թե իսրայելցու: Դա ընդամենը մեկ արարք էր, որը, սակայն, խորհրդանշեց Մերձավոր Արևելքում ծանրացած ճակատագրական բոլոր խնդիրների հանգուցալուծման ուղին:

1998թ. Պաղեստինի և Իսրայելի միջև Ուայ-ռիվերյան հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ Մոհամմեդ Մարգարեի արյունակից ժառանգներից` Հորդանանի թագավոր Հուսեյնը Սպիտակ տուն կատարած իր պաշտոնական վերջին այցելության ժամանակ ելույթ ունեցավ (առանց նախօրոք պատրաստված տեքստի)` նշելով, որ անհրաժեշտ է վերջ դնել մահվան, ավերելու և ոչնչացնելու «մշակույթին» և աշխարհում գտնել այն տեղը, «որը հարիր է մեզ, մեր ժողովուրդներին, մեր սերունդներին, Աբրահամի (Ավրաամի) որդիներին` միավորված պաղեստինցիներին և իսրայելցիներին»:

Այս բառերը հատկապես արդիական են այսօր բոլորիս համար: Կարծում եմ, շատ կարևոր է, որպեսզի ադրբեջանական ներկայիս ղեկավարությունն ականջ դնի Մոհամմեդ Մարգարեի արյունակից ժառանգի խորհուրդներին և հրաժարվի ռազմատենչ ու բռնություն հրահրող վտանգավոր ճարտասանությունից: Իսկ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն էլ իր լուման ներդնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային իրավական ճանաչման հարցի արագացման գործում: Հանրապետություն, որն արդեն 16 տարի ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավական նորմերին համաձայն ինքնորոշվել է և դե-ֆակտո անկախ է: Միջազգային հեղինակավոր կառույցների կողմից նման մոտեցումների և դրանք կյանքի կոչելու քաղաքականություն վարելու պայմաններում միայն ի զորու կլինենք կանխել Հարավկովկասյան տարածաշրջանի վերածումը նոր Պաղեստինի:

Հռոմեական Սենատում Կատոն Ավագը որպես կանոն իր ելույթներն ավարտում էր` «Այնուամենայնիվ, Կարթագենը պետք է կործանվի» խոսքերով: Նրա երազանքը կատարվեց, Կարթագենը կործանվեց: Ահա, մենք ևս, համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը կճանաչվի համաշխարհային հանրության կողմից, և որ այդ ճանաչման սկիզբը կդնի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը:

download English version (*.doc)

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր