ՉՍՏԱՑՎԻ ՀԱՆԿԱՐԾ, ԹԵ ԵՍ ՓՆՈՎԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԵՄ,

ՊԱՐԶԱՊԵՍ ՕԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԵՄ ՄԻՏՎԱԾ …

Այս նյութը տպագրելու մտադրություն մենք ամենևին էլ չունեինք: Սակայն, երբ անբարեխիղճ առանձին լրագրողներ «նեղսրտեցին», թե ինչո՞ւ Արտաշես Գեղամյանը լռում է, չի հայտնում իր կարծիքը Հայաստանի տնտեսության վրա Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր հետևանքների մասին, երբ դրան էլ հաջորդեց ԼՏՊ-ի տարաբնույթ անդաստիարակ խոսնակների` սուրենսարգսյանների անձնական վիրավորանքները, մեզ համար ակնհայտ դարձավ, որ ելույթը անհրաժեշտ է նաև տպագրել: Լևոնի աղանդի վկաներին, հավանաբար, զայրացրել էր, որ նոյեմբերի 28-ին Հանրային երկրորդ հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցը` տրված «Խոսքի իրավունքը» հաղորդաշարի հեղինակ Շավարշ Գևորգյանին, իշխանությունների կողմից, ի պատիվ իրենց, ընկալվել էր որպես երկրի ճակատագրով մտահոգ մարդու խոսք:

Սիրելի ընթերցող, Ձեզ ենք ներկայացնում Արտաշես Գեղամյանի հարցազրույցն ամբողջությամբ:

 

ՇԱՎԱՐՇ ԳԵՎՈՐԳՅԱՆԲարի երեկո, «Խոսքի իրավունքն» է Հայկական 2-րդ հեռուստաալիքի եթերում: 4-րդ ստուդիայում այսօր, այս ժամին հյուրընկալել ենք «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանին: Բարև Ձեզ, պարոն Գեղամյան, շնորհակալություն, որ այսօր այստեղ եք:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ – Բարև ձեզ:

Շ. Գ. – Այսօր աշխարհում առկա ֆինանսական ճգնաժամը վերլուծելու և, ինչո՞ւ չէ, նաև դատողություններ անելու հնարավորություններ և առիթներ է ստեղծվում բոլորիս համար: Կուզեմ լսել Ձեր մեկնաբանություններն ու վերլուծությունները` ինչի՞ց սկսվեց և ինչպե՞ս սկսեց այս ճգնաժամը:

Ա. Գ. – Միանգամայն ճիշտ եք, ֆինանսական ճգնաժամը շարունակվում է և արդեն վերածվեց տնտեսական ճգնաժամի, դրան կհաջորդի ռեցեսիան, այն է` համաշխարհային համախառն ներքին արդյունքի տևական ժամանակահատվածում անկումը: Թերևս, դրա առաջին նախադրյալները ի հայտ եկան դեռ անցյալ տարի: Ինչևէ, հիմնական պատճառն այն է, որ, մասնավորապես, աշխարհի թիվ մեկ երկիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգները, ուռճացրեցին, այսպես կոչված, ֆինանսական շուկան, որի միջոցով տեղի է ունենում ֆինանսական միջոցների բաշխում տնտեսական հարաբերությունների մասնակիցների միջև: Ըստ որում, վերջին ութ տարիների ընթացքում ամերիկացիների սպառողական ծախսերը սկսել էին շոշափելիորեն գերազանցել երկրի համախառն ներքին արդյունքի ծավալները: Այլ կերպ ասած` ԱՄՆ գլխավոր խնդիրը կայանում էր նրանում, որ նրանք ծախսում էին ավելի շատ, քան վաստակում էին: Իսկ ազգաբնակչության խնայողություններն էլ գրեթե զրոյական էին դարձել: Ուստի, ԱՄՆ-ն հարկադրված էր արտասահմանյան գումարներ հայթայթել, որ կարողանար փոխհատուցել կատարված ծախսերը: Այսպես, եթե ԱՄՆ-ին աշխարհում արտադրված ՀՆԱ-ի 22-25 %-ն է բաժին ընկնում, ապա նրանք սպառում են համաշխարհային ՀՆԱ-ի 37-40%-ը: Կնշանակի, ժողովրդական լեզվով ասած, նրանք իրենց ոտքերը վերմակի չափով չեն մեկնում: Անշուշտ, եթե նման ծավալի սպառում ունեն, ապա, ըստ էության, ապրում են պարտքով, որը վաղ թե ուշ պետք է մարեին, որևէ մեկի վրա պետք է բարդվեին, որևէ երկրի կամ երկրների վրա: Եվ արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ Միացյալ Նահանգները տարեկան կտրվածքով ունենալով միջին հաշվով 14 տրիլիոն դոլարի համախառն ներքին արդյունք, սպառում էին ավելի, քան ստեղծում և դրա հետևանքով այսօր արդեն իսկ կուտակել են 100 տրիլիոն, կրկնում եմ, 100 տրիլիոն դոլարի հասնող պարտքեր: Ըստ որում, միայն 53 տրիլիոն դոլար պարտք ընկնում է տրաստային ֆոնդերին: Դրանք էլ այն ֆոնդերն են, որոնք կոչված են ապահովել գումարներով Ամերիկայի Միացյալ Նահանգների կենսաթոշակային ֆոնդերը: Դրան պետք է ավելացնել 400 հազար դոլարի հասնող արտաքին պարտքը, որը բաժին է ընկնում Ամերիկայի Միացյալ Նահանգների յուրաքանչյուր տնային տնտեսության վրա, և դա այն պարագայում, երբ դրանց տարեկան եկամուտները կազմում են միջինը 40-50 հազար դոլար: Բնականաբար, դա չէր կարող չանդրադառնալ աշխարհի մյուս երկրների էկոնոմիկաների վրա, որովհետև գլոբալիզացիա ասածը իր հետ բերել է այն, որ պետությունների տնտեսությունների փոխշաղկապվածությունը ծայրաստիճան մեծացել է: Առավել ևս, հաշվի առնելով այն, որ 1944 թ. սկսած` համաձայն Բրետտոն-Վուդսում (ԱՄՆ, Նյու-Հեմբշիր) կնքված համաձայնագրի, դոլարը մինչ օրս էլ հանդիսանում է համաշխարհային հիմնական տարադրամը: Նշենք, որ մեր օրերում ԱՄՆ դոլարին փորձում է փոքր-ինչ մրցակցել եվրոն, սակայն, շոշափելի արդյունքի չի հասնում: Եվ, այսպես, ստեղծվեց մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ում կուտակված այդ 100 տրիլիոն դոլարային պարտքը պետք է փակեին ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաև աշխարհի բոլոր, հատկապես զարգացած երկրները, որոնք գլոբալիզացիայի շրջանակում արդեն ֆինանսական և տնտեսական փոխշաղկապված տարածությունում էին հայտնվել: Դրանով իսկ ուժգին հարված հասցվեց նաև արևմտաեվրոպական երկրներին, ինչպես նաև Ճապոնիային, Չինաստանին ու Ռուսաստանին: Ո՞րն էր պատճառը. մասնավորապես, Ռուսաստանը, թվում է, թե պետք է շարունակեր ապահովել սրընթաց աճի տեմպեր, ինչը վերջին տարիներին արձանագրվել էր 7-8%-ի սահմանում: Ավելին, ունենալով հսկայական  պաշարներ նավթի (հիշատակման համար ասեմ, որ աշխարհի հետազոտված նավթի 10-12%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին), գազի (30-32%-ը), քարածխի (17%-ը), երկաթի (30%-ը), անտառների (22%-ը), կարծես թե, այդ երկիրը պետք է չենթարկվեր համաշխարհային տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությանը: Ռուսաստանը մինչ ֆինանսական ճգնաժամի սկսվելը իր տարադրամի և ոսկու շուրջ 600 մլրդ դոլարի հասնող պահուստներով (աշխարհում այդ ցուցանիշից լինելով երրորդ տեղում), ինչո՞ւ հայտնվեց ֆինանսական ցնցումների կենտրոնում: Ռուսաստանը իր ուրույն տեղը զբաղեցնելով համաշխարհային թե՛ ֆինանսական և թե՛ տնտեսական շուկաներում ևս հայտնվեց բարդ իրավիճակում: Այսպես, ռուսական 120 խոշոր ձեռնարկություններ, ներգրավված լինելով Ռուսական առևտրային համակարգում (ՀՁհ), արդեն մի քանի տարի է, ինչ խոշոր ձեռնարկությունների արժեթղթերը հանում են համաշխարհային շուկա` տարածելով դրանք Լոնդոնի, Նյու Յորքի և ֆոնդային այլ բորսաներում: Դրանով իսկ արժեթղթերի շուկաների միջոցով կարողացել էին միջազգային ներդրողների, ինչպես նաև իր ձեռնարկությունների բաժնետերեր դարձած ազգաբնակչության կուտակած միջոցները տրանսֆորմացնել ներդրումների: Արդյունքում ստացվեց, որ ռուսաստանյան այդ 120 առաջատար ձեռնարկությունները թողարկած արժեթղթերի տարածման արդյունքում կուտակեցին 512 միլիարդ դոլարի պարտք, դառնալով միջազգային ինվեստորների պարտապանները: Այլ կերպ ասած, նրանք իրենց հիմնական պարտքերը, որոնք ձեռնարկությունների զարգացմանն ուղղվելիք պարտքեր էին, վերցրել էին հիշատակածս և այլ բորսաներում միջազգային ինվեստորներին ու բնակչությանը վաճառած արժեթղթերից: Եվ, ինչպես գիտեք, ֆինանսական ճգնաժամի առաջին դրսևորումներն ի հայտ եկան ԱՄՆ-ում, երբ փլուզվեցին «Fannie Mae» և «Freddie Mac» հիպոտեկային հայտնի բանկերը: Ավելորդ չեմ համարում նշել, որ ԱՄՆ-ում հիպոթեկային բանկերի կուտակած պարտքերը կազմում էին ընդամենը 6 տրիլիոն դոլար: Ուշադրություն դարձրեք, որ ԱՄՆ-ն կուտակել է 100 տրիլիոնի չափ պարտք, որոնցից հիպոտեկայինին բաժին է ընկնում 6 տրիլիոն: Դա էլ, փաստորեն, այն վառոդն էր, որը պայթեցրեց ԱՄՆ ֆինանսական համակարգը: Այս ամենի հետևանքով հիմա կապիտալի արտահոսք է նկատվում աշխարհի բոլոր երկրներից և, ի՞նչ եք կարծում, ուր, նույն Միացյալ Նահանգներ: Թվում է, թե պարադոքսալ իրավիճակ է, ֆինանսական ճգնաժամը ծնունդ առավ այնտեղից և կապիտալը էլի հետ է գնում Միացյալ Նահանգներ: Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Նախ, ամերիկյան ներդրողներն իրենց կապիտալը ետ են վերադարձնում հայրենիք:  Ըստ որում, ֆինանսական հաշվարկների մեծ մասը կատարվում է դոլարով: Երկրորդ. համաշխարհային ֆինանսական շուկայում գործող վարկատուները շուտափույթ կերպով,  զանգվածաբար սկսեցին ազատվել ձեռք բերած արժեթղթերից` դրանով իսկ, ըստ էության, համաշխարհային տնտեսության իրական հատվածը զրկելով ներդրումներից, և ֆինանսական հոսքերը հետ վերադարձնելով հիմնականում ԱՄՆ: Հաշվի առնելով այն, որ ներդրումներն ու վարկավորումն իրականացվել են դոլարներով, այլ ոչ թե ճապոնական յենով կամ չինական յուանով, համաշխարհային ֆինանսական շուկայում ամերիկյան տարադրամի պահանջարկը կտրուկ աճեց:

Երրորդ, հայտնվելով խորը ճգնաժամի պայմաններում, ամերիկյան կապիտալը, որը ողողել էր համաշխարհային թե՛ ֆինանսական և թե՛ տնտեսական շուկան, սկսեց ազատվել իր օտարերկրյա սեփականությունից, դա նույնպես վաճառքի հանելով և նույնպես դոլարով: Այսինքն` այս գործընթացների արդյունքում ևս դոլարի հսկայական պահանջարկ գոյացավ: Եվ, վերջապես, առկա ֆինանսական ճգնաժամի մասշտաբները պատկերացնելու համար ասեմ. ինչպես նշում են համաշխարհային փորձագետները, նոյեմբերի 10-ի դրությամբ արդեն իսկ գերզարգացած երկրները տնտեսական և ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար մտադիր են հատկացնել 9,2 տրիլիոն դոլար: Հատկացվող այդ գումարները համեմատ տվյալ երկրի ՀՆԱ-ի բոլորից մեծ տեսակարար կշիռ ունեն, որքան էլ կարող է առաջին հայացքից տարօրինակ թվա, ոչ թե Միացյալ Նահանգները, այլ Մեծ Բրիտանիան, որը ճգնաժամը հաղթահարելու համար հավաքագրել է շուրջ 800 միլիարդ դոլար, այսինքն` իր համախառն ներքին արդյունքի շուրջ 37%-ը: Միացյալ Նահանգներն ու, մասնավորապես, Գերմանիան հավաքագրել են իրենց համախառն ներքին արդյունքի 25%-ը (ԱՄՆ` 3.5 տրիլիոն դոլար, Դաշնային Գերմանիան` 893 միլիարդ դոլար), Ռուսաստանի Դաշնությունը 225 միլիարդ դոլարի չափով կամ իր համախառն ներքին արդյունքի 13,9 %-ը: Ահա այս թվերը իրենց հերթին վկայում են, որ այսօր աշխարհի տնտեսությունն այնքան է փոխշաղկապված, որ հատկապես խոշոր տնտեսություններից մեկի ցնցումը, որպես կանոն, բացասաբար է անդրադառնում նաև մնացած բոլոր երկրների տնտեսությունների վրա:

Հիմա, ո՞րն է Չինաստանի գործոնը. չինական էկոնոմիկան այս էլ 10 տարի անընդմեջ 10% և ավելի համախառն ներքին արդյունքի աճ էր արձանագրում: Թվում էր, թե առողջ էկոնոմիկա է, աշխատուժն էլ բավարար քանակությամբ, սակայն համաշխարհային ֆինանսական և դրան հաջորդած տնտեսական ճգնաժամը իր բացասական հետևանքները ունեցավ նաև Չինաստանի էկոնոմիկայի վրա: Ի՞նչն էր պատճառը: Պատճառն այն էր, որ արդեն ամերիկացիները սեփական երկրի ներսում, կամա թե ակամա, կրճատեցին սպառումը, սկսեցին մի քիչ չափավոր կյանքով ապրել. գաղտնիք չէ, որ Չինաստան - Ամերիկա առևտրաշրջանառությունը ահռելի թվերի է հասնում, ըստ որում, առևտրաշրջանառության հաշվեկշռում Չինաստանն ունի դրական սալդո` շուրջ 450 միլիարդ դոլարի չափով: Արդյունքում` չինական ապրանքների արտահանման ծավալները Միացյալ Նահանգներ, բնականաբար, կրճատվեցին: Աշխարհը համակած ճգնաժամի պայմաններում, կրճատվեց նաև Չինաստան - Արևմտյան Եվրոպա առևտրաշրջանառությունը, ինչն էլ իր հետևից հանգեցրեց նրան, որ չինական արտադրության ապրանքների պահանջարկը աշխարհով մեկ նվազեց և, համաձայն համաշխարհային առևտրի կանոնների, առաջարկը պետք է հետևեր առկա պահանջարկին: Ուստի ակնհայտ է, որ առաջարկն էլ պետք է նվազեր, ինչը և Չինաստանում հանգեցրեց արտադրության սեղմմանը: Արդեն իսկ այսօր, փորձագետների գնահատմամբ, ինչքան էլ զարմանալի թվա, շուրջ 120 միլիոն աշխատողներ Չինաստանում վերջին 2-3 ամիսների ընթացքում դարձել են գործազուրկ: Սա, անշուշտ, շատ վտանգավոր է համայն մարդկության համար, որովհետև գլոբալացված աշխարհում խաղաղ, կայուն նավահանգիստներ, ինչպես ի նկատի ունենալով Հայաստանը մեր հումորի զգացումով օժտված առանձին պաշտոնյաներ են ասում, գոյություն չունեն: Ահա համառոտ սրանք են աշխարհում թափ հավաքող ֆինանսական և տնտեսական ճգնաժամի որոշ պատճառները:

Շ. Գ. - Այսինքն

Ա. Գ. - Այսինքն, ֆոնդային շուկաները կամ արժեթղթերի շուկաները, որոնք բաղկացած են փայատիրական թղթերից կամ ակցիաներից, ինչպես նաև դրանց ածանցյալ գործիքներից (դերիվատիվներից) ժամանակի ընթացքում, շրջանառվելով ֆոնդային բորսաներում, կորցրին կապը իրական տնտեսության հետ և, փաստորեն, վերածվեցին ֆիկտիվ կապիտալի շուկաների: Ուշագրավ է, որ ֆոնդային շուկաների ծավալները գնալով ավելի մեծ չափով որոշվում էին ոչ այնքան ծավալով և բուն ձեռնարկությունների արժեթղթերի (ակցիաների) իրական արժեքով, որքան, այսպես կոչված, տրանսակցիաների ծավալով, այսինքն` առք ու վաճառքի գործարքներով: Արդյունքում ֆոնդային շուկաների ծավալները սկսեցին զգալիորեն գերազանցել դրանց հիմքում դրված նյութական արժեքների ծավալները:

Շ. Գ. - Պարոն Գեղամյան, անշուշտ, կլինեն երկրներ, որոնց չի դիպել կամ անդրադարձել տնտեսական այս ճգնաժամը: Որո՞նք են այդ երկրները և որո՞նք են այն պատճառները, որ դրանց վրա չի անդրադարձել ճգնաժամը:

Ա. Գ. -  Ես չեմ կարծում, որ այդ ճգնաժամն կանդրադառնար Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությանը, Չադին, Կամերունին: Այսինքն` էն գլխից քյասիբության մեջ խեղդված երկրներ, որոնք բացարձակապես ներգրավված չեն համաշխարհային էկոնոմիկայի մեջ, չունեն ոչ ֆինանսական կայացած համակարգ, ոչ էլ` տնտեսական համակարգ: Նրանց վրա` «что ветер, что солнце», բացարձակապես և ոչ մի ճգնաժամ չէր ազդի:

Շ. Գ. - Արդյոք կա՞ն զարգացած պետություններ, որոնց վրա ճգնաժամը չի ազդել:

Ա. Գ. - Աշխարհիս երեսին դուք բացարձակապես չեք գտնի մի որևէ պետություն, որի վրա ճգնաժամը չի անդրադարձել: Այդ դիտանկյունից այսօր ամենահաջողակների թվին է դասվում Ֆրանսիան. ի՞նչ կտրվածքով: Այն կտրվածքով, որ փորձագետները կանխատեսում են, որ, այնուամենայնիվ, 2008 թ. ավարտին այս երկրում կարձանագրվի համախառն ներքին արդյունքի  0,5% աճ: Կանխատեսվում է նաև, որ  Պորտուգալիան, որը ոչ անկում կարձանագրի, ոչ էլ ռեցեսիայի գրկում կհայտնվի, պարզապես կարձանագրի ՀՆԱ-ի զրո տոկոսանոց աճ: Եվրամիության, աշխարհի զարգացած մնացած բոլոր երկրները միջազգային հեղինակավոր վերլուծաբանների կանխատեսմամբ մտնելու են ռեցեսիայի ժամանակաշրջան: Այսինքն` տևական ժամանակաշրջանում համախառն ներքին արդյունքի նվազում է արձանագրվելու` դրանից բխող բոլոր հետևանքներով: Ըստ որում, հետաքրքրականն այն է, որ աշխարհի ֆոնդային բորսաներից բոլորից խոշոր անկումն արձանագրվել էր Ռուսաստանի Առևտրային Համակարգում` РТС կոչվածում, վերջին 3 ամիսների ընթացքում արձանագրելով ֆոնդային ինդեքսների 75%-ի անկում: Ուշագրավն այն է, որ դա այնքան էլ ցավալի չի անդրադարձել Ռուսաստանի ազգաբնակչության վրա, ինչքան Նյու Յորքի, Տոկիոյի, Մայնի Ֆրանֆուրտի և Լոնդոնի ֆոնդային բորսաներում արձանագրված ավելի սակավ անկումը: Պատճառն այն է, որ, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության ֆոնդային բորսաներում, լինի դա РТС-ը կամ ММВБ-ն, շրջանառվող արժեթղթերի սեփականատեր են հանդիսանում ընդամենը 800 հազար մարդ, այսինքն` Ռուսաստանի ազգաբնակչության 0,6 %-ը, մինչդեռ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը հասնում է 54%, իսկ եվրոպական զարգացած երկրներում 13%-ից քիչ ավելին է կազմում: Սա է ֆինանսական և տնտեսական ճգնաժամի մյուս պարադոքսը: Ահա այսպիսին է ստեղծված իրավիճակը, և բացարձակապես պատահական չէ, որ վերջերս «Единая Россия» կուսակցության համագումարի ժամանակ Ռուսաստանը, ի դեմս իր երկրի պրեզիդենտի և վարչապետի, վերահաստատեցին, որ իրենք հետ չեն կանգնում Ռուսաստանի Դաշնության զարգացման հեռանկարային ծրագրից, որը հաստատված է 2008-2020 թթ. ժամանակաշրջանի համար:

Շ. Գ. - Հիմա գանք ամենահետաքրքրին

Ա. Գ. - Հայաստանի՞ն:

Շ. Գ. - Այո, իհարկե: Ձեր գնահատմամբ այսօր Հայաստանում վիճակն ինչպիսի՞ն է և ի՞նչ զարգացում կարող է ունենալ:

Ա. Գ. - Եթե կենսուրախ հայտարարությունները, որով պարբերաբար հանդես են գալիս կառավարության և Կենտրոնական բանկի ղեկավարությունը, դնենք մի կողմ և անդրադառնանք նույն պետական կառույցների կողմից հրապարակվող թվերին, ապա վիճակը մտահոգիչ է: Պարզեցնեմ միտքս. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2008 թ. հունվար-սեպտեմբերին» պաշտոնական տեղեկագրքում գրված է, որ համախառն ներքին արդյունքում 469 միլիարդ դրամ բաժին է ընկել արդյունաբերությանը (առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման): Դա կազմում է համախառն ներքին արդյունքի 18%-ը: Դրա մեջ` արդյունաբերության մեջ, հանքարդյունաբերությանը, մետաղագործական արդյունաբերությանը գումարային առումով բաժին է ընկնում 35,7%-ը: Հիմա այդ 35,7%-ը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, Ագարակի, Կապանի կոմբինատներն են, Արարատի ոսկու հարստացուցիչ գործարանն է և Ալավերդու պղնձահումքային ամբողջ համալիրն է: 35,7 % կազմող արդյունաբերական համալիրը ներկայացնող սեփականատերերը արդեն իսկ բացահայտ ասում են, որ գնալու են կրճատումների: Գաղտնիք չէ, որ այսօր նրանք 2-3 ամիս պարտադիր պարապուրդի են ուղարկել իրենց հարյուրավոր աշխատակիցների, որոնց միգուցե կկարողանան մասնակիորեն աշխատավարձ վճարել: Սակայն պարապուրդից հետո, ավա՜ղ, այդ հարցում դրական տեղաշարժեր ևս չեն ակնկալվում: Ինչպես նշել էի, համաշխարհային տնտեսությունը թևակոխում է ռեցեսիայի շրջան, և այսօր մետաղի պահանջարկը համաշխարհային շուկայում շեշտակի, գրեթե 60%-ով կրճատվել է: Սա իր հերթին նշանակում է, որ եթե պահանջարկը կրճատվում է, իսկ առաջարկը շարունակում է մնալ նախկին ծավալով, ապա, բնականաբար, գներն ընկնում են: Պղնձի, մոլիբդենի գների անկումը կազմել է շուրջ 50-60 %: Ինքնին հասկանալի է, որ մասնավոր սեփականության պայմաններում սեփականատիրոջ համար այդ գնով արդեն իսկ վնասակար է սպառում կազմակերպել, նախկին ծավալով արտադրություն իրականացնել: Կնշանակի` հազարավոր մարդիկ, ովքեր ներգրավված են հանքարդյունաբերության, մետաղաարդյունաբերության մեջ, ավա՜ղ, զրկվելու են թե՛ աշխատանքից և թե՛ դրա դիմաց ստանալիք աշխատավարձից: Արդյունքում` շեշտակիորեն անկում կարձանագրվի նաև բյուջետային մուտքերում, որովհետև գաղտնիք չէ, որ հիշատակածս ճյուղերը ապահովում են մեր հարկային մուտքերի նվազագույնը 17-18%-ը: Հարկային մուտքերը պակասելուն զուգընթաց` բյուջետային ծախսերը նույնպես կնվազեն: Բյուջետային ծախսերը նվազելու պարագայում, կսեղմվի նաև սպառումը, ապրանքների ընդհանուր պահանջարկը, վերջինիս սեղմման պատճառով, երբ ապրանքի պահանջարկը չկա (երբ չկա լույսը շռայլորեն վառելու հնարավորություն ու պահանջ, մեծ քանակությամբ ջուր օգտագործել և անգամ իսկ առաջին անհրաժեշտության սննդամթերք գնել և այլն), բնականաբար, սպառողական ապրանքների օգտագործման հարկադրված կրճատումը կբերի արտադրության սեղմման: Արտադրության սեղմումն իր հետևից կհանգեցնի գործազրկության նոր ալիքի: Ահա, փոխանակ այս հարցերը լրջագույնս վերլուծեն, տեսնեն, թե՞ տնտեսական, տնտեսականից բխող սոցիալական ինչ հնարավոր հետևանքների կարող է հանգեցնել այս ամենը, կանգնում ոգևորված ասում են, թե Հայաստանը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում դարձել է խաղաղ նավահանգիստ, թե «ACBA Credit Aqricole»-ը (որը, ի դեպ, շնորհալի ղեկավարություն ունի) ստացել է 42 միլիոն դոլարի վարկ ֆրանսիական հայտնի «Credit Aqricole» բանկից, որը իր կապիտալիզացիայի մակարդակով մտնում է աշխարհի 10 խոշոր բանկերի շարքը: Ոգևորությամբ նշվում է նաև, որ հայաստանյան այդ բանկը 18 մլն դոլարի վարկ է ստանալու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկից: Կրկնեմ, հիացած ասում են` Հայաստանը կայուն հանգրվան է միջազգային ֆինանսական ճիրաններում հայտնված աշխարհի բանկերի համար: Փորձում են տպավորություն ստեղծել, որ ֆինանսական ցնցումներից խուսափելու համար ֆրանսիական «Credit Aqricole»-ն Հայաստանի բանկերից մեկին 42 միլիոն դոլարի վարկ տրամադրելով` ստացվում է, որ ֆրանսիական բանկն այդպիսով փրկում է իր գումարները: Կանգնես, ասես, թե մի ալարեք, վերցնել «Economic Forum» հանդեսի 2008 թ. փետրվարի 4-ի վերլուծությունը, ուր տրված են աշխարհի հիմնական 200 բանկերը բնութագրող տեղեկությունները և այնտեղ ձեզ համար պարզ կդառնա, որ «Credit Aqricole»-ի վերահսկողության ներքո է գտնվում 1 տրիլիոն 663 միլիարդ դոլար: Եվ ինչո՞ւ եք անտեղի շեփորահարում, թե 42 մլն դոլարով վարկավորելով` փրկել է իրեն ֆինանսական ճգնաժամի կործանարար ազդեցությունից: Ծուղրուղու են կանչում` առանց անհարմար զգալու: Իսկ մեզ համար կարևորագույնը չեն ասում. թմբկահարում են, թե, իբր, այդ ստացված գումարներով վարկավորելու են մանր և միջին բիզնեսը, սակայն չեն ասում, թե հայ ձեռներեցներին տրամադրվող վարկի տոկոսադրույքն էլ արդեն իսկ սահմանել են 16-24%-ի չափով: Ասել կուզի, որ սրանք կարճաժամկետ վարկեր են լինելու: Կարճաժամկետ վարկերն էլ, գիտենք, միայն և միայն գնալու են առևտրի ոլորտ, այն էլ դրսից ներմուծվող ապրանքներ ներկրելու համար: Այսինքն` մանր և միջին բիզնեսին (բացառությամբ առևտրի ոլորտը) տրամադրվող վարկերը բացարձակապես դրանից չեն օգտվելու: Այդ վարկերից նրանց ոչ տաք է լինելու, ոչ` սառը: Իսկ նոր աշխատատեղերի ստեղծման մասին էլ ընդհանրապես մոռանանք: Եվ սա էլ այն դեպքում, երբ այդ չափից ավելի բարձր տոկոսադրույքներն էլ դրել են, երբ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում Դաշնային Պահուստային Համակարգը (Федеральная Резервная Система) վերջին մեկ ամսվա ընթացքում 1,5 տոկոսային կետով իջեցրել է առևտրային բանկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն դարձնելով ընդամենը 1%: Ուրեմն` 0,5 %-ային կետով իջեցվել է նաև եվրոպական Կենտրոնական բանկի սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսինքն` Եվրամիության 27 երկրների բանկերին սպասարկող բանկը այդ ցուցանիշը 3,75-ից դարձրել է 3,25 %: 1,5 %-ային կետով իջեցվել է Անգլիայի Կենտրոնական բանկի սահմանած վերաֆինանսավորման դրույքաչափը` 4,5 %-ից դարձել է 3%: Բա տնաշեններ, առանց անհարմար զգալու ճգնաժամում հայտնված մեր երկրի ձեռներեցին 24 %-ով դուք վարկ եք տալիս, ի՞նչ, դրանով մանր ու միջին բիզնես զարգացնի՞:

Նման հարցերին, ավա՜ղ, մեզանում մոտենում են շատ ու շատ մակերեսորեն: Մասնավորապես, ասեմ, որ վերջերս ինձ հիասթափեցրեց այն, որ երբ Ազգային ժողովում քննարկվում էր բյուջեն, մեր վարչապետը (թվում է, թե գոնե նա այս հարցերին պետք է տիրապետեր), ցավոք, ելույթ ունեցավ և այդ ելույթում ճգնաժամը հաղթահարելու համար ոչ համարժեք մոտեցումներ դրսևորեց և հարցադրումներ արեց: Չստացվի հանկարծ, թե ես փնովելու միտում ունեմ, պարզապես օգնելու ցանկությամբ եմ միտված վերլուծում իրավիճակը: Որ վաղը, մյուս օրը չմեղադրվեմ, հանկարծ չասեն` եթե գիտեիր, որ այստեղ ստորջրյա խութեր կային, ինչո՞ւ չահազանգեցիր: Բյուջետային քննարկումների ժամանակ հնչած մի երկու հարցի անդրադառնամ, որ ասելիքըս պարզ լինի: Ահա «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում տպագրված վարչապետի ելույթը. այստեղ, 5-րդ կետում նշված է` «Եվրամիության և ԱՄՆ-ի հետ առևտրային պայմանագրերի կնքում, որոնք կստեղծեն բարենպաստ պայմաններ մեր արտահանողների համար»: Ախր, բարենպաստ պայման ստեղծել-չստեղծելն անձնական լավ հարաբերություններով չի պայմանավորված, այլ բխում է մեր տարածաշրջանում հիշատակված երկրների շահերով և ոչ թե Հայաստանի: Համաշխարհային առևտրի կազմակերպություն (ԹՁԿ) կա, այնտեղ պարզորոշ կանոնակարգված է, թե ինչ կանոններով պետք է ընթանա միջազգային առևտուրը: Հայաստանն էլ, ինչպես գիտեք, արդեն մի քանի տարի է դրա անդամն է: Այնպես որ, ժողովրդին, հանրությանը մոլորության մեջ գցել և խոսել «բարենպաստ պայմաններ» ստեղծելու մասին, տեղին չէ: Հետո, ի՞նչ են կարծում, որքանո՞վ են իրատեսական իրենց սպասումները ԱՄՆ-ից և ԵՄ-ից, երբ, մասնավորապես, Միացյալ Նահանգները, որը այդ նույն Համաշխարհային առևտրի կազմակերպության հիմնադիր երկիրն է, այսօր հրապարակայնորեն քննարկում է 25 միլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրի ամերիկյան ավտոարդյունաբերության երեք հսկաներին` «Ջենեռալ Մոթորս», «Կռայսլեր», «Ֆորդ» ընկերություններին: Նման խիստ մրցակցության, լինել-չլինելու պայմաններում, ի՞նչ արտոնյալ պայմանների մասին կարող է խոսք լինել, ինչո՞ւ եք մարդկանց թյուրիմացության մեջ գցում: Գրում են, որ մանր ու միջին բիզնեսին խթանելու համար 350 միլիոն դոլարի վարկեր են վերցնելու, գերազանց է: Հայտարարվել է, որ 250 միլիոն դոլարը Համաշխարհային բանկի կողմից, 50 միլիոն դոլարը կառավարությունն է վարկավորելու, 50-ն էլ` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական, Ասիական բանկերից են տրամադրվելու: Հա, լավ, վերցնելու եք, որտե՞ղ եք ծախսելու, որտե՞ղ է այն հաշվարկը, ուր կա հստակ գրված, որ մենք պետք է խրախուսենք և սատարենք, սուբսիդավորենք, վարկավորենք այս-այս ճյուղերը, որովհետև այդ ճյուղերն այսօր շրջանառու միջոցների պակաս ունեն: Կա արդյո՞ք այն ձեռնարկությունների ցանկը, ուր լրացնելով դրանց  շրջանառու միջոցները կկարողանանք հավելյալ արտադրանք ունենալ, որն էլ երաշխավորած սպառում կունենա: Չէ՞ որ ճգնաժամի ընթացքում (ամիսներին, տարիներին) առավել է սաստկանում մրցապայքարը սպառման շուկաներում ամրանալու համար: Եվ այդ մրցակցությունում, որտե՞ղ է ձեր հաշվարկը, որ մեր արտադրողները հաղթող դուրս կգան: Ճիշտ ձեր հեռուստասրահում, եթե հիշում եք, ամենայն լրջությամբ խոսվեց տեղական արտադրողներին, արտահանողներին սատարելու անհրաժեշտության մասին, և դուք պաշտպանեցիք այդ տեսակետը: Մենք եկանք ընդհանուր եզրահանգման, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի` խնդիր ունենալով հնարավորինս սեղմել ներմուծման ծավալները և դրան զուգընթաց խրախուսել արտահանումը: Մեր զրույցից անցել է  2-3 ամիս, և եթե մեր կողմից հնչեցված տագնապին ականջալուր լինեին, ապա այսօր մենք հստակ կիմանայինք մեր անելիքները և ոչ թե մեր ժողովուրդը այդ վարդագույն ապագա խոստացող թվերը սոսկ ականջով կլսեր: Հետո թերահավատությամբ լցված կգնար, սեփական սառնարանի դուռը կբացեր ու կտեսներ, որ հակառակ պաշտոնյաների կողմից հնչող լավատեսական ճառերի, օրեցօր այնտեղ նվազում է սննդամթերքը: Կհետևեին մեր հորդորներին, այսօր կունենայինք հոգեբանական մեկ այլ իրավիճակ, երբ մարդիկ հույսով ու հավատով կլցվեին հայրենյաց կառավարության նկատմամբ, իսկ որն ավելի կարևոր է` կհասկանային, որ գործադիրում գիտակ մարդիկ են աշխատում: Վերջին հաշվով մեր ժողովրդին անընդհատ չի կարելի ասել` գիտեք ի՞նչ, եթե դուք ձեր բերանում դառնություն եք զգում, ապա շարունակաբար հալվա ասեք, և կտեսնեք, որ կքաղցրանա ձեր բերանը: Հալվան բերեք, մատուցեք, որ ուտի բերանն էլ քաղցրանա:

Շ. Գ. - Ձեր անհանգստությունը միայն նրանո՞վ է պայմանավորված, որ հնարավոր է, որ հայտնվենք վատ վիճակում, թե՞ դրանք նաև քաղաքական բացասական հետևանքներ իրենց հետ կարող են բերել: Դա՞ է Ձեր անհանգստության պատճառը:

Ա. Գ. - Շատ տեղին է ձեր հարցը: Տեսեք,  թե ի՞նչ է ստացվում. արդեն տևական ժամանակ է անցել, երբ հոկտեմբերի 17-ից հետո Լևոն տերպետրոսյանական կոնգրեսը, ասես թե, ձեռքերը լվացել, մի կողմ է քաշվել: Այսպես, չեն խոչընդոտում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները շարունակվեն, հանրահավաքներ չեն կազմերպում, որ երկրում ապակայունություն չլինի, այսինքն` իշխանություններին, ի պատիվ իրենց, ստացվում է, որ սատարում են: Ինչ խոսք, նրանց դրսևորած վարքագիծը խրախուսելի է, մինչդեռ մենք գիտենք, որ դրանց դրդապատճառներն այլ են: Սակայն դա ուրիշ խոսակցության նյութ է: Ըստ էության, նրանք ասում են` ՀՀ իշխանություններ` աշխատեք, աշխարհում վիճակը բարդ է, ֆինանսական, տնտեսական ճգնաժամ է, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում էլ սպասվում են անբարենպաստ, ոչ հայանպաստ լուծումներ: Դե աշխատեք: Ստեղծված այս նուրբ իրավիճակում գործադիրը փոխանակ կարողանա մեր ժողովրդին հիմնավոր կերպով բացատրի, որ, այո, մտահոգ է ազգի սոցիալ-տնտեսական հեռանկարային զարգացման խնդիրներով և դրանք լուծելու համար ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր, ավա՜ղ, միայն ելույթներով է հանդես գալիս: Իսկ երբ դրանք ուսումնասիրում ես, ապա գալիս ես այն եզրահանգման, որ մինչ օրս, ցավոք, համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հնարավոր հետևանքների մասին մերոնք չեն էլ գիտակցել: Հակառակ պարագայում, եթե գիտակցեին, ապա բյուջետային քննարկումների ժամանակ վարչապետը իր ելույթի մեջ չէր հնչեցնի ստեղծված իրավիճակի հետ առնչություն չունեցող կոչ-հորդորը, ըստ որի` «հազարավոր մեր հայրենակիցներ ԱՊՀ երկրներում, որոնց հարվածեց ֆինանսական ճգնաժամը, փնտրում են հուսալի ներդրումների և խնայողությունների պահպանման հնարավորություն: Մեր պարտքն է ուղղորդել նրանց և ստեղծել առավել նպաստավոր պայմաններ իրենց խնայողությունները հայկական բանկային համակարգում տեղաբաշխելու համար»: Հիմա կանգնես, ասես, լավ, այդ խնայողություն ունեցող առանձին հաջողակ հայ ձեռներեցը բերեց իր կուտակածը և մեր բանկում տեղադրեց, բա էն հարյուր հազարավոր արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք մի կերպ են կարողանում ծայրը ծայրին հասցնել, բա դրանք ի՞նչ անեն: Դուք չե՞ք մտածել արդյոք հայրենյաց կառավարություն այս հարցի մասին: Չէ՞ որ այդ մարդիկ առաջինն են ընկնելու այս ճգնաժամի ճնշման, մամլիչի տակ, որովհետև նույն Ռուսաստանում, եթե նրանք դեռ աշխատում են, հավատացնում եմ ձեզ, ապա վաղը գործատուն ճգնաժամի հետևանքով, երբ հարկադրված կլինի սեղմել արտադրությունը, առաջին հերթին եկվորներին աշխատանքից կազատի, նոր տեղացիներին: Եվ դա ինքնին հասկանալի ու պարզ է: Բա, եթե վտանգ կա, որ այդ 100 հազարավոր մարդիկ աշխատելու հնարավորությունից կարող են զրկվել, ի՞նչ եք անելու: Փոխանակ այսօրվանից մտածեք` էդ հսկայական հոսքը, որ գալու է, վերադառնալու է Հայաստան ինչո՞վ է այստեղ զբաղվելու, ի՞նչ միջոցներով է ապրելու… Արդյո՞ք ձեզ հարց տվել եք, թե ի՞նչ նորանոր աշխատատեղերով եք ապահովելու նրանց: Ի՞նչ զբաղմունքի տեր դարձնես նրանց, որ հնարավոր սոցիալական, այո, տվյալ դեպքում հնարավոր պայթյունից կարողանաս զերծ պահել մեր երկիրը: Առավել ևս, մենք պարտավոր ենք հաշվի առնել նաև այն, որ, այո, մենք ունենք Լեռնային Ղարաբաղի առայժմ չկարգավորված հիմնահարց:

Այս բոլոր հարցերը տնտեսագիտական, ֆինանսական ամենալուրջ վերլուծության ենթակա հարցեր են և ոչ թե արդեն իսկ ձանձրույթ առաջացնող կարգախոսերը, ինչը 17 տարի է լսում ենք. Համաշխարհային բանկի հետ, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մանր և միջին բիզնեսի զարգացման համար, իբր, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, մշակվում են տիպային նախագծեր… Հասկացանք, լավ, Հայաստանը Ռուսաստան չէ, անծայրածիր չէ, մի բուռ երկիր ունենք: Ամեն մարզի կտրվածքով բոլորս գիտենք, թե ինչի տեր ենք: Եվ ի՞նչու են ուզում հեծանիվ մոգոնել, երբ երկիրը զարգացնելու համար հասարակ լուծումներ կան: Մասնավորապես, սակավահող Հայաստանի պայմաններում մենք ականատեսն ենք, որ վարելահողերի նվազագույնը 40%-ը, եթե ոչ 45-50%-ը, չի մշակվում: Դրա դիմաց, տարեկան կտրվածքով, շուրջ 350 հազար տոննա ցորեն է դրսից ներկրվում, մեծ քանակով բուսական յուղ, հավի միս, տավարի միս է բերվում: Մտածեք, լուծումներ տվեք, տեղական գյուղատնտեսությունը, արտադրությունը զարգացրեք: Չէ՞ որ այսօր, ինչքան էլ տարօրինակ հնչի, կան բավականին լուրջ նախադրյալներ Հայաստանում տեղական արտադրությանը, հատկապես գյուղատնտեսությանը զարկ տալու համար: Ինչո՞ւ չէ, նաև արդյունաբերության այն ճյուղերին, որտեղ մենք կկարողանանք, այո, եթե ոչ համաշխարհային շուկաներ գրավել, ապա առնվազն ներքին պահանջարկը կբավարարենք:

Շ. Գ. - Շատ լավ, պարոն Գեղամյան, կուզեմ խոսենք նաև Ղարաբաղի հարցի շուրջ, մասնավորապես Մայենդորֆյան հռչակագրից և անցած շաբաթ Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ Հայաստանում գրանցված և գործող կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած քննարկման մասին: Նախ, Մայենդորֆյան հռչակագիրը, ըստ Ձեզ, ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանի համար, Ադրբեջանի համար և ի՞նչ խնդիր Ռուսաստանի համար:

Ա. Գ. - Դիվանագիտության մեջ հաջողակ են նրանք, ովքեր կարողանում են եղած փաստաթղթերից սեփական երկրի համար մաքսիմումը կորզել: Ես գտնում եմ, որ շատ դրական էր Հայաստանի Հանրապետության համար այդ Հռչակագրի ստորագրումը: Ինչո՞ւ էր դրական: Այն պարզ պատճառով, որ, թերևս, հակամարտության ավարտից հետո վերջին 14 տարիների ընթացքում առաջի դեպքն էր, երբ Ադրբեջանի նախագահը ստորագրեց մի փաստաթղթի տակ, ուր բացառապես նշված է, որ այդ հարցը միայն և միայն խաղաղ ճանապարհով է ենթակա կարգավորման: Դրա երաշխավորը հանդիսացավ Ռուսաստանի Դաշնության նախագահը: Սա ամենամեծ ձեռքբերումն ու նվաճումն էր: Այն է, որ արդեն Ալիևը պետք է 10 անգամ մտածի, ապա ցանկացած հեռուստաելույթում «ահի ու սարսափի» ենթարկելով հայ հեռուստադիտողին կամ թերթի ընթերցողին հիշատակի, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասարեցնելու է Հայաստանի բյուջեին: Արդեն Ալիևը, բնականաբար, իր այդ մտադրությունների մասին, եթե բացահայտորեն ասի, ապա արդեն զավթիչի, ագրեսորի պիտակը նրան կկպնի: Դա առաջին դրական հանգամանքն է: Երկրորդ դրական հանգամանքն այն է, որ արդեն իսկ Ադրբեջանը (ինչպես նաև Հայաստանը) սեփական իսկ նախաձեռնությամբ պարտավորություն են վերցրել վերջ տալ ռազմական հռետորությանը, ռազմատենչ ելույթներին: Ավելին, հնարավորինս մեղմել այդ ռազմաշունչ քաղաքականության արդյունքում ստեղծված ազգամիջյան թշնամանքի մթնոլորտը, որը ներհատուկ էր հատկապես Ադրբեջանին: Ինչո՞ւ եմ ես սա կարևորում, որովհետև դեռ նախանցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ոչ հայանպաստ հայտնի բանաձևի տակ, որը դատապարտում էր Հայաստանը «ադրբեջանական տարածքները բռնազավթելու» համար, ստորագրել էին հիմնականում Իսլամական Կոնֆերանս Կազմակերպության անդամ երկրները, չհաշված Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը: Այսինքն` Իսլամական Կոնֆերանս Կազմակերպության անդամները, որոնք, անշուշտ, մեծապես տպավորված էին ռազմաշունչ այն հայտարարություններով, որոնք տարեցտարի հնչել են հենց այդ նույն կազմակերպության գագաթնաժողովների ժամանակ` արժանանալով նրանց պաշտպանությանը, հիմա արդեն, Մայենդորֆյան հռչակագրի ընդունումից հետո ուշադիր կմտածեն նման բանաձևերի տակ դնեն իրենց ստորագրությունը, թե` ոչ: Երրորդ հանգամանքն այն է, որ գրված է` միջազգային իրավունքի նորմերին համահունչ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: 1970 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունել է Հռչակագիր` միջազգային իրավունքի սկզբունքների մասին, վերաբերվող պետությունների  միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության, որտեղ կարևորագույն սկզբունք է ճանաչվել մարդու ապրելու իրավունքը: Այդ հիմնատար սկզբունքը հետագայում ամրագրվեց 1975 թ. եվրոպական 33 երկրների, ԱՄՆ-ի և Կանադայի կողմից Հելսինկիում ստորագրված Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության դեռ այն ժամանակ սաղմնավորվող կազմակերպության եզրափակիչ ակտում: Սա նշանակում է հետևյալը. հայկական դիվանագիտությունը կարող է որպես հաղթաքարտ վերցնել այն իրողությունը, որ մենք արդեն իսկ ունենք փորձ, երբ Լեռնային Ղարաբաղում, երբ նա Խորհրդային Ադրբեջանի կազմում էր, վտանգվեց ամենակարևորագույնը` հայ ազգաբնակչության ապրելու իրավունքը Ադրբեջանում և եղան սումգայիթյան ջարդերը, Բաքվի, Կիրովաբադի, Մինգեչաուրի, Շամխորի հայության ջարդերը: Եվ դա կարող է մեր դիվանագիտության զինանոցում ամենահամոզիչ հիմնավորումը լինել, եթե, նախ, մեր երկրի ներսում կռռացողները քիչ լինեն և երկրորդ, եթե այդ հիմնավորումը բանակցությունների ժամանակ հայկական կողմը դարձնի իր համար ելակետ: Առավել ևս այդ սկզբունքի վրա հենվեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը, երբ սեպտեմբերի 11-ին հայտնի հարցազրույց տվեց լեհական բավականաչափ ծանրակշիռ «Gazeta Wyborcza» թերթին, ուր մասնավորապես ասել էր, որ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի պարագայում  խախտվել էր հիշատակածս հռչակագրի մայր սկզբունքը, վտանգված էր սեփական հողի վրա հարավօսեթացիների և աբխազների ապրելու իրավունքը: Ահա այս սկզբունքի կիրառումը պետք է կարողանալ անպայմանորեն դարձնել մեր դիվանագիտության համար հաղթաքարտ: Կարելի է տարբեր երանգներ գտնել, որոնք, թերևս, ցանկալի կլիներ, որ, այո, ամրագրված լինեին Մայենդորֆյան հռչակագրում: Մասնավորապես, լավ կլիներ, որ Լեռնային Ղարաբաղի արդեն իսկ կայացած անկախ պետության նախագահի ստորագրությունը նույնպես լիներ ընդունված փաստաթղթի տակ, բայց դրա պարզաբանումները, կարծում եմ, բավականին հանգիստ և համոզիչ տրվեց Հայաստանի Նախագահի կողմից: Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման նախաձեռնողը, հրավիրողը Դմիտրի Մեդվեդևն էր, դա ոնց որ մեկը քեզ ղոնաղ կանչի, դու էլ ասես չէ, գիտես ի՞նչ կա, ես առանց եղբորս տղայի չեմ գա քո տուն. այդպես չի լինում:

Շ. Գ. - Շատ լավ, հիմա Նախագահի հետ կայացած հանդիպման մասին մի հարց: Գիտե՞ք, այսպիսի մտքեր են արտահայտում, թե շատ դժվար էր այդ հանդիպումից լուրջ ակնկալիք ունենալ, քանի որ հանդիպմանը չէր մասնակցում երկրի ընդդիմությունը: Այ, համամի՞տ եք այս թեզի հետ, այստեղ երկու կոնտեքստ կա, կարծում եմ:

Ա. Գ. - Նախ, ո՞րն էր հանդիպման դրդապատճառը` Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ պարզություն մտցնելը: Հայաստանի քաղաքական ընտրանիում, այսպես ասենք, կա որոշակի շերտ, որը կարծում է, թե աշխարհը պտույտ է գալիս իր շուրջ և եթե հանկարծ այդ մարդիկ էպիկենտրոնում չեն, ապա աշխարհը ցենտրովկայից կընկնի: Հիմա, այդ մարդիկ չեն մասնակցել հանդիպմանը, բացարձակ տեղյակ էլ չեն, թե ի՞նչ մթնոլորտում է այն անցել, ի՞նչ հարցեր են քննարկվել և քանի որ իրենք չեն մասնակցել, ըստ որում, իրենք են իրենց խաղից դուրս դրել, բնականաբար, պետք է ամեն կերպ ստվերեն այն: Հանդիպումը, կարծում եմ, շատ օգտակար էր: Եվ օգտակարությունը պայմանավորված էր հանդիպման ընթացքում ստեղծված մթնոլորտով, որը դրդում էր մարդկանց անկեղծության: Եվ արդյունքը հեռահար, դրական որոշակի զարգացումներ կարող է ստանալ, եթե համարժեքորեն կարողանան դա նեկայացնել հանրությանը, անշուշտ, հավատարիմ մնալով այն պայմանավորվածությանը, որ հանդիպման սկզբում ձեռք բերվեց, այն է` հղումներ չանել երկրի Նախագահին, բնականաբար, ոչ թե չգաղտնազերծելու համար, այլ նրան ադրբեջանական, թուրքական քարոզչության կողմից խոցելի չդարձնելու համար: Արդյունքում բոլորի համար, հանդիպմանը ներկա 50 կուսակցությունների լիդերների համար ակնհայտ դարձավ, որ ոչ ոք իրավունք չունի իրեն վերագրել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մենաշնորհը: Ավելին, որ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման լուծումում հերոսներ, հաղթողներ, ինչպես նաև պարտվածներ չպետք է լինեն: Եվ, վերջապես, ըստ իս, ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ անգամ իսկ երկրի ներքաղաքական զարգացումների, ինչու չէ, նաև արտաքին քաղաքական վեկտորների վերաբերյալ իրարամերժ գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ, իրարամերժ մոտեցումներ ունեցող կուսակցությունների ղեկավարներ եկան այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը, այն է` անկախության հարցը, բոլորիս համար ակնհայտ իրողություն է և ԼՂՀ-ն երբեք ու երբեք չի կարող դիտարկվել Ադրբեջանի կազմում: Սա, կրկնում եմ, միաձայն ընդունված առաջին  եզրահանգումն է:

Շ. Գ. - Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը, ըստ Ձեզ, կենսական հարց է, թե՞ բնազդային: Շատ կարճ պատասխան եմ ակնկալում:

Ա. Գ. - Ի՞նչը նկատի ունեք:

Շ. Գ. - Ղարաբաղի հարցը հայերիս համար կենսական է, թե՞ բնազդով:

Ա. Գ. - Ուրեմն, այն երկրները, որոնք բնակեցված են բնազդով առաջնորդվող ժողովուրդներով կամ ցեղախմբերով, վաղուց ի վեր համաշխարհային քաղաքականության գործոն չեն: Սա մեզ` հայերիս համար կենսական, ապագա ունենալ-չունենալու հարց է և այդ գիտակցմամբ էր պայմանավորված, որ խնդրո առարկայի շուրջ բոլորը միակարծիք էին: Երկրորդ դրույթը, որը նույնպես հավանության արժանացավ բոլորի կողմից, այն է` անպայմանորեն պետք է երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ցամաքային կապը: Երրորդը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և պետության անվտանգությունը պետք է գերհզոր պետությունների կողմից երաշխավորված լինի: Այստեղ շատ կարևոր եմ համարում հետևյալ հիշատակումը. այս երեք սկզբունքները բոլորիս համար ընդունելի են, սակայն խիստ անհրաժեշտ է, որ հիմա գիտակցենք, որ ամենադժվարին հարցերն են բոլորիս առաջ ծառանում: Այս փուլում յուրաքանչյուրս պետք է անպայմանորեն օգնենք մեր իշխանություններին, բանակցող կողմին: Ասեմ` ի՞նչ հարցում: Ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և հանրապետության անվտանգության երաշխավորումը: Խորհենք միասին. արդյոք մենք կկարողանա՞նք դա ապահովել, եթե Քելբաջարն ենք հանձնում, եթե Հորադիզից ենք դուրս գալիս, արդյոք մենք կկարողանա՞նք անվտանգությունը երաշխավորել: Եթե Լեռնային Ղարաբաղ - Լաչինի միջանցքը, լինի դիցուք, ընդամենը 15 կիլոմետր լայնությամբ, դա անվտանգությունը երաշխավորո՞ւմ է, թե ոչ: Մենք պետք է հարց տանք, եթե նույն Քելբաջարը հանձնում ենք միջազգային ուժերի հսկողությանը, դուրս ենք գալիս այնտեղից, ապա ի՞նչ երաշխիքներ ունենք, որ Լեռնային Ղարաբաղի խմելու ջրի 85%-ի աղբյուրների ակունքները, որոնք սկիզբ են առնում Քելբաջարի լեռներից, չեն թունավորվի կամ դրանց հունը չի փոխվի: Այսինքն` Լեռնային Ղարաբաղը չեն մատնի սոցիալական ծայրաստիճան ճգնաժամի` զրկելով ժողովրդին խմելու ջրից: Կամ` այդ նույն աղբյուրները Արփա և Որոտան գետերի ակունքներն են, իսկ վերջիններիս ջրերը Արփա - Սևան թունելով գալիս են Սևան: Այսինքն` հիմա արդեն ճիշտ կլինի, որ ցանկացած հայ մարդ, մասնագետ, լուրջ փորձագետ իր մասնագիտությանը ներհատուկ հարցերի հսկայական մի շղթա դնի իր առաջ, որոնք բխում են հիշատակածս երեք սկզբունքներից: Եվ դրված կենսահույզ հարցերի պատասխաններով զինի բանակցող հայկական կողմին` ակնկալելով, որ, այո, այդ ամենի լուծումները մենք ակնկալում ենք ոչ միայն Իլհամ Ալիևի, այլ, ինչո՞ւ չէ, նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Ես, կարծում եմ, այսօր առանձնահատուկ բարենպաստ պահ է բոլորիս համար և այդ պահը պարտավոր ենք լիարժեք օգտագործել: Դրա դրական նախանշանները տեսնում եմ նաև, այո, թող տարօրինակ չհնչի, մեր շախմատային հերոսների կրած հաղթանակի մեջ: Մեր շախմատիստները ցույց տվեցին, թե ինչ է նշանակում մտածող, համախմբված, միասնականորեն գործող հայ մարդը և ինչ արդյունքի նա կարող է հասնել: Կրկնեմ, եթե հայը միասնական, մտածելով, առանց նախանձի է գործում, ուրախանում է մյուսի հաջողությամբ, ապա արդյունքը լինում է այն, ինչի ականատեսը եղանք Դրեզդենի շախմատային օլիմպիադայի ավարտին:

«Հայոց Աշխարհ», 10-12.XII.2008

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր