ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Հարգելի ընթերցող, մինչև վերլուծելը, թե ինչպիսիք են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թողած հետևանքները Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա, համառոտ վերհիշենք այդ մասին մեր կառավարության և Կենտրոնական բանկի պաշտոնապես տված գնահատականները: Այս խնդիրը կարևոր եմ համարում ոչ այն պատճառով, որ 2008 թ. հոկտեմբերից մինչ օրս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների ազդեցությունը մեր էկոնոմիկայի վրա իրարամերժ գնահատականների են արժանացել, այլ նպատակ ունեմ անկողմնակալ ներկայացնել դրանց հիմնավորվածության աստիճանը: Ըստ որում, գործադիր և ֆինանսական իշխանությունների կողմից խնդրո առարկայի վերաբերյալ տրված իրարամերժ մեկնաբանությունների մասին քանիցս ամենայն բծախնդրությամբ և ճշգրտությամբ նշվել է ամենատարբեր` թե՛ իշխանամետ, թե՛ անկախ և թե՛ տերպետրոսյանական մամուլում: Եվ, ցավոք, այդ բոլոր հրապարակումները իշխանությունների կողմից մնացել են առանց համարժեք պարզաբանումների կամ պատասխանի: Ինչո՞ւ եմ մանրամասնում այս հարցը, որովհետև եթե չկա ընթացող պրոցեսների հիմնավոր վերլուծություն, եթե բացակայում է դրանց անկողմնակալ գնահատականը, ապա հուսալ, որ կառավարության և ֆինանսական իշխանությունների կողմից ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումները հաջողությամբ կպսակվեն, կլիներ, մեղմ ասած, չարդարացված չափազանցություն: Եվ այսպես, որո՞նք էին գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին տված մեր վարչապետի վերջին եզրահանգումները:
Շուրջ մեկ ամիս առաջ պարոն Տ. Սարգսյանը ելույթ ունեցավ Ծաղկաձորում` համեստորեն «Հայկական Դավոս» կոչված կոնֆերանսում (հավանաբար, դրա աշխատանքներին մասնակցում էին էկոնոմիկայում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ` Պոլ Կրուգմանը, Ռոբերտ Մանդելլը, Դուգլաս Նորտը, Նուրիէլ Ռուբինին, Ջոզեֆ Ստիգլիցը և աշխարհահռչակ այլ գիտնականներ, որոնք անհագուրդ մղում ունեին օր առաջ գալ և մասնակցել ապագա համաշխարհային ֆինանսական կենտրոն հռչակված Հայաստանում կազմակերպված Ծաղկաձոր-Դավոս ֆորումի աշխատանքներին): Այդ կոնֆերանսում հարգելի վարչապետը, մեջբերում անելով աշխարհի թիվ 2-րդ մեծահարուստ Ուորրեն Բաֆֆետի` «Berkshire Hathaway Incorporation» ընկերության բաժնետերերին ուղղված հայտնի բաց նամակից, ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում աշխարհում ոչ թե ճգնաժամ է, այլ` քաոս: Իհարկե, պարոն վարչապետը հարկ չհամարեց հղում կատարել իր կողմից հնչեցված գնահատականի հեղինակի նամակի վրա: Հավանաբար, մտածել էր, որ դա լսարանի կողմից կարող է ընկալվել որպես ճնշման յուրօրինակ մի միջոց, երբ փորձում ես ասածներդ անհերքելի դարձնելու համար հղում կատարել տվյալ ոլորտում անվիճելի հեղինակություն ունեցողի ասածի վրա: Սակայն տարօրինակն այն է, որ վարչապետի խոսքում չհնչեցին Ուորրեն Բաֆֆետի երկու այլ դիտարկումները ևս, այն է` իր գլխավորած կառույցը մինչև մոլեգնող այս ճգնաժամը 44 տարի հիմնականում եղել է եկամտաբեր, այսուհետ էլ, համոզված է Բաֆֆետը, 44 տարի էլ շարունակելու է մնալ եկամտաբեր: Եվ 2-րդ գնահատականն էլ այն էր, որ «Berkshire Hathaway Incorporation» ընկերության կրած վնասները (ճգնաժամի արդյունքում կորպորացիան և ինքը` Բաֆֆետը, ունեցել են կապիտալիզացիայի ընդամենը 5%-ի կորուստ) Բաֆֆետը ինքնաքննադատաբար որակեց իբրև «սեփական իդիոտական սխալների» հետևանք: Ծաղկաձորում ունեցած զեկուցումից 2-3 շաբաթ անց պարոն վարչապետը ելույթ է ունենում արդեն իսկ Սլավոնական համալսարանի կողմից կազմակերպված նմանօրինակ կոնֆերանսում: Այստեղ արդեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամին հետևած գործառույթները բնութագրելիս նա իրավացիորեն կրկնում է ռուսաստանցի մի շարք ճանաչված վերլուծաբանների (Միխայիլ Խազին, Միխայիլ Լեոնտև, Միխայիլ Դելյագին, Սերգեյ Կուրղինյան) հրապարակային ելույթներում և հոդվածներում տրված հայտնի գնահատականները: Այն է` ֆինանսական տնտեսական ճգնաժամը հանգեցրեց նրան, որ առաջատար երկրները, խնդիր ունենալով փրկել սեփական երկրների համակարգաստեղծ ձեռնարկությունները սնանկությունից, սկսեցին իրականացնել հովանավորչական քաղաքականություն` անտեսելով արդյունաբերական այդ նույն հսկաների աշխարհով մեկ սփռված մասնաճյուղերի ճակատագիրը: Այլ կերպ ասած` վերլուծաբանները եզրակացրեցին, որ համաշխարհային լիդերները որդեգրել են մի քաղաքականություն, ըստ որի կենտրոնանում են սեփական երկրների հոգսերը հոգալու խնդիրների վրա, մի կողմ թողնելով տրանսազգային խոշոր կոմպանիաների աշխարհասփյուռ հազարավոր մասնաճյուղերի խնդիրներին լուծումներ տալու գործառույթները: Ահա, այս երևույթը հաշվի առնելով էր, որ դեռ վարչապետի այս ելույթից ամիսներ առաջ հիշատակածս վերլուծաբանները հայտարարեցին, որ համաշխարահային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներից մեկն էլ այն եղավ, որ գլոբալ համաշխարհային տնտեսությունը դրսևորում է լոկալիզացիայի միտումներ` լոկալիզացվում է, գլոբալիզացիան վերածվում է լոկալիզացիայի: Այս դեպքում էլ վարչապետի կողմից չեղան համապատասխան հղումներ հեղինակներին: Հավանաբար, պրն Տ. Սարգսյանը կրկին առաջնորդվել է այն նույն տրամաբանությամբ` հանկարծ լսարանի մոտ տպավորություն չստեղծվի, որ վարչապետը իր խոսքը համոզիչ դարձնելու համար հիմա էլ հղումներ է կատարում ճանաչված ռուս վերլուծաբանների տված գնահատականների վրա: Ի դեպ, գլոբալիզացիայից լոկալիզացիայի անցման եզրահանգման փաստը արձանագրվել էր դեռ ամիսներ առաջ, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, Գերմանիայի բունդեսկանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գրեթե նույն ժամանակաշրջանում հայտարարել էին իրենց երկրների ավտոարդյունաբերական հսկաներին ֆինանսական խոշոր օգնություն հատկացնելու մասին: Ավելին, Բարաք Օբաման հանդես էր եկել կոչով` ուղղված ամերիկացիներին. գնել միայն Ամերիկայում արտադրված ապրանքներ: Մասնավորապես, Սլավոնական համալսարանի իր այդ ելույթում վարչապետը, ասես թե, պատկերավոր բնութագրելու համար համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին տրված մեկնաբանությունները, նշեց, որ, պաշտոնական այցով լինելով ԱՄՆ-ում, նա ուսումնասիրել և հայտնաբերել էր, որ մեծ պահանջարկ ունի, և գրախանութներում սպառվել է Կարլ Մարքսի «Կապիտալը»:
Ինչ խոսք, գովելի է, որ պարոն վարչապետը ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ընթացքում ժամանակ է գտնում այցելել գրախանութներ և անձամբ ուսումնասիրություն կատարել, թե որ հեղինակների գրքերն են առավել մեծ պահանջարկ վայելում: Մինչդեռ դրա անհրաժեշտությունն ամենևին էլ չէր լինի, եթե գործուղումից առաջ կառավարության աշխատակազմը փոքր-ինչ ուսումնասիրեր, թե ի՞նչ են գրում այդ օրերին ամերիկյան հեղինակավոր թերթերը ֆինանսատնտեսակկան ճգնաժամի մասին: Արդարության առաջ չմեղանչելու համար խոստովանենք, որ, այո՛, Տիգրան Սարգսյանի անձնական դիտարկումը, որ ամերիկյան գրախանութներից անհետացել են Մարքսի աշխատությունները, միանգամայն ճշգրիտ է և հաստատում է իր այցից դեռ ամիսներ առաջ կատարվածը ու մամուլում լայնորեն լուսաբանված այդ երևույթը: Եվ դրա պատճառներից մեկն էլ այն է, որ դեռ 1867 թ., երբ առաջին անգամ լույս տեսավ «Կապիտալի» առաջին հատորը (ի դեպ, ոչ թե 1860 թ., ինչպես հնչել էր Տիգրան Սարգսյանի խոսքում), Կարլ Մարքսը այնտեղ գրել էր. «Կապիտալի սեփականատերերը խթանելու են բանվոր դասակարգին` գնել ավելի ու ավելի թանկարժեք ապրանքներ, շենքեր և տեխնիկա, դրանով իսկ պարտադրելով նրանց վերցնել գնալով թանկացող վարկեր, մինչև այն պահը, երբ վարկավորվածները կդառնան անվճարունակ: Չվերադարձված վարկերը կբերեն բանկերի սնանկացման, որոնք կազգայնացվեն պետության կողմից, որի արդյունքում անխուսափելի է կոմունիզմի ծագումը»: Ահա, 142 տարի առաջ արված այս կանխատեսման համար, որն ասես թե 100%-ով բնութագրում է ԱՄՆ-ին ճարակած ճգնաժամը, Կ. Մաքսի «Կապիտալը» հատկապես այդ երկրում դարձել է բեստսելլեր:
Այս մանրամասներին ես անդրադարձա` խնդիր ունենալով հուշել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին տված վարչապետի գնահատականները բերված են տնտեսագիտական իրարամերժ մոտեցումներ ունեցող գործիչների հայտարարություններից` մի կողմից Ուորրեն Բաֆֆետ, մյուս կողմից` Միխայիլ Խազին, Կուրղինյան, Լեոնտև: Եվ, վերջապես, եթե այս ամենին գումարենք մարտի 13-ին լրագրողների հետ պարոն Տ. Սարգսյանի զրույցի ժամանակ իր մասին արտահայտած այն միտքը, որ «պատկերացնում եք, թե ինչ իրավիճակ կլինի, եթե կանգնի ու ասի` ժողովուրդ, կործանվում ենք», ապա ակամայից հարցեր են առաջանում: Արդոք մեր այդ նույն ժողովուրդը օրական լսելով իրարամերժ մոտեցումներ ունեցող հեղինակների կողմից ճգնաժամին տված որակումները, դրանք համադրելով մարտյան փոփոխական եղանակ հիշեցնող կառավարության ֆինանսատնտեսական բլոկի, վարչապետի, Կենտրոնական բանկի նախագահի վերջին չորս-հինգ ամիսներին արտահայտած գնահատականներին, չի գա՞ տրամաբանական մի պարզ եզրահանգման: Այն է` այո, եթե այսպես շարունակվի, ապա մենք, իրոք, կկործանվենք:
Այստեղ հարկ եմ համարում մեկ վտանգավոր դիտարկման մասին նույնպես հիշատակել: Վերջին ամիսներին, մեր հանրությունը քանիցս հնարավորություն է ունեցել արձանագրողը դառնալու, որ կառավարության և Կենտրոնական բանկի` տնտեսությանը վերաբերող և հաճախակի փոխվող կանխատեսումները մշտապես քողարկում և արդարանում են Արժույթի Միջազգային Հիմնադրամի, Համաշխարհային բանկի և միջազգային այլ հեղինակավոր կառույցների փոփոխվող գնահատակնների փաստով: Ահա հենց այստեղ է, որ անհրաժեշտ է հերթական անգամ արձանագրել` Հայաստանի Հանրապետությանը ճարակած տագնապահարույց ֆինանսատնտեսական ճգնաժամը հիմնականում պայմանավորված է մեր տնտեսությանը ներհատուկ արատներով` մրցունակ արդյունաբերական, գյուղատնտեսական ճյուղերի գրեթե բացակայություն, մենաշնորհային կարգավիճակում հայտնված արտաքին առևտրի ոլորտ, բարենպաստ ներդրումային միջավայրի բացակայություն, տնտեսության իրական հատվածի վարկավորման խիստ անբավարար մակարդակ, պետության սեփականություն հանդիսացող գույքի և արտադրական հզորությունների ոչ նախաձեռնողական կառավարում ու անարդյունավետ շահագործում, և, վերջապես, արդեն տևական ժամանակ վարվող չարդարացված, հայրենական արտադրողին ոչ միայն չսատարող, այլև տեղական արդյունաբերությունն արգելակող (հատկապես արտահանող ճյուղերի) դրամավարկային քաղաքականություն: Անշուշտ, սխալ կլիներ անտեսել նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, որոնք իրենց բացասական ազդեցությունը ունեցան մեր էկոնոմիկայի վրա: Այստեղ հատկապես տուժեց լեռնամետալուրգիական և լեռնահանքային արդյունաբերությունը, հատկապես` Զանգեզուրի, Ագարակի, Կապանի, Ալավերդու ենթաշրջանի արտադրական ձեռնարկությունները:
Առավելագույն հարված հասցվեց նաև մեր հայրենակիցներին դրսից ստացվող օգնության, այսպես կոչված` տրանսֆերտների կրճատման պատճառով: Ընդ որում, այս հանգամանքը խիստ բացասաբար անդրադարձավ երկրի վճարային հաշվեկշռի վրա նաև այն պատճառով, որ դրան գումարվեց մեկ բացասական դրսևորում ևս: Այսպես, արտահանումից ստացվող արտարժույթի ծավալի շոշափելի կրճատումները հանգեցրին նրան, որ Կենտրոնական բանկը վճարային հաշվեկշիռը հավասարակշիռ պահելու նպատակով հարկադրված եղավ Միջազգային պահուստներից արտարժույթի մեծ քանակ հանել վաճառքի, որ կարողանար չեզոքացնել ընդհանուր վճարային հաշվեկշռի պակասուրդը, դրա հետ մեկտեղ ժամանակավորապես պահել հայկական տարադրամի տնտեսագիտորեն չհիմնավորված, նույն այդ տնտեսության «տունը քանդող» դրամի բարձր փոխարժեքը:
Արված եզրակացությունները համոզիչ դարձնելու համար (նշենք, որ տնտեսության զարգացման կառուցվածքային խոչընդոտների և զարգացումն արգելակող այլ խնդիրների ցանկը կարելի էր շարունակել) փոքր-ինչ մանրամասնենք:
Այսպես, հանրապետության տնտեսության գրեթե անմրցունակ լինելու, ինչպես նաև ներդրումային բարենպաստ միջավայրի բացակայության մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հետևյալ խոսուն թվերը: Այսպես, եթե 2003 թ. ՀՀ-ում արտահանման տեսակարար կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 25,28% , ապա 2008 թ. դա եղել է 8,96% (դրամական արտահայտությամբ): Ավելին, եթե 2003 թ. ներմուծման ծավալները արտահանման ծավալներին գերազանցել է 1,8 անգամ, ապա 2008 թ. արդյունքով ներմուծման ծավալները գերազանցել են արտահանման ծավալներին ավելի քան 4,12 անգամ, էլ չասեմ, որ 2009 թ. հունվարին այդ հարաբերակցությունը կազմել է 6,4 անգամ: Այս թվերը վկայում են այն մասին, որ մեր տեղական արտադրանքը կորցրել է ոչ միայն արտաքին շուկաները, այլ նաև շատ դեպքերում զիջում է իր դիրքերը հայաստանյան շուկայում նույնպես, ներմուծվող ապրանքների օրըստօրե աճող ճնշման արդյունքում:
Հաջորդ դիտարկումը: Ամենևին չնսեմացնելով մասնագիտացված ամենատարբեր միջազգային կազմակերպությունների ներդրումային գրավչության մասին եզրակացությունների պիտանելիությունը, ասեմ հետևյալը: Փորձառու ներդրողը ինչի վրա առաջինը ուշադրություն կդարձնի, դա այն է, թե ՀՀ պետական բյուջեում ի՞նչ տեսակարար կշիռ են կազմում երկրի տնտեսության շահութաբերությունն անուղղակիորեն բնութագրող ցուցանիշները, մասնավորապես` շահութահարկն ու եկամտահարկը, և ոչ թե կկարևորի ռեյտինգային տարբեր ցուցանիշներ: Եվ այսպես, 2008 թ. ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներում ուղղակի հարկերի` շահութահարկի և եկամտահարկի տեսակարար կշիռը կազմել է համապատասխանաբար 14,4% և 9%, մինչդեռ անուղղակի հարկերից ավելացված արժեքի հարկին բաժին է ընկել հարկային եկամուտների ավելի քան 53% -ը: Այս թվերի պայմաններում խոսել ներդրումների գրավչության մասին, կարծում եմ, անիմաստ է: Բնականաբար, ներդրումներ անելու պատրաստվող ինվեստորը կհետաքրքրվի նաև երկրում առկա հարկային օրենսդրության դերակատարության և գրավչության մասին: Ահա այստեղ է, որ նա կրկին կհիասթափվի: Այսպես, 2000-2008 թթ. կատարողական վարույթ է ընդունվել տնտեսվարող սուբյեկտների դեմ հարկերի գանձման խնդիրներին վերաբերող 402221 գործ, միայն 2008 թ.` 55991: Եվ այս խոսուն թվերը արձանագրվել են Հայաստանի Հանրապետության նման փոքր տնտեսություն ունեցող երկրում: Եթե սրան ավելացնենք նաև այն, որ այդ նույն ժամանակաշրջանում դատարանների որոշումների չկատարման արդյունքում բյուջեում չվերականգնված գումարը կազմել է 296 մլրդ 742 մլն 448 հազար դրամ, իսկ 2008 թ. չվերականգնված գումարը կազմել է 18 մլրդ 541 մլն 607,8 հազար դրամ, պատկերը պարզ կդառնա: Բերված թվերն ավելի տպավորիչ դարձնելու համար նշենք, որ 2000-2008 թթ. բռնագանձված (փաստացի) գումարի տեսակարար կշիռը բռնագանձման ենթակա գումարի նկատմամբ կազմել է ընդամենը 16%: Ահա այսպիսին է մեր տնտեսվարողների իրավական վիճակը բնութագրող վիճակագրությունը: Այստեղ հարկ է նշել նաև, որ ներդրումային գրավչության օգտին չեն խոսում և առևտրային բանկերի կողմից սահմանված վարկավորման շատ բարձր (16-24%) տոկոսադրույքները: Մինչդեռ ներդրումային առումով, թերևս, գրավիչ է միայն ՀՀ բանկային համակարգը: Աշխարհում դժվար թե գտնվի մեկ այլ երկիր, որի տնտեսությունն աչքի է ընկնում խիստ ցածր շահութաբերությամբ, ինչի մասին արդեն իսկ գրվել է, իսկ դրան հակառակ, բանկային համակարգում տարիներ շարունակ արձանագրվում է աննախադեպ բարձր շահութաբերություն: Այսպես, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում 2008 թ. ընթացքում առևտրային բանկերն ապահովել են ընդհանուր 27,1 մլրդ դրամ զուտ շահույթ, ինչը 2007 թ. զուտ շահույթը գերազանցել է 30,5% -ով: Նշենք, որ 2008 թ. առևտրային բանկերն ապահովել են ընդհանուր 171,1 մլրդ դրամի համախառն եկամուտ: Բնականաբար, տրամաբանական հարց է ծագում` այդ ինչպե՞ս է ստացվում, որ ճգնաժամում հայտնված երկրում, երբ տնտեսությունն արձանագրում է աննախադեպ անկում, բանկային համակարգը ծաղկում է: Ինչպես նաև հարց է առաջանում, այդ ու՞մ հաշվին են ծլում, ծաղկում ու բարգավաճում Հայաստանի Հանրապետության 22 առևտրային բանկերից 19-ը (միայն 3 բանկեր են, որ 2008 թ. աշխատել են վնասով): Կասկածից վեր է, որ նման շահութաբերությամբ առևտրային բանկերը աշխատում են մեր տնտեսվարողների, իսկ մեծ հաշվով` ամբողջ ժողովրդի հաշվին: Այսպես, սահմանելով տնտեսական իրավիճակից չբխող (սղաճի համեմատաբար ցածր` մինչև 7% մակարդակ, միջին ռիսկայնություն) բարձր տոկոսադրույքները, բանկերը, ի սկզբանե, տեղական արտադրողին պարտադրում են դա ներառել արտադրվող ապրանքի ինքնարժեքի մեջ, իսկ առևտրային կազմակերպություններին էլ, որոնք վարկավորվում են առևտրային բանկերի կողմից, դա հաշվառել վաճառքի հանվող ապրանքների սակագնի մեջ: Իսկ քանի որ շուկայական տնտեսության պայմաններում յուրաքանչյուր ապրանք վաճառվում է սպառողին, ուստի հենց նա էլ, ի վերջո, բարձր տոկոսադրույքների բեռի կրողն է դառնում: Չմոռանանք հիշեցնել նաև, որ մեր 22 առևտրային բանկերից 21-ում առկա է օտարերկրյա փայատերերի մասնակցությունը, ըստ որում` դրանցից 12-ում նրանց մասնակցությունը գերազանցում է 50%-ը: Ավելին` 9 առևտրային բանկերում օտարերկրյա փայատերերի մասնաբաժինը գերազանցում է 95%-ը: Այլ կերպ ասած` մեր բանկերի մեծ մասում սեփական կապիտալի կեսից ավելին տնօրինում են օտարերկրյա փայատերերը: Դրա հետ մեկտեղ նրանք սեփական ներդրումներին ոչ համարժեք բարձր դիվիդենտներ են ստանում (շատ ավելի բարձր, քան իրենց իսկ երկրներում), դրան զուգահեռ, դրսում մեր հայրենակիցների դառը քրտինքով վաստակած և Հայաստան ուղարկած օգնությունը, որը ստացվում է դոլարով, նրանք (մեր հայրենակիցները) հարկադրված են փոխանակել ցածր փոխարժեքով առօրեական հոգսերը հոգալու համար: Իսկ դրան հակառակ, այդ նույն դոլարները հայկական առևտրային բանկերի օտարերկրյա սեփականատերերի կողմից գնվում են հայկական դրամով, որի փոխարժեքը, կրկնեմ, արհեստականորեն բարձրացված է, հետագայում էլ դուրս բերվում հանրապետությունից` ֆինանսական կապիտալի տեսքով: Ավա՜ղ, իսկ հիշատակածս բանկիրները այդպես էլ և ոչ մի լուրջ ներդրումային նախաձեռնությամբ վերջին տասնամյակում չնկատվեցին: Հարկ է նաև հիշատակել, որ Հայաստանի Հանրապետությունից արտարժույթի արտահոսքի մեծ քանակությունը բաժին է ընկնում մեր երկրի խոշորագույն այն ձեռնարկություններին, որոնք ունեն օտարերկրյա սեփականատերեր, ինչպիսիք են` Արմենտել-Բիլայնը, Վիվասել-ՄՏՍ-ը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Երևանջուրը» և այլ ձեռնարկություններ: Չմոռանանք շեշտել, որ երկրից ֆինանսական կապիտալի արտահոսքը հավելյալ լարվածություն է առաջացնում վճարային հաշվեկշռում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է կամ ՀՀ ԿԲ միջազգային պահուստների նվազեցմանը, կամ էլ հարկադրում է արտասահմանյան նոր պարտքերի լծի տակ ընկնելուն, կամ էլ այդ երկու միջոցները կիրառվում են զուգահեռաբար:
Մի քանի դիտարկում էլ անենք արտաքին առևտրում ձևավորված վիճակի վերաբերյալ: Վերջին տարիներին իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, որի հենքն էին կազմում դրամական զանգվածի աննախադեպ սեղմման միջոցով ազգային դրամի բարձր փոխարժեքի ապահովման, վարկավորման բարձր տոկոսադրույքների սահմանումով թանկ փողերի քաղաքականության գործառույթները, ունեցան շատ ծանր հետևանքներ թե՛ արդյունաբերության, թե՛ գյուղատնտեսության համար: Արդեն իսկ մեր երկրում, ինչպես վերը ասվել էր, ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ տեղական արտադրանքը թե՛ հանրապետության ներսում, թե՛ արտաքին շուկաներում դարձել է անմրցունակ: Տարեցտարի մեծացան ներմուծման ծավալները, դրանով իսկ մեծացավ Հայաստանի կախվածությունը արտասահմանից: Բավական է նշել, որ լայն սպառման ապրանքների ավելի քան 40%-ը բաժին է ընկնում ներմուծվող ապրանքներին: Առանձնահատուկ նշենք, որ բնակչության սպառման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող 17 ապրանքատեսակներ ներմուծելու համար միայն անցյալ տարի ծախսվել է 1 մլրդ 313 մլն 827 հազար դոլար: Եվ ահա հենց այստեղ է, որ պետությունը, ինքնամեկուսանալով արտաքին առևտրի ոլորտից, այն ամբողջությամբ հանձնեց խոշոր ներկրողների քմահաճ կամայականություններին, ավելին, իր կրավորական դիրքորոշումով նպաստեց մի նոր խավի գոյացմանը: Գործի էր դրվել որքան պարզունակ, այնքան էլ ցինիկ գործառույթ, այն է` արհեստականորեն պահվող բարձր դրամի փոխարժեքի պայմաններում ստեղծվել էր մի զավեշտալի իրավիճակ: Եթե ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկումը եվրոյի, բրիտանական ֆունտ ստեռլինգի, շվեյցարական ֆրանկի նկատմամբ արձանագրում էր փոխանակման որոշակի փոխարժեք, ապա մեզ մոտ` Հայաստանում դոլարի փոխարժեքը առնվազն 10-12 տոկոսային կետով ավելի ցածր էր: Արդյունքում, մեր խոշոր ներկրողները, փոխանակելով դրամը դոլարներով, ի սկզբանե ունեին երաշխավորված 10-12% շահույթ: Սակայն դա ամենևին էլ չէր անդրադառնում էժան դոլարներով գնված ներմուծվող ապրանքների մեծածախ և մանրածախ գների վրա: Պատճառը, չհաշված վերջիններիս ագահությունը, մեկն է. արտաքին առևտրում գերիշխում է մենաշնորհային կարգավիճակը, ուստիև բացակայում է մրցակցությունն ու ազատ գնագոյացումը: Ստացվում է այնպես, որ համաշխարհային պարենի շուկայում ցորենի, բրնձի, շաքարավազի գների զգալի անկման պայմաններում (էլ չեմ խոսում նավթի գնի շուրջ 3 անգամ անկման մասին), արտաքին առևտրում արձանագրված միտումներին մեր շուկան կամ չէր արձագանքում, կամ լավագույն դեպքում ցույց էր տալիս կենդանության և համարժեք գործելու շատ թույլ, հազիվ նշմարելի նշաններ: Հակառակ դրան, երբ միջազգային բորսաներում դեռ ընդամենը հայտարարվում էր գների բարձրացման մասին, ապա հայաստանյան շուկան անմիջապես արձագանքում էր այդ լուրին, հայտարարված թանկացումներից էլ մի բան ավելի բարձրացնելով գները: Հետագայում դեպքերը զարգանում էին հայտնի սցենարով. Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի խիստ նախազգուշացումներ, մի քանի համեմատաբար անպաշտպան սլաքավարների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներ և վերջ: Մի խոսքով, ծավալվում էր պայքար ոչ թե «հիվանդության» պատճառների վերացմանը միտված, այն է` արտաքին առևտրաշրջանառությունում մենաշնորհների կազմալուծման ուղղությամբ, այլ ծավալվում էր «անողոք» պայքար դրա հետևանքների, գները բարձրացնող մանրածախ առևտուր իրականացնողների դեմ: Հայաստանյան ֆինանսատնտեսական ճգնաժամի ներքին պատճառների մասին կարելի էր այլ օրինակներ ևս բերել, սակայն բավարարվենք այսքանով:
Անդրադառնանք մեր էկոնոմիկայի վրա գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի թողած բացասական հետևանքների վրա: Ինչպես վերը նշվել էր, համաշխարհային ճգնաժամի հետևանքով զգալիորեն պակասել էին մեր հայրենակիցների կողմից Հայաստան` իրենց հարազատներին ուղարկվող օգնության, տրանսֆերտների ծավալները: Այս տարվա անցած երկու ամիսների ընթացքում միայն բանկային համակարգով ստացված տրանսֆերտները կրճատվել են ավելի քանի 20%-ով, մինչդեռ բոլորիս համար ակնհայտ էր, որ բանկային համակարգով ստացված տրանսֆերտները լավագույն դեպքում կազմում են ընդհանուր օգնության 65-70%-ը: Այս տոկոսներին ենք գալիս, եթե վեր ենք լուծում 2008, ինչպես նաև նախորդ տարիների ընդհանուր վճարային հաշվեկշռի գումարելիները: Անշուշտ, համաշխարհային ճգնաժամի հետևանքներին պետք է դասել նաև այն, որ մեր էկոնոմիկայում կրճատվելու միտում է արձանագրվում ուղղակի ներդրումների ծավալներում: Վերցնենք թեկուզ Ալավերդու մետալուրգիական համալիրում նախատեսվող ներդրումային ծախսերի հետաձգումը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտերկրի սեփականատիրոջ կողմից ներդրումներ կատարելուց հրաժարվելու փաստը, որի հոգսը այս նեղ վիճակում հարկարդրված եղավ իր վրա վերցնել մեր կառավարությունը, հաշվի առնելով այդ կոմբինատի համակարգաստեղծ և քաղաքաստեղծ լինելու գործոնը թե՛ Քաջարանի, թե՛ Սյունյաց մարզի համար (այստեղ ավելորդ չէ հիշել, որ այդ կոմբինատը մինչև սեփականաշնորհումը տարեկան ապահովում էր 120-130 մլն դոլարի շահութաբերություն և եթե համաշխարհային շուկայում մոլիբդենի գներն ընկել են ավելի քան 3 անգամ, ապա այդ համալիրի շահութաբերությունն էլ թող ընկներ 4 անգամ` կազմելով նվազագույնը 30 մլն դոլար տարեկան: Մինչդեռ խորը ճգնաժամի մեջ հայտնված մեր պետությունը այսօր հարկադրված է միջազգային առանց այն էլ իր սահմանափակ հնարավորություններից 10 մլն դոլար հատկացնել դրան): Ուղղակի ներդրումների ծավալի կրճատումը տրանսֆերտների կրճատման հետ մեկտեղ առաջացրեց երկրի վճարային հաշվեկշռում լուրջ լարվածություն, ինչն ավելի խորացավ, երբ 2009 թ. միայն հունվար ամսին առևտրաշրջանառության հաշվեկշիռը բացասական էր, այն էլ` 185,9 մլն դոլարի չափով:
Ամփոփելով ասվածը` կարելի է արձանագրել, որ ՀՀ-ի համար գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հիմնական բացասական գործոններն էին` դրսից ստացվող տրանսֆերտների ծավալի զգալի նվազումը, համաշխարհային շուկայում, մասնավորապես, պղնձի, մոլիբդենի գների շեշտակի անկումը` պայմանավորված դրանց նկատմամբ պահանջարկի անկմամբ, որը շոշափելի հարված հասցրեց մեր արտահանման ծավալներին` կրճատելով դրանք, մեծացնելով արտաքին առևտրաշրջանառության հաշվեկշռի բացասական սալդոն: Բացասական ազդեցություն ունեցան նաև ուղղակի ներդրումների և ընդհանուր ներդրումների ծավալների սեղմումը, ինչպես նաև միջազգային տուրիզմից, իրականացվող միջազգային այլ ծառայություններից Հայաստան ներհոսող կապիտալի ծավալների կրճատումները: Այս ամենի առկայությունը հանգեցրեց նրան, որ վճարային հաշվեկշռում գոյացավ մեծ պակասուրդ, որը, ինչպես վերն ասված էր, լրացնելու տնտեսագիտությանը մինչև օրս հայտնի երեք ճանապարհ կա: Վճարային հաշվեկշռում առաջացած պակասուրդը պետք է փակվի կամ ՀՀ ԿԲ միջազգային պահուստների հաշվին, կամ միջազգային ֆինանսատնտեսական կառույցներից, երկրներից փոխառություններով, կամ էլ այդ երկու գործոնների միաժամանակյա կիրառմամբ: Ահա սրանք են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները Հայաստանի վրա:
Կատարված վերլուծությունից հետո առնվազն տարօրինակ են հնչում վարչապետի և Կենտրոնական բանկի նախագահի այն հայտարարությունները, որ դրամի փոխարժեքի կարգավորումը նախօրոք մտածված, հեռատես քաղաքականություն էր: Հիշո՞ւմ եք, հայտարարում էին, որ ամեն ինչ գտնվում էր իրենց հսկողության ներքո և հնչում էին նմանատիպ այլ, մեղմ ասած, ստեղծված իրավիճակին ոչ համարժեք արտահայտություններ: Քիչ թե շատ գիտելիքներ ունեցող մարդկանց համար համաշխարհային ճգնաժամի առանձին անխուսափելի դրսևորումները և դրանց առաջն առնելու միջոցները առաջին իսկ օրերից էին պարզ: Կարծում եմ, դրանք պարզ էին նաև կառավարության ու Կենտրոնական բանկի ղեկավարության համար, այլապես Երևանից Մոսկվա, Պեկին, Վաշինգտոն, չգիտեմ այլուր ստիպված չէին լինի պատվիրակություններ ուղարկել` խնդիր դնելով ամեն կերպ փրկել ստեղծված մտահոգիչ իրավիճակը, որն արդյունք է տարիների ընթացքում կուտակված սեփական սխալների` վարվող դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականության: Այնպիսի մի քաղաքականություն, որի վտանգավոր հետևանքները էլ ավելի ցցուն դարձան համաշխարհային ճգնաժամի պայմաններում:
Հաշվի առնելով այս ամենը` առավել կարևորվում է մեր ժողովրդի կողմից կառավարության, ֆինանսական մարմինների հանդեպ ունեցած վստահության կորստի հարցը, հայտարարված նպատակների և իրականում կատարվող գործառույթների միջև եղած անջրպետը: Պարզեցնեմ, թե ինչ երևույթների մասին է խոսքը:
Կենտրոնական բանկի հայտնի որոշումից հետո, այն է` վերադառնալ դրամի ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, Կենտրոնական բանկի նախագահը մարտի 3-ին հայտարարեց, որ մենք ունենք 1 մլրդ 200 մլն դոլարից ավելի Միջազգային պահուստներ: Մինչդեռ ս/թ հունվարի 8-ից մինչև մարտի 2-ը ներառյալ, «ՆԱՍԴԱՔ - ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում իրականացված գործարքների համաձայն, վաճառվել է 466 մլն 425 հազար դոլար (1 դոլարի դիմաց 305 դրամով): Ըստ որում, վաճառվել է Կենտրոնական բանկի միջազգային պահուստներից, որի արդյունքում 2008 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա 1 մլրդ 401,2 մլն դոլարի միջազգային պահուստները կրճատվել են` հասնելով 935 մլն 775 հազար դոլարի: Սրա հետ մեկտեղ նշենք, որ 2008 թ. նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 30-ը նույն այդ բորսայում վաճառվել է 292 մլն 949 հազար դոլար, որից զգալի մասը բաժին է ընկնում նույնպես միջազգային պահուստներից վաճառված արտարժույթին (նշենք, որ 2008 թ. ընթացքում ՀՀ միջազգային պահուստները կրճատվել են 254 մլն 200 հազար դոլարով, 2007 թ. դեկտեմբերի 31-ին գրանցված 1 մլրդ 659 մլն 200 հազար դոլարից հասնելով 1 մլրդ 405 մլն դոլարի): Նման պարագայում զարմանք է հարուցում նաև այն, որ վարչապետը մարտի 4-ին, պատասխանելով հեռուստալրագրողների հարցին, որպես դրական ձեռքբերում ներկայացրեց այն, որ մինչև մարտի 3-ը (դրամի շուրջ 22%-ով արժեզրկումը դոլարի նկատմամբ) առևտրային բանկերը կարողացել էին արտարժույթով ավելի քան 120 մլն դոլարով ավելացնել իրենց լիկվիդային միջոցները` դրանք հասցնելով 700 մլն դոլարի: Հիրավի, լուրջ մտահոգվում ես, երբ երկրի վարչապետը դրական է ներկայացնում այն փաստը, որ երկիրը խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, գիտենալով, որ օրեր հետո արժեզրկվելու է հայկական դրամը, իր միջազգային պահուստներից շուկայական գնից առնվազն 22%-ով ավելի էժան, ֆիքսված գներով բորսայում վաճառում է առևտրային բանկերին 120 մլն դոլար, իսկ հետո էլ հպարտանում դրանով: Այլ կերպ ասած` կառավարությունը և Կենտրոնական բանկը իրենց վարած քաղաքականությամբ նպաստել են, որ առևտրային բանկերը հաշված օրերի ընթացքում այսօր կարող են ստանալ գերշահույթ, այն է` ֆիքսված 305 դրամ 1 դոլարի դիմաց գնված 120 մլն դոլարը այսօր իսկ այդ նույն բորսայում հանելով վաճառքի միջինը 370 դրամ 1 դոլարի դիմաց` կունենան շուրջ 8 մլրդ դրամի շահույթ: Վերը նշել էինք, որ 2008 թ. ՀՀ առևտրային բանկերն արձանագրել էին 27 մլրդ 100 մլն դրամի զուտ շահույթ, ուստի ի՞նչն էր խանգարում, որ այդ զուտ շահույթից նրանք հավելյալ 8 մլրդ դրամ հատկացնեին և իրենց անհրաժեշտ 120 մլն դոլարը գնեին ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալուց, մարտի 2-ից հետո: Թող դիմանային, հաշտվեին այն մտքի հետ, որ այդ 8 մլրդ դրամը մեծ բեռ չէր լինի արձանագրված 27 մլրդ 100 մլն դրամ զուտ շահույթի մեջ: Ընդունենք նաև, որ դրամի արժեզրկման պայմաններում, այո, առևտրային բանկերը նախկինում արտարժույթով տված վարկերի վերահաշվարկի արդյունքում թող կրած լինեին իրենց կողմից հայտարարված 4,5 մլրդ դրամի վնասներ: Չէ՞ որ ընդհանուր առմամբ անցած տարվա արձանագրված զուտ շահույթի 30,5% աճի տեմպի պայմաններում կրած այդ վնասը ընդհանրապես հիվանդագին չէր անդրադառնա առևտրային բանկերի վրա, որքանով դա անդրադարձավ հատկապես մեր անապահով խավի վրա, ով մարտի 2-ից հետո հարկադրված էր 10-15%-ով ավելի վճարներ կատարել առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելիս: Թե ինչպես անվանել այս քաղաքականությունը, եթե չասենք` գործարք, թողնում եմ ընթերցողի եզրակացությանը: Բնականաբար, բանկերի կողմից ստացված այդ հավելյալ 8 մլրդ դրամ շահույթի «ջարման» քաշողը դառնալու է նույնպես մեր ժողովուրդը: Չէ որ հայտնի տրամաբանությունն է գործում` եթե մեկը շահում է, իսկ տվյալ դեպքում շահողը առևտրային բանկերն ու խոշոր ներկրողներն են, ապա մյուսները պետք է տուժեն: Մեր դեպքում կորցնողը մեր ժողովուրդն է, որը հարկադրված է իր կենսագոյությունը պահպանելու համար գնել անհրաժեշտ ապրանքներ, որոնց զգալի մասը ներկրվելու է Հայաստան արդեն իսկ ավելի բարձր փոխարժեք ունեցող դոլարով կամ եվրոյով և վաճառվելու է էլ ավելի թանկ գներով:
Կարծում եմ, բերված փաստացի նյութերը բավարար են անելու մի եզրակացություն. վարվող տնտեսական և դրամավարկային քաղաքականությունն ուղղված է միայն և միայն խիստ սահմանափակ թվով մարդկանց հարստացմանը` այն էլ ժողովրդական ամենալայն զանգվածների հետագա աղքատացման հաշվին: Այդ քաղաքականությունը ոչ միայն չի նպաստում, այլև արգելակում է փոքր և միջին բիզնեսի կայացումը: Այսպես շարունակելու դեպքում երկիրը կհայտնվի դժվար հաղթահարելի մարտահրավերների առաջ, դա էլ, մեղմ ասած, լավագույն դեպքում: Իսկ հաշվի առնելով ներքաղաքական գերլարված իրավիճակը, Արցախյան հիմնահարցի առկախ լինելու իրողությունը, կարծում եմ, հրամայական են դարձնում գործնական քայլերի մշակումը ստեղծված վիճակը շտկելու ուղղությամբ, իսկ հապաղելը կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայոց պետականության համար: Եվ սա չափազանցություն չէ:
Քննադատական այս վերլուծությունը նպատակ ունի հաստատելու մի պարզ և հայտնի ճշմարտության պահանջված լինելու փաստը: Լավ է ապրել համաձայն «ով նախազգուշացված է, նա զինված է» սկզբունքի, քան դառնալ 5-րդ դարի գալա-հռոմեական գրող, Արվերնի եպիսկոպոս Սիդոնիուս Ապոլինարիսի սինդրոմի զոհը` համառորեն չտեսնելով քո գլխի վրա կախված վտանգը, երբ դա տեսանելի է արդեն իսկ շատերին:
«Ազատամտություն», 24-25. III. 2009: