«Հ 2» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆ ՇԱՎԱՐՇ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀՅՈՒՐԸ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ Է

10.06.2009

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ  ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇՈՒՐՋ

(Հարցազրույցի սղագրությունը)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայում իր բացասական ներգործությունն է շարունակում ունենալ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որի չթուլացող ազդեցությունը նաև մեծապես պայմանավորված է մեր գործադիր և ֆինանսական իշխանությունների կողմից վարվող ոչ արդյունավետ ու անհեռանկար քաղաքականությամբ: Փորձենք միասին գնահատել տնտեսական այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը:

Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվության համաձայն ՀՀ համախառն ներքին արդյունքը 2009 թ. հունվար-ապրիլին 2008 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 90,3%: Մտահոգիչ է, որ ապրիլ ամսվա ՀՆԱ-ն կազմել է մարտ ամսվա ՀՆԱ-ի 94,6%-ը,  այլ կերպ ասած` վերջին երկու ամիսներին նկատվում է անկման միտում: 2009 թ. առաջին չորս ամիսների արդյունքում առավել շեշտակի անկում է գրանցվել արդյունաբերությունում. նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն կազմել է 88,9%, շինարարությունում` 57,6%, արտահանման ծավալները կազմել են 52,2%, ներմուծման ծավալները` 75%, ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2008 թ. հունվար-ապրիլի 70%-ը: Անկում է գրանցվել նաև գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում, այն կազմել է` 95,9%:

Բնականաբար, ՀՆԱ-ի ծավալների անկումն իր հետևից հանգեցրեց բյուջետային մուտքերի կրճատման: Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական  բյուջեի եկամուտները նվազել են 9,9%-ով կամ 21,5 մլրդ դրամով: Ավելին, 2009 թ. հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 151 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր, որոնք կազմում են տարեկան ծրագրի ընդամենը 20,7%-ը: Եթե տնտեսության գահավիժման այս տեմպերի առաջը չառնվի, ապա տարեկան բյուջեն կկատարվի լավագույն դեպքում 62-63 %-ով` դրանից բխող ամենածանր հետևանքներով: Թերևս, նման զարգացումների վերլուծություններն էին, որ երկու-երեք շաբաթ առաջ տեղ գտան Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից հրապարակված Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում իրական ՀՆԱ-ի կանխատեսվող աճի տեմպի վերաբերյալ զեկուցման մեջ: Այդ տարածաշրջանի 8 երկրների (Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի) էկոնոմիկաների մասին զեկույցը վերստին ընդգծում է մեր երկրի տնտեսության մեջ վտանգավոր միտումները (աղբյուրը տե՛ս www.imf.org): Համաձայն այդ զեկույցի` կանխատեսվում է հետևյալ պատկերը.

Կարդալ ավելին...

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ  ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հարգելի ընթերցող, մինչև վերլուծելը, թե ինչպիսիք են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թողած հետևանքները Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա, համառոտ վերհիշենք այդ մասին մեր կառավարության և Կենտրոնական բանկի պաշտոնապես տված գնահատականները: Այս խնդիրը կարևոր եմ համարում ոչ այն պատճառով, որ 2008 թ. հոկտեմբերից մինչ օրս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների ազդեցությունը մեր էկոնոմիկայի վրա իրարամերժ գնահատականների են արժանացել, այլ նպատակ ունեմ անկողմնակալ ներկայացնել դրանց հիմնավորվածության աստիճանը: Ըստ որում, գործադիր և ֆինանսական իշխանությունների կողմից խնդրո առարկայի վերաբերյալ տրված իրարամերժ մեկնաբանությունների մասին քանիցս ամենայն բծախնդրությամբ և ճշգրտությամբ նշվել է ամենատարբեր` թե՛ իշխանամետ, թե՛ անկախ և թե՛ տերպետրոսյանական մամուլում: Եվ, ցավոք, այդ բոլոր հրապարակումները իշխանությունների կողմից մնացել են առանց համարժեք պարզաբանումների կամ պատասխանի: Ինչո՞ւ եմ մանրամասնում այս հարցը, որովհետև եթե չկա ընթացող պրոցեսների հիմնավոր վերլուծություն, եթե բացակայում է դրանց անկողմնակալ գնահատականը, ապա հուսալ, որ կառավարության և ֆինանսական իշխանությունների կողմից ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումները հաջողությամբ կպսակվեն, կլիներ, մեղմ ասած, չարդարացված չափազանցություն: Եվ այսպես, որո՞նք էին գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին տված մեր վարչապետի վերջին եզրահանգումները:

Շուրջ մեկ ամիս առաջ պարոն Տ. Սարգսյանը ելույթ ունեցավ Ծաղկաձորում` համեստորեն «Հայկական Դավոս» կոչված կոնֆերանսում (հավանաբար, դրա աշխատանքներին մասնակցում էին էկոնոմիկայում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ` Պոլ Կրուգմանը, Ռոբերտ Մանդելլը, Դուգլաս Նորտը, Նուրիէլ Ռուբինին, Ջոզեֆ Ստիգլիցը և աշխարհահռչակ այլ գիտնականներ, որոնք անհագուրդ մղում ունեին օր առաջ գալ և մասնակցել ապագա համաշխարհային ֆինանսական կենտրոն հռչակված Հայաստանում կազմակերպված Ծաղկաձոր-Դավոս ֆորումի աշխատանքներին): Այդ կոնֆերանսում հարգելի վարչապետը, մեջբերում անելով աշխարհի թիվ 2-րդ մեծահարուստ Ուորրեն Բաֆֆետի` «Berkshire Hathaway Incorporation» ընկերության բաժնետերերին ուղղված հայտնի բաց նամակից, ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում աշխարհում ոչ թե ճգնաժամ է, այլ` քաոս: Իհարկե, պարոն վարչապետը հարկ չհամարեց հղում կատարել իր կողմից հնչեցված գնահատականի հեղինակի նամակի վրա: Հավանաբար, մտածել էր, որ դա լսարանի կողմից կարող է ընկալվել որպես ճնշման յուրօրինակ մի միջոց, երբ փորձում ես ասածներդ անհերքելի դարձնելու համար հղում կատարել տվյալ ոլորտում անվիճելի հեղինակություն ունեցողի ասածի վրա: Սակայն տարօրինակն այն է, որ վարչապետի խոսքում չհնչեցին Ուորրեն Բաֆֆետի երկու այլ դիտարկումները ևս, այն է` իր գլխավորած կառույցը մինչև մոլեգնող այս ճգնաժամը 44 տարի հիմնականում եղել է եկամտաբեր, այսուհետ էլ, համոզված է Բաֆֆետը, 44 տարի էլ շարունակելու է մնալ եկամտաբեր: Եվ 2-րդ գնահատականն էլ այն էր, որ «Berkshire Hathaway Incorporation» ընկերության կրած վնասները (ճգնաժամի արդյունքում կորպորացիան և ինքը` Բաֆֆետը, ունեցել են կապիտալիզացիայի ընդամենը 5%-ի կորուստ) Բաֆֆետը ինքնաքննադատաբար որակեց իբրև «սեփական իդիոտական սխալների» հետևանք: Ծաղկաձորում ունեցած զեկուցումից 2-3 շաբաթ անց պարոն վարչապետը ելույթ է ունենում արդեն իսկ Սլավոնական համալսարանի կողմից կազմակերպված նմանօրինակ կոնֆերանսում: Այստեղ արդեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամին հետևած գործառույթները բնութագրելիս նա իրավացիորեն կրկնում է ռուսաստանցի մի շարք ճանաչված վերլուծաբանների (Միխայիլ Խազին, Միխայիլ Լեոնտև, Միխայիլ Դելյագին, Սերգեյ Կուրղինյան) հրապարակային ելույթներում և հոդվածներում տրված հայտնի գնահատականները: Այն է` ֆինանսական տնտեսական ճգնաժամը հանգեցրեց նրան, որ առաջատար երկրները, խնդիր ունենալով փրկել սեփական երկրների համակարգաստեղծ ձեռնարկությունները սնանկությունից, սկսեցին իրականացնել հովանավորչական քաղաքականություն` անտեսելով արդյունաբերական այդ նույն հսկաների աշխարհով մեկ սփռված մասնաճյուղերի ճակատագիրը: Այլ կերպ ասած` վերլուծաբանները եզրակացրեցին, որ համաշխարհային լիդերները որդեգրել են մի քաղաքականություն, ըստ որի կենտրոնանում են սեփական երկրների հոգսերը հոգալու խնդիրների վրա, մի կողմ թողնելով տրանսազգային խոշոր կոմպանիաների աշխարհասփյուռ հազարավոր մասնաճյուղերի խնդիրներին լուծումներ տալու գործառույթները: Ահա, այս երևույթը հաշվի առնելով էր, որ դեռ վարչապետի այս ելույթից ամիսներ առաջ հիշատակածս վերլուծաբանները հայտարարեցին, որ համաշխարահային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներից մեկն էլ այն եղավ, որ գլոբալ համաշխարհային տնտեսությունը դրսևորում է լոկալիզացիայի միտումներ` լոկալիզացվում է, գլոբալիզացիան վերածվում է լոկալիզացիայի: Այս դեպքում էլ վարչապետի կողմից չեղան համապատասխան հղումներ հեղինակներին: Հավանաբար, պրն Տ. Սարգսյանը կրկին առաջնորդվել է այն նույն տրամաբանությամբ` հանկարծ լսարանի մոտ տպավորություն չստեղծվի, որ վարչապետը իր խոսքը համոզիչ դարձնելու համար հիմա էլ հղումներ է կատարում ճանաչված ռուս վերլուծաբանների տված գնահատականների վրա: Ի դեպ, գլոբալիզացիայից լոկալիզացիայի անցման եզրահանգման փաստը արձանագրվել էր դեռ ամիսներ առաջ, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, Գերմանիայի բունդեսկանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գրեթե նույն ժամանակաշրջանում հայտարարել էին իրենց երկրների ավտոարդյունաբերական հսկաներին ֆինանսական խոշոր օգնություն հատկացնելու մասին: Ավելին, Բարաք Օբաման հանդես էր եկել կոչով` ուղղված ամերիկացիներին. գնել միայն Ամերիկայում արտադրված ապրանքներ: Մասնավորապես, Սլավոնական համալսարանի իր այդ ելույթում վարչապետը, ասես թե, պատկերավոր բնութագրելու համար համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին տրված մեկնաբանությունները, նշեց, որ, պաշտոնական այցով լինելով ԱՄՆ-ում, նա ուսումնասիրել և հայտնաբերել էր, որ մեծ պահանջարկ ունի, և գրախանութներում սպառվել է Կարլ Մարքսի «Կապիտալը»:

Կարդալ ավելին...

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԻ 13-ԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՆԵՑԱԾ ԶՐՈՒՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Թերևս հարկ չէր լինի հատուկ անդրադառնալ վարչապետի մարտի 13-ի հարցազրույցին, եթե Հայաստանի Հանրապետությունը հայտնված չլիներ սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ: Դա հրամայական է դարձնում ճգնաժամի պատճառների ճշգրիտ ախտորոշումը և համարժեք գործողությունների իրականացումը: Ներկայումս հրատապ խնդիր է մշակել և գործի դնել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը կմեղմի թե՛ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեր երկրում և թե՛ կբացահայտի այն արատները, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայում, սակայն, ավա˜ղ, դրանք դիմագրավելու, առաջն առնելու գործառույթները մինչև օրս իսպառ բացակայում են:

Եթե խնդրո առարկային մոտենանք այս դիտանկյունից, ապա լրագրողի տված հենց առաջին հարցին վարչապետի տված պատասխանի ամենախոցելի տեղն այն է, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը նա ամբողջովին պայմանավորում և կապում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Մինչդեռ ընդամենը 3-4 ամիս առաջ, միմյանց հերթ չտալով, թե՛ վարչապետը, թե՛ Կենտրոնական բանկի նախագահը, թե՛ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները մամուլով և էլեկտրոնային լրատվամիջոցներով եռանդագին հայտարարում էին, որ ճգնաժամի առաջին ալիքը հաղթահարել ենք, ՀՀ-ն խաղաղ նավահանգիստ է, ունենք ուժեղ գործիքներ ճգնաժամին դիմակայելու համար և անում նմանատիպ անհիմն այլ պնդումներ: Գնահատելով այսօր երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, հարկ է նշել, որ այն խիստ մտահոգիչ է: Դրա վկայությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած տվյալներն են: Մասնավորապես, 2009 թ. հունվար  ամսին 2008 թ. դեկտեմբերի համեմատ ՀՆԱ-ն կազմել է 37,2%, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 32,1%, շինարարության ծավալը 13,7%, մանրածախ առևտրի շրջանառությունը 36,47%, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը այս տարվա հունվարին կազմել է նախորդ տարվա դեկտեմբերի աշխատավարձի ընդամենը 78,3%-ը: Թվում էր,  թե վարչապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պետք է առարկայական վերլուծություն կատարեր` վեր հանելով տնտեսության անկման պատճառները, մատնանշելով դրանց հաղթահարման ուղիները: Ավա˜ղ, դա տեղի չունեցավ: Տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը և Կենտրոնական բանկը մակերեսորեն են տիրապետում մեր երկրի տնտեսական վիճակին, չեն դրսևորում այն համարժեք գնահատելու ունակություն: Այս ամենի արդյունքում կորսվում է հնարավոր հեռանկարային զարգացման տեսլականը, բացակայում է հնարավոր զարգացումների հիմնավոր կանխատեսումներ անելու պահանջված գործառույթը: Առավել վտանգավոր է, որ երկրի տնտեսական վիճակի կանխանկատվող հետագա վատթարացումը ամբողջությամբ և բացառապես պայմանավորում են համաշխարհային ճգնաժամով` անտեսելով էկոնոմիկայի վրա ոչ պակաս բացասական ազդեցություն ունեցող ներքին բազում տնտեսության առաջընթաց զարգացումն արգելակող գործոնները: Այս պայմաններում էկոնոմիկայում առկա տագնապահարույց միտումները ամբողջովին պայմանավորել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, նախ, տնտեսագիտորեն հիմնավոր չէ, երկրորդ, հղի է չարդարացված հակաճգնաժամային միջոցառումների իրականացմամբ և դրա արդյունքում տնտեսության փլուզման վտանգով: Այլ կերպ ասած` կառավարությունը, վարչապետը վարվող տնտեսական քաղաքականության բացասական հետևանքները գնահատելու փոխարեն, ըստ էության, ընտրել են համաշխարհային ճգնաժամի թիկունքում թաքնվելու մարտավարություն: Մինչդեռ նշենք, որ պատասխանատվությունից խուսափելու այս դրսևորումը կարող է սոցիալ-տնտեսական ծայրահեղ հետևանքներ ունենալ մեր երկրի և  պետականության համար:

Անհրաժեշտ է, որ օր առաջ ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը մեր տնտեսության համար բացասական հետևանքները, որոնք պայմանավորված են համաշխարհային ճգնաժամով, պարզորոշ սահմանազատեն մեր էկոնոմիկային ներհատուկ այն գործոններից, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում զարգացման վրա և պայմանավորված են հենց նույն` երկրում վարվող անհեռանկար տնտեսական քաղաքականությամբ: Մասնավորապես, ՀՀ կենսագոյության համար առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում ստեղծված է մենաշնորհային գերիշխանություն, որը արգելակում է ազատ գնագոյացումը ու մրցակցությունը: Բացի այդ, առկա է տնտեսվարող  սուբյեկտների վրա հարկային բեռի խիստ անհավասար բաժանում: Մենք ականատեսն ենք, երբ հարկային բեռի անհամաչափ և անարդարացի մեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում փոքր և միջին բիզնեսին, ինչն էլ վկայում է փոքր և միջին բիզնեսի պաշտպանված չլինելու մասին: Ավելին, վերջերս մենք ականատեսը դարձանք, երբ պետական օրենսդրական  ակտերի և որոշումների հիման վրա (որոնց կիրառումը ոչ ճգնաժամային պայմաններում միգուցե արդարացված լիներ), ըստ էության, արգելակում է փոքր բիզնեսի կայացումը և վերջինս, փաստորեն, դադարեցնում է իր գործունեությունը` լինեն դրանք տաքսու վարորդներ, տոնավաճառի վաճառողներ և այլոք: Դրա հետ մեկտեղ տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունն ամբողջությամբ ձեռքերը լվացել է գյուղացիական մենատնտեսություներից, ֆերմերներին համակարգված օգնություն ցույց տալու մարտավարությունից: Կարդալ ավելին...

ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵՐԿՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ:

ԴԱՍԸՆԹԱՑ ՌՈՄԱՆՏԻԿ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՐՍ Հ2 ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ ԽՈՍԵՑ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ

Երկիրը թևակոխել է ճգնաժամի արդեն իսկ նոր փուլ, և դեռ տնտեսության անկման հատակին չենք հասել, որ նախանշենք դրանից դուրս գալու քայլը: Եվ այսօր ամենակարևորն այն է, որ իշխանությունները պետք է մանրակրկիտ վերլուծեն ու հստակ ձևակերպեն, թե որո՞նք են հայաստանյան ճգնաժամի յուրահատկությունները և ինչո՞վ են դրանք պայմանավորված: Գործընթաց, որը, ավաղ, հապաղում են կատարել:

Ի դեպ, նկատենք, որ հանրապետության էկոնոմիկան առանց այդ էլ կուտակել էր ճգնաժամային «ներուժ»: Դրա հետ մեկտեղ հարկ է հաշվի առնել նաև այն, որ համաշխարհային գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը, ինչ խոսք, իր բացասական հետևանքները թողեց մեր էկոնոմիկայի վրա: Նշենք, որ 2008 թ. ՀՀ-ում իրականացված շինարարության ծավալի աճի տեմպը 2007 թ. նկատմամբ կազմել է ընդամենը 107,1%, իսկ շինարարությունում հիմնական միջոցների գործարկման ծավալը 2007թ. նկատմամբ կազմել է ընդամենը 81,9%, շեշտակի անկում է արձանագրվել քիմիական արդյունաբերությունում, որտեղ 2008 թ. արտադրության ծավալները կազմել են 2007թ. արտադրության ծավալների 85,2 տոկոսը, մետաղագործական արդյունաբերությունում` 90,4%, մեքենաների և սարքավորումների արտադրությունում՝ 82,4%: Աճի տեմպի զգալի անկում է արձանագրվել նաև գյուղատնտեսության մեջ: 2008 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճի տեմպը 2007 թ. նկատմամբ կազմել է ընդամենը 101,3%:

Հիշեցնեմ, որ անցած 5 տարիների ընթացքում շինարարության և գյուղատնտեսության բարձր, անգամ իսկ մինչև 35-40 տոկոսի հասնող, աճի տեմպերով էին մեծապես պայմանավորված Հայաստանի ՀՆԱ-ի երկանիշ աճի տեմպերը: Կարծում եմ, այս թվերը ավելի քան խոսուն են և անլրջության ոլորտ են մղվում Հայաստանը փոթորիկներից հեռու, հանգիստ նավահանգիստ, պաշտպանված կղզյակ ներկայացնող կառավարական և կենտրոնաբանկային ռոմանտիկ պաշտոնյաների կողմից:

Այնուամենայնիվ, որո՞նք էին հայաստանյան ճգնաժամի նման դրսևորման պատճառները: Ահա այդ հարցին պատասխանելու համար հակիրճ վերլուծություն կատարենք: Ըստ որում, հայտնած բոլոր թվերը բերված են միայն և միայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական զեկույցներից:

Եվ, այսպես, 2003-2008 թթ. Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքն աճել է 2,25 անգամ. հիանալի թիվ է: Ճիշտ այդ նույն ժամանակաշրջանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2,8 անգամ: Մատուցվող ծառայությունների ծավալն աճել է 3,38 անգամ: Դրա հետ մեկտեղ իրական տնօրինած եկամուտներն աճել են 1,8 անգամ, շեշտակի աճել են ներմուծվող ապրանքների ծավալները` 3,47 անգամ:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ անցած 5 տարիների ընթացքում արձանագրվել է սպառողական ներքին պահանջարկի բարձր մակարդակ, որը գերազանցել է ՀՆԱ-ի աճի տեմպը: Այլ կերպ ասած` Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, մատուցվող ծառայությունները չեն հասցրել բավարարել աճող սպառողական ներքին պահանջարկը: Դա իր հետեւից բերել է ներմուծման ծավալների շեշտակի բարձրացում: Անցած 6 տարիների ընթացքում, ինչպես արդեն ասացի, 3,47-ով աճել են ներմուծման ծավալները: Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր