Ալեքսան Կարապետյանը նոր պաշտոնի է նշանակվել

12.08.2014, 1in.am

«Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Ալեքսան Կարապետյանը նոր պաշտոնի է նշանակվել: Այժմ նա քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի գլխավոր խորհրդականն է: Հիշեցնենք. նա քաղաքաշինության փոխնախարարն էր և աշխատանքից ազատվել է օգոստոսի 5-ին՝ իր դիմումի համաձայն, և նոր պաշտոնին նշանակվել է անմիջապես հաջորդ օրը՝ օգոստոսի 6-ին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ա. Կարապետյանն ասաց, որ մեկ ամիս առաջ է ազատման նամակ-դիմում գրել և խնդրել իրեն տեղափոխել ավելի թեթև աշխատանքի: Նրա խոսքով՝ ինքը սրտի վիրահատության է ենթարկվել, և առողջական վիճակը չէր ներում փոխնախարար աշխատելու համար:

«Խնդրել եմ ժամանակավորապես տեղափոխել այլ աշխատանքի՝ մինչև առողջական վիճակս կարգավորվի: Շատ ծանրաբեռնված էի: Կաշխատեմ նախարարի գլխավոր խորհրդական, իմ աշխատանքային ծանրաբեռնվածությունը մի քիչ կթեթևանա: Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին, որ հարգեց՝ ընդառաջեց, շնորհակալություն նախագահին, ով հավանաբար ընդառաջել է»,- ասաց Ա. Կարապետյանը՝ ավելացնելով, որ օգոստոսի 12-ից արդեն կանցնի նոր աշխատանքի:

Վերջինս նաև հավելեց, որ փոխնախարար եղած ժամանակ քաղաքաշինության նախարարությունում համակարգել է կոմունալ ձեռնարկությունների, համատիրությունների, նորմատիվա-տեխնիկական բազայի, սեյսմիկ շինարարության ոլորտները, որոնք, նրա խոսքերով, բավականին բարդ բաժիններ են:

Հիշեցնենք նաև, որ Ա. Կարապետյանի փոխարեն քաղաքաշինության փոխնախարար նշանակվեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: Վերջինս նախկինում ղեկավարել է Գնումների գործակալությունը և գործակալության պետի պաշտոնից ազատվել է 2012թ. սեպտեմբերին: Այն ժամանակ կարծիք կար, թե Հ. Բեգլարյանն աշխատանքից ազատվել է գնումների ոլորտում տեղի ունեցած չարաշահումների կամ ատկատների պատճառով:

Հարցին՝ իսկ արդյոք Ձեր ազատումն ու փոխարենը Հ. Բեգլարյանի նշանակումը ենթադրո՞ւմ են, որ Հովիկ Աբրահամյանը պարզապես ցանկանում է գործադիրի առանցքային պաշտոններում իր թիմի անդամներին նշանակել, Ա. Կարապետյանը պատասխանեց. «Բացարձակ: Ես մեկ ամիս առաջ էի նամակ-դիմում գրել, նոր է բավարարել, վարչապետը ձգձգում էր և չէր ուզում ազատել»:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր