Երևանի նախկին քաղաքապետերը՝ Հայկ Մարությանի պաշտոնանկության պահանջի մասին

 30.06.3021, Armdaily

https://armdaily.am/?p=142876&l=am

 

ArmDaily.am-ը Երևանի նախկին քաղաքապետերից փորձեց ճշտել, թե ինչպես են վերջիններս գնահատում գործող քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը և արդյոք վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի պնդումը, թե նախորդ ընտրություններին քաղաքապետը բավականաչափ աջակցություն չի ցուցաբերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, բավարար հիմք է նրան պաշտոնանակ անելու համար։

Երևանի նախկին քաղաքապետեր Ռոբերտ Նազարյանը և Երվանդ Զախարյանը հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ։ Իսկ 1989-1990 թթ-ի Երևանի քաղաքապետ Արտաշես Գեղամյանն ընդգծեց, որ Հայաստանում Երևանի քաղաքապետի պաշտոնը թերևս ամենաբարդ պաշտոններից է, եթե ոչ ամենադժվարինը, ուստի առնվազն պետք է մարդ անլուրջ լինի, որ հսկայածավալ աշխատանքին, որը հազարումի երանգ ունի՝ փորձի մեկ նախադասությամբ գնահատել։

«Այդ գնահատականը տալու համար նախևառաջ պետք է տեսնել, թե ինչ ռեսուրսների տեր է Երևանի քաղաքապետարանը, ինչպիսին է բյուջեն, այդ ռեսուրսները որքանով են արդյունավետ օգտագործվում, որքան ռեզերվներ կան, որոնք չեն ներգրավվել։ Մինչև այդ ամբողջ տեղեկատվությունը չտիրապետես՝ բարոյական իրավունք չունես այն հսկայածավալ աշխատանքին, որն շատ հաճախ սովորական քաղաքացիների համար չերևացող է, գնահատական տալ։ Բնականաբար, այս պարագայում, երբ ես ամբողջությամբ չեմ տիրապետում այդ ամենին և ձեռնպահ կմնամ գնահատական տալուց և արտաքին առանձին դրսևորումները, որոնք ավելի շատ զգայական հողի վրա են, ոչ թե գործնական՝ համարում եմ անլուրջ։ Բացի այդ՝ Հայկ Մարությանին գնահատական տալով ՝հաշվի առեք, որ գնահատական եք տալիս 1000-ավոր մարդկանց աշխատանքին, իսկ դրա իրավունքը ունենալու համար պետք է լիարժեք տիրապետեք որոշակի տեղեկատվությանը։ Նման քննարկումը ի սկզբանե չի բխում երևանցիների շահերից և Երևանի զարգացման հեռանկարից»։

Անդրադառնալով իշխող քաղաքական ուժից հնչող մեղադրանքներին, թե քանի որ Հայկ Մարությանը քարոզարշավին բավականաչափ չի աջակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հետևաբար պետք է հեռանա՝ նա ընդգծեց, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը ընտրովի պաշտոն է։

«Երկրորդը՝ նման պնդումներ անողներին ես խորհուրդ կտամ անպայման նեղություն քաշեն ու գնան «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ լեփ լեցուն են ինքնաթիռները, որոնք չվերթեր են կազմակերպում դեպի Ռուսաստան։ Ես հորդորում են ընտանիքներով հեռացող մարդկանց հարցնեն՝ արդյո՞ք իրենք Երևանից, Հայաստանից հեռանում են որովհետև Հայկ Մարությանը լիարժեք չի աջակցել ՔՊ-ին անցած խորհրդարանական ընտրություններին։

Սա ես պատահական չասացի։ Այն հարցերը, որոնք իրոք հրատապ լուծում են պահանջում և իրենց համար հասու չեն այդ լուծումները, մնում են լուսանցքում, նրանք բնականաբար, կեղծ օրակարգ են մեջտեղ բերում՝ նպատակ ունենալով շեղել մարդկանց ուշադրությունն այն ամենից, ինչը պետք է կազմեր իրենց աշխատանքային օրվա բուն բովանդակությունը։ Կրկնեմ դա կեղծ օրակարգ է»։

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր