Թուրքիայի կողմից սա էժանագին հնարք էր, որը, բնականաբար, փուչիկի պես պայթեց. Արտաշես Գեղամյանը` Չավուշօղլուի հայտարարության մասին
12.10.2016, Armlur.am
Թուրքիան անկեղծ ջանքեր էր գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այս մասին ԵԽԽՎ-ի ամբիոնից ասել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Նախարարն հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկում է «Հայաստանի զինված ուժերի դուրս բերում Ադրբեջանի օկուպացված 5 շրջաններից»:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ նա բնականաբար Էրդողանի թելադրանքով է ասում:
«Իր այդ հայտարարությամբ Մևլյութ Չավուշօղլուն ուզում է պատրանք ստեղծել, թե իբր մեր թիկունքում Ռուսաստանը և Թուրքիան ինչ-որ համաձայնությունների են ուզում գալ: Դա թուրքական պարզունակ սադրանք է, որը խնդիր է հետապնդում մեր հասարակության մեջ կասկածանքի որդ սերմանել մեր ռազմաքաղաքական դաշանկցի գործունեության նկատմամբ` ԼՂՀ-ի հակամարտության խնդրի կարգավորման հարցում: Միեւնույն ժամանակ նա ուզում է հակադրվել Ջոն Քերիի հայտարարությանը, որն ըստ էության ապտակ էր Ադրբեջանին և նրա «պապային»՝ Թուրքիային, առ այն, որ Ադրբեջանը պատրաստ չէ կոնստրուկտիվ դաշտում այդ հարցը կարգավորել»,- ասաց Արտաշես Գեղամյանը:
Ըստ նրա՝ պատահական չէ, որ Ալիևը սրանից երեք օր առաջ կոշտ հայտարարություն արեց ԱՄՆ պետքարտուղարի հասցեին` մեղադրելով վերջինիս, որ վարագույրի հետևում իբր նրան` Ադրբեջանի սուլթանին, ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Սա տիպիկ թուրքական խաղ է, որը հետապնդում է պարզունակ նպատակ` թերահավատություն սերմանել մեր ռազմաքաղաքական դաշնակցի` Ռուսաստանի նկատմամբ: Եվ պահն ամենևին էլ պատահական չէ ընտրված, քանի որ հոկտեմբերի 14-ին Երեւանում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը` ՌԴ նախագահ Պուտինի մասնակցությամբ: Նպատակը մեկն է` բոլոր այն համաձայնությունները, որոնք կայացվել են վերջերս`Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ հունիսին Սանկտ-Պետերբուգում ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ չեղարկվեն եւ այդ բանակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը մի քանի ամսով եթե ոչ տարով, կասեցվի»,-դիտարկեց Ա. Գեղամյանը:
Արտաշես Գեղամյանի խոսքով՝ Թուրքիայի կողմից սա հերթական էժանագին հնարք էր, որը, բնականաբար, փուչիկի պես արդեն իսկ պայթեց:
Լիդա Եղիազարյան