«Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը նույն գետը երկու անգամ չեն մտնի»
19.10.2011, A1+
Հարցազրույց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հետ:
-Պարոն Գեղամյան, ինչպե՞ս եք գնահատում այսօր երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Արմատական ընդդիմությունը' ՀԱԿ-ը դադարեցրեց շուրջօրյա հանրահավաքները, սակայն նրա պահանջներից եւ ոչ մեկն առ այսօր չի կատարվել: Կարծես ժամանակավոր հրադադար է: Ինչո՞վ է այն պայմանավորված եւ ի՞նչ զարգացումներ եք ակնկալում:
-Եթե ի սկզբանե չենք ուզում մոլորության մեջ գցել մեր հանրությանը, կամ ինքներս ընկնել մոլորության գիրկը, ապա ՀՀ ներքաղաքական իրավիճակը եւ ընդհանրապես զարգացումներն, ամենեւին պետք չէ կապել միայն եւ միայն ՀԱԿ-ի եւ իշխանությունների փոխհարաբերություններով, առավելեւս երբ որ դրանք չկան:
ՀՀ-ում ընթանում են շատ լրջագույն, մտահոգիչ պրոցեսներ, ինչը պայմանավորված է մեր երկրին, մեր ժողովրդին ավելի շատ դրսից պարտադրված մարտահրավերներով, քան քաղաքական ուժերի վերադասավորումներով, միմյանց միջեւ ընթացող բանակցություններով, դրանց խափանմամբ եւ այլն:
Այսօր Հարավային Կովկասում լուծվում են շատ բարդ աշխարհաքաղաքական խնդիրներ: Մի կողմից արեւմուտքն է, Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն, մյուս կողմից Թուրքիան, մաս կազմելով ՆԱՏՕ-ին, ունի շատ հեռու գնացող եւ շատ վտանգավոր նկրտումներ, ամբիցիաներ, երրորդ կողմից մեր հարեւան, ինչու չէ, նաեւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը, և, վերջապես, ՀՀ հուսալի զինակից, ռազմաքաղաքական դաշնակից ՌԴ-ն եւ իր կենսական շահերը մեր տարածաշրջանում, որոնք միշտ չէ, որ համահունչ են հիշատակածս միջազգային կենտրոնների շահերին: Եթե մենք ուզում ենք ավելի լայնածավալ եւ մեծ գնահատական տալ, պետք է Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ներքաղաքական իրավիճակ դիտարկենք հիշատակածս ուժի, միջազգային կենտրոնների կենսական շահերի հետ, որոնք նրանք հետապնդում են ՀՀ-ում և, ընդհանուր առմամբ Ադրբեջանում եւ Վրաստանում:
-Այսօր կարծիք կա, որ ԼՂՀ խնդրում ՌԴ-ն ավելի առանցքային դերակատարություն է ստանձնել: Թեեւ դա տարիներ շարունակ այդպես եղել է այն պատճառով, որ, ի տարբերություն ԵԱՀԿ մյուս համանախագահ երկրների, ՌԴ-ի հետ ՀՀ-ն կապված է ռազմաքաղաքական պայմանագրերով, դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ այսօր ՌԴ-ն ավելի է ակտիվացնում ջանքերը' ԼՂՀ խնդրի կարգավորման ուղղությամբ:
-Խնդիրը հետեւյալն է, երբ Թուրքիան մի կողմից հրահրում է Ադրբեջանին եւ ինչու չէ, նաեւ հովանավորում է, որ նա ռազմական հռետորաբանություն իրականացնի ՀՀ-ի հանդեպ, որ 10 օրվա ընթացքում 250 անգամ չպահպանի հրադադարի վերաբերյալ փոխպայմանավորվածությունը ԼՂՀ-Ադրբեջան զինված ուժերի շփման գծում, դա գալիս է ապացուցելու, որ գործը փորձում են տանել դեպի պատերազմ: ՌԴ քաղաքական ղեկավարությունը անտարակույս քաջատեղյակ է նման նկրտումներին եւ նա հաշիվ է տալիս առ այն, որ աստված մի արասցե, եթե պատերազմական գործողություններ սկսվեն մեր տարածաշրջանում, հատկապես ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության գոտում, ապա մեկ վայրկյան անգամ պետք չէ վարանել անելու եզրակացություն, որ անհապաղ միջազգային խաղաղարար ուժեր կտեղակայվեն այդ տարածաշրջանում եւ ոչ ռուսական:
Միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը այս տարածաշրջանում հղի է շատ լուրջ հետեւանքներով, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք ու երբեք չի հանդուրժի իրավիճակի նման զարգացում, եւ ամենեւին պատահական չէ, որ երեք օր առաջ Իրանի ԱԳ նախարարի մամլո խոսնակ Կազանում Թաթարստանի պետական խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ, հերթական անգամ վերահաստատեց իր երկրի պատրաստակամությունը' միջամտել հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման գործին, եւ եթե մենք այդ հայտարարությունը դիտարկում ենք վերջերս Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Երեւանում արած այն հայտարարության ֆոնի վրա, թե ֆրանսիացիների նման ոչ ոք չգիտի' ինչ է նշանակում ՀՀ-ի համար ԼՂՀ-ն, այսինքն, նաեւ իր հերթին Ֆրանսիան' որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նման հայտարարություն է անում, մյուս կողմից խնդրո առարկայի վերաբերյալ ՌԴ նախագահի անմիջական նախաձեռնությամբ 10 հանդիպում է եղել 3 նախագահների միջեւ, ապա հերթական անգամ գալիս ենք այն նույն ելակետին, որ այստեղ ցանկացած զարգացում պետք է պայմանավորել մեծ խաղացողների շահերով:
Եվ այս պարագայում երկրի նախագահի իմաստնությունը կայացել է նրանում, որ նա իր քաղաքականությունը կառուցել է ոչ թե ուժի միջազգային կենտրրոնների միջեւ առկա հակասությունների վրա, այլ հակառակը. փորձել է ընդհանրական մի գիծ գտնել եւ իր քաղաքականությունը կառուցել հենց այդ ընդհանրությունների վրա, իսկ ընդհանրությունը մեկն է, ամեն գնով խուսափել հարցի ռազմական լուծման հնարավորությունից, իսկ այս պարագայում մենք պետք է ուշի ուշով հետեւենք զարգացումներին, մասնավորապես հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահը առաջին իր պետական այցը կկատարի ՌԴ եւ համոզված եմ, որ այնտեղ ի թիվս այլ լուրջ հարցերի, քննարկվելու է հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման խնդիրը:
-Վերադառնանք ներքաղաքական խնդիրներին: Վլադիմիր Պուտինի' ՌԴ նախագահի պաշտոնին վերադառնալու լուրը մեզանում ընկալվեց Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին մեսիջներով: Դուք այդպիսի ազդակ այդ երեւույթում տեսնո՞ւմ եք եւ ընդհանրապես հնարավոր համարո՞ւմ եք Քոչարյանի վերադարձը:
-Այդ լուրը պետք է առավել շատ ոգեւորեր ՀՀ գործող նախագահին, որովհետեւ բավական է հիշատակել այն փաստերը, նախ որ ինքն էր շատ մտերիմ աշխատանքային հարաբերությունների մեջ Վլադիմիր Պուտինի հետ, չմոռանանք երբեք, որ տարիներ առաջ Վլադիմիր Պուտինը եղել է ФСБ -ի տնօրենը, իսկ Սերժ Ազատի Սարգսյանը' ՀՀ ԱԱ ծառայության տնօրենը, եւ մեծապես նպաստել է ավելի մոտիկից Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի մտերմացմանը, եւ երկրորդ՝ չէ որ հարգարժան Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ավելի շատ մտերիմ ընկերներ են, ուստի, Սերժ Սարգսյանի վաղեմի եւ մտերիմ ընկերը' Ռոբերտ Քոչարյանը իր կողմից կնպաստի, որ էլ ավելի խորանան եւ ամրապնդվեն ոչ միայն աշխատանքային, այլ նաեւ բարեկամական կապերը ի դեմս Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի եւ Սերժ Ազատի Սարգսյանի: Իսկ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին հարցը սխալ է ձեւակերպված: Նա երբեք ու երբեք քաղաքականությունից դուրս չի եկել: Ուրիշ հարց' եթե խոսքը ակտիվ քաղաքականության մասին է:
-Նախագահի պաշտոնին վերադառնալու մասին է խոսքը:
-Այդ պաշտոնը ինքն արդեն 10 տարի զբաղեցրել է, ըստ որում, պարոն Սերժ Սարգսյանի անմիջական օգնության պարագայում, ավելին, վճռական օգնության պարագայում, եւ ի պատիվ Սերժ Սարգսյանի, նա հիմա էլ մոտենում է Ռոբերտ Քոչարյանին, որպես Հայաստանի երկրորդ նախագահի, դրանով իսկ նախադեպ ստեղծելով, որը կա արդեն տասնամյակներ ԱՄՆ-ում: Նախկին նախագահներին ասում են ԱՄՆ նախագահ, անգամ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, երբ Քլինթոնի կամ Ջորջ Բուշ կրտսերի, կամ ավագի հետ մասնակցում է ինչ-որ միջոցառման, ասում է' ես ԱՄՆ նախագահների հետ մասնակցեցի միջոցառմանը: Այդ առումով այսուհետ Ռոբերտ Քոչարյանին դիմելիս չասենք երկրորդ նախագահ, այլ ասենք ՀՀ նախագահը' քաջ գիտակցելով, որ գործող, իրական նախագահը Սերժ Սարգսյանն է:
-Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն:
-Նույնը վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ի պատիվ Սերժ Սարգսյանի, չստացվի, որ ես նրա գովքն եմ անում, բայց ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանը երբեք իրեն թույլ չտվեց այնպիսի արտահայտություն, որ եթե նա մտնի քաղաքական պայքարի մեջ, ապա կդադարի ՀՀ առաջին նախագահ լինելուց եւ ընդամենը կդառնա սովորական ընդդիմադիր քաղաքական գործիչ, որը հավակնություն ունի ընտրվել նախագահ:
-Հիմա դուք դե՞մ եք Ռոբերտ Քոչարյանի' նախագահի աթոռին վերադառնալուն:
-Ես կարծում եմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը փոքր-ինչ լարեն իրենց ուղեղները, իսկ իրենք որոշակի առումով զուրկ չեն այդ հնարավորությունից, կգիտակցեն, որ միեւնույն գետը երկու անգամ հնարավոր չի մտնել: Նախքան Արտաշես Գեղամյանը, այդ մասին դեռ 20 դար առաջ ասել է Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից սիրված եւ գնահատված Կոնֆուցիոս:
-Առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին «Ազգային միաբանությունը» եւ Արտաշես Գեղամյանը կմասնակցե՞ն, թե՞ ոչ:
-Եթե գործող իշխանությունները, ինչու չէ, նաեւ իրենց հակադիր քաղաքական ուժերը, վերջապես, գիտակցեն, որ ՀՀ-ն հայտնվել է լրջագույն մարտահրավերներին դեմ հանդիման, եւ պետք է պահանջված լինեն մարդիկ, ովքեր մտածում են ուսերից բարձր գտնվող օրգաններով, եւ ոչ թե գոտկատեղից ցածր օրգաններով, ապա Արտաշես Գեղամյանը եւ «ԱՄ»-ն անտարակույս շատ եւ շատ պահանջված կլինեն, եւ ես ներքուստ հույս եմ փայփայում, որ հիշատակածս ուժերը կդրսեւորեն ողջամտություն եւ կնպաստեն թե ընդդիմությունն ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե ի դեմս Սերժ Սարգսյանի մոտիկ բարեկամ, բայց ընդդիմադիր դիրքերից նախագահին քննադատող Ռոբերտ Քոչարյանը, եւ ինչու չէ, գործող իշխանություններն իրենք պետք է շահագրգռված լինեն, որ Արտաշես Գեղամյանը ԱՄ-ով հանդերձ անպայման ներկայացված լինեն ԱԺ-ում, որովհետեւ այդ այն ուժն է, որ ազնվորեն կարող է քննադատել երեք նախագահներին էլ, ինչն էլ հաջողությամբ անում ենք: Այստեղ արդեն նախագահների պետական մտածողության դրսեւորում կլինի ԱՄ հանդեպ իրենց վերաբերմունքը. կարծում եմ նախագահ Սերժ Սարգսյանը իր վերաբերմունքով հանդեպ առաջին եւ երկրորդ նախագահները, ապացուցեց, որ հաղթահարել է քաղաքական գործչի արգելքը, այն է, ողջ ուժն ու միտքը նպատակամղված է հերթական անգամ ընտրվել, եւ դառել է պետական գործիչ: Իսկ պետական գործիչ դառնալու համար շատ մեծ ճանապարհ է պետք անցնել. քաղաքական գործիչներից գոնե վերջին 70 տարիների ընթացքում ես մի այդպիսի գործիչ եմ տեսել, Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության առաջին նախագահ Շառլ Դե Գոլին, որը գիտակցաբար արեց այնպիսի գործողություններ, որոնք ամբոխահաճո չէին, բայց պահանջված էին եւ բխում էին Ֆրանսիայի 5-րդ հանրապետության շահերից, ինքը տղամարդավարի հրաժարական տվեց, եւ այսօր Ֆրանսիայի քաղաքական բոլոր ժամանակների գործիչների մեջ նա դասվում է թիվ մեկը: Ես ցանկանում եմ' Սերժ Սարգսյանը եւս հետեւի Դե Գոլի օրինակին եւ կանաչ ճանապարհ, բացի «Ազգային միաբանության» առջեւ:
-Եթե կարծում եք, որ Սերժ Սարգսյանը հաղթահարել է քաղաքական գործչի արգելքը եւ դարձել է պետական գործիչ, այդ դեպքում կարծում եք 5 տարին բավակա՞ն է իշխանավարության համար:
-Այն բոլոր հեռանկարային խոստումները, որոնցով հանդես եկավ Սերժ Սարգսյանը, պետք է, անպայման, ի կատար ածվեն հենց հեղինակի կողմից, ուրիշ բան, որ 2008 թվականի մարտի ողբերգական դեպքերից հետո նա լուծում էր գեթ մեկ խնդիր. զսպել կրքերը եւ թույլ չտալ, որ զարգացումները տանեն դեպի քաղաքացիական պատերազմ, եւ դա իրեն հաջողությամբ հաջողվեց: Ուստի այս պարագայում անազնիվ կլինի ցանկացած քաղաքական ուժի կողմից, եթե նա իսկապես տոգորված է Հայաստանի պետականության ամրապնդման վեհ գաղափարով, խանգարել այդ մարդուն; Դրանով է պայմանավորված մեր կուսակցության եւ իմ զսպվածությունը, երբ ես գնահատում եմ գործող նախագահին եւ կառավարությանը, որը ավաղ արժանի է շատ եւ շատ լուրջ քննադատության:
Զրուցեց Դիանա Մարկոսյանը