ՂՐԻՄ-ՂԱՐԱԲԱՂ-ՔՐԴՍՏԱՆ. ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

25.03.2014, Ռեգնում

«Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մամուլի ծառայությունների տեղեկատվությունը Ղրիմի հարցի վերաբերյալ նախագահների հեռախոսազրույցի մասին լիովին արտացոլում է այդ երկու երկրների մոտեցումների էությունը։ Դրանց հիմքում ընկած է ՄԱԿ Կանոնադրության 2-րդ կետի 1-ին հոդվածը, որը հստակ նշում է հետևյալ ճշմարտությունը. բարեկամական հարաբերություններ զարգացնել ազգերի միջև՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգման հիման վրա, ինչպես նաև համապատասխան այլ միջոցներ ձեռնարկել համընդհանուր խաղաղության ամրապնդման համար»,- REGNUM լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ Արտաշես Գեղամյանը։ Նա միաժամանակ տարակուսանք է հայտնել այն առիթով, որ որևէ մեկն առհասարակ կարող է արհամարհել ՄԱԿ Կանոնադրության այդ հիմնարար հոդվածի գերակայությունը։ «Ավաղ, աշխարհի կեսը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մեկնաբանման հարցերում առաջնորդվում է երկակի չափորոշիչներով, քաղաքական իրավիճակով, որի հիմքում ընկած է Հանս Մորգենթաուի տխրահռչակ Real Politic-ի տեսությունը, որով, ցավոք, արդեն ոչ մեկ տասնամյակ առաջնորդվում են աշխարհի առաջատար երկրները։ Հայաստանի դիրքորոշումը Ղրիմի հանրաքվեի հարցում շատ ուժեղ է, և իզուր են այն խեղաթյուրելու փորձերը։ Չէ՞ որ դեռ ոչ ոք չի ջնջել ՄԱԿ Կանոնադրությունը, կասկածի տակ չի առել դրա 1-ին հոդվածը։ Ինձ չափազանց տարօրինակ են թվում հանրապետությունում տարածված բարբաջանքներն առ այն, թե Հայաստանն, իբր, վնասակար և երերուն դիրքորոշում է որդեգրել այս հարցում։ Եվ այստեղ, իմ կարծիքով, Ռուսաստանի, ինչու չէ՝ նաև Հայաստանի բարին չկամեցողները խիստ թույլ են։ Բացատրեմ ինչու։ Եվրոպայի խորհրդին կից գործում է Խորհրդակցական մարմին՝ Վենետիկի հանձնաժողովը (նույն՝ իրավունքի միջոցով ժողովրդավարության հասնելու  Եվրահանձնաժողովը), որի անդամ է 59 պետություն, այդ թվում Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ պետությունները։ 2013թ. ԱՄՆ-ը այդ կազմակերպության մշտական անդամ դառնալու հայտ է ներկայացրել։ Ուրեմն, ի՞նչն է խանգարել, մասնավորապես, Եվրոպայի խորհրդին, միջազգային հանրությանը այդ շատ հեղինակավոր միջազգային կազմակերպության անդամներին պատվիրակել Ուկրաինա, Կիև, որպեսզի գնահատի Ուկրաինայի Գերագույն ռադայի գործողությունների և որոշումների իրավազորությանը՝ սկսած ընթացիկ տարվա փետրվարի 252-ից։ Համապատասխանե՞լ են արդյոք դրանք Ուկրաինայի օրենքների ոգուն ու տառին, որքանո՞վ են համապատասխանել Եվրոպայի խորհրդի, որի անդամն է Ուկրաինան, ոգուն և ընդունած սկզբունքներին։ Ինչո՞ւ Վենետիկի հանձնաժողովը, որը վերահսկում է անգամ փոքր քաղաքներում և ավաններում անցկացվող ընտրությունները, և որն այս կամ այն ընտրական գործընթացի լեգիտիմության մասին դասախոսություններ է կարդում և խրատներ տալիս, հիմնականում, հետխորհրդային տարածքի երկրների ղեկավարությանը, չգիտես ինչու ձեռնպահ մնաց Կիև գնալուց և այդպես էլ իր փորձագիտական գնահատականը չտվեց։ Չէ՞ որ խոսքը նախկին ԽՍՀՄ ամենամեծ երկրներից մեկի մասին է, որտեղ, ըստ էության, տեղի է ունեցել հակասահմանադրական պետական հեղաշրջում։ Որտե՞ղ էր Վենետիկի հանձնաժողովը։ Ինչո՞ւ չփորձեց տեղում պարզել իրավիճակը։ Սա շատ լուրջ ազդանշան է, որ որքան էլ կոպտորեն խախտվեին միջազգային իրավունքի բոլոր նորմերն Ուկրաինայում, սկզբից ևեթ հայտնի էր, որ «ճշմարտությունը» մայդանցիների կողմն է լինելու։

 Արդյունքում՝ ոչ մի հեղինակավոր միջազգային կազմակերպություն (իսկ ամենահեղինակավորը սահմանադրական իրավունքի հարցերում հենց Վենետիկի հանձնաժողովն է) այդպես էլ պաշտոնական եզրակացություն չտվեց Ուկրաինայի՝ օրենքով ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչին իշխանությունից հեռացնելուն»,- ասաց Ա.Գեղամյանը։ Ըստ նրա՝ ընդհանրությունը Ղրիմի և Ղարաբաղի հարցերի միջև այն է, որ Լեռնային Ղարաբաղի մարզի անկախությունը հռչակվեց ՄԱԿ Կանոնադրության 2-րդ կետի 1-ին հոդվածին լիովին համապատասխան, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Ղրիմում։ «Բայց, ի տարբերություն Ղրիմի, Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը լիովին համապատասխանում էր նաև ԽՍՀՄ գործող Սահմանադրությանն ու օրենքներին։ Լեռնային Ղարաբաղի (ի դեպ, նաև Ղրիմի)՝ օրենքով ընտրված իշխանությունների գործողություններում չկար որևէ որոշում, որը հակասեր միջազգային իրավունքին։ Կրկնում եմ, Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն հռչակվեց այդ պահին գոյություն ունեցող պետության (ԽՍՀՄ-ի) օրենքներին լիովին համապատասխան։ Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա Ուկրաինայի իշխանությունների լեգիտիմությունը 2014թ. փետրվարի 22-ից հետո խիստ վիճելի է, ուրեմն՝ նրանք չէ, որ պետք է դատեն Ղրիմի ընտրությունների օրինականության մասին։

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, մեջբերում կատարեմ պատգամավոր Գրեգոր Գիզիի (ձախերի խմբակցություն, Բունդեսթագ, Գերմանիա)՝ Բունդեսթագի նիստում ունեցած ելույթից. «Մայդանում ժողովրդավարական շատ ուժեր կային, բայց ֆաշիստներ էլ կային։ Արևմուտքը դրան ուղղակի և անուղղակի մասնակցություն է ունեցել... Հետո եղավ խորհրդարանի (Գերագույն ռադայի) նիստը։ Պատգամավորների 72,88%-ը քվեարկեց նրան (Վ.Յանուկովիչին) նախագահի պաշտոնից հեռացնելու օգտին։ Բայց Սահմանադրությունում 75% է նշված։ Հետո դուք ասում եք, թե նման հեղափոխության դեպքում կարելի է ուշադրություն չդարձնել այդ մի երկու տոկոսին, կարելի է անել ամեն ինչ... Բացի այդ, խորհրդարանում քվեարկության ժամանակ զինված մարդիկ են եղել, ինչը նույնպես այնքան էլ ժողովրդավարական չէ։ Բայց գալիք կիրակի օրը հանրաքվեին (նկատի ունի Ղրիմի հանրաքվեն) արդեն ներկա կլինեն զինված զինվորներ, և դա նույնպես այնքան էլ ժողովրդավարական չէ։ Բայց հետաքրքիր է, որ դուք, տիկին կանցլեր, ասում եք, թե նման հանրաքվեն, համաձայն Ուկրաինայի Սահմանադրության, արգելված է։ Բայց ե՞րբ է գործում Սահմանադրությունը, և ե՞րբ՝ ոչ։ Նախագահին պաշտոնազրկելիս այն չի գործում, իսկ հանրաքվեի դեպքում գործում է։ Դուք պարզեք ինքներդ ձեզ համար՝ Ուկրաինայի Սահմանադրությունն ընդունում եք ամբողջապե՞ս, թե՞ միայն մասամբ՝ ինչպես ձեզ հարմար է»։ Ավելի համոզիչ չես ասի։ Մանավանդ որ բոլոր աչք ունեցող փորձագետներն ականատես եղան, որ Ղրիմի անկախության հանրաքվեում տեղի ունեցավ ղրիմցիների ազատ կամարտահայտում։

Այսպիսով, մենք իրավունք ունենք պնդելու, որ Ղրիմի ժողովուրդը, վերստին ՄԱԿ Կանոնադրությանը լիովին համապատասխան, հռչակեց իր անկախությունը և հայտարարեց հետագայում Ռուսաստանի կազմ մտնելու ցանկության մասին։ Եթե դա ինչ-որ կասկածներ է առաջացրել միջազգային իրավունքի տեսակետից, ապա ի՞նչը խանգարեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին և, առհասարակ, ԵԱՀԿ-ին Ղրիմ ուղարկել դիտորդների ներկայացուցչական առաքելություն հանրաքվեի ընթացքի մոնիթորինգ իրականացնելու համար։ Չէ՞ որ Ղրիմի Գերագույն ռադան նրանց պաշտոնական հրավեր ուղարկել էր։ Այնպես որ, այստեղ ևս նրանց դիրքորոշումները, ովքեր վիճարկում են Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օրինականությունը, խիստ անհամոզիչ են։ Անհասկանալի է նաև մեկ այլ բան. ինչո՞ւ են նման քամահրանքով վերաբերվում Ղրիմի ժողովրդին, կասկածի տակ դնում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին նրանց տված 96% ձայները։ Եվ սա՝ հանրաքվեի օրը տիրող ազատ տեղաշարժի և կամարտահայտման պարագայում։

Այսօր աշխարհում ստեղծվող աշխարհատնտեսական իրավիճակը վկայում է այն մասին, որ Արևմուտքի երկրներն ի վիճակի չեն պահել իրենց քաղաքացիների այն բարձր կենսամակարդակը, որը, ինչպես ցույց տվեց 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, հիմնականում ապահովվում էր պարտքով և պահպանվում այն բանի շնորհիվ, որ նրանք էլ հենց համաշխարհային պահուստային արժույթների թողարկողներն են։ Ասվածը հաստատելու համար բավական է նայել այն թվերին, որոնք բնութագրում են Արևմուտքի առաջատար երկրների պետական արտաքին պարտքը, որը կամ գերազանցում է այդ երկրների ՀՆԱ-ն (ԱՄՆ, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Հունաստան, Իսպանիա), կամ ընդհուպ մոտենում է ՀՆԱ 100%-ին (ԳԴՀ, Ֆրանսիա)։ Այսինքն՝ վերջին տասնամյակների ընթացքում Արևմուտքի երկրներում բարձր սպառողական պահանջարկն ապահովվել է հիմնականում ի հաշիվ տնային տնտեսությունների վարկավորման։ Եվ նման քաղաքականությունը շարունակվում էր ընդհուպ մինչև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը վեր հանեց Արևմուտքի երկրներում իրականացվող՝ բարձր պահանջարկի արհեստական պահպանման քաղաքականության ողջ վտանգավորությունն այն պայմաններում, երբ ծախսերը զգալիորեն գերազանցում էին այդ երկրներում իրապես արտադրվող համախառն ներքին արդյունքը։ Բնական է, որ սպառողական պահանջարկի սեղմումն անխուսափելիորեն կհանգեցնի արտադրության կրճատմանն Արևմուտքի առաջատար երկրներում։ Դա, իր հերթին, կհանգեցնի գործազրկության աճին՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Ներկայում Արևմուտքի երկրների առջև ծառացել է իրենց արտադրած ապրանքների և ծառայությունների իրացման շուկաների բազմակողմանի ընդլայնման խնդիրը։ Ուկրաինան իր 45 միլիոնանոց բնակչությամբ, համաձայնեք, վատ ձեռքբերում չէ։ Այնպես որ, եթե խնդիրն այս հունով դիտարկենք, ապա Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը՝ Ուկրաինայի անդամակցության հեռանկարով, այնպիսի պետությունների հետ սերտ համագործակցության հեռանկարով, ինչպիսին են Չինաստանը, Իսրայելը, Հնդկաստանը, Թուրքիան, լավ խթան կարող է հանդիսանալ այդ երկրների շուկաներն արտաքին էքսպանսիայից պաշտպանելու համար։ Եվ այդ գործընթացն օբյեկտիվորեն զարգանալու է, քանի որ արդեն խորապես գիտակցվում է, որ եթե իմ հիշատակած երկրները չմիավորվեն ինքնաբավ աշխարհատնտեսական կառույցի մեջ, ապա կդատապարտվեն, ի վնաս իրենց բնակչության, ապահովելու Արևմուտքի քաղաքացիների բարձր կենսամակարդակը։ Այս իրողությունների գիտակցումն էլ հանգեցնում է համապատասխան քաղաքական որոշումների, ինչի ապացույցն է համաշխարհային այնպիսի տերության դիրքորոշումը, ինչպիսին Չինաստանն է, որը ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ ձեռնպահ մնաց ՄԱԿ ԱԽ մշտական անդամների դիրքորոշումը պաշտպանելուց։ Իսկ դա ուղղակի նշանակում է, որ այդ երկիրը հավանություն չի տալիս Արևմուտքի իրականացրած քաղաքականությանը»,- համոզված է Արտաշես Գեղամյանը։

Ինչ վերաբերում է այսքան բարդ իրավիճակում Հայաստանի դիրքորոշմանը, ապա ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչը նախագահ Սերժ Սարգսյանի գործողությունները համարում է բացառապես կշռադատված, ճիշտ և երկրի ազգային անվտանգության շահերին համապատասխանող։ «Գաղտնիք չէ, որ Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո ՆԱՏՕ-ն ամրապնդելու է իր ներկայությունը սևծովյան ավազանի ողջ պարագծում՝ հույսն, առաջին հերթին, դնելով Թուրքիայի վրա։ Առանց այդ էլ Թուրքիայի Սևծովյան նավատորմը գերազանցում է Ռուսաստանի՝ Սև ծովում տեղակայված ռազմածովային ուժերը։ Թուրքիայի և ՆԱՏՕ մյուս անդամ երկրների՝ Ռուսաստանի հանդեպ վարվող լկտի քաղաքականությունը զսպող միակ գործոնը Սևծովյան շրջանում «Մոսկվա» հրթիռահածանավն է, որի մարտական հզորությունն, իհարկե, կարող է սառեցնել ցանկացած արևմտյան ստրատեգների տաք գլուխները։ Եվ այդ պայմաններում Թուրքիայի ուժեղացումը տեղի կունենա ոչ այնքան Սև ծովի շրջանում, որքան Կովկասում՝ նեցուկ ունենալով արդեն առկա հենակետը հանձին Ադրբեջանի, որի միջոցով Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու փորձեր կձեռնարկվեն։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական գործընկերը՝ Հայաստանը, խոցելի լինի։ Եվ եթե այս պայմաններում Հայաստանը Ղրիմի վերաբերյալ հստակ դիրքորոշում չարտահայտեր, ապա դա, ինձ համար, առնվազն տարօրինակ կլիներ։

Դրան զուգընթաց, Հայաստանը հերթական անգամ հաստատեց Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու մտադրության մասին՝ Ասոցիատիվ համաձայնագրի քաղաքական հարցերի, իր ինստիտուցիոնալ բազան արդիականացնելու մասով։ Եթե ուզում եք, սա մեր եվրոպացի գործընկերների անկեղծությունն ստուգելու ինքնատիպ թեստ է։ Չէ՞ որ դեռ 2013թ. նոյեմբերի 29-ին, «Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթաժողովի ընթացքում, երբ Հայաստանը դրանից երկուսուկես ամիս առաջ արդեն Մաքսային միություն մտնելու ցանկություն էր հայտնել, Երևանն առաջարկել էր ստորագրել Ասոցիատիվ համաձայնագրի քաղաքական մասը։ Բայց այն ժամանակ մեզ մերժեցին։ Բայց չեն մերժել Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, որոնց լեգիտիմությունը խիստ հարցականի տակ է։ Այս հաշվով եզրահանգումները թողնենք ընթերցողներին»,- նշել է զրուցակիցը։

«ՄԱԿ Կանոնադրության հիմնարար հոդվածները գերակա են ՄԱԿ անդամ պետությունների օրենքների հանդեպ։ Սա՝ մեկ։ Երկրորդ. երբ օրակարգում սուր դրված է քաղաքացիների անվտանգության ապահովման հարցն այն պայմաններում, երբ Ուկրաինայի գործող իշխանությունը չի ապահովում երկրի շրջաններում Սահմանադրության նորմերի պահպանումը, ապա այն մասին խոսելը, թե, իբր, ղրիմցիները չեն հետևում օրենքներին, չափից ավելի միամիտ կլիներ։ Իսկ մենք ձեզ հետ միասին կդառնայինք ջահելների ապօրինությունների վկաները, որոնք ծեծում են Գերագույն ռադայի պատգամավորներին կամ էլ ավտոմատով սպառնալով՝ ստիպում են «Բերկուտի» մարտիկներին երդում տալ զինված մայդանականներին։ Ո՞ւմ վրա հույս դնել այս պայմաններում։ «Աջ սեկտորի՞», Գերագույն ռադայի պարտադրված նոր ղեկավարությա՞ն, թե՞ Ղրիմի քաղաքացիների ինքնագիտակցության։ Կարծում եմ՝ այս հարցերի պատասխանը միանշանակ է։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է պարզել հետևյալը. այն ամենը, ինչ կատարվել և շարունակում է տեղի ունենալ Ուկրաինայում, և Ղրիմի հետ կապված բոլոր վայրիվերումները դուրս են Ուկրաինայի և Ռուսաստանի շրջանակներից։ Մենք վկան ենք նոր, ավելի արդարացի աշխարհակարգի կառուցման նշանակալի քայլի, աշխարհակարգ, որը միաբևեռ չի լինի։ Նոր աշխարհակարգի կայացման պայմաններում Հայաստանի նման երկիրը պետք է գործի՝ ելնելով, առաջին հերթին, ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, հենվելով բացառապես մեծ տերությունների շահերի հետ ունեցած ընդհանրության, այլ ոչ թե դրանց հակասությունների վրա։ Այժմ, ցավոք, մեծ տերությունները հեռացել են գլոբալ շահերի ընդհանրության սկզբունքից, տեղի է ունեցել հեռացում գլոբալ համաշխարհային օրակարգից։ Իսկ այդ նույն Ուկրաինայում գլոբալ օրակարգը «Ուկրաինան և աշխարհը փոփոխությունների դարաշրջանում. հաջողության գործոնները» 10-րդ ամենամյա հանդիպման ժամանակ (2013թ. սեպտեմբեր, Ղրիմ, Լիվադիայի պալատ) նշեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը։ Նա հայտարարեց, որ արդիականության գլոբալ մարտահրավերները հարկ է հաղթահարել միասին։ Նշելով օրակարգը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նաև ասաց. «Մենք կարող ենք որևէ տեղ չշարժվել, կարող ենք առաջ ընթանալ, որպեսզի շահեն բոլոր կողմերը, և մենք կարող ենք աշխատել թույլ օղակի վրա, որպեսզի ամրացնենք ամբողջ շղթան»։ Նա նշեց ինչպես Ամերիկայի և Կանադայի, այնպես էլ ԵԱՀԿ ողջ տարածքի առջև կանգնած գլխավոր հարցերը։ «Մենք պետք է վերստին նստենք և նորովի որոշենք անվտանգությունը և դեմոկրատիան այսօր՝ տարածաշրջանային ընկերակցության տեսակետից, տեսնենք, թե ինչ դժվարություններ և մարտահրավերներ կան»։ Այնուհետև նա նշեց միջազգային ահաբեկչության, մթերքների և բնական պաշարների անբավարարության, կլիմայի փոփոխության, թրաֆիքինգի և շատ այլ բաների մասին։ Իսկապես, եթե խորհենք արդի աշխարհի գլոբալ խնդիրների մասին, որոնք համակարգել է Համաշխարհային տնտեսական համաժողովը (World Economic Forum), այն է՝ տնտեսական, էկոլոգիական, սոցիալական, աշխարհաքաղաքական հիմնախնդիրներ, որոնց չլուծվածությունն ազդում է մեր մոլորակի գոյության անվտանգության վրա, ապա ահա այսպիսին է այն՝ գլոբալ օրակարգը։ Իսկ այսօր, հեռանալով մարդկությանը հուզող կենսական խնդիրներից, համաշխարհային տերությունների առաջնորդների ուշադրությունը բևեռվել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քննարկմանը։ Բայց մի՞թե պատժամիջոցներ մտցնելը կարող է լուծել մարդկության առջև ծառացած խնդիրներից գեթ մեկը»,- հարց է տալիս Արտաշես Գեղամյանը՝ անմիջապես էլ տալով դրա պատասխանը. «Իհարկե՝ ոչ, և պատժամիջոցների հարցը հորինված է։ Հայաստանը՝ որպես երկիր, որը կարող է կամուրջ հանդիսանալ Ռուսաստանի և Եվրամիության ու ԱՄՆ-ի միջև, աշխարհի առաջատար երկրների ուշադրությունը կհրավիրի այդ գլոբալ հարցերի լուծման վրա, ինչը կպահանջի միավորել բոլոր երկրների և ժողովուրդների ջանքերը, և դա կանի անհապաղ։ Քանի որ չափազանց բարդ միջազգային հարաբերությունների պայմաններում մեծ է լոկալ պատերազմների ծագման հավանականությունը։ Այսպես, բոլորովին վերջերս՝ մարտի 20-ին, Իլհամ Ալիևը մուսուլմանական Նովրուզի տոնի առիթով ունեցած իր շնորհավորական ելույթում ասել է. «Հայաստանը ֆաշիստական պետություն է։ Նրանց ազգային գաղափարախոսությունը ֆաշիզմն է, խտրականությունը, նացիոնալիզմը»։ Նա անգամ այնտեղ հասավ, որ ասաց. «Ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև ներկայիս Հայաստանի զգալի մասը հին ադրբեջանական հողեր են»։ Նրա ռազմատենչ խոսքից պարզ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Որքան ցինիկ պետք է լինի քաղաքական գործիչը, որի երկրում՝ Սումգաիթում և Բաքվում հնարավոր է եղել իրականացնել հարյուրավոր հայերի սպանդը ադրբեջանցի ֆաշիստ լակոտների կողմից, որի երկրում հերոսացնում են հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Հայաստանը ֆաշիստական պետության հետ համեմատելու համար։ Սա ուղղակի մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ միջազգային հանրությանը, այդ նույն Եվրամիությանը։ Մի՞թե Եվրամիությունը Ասոցիատիվ համաձայնագիր ստորագրելու պատրաստակամություն կհայտներ այն Հայաստանի հետ, որն Ադրբեջանի սուլթանը ֆաշիստական պետություն է հայտարարում։ Կրկնում եմ, այժմ, երբ համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, Ադրբեջանն այս թոհուբոհի մեջ հող է նախապատրաստում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծով և Հայաստանի հետ սահմանի ողջ պարագծով հարձակման անցնելու համար։ Ալիևը, թերևս, հույս ունի մարտական գործողություններ սկսել, որոնք կարող են «աննկատ մնալ» ՆԱՏՕ անդամ պետությունների կողմից, որովհետև այդ գործողությունների հետևում, որոնք կսանձազերծի Ադրբեջանը, անշուշտ, կանգնած կլինի Թուրքիան։ Իսկ Թուրքիայի, այսպես ասած՝ ավելի լեգալացված ձևով Հարավային Կովկաս ներթափանցելը լիովին ներգրվում է ՆԱՏՕ ստրատեգների հնարավոր մտահղացումներում։ «Ռազմական բյուջեն, մարտական պատրաստվածությունը հիմնական դերը կխաղան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում». սա մեջբերում է պարոն Ալիևի այդ նույն ելույթից, որն ուղղակի խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է մարտական գործողությունների։ Նա արհամարհում և առհասարակ բանի տեղ չի դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների առջանորդների՝ վերջին հինգ տարիներին հինգ անգամ արած հայտարարությունները»։

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը միջազգային իրավունքի տեսակետից անսասան է։ «Եթե այդպես չլիներ, Ալիևը ռազմական բյուջեի ու, իբր, ադրբեջանական բանակի բարձր պատրաստվածության վրա հաշվարկ չէր անի։ Այլ բան է, որ Ադրբեջանի կողմից արձակված առաջին կրակոցի հետ Հայաստանն անհապաղ կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Ուզում եմ հուսալ, որ Ռուսաստանը ևս նույն կերպ կվարվի, քանի որ, հակառակ պարագայում, հարկ չկա կասկածելու, որ հայ-իրանական սահմանին, Իրանի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին կհայտնվեն թուրքական զորքերը, որոնք արդեն հիմա Նախիջևանի կողմից առաջ են քաշվել դեպի ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմի այդ հատվածը։ Բայց հիմա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելը ռազմավարական առումով ճիշտ չէր լինի։ Լեռնային Ղարաբաղն առանց այդ էլ դե-ֆակտո անկախ պետություն է»։

Վերադառնալով Ղրիմի շուրջ իրադարձություններին՝ Արտաշես Գեղամյանն ասաց. «Տառացիորեն մի քանի օր առաջ պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռակա դիմեց Փարաջանովի մասին պատմող ֆիլմի համառեժիսոր տիկին Ֆետիսովային (որը հրաժարվել էր գալ Հայաստան Ղրիմի հարցում մեր ունեցած դիրքորոշման պատճառով), իսկ նրա միջոցով՝ ողջ ուկրաինական ժողովրդին՝ կրկին ընդգծելով, որ ուկրաինացի ժողովուրդը մեր եղբայր ժողովուրդն է բազում դարեր ի վեր։ Եվ եթե ինչ-որ իրադարձություններ մենք տարբեր կերպ ենք մեկնաբանում, դա որևէ կերպ չի փոխում մեր վերաբերմունքն ուկրաինացի ժողովրդի հանդեպ։ Մեր պետական քաղաքականությունը թելադրում են Հայաստանի և հայ ժողովրդի զուտ ազգային անվտանգության շահերը։ Եվ դա պետք է հստակ հասկանան նաև մեր բազմամիլիոն հայրենակիցները սփյուռքում, որոնք ճակատագրի բերումով 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից հետո ցրվել են աշխարհով մեկ։ Հավանաբար, միշտ չէ, որ նրանց սրտովն է մեր ղեկավարության գործողությունների տրամաբանությունը՝ թելադրված լոկ այն ձգտմամբ, որ ապահովվի ազգային անվտանգությունը և պահպանվի Հայոց պետականությունը։ Ուզում եմ հավատալ, որ Ուկրաինայի մեր հայրենակիցները հստակ գիտակցում են, որ Հայաստանի ազգային անվտանգությունը հայկական դիվանագիտության ուղնուծուծն է։ Ինչ վերաբերում է Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, ապա որևէ պատճառ չեմ տեսնում, որով Հայաստանը պետք է ջանար դուր գալ Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, որոնց լեգիտիմությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Եվ քանի որ մենք նոր աշխարհակարգի կայացման վկաներն ենք, ապա, բնականաբար, տարբեր երկրների շահերը միշտ չէ, որ կհամընկնեն։ Հայաստանի նախագահի դիրքորոշումը սույն պայմաններում բացարձակապես կշռադատված է, կառուցողական և ուղղված է իրադրության արհեստական թեժացման կանխմանը»,- կարծում է Ա.Գեղամյանը։

Վերջում հայ խորհրդարանականն անդրադարձավ ողջ աշխարհում տեղի ունեցող մի ամբողջ շարք գործընթացների, որոնք հստակ ցույց են տալիս ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գերակայությունը, ինչը մոլորակի առաջատար երկրների կողմից, ցավոք, հաճախ ընտրողաբար է ընդունվում։ «Վենետիկում և Վենետո մարզում ավարտվել է Վենետիկի հանրապետության ստեղծման և Իտալիայից անջատվելու քվեարկությունը, ս.թ. սեպտեմբերին Շոտլանդիայում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից անջատվելու համապատասխան հանրաքվե։ Մի քանի տարի առաջ համանման գործընթացների ականատեսը դարձանք կանադական Քվեբեկ նահանգում, իսպանական Կատալոնիայում։ Երկու ամիս առաջ Քրդստանի՝ բոլորի կողմից ընդունված առաջնորդ Աբդուլա Օջալանը նամակով դիմեց հայ ժողովրդին, որում հերթական անգամ հաստատեց, որ անցած հարյուրամյակի սկզբին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը ծրագրված գործողություն էր։ «Մեծ հրաշք է, որ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը, կրելով այդ ողբերգության ողջ ծանրությունը, կարողացավ գոյատևել և պահպանվել մինչև մեր օրերը։ Անկասկած, այդ հրաշքը բազմաչարչար հայ ժողովրդի ջանքերի և պայքարի արդյունքն է։ Մեր օրերում անհրաժեշտ է, որպեսզի ողջ աշխարհը նայի հայ ժողովրդի պատմական իրականությանը՝ կիսելով նրա ցավը, և օգնի նրան մխիթարվել։ Թուրքիայի Հանրապետությունը, անշուշտ, պետք է հասունություն ցուցաբերի և նայի իր պատմության ցավոտ էջերին»,- ասում է ցմահ բանտարկության դատապարտված Օջալանը, որը լիովին գիտակցում է, որ Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Ուկրաինայում, Հարավային Սուդանում և Արևելյան Թիմորում ընթացող ժողովուրդների ինքնորոշման գործընթացների շրջանակներում է, որ վաղ թե ուշ ստեղծվելու է նաև անկախ Քրդստանը։ Այդ պետության կորիզը կդառնա Հյուսիսային Իրաքի ինքնորոշված մասը, ինչպես նաև այսօրվա Թուրքիայի  հիմնականում քրդաբնակ հարավային և հարավարևելյան շրջանները։ Այս ամենի մասին խոսում եմ այն պատճառով, որ երբ ինքնորոշված ազգերն իրենց ճանապարհն սկսում են ինքնամաքրումից, ուրիշ ժողովրդի ցավն ընդունելուց, ուրեմն նրանք ապագա ունեն։ Չէ՞ որ Օջալանը շատ լավ գիտի, որ քրդերի ռազմականացված ջոկատներն օսմաններին հավասար զբաղվել են հայ բնակչության բնաջնջմամբ։ Բայց ընդունելով այդ փաստը՝ նա իր ուղին սկսում է ինքնամաքրումից։ Մենք մեր կողմից պետք է արժանապատվորեն գնահատենք նրա ցուցաբերած արիությունը և սատարենք քուրդ ժողովրդին քրդական պետականության ստեղծման գործում՝ կրկին ՄԱԿ Կանոնադրությանը համապատասխան։ Եվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, որը հնչեցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ, կարող է դիտարկվել որպես ինքնատիպ պատասխան և ուղերձ հենց Օջալանին։ Իրավական և բարոյական տեսակետներից այդ ուղերձն անսասան է»,- ամփոփել է քաղաքական գործիչը։

Մեր զրույցն Արտաշես Գեղամյանն ավարտեց 2014թ. մարտի 19-ի New York Times-ի խմբագրական հոդվածից բավական հետաքրքիր մեջբերում անելով. «... Մենք (ԱՄՆ-ը- հեղ.) սկսեցինք ռմբակոծել բոլորին, ովքեր գոնե ինչ-որ բանում չէին համաձայնում մեզ հետ, մենք թքեցինք միջազգային օրենքների վրա՝ այնքան իջնելով, որ հրապարակավ ստում էինք ՄԱԿ ԱԽ-ում, մենք մեր ցանկությամբ ձևեցինք աշխարհի քարտեզը, մենք մեզնից վանեցինք մեր եվրոպացի դաշնակիցներին, մենք ինքներս ճգնաժամ ստեղծեցինք, որը քայքայեց համաշխարհային տնտեսությունը... Եվ վրա հասավ 2014 թվականը։ Ռուսաստանը հեշտ ու հանգիստ իրեն միացրեց Ղրիմը... Եվ մենք ՈՉԻՆՉ չկարողացանք անել։ Ընդհանրապե՛ս։ Քանի որ արդեն չկային մեր գերիշխանության երեք բաղադրիչներն անհրաժեշտ ծավալով՝ միջազգային հեղինակությունը, ֆինանսական հզորությունը, բանակը, որը պատրաստ կլիներ կռվել մեր աշխարհաքաղաքական շահերի համար». համաձայնեք, զիլ, և որ գլխավորն է՝ օբյեկտիվ է ասված»,- այս մեջբերումով էլ ավարտեց հարցազրույցը Արտաշես Գեղամյանը։

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր