ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ 2011Թ. ՄԱՅԻՍԻ 18-Ի ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԻ ՄԱՍԻՆ
22.05.2011, Ռեգնում
Մինչ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի՝ Սկոլկովոյի կառավարման դպրոցում 2011թ. մայիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում արած առանձին հայտարարություններին, գնահատականներին ու եզրահանգումներին անդրադառնալը, որոնք իրենց անկեղծությամբ, մատչելիությամբ և պրոֆեսիոնալիզմով ոչ ոքի անտարբեր թողնել չէին կարող, մտովի տեղափոխվենք 2007 թվական։ Ժամանակ, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը Վ. Պուտինն էր, իսկ Ռուսաստանի առաջատար քաղաքական ուժը՝ նրա ղեկավարած «Միասնական Ռուսաստան» (“Единая Россия”) կուսակցությունը։ Հենց 2007-ին ամփոփվեցին Վ. Պուտինի նախագահության երկրորդ ժամկետի նախնական արդյունքները, ավարտական փուլ մտավ Ռուսաստանի Դաշնության մինչև 2020 թ. զարգացման Հայեցակարգի մշակումը։ Այս ամենից ելնելով՝ տեղին ենք համարում վերլուծել, թե Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը կոնկրետ ի?նչ պրոբլեմներ և խնդիրներ էր հրատապ համարում 2008 թ. նախագահական ընտրությունների նախաշեմին, որոնց լուծմանը պետք է ուղղվեր նորընտիր նախագահի աշխատանքը։ Այդօրինակ վերլուծությունը խիստ էական պայման է քաղաքական այն գործընթացների օբյեկտիվ գնահատականի համար, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում ներկայումս՝ 2012թ. նախագահական ընտրություններից ինն ամիս առաջ։
Եվ այսպես, անվտանգության քաղաքականության հարցերի վերաբերյալ 2007 թ. փետրվարի 11-ին Մյունխենում կայացած միջազգային կոնֆերանսում ելույթ ունենալով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը համաշխարհային ընտրանուն հաղորդեց միաբևեռ աշխարհին վերջ դնելու անհրաժեշտության և անխուսափելիության մասին։ Մյունխենյան ելույթում Վ. Պուտինը աշխարհաքաղաքական զարգացումները շատ ավելի լայն էր դիտարկում, քան միայն ռազմաքաղաքական կայունության ապահովման հարցերը։ Ռուսաստանի նախագահն իր ելույթում ուղղակիորեն մատնանշում էր, որ համաշխարհային կայուն տնտեսության, աղքատության հաղթահարման, տնտեսական անվտանգության ապահովման և քաղաքակրթությունների երկխոսության զարգացման հարցերը, որոնք առավել հրատապ են համաշխարհային զարգացման արդի փուլում, համառորեն պահանջում են ձևավորել նոր, բազմաբևեռ աշխարհ։ «Կարծում եմ, որ արդի աշխարհի համար միաբևեռ մոդելը ոչ միայն անընդունելի է, այլև՝ ընդհանրապես անհնար... Մոդելն ինքը չաշխատող է, քանի որ դրա հիմքում չկա և չի կարող լինել արդի քաղաքակրթության բարոյական հիմքը։ Միևնույն ժամանակ, այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր մեր անհանգիստ աշխարհում, հենց այդ հայեցակարգը՝ միաբևեռ աշխարհի հայեցակարգը, համաշխարհային գործերում ներդնելու փորձերի հետևանքն է», – հայտարարեց Վ.Պուտինը մյունխենյան իր ելույթում։ Ռուսաստանի նախագահի հնչեցրած սկզբունքային այս գնահատականն արդիականությունը չի կորցրել նաև մեր օրերում։ Նա, փաստորեն, կանխագուշակեց միաբևեռ աշխարհի վրա հիմնված համաշխարհային քաղաքականության բացասական բոլոր հետևանքները։ Միջազգային ասպարեզում երկարատև ընդմիջումից հետո Ռուսաստանը՝ հանձին Վ. Պուտինի, կրկին հանդես եկավ որպես իր ուժերին վստահ, խաղաղասիրության ջատագով, համաշխարհային քաղաքականության մեջ բանականության դրսևորման կողմնակից երկիր։ Մյունխենյան ելույթում ՌԴ նախագահը հրապարակավ հայտարարեց այն, ինչի մասին չէին համարձակվում խոսել ոչ առաջատար քաղաքական գործիչները, ոչ համաշխարհային զանգվածային խոշոր լրատվամիջոցները։ Արտաքին աշխարհի հետ հարաբերություններում Վ. Պուտինի՝ որպես ամրացած ժողովրդավարական Ռուսաստանի նախագահի, ելույթը բեկումնային դարձավ, այն նշանավորեց նոր՝ բազմաբևեռ աշխարհի սաղմնավորման փուլի սկիզբը համաշխարհային նորագույն պատմության մեջ։
Հատկանշական է, որ Ռուսաստանի նախագահի մյունխենյան ելույթին նախորդել էր Վ.Պուտինի 2006 թ. հուլիսի 21-ի հանձնարարականը (ՌԴ Պետական խորհրդի նիստի արդյունքներով) «Ռուսաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգը մինչև 2020 թ. ժամանակաշրջանի համար» (այսուհետ՝ «Հայեցակարգ – 2020») նախագծի մշակման մասին։ Հիշեցնենք նաև, որ 2008 թ. փետրվարի 8-ին Կրեմլի Գեորգիևյան դահլիճում, Պետխորհրդի ընդլայնված նիստում, Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը հանդես եկավ «Մինչև 2020 թ. Ռուսաստանի զարգացման ռազմավարության մասին» (այսուհետ՝ «Ռազմավարություն – 2020») ծրագրային ելույթով։ ՌԴ Պետխորհրդի այդ նիստին ներկայացված «Ռազմավարություն – 2020»-ը, ըստ էության, երկրի քաղաքական ղեկավարության՝ Ռուսաստանի տնտեսությունն իներցիոն, էներգահումքայինից զարգացման ինովացիոն ուղի փոխադրելու որոշման արտահայտությունն էր։ Նշենք, որ հեղինակների մտահղացմամբ՝ այդ ռազմավարության իրականացումը պետք է հիմնվեր «Հայեցակարգ – 2020»-ի վրա, որը հաստատվել էր Վ. Պուտինի կողմից՝ արդեն Ռուսաստանի կառավարության նախագահի պաշտոնում, 2008 թ. նոյեմբերի 25-ին։ Հիշեցնենք, որ ըստ «Հայեցակարգ – 2020»-ի՝ 2020 թ. ենթադրվում է Ռուսաստանի ՀՆԱ-ն 2007 թ. մակարդակի համեմատ ավելացնել 2,3 անգամ, բնակչության տնօրինած իրական դրամական եկամուտները՝ 2,6 անգամ, աղքատության մակարդակը կրճատել մինչև 6,2 %-ի։ «Հայեցակարգ – 2020»-ի համաձայն՝ նախատեսվում է, որ 2015-2020 թթ. Ռուսաստանը ՀՆԱ-ի ծավալով կմտնի աշխարհի առաջատար երկրների հնգյակ (գնողունակության հարաբերակցությամբ)։
Վերն ասվածի համատեքստում խիստ սկզբունքային է թվում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի՝ երկարաժամկետ հեռանկարի համար երկրի արտաքին քաղաքականության և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ արտահայտած, մեր կարծիքով, առավել կարևոր տեսակետների վերլուծությունը։ Անցած երեք տարիների ծրագրային ելույթներից, հոդվածներից, հայտարարություններից հարկ է առանձնապես նշել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի 2008 թ. հոկտեմբերի 8-ի ելույթը Էվիանում (Ֆրանսիա)` Համաշխարհային քաղաքականության հարցերին նվիրված կոնֆերանսի ժամանակ։ ՌԴ նախագահի այս ելույթն իր նշանակալիությամբ և առաջադրված խնդիրների մասշտաբով ու դրանց լուծումների ուղիների մատնանշմամբ Վ. Պուտինի մյունխենյան ելույթի (2007) տրամաբանական զարգացումն էր, այդ ելույթի առաջանցիկ և արժանի շարունակությունը։ Ռուսաստանը, հանձին նախագահ Դ. Մեդվեդևի, հայտարարեց համաշխարհային տնտեսության և միջազգային անվտանգության գլոբալ հարցերի լուծման համար իր պատասխանատվության մասին՝ դրանով իսկ հանդես գալով որպես աշխարհի առաջատար պետությունների ինքնաբավ գործընկեր։ Դ. Մեդվեդևի էվիանյան ելույթը ցույց տվեց ոչ միայն երկրի արտաքին քաղաքական գծի լիակատար ժառանգորդությունը, այլև այդ գծի իրագործման դինամիզմը։ Եթե Մյունխենում Վ.Պուտինը հայտարարեց այն մասին, որ Ռուսաստանը չի հաշտվի միաբևեռ աշխարհի գոյության հետ, ապա Էվիանում արդեն իր հաստատումը գտավ այն իրողությունը, որ այսուհետ Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս որպես համաշխարհային քաղաքականության առաջատար և պատասխանատու դերակատարներից մեկը, որը բազմաբևեռ աշխարհ է ձևավորում։
Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ՌԴ նախագահի քաղաքականության ժառանգորդության համոզիչ հաստատումը դարձավ Դմիտրի Մեդվեդևի 2009 թ. սեպտեմբերի 10-ի «Առա՛ջ, Ռուսաստան» հոդվածը։ Այստեղ ՌԴ նախագահը, ըստ էության, համակողմանիորեն վերլուծում է իրադրությունն արդի Ռուսաստանի կյանքի բոլոր ոլորտներում, մատնացուցյ անում այն բոլոր նեղ տեղերը, որոնք արգելակում են երկրի ընթացքը «Ռազմավարություն – 2020»-ի և «Հայեցակարգ – 2020»-ի նշած ուղիով։ Հոդվածում նա ոչ միայն շարադրել է Ռուսաստանի Դաշնության ընթացիկ իրադրության վերաբերյալ իր մտքերը, այլև բոլոր ցանկացողներին հրավիրել է համագործակցության՝ ի բարօրություն երկրի։ Ծրագրային այս հոդվածում առաջադրված խնդիրներն իրենց հետագա զարգացումն ստացան Յարոսլավլում` «Արդի պետությունները և գլոբալ անվտանգությունը» միջազգային կոնֆերանսում։ «Առա՛ջ, Ռուսաստան» հոդվածի հրապարակումից հետո լույս տեսան բացահայտ սադրիչ բազմաթիվ հրապարակումներ, որոնց հիմնական բովանդակությունը հանգեցվում էր այն բանին, որ դրանում նախագահ Դ. Մեդվեդևը, իբր, նվաստացուցիչ քննադատության է ենթարկել Վ. Պուտինին։ Բազմաթիվ հղումներ արվեցին հոդվածում տեղ գտած առանձին նախադասությունների վրա, որոնց ենթատեքստում, պատվիրված այդ հրապարակումների հեղինակների կարծիքով, քննադատություն է պարունակվում, որը վարկաբեկում է Վ. Պուտինի գործունեությունը ՌԴ նախագահի և կառավարության նախագահի պաշտոնում։ Այս թեման, որը մտահղացվել և մեդիա-հարթություն էր նետվել Արևմուտքի գաղափարախոսական հայտնի սադրիչ կենտրոնների կողմից, առանձնակի հաճույքով ու մանրակրկտորեն, անթաքույց հաճույքով արծարծեց արտասահմանյան մամուլը։ Այսպես, InoPressa.ru ինտերնետ-պորտալը, հղում կատարելով The Wall Street Journal-ին, գրում էր. «Դմիտրի Մեդվեդևի փոփոխությունների կոչն ապտակ էր Պուտինի ժառանգությանը»։ The Financial Times (FT)-ը նույնպես ջանաց «յուղ ավելացնել» Պուտին-Մեդվեդև տանդեմի տակ վառվող կրակին՝ հոդվածում տեսնելով, ըստ պարբերականի, հաստատումը ոչ միայն այն բանի, որ հակասություններ կան ՌԴ նախագահի և կառավարության նախագահի միջև, այլև, ավելին, պարբերականը պնդում էր, որ հոդվածը նոր վկայությունն է Վ. Պուտինի և Դ. Մեդվեդևի միջև աճող հակասության։ FT-ի գնահատականներով՝ Ռուսաստանի նախագահի մեկնաբանությունները, իբր, թույլ են տալիս ենթադրել, թե «Մեդվեդևը փորձում է դուրս գալ իր ավագի ստվերից»։ Արդի Ռուսաստանի երկու առաջնորդների միջև լարվածության թեժացման նման ճիզվիտական մոտեցումը, որում տպագիր նյութի մատուցման ձևն ինքը տանդեմը պառակտող և կործանող լիցք էր պարունակում, գերիշխում էր արտասահմանյան մամուլում «Առա՛ջ, Ռուսաստան» հոդվածի արձագանքների մեծամասնությունում։ Հետո ավելի հետաքրքիր է. հոդվածի իմաստի բացահայտ խեղաթյուրման էստաֆետը վերցրին նաև Ռուսաստանում։ Այսպես, «Արդար Ռուսաստան»-ից (“Справедливая Россия”) ՌԴ Պետդումայի պատգամավոր Իլյա Պոնոմարյովը հայտարարեց, թե «տնտեսության արդիականացման Մեդվեդևի գաղափարները և կառավարության գործողություններն ուղղահայաց են», ինչից հետո շտապեց «թաղել» տանդեմը։ Ընդ որում՝ լեզուն այնքան շաղ տվեց, որ էքստազի մեջ ընկնելով՝ դուրս տվեց. «այսօր արդիականացման գլխավոր արգելակը Պուտինի կառավարությունն է»։ «Առա՛ջ, Ռուսաստան» հոդվածն իրական ու ստեղծարար ոգուց, իսկական բովանդակությունից զրկող հրապարակումների պակաս, անկեղծ ասած, չեղավ ինչպես արտասահմանյան, այնպես էլ ռուսական ԶԼՄ-ներում։ Հատկանշական է, որ Ռուսաստանի «հինավուրց բարեկամներն» Արևմուտքից և նրանց ոչ հեռավոր կամակատարները ՌԴ-ում, չգիտես ինչու, միաձայն առանձնացնում էին ոչ թե այն հզոր, կրկնում եմ, ստեղծարար պոտենցիալը, որով տոգորված էր ծրագրային այդ հոդվածը, այլ դրա բովանդակության մեջ դնում էին իրենց անզուսպ ցանկությունը և ձգտումը՝ այնտեղ տեսնել այն ականների դետոնատորը, որոնք իրենց երևակայության մեջ իրենք էլ դրել էին Վ. Պուտին-Դ. Մեդվեդև տանդեմի տակ։ Մինչդեռ, ինչպես ցույց տվեց Դ. Մեդվեդևի հոդվածի լույս տեսնելուց հետո անցած ժամանակը, այն ճիշտ ժամանակին էր և այսօր էլ չի կորցրել հրատապությունը։ Օրինակ, չափազանց օրախնդիր են նրա երեք բաղադրիչները։ Այստեղ հարկ է նշել, նախ, հոդվածում հայտարարված արժեքների մասին, որոնց վրա հենվում է ՌԴ նախագահի ռազմավարությունը, առանցքային հիմնախնդիրների առանձնացման մասին, որոնք պետք է լուծել։ Երկրորդ՝ ապագա Ռուսաստանի կերպարի ներկայացման ու ընկալման անհրաժեշտության մասին, որը կձևավորվի հասարակության ինովացիոն զարգացմանն ուղղված գործուն միջոցների ընդունմամբ։ Երրորդ՝ քաղաքական համակարգի և քաղաքական ինստիտուտների հանգիստ զարգացմանն ուղղված պայմանների ստեղծման անհրաժեշտության մասին, ընդ որում՝ առանց «պերմանենտ հեղափոխությունների կողմնակիցների» հիստերիկաներին անդրադարձի, ինչը, ավա˜ղ, շարունակվում է նաև մեր օրերում ու չի կորցրել վտանգավորությունը Ռուսասատնի համար նրա զարգացման արդի փուլում։
Կարելի է վերլուծել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի և կառավարության նախագահի՝ կյանքի կողմից խստորեն թելադրված ծրագրային այլ ելույթներ, որոնք լուրջ գործոն դարձան ոչ միայն ՌԴ ներքաղաքական, այլև ԱՊՀ անդամ-պետությունների կյանքում, ավելին՝ այսօր էլ շարունակում են կարևոր դեր կատարել ընդհանրապես համաշխարհային քաղաքականության ձևավորման գործում։ Այո, ասվածը չափազանցություն չէ. Ռուսաստանի նախագահի և վարչապետի՝ միջազգային գործերի մասին ելույթներից յուրաքանչյուրն էական ազդեցություն է գործում համաշխարհային օրակարգի ձևավորման վրա, և այս պնդման իրավացիությունը հաստատող օրինակները քիչ չեն։ Նման իրողությունների ի հայտ գալն արդի աշխարհում, իր հերթին, շատ բանով պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի առաջնորդների բոլոր հայտարարությունները և դրանց հաջորդող գործողություններն աչքի են ընկնում օրգանական միասնությամբ, փոխլրացնում են միմյանց և, վերջին հաշվով, ուղղված են Ռուսաստանի Դաշնության առաջանցիկ զարգացմանը կայունության ու խաղաղության ապահովմանն ուղղված հետևողական աշխատանքի պայմաններում։ Եվ նման մոտեցումն իր արտացոլումն է գտնում նրանց հրապարակային բոլոր ելույթներում։ Ընդհանուր գիծը, որն այդ ընթացքում հստակ ուրվագծվում է, այն մտքի հաստատումն է, որ Ռուսաստանի դինամիկ զարգացման համար պարտադիր նախադրյալ են անվտանգության ապահովումն ու ամուր խաղաղության հաստատումը, այն ճշմարտության գիտակցումը, որի մասին անցյալ դարակեսին գրում էր ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը. «Որտեղ էլ որ խաղաղությունը խաթարվի, աշխարհն ամենուր հայտնվում է վտանգի և սպառնալիքի առջև»։
Այսօր ևս, ամփոփելով Ռուսաստանի նախագահի և կառավարության նախագահի տանդեմի գործունեության առաջին արդյունքները՝ կարելի է նախնական որոշ ընդհանրացումներ անել։
Առաջին. արդեն ակնհայտ է, որ համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանն հանդես է գալիս որպես ինքնուրույն, իր ուժերին վստահ առանցքային տերություն, որը ոչ միայն բացահայտ հայտարարում է իր պետական և ազգային շահերի մասին, այլև հաջողությամբ ապահովում ու պաշտպանում է դրանք։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ աշխարհաքաղաքական այս նոր իրողության հետ հարկադրված է հաշվի նստել ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ ԵՄ-ը և, ընդհանրապես, համաշխարհային ողջ հանրությունը։
Երկրորդ. չնայած ռուսական ժողովրդավարության երիտասարդ տարիքին, այն հասել է գլխավորին. երկրի իշխանությունները, հանձինս ՌԴ նախագահի և կառավարության նախագահի, վայելում են բնակչության, Ռուսաստանի ժողովուրդների ամենալայն խավերի վստահությունը։
Երրորդ. Ռուսաստանը, երկրի նախագահի և կառավարության նախագահի քաղաքական տանդեմի ղեկավարությամբ, կարողացավ հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը սոցիալական բնույթի նվազագույն վնասներով և կրկին դուրս գալ զարգացման հետագիծ։
Չորրորդ. կառավարության նախագահ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Վ. Պուտինի հայտարարությունը Համառուսական ժողովրդական ճակատ ստեղծելու մասին, հետագայում նաև Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևի կողմից այդ նախաձեռնությանը փաստացի հավանություն տալը նշանավորեցին ռուսական քաղաքական ընտրանու, քաղաքական դասի համակարգային նորացման սկիզբը։ Ըստ էության, սկսվում է պետական ակտիվ կառավարման գործին օժտյալ քաղաքացիների, պրոֆեսիոնալների, ռուսական հասարակության լայն խավերի (անկախ կուսակցական պատկանելությունից) ներգրավման գործընթացը։ Սկսվում է բոլոր նրանց միավորման գործընթացը, որոնց համար թանկ է իրենց երկրի ճակատագիրը, ովքեր իրենց կոչումը տեսնում են Մեծ Ռուսաստանի ստեղծման մեջ։ Այս հարցի վերաբերյալ «Միասնական Ռուսաստան» կուսակցության՝ վերջերս Վոլգոգրադում տեղի ունեցած Միջտարածաշրջանային կոնֆերանսում շատ պատկերավոր է արտահայտվել ՌԴ կառավարության նախագահ Վ. Պուտինը. «Համառուսական ժողովրդական ճակատը ստեղծված է, որպեսզի բոլոր մարդիկ, ովքեր միավորված են մեր երկիրն ամրապնդելու միասնական ձգտմամբ, միավորված են մեր առջև կանգնած խնդիրների լուծման առավել օպտիմալ տարբերակների որոնման գաղափարով, կարողանան լինել միասնական պլատֆորմի շրջանակում»։ Ավելին, Համառուսական ժողովրդական ճակատի ստեղծման գաղափարը նվազագույնի է հասցնում ան վտանգը, որի մասին նախազգուշացնում էր ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության “Вести” ծրագրի կոլեկտիվի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ, այն է. «Իշխանությունը կոնկրետ մարդու հաշվարկով կառուցելու փորձերը վտանգավոր են։ Եթե դրանք խնդիրներ չառաջացնեն ընթացիկ կյանքում, ապա ապագայում կստեղծեն դրանք և՛ երկրի, և՛ կոնկրետ մարդու համար։ Մենք պետք է մտածենք այս մասին և հիշենք պատմության դասերը»։
Կրկին անդրադառնալով Դ. Մեդվեդևի՝ 2011թ. մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի արդյունքներին՝ կարելի է փաստել, որ անցած երեք տարում արդի Ռուսաստանում Դ. Մեդվեդև-Վ.Պուտին քաղաքական երկյակին հաջողվել է ապահովել իշխանության ժառանգականության չորս հիմնական բաղադրիչները, ավելին՝ դրանով հանդերձ հասնել ներդաշնակության դրանց միջև։ Ի՞նչ ենք հասկանում այս ասելով։ Դա, նախ, ժառանգորդության ապահովումն է ՌԴ նախագահի պաշտոնում, ինչը թույլ տվեց պետականորեն իմաստուն, փիլիսոփայորեն հմուտ կերպով համահարթել Ռուսաստանի «հավերժական բարեկամների»՝ երկրի առաջնորդների քաղաքական տանդեմի վարկաբեկմանն ու պառակտմանը, քաղաքական դասին խմբակայնության և քաշքշուկների ճահիճ ներքաշելուն ուղղված ճկուն գործողությունները։ Երկրորդ՝ Ռուսաստանի առաջնորդներն ապահովեցին երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական գծի ժառանգորդությունը։ Ավելին, հաջողվեց դինամիզմ հաղորդել դրա իրականացմանը, որն առաջանցիկ զարգացում է ապահովում երկրի համար։ Եվ ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ իրավացիորեն նշեց Դմիտրի Անատոլևիչը, երկիրը, չնայած ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամին, չի կորցրել զարգացման թելը, մարդկանց դրության դրամատիկ վատթարացում տեղի չի ունեցել, էլ չենք խոսում արդեն այն մասին, որ պահպանվել են այն բոլոր ծրագրերը, որոնք թույլ տվեցին իրականացնել արտաքին քաղաքական այն գիծը, որը հանգեցրեց միջազգային լարվածության թուլացմանը։ Երրորդ, տանդեմի արժանիքների թվում պետք է դնել նաև այն, որ, շնորհիվ նրանց՝ ՌԴ Սահմանադրությանը համապատասխան ներդաշնակ և փոխլրացնող աշխատանքի, երկրում ստեղծվեցին պետական մեխանիզմի գործառնության այնպիսի պայմաններ, որոնցում հնարավոր դարձավ ընտրանիների անցավագին հաջորդայնության ապահովումը։ Ամենևին էլ պատահական չէ, որ մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Դ. Մեդվեդևը փաստեց, որ վերջին երեք տարում փոխվել է Ռուսաստանի նահանգապետերի և տարածաշրջանների ղեկավարների մոտ կեսը։ Այս առումով խորապես խորհրդանշական է Դ. Մեդվեդևի արձագանքն ասուլիսի ժամանակ ստացված այն տեղեկատվությանը, որը վերաբերում էր Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի կողմից Դաշնության խորհրդի խոսնակ Ս. Միրոնովին հետ կանչելուն։ ՌԴ նախագահը դրանում քաղաքական մրցակցության առողջ դրսևորում տեսավ։
Սրանք են, իմ կարծիքով, Ռուսաստանի Դաշնության նախագահի և կառավարության նախագահի քաղաքական տանդեմի գործունեության գլխավոր արդյունքները։ Իսկ Սկոլկովոյի կառավարման դպրոցում մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հարցերին Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևի տված պատասխանները ճիշտ կլինի դիտարկել այն խնդիրների հետ օրգանական միասնության մեջ, որոնց մասին խոսվել է Պետական դումայում ապրիլի 20-ին Վ. Պուտինի տված Հաշվետվության («Ռուսաստանի կառավարության 2010 թ. գործունեության մասին») մեջ և մայիսի 6-ին «Միասնական Ռուսաստան» կուսակցության Միջտարածաշրջանային կոնֆերանսում ունեցած ելույթում։
Անվիճելի է մի բան. Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևը մամուլի ասուլիսում դարձյալ հավաստեց երկրում հետևողականորեն և անշեղորեն ներդրումային մթնոլորտի արմատական բարելավման հասնելու վճռականությունը։ Նա նշեց ՌԴ արդիականացման գծի անայլընտրանքայնությունը՝ ռուսաստանյան տնտեսության դիվերսիֆիկացման, ավելի վաղ հայտարարված հինգ ուղղություններով ինովացիոն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հիմքի վրա։ Բավարարության զգացում է առաջացնում այն, որ չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամի հաջող հաղթահարմանը և երկրի՝ առաջանցիկ զարգացման գիծ դուրս գալուն, տնտեսության զարգացման, Ռուսաստանի առջև ծառացած խնդիրների լուծման տեմպերը երկրի նախագահին չեն բավարարում։ Նա միանգամայն ինքնաքննադատորեն հայտարարել է, որ անցած երեք տարիներին տեղի չի ունեցել քաղաքացիների կյանքի որակական բարելավում, չի կարելի հաշտվել այն բանի հետ, որ տակավին շատ մարդիկ ապրում են աղքատության եզրից անդին։
Մի խոսքով՝ հետևելով մամուլի ասուլիսին, մենք դրա բարձր արդյունավետության վկան դարձանք, ինչը հիմնված էր ռուսական պետության ղեկավարի պրոֆեսիոնալիզմի, ազնվության և բարյացակամության ներդաշնակ համակցման վրա՝ զուգակցված Ռուսաստանի որակապես նոր ապագայի հանդեպ վստահության, երկրի ճակատագրի համար պատասխանատվության հետ։ Եթե Դմիտրի Անատոլևիչն ասուլիսի ժամանակ ինչ-որ մեկին հիասթափեցրեց էլ, ապա դրանք Ռուսաստանի Դաշնության նախագահի և կառավարության նախագահի քաղաքական գործընկերության մեջ սեպ խրելու անթաքույց սիրահարներն էին։ Իսկ ՌԴ նախագահն ու կառավարության նախագահը, ըստ Դ. Մեդվեդևի խոսքերի՝ ռազմավարական գործընկերներ լինելով, արդեն համատեղ ջանքերով «փոխում են աշխարհի պատկերը», ընդ որում՝ դեպի ավելի լավը, ավելի անվտանգը, ինչպես ուզում է այն տեսնել ՌԴ նախագահը։ Եվ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի Ռուսաստանի նախագահի և կառավարության նախագահի քաղաքական ապագան, անվիճելի է մի բան. «Ռազմավարություն – 2020»-ը և «Հայեցակարգ – 2020»-ը հաջողությամբ կիրագործվեն արդի Ռուսաստանի այս առաջնորդների ամենագործուն ու անմիջական մասնակցությամբ։
Եվ, վերջապես, կարելի է լավատեսորեն հուսալ, որ 2011-2012 թթ. Ռուսաստանի Դաշնությունում խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախօրեին ստեղծվել են լավ նախադրյալներ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ-պետությունների տնտեսական ու ռազմաքաղաքական միավորման համար։
Ահա այսպիսի մտորումների մղեց մեզ, Հայաստանում, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամուլի ասուլիսն ընթացիկ տարվա մայիսի 18-ին, Սկոլկովոյի կառավարման դպրոցում։ Եվ այսօրվա ռուսական իրողությունների նման ընկալումը վստահություն է ներշնչում եղբայրական այդ մեծ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության ռազմավարական հուսալի գործընկերոջ ապագայի հանդեպ։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ, «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության վարչության նախագահ
Հայաստանի Հանրապետություն, Երևան, 18 մայիսի 2011թ.