ԱՆԿԱՆՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ, ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԱՍԻԱՅԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ Է
18.04.2011, Ռեգնում
Վերջին չորս ամիսների իրադարձությունները, որոնք ցնցեցին Մեծ Մերձավոր Արևելքի երկրները, ազդարարեցին աշխարհի վերափոխման, նոր աշխարհակարգի հաստատման սկզբի մասին, որին ենթադրվում է հասնել գլոբալ անկանոնություն նախաձեռնելու միջոցով։ Եգիպտոսում, Թունիսում, Ալժիրում, Բահրեյնում, Սիրիայում, Լիբիայում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները մեզ համոզում են այն բանում, որ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում սերմանվում և գործնականում իրագործվում է «Կառավարելի քաոսի» տեսությունը։ Ասվածի վկայությունը ներքաղաքական իրադրության ապակայունացման սցենարների նմանությունն է այս երկրներից յուրաքանչյուրում։ Դրանցից ամեն մեկում միավորված ընդդիմադիր ուժերի գրոհների թիրախը այս պետությունների առաջնորդներն էին, իսկ բնակչության լայն շերտերի հուզումների նախաձեռնողը դարձավ երիտասարդությունը։ Ընդ որում՝ առավել ակտիվություն դրսևորեց երիտասարդության այն հատվածը, որը, որպես կանոն, կամ ուսանել, կամ ինքնատիպ փորձառություն էր անցել Արևմուտքի երկրների «դեմոկրատիայի» համալսարաններում։ Կարելի էր մեկ այլ միտում էլ նկատել. բողոքի ելույթներն սկսվելուց հետո ընդդիմությանը հարեցին գործող իշխանությունների ներկայացուցիչները՝ հանձինս պետապարատի և ուժային կառույցների աշխատակիցների։ Հատկանշական է նաև, որ բողոքի զանգվածային շարժումներն իրենց դրոշների տակ էին միավորում սոցիալական դրությունից, կոռուպցիայից, իշխանությունների կամայականությունից և բացասական այլ երևույթներից օբյեկտիվորեն դժգոհ բնակչության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներին, երևույթներ, որոնք տասնամյակներ կուտակվել և բնորոշ էին Մեծ Մերձավոր Արևելքի իշխող վարչակարգերին։ Բողոքի ելույթների ևս մեկ բնութագրական առանձնահատկություն պետք է համարել վառ արտահայտված, բոլորի կողմից ընդունված խարիզմատիկ առաջնորդների բացակայության փաստը, ինչն արդյունքում բացասական հետևանքներ ունեցավ։ Խոսքն ամենևին էլ բռնապետական նոր վարչակարգերի հաստատման մասին չէ, այլ այն մասին, որ ժողովրդի կողմից ընդունված առաջնորդների բացակայության պայմաններում հնարավոր չի թվում համախմբել այն երկրների ժողովուրդներին, որոնք կարողացել են հասնել նախկին կառավարողների պաշտոնանկությանը։ Պարզ է, որ այս պետություններում կուտակված հիմնախնդիրները (սոցիալական արդարության ապահովում, օրենքի առջև հավասարության ավանդույթների հաստատում, գործազրկության և աղքատության մակարդակի նվազեցման պահանջմունք) կարճ ժամկետում անհնար է լուծել։ Միավորիչ գաղափարների, դրանց շուրջ ազգը համախմբելուն ունակ առաջնորդների բացակայության պայմաններում իշխանափոխությունն իրականացնող ընդվզող շերտերի տարաբնութության պայմաններում արտաքին ուժերի համար պարարտ հող է ստեղծվում այդ երկրները կրկին «կառավարելի քաոսի» վիճակի մեջ գցելու համար։ Եվ վերջապես, այդ բոլոր երկրներում տեղի ունեցող գործընթացների ևս մեկ բնութագրական առանձնահատկությունն էլ այն հանգամանքն է, որ ապակայունացման համար որպես կարևորագույն գործիք են հանդես եկել ինտերնետը և սոցիալական ցանցերը, որոնք, ըստ էության, դարձան ահավոր զենք` ընդվզման շարժումների կազմակերպման ու համակարգման ինքնատիպ շտաբ։
Մեծ Մերձավոր Արևելքի առանձին երկրների իշխող վարչակարգերի տապալման պայքարի հիմքում դրված հիմնարար սկզբունքների այսօրինակ նույնականությունը միանգամայն բացատրելի է, քանի որ դրանք ընդհանուր հիմք ունեն։ Այդ սկզբունքներն են պարունակում Ալբերտ Էյնշտեյնի անվան ինստիտուտի (ԱՄՆ) հիմնադրի և այսօր էլ գործող ամերիկյան գիտնական, փիլիսոփայության դոկտոր Ջին Շարփի (Gene Sharp) աշխատությունները։ Իր «Դիկտատուրայից դեպի դեմոկրատիա» (“From Dictatorship to Democracy”) և «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ» (“198 Methods of Nonviolent Action”) գրքերում նա մանրամասն նկարագրում է, թե ինչ և ինչպես պետք է անել իշխող ոչ դեմոկրատական վարչակարգերը տապալելու համար։ Ալբերտ Էյնշտեյնի ինստիտուտը և դոկտոր Շարփը քսանամյա «համագործակցության» պատմություն ունեն հետխորհրդային պետությունների հետ։ Դեռ 1992 թ. Լիտվայում հրատարակվեց դոկտորի «Քաղաքացիական պաշտպանության հիմունքները» գիրքը։ Ջին Շարփի մշակումները կիրառվում էին որպես ողջ աշխարհում «գունավոր» և «թավշյա» հեղափոխությունների կազմակերպման գործնական ձեռնարկներ։ Նման որոշ հեղափոխությունների ակտիվիստներն անմիջական ուսուցում էին անցնում Ալբերտ Էյնշտեյնի ինստիտուտում, այդ թվում` սերբական «Օտպոր» շարժումը, վրացական «Կմարա»-ն, ուկրաինական «Պորա»-ն, ղրղզական «Կել Կել»-ը, բելոռուսական «Զուբր»-ը։ Շարփի «Քաղաքացիական պաշտպանության հիմունքները» աշխատությունն օգտագործվել է լիտվացի, լատվիացի և էստոնացի քաղաքական գործիչների կողմից 1991 թ. Խորհրդային Միությունից առանձնանալու գործողությունների ժամանակ։
Վերոշարադրյալի համատեքստում կարող է հարց ծագել. իսկ ինչո՞ւ Ջին Շարփին վերագրել Մեծ Մերձավոր Արևելքի երկրներում ընդվզման շարժումների գաղափարախոսական հեղինակ լինելը, շարժումներ, որոնք վերաճել, փոխակերպվել են մեծ արյունահեղության հանգեցրած ուղղակի ռազմական դիմակայության։ Չէ՞ որ այս գիտնականն իրեն համարում է դիկտատուրայից դեմոկրատիայի անցման ոչ բռնի մեթոդների կողմնակից։ Ավա՜ղ, դա ընդամենը խոսքով է։ Այսպես, Շարփի առաջարկած «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ»-ներում, «Քաղաքական համագործակցությունից հրաժարվելու մեթոդներ» բաժնի 148-րդ կետը բաղկացած է մեն մի բառից՝ «խռովություն»։ Այստեղ արդեն հարկ չկա խոսել այն մասին, որ ամերիկյան գիտնականի առաջարկած բռնապետական վարչակարգերի ոչ բռնի տապալման մեթոդների էությունը քաղաքական և տնտեսական սաբոտաժի կիրառումն է։ Կարծում ենք, Շարփը, որն ավելի քան 30 տարի Հարվարդի համալսարանում հետազոտական աշխատանք է կատարել միջազգային հարաբերությունների ոլորտում, հիանալի հասկանում է, որ իր առաջարկած քաղաքական ու տնտեսական սաբոտաժը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կհանգեցնի այն բանին, որ ժողովուրդները կդադարեն ենթարկվել իշխանություններին։ Այս պայմաններում իշխող վարչակարգերն անխուսափելիորեն կհայտնվեն երկընտրանքի առջև. կամ բռնի ճնշել ժողովրդական հուզումները, կամ ինքնակամ հրաժարվել իշխանությունից։ Ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, խռովություններով համակված պետությունների իշխող վարչակարգերը, բոլորն առանց բացառության, ընտրել են առաջին ուղին, այն է՝ ժողովրդական հուզումների բռնի ճնշում, որը վերածվել է մեծ արյունահեղության։
Ո՞րն է, ուրեմն, Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում չդադարող ապակայունացման պատճառը, ի՞նչ խնդիրներ կարող է այն առաջ բերել և ի՞նչ խնդիրներ լուծել։ Այդ իրավիճակն ինչպե՞ս կանդրադառնա Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների երկրների վրա։ Ո՞վ է շահագրգռված և ո՞ւմ է ձեռնտու ապակայունացումը Մեծ Մերձավոր Արևելքում։ Այս հարցերի պատասխանները կօգնեն համարժեք քաղաքականություն մշակել՝ թույլ չտալու համար նման իրավիճակ այնպիսի լարված տարածաշրջանում, ինչպիսին է Հարավային Կովկասը։ Մինչ այս հարցերին պատասխանելը` վերհիշենք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի (2008 - 2010թթ.) որոշ դասեր։
Ճգնաժամի գլխավոր դասը, թերևս, այն է, որ նա ցույց տվեց հետևյալը. համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգը, որը գործում է այնպիսի պայմաններում, երբ որպես համաշխարհային պահուստային գլխավոր արժույթ է հանդես գալիս ԱՄՆ դոլարը, ենթակա է պարբերական ցնցումների նաև ոչ հեռավոր ապագայում։ Մենք իրավունք ունենք նման պնդում անել, քանի որ այսօր էլ ԱՄՆ ֆինանսական իշխանությունների քաղաքականությունը (նրանց նախկին քաղաքականությունը հանգեցրեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին) էական փոփոխություններ չի կրել։ Փոփոխություններ, որոնք պահանջում էր համաշխարհային ողջ ֆինանսատնտեսական համակարգը։ Այսպես, բավական է նշել, որ 2011 թ. փետվարի 15-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2011 թ. ֆինանսական տարվա (սկսվում է 2011-ի հոկտեմբերի 1-ից) բյուջեն հայտարարեց 3,8 տրլն դոլարի չափով։ Ընդ որում՝ ակնկալվում է, որ բյուջեի դեֆիցիտը կկազմի այդ երկրի համար ռեկորդային՝ 1,56 տրլն դոլար կամ ԱՄՆ ՀՆԱ-ի մոտ 11 %-ը։ Նշենք, որ ճգնաժամային 2009 թ. բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը կազմել էր 1,4 տրլն դոլար կամ ՀՆԱ-ի 10 %-ը, 2010-ին՝ համապատասխանաբար 1,3 տրլն դոլար կամ ՀՆԱ-ի 8,9 %-ը։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի բյուջեի նման հսկայական դեֆիցիտի առկայությունն այդ երկրի կառավարությանը թույլ է տալիս բավական բարձր կենսամակարդակ ապահովել, որի դեպքում ամերիկյան քաղաքացիների սպառման ծավալն էապես գերազանցում է նրանց արտադրած ՀՆԱ-ն։ Փորձագետների գնահատականներով՝ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն արտադրում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 22 %-ը, ապա երկրի ներսում սպառվում է համաշխարհային ՀՆԱ-ի 25 – 40 %-ը։ Արտադրության և սպառման նման հարաբերակցությունը հնարավոր է շարունակել միայն այն դեպքում, եթե ամերիկյան դոլարը պահպանվի որպես գլխավոր համաշխարհային պահուստային արժույթ։ Դա, իր հերթին, հնարավոր է, եթե թույլ չտրվի դոլարի համար այլընտրանքային համաշխարհային պահուստային այնպիսի արժույթների հաստատումը, որոնք կարող են փոխարինել այն։ Բնականաբար, հարց է ծագում` պոտենցիալ առումով ո՞ր երկրներն են ի վիճակի մարտահրավեր նետել ամերիկյան դոլարի հզորությանը, ի՞նչ գործողությունների կարող է դիմել ԱՄՆ-ը՝ խոչընդոտելու համար համաշխարհային պահուստային արժույթների կայացմանը։
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին եվրոպական արժույթը՝ եվրոն, փոքր-ինչ ամրապնդել է դիրքերը որպես համաշխարհային պահուստային արժույթ։ Այսպես, եթե 1999 թ. դոլարի բաժինը համաշխարհային արժութային պահուստներում կազմում էր 71,1 %, իսկ եվրոյինը՝ 18,1 %, ապա 2010 թ. սկզբին համաշխարհային արժութային պահուստների տեսակարար կշիռը ԱՄՆ դոլարով կազմում էր 61,5 %, իսկ եվրոյով՝ 28,1 %, ֆունտ ստեռլինգով՝ 4,2 %, ճապոնական իենով՝ 3 %։ Որպես համաշխարհային պահուստային երկրորդ արժույթ եվրոյի հաստատումը հիմնված էր Եվրամիության տնտեսության կայունության վրա։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը փոքր-ինչ սասանեց այդ կայունությունը, սակայն եվրոն դեռ չի կորցրել իր նշանակությունը որպես համաշխարհային պահուստային արժույթ՝ կապված այն բանի հետ, որ Եվրամիության տնտեսությունն աստիճանաբար դուրս է գալիս աճի հետագիծ։ Սակայն Մեծ Մերձավոր Արևելքի երկրներում ծավալվող իրադարձություններն ի զորու են լուրջ հիմնախնդիրներ ստեղծել ԵՄ անդամ երկրների համար։ Այսպես, վերջիններս սպառում են համաշխարհային էներգառեսուրսների ողջ ծավալի մոտ 16 %-ը, ընդ որում՝ ԵՄ էներգաբալանսում գերակշռող տեսակարար կշիռ ունեն նավթն ու գազը, իսկ քարածխի և հիդրոէներգետիկ ռեսուրսների բաժինը նրա վառելիքաէներգետիկ հաշվեկշռում էական չէ։ Այսօրվա դրությամբ եվրոպական տարածքում տարեկան արդյունահանվում է մոտ 163 մլն տոննա նավթ, ինչն ապահովում է ներքին պահանջարկի ընդամենը 18 %-ը, և 193 մլրդ խոր. մետր գազ, որն ապահովում է ներքին պահանջարկի մոտավորապես 37 %-ը։ Միևնույն ժամանակ, Եվրամիությունն ամեն տարի սպառում է ոչ պակաս, քան 900 մլն տոննա նավթ և 500 մլրդ խոր. մետր գազ։ Այսպիսով, ածխաջրածինների նետտո-ներմուծումը կազմում է ավելի քան 300 մլրդ խոր. մետր գազ և ավելի քան 700 մլն տոննա նավթ։ Մեծ Մերձավոր Արևելքի պետություններից ներմուծվող նավթի բաժինը կազմում է մոտ 55 %, գազինը՝ մոտ 30 %։ Այստեղից դժվար չէ պատկերացնել, թե ի՞նչ ծանր բեռ կարող է լինել ԵՄ տնտեսության համար էներգակիրների գների բարձրացումը, ինչն անխուսափելի կլինի Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում շարունակվող ապակայունացման պայմաններում։ Այս ամենը վերջնարդյունքում բացասաբար կանդրադառնա ԵՄ հիմնական դրամական միավորի՝ եվրոյի կայունության վրա։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ ԱՄՆ-ի էներգակախվածությունը Մերձավոր Արևելքի երկրներից ներմուծվող էներգակիրներից շատ ավելի փոքր է, քան ԵՄ-ի երկրներում։ Այս պայմաններում եվրոն, շարունակելով հիմնական դրամական միավորը համարվել ԵՄ երկրներում, կկորցնի գրավչությունը որպես համաշխարհային պահուստային արժույթ և ի վիճակի չի լինի լուրջ մարտահրավեր նետել դոլարի հզորությանը։
Վերջին տարիներին մենք դարձանք Հեռավոր Արևելքի և Հարավային Ասիայի երկրների՝ Չինաստանի, Կորեայի Հանրապետության, Թայվանի, Վիետնամի և, իհարկե, Հնդկաստանի տնտեսության դինամիկ աճի վկաները։ Այս կապակցությամբ նշենք, որ ԱՄՆ-ի Ազգային հետախուզական խորհրդի «Աշխարհը ճգնաժամից հետո։ Գլոբալ միտումներ – 2025. փոփոխվող աշխարհ» զեկույցում, «Աշխարհի պատկերը 2025 թվականին» բաժնում, գրված է, որ «Չինաստանի, Հնդկաստանի և մյուս երկրների վերելքի հետ առաջ է գալիս գլոբալ բազմաբևեռ համակարգը ... Շարունակվում է հարաբերական հարստության և տնտեսական ազդեցության՝ ներկայումս նշմարվող աննախադեպ տեղափոխում Արևմուտքից Արևելք»։ Այս նույն զեկույցում` «Անորոշության առանցքային գործոնները» բաժնում, եզրահանգում է արվել, որ «եթե նավթի և գազի գները մնան բարձր, հիմնական արտահանողների, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը, ապա նրանց պետական հզորությունն էապես կավելանա։ Ռուսաստանի ՀՆԱ-ն կարող է համեմատվել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ՀՆԱ-ներին»։ Նման վերլուծությունը, բնականաբար, ԱՄՆ-ի ղեկավարության առջև դնում է որոշակի քաղաքականություն վարելու խնդիր` մի կողմից` Հեռավոր Արևելքի և Հարավային Ասիայի նավթ ու գազ ներմուծող երկրների, մյուս կողմից՝ արտահանող երկրների (ի դեմս Ռուսաստանի և Իրանի) հանդեպ։ Բնականաբար, ամերիկացիների վարած քաղաքականության նպատակը պետք է լինի այդ երկրների տնտեսական պոտենցիալի աճին հակազդելը, որոնք կարող են մարտահրավեր նետել ԱՄՆ-ի հզորությանը, սասանել դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի, գերիշխող դերը։ ԱՄՆ-ի նման մոտեցմամբ շահագրգռված է նաև Եվրամիությունը, քանի որ համաշխարհային պահուստային նոր արժույթի ի հայտ գալը թույլ չտալը եվրոպացիներին հնարավորություն կտա պահպանել եվրոյի կարգավիճակը որպես նշանակությամբ երկրորդ համաշխարհային պահուստային արժույթ։
Հաշվի առնելով վերն ասվածը՝ հանուն օբյեկտիվության պետք է նշենք. չնայած վերջին տարիներին Չինաստանը վարում էր նավթի ներմուծման դիվերսիֆիկացման քաղաքականություն, նրա էներգակախվածությունը Մեծ Մերձավոր Արևելքի երկրներից դեռ միանգամայն զգալի է։ Ներկայումս Չինաստանը ԱՄՆ-ից հետո մեծությամբ երկրորդ նավթ սպառողն է աշխարհում, երրորդ ներմուծողը Ճապոնիան է։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Չինաստանն ունի 18,7 մլրդ բարել նավթի ապացուցված պաշարներ և նավթի ամենօրյա արդյունահանումը կազմում է 4 մլն բարել։ Համաշխարհային բանկի վիճակագրական տվյալների համաձայն՝ Չինաստանն Մեծ Մերձավոր Արևելքի երկրներից տարեկան ներկրում է նավթի իր պահանջարկի 46%-ը: Հարկ է նաև նշել, որ տարեցտարի ավելանում է Հնդկաստանի նավթի պահանջարկը։ Այս երկիրը ներկայումս զբաղեցնում է աշխարհում հինգ-վեցերորդ տեղը նավթի սպառման գծով։ Հնդկաստանը գլխավորապես նավթ է ներմուծում Մերձավոր Արևելքից, որի տեսակարար կշիռը կազմում է նավթի արտասահմանյան գնումների 67 %-ը։
Կարծում ենք, որ վերը բերված ցուցանիշները հաշվի առնելով՝ հասկանալի է դառնում, թե որքան ծանր կանդրադառնա Չինաստանի և Հնդկաստանի տնտեսությունների վրա էներգակիրների գների բարձրացումը։ Իսկ այդ գործընթացն անխուսափելի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվի անկայունությունն արտահանող երկրներում։ Բնական է, որ այս պայմաններում կհետաձգվի համաշխարհային պահուստային նոր արժույթի ստեղծումը, որը կկարողանար բավական լուրջ դիրքեր ունենալ թեկուզև БРИКС-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) անդամ երկրների տարածքում, ինչպեսև Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Բացի այդ, դժվար չէ պատկերացնել, թե որքան կբարդանա իրավիճակը, երբ թեժանան մարտնչող իսլամիզմի տրամադրությունները մահմեդական բազմամիլիոն բնակչություն ունեցող Հնդկաստանում։
Ընդ որում՝ հարկ է նաև նշել, որ էներգակիրների գների բարձրացումն անխուսափելիորեն կհանգեցնի դոլարի որոշակի արժեզրկման, սակայն դա ևս վերջնարդյունքում դրականորեն կանդրադառնա ԱՄՆ-ի տնտեսության վրա։ Նախ՝ դոլարի արժեզրկմամբ կբարձրանան ոսկու, ընդհանրապես հումքային ռեսուրսների գները, ինչը նույնպես բացասաբար կանդրադառնա Հեռավոր Արևելքի և Հարավային Ասիայի երկրների տնտեսությունների վրա, որոնցում խիստ բարձր է կախվածությունը հումքի ներմուծումից, իսկ Ճապոնիայում, Կորեայի Հանրապետությունում, Թայվանում այդ կախվածությունը խիստ զգալի է։ Ոսկու գների բարձրացումը դրականորեն կանդրադառնա ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի ոսկու-արտարժույթի պահուստների (ՈԱՊ) վրա, ոսկու բաժինը այդ երկրների ոսկու-արտարժույթի պահուստներում համապատասխանաբար 69 %, 65 %, 63 %, 64 %, 52 %, 84 % և 36 % է, իսկ Ավստրիայում՝ 53 % է, այն դեպքում, երբ БРИКС–ի անդամ երկրներում այդ ցուցանիշը զգալիորեն ցածր է. Չինաստանում՝ 2 %, Ռուսաստանում՝ 5 %, Հնդկաստանում՝ 6 %, Հարավային Աֆրիկայում՝ 11 %։ Միևնույն ժամանակ, հարկ է ասել, որ դոլարի արժեզրկումը բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի ոսկու-արտարժույթի պահուստների վրա։ Այսպես, 2011 թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ Չինաստանի ՈԱՊ-ը հասել է 3 տրլն 44 մլրդ դոլարի, Ճապոնիայի ՈԱՊ-ը 2010 թ. սեպտեմբերի վերջին հասել է 1 տրլն 110 մլրդ դոլարի, որի ընդամենը 2 %-ն է կազմել ոսկին։ 2011թ. ապրիլի 8-ի դրությամբ Ռուսաստանի ՈԱՊ-ը կազմել է 508 մլրդ 400 մլն դոլար, որոնց մոտավորապես կեսը նոմինացված է դոլարով։ Դոլարի արժեզրկումն իջեցնում է նաև ԱՄՆ-ի կառավարության գանձապետական պարտավորությունների իրական արժեքը, որի ընդհանուր գումարը հաշվվում է տրիլիոն դոլարներով։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ այդ պարտավորությունների ամենախոշոր տնօրինողը Չինաստանն է, որի ձեռքում է ԱՄՆ-ի կառավարության մոտ 1 տրլն դոլարի գանձապետական պարտավորությունները։ Համաշխարհային ֆինանսների ոլորտում տիրող հենց նմանօրինակ իրավիճակն է առաջ բերում բազմաթիվ երկրների դժգոհությունն ԱՄՆ մոնետար քաղաքականությունից, որովհետև արդեն պարզ հասկացվում է, որ այդ երկիրն իր ներքին հիմնախնդիրները լուծում է ի հաշիվ դոլարի տպագրման։ Եվ միանգամայն օրինաչափ է, որ երկրները դոլարից և ԱՄՆ-ի Դաշնային Պահուստային Համակարգի վարած քաղաքականությունից կախվածությունը նվազեցնելու ուղիներ են որոնում։ Հենց դրա համար էլ դեռ 2010 թ. БРИК–ի երկրները ստորագրեցին Հուշագիր պետական ֆինանսական ինստիտուտների համագործակցության, БРИК–ի անդամ երկրների արտահանման զարգացման ու աջակցության մասին (ս. թ. ապրիլի 13-ին Հուշագրին միացավ նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը)։ Երկարաժամկետ հեռանկարի տեսակետից ս. թ. ապրիլի 14-ին Չինաստանում կայացած գագաթաժողովում ստորագրված նոր համաձայնագիրը БРИКС–ի երկրների կողմից քայլ է համաշխարհային ֆինանսական համակարգի կենտրոնները զարգացած երկրներից զարգացող երկրներ փոխադրելու ուղղությամբ։ Տնտեսական գլխավոր իրադարձությունը, որը տեղի ունեցավ չինական Հայնանում, ֆինանսական փաստաթղթի ստորագրումն էր, որը վավերացրեց БРИКС–ի 5 անդամ երկրների՝ դոլարով հաշվարկներ չանելու ցանկությունը։ Այդ երկրներն այժմ կարող են միմյանց վարկեր տրամադրել իրենց ազգային արժույթներով։ Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևը, ելույթ ունենալով БРИКС–ի անդամ պետությունների՝ Չինաստանում կայացած գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում, նշեց, որ «միանգամայն արդարացված» է համարում ազգային արժույթի անցնելու գաղափարը։ «Մեր պետությունները համահունչ մոտեցումներ ունեն Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի բարեփոխման հարցերում։ Միջազգային արժութային - ֆինանսական համակարգի հետագա բարեփոխման անհրաժեշտության մասին է խոսվել նաև այսօրվա հանդիպմանը»,- մամուլի համար հայտարարել է Դ. Մեդվեդևը 2011 թ. ապրիլի 14-ին` БРИКС–ի գագաթաժողովն ավարտվելուց հետո։ Սա, անշուշտ, շատ լուրջ որոշում է, քանի որ БРИКС-ը ցամաքի քառորդ մասն է կազմում, աշխարհի բնակչության գրեթե կեսը, արտադրում է համաշխարհային ՀՆԱ-ի 18 %-ը, տնօրինում է ոսկու-արտարժույթի պահուստի կեսը և գլոբալ առևտրի 45 %-ը։ ԱՄՆ-ը, իհարկե, հասկանում է, որ նման որոշմամբ БРИКС–ի երկրները մոտեցնում են դոլարի մայրամուտի դարաշրջանը։ Նրա պատասխան գործողություններն էլ նավթ ու գազ ներմուծող երկրների՝ Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ վերն արդեն լուսաբանվեցին։
Իսկ ինչպե՞ս կվարվի ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ։ Մեծ վտանգ կա, որ ամերիկացիները լուրջ փորձեր կձեռնարկեն՝ ընդլայնելու համար ապակայունության գոտին դեպի Հյուսիս - Արևելք և Արևելք, աշխատելով ամեն գնով այնտեղ ներգրավել Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հարավային Կովկասի երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, նաև Կենտրոնական Ասիայի պետությունները, հատկապես Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Թուրքմենստանը, դրանով իսկ անկայունության աղեղ ստեղծելով Ռուսաստանի հարավակողմի ողջ պարագծով։ Հարավային Կովկասի տարածաշրջանում դա հնարավոր կլինի անել՝ թեժացնելով լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Այդ նպատակին է ծառայում նաև վրացական ղեկավարության կողմից առաջ մղվող՝ առանց Ռուսաստանի «Մեծ Կովկասյան տուն» ստեղծելու գաղափարը, բայց այնտեղ ընդգրկելով Ռուսաստանի Դաշնության հյուսիսկովկասյան հանրապետությունները։ Ապակայունացման միջոցների զինանոցում կկիրառվի նաև անջատողականության հրահրումը էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Հյուսիսային Իրանում։ Եթե այդ գործոններն անհրաժեշտ էֆեկտը չունենան, ապա կխթանվի անկախ պետություն ստեղծելու քրդերի ձգտումը Թուրքիայում, Հյուսիսային Իրաքում և Սիրիայում` նրանց հոծ բնակության տարածքներում։ Ապակայունացման ֆոնին հարկ է սպասել անջատողական ու իսլամիստական տրամադրությունների հրահրման Չեչնիայում, Ինգուշիայում, Կաբարդինա - Բալկարիայում։ Այս քաղաքականության վերջնական նպատակը ռուսական պետականության խարխլումն է, իսկ հնարավորության դեպքում՝ հյուսիսկովկասյան հանրապետությունների անջատումը Ռուսաստանից՝ հետագա թիրախ ունենալով Թաթարստանն ու Բաշկորտոստանը։
Տաջիկստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում իրավիճակը պայթեցնելու համար արդեն փորձարկված մեխանիզմներ կան։ Ազգամիջյան երկպառակության հրահրումը՝ այդ երկրների ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և պետականակերտ ազգերի միջև արյունալի բախումներով, արդեն մեկ անգամ չէ, որ վերածվել է մեծ արյունահեղության։ Իսկ Ռուսաստանը, լինելով Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության առաջատար անդամը, չի կարողանա անտարբեր մնալ այդ կազմակերպության անդամների ճակատագրին. լինի Հայաստանը, Տաջիկստանը կամ Ղրղզստանը, ու նաև Ուզբեկստանը։
Ռուսաստանի հարավային սահմանների ողջ պարագծով անկայունության գոտի ստեղծելով՝ վստահաբար կարելի է կանխատեսել, որ դա կուղեկցվի ահաբեկչական տարբեր տեսակի գործողություններով բուն Ռուսաստանի տարածքում։
Այսօր արդեն Հայաստանի Հանրապետության օրինակով երևում են հուշարարների հում ականջները՝ զինված ոչ բռնի գործողությունների 198 մեթոդներից շատերով, որոնք այնքան ջանադրաբար նկարագրել է Ջին Շարփը։ Սոցիալ-տնտեսական ծանր դրության պայմաններում, որում հայտնվել է Հայաստանի բնակչության զգալի մասը, արտաքին ուժերի և հանրապետությունում նրանց դրածոների ցանկացած հրահրիչ, սադրիչ գործողություն պարարտ հող կգտնի ապակայունացման համար։ Պատճառը միավորիչ գաղափարի բացակայությունն է` Հայոց պետականության, հայ ժողովրդի, մեր հինգհազարամյա քաղաքակրթության ապագայի համար։ Իսկ այդ գաղափարը կա, այն յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ է, ու համար թանկ է իր երկրի ճակատագիրը։ Հայաստանի համար այդ գաղափարի էությունը Եվրասիական միության ստեղծումն է` Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի հետ։
Մեր միավորման այլընտրանքը ժամանակի ընթացքում կհանգեցնի Լիբիայի ճակատագրի կրկնությանը։ Ավա՜ղ, սա չափազանցություն չէ, սա հայտնի Real Politic-ի իրագործումն է արդի պայմաններում։
Ամփոփելով՝ կուզենայի ինքնաբերաբար առաջ եկող եզրահանգում անել. Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ապակայունացումը կարող է դառնալ Ռուսաստանի մասնատման առաջին փուլը ԱՊՀ ողջ տարածքում քաոսի հաստատման ճանապարհին, ինչը, իր հերթին, ողբերգական հետևանքներ կունենա համաշխարհային քաղաքակրթության համար։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ,
«Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության
վարչության նախագահ