Թուրքիան պատերազմի է սադրում Ադրբեջանին Հայաստանի դեմ. Արտաշես Գեղամյան

22.08.2021, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3350282.html

23.08.2021, Իրավունք

https://iravunk.com/?p=211236&l=am

 

ԱՆՈՏԱՑԻԱ.

Թուրքիան և Ադրբեջանը, Հարավկովկասյան տարածաշրջանում իրականացնելով իրավիճակի ապակայունացման անգլոսաքսերի ռազմավարությունը, Ռուսաստանի Դաշնության հարավային սահմաններին վարում են համակարգային, մանրազնին մտածված տեղեկատվական պատերազմ Հայաստանի և Ռուսաստանի դեմ։ Նրանց միջանկյալ խնդիրն է՝ տեղեկատվական ֆոն ստեղծել Ադրբեջանի կողմից (Թուրքիայի անմիջական սադրանքով) Հայաստանի դեմ զինված ագրեսիա սանձազերծելու համար՝ Սյունիքի մարզի անեքսիայի և իսլամական աղեղի ստեղծման նպատակով։

Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին երեք ամիսներին ծավալվող իրադարձություններն ավելի ու ավելի են հանգեցնում այն մտքին, որ Թուրքիան և Ադրբեջանը տեղեկատվական ֆոն են ստեղծում Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու համար։ Մինչ ընթերցողների դատին այս եզրահանգումը հաստատող կոնկրետ փաստեր ներկայացնելը՝ ավելի ամբողջական պատկերացում ունենալու համար ստորև ներկայացվող նյութի բովանդակության մասին, հղում կատարեմ հայտնի քաղաքագետ, հեռուստա- և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովի «Вести FM» ռադիոկայանի ուղիղ եթերում հչեցրած մտքերին (տեսագրությունը տե՛ս Infoteka 24.ru/2021/07/12/84 695)։ Վլադիմիր Սոլովյովի e-mail-ին ստացվել է ունկնդիրներից մեկի հարցը. դիցուք. «Պարոն Սոլովյով, Դուք հիանալի գիտեք, որ Ադրբեջանն իրավացի է ամեն ինչում, և նա վերադարձրել է իր հողերը։ Հիմա պետք է խոսել խաղաղության մասին»։ Այնուհետև հնչել է Վլադիմիր Ռուդոլֆովիչի պատասխանը տրված հարցին. «Դե, ինչպե՞ս խոսել խաղաղության մասին, եթե պատերազմը շարունակվում է նաև հիմա։ Մե՛կ։ Հետո, ի՞նչ ձեր հողեր։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ եթե դուք երբևէ պատմություն ուսումնասիրել եք, ապա պետք է իմանաք, որ Լեռնային Ղարաբաղը, երբ այն խանություն էր, երբեք չի մտել Ադրբեջանի կազմի մեջ։ Այն մտնում էր, այսինքն՝ իր կամքով մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ XIX դարում։

Դուք կարող եք հորինել աղվանների մասին, ինչ ուզեք, հարց չէ։ Բայց եթե եթե դուք նայեք ճշմարտության աչքերին, ապա փախչելու տեղ չեք ունենա այն փաստից, որ Երուսաղեմում քաղաքի մեկ քառորդը պատկանում է հայերին՝ որպես Երկրի վրա առաջին ժողովրդի, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Այն թվականը, երբ դա տեղի է ունեցել, ես ձեզ անգամ Ուրարտուի մասին չեմ պատմի, ցույց է տալիս, որ հայերը ոչ միայն հնագույն ժողովուրդ են, այլև այնքան հին են, որ դուք կարող եք հետևել, թե երբ և որտեղ է այդ ժողովուրդն ապրել, և եթե կասկածներ ունեք, ու եթե կարծում եք, որ դրանք աղվանական քրիստոնեական տաճարներ են, այդ ժամանակ բացատրեք ինձ, թե ինչ խնդիր կա գրերի հետ կապված, որովհետև հայկական գրերը շատ առանձնահատուկ են, և դրանք գոյություն ունեն դարեր շարունակ։ Իսկ եթե խոսքն ուղղակիորեն Արցախի մասին է, Ղարաբաղի մասին, հայերն այնտեղ ապրել են։ Ահա Նոյը՝ տապանն Արարատ լեռան գագաթին կանգնեցնելով, դուրս է գալիս այնտեղից կնոջ հետ, նրա երեք զավակներն իրենց կանանց հետ, և նրանք դուրս են բերում ուղտերին, փղերին, և վազում են մարդիկ ու գոչում՝ արա՛ վայ, կրկես է եկել։ Դուք հասկանում եք, Ղարաբաղում միշտ եղել են, միշտ եղել են հայերը։ Ես չեմ ասում, թե ինչպես Ստալինը կտրեց, Լենինը կտրեց, ով ուր մտցրեց, ինչպես մտցրեց, ինչպես 80-ականներին բռնկվեց պատերազմը, ինչպես խորհրդային իշխանությունը Գորբաչովի հետ միասին բաց թողեց և թույլ տվեց, որ բռնկվի այդ ատելությունը։ Եվ այդ ժամանակ Սումգայիթի, Բաքվի ահավոր ողբերգությունները... Դուք կարծում եք, թե մենք ամեն ինչ մոռացե՞լ ենք, ինչ է։ Բայց դա եղել է։ Բայց պատմության մեջ, դուք դա գիտեք, կարելի է հորինել ինչ ուզես, բայց դրանից այն ճիշտ չի դառնա։ Պետք է համակերպվել այն բանի հետ, որ կա ճիշտ։ Այո, միջազգային իրավունքը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի տարածք։ Սա ճիշտ է։ Այնպես, ինչպես միջազգային իրավունքը Հարավսլավիան համարում է միասնական պետություն, այնպես, ինչպես միջազգային իրավունքը համարում էր, որ գոյություն ունի Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն։ Սա քիչ է՝ միջազգային իրավունքը ամրապնդվել է Հելսինկյան հռչակագրով, որը խոսում էր սահմանների անխախտելիության մասին Եվրոպայում, ինչից հետո գրողի ծոցն անցան բոլոր սահմանները Եվրոպայում։ Այո, միջազգային իրավունքն ասում է, ուստի ես հարց ունեի հայկական ղեկավարությանը 94 թվականից. Ղարաբա՛ղը, ասա ինձ Ղարաբաղի կարգավիճակը։ Բոլոր նախագահները, որոնք եղել են, բոլոր վարչապետերը, բայց բառն ասա, անվանիր բառը՝ Ղարաբաղն ի՞նչ է։ Անկախ հայկական պետությո՞ւն։ Ղարբաղը Հայաստանի մա՞սն է։ Դուք ոչ մի անգամ չեք ասել, ինչի մասին Վ.Պուտինը ձեզ ուղղակի ասաց, դուք կարգավիճակը չեք սահմանել։ Ուստի հայեր, Ռուսաստանն ու ռուսներին մեղադրելուց առաջ, ինքներդ ձեզ հարց տվեք. ամե՞ն բան եք արել, ինչ պետք է անեիք։ Ինչպես ձեր քաղաքական ղեկավարությունն այս երեսուն տարիներին, այնպես էլ անձամբ դուք։ Գիտեք, թե ինչպես եմ վերաբերվում ձեզ՝ հայերիդ։ Երբեք դա չեմ թաքցրել ու չեմ թաքցնում։ Նայեք ձեր ոչ հեռավոր պատմությունն ու պատասխանեք ինքներդ ձեզ այդ հարցին։ Դադարեք ամեն բանում Ռուսաստանին մեղադրելը։ Կներեք»։

Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, ռուսաստանցի հայրենասեր-դերժավնիկի հնչեցրած պատմական ճշմարտությունն Արցախի մասին և նրա շուրջ կատարվող իրադարձությունների գնահատականը սուր ցավ առաջացրեց սրտումս։ Եվ երկրորդ Ղարաբաղյան պատերազմում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) պարտությունից հետո, որը սանձազերծել էին Թուրքիան և Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ՝ ավելի քան երկու հազար սիրիական վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, հիմա այլևս սխալի իրավունք չունենք, քանզի այս հարցում թույլ տրված սխալը ավելին է, քան հանցագործությունը, դավաճանություն է հայոց պետականության շահերին, և նրա պատմության վերջի սկիզբն է։ Ավաղ, սա չափազանցություն չէ։ Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. այդ ի՞նչ վտանգավոր, այսքան տագնապալի մտքերի մղող բան է կատարվել վերջին ամիսներին։ Մինչ ընթերցողների կողմից բնականորեն ծագող այս հարցին պատասխանելը որոշ փաստեր ներկայացնեմ ոչ հեռավոր անցյալից։ Այսպես, 2020թ. հոկտեմբերի 28-ին (այսինքն՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ավարտից տասն օր առաջ) Газета.RU ինտերնետ-պարբերականը հրապարակեց Ալեքսեյ Գրյազևի հոդվածը՝ «Բանակային բարեկամություն. ինչպես է Թուրքիան դաշնակիցներ փնտրում Միջին Ասիայում» վերնագրով (https;//www.gazeta.ru/politics/2020/10/28_a_13337641.shtml), որում, մասնավորապես, գրված էր. «Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ոչ մեծ շրջագայություն կատարեց Միջին Ասիայի երկրներում։ Ինչպես հայտնի դարձավ, այդ ուղևորության արդյունքներից մեկը Տաշքենդում հոկտեմբերի 27-ին ստորագրված համաձայնագիրն է Ուզբեկստանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության մասին»... Դրանից մեկ օր առաջ, երկուշաբթի, Հուլուսի Աքարը այցելել էր ևս մեկ միջինասիական երկիր՝ Ղազախստան։ Այստեղ Թուրքիայի պաշտպանության նախարարը նույն նպատակն ուներ, ինչ և Ուզբեկստանում՝ ամրապնդել երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում և պաշտպանական արդյունաբերության բնագավառում... Երմեկբաևն (Նուրլան Երմեկբաև, Ղազախստանի պաշտպանության նախարար – Ա.Գ.) իր կողմից ընդգծեց, որ Թուրքիան կրում է Ղազախստանի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ, ինչպես նաև հիշեցրեց, որ երկու երկրների ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել էր դեռևս 2018թ. Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից։ Փաստաթղթի վավերացումը տեղի ունեցավ արդեն պետության նոր ղեկավարի՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի օրոք։ Թուրքիայի և Ղազախստանի երկկողմ պայմանագիրը կրում է նույն բնույթը, ինչ և նախօրեին Ուզբեկստանի հետ ստորագրված համաձայնագիրը։ Հարաբերությունների նման ձևաչափը ենթադրում է երկարաժամկետ ռազմական համագործակցության զարգացում, փոխգործակցություն զինվորականների ուսուցման հարցում, զորավարժությունների անցկացում, ռազմական գույքի տարանցում օդային տարածքով, բուժօգնության ցուցաբերում, գիտական և տեխնիկական հետազոտությունների անցկացում»։

Հատկանշական է, որ 2020թ. հոկտեմբերի 27-ին թուրքական Tyrkiye Gazetesi պարբերականը հրապարակեց հոդված «Ճանապարհը՝ թուրանական բանակ» վերնագրով... Խոսքը «Թուրանի բանակի» ստեղծման մասին է՝ ռազմական դաշինք, որը կմիավորի թյուրքալեզու երկրները։ Եվ ահա, հարգելի ընթերցող, Հուլուսի Աքարի ուղևորությունը Ղազախստան պարբերականը գնահատում է որպես թյուրքական պետությունների միասնական բանակի ստեղծման քայլերից մեկը։

Ընթերցողներին հիշեցնենք, որ միասնական թյուրքական բանակի ստեղծման գաղափարը սկզբնավորվել է դեռևս 2009թ. Թյուրքական խորհրդի ստեղծման ժամանակ, որը միավորում է թյուրքական աշխարհի ժամանակակից բոլոր ներկայացուցիչներին (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան), բացի Թուրքմենստանից։ Եվ ահա, Թյուրքական խորհրդի ստեղծումից տասը տարի անց՝ 2019թ. հոկտեմբերին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նույն ինքը՝ ժամանակակից նեոօսմանյան սուլթանը, Թյուրքական խորհրդի հերթական նիստից հետո հայտարարել է. «Մինչև հիմա մենք ասում էինք «մեկ ազգ՝ երկու պետություն»։ Երեկ ես հայտարարեցի, որ հիմա մենք դարձել ենք մեկ ազգ՝ հինգ պետություն։ Տա Աստված, Թուրքմենստանը նույնպես հարի մեզ, և այդ կերպ մենք կդառնանք մեկ ազգ՝ վեց պետություն, կուժեղացնենք համատեղ համագործակցությունը տարածաշրջանում»։

Ոչ այնքան մեծ այս պատմական էքսկուրսից հետո տեղափոխվենք մեր օրեր։ Այսպես, 2021թ. հունիսի 15-ին, ինչպես տեղեկացնում է Day.az-ը՝ հղում կատարելով Ազերթաջին, ընդունվեց այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների մասին»։ Մանրամասներ չեմ բերի այդ բացահայտ սադրիչ փաստաթղթից, բայց ընթերցողների ուշադրությանը կներկայացնեմ որոշ մեջբերումներ դրանից. «...Կողմերը (Թուրքիան և Ադրբեջանը – Ա.Գ.) հպարտության զգացումով հայտարարում են, որ Ադրբեջանը, հաղթանակ տանելով 44-օրյա հայրենական պատերազմում (փաստաթուղթը ստորագրողների՝ Ալիևի և Էրդողանի սրբապղծությունն ու բռիությունը սահմաններ չունեն՝ «հայրենական պատերազմ» անվանել իրենց իսկ սանձազերծած ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ սիրիական վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ – Ա.Գ.), վերջ դրեց Հայաստանի 30 տարի շարունակվող ագրեսորական քաղաքականությանը... Կողմերը նշում են, որ Ադրբեջանը և Թուրքիան միացնող միջանցքի բացումը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև (Զանգեզուրի միջանցք), որպես սույն միջանցքի շարունակություն Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցումը կարևոր ավանդ կներդնեն երկրների միջև տրանսպորտային-հաղորդակցական կապերի ինտենսիֆիկացման գործում (որպես նախապատրաստական միջոցներ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի իրականացման համար Ադրբեջանը, իր հանցակցի (հանձին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի) լիակատար ինքնաօտարման պարագայում, ավելի քան 3 կմ խորացել է ՀՀ տարածքում, Սյունիքի մարզի «Սև լճի» տարածքում և մշտապես գնդակոծում է Թուրքիայի և Ադրբեջանի բաղձալի «Զանգեզուրի միջանցքի» հարակից շրջանները – Ա.Գ.)... Կողմերը, ընդգծելով, որ Թուրքիայի դեմ Հայաստանի չհիմնավորված պահանջները, պատմությունը խեղաթյուրելու և պատմական փաստերը քաղաքականացնելու փորձերը՝ դրանք խեղաթյուրելու ճանապարհով, վնաս են հասցնում խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում, այս համատեքստում վճռականապես աջակցում են Թուրքիայի ջանքերին, որը բացել է իր արխիվները 1915թ. իրադարձությունների վերաբերյալ (նկատի ունեն 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, որը ճանաչել են այդ թվում և Թուրքիայի ՆԱՏՕ գծով դաշնակից երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Իտալիան, Լեհաստանը, Հունաստանը, Լիտվան, Սլովակիան, Լատվիան, Կանադան – Ա.Գ.)... Կողմերը կամրապնդեն համատեղ համագործակցությունը թյուրքական մշակութային ժառանգության քարոզչության և խրախուսման ոլորտում միջազգային մակարդակով (նշենք, հարգելի ընթերցող, որ թյուրքական մշակութային ժառանգության խրախուսումն ու քարոզչությունը, ժամանակակից Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդների պատկերացմամբ, նշանակում են հայկական մշակութային ժառանգության ոչնչացում այն տարածքում, որը զավթել են նրանք ու սիրիական վարձկան ահաբեկիչները Ղարաբաղյան երկրորդ պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ժամանակ)»։

Սույն փաստը չէր կարող աննկատ մնալ հայկական կողմում, և միանգամայն սպասելի էր, որ զավթված տարածքներում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման սպառնալիքի մասին հայտարարեց Ամենայն Հայոց կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք Գարեգին Երկրորդը՝ հանդես գալով 2021թ. հունվարի 21-ին «Իզվեստիա»-ում հրապարակված հոդվածով՝ «Ի փրկություն տաճարի. Ղարաբաղի եկեղեցիներ այցելել չեն թույլատրում ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետներին» վերնագրով։ Հատկապես նշենք, որ կաթողիկոսը իր պարտքն էր համարել երախտագիտության խոսքեր ասել Ռուսաստանի Դաշնության նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հասցեին. «Հուշարձանների և հոգևոր սրբատեղիների պահպանության գործում, Հայ Առաքելական եկեղեցու հովվապետի խոսքով, փոքր դեր չեն կատարում ռուս խաղաղապահները, որոնք դրա համար գործադրում են բոլոր ջանքերը։ Ամենայն Հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահին անձնական ներդրման համար պատերազմի դադարեցման և դրանից հետո ծագած հարցերի կարգավորման գործում»։

Այնուհետև Շուշիի հռչակագրում գրված է. «Թյուրքական համագործակցության հետագա ամրապնդման նպատակներով Կողմերը կխթանեն այն գործունեությունը, որն իրականացվում է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի, Թյուրքական ակադեմիայի, Թյուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամի, Թյուրքալեզու երկրների միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակում»։

Հարգելի ընթերցող, որպեսզի այս և 2021թ. հունիսի 15-ի Շուշիի հռչակագրում ներկայացված այլ, իբր բարի, խաղաղ մտադրությունները, նրանց կարծիքով, հուսալիորեն պաշտպանված լինեն, նեոօսմանյան և ափշերոնյան սուլթաններ Էրդողանն ու Ալիևը էլ ավելի ակտուալացրին թյուրքական բանակի ստեղծումը։ Այս նպատակի իրականացման ճանապարհին գործուն քայլ էր Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահներ Սահիբ Ալի կըզի Գաֆարովայի, Մուսթաֆա Շենթոփի և Ասադ Քայսերի հանդիպումը Բաքվում 2021թ. հուլիսի 27-ին և Բաքվի հռչակագրի ստորագրումը նրանց կողմից։ Սակայն լուրջ մտորումների տեղիք է տալիս ոչ թե հռչակագրի ստորագրման փաստը, այլ անդրկուլիսյան բանակցությունները, որոնց մասին տեղեկություն հայտնվեց ԶԼՄ-ներում։ Միայն որոշ մեջբերումներ կատարեմ ընդամենը երկու հոդվածից (դրանք բազմաթիվ են), որոնցում շեշտադրվում է խորհրդարանների նախագահների հանդիպման հիմնական արդյունքը։ Այսպես, 2021թ. հուլիսի 31-ին НОВЫЕ ИЗВЕСТИЯ պարբերականը (newizv.ru/article/general/31−07−2021/vplot-do-tretiey-mirovoy-chem-grozit-sozdanie-tyurkskoy-armii) հրապարակեց Վիկտոր Կուզովկովի հոդվածը՝ «Ընդհուպ մինչև Երրորդ համաշխարհային... Ինչո՞վ է սպառնում «թյուրքական բանակի» ստեղծումը» վերնագրով։ Հատկանշական է այդ հոդվածի անոտացիան. «Հաշվի առնելով երկու երկրների աշխարհաքաղաքական հավակնությունները՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ բանակը կարող է լուրջ սպառնալիք դառնալ խաղաղությանը Կովկասում և գլոբալ ռազմական հակամարտության մեկնակետ»։ Հետո ավելին է. «Չորեքշաբթի (2021թ. հուլիսի 28-ին) «Sputnik Азербайджан» ալիքում հայտնվեց շատ հետաքրքիր նորություն։ Հղում կատարելով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ղեկավար Մուսթաֆա Շենթոփին՝ ասվեց, որ Թուրքիան և Ադրբեջանը իբր քննարկում են համատեղ բանակի ստեղծման գաղափարը... Իհարկե, այն բավական արագ հերքվեց, իսկ ադրբեջանական «Sputnik»-ը հայտարարեց, որ նորության համար հիմք էին դարձել թարգմանության անճշտությունները։ Հերքմամբ շտապեցին հանդես գալ նաև որոշ այլ պաշտոնական և ոչ պաշտոնական անձինք»։ Այս հաշվով հատկապես պատկերավոր էր ներկայացված «Թյուրքական ՆԱՏՕ Անկարայից մինչև Կազան. Էրդողանը ցանկանում է մեջտեղից կիսել Ռուսաստանը» հոդվածում՝ հրապարակված 2021թ. հուլիսի 28-ին «Ցարգրադ» հայրենասիրական ինտերնետ-հեռուստաալիքի կայքում, դիցուք. «Sputnik Азербайджан» գործակալությունը լեզուն շաղ էր տվել, թե, թուրքական խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփի խոսքով՝ Բաքուն և Անկարան բանակցություններ են վարում համատեղ զինված ուժեր ստեղծելու մասին։ Էրդողանը չի ամաչում առաջ քաշել «վեց երկիր՝ մեկ ժողովուրդ» կարգախոսը և ապագա հպատակներին անվանել «ուզբեկական թուրքեր, «ղազախական թուրքեր» և անգամ «թաթարական (!) թուրքեր»։ Այսպիսի հռետորաբանությունն արդեն հնչում է որպես ուղղակի պահանջ Ռուսաստանի տարածքի հանդեպ, որի իրականացման գործիք կարող է դառնալ «թյուրքական ՆԱՏՕ-ն»... Դեռևս մեր թվարկությունից առաջ մեծն չինացի Սուն Ցզին ասել է. «Եթե ինչ-որ բան կարող էլ ես անել, հակառակորդիդ ցույց տուր, կարծես թե չես կարող; եթե ինչ-որ բանից օգտվում էլ ես, նրան ցույց տուր, կարծես դրանից չես օգտվում»։ Հենց այսպես էլ գործում են այսօր թուրքերը՝ քայլ առ քայլ իրականացնելով իրենց կայսերական նկրտումները և, միաժամանակ, աշխարհին (ու հատկապես Ռուսաստանին) հավաստիացնելով, որ ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենում» (tsargrad.tv/articles/tjurkskoe-nato-ot-ankary-do-kazani-jerdogan-hochet-razrezat-rossiju-popolam_389622)։

Եվ ահա, միասնական թյուրքական բանակի ստեղծման ճանապարհին, որն անխափան իսլամական աղեղով կմիացնի Ադրբեջանն ու Թուրքիան, խոչընդոտ է հանդիսանում Սյունիքի մարզի 45 կիլոմետրանոց Մեղրիի քրիստոնեական սեպը։ Ուստի, ափշերոնյան սուլթան Իլհամը օրը մի քանի անգամ տեղի-անտեղի խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նշենք, որ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի զավթումը պանիսլամիստների բաղձալի երազանքն է։ Չէ՞ որ նրանք ոչ մեկ տասնամյակ (եթե ոչ հարյուրամյակ) անրջում են Ջիբրալթարից Աֆրիկայի հյուսիսով, Մերձավոր Արևելքով, Ադրբեջանով, Միջին Ասիայով ընդհուպ մինչև Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջան այսպես կոչված իսլամական աղեղի ստեղծման մասին։ Եվ հենց Հայաստանն է ժամանակակից նեոօսմանների համար միակ անհաղթահարելի պատնեշը պանթյուրքիստների ճանապարհին՝ նորահայտ նեոօսմանյան սուլթան Էրդողանի գլխավորությամբ։ Իսկ սուլթան Էրդողանի այս ծայրահեղ վտանգավոր ցանկություններին հասնելուն, որոնց իրականացումը հղի է երրորդ համաշխարհային պատերազմի սկսմամբ, ծառայում է ափշերոնյան սուլթան Իլհամը։ Այս պայմաններում Էրդողան-Ալիև երկյակի համար բացառիկ կարևոր է համապատասխան տեղեկատվական ֆոնի ստեղծումը, որը կարդարացներ թուրք-ադրբեջանական բազեների ռազմական ներխուժումը ինքնիշխան և անկախ Հայաստանի Հանրապետության տարածք՝ ՀՀ Սյունիքի մարզի հետագա անեքսիայի նպատակով։ Համապատասխան տեղեկատվական ֆոնի ստեղծումը ազդարարվում է ափշերոնյան սուլթան Իլհամի որքան զառանցական, նույնքան էլ սուտ ու չափազանց վտանգավոր հայտարարություններով իբր թե Սյունիքի մարզի, Սևանա լճի հարակից տարածքների և հենց Երևանի՝ ՀՀ մայրաքաղաքի (որը 2021թ. հոկտեմբերի 9-ին նշելու է իր 2803-ամյակը) Ադրբեջանին պատմական պատկանելության մասին։ Սակայն ազերպրոպը չի սահմանափակվում միայն ափշերոնյան սուլթանի ռազմատենչ ելույթներով և, ինչպես նշվեց հոդվածի սկզբում, Հայաստանի դեմ նրանց կողմից ծավալվել և վարվում է համակարգային տեղեկատվական պատերազմ։ Այս պատերազմի ռեկրուտներ են գրվել առաջին հայացքից թվում է, թե մեղսունակ մարդիկ։ Այս առնչությամբ հատկապես ընդգծենք, որ Ադրբեջանի տեղեկատվական պատերազմը Հայաստանի դեմ դառնում է ավելի ու ավելի ճարտար, ընդ որում՝ այն ունի նաև իր առանձնահատկությունները։ Մի կողմից՝ ընթանում է Նիկոլ Փաշինյանի մի տեսակ պարզունակորեն թաքցվող գովք, այո, այո, հարգելի ընթերցող, ես չեմ սխալվում, մյուս կողմից՝ Ռուսաստանի և անձամբ ՌԴ նախագահի՝ մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի միաժամանակյա պարսավում։ Բնական է՝ հետևելով թուրքական ավանդական բազմերեսանիությանն ու նենգությանը՝ տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի չափավոր գովաբանություն։ Ընդ որում՝ որպես նրանց ագիտպրոպի մունետիկներ ավելի հաճախ ներգրավվում են քաղաքական լայն շրջանակներին դեռևս քիչ հայտնի քարոզիչներ։ Որպես օրինակ ներկայացնեմ ադրբեջանցի լրագրող, ներկայում ԱՄՆ-ում բնակվող Բեյդուլա Մանաֆովի մենախոսությունը, որի օգոստոսյան ելույթը հեռարձավել է վերջերս ստեղծված REGNEWS ինտերնետ-հեռուստատեսությամբ։ Այսպես, 2021թ. օգոստոսի 18-ին REGNEWS-ի (https:youtu.be/gV_daZhcT-Q) եթերում ցուցադրվեց Մանաֆովի ելույթը՝ «Միջուկային տերություններ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հայաստանին – Բեյդուլա Մանաֆով» վերնագրով։ Հետաքրքիր է, չէ՞, հնչում, հարգելի ընթերցող։ Այսպես, եթերի 8-րդ րոպեից սույն միջազգայնագետ-լրագրողը, որը ներկայանում է որպես քաղաքական վտարանդի և անկանխակալ վերլուծաբան, տեղեկացնում է. «Ինչպես արդեն ասացի (բա ինքնակարծիքն ինչպիսին է, դե, իսկը վերջին ատյանի ճշմարտության մունետիկ – Ա.Գ.), Հայաստանում շուտ չեն մոռանա Ռուսաստանի դավաճանությունը։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կամ որևէ մեկը՝ հայ ժողովրդի հաջորդ առաջնորդը (ըստ Մանաֆովի՝ ցանկալի է, որ նույնպես արևմտյան հատուկ ծառայությունների դրածոն լինի – Ա.Գ.), այնուամենայնիվ, կամաց-կամաց հետ քաշվի Ռուսաստանից։ Հենց դրա հետ է կապված Նիկոլ Փաշինյանի առաջարկը (հնչել է մեկ շաբաթ առաջ – Ա.Գ.)՝ առանձին հանդիպել Ալիևի հետ, առանց միջնորդների։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, բայց առայժմ չի կարող ազատվել ռուսական ազդեցությունից (ադրբեջանա-ամերիկյան լրագրողի ապշեցնող իրազեկությունը Փաշինյանի խորքային ապրումների մասին, ի դեպ, անհիմն չէ – Ա.Գ.)։ Չնայած, կախված վաղվա աշխարհաքաղաքական իրավիճակից, կախված այն բանից, թե ինչ տեղի կունենա Բայդենի և Պուտինի միջև փոխհարաբերություններում, իրավիճակը մի գեղեցիկ օր կարող է փոխվել այնպես, որ Պուտինն առարկել էլ չի կարողանա (այստեղ Բեյդուլան արտահայտում է իր քաղաքական ուղեվարների՝ նեոօսմանյան և ափշերոնյան սուլթանների նվիրական ցանկությունները – Ա.Գ.)։ Նա պարզապես կհանի իր զորքերը Հայաստանից» (չե՛ք տեսնի – Ա.Գ.)։ Կամ, «գրական» լեզվով ասած, որը հաճախ օգտագործում են Երևան քաղաքի «Նաիրի» կինոթատրոնի շրջակայքի տղերքը, դիցուք. մուալիմ Բեյդուլայի այս խոսքերից հետո մի ակնթարթում երևացին անառակության մեջ թաթախված չորքոտանի անառակուհու ականջները, որն այդպես էլ չի գտել իր հերոս էշին, բայց թաքուն տենչում է ղարաբաղյան ազնվացեղ իշակին։ Ընդ որում՝ մուալիմ Բեյդուլան, անկախ լրագրող երևալու համար, թեթևակի հանդիմանում է ափշերոնյան սուլթանին։ Բայց դա, հաստատ, գավառական հակաալիևյան հարձակում է՝ հաշվարկված դյուրահավատների լսարանում հաջողություն ունենալու համար, որոնք, ավաղ, զգալի տոկոս են կազմում Փաշինյանի երկրպագուների ճամբարում։ Բավական հատկանշական և բնութագրական է, որ քաղվտարանդի Մանաֆովն իր այս 23 րոպեանոց մենախոսությունում ոչ մի խոսք չի ասում Թուրքիայի, նեոօսմանյան սուլթան Էրդողանի մասին, ընդ որում՝ հիանալի իմանալով, որ վերջինը Ալիևի քաղաքական կուրատորն է, որն առանց Էրդողանի ցուցումների խոսք անգամ չի արտաբերի։ Կարելի է տասնյակ այլ ելույթներ և վերլուծություններ էլ ներկայացնել, այդ թվում և հենց Մանաֆովինը 2021թ. օգոստոսի 21-ին այդ նույն REGNEWS ինտերնետ-հեռուստաալիքում՝ «Ալիևը խաղացող է, որը տանուլ է տվել դիլերին (Պուտինին)» վերնագրով, որոնց վերջնանպատակն է ցույց տալ թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնությունը։ Միևնույն ժամանակ, չնայած գնահատականների թվացյալ տարբերությանը, որոնք տրվում են նեոօսմանյան և ափշերոնյան սուլթանների գործողություններին, դրանք միավորում են այն, որ վերջնարդյունքում պարսավում են Ռուսաստանը, նրա արժանավորագույն նախագահին, և դա տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չափավոր, պարզունակ գովքի ֆոնին։ Բնութագրական է, որ Փաշինյանի պաշտպան գրված թուրք-ադրբեջանական քաղաքական փաստաբանները հանգամանքների տարօրինակ բերումով ամբողջ ուժով ջանում են, մեղմ ասած, Փաշինյանի պրոֆեսիոնալ անգրագիտությունը, որը վերաճեց Հայաստանի և Արցախի, ողջ տասնմեկ միլիոնանոց հայության ազգային շահերի դավաճանության, ներկայացնել որպես Կրեմլի հակահայկական բանսարկությունների արդյունք։

Կրկնում եմ, կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, երբ Թուրքիայի և Ադրբեջանի և նրանց հետևում կանգնած՝ Պոտոմակի ափերի (CIA) և մառախլապատ Ալբիոնի (MI-6) «սպեցերի» ու հատուկ ծառայությունների շահերը սպասարկող տարատեսակ «քաղաքագետների», «լրագրողների», «վերլուծաբանների» ամենատարբեր հոդվածներում, հարցազրույցներում, հեռուստաելույթներում Կրեմլը նշանակվում է Հայաստանի և Արցախի գլխին եկած բոլոր փորձանքների գլխավոր մեղավոր։ Նրանց ցինիզմն ու կեղծությունը հասել են այնտեղ, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) սանձազերծման պատասխանատու նույնպես նշանակվել է Ռուսաստանը։ Ռուսաստանը, որը դեռևս պատերազմի առաջին օրերին կոչ էր անում Փաշինյանին և Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները; Ռուսաստանը, որը ս.թ. հոկտեմբերի 19-ին հերթական անգամ կոչ արեց Նիկոլ Փաշինյանին հայտարարել ռազմական գործողությունների դադարեցման մասին; Ռուսաստանը, որը ստիպեց ափշերոնյան սուլթանին ու նրա հայ հանցակցին դադարեցնել ռազմական գործողությունները; Ռուսաստանը, որը խաղաղապահներ մտցնելով Արցախ՝ հայ ազգաբնակչությանը փրկեց անխուսափելի ցեղասպանությունից հայկական արյան ծարավի թուրք-ադրբեջանական բազեների ու սիրիական վարձկան ահաբեկիչների կողմից։

Հարգելի ընթերցող, ըստ երևույթին, Բեյդուլա Մանաֆովը ոգեշնչվել էր REGNEWS-ի իր դեբյուտով, և երկրորդ հարցազրույցն ու արդեն իմ հիշատակած երրորդ հարցազրույցը երկար սպասել չտվեցին։ Այսպես, 2021թ. օգոստոսի 18-ին եթեր հեռարձակվեց այդ մուալիմի հարցազրույցը՝ «Ղարաբաղյան պատերազմն սկսվեց և ավարտվեց Կրեմլի ցուցումով – Բեյդուլա Մանաֆով» վերնագրով (նշեմ, որ ռուսերեն վերնագրում՝ «Карабахская война начался и закончился по указанию Кремля — Бейдулла Манафов», ուղղագրական սխալնեը տառացիորեն կրկնում են մուալիմ Բեյդուլայի հարցազրույցի վերնագիրը – Ա.Գ.)։ Մանրամասներ չեմ ներկայացնի թուրք-ադրբեջանական քարոզչության այդ հերթական ռուսատյաց շաղակրատանքից, որը վարվում է Արևմուտքի վերոնշյալ հատուկ ծառայությունների բարձր ղեկավարությամբ։ Նրանց տեղեկատվական դիվերսիան սովորական երևույթ է դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում։ Սակայն այս գործողությունների դրդիչ մոտիվներն արհամարհելը չափազանց անխոհեմ կլիներ։

Թուրքիան և Ադրբեջանը, իրականացնելով Հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման անգլոսաքսերի ռազմավարությունը, Ռուսաստանի Դաշնության հարավային սահմաններին, կրկնում եմ, վարում են համակարգային, մանրազնին մտածված տեղեկատվական պատերազմ Հայաստանի և Ռուսաստանի դեմ։ Նրանց միջանկյալ խնդիրն է՝ տեղեկատվական ֆոն ստեղծել Ադրբեջանի կողմից (Թուրքիայի անմիջական սադրանքով) Հայաստանի դեմ զինված ագրեսիա սանձազերծելու համար՝ Սյունիքի մարզի անեքսիայի և իսլամական աղեղի ստեղծման նպատակով։ Աստված մի արասցե նման բան պատահի՝ ապակայունացման սպառնալիքի տակ կհայտնվեն Հյուսիսային Կովկասն ու Ռուսաստանի մյուս տարածաշրջանները, որտեղ իսլամ դավանող քաղաքացիների հոծ բնակչություն կա։ Բնական է, որ Ռուսաստանը, նրա քաղաքական ղեկավարությունը սաղմնային վիճակում կխեղդեն ժամանակակից պանթուրանականների ու նրանց ուղեվարների՝ Պոտոմակի ափերի և մառախլապատ Ալբիոնի պատերազմի հրձիգների այդ արկածախնդրական ծրագրերը։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ. Հույս ունեմ, հարգելի ընթերցող, որ վերը ներկայացված նյութերը կասկածներ չեն թողնում այն մասին, որ Թուրքիայի նեոօսման կառավարիչը Հարավկովկասյան տարածաշրջանում իր պանթուրանական երազանքների իրականացման համար սադրում է Ադրբեջանին պատերազմի Հայաստանի դեմ, ընդ որում՝ հետապնդելով երկակի նպատակ։ Նախ՝ Սյունիքի մարզի անեքսիայի ճանապարհով, որի մեջ մտնում է Մեղրիի տարածաշրջանը, վերացնել իսլամական աղեղի քրիստոնեական սեպը, և երկրորդ՝ ստեղծել անկայունության գոտի Ռուսաստանի հարավային սահմաններին։ Եթե ընթերցողներից որևէ մեկի մեջ այս հաշվով կասկածներ են մնացել, մեջբերումներ կատարեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2021թ. օգոստոսի 14-ի հարցազրույցից CNN Türk հեռուստաալիքին (https://news.day.az/officialchronicle/136822.html)։

Եվ այսպես, CNN Türk-ի թղթակցի հարցին՝ «Ավելի վաղ դուք խոսել եք Զանգեզուրի մասին։ Կարո՞ղ է արդյոք այնտեղ միջանցքի բացումը ուժեղացնել տնտեսական կապերը Թուրքիայի հետ», հետևել է ափշերոնյան սուլթանի պատասխանը. «Իհարկե, այդ միջանցքի բացումը շատ նպատակների է ծառայում։ Ադրբեջանը կկապվի Թուրքիայի հետ նոր տրանսպորտային նախագծով։ Ինչպես ձեզ հայտնի է, չորս տարի առաջ Բաքվում տեղի ունեցավ Բաքու – Թբիլիսի – Կարս (Կարսը բուն հայկական քաղաք է, 919-961թթ.՝ Բագրատունիների Հայոց թագավորության մայրաքաղաքը, 963-1065թթ.՝ Հայկական Կարսի թագավորության մայրաքաղաքը, XI-XVդդ. քաղաքը Բյուզանդիայի կազմում էր, այնուհետև զավթվել է սելջուկների կողմից, 1206թ. մտել է Զաքարյանների տիրույթների կազմ Վրացական թագավորության սահմաններում, 1386թ. զավթվել է Լենկ Թեմուրի, իսկ 1514թ.՝ Օսմանյան կայսրության կողմից։ Ռուս-թուրքական պատերազմների (1806−1812թթ., 1828−1829թթ., 1853−1856թթ.) ժամանակ Ռուսաստանից անցել է Օսմանյան Թուրքիային և հակառակը։ 1877թ. նոյեմբերին Կարսը վերցվել է ռուսական զորքերի կողմից և 1878թ. Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրով անցել է Ռուսաստանին, իսկ 1877-1917թթ. Կարսը եղել է Ռուսական կայսրության Կարսի մարզի կենտրոնը։ 1918թ. Բրեստի պայմանագրով Կարսն անցել է Թուրքիային, իսկ այդ թվականի մայիսին Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո թուրքերը թողեցին Կարսը և քաղաք մտան անգլիական զորքերը, իսկ 1918թ. մայիսի 23-ին Կարսը հանձնվեց Ռուսական կայսրության տարածքում ձևավորված անկախ Հայաստանի Հանրապետությանը։ 1920թ. Կարսը գրավվեց թուրքական զորքերի կողմից և 1921թ. Կարսի պայմանագրով մտավ Թուրքիայի կազմի մեջ։ 1953թ. մայիսի 30-ին ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայի հանդեպ տարածքային (մասնավորապես՝ Կարս քաղաքի հանդեպ – Ա.Գ.) պահանջներից) երկաթուղու պաշտոնական բացումը։ Այդ երկաթուղու շնորհիվ մենք կապվել ենք Թուրքիայի հետ։ Իսկ Զանգեզուրի միջանցքը կդառնա միացման երկրորդ ուղղությունը։ Այսպիսով, մեզ համար ի հայտ կգան նոր հնարավորություններ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը երկաթուղով կմիանա նաև իր անքակտելի մասի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ (Նախիջևանը բուն հայկական քաղաք է, որն ավանդույթի համաձայն՝ հիմնվել է աստվածաշնչյան Նոյի կողմից։ Քաղաքի հիմնադրման տարեթիվը պարսկական և հայկական աղբյուրների համաձայն՝ մ.թ.ա. 1539 թվականն է, «Բրիտանիկան» տարածաշրջանի պատմությունը վերագրում է մոտավորապես մ.թ.ա. 1500 թվականին... 885թ. Նախիջևանը արաբներից հետ է խլում Անիի թագավորության արքա Սմբատ Առաջին Բագրատունին... 1386թ. Լենկ Թեմուրը ներխուժում է Հայաստան՝ զավթելով այդ թվում և Նախիջևանը... XVIII դարավերջին - XIX դարասկզբին Նախիջևանը կիսաինքնուրույն Նախիջևանի խանության մայրաքաղաքն էր։ 1813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրով Ռուսաստանը ճանաչել է այդ խանությունը Պարսկաստանի «լիարժեք իշխանության ներքո», սակայն 1827թ. հունիսի 26-ին խանությունը գրավվում է գեներալ Պասկևիչի զորքերի կողմից, և 1828թ. փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրով Էրիվանի և Նախիջևանի խանությունների տարածքը պարսից շահը զիջում է Ռուսական կայսրությանը՝ նրա «լիակատար իշխանության ներքո»։ Այդ ժամանակ էլ Նախիջևան քաղաքը մտնում է նոր ստեղծված Հայկական նահանգի մեջ, իսկ 1849թ. դառնում է Էրիվանի նահանգի Նախիջևանի գավառի կենտրոնը... 1921թ. սկզբին Ստալինը Հայաստանի ներկայացուցչի հետ խոսակցությունում պնդում էր, որ Նախիջևանի մասին խոսք լինել չի կարող, այն միանշանակ պետք է լինի Հայաստանի կազմում (Նախիջևանի երկրամասի հայաթափման պատմությունից (1920-1921)։ Արխիվային փաստաթղթեր)։ Մենք միաժամանակ պահանջում ենք, որպեսզի անցկացվի նաև ավտոճանապարհ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Արևմտյան Զանգեզուրի տարածքում, Մեղրիի տարածաշրջանում» (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, որը ափշերոնյան սուլթանն ընկալում է ոչ թե որպես ՀՀ ինքնիշխան տարածք, այլ որպես առայժմ Հայաստանին ենթակա – Ա.Գ.)։

Միանգամայն հատկանշական է Ալիևի պատասխանը CNN Türk-ի թղթակցի «Ներկայում Ղարաբաղը շատ կարևոր դիրք է գրավում Ադրբեջանի և այլ պետությունների համար։ Ունե՞ք արդյոք նոր իրավիճակում ինչ-որ ակնկալիքներ Ռուսաստանից։ Եվ ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, Իրանի տեղն այս իրավիճակում» հարցին։ Այս միանգամայն ոչ պատահական հարցին հետևել է Ալիևի այսպիսի պատասխանը. «Ռուսաստանից ակնկալիքներն այն են, որպեսզի կատարվեն եռակողմ հայտարարության բոլոր դրույթները։ Որովհետև այդ եռակողմ հայտարարությունն ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները, և դրա դրույթների մեծ մասը արդեն իրականացված է։ Բայց կան որոշ հարցեր, որոնք դեռևս բաց են մնում։ Մեր ակնկալիքը սա է։ Ռուսաստանը՝ որպես Ադրբեջանի հարևան (ընդգծումն իմն է – Ա.Գ.) և Հայաստանի մերձավոր դաշնակից, իհարկե, հատուկ դեր է խաղում այս տարածաշրջանում։ Դա բնական է։ Հույս ունենք, որ Ռուսաստանն այսուհետ ևս բոլոր ջանքերը կգործադրի այս տարածաշրջանի անվտանգության համար և երկարաժամկետ խաղաղության ապահովման քայլեր կձեռնարկի։ Միևնույն ժամանակ, մեր ակնկալիքներն այն են, որպեսզի Ռուսաստանը չզինի Հայաստանին (սա ափշերոնյան սուլթանի ուղղակի ցուցումն է Ռուսաստանի ղեկավարությանը, որպեսզի օրինակ չվերցնի Թուրքիայից, որն անմիջական մասնակցություն ունեցավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր)՝ մինչև ատամները զինելով Ադրբեջանին «Բայրաքթար» անօդաչու սարքերով և ժամանակակից այլ սպառազինությամբ – Ա.Գ.)։ Մենք այս հարցը հասցրել ենք ռուսական կողմին (Ալիևի այս խոսքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ նրա խուճապային արձագանքը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և նրա հայ պաշտոնակից Արշակ Կարապետյանի հանդիպմանը ս.թ. օգոստոսի 11-ին Մոսկվայում, որի ժամանակ Սերգեյ Կուժուգետովիչը Ա.Կարապետյանին նվիրեց դաշույն՝ արարողությունն ուղեկցելով հետևյալ խոսքերով. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինությունների մատակարարման գործընթացը մեկնարկեց» - Ա.Գ.)։ Դա մեզ անհանգստացնում է։ Պատերազմն ավարտվել է (Ալիևի կոչերն ու լացուկոծը Ադրբեջանին Սյունիքի մարզի, Սևանա լճի ու նրա շրջակայքի և հենց Երևանի պատկանելության մասին, ըստ երևույթին, պետք է ընկալել որպես գորշավուն զամբիկի զառանցանք, քանզի «պատերազմն ավարտվել է» - Ա.Գ.)։ Այսինքն՝ հայ ժողովուրդը նույնպես համակերպվել է այս իրավիճակին։ Հայկական ղեկավարությունը նույնպես համակերպվել է այս պարտությանը (Ալիևի կողմից անկեղծ կլիներ փաստել, որ 2018թ. ապրիլ-մայիսին Արևմուտքի հայտնի հատուկ ծառայությունների կողմից ֆինանսավորված պետական հեղաշրջման հետևանքով իշխանության եկած հայկական նոր ղեկավարությունը լիովին արդարացրել է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության, այլև Պոտոմակի ափերի և մառախլապատ Ալբիոնի նրանց հովանավորների ակնկալիքները։ Հենց նա է հանձնել Արցախը, ինչի մասին շատ համոզիչ և ապացույցներով քանիցս բարձրաձայն հայտարարել է Հայաստանի և Արցախի, ուրեմն և Ռուսաստանի հայրենասեր, «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը, որն այժմ ենթարկվում է պատվիրված դատական հետապնդման – Ա.Գ.), և Հայաստանում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին դա։ Սա չտեսնված տեսարան է պատմության մեջ, երբ պարտություն կրած ղեկավարությունը նորից ստանում է ժողովրդի ձայները (այս բառերն արտաբերելիս ափշերոնյան սուլթանի դեմքին աննկարագրելի հիացմունք կար, և հետևելով այդ տեսարանին՝ ակամա մտածեցի, որ դրան հաջորդելու են կենաց և ողջ լերուք՝ ի պատիվ ՀՀ վարչապետի – Ա.Գ.)։ Այս դեպքում, իհարկե, Հայաստանին զինելը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ։ Մի քանի օր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սկսվել է Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարման գործընթացը։ Դա հարց է, որը շատ է անհանգստացնում։ Միևնույն ժամանակ, Հայաստանի պաշտպանության նոր նախարարը հանդես եկավ շատ անպատասխանատու հայտարարությամբ այն մասին, որ եթե ադրբեջանական կողմը գոնե մեկ սանտիմետր խախտի Հայաստանի սահմանը, ապա այդ ժամանակ նրանք կրակ կբացեն (պետք է կարծել, որ միայն Իլհամ Ալիևին ու Հայաստանի ղեկավարությունում նրա հայ հանցակցին հայտնի ինչ-որ պայմանավորվածությամբ փոխադարձ համաձայնեցված էր, որպեսզի ադրբեջանական զինված ուժերն անխոչընդոտ խորանային ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքում, երբ հանկարծ սուլթան Իլհամի համար անսպասելիորեն այդ պայմանավորվածությունը խախտվեց – Ա.Գ.)։ Այսինքն՝ ըստ երևույթին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դեռևս բոլորի համար դաս չի եղել։ Եթե այդպես է, ապա մենք պատրաստ ենք նորից դաս տալ։ Ուստի, մենք հույս ունենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին, որովհետև դրա կարիքը չկա»։ Էլ չեմ մեջբերի Իլհամ Ալիևին, քանզի եզրահանգումը պարզ է. ափշերոնան սուլթանը համոզված է իր անպատժելիության մեջ, ինչի երաշխավորը, ինչպես քանիցս ասաց այդ հարցազրույցում, «թանկագին Եղբայրն է (պաշտոնական փաստաթղթում Եղբայր բառը գրված է մեծատառով), հարգարժան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի հետ դիրքորոշումները համընկնում են»։

Ափշերոնյան սուլթանի, որը բարձրաձայն հայտարարում է, որ կպատժի Հայաստանին իր ինքնիշխան սահմանները պաշտպանելու համար, այս ակնհայտորեն անտաշ հարձակման հետագա մեկնաբանությունը, կարծում եմ, տեղին չէ։ Սակայն, բնույթով բավական խաղաղ մարդ լինելով՝ համարձակվում եմ նեոօսմանյան և ափշերոնյան սուլթանների համագործակցությանը հիշեցնել բավական լուրջ փաստաթղթի գոյության մասին, որի գործողության մեջ մտնելը կվերածվի մեծագույն աղետի ափշերոնյան սուլթանի և առհասարակ սուլթանության համար։ Այսպես, 2010թ. օգոստոսի 20-ին Երևանում տեղի ունեցավ Ռուսաստանի և Հայաստանի նախագահների՝ մեծարգո Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի և Սերժ Ազատի Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսը նախօրեին տեղի ունեցած համատեղ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Միայն մեջբերում կկատարեմ ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթից. «Բանակցությունների արդյունքում այսօր ստորագրվեց հինգ փաստաթուղթ: Դրանց շարքում կուզենայի հատկապես նշել Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու մասին համաձայնագիրը և Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը: Այդ արձանագրությամբ ոչ միայն երկարաձգվեց ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում, այլև ընդլայնվեց դրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտը: Ռուսական ռազմակայանի գործունեությունը մինչ այս սահմանափակվում էր նախկին ԽՍՀՄ արտաքին սահմաններով, իսկ հիմա այդ սահմանափակումը հանված է համաձայնագրի տեքստից: Ռուսական կողմը պարտավորություն է ստանձնել համատեղ ապահովելու Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունը և աջակցելու մեր զինված ուժերը ժամանակակից զինատեսակներով հագեցնելու գործում» (http://www.kremlin.ru/events/president/transcript/press-conferences/8695)։

Մեջբերումը կատարեցի Իլհամ Ալիևին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին հիշեցնելու նպատակով, որը քիչ է մնում, թե խնդրի Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ՆԱՏՕ անդամ լինելով, պաշտպանեն ինքնիշխան Հայաստանի Հանրապետության սահմանները ՆԱՏՕ անդամ Թուրքիայից, որը սադրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատերազմել Հայաստանի դեմ։ Իսկ թուրք և ադրբեջանցի ռազմաշունչ բթամիտների ու հայ «պացիֆիստների»՝ սորոսյան լափակերների համար, որոնք ակտիվորեն պաշտպանում են Փաշինյանին, ներկայացնեմ քաղվածք «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի մասին» 1995թ. մարտի 16-ի պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին №5 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ։

Վավերացվել է 27.06.2011. №165 — ФЗ ՌԴ Դաշնային օրենքով

Հոդված 1

Պայմանագրի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրմամբ.

Հոդված 3

Ռուսական ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու շրջանում (մինչև 2044թ. – Ա.Գ.) կատարում է խնդիրներ, որոնք բխում են Կողմերի (Ռուսաստանի և Հայաստանի – Ա.Գ.) համապատասխան պայմանավորվածություններից։

Ռուսական ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու շրջանում, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանությունից, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

Նշված նպատակներին հասնելու համար ռուսական կողմն իրականացնում է օժանդակություն Հայաստանի Հանրապետությանը արդիական և համատեղելի սպառազինության, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովման գործում։

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2011թ. հուլիսի 6-ին։

 

Գրված է պարզ և մատչելի, և հետագա մեկնաբանություններն ավելորդ են։

Հ.Գ. Կայացած ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածն ավարտել տագնապալի նոտայով։ Բարիք է, որ այս անգամ ևս հարմար առիթ ներկայացավ լավատեսորեն տրամադրվելու համար։ Երբ գրվում են այս տողերը՝ 2021թ. օգոստոսի 21-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդները նշում են Ամենայն Հայոց 132-րդ կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք, 1999թ. հոկտեմբերի 27-ից Հայ Առաքելական եկեղեցու հովվապետ Գարեգին Երկրորդի 70-ամյակը։ Գրում եմ այս տողերը, և հպարտության զգացում է համակում ինձ Հայաստանի և նրա հոգևոր հովվի համար։ Նրա անզուգական դերը՝ որպես հայոց պետականության քրիստոնեական քաղաքակրթական հիմքերի պահապանի, դժվար է գերագնահատել։ Եվ սա կենսականորեն անհրաժեշտ է հասկանալ և գնահատել ըստ արժանվույն, համախմբվել Հայ Առաքելական եկեղեցու, նրա Ծայրագույն պատրիարքի շուրջ։ Ավաղ, այս անբեկանելի ճշմարտությունը շատ ավելի խոր, քան Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակցող տոտալիտար կրոնական աղանդների ներկայացուցիչները, հասկացել են Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման օտարերկրյա սցենարիստները՝ տեղական շշալցման իրենց զազրելի սատանայական տականքներին ուղարկելով գրոհի Ամենայն Հայոց կաթողիկոսի Վեհարանի դեմ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում։ Սորոսյան լափակերների և Արևմուտքի հատուկ ծառայությունների ազդեցության գործակալների սատանայական գինարբուքը ձախողվեց, բայց կատարվածը, ինչպես և պետք էր սպասել, պատշաճ իրավական գնահատական չստացավ, նիկոլական կամակատարները հո չե՞ն պատժելու իրենց իսկ ուղարկած ջահելներին՝ իրենց իսկ տված ցուցումները կատարելու համար։ Բայց դա առանձին վերլուծության թեմա է։

Նորին Սրբություն Ամենայն Հայոց կաթողիկոս, Հայ Առաքելական եկեղեցու Ծայրագույն պատրիարք Գարեգին Երկրորդ, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։ Ողջ եղեք և երկար տարիներ՝ ի բարօրություն հայ ժողովրդի։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ,

«Լազարյան ակումբի» խորհրդի անդամ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր