Որպեսզի հայ հասարակությունը վերակենդանանա
08.07.2021, Ռեգնում
https://regnum.ru/news/polit/3317008.html
09.07.2021, Pozor.am
https://pozor.am/news/view/68620.html
09.07.2021, Իրավունք
https://iravunk.com/?p=207971&l=am
Անոտացիա
Հայ հասարակությունում հասունացել է քաղաքական միավորում կազմավորելու օբյեկտիվ պահանջ, որն ընտրազանգվածը չի բաժանի «շատ որակյալ» և որևէ այլ ընտրողների։ Չի կարելի խոսել հայ հասարակությունը «սևերի» և «սպիտակների» բաժանելու կործանարարության մասին և միաժամանակ բաժանարար գծեր անցկացնել Հայաստանի քաղաքացիների, ընտրողների միջև։
Եվ այսպես, 2021թ. հուլիսի 7-ին Կրեմլում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Ողջույնի խոսքում Ռուսաստանի Դաշնության նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը բավական բարձր գնահատական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարին. «...ցանկանում եմ մեկ անգամ ևս, արդեն անձամբ, շնորհավորել Ձեզ ընտրությունների (Հայաստանի Հանրապետության VIII գումարման Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ – խմբ.) արդյունքների կապակցությամբ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր է բոլորի, առաջին հերթին, իհարկե, Հայաստանի համար, հայ ժողովրդի համար՝ նկատի ունենալով, որ այնպիսի բարդ, շատ սուր և զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, լուծել կարելի է միայն արդյունավետ աշխատելու հնարավորության ապահովման դեպքում։ Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է։ Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները։ Դա շատ կարևոր է իրականում, դա ամենագլխավորն է։ Իսկ այդպիսի բարդ պահերը երկրի կյանքի համար, հավանաբար, հետագա զարգացման կարևորագույն պայմանն են»։
Այո, Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) առջև, իսկապես, կանգնած են «բարդ, շատ սուր և զգայուն հարցեր, որոնք պետք է լուծել», այնուհետև ըստ Վլադիմիր Պուտինի խոսքերի՝ լուծել կարելի է միայն արդյունավետ աշխատելու հնարավորության ապահովման դեպքում։
Ողջ դժբախտությունն այն է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ու նրա շրջապատը պատկերացում չունեն այդ «բարդ, շատ սուր և զգայուն հարցերի» առկայության մասին, որոնց լուծման ձգձգումը հղի է հայոց պետականության քայքայմամբ։ Այո, այո, հարգելի ընթերցող, սա չափազանցություն չէ, այլ այն իրողությունների գնահատական, որոնց մեջ գտնվում է Հայաստանը, երբ ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքների հաղթահարումը Փաշինյանը տեսնում է ոչինչ չպարտավորեցնող ելույթներում՝ դրանք ուղեկցելով տոնական ժապավենով մուրճի հմուտ տարուբերումներով ու հղկված մանիպուլյացիաներով։ Ավաղ, պետք է խոստովանել, որ այդ կրկեսային համարները 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններում տվեցին իրենց արդյունքները։ Այսպես, գրանցված 2 մլն 595 հազար 512 ընտրողներից ընտրություններին մասնակցել և քվեարկել է 1 մլն 281 հազար 997 մարդ կամ 49,39%-ը։ Ընդ որում՝ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 658 761 ընտրող, քվեարկողների 53,91%-ը կամ ՀՀ ընտրողների ընդհանուր թվի 25,38%-ը։ Ընդդիմադիր ուժերից՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել է 269 481 մարդ կամ 21,09%, «Պատիվ ունեմ»-ի օգտին՝ 66 650 ընտրող կամ 5,22%։ Մանրամասն չեմ վերլուծի, թե ինչով էին պայմանավորված հայ ազգի համար ՀՀ ԱԺ ընտրությունների նման տագնապալի արդյունքները, երբ ընտրողների ընդհանուր թվի 25,38%-ը ձայնը տալիս է մի կուսակցության օգտին, որի առաջնորդը սադրեց Ղարաբաղյան (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) պատերազմը, երբ զոհվեցին ավելի քան 5000 զինվորներ և խաղաղ քաղաքացիներ, վիրավորվեցին մեր ավելի քան 10 հազար հայրենակիցներ, կորսվեց Արցախի Հանրապետության տարածքի ավելի քան 75%-ը, էլ չեմ ասում 30 հազար արցախցիների ընտանիքների տառապանքի ու վշտի մասին, ովքեր կորցրին իրենց օթևանը։ Այս մասին տասնյակ հոդվածներ են գրվել, տրվել ոչ քիչ հարցազրույցներ քաղաքական գործիչների և ռազմական գործի բավական բանիմաց մասնագետների կողմից, ուստի այսուհետ մանրամասն չեմ խոսի Ն.Փաշինյանի եռամյա կառավարման արդյունքների մասին, որը ողբերգություն դարձավ Արցախի Հանրապետության և առհասարակ հայ ժողովրդի համար։
Համոզված եմ, որ ոչ հեռավոր ապագայում այս ամենը կընդհանրացվի և կդրվի նիկոլվովաևիչյան հանցավոր խառնամբոխի կողմից ազգային շահերի դավաճանության մասին անպայման հարուցվելիք քրեական գործի հիմքում։ Իսկ այս հոդվածում կարևոր եմ համարում մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրել ՀՀ ազգային անվտանգության տագնապալի մարտահրավերների և սպառնալիքների վրա, որոնք էլ ավելի են խորացել ՀՀ ԱԺ ընտրություններից հետո, որոնց չեզոքացմանն ուղղված վճռական գործողություններն այսօր ավելի քան ակտուալ են։
Ուշադիր, երբեմն ոչ քիչ ջանքեր գործադրելով, որպեսզի լսեմ կառավարող կուսակցության նախընտրական անհեթեթությունները, որոնք վկայում են Հայաստանի իշխանավորների մտավոր ողորմելիության մասին, մտավոր ողորմելիություն, որը գիշերուզօր ժայթքում է Փաշինյանի տեղեկատվական քիլերների կողմից բոլոր տեսակի հեռուստաալիքներից ու ինտերնետ-պորտալներից, խոստովանում եմ, բնավ մխիթարական հետևություններ չարեցի մեր երկրի ապագայի մասին։ Անգամ փաշինյանական քարոզչամեքենայից ժայթքող տեղեկատվական հեղեղի ամենաբարյացակամ վերլուծության դեպքում անհնար էր լսել խելամիտ առաջարկներ հայկական արյան ծարավի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքների և մարտահրավերների հաղթահարման հանապազօր խնդիրների մասին։ Լրատվամիջոցներում ծավալվող բանավեճերը Ղարաբաղյան (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) պատերազմում կրած պարտությունից հետո ոչ մի կերպ չէին անդրադառնում հայ հասարակությունում այն իրադրության ձևավորմանը, որը կնպաստեր այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնց պարագայում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը կգործեին նոր իշխանությունների ձևավորման անհրաժեշտության գիտակցմամբ, որոնք, ի տարբերություն գործող իշխանությունների, կգիտակցեին քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ փոխգործակցություն հաստատելու, քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական, ռազմական, տեղեկատվական պետական կառույցների և կազմակերպությունների ջանքերը միավորելու սուր անհրաժեշտությունը՝ միասնական համազգային ռազմավարության հետագա մշակման նպատակով, ուղղված ազգային անվտանգության սպառնալիքների դիմակայմանն ու հաղթահարմանը, Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության պահպանմանն ու ամրապնդմանը։
Օրենսդիր և գործադիր իշխանությունների հետընտրական նորմալ աշխատանքի կազմակերպման համար այս տարրական և չափազանց պահանջված նախադրյալները բնավ չհասկանալն էլ ավելի էր խորանում Մեծ Մերձավոր Արևելքում, Հարավկովկասյան տարածաշրջանում և առհասարակ աշխարհում միջազգային դրության գնահատականների արհեստական պարզունակացմամբ։
Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ հիբրիդային պատերազմի պայմաններում, որը հավաքական Արևմուտքը հայտարարել է Ռուսաստանին, խոսել կենսականորեն կարևոր այնպիսի հարցերի մասին, ինչպիսին է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը հատկապես մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որը Հայաստանի Հանրապետուոթյան անկախության և ինքնիշխանության պահպանման միակ երաշխավորն է, միանգամայն պահանջված կլիներ հայտարարել ՌԴ ներքին և արտաքին քաղաքականությանը մեր վճռական աջակցության մասին։ Սակայն մեր իրողություններում դա կարող է ֆանտաստիկայի ոլորտի բան թվալ։ Նախընտրական քարոզչության ընթացքում մենք այդպես էլ չլսեցինք Նիկոլ Փաշինյանից, որին հայ ժողովրդի մի մասը քամահրանքով անվանում է Նիկոլ-դավաճան, աջակցության խոսքեր Ռուսաստանի հասցեին Հարավային Կովկասում խաղաղության պահպանման նրա հետևողական ջանքերի համար, որը հենվում էր միջազգային իրավունքի վրա։ Մենք այդպես էլ չդարձանք նախընտրական կոչերի վկաները՝ ուղղված ՌԴ-ի և ՀՀ-ի միջև տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցության հետագա խորացմանը, ինչը կապահովեր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կարելի է էլի շարունակել տասնյակ հրատապ խնդիրների թվարկումը, որոնք ՀՀ իշխանություններն այդպես էլ չշոշափեցին ինչպես նախընտրական քարոզչության ընթացքում, այնպես էլ ՀՀ VIII գումարման ԱԺ 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրություններին հաջորդած օրերին։ Ցավոք, արդեն այժմ կարելի է առանց սխալվելու վախի փաստել, որ ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների մարմինների ձևավորումից հետո ևս ՀՀ անկախության և ինքնիշխանության պահպանման այս կենսականորեն կարևոր, հրատապ հարցերը կմնան օրակարգից դուրս։ Ավաղ, այսքան տխուր եզրահանգման տեղիք են տալիս հետընտրական բանավեճի տոնայնությունը և բովանդակությունը, բանավեճ, որը ներկայում ծավալվել է նիկոլականների և ընդդիմության միջև։
Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ, թե այդ ինչու տողերիս հեղինակը չի հիշատակում ընդդիմության գործողությունների մասին։ Այս առնչությամբ կսահմանափակվեմ միայն «Հայաստան» դաշինքի առաջին հետընտրական ընդհանուր ժողովի ժամանակ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթից մեջբերումներ կատարելով։ Իր ելույթում Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, նշեց. «Այս իշխանությունը գնացել է ընտրությունների՝ չկատարելով ոչ մի խոստում, այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, վիրավորներ և առողջ հասարակությունը այդպիսի արդյունքների համար չպետք է քվեարկեր իշխանության վերընտրվելու համար, ուղղակի տրամաբանական չէ... Սա եղել է իռացիոնալ քվեարկություն, և այս քվեարկությունը կարիք ունի սոցիոլոգների բացատրության: Պետք է հասկանանք, թե ինչ է կատարվել, ինչ մոտիվացիաներով, ինչն է դրդել այդ մարդկանց քվեարկել իշխող թիմի համար»:
Ոչ թե չարախնդալու, այլ տեղեկատվության ամբողջության համար ընթերցողներին հիշեցնենք Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշման մասին, որը միայն ի նշան համերաշխության ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հետ բավական ինքնատիպ ձևով մասնակցեց ՀՀ VIII գումարման ԱԺ արտահերթ ընտրություններին։ Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Ազատի Սարգսյանը ավելի հիմնավոր էր տեղեկացված ՀՀ ընտրողների «իռացիոնալ քվեարկության» վտանգի մասին, իր համար ուներ այն հարցերի միանգամայն իրական և ակնկալվող պատասխանները, որոնց մասին հիշատակում էր Ռոբերտ Քոչարյանը վերոնշյալ ելույթում, մասնավորապես՝ հարցի պատասխանը, թե՝ «Մարդիկ չէին կարողանում բացատրել, թե ինչու են ընտրում գործող իշխանությանը» և ինչու «առողջ հասարակությունը հայտնվեց փոքրամասնությունում»։ Սակայն սա առանձին վերլուծության թեմա է։ Իսկ այստեղ ակնհայտ է, որ հայ հասարակությունում հասունացել է քաղաքական միավորում կազմավորելու օբյեկտիվ պահանջ, որն ընտրազանգվածը չի բաժանի «շատ որակյալ» և որևէ այլ ընտրողների։ Չի կարելի խոսել հայ հասարակությունը «սևերի» և «սպիտակների» բաժանելու կործանարարության մասին և միաժամանակ բաժանարար գծեր անցկացնել Հայաստանի քաղաքացիների, ընտրողների միջև։ Ավելին, բացառիկ կարևոր եմ համարում, որպեսզի հայոց պետականության ճակատագրի համար պատասխանատու բոլոր քաղաքացիները հստակ գիտակցեն, որ «առողջի» և «անառողջի», «որակյալ ընտրազանգվածի» հարցի համար ոչ պակաս չափով, քան ՀՀ իշխանությունները, պատասխանատու են նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիները։ Վերադառնալով նոր ընդդիմադիր քաղաքական ուժի ձևավորման գաղափարին՝ հարկ է սկզբից ևեթ հստակ հայտարարել, որ դրա գլխավոր խնդիրը հայ հասարակության բոլոր ուժերի ազգային միաբանության պայմանների ստեղծումն է՝ հայոց պետականության գոյության սպառնալիքների հաղթահարման համար, որոնք բխում են նեոօսմանյան սուլթան Էրդողանից, որը տարված է Մեծ Թուրանի ստեղծման գաղափարով։ Ընդ որում՝ ՀՀ իշխանություններին ընդդիմադիր նոր բևեռի ձևավորման աշխատանքում հարկ է հատուկ հոգածությամբ և ուշադրությամբ վերաբերվել մեր քաղաքացիներին, որոնք կայացած ընտրություններում քվեարկել են հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ սա պետք է լինի մեր գիտակցված և սկզբունքային ընտրությունը։ Մի խոսքով՝ հետևելով քրիստոնեական ավանդույթին՝ ընդդիմադիր բևեռի հիմքում պետք է դրվի հայ հասարակության հակամարտող երկու կողմերի ազգային հաշտեցման գաղափարը, հասարակություն, որը փաշինյանական հակազգային քարոզչությամբ բաժանված է «սևերի» և «սպիտակների»։ Իսկ դրա համար նոր ընդդիմադիր բևեռի ստեղծման նախաձեռնողները պետք է ղեկավարվեն Ավետարանի «Անառակ որդու մասին» առակի գլխավոր իմաստներից մեկով։ Ընդ որում՝ չեմ կրկնի բոլորի կողմից ընդունված ճշմարտությունը իմաստների անսպառության մասին, որոնք դրված են փիլիսոփայական մտքի այդ հիրավի անգին գանձարանում, այն խոսքերում, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասաց ի պատասխան Իրեն փարիսեցիների արած կշտամբանքների, որ Ինքը ընդունում է մեղսավորներին և ուտում է նրանց հետ։ Մեկ անգամ ևս հիշենք Ավետարանի այդ անմահ առակը.
ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
Գլուխ 15
...11 Եվ ասաց. մի մարդ երկու որդի ուներ։ 12. Եվ նրանցից փոքրն ասաց հորը. Հա՛յր, տուր ինձ ինչ որ բաժին կհասնի ինձ ստացվածքիցդ, և նա ապրանքը բաժանեց նրանց։ 13. Եվ շատ օր չանցած փոքր որդին ամեն բաները ժողովեց, հեռու երկիր գնաց և այնտեղ իր ստացվածքը վատնեց անառակ ապրելով։ 14. Եվ երբ որ բոլորը հատցրեց, սաստիկ սով եղավ այն երկրում և ինքն սկսեց չքավորել։ 15. Եվ գնաց այն երկրի քաղաքացիների մեկի մոտ մտավ։ Եվ նա նրան ուղարկեց իր հանդը, որ խոզ արածեցնի։ 16. Եվ նա ցանկանում էր իր փորը լցնել այն եղջյուրներով, որ խոզերն ուտում էին, բայց ոչ ոչ ոք չէր տալիս նրան։ 17. Եվ ինքն իրեն գալով ասաց. քանի՜ վարձկաններ ունի իմ հայրը՝ հացով լցված։ Եվ ես այստեղ սովամահ կորչում եմ։ 18. Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ։ 19. Եվ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ինձ քո վարձկանների մեկի պես արա։ 20. Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ, և դեռ որ նա հեռու էր, հայրը տեսավ նրան և գութը շարժեց. և վազեց նրա վզովն ընկավ և համբուրեց նրան։ 21. Եվ որդին ասաց նրան. հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, և այլևս չեմ արժանի քո որդի կոչվելու։ 22. Հայրն էլ ասաց իր ծառաներին. առաջի պատմուճանը հանեցեք և հագցրեք նրան, և մատանի դրեք նրա ձեռքին, և կոշիկներ նրա ոտներին։ 23. Եվ մսացու եզը բերեք մորթեցեք, և ուտենք՝ ուրախ լինենք։ 24. Որ այս իմ որդին մեռած էր, և կենդանացավ։ Եվ կորած էր, և գտնվեցավ։ Եվ սկսեցին զվարճանալ։ 25. Եվ նրա մեծ որդին հանդում էր։ Եվ երբ որ եկավ տանը մոտեցավ, երգերի և պար գալու ձայնը լսեց։ 26. Եվ ծառաներից մեկին կանչեց իր մոտ, հարցնում էր, թե այդ ինչ է։ 27. Նա ասաց նրան, թե եղբայրդ եկել է, և քո հայրը մսացու եզը մորթեց, որովհետև ողջ և առողջ ընդունեց նրան։ 28. Եվ նա բարկացավ, և չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս եկավ, աղաչում էր նրան։ 29. Նա էլ պատասխանեց և ասաց հորը. ահա այսքան տարի է, որ քեզ ծառայում եմ, և քո պատվերից երբեք դուրս չեմ եկել, բայց ինձ երբեք մի ուլ չտվիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինեի։ 30. Իսկ երբ որ այդ քո որդին եկավ, որ քո ստացվածքը պոռնիկների հետ կերավ, մսացու եզը մորթեցիր դրա համար։ 31. Նա էլ ասաց նրան. որդյակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես, և ամեն ինչ որ իմն է՝ քոնն է։ 32. Բայց ուրախ լինել և խնդալ պետք էր, որ այս քո եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեցավ։
«Անառակ որդու մասին» առակում դրված խորքային իմաստը գիտակցելը և անհրաժեշտ հետևություններ անելը ապագա աշխատանքում՝ նշանակում է փրկել հայոց պետականությունը ինքնաոչնչացումից։
Թող հարգելի ընթերցողը սրբապղծություն չհամարի, բայց մեր պարագայում ընտրողների 53,21%-ը, որ ձայնը տվել է Փաշինյան և Ко-ին, բնավ էլ մայր Հայաստանի «անառակ» որդիները չեն։ Նրանք մեր եղբայրներն ու քույրերն են, երեխաներն ու թոռները, որոնք խորապես վիրավորված են (հաճախ՝ ոչ ճիշտ հասցեով) անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության պետական այրերից դեռևս 1991 թվականից, ընդհանրապես Հայաստանի քաղաքական դասից, ընդ որում՝ անխտիր։ Եվ մեզ բոլորիս՝ ընդդիմություն, թե իշխանություններ, ու մեր քաղաքացիները, որ հիասթափվել են հայ հասարակության կյանքի բոլոր ոլորտներում տիրող բարքերից, որ չեն մասնակցել ընտրություններին, և որոնք ներկայում կանգնած են Հայաստանից Ռուսաստան կամ այլ անդրծովյան երկրներ հերթական «ելից» ճանապարհին, բացառիկ կարևոր է նորից ու նորից գիտակցել «Անառակ որդու մասին» առակի բազմաթիվ շերտերը, որպեսզի հետագայում յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր առջև դնի միակ հարցը. ինչպե՞ս ապրենք ապագայում։ Ի՞նչ երկիր ենք թողնում մեր երեխաներին ու թոռներին, և ի՞նչ երկրում կցանկանային նրանք ապրել։ Հանուն ինչի՞ զոհվեցին մեր ավելի քան 5000 լավագույն տղաները։
Համայն հայությանը հուզող այս և կենսահույզ այլ հարցերի ճիշտ պատասխանները գտնելն է անհրաժեշտ պայմանը, որպեսզի հայ հասարակությունը վերակենդանանա...