Արևմուտքի հիբրիդային պատերազմը Ռուսաստանի դեմ լուրջ մարտահրավեր է Հայաստանի անվտանգությանը

12.06.2021, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3295277.html

Անոտացիա

Կարելի է բավականաչափ կոնկրետ օրինակներ բերել, որոնք կհաստատեն հավաքական Արևմուտքի ձգտումը՝ Ռուսաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմում ներգրավել Հայաստանի Հանրապետությանը։ Կասկած չի հարուցում, որ Ռուսաստանի դեմ հավաքական Արևմուտքի հայտարարած հիբրիդային պատերազմը լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, սպառնալիք հայոց պետականության գոյությանը։

Հայաստանի Հանրապետության VIII գումարման Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) արտահերթ ընտրությունների քարոզչությունը մտնում է եզրափակիչ փուլ։ Սակայն այսօր արդեն, քվեարկությունից մեկ շաբաթ առաջ (2021թ. հունիսի 20), կարելի է փաստել գոհունակություն առաջացնող փաստ, դիցուք. նախընտրական քարոզչության անվիճելի ֆավորիտները՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի անվտանգության ապահովման և տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին անցնելու պարտադիր պայման են համարում Նիկոլ Փաշինյանի, որին ժողովուրդը քամահրանքով Նիկոլ-դավաճան է անվանում, իշխանության վերարտադրումը թույլ չտալը։ Այս իրողությունը հայոց պետականության պահպանման չափավոր լավատեսություն է ներշնչում, պետականություն, որը պետական հեղաշրջումից (2018թ. ապրիլ-մայիս) հետո հետևողականորեն կործանվում է ՀՀ-ում իշխանությունը զավթած՝ մառախլապատ Ալբիոնի և Պոտոմակի ափերի հատուկ ծառայությունների դրածոների կողմից։

Սույն հոդվածում ընթերցողների հետ կկիսեմ տագնապներս՝ կապված, ըստ իս, ներքաղաքական իրավիճակի անխուսափելի սրման հետ ընտրություններից անմիջապես մեկ-երկու օր առաջ, ինչպես նաև ս.թ. հունիսի 20-ին կայանալիք քվեարկության ընթացքում ու ընտրություններին հաջորդող օրերին։ Նման տագնապալից եզրակացությունս պայմանավորված է Նիկոլ-դավաճանի բացահայտ սադրիչ ելույթներով, նրա անպատկառ վիրավորանքներով Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հասցեին։ Ավելին, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի սրբապիղծ հայտարարություններով, որոնք ստորաբար մեղադրում են Արցախի հերոսներին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) կրած պարտության մեջ։ Չեմ ներկայացնի Նիկոլ-դավաճանի զառանցական մեղադրանքները սույն հաշվով, որպեսզի չմասսայականացնեմ նրա նողկալի սուտը՝ հաշվարկված սորոսական քարոզչությամբ ՀՀ այդ նույն բթացված քաղաքացիների, ինչպես նաև ԼԳԲՏ հանրույթի կեղծ ինտելեկտուալների ու տարատեսակ հասարակական կազմակերպությունների հոծ խառնամբոխի համար, որոնք ահա արդեն ավելի քան երկու տասնամյակ շռայլորեն ֆինանսավորվում են Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք սնվում են սահմանի այն կողմից դեմոկրատիայի խորացման, քաղաքացիական հասարակության (իմա՝ Ն.Փաշինյանի կողմնակիցների) հիմքերի ամրապնդման, մարդու իրավունքների պահպանման և այլ ատրիբուտիկայի ու պետական հեղաշրջումների և գունավոր հեղափոխությունների իրականացման գործիքների ջատագովների կողմից։ Ինձ ակտուալ է թվում դրդապատճառների, և որ գլխավորն է՝ սահմանի այն կողմի պատվիրատուների բացահայտումը, որոնք ակտիվորեն աջակցում են Նիկոլ-դավաճանին ՀՀ-ում իրավիճակի ապակայունացման, հայ հասարակության պառակտման խորացման և իր բոլոր այն գործողություններում, որոնց վերջնանպատակը քաոսի ստեղծումն է, ապակայունացումը ոչ միայն Հայաստանում, այլև Հարավկովկասյան տարածաշրջանում, Ռուսաստանի Դաշնության հարավային մատույցներում։ Որպեսզի իմ այս եզրահանգումը տարօրինակ չթվա, մի ոչ մեծ աշխարհատնտեսական էքսկուրս կատարենք, ընդ որում՝ ընթերցողներին խնդրելով համբերությամբ զինվել հոդվածի հաջորդ հատվածի թվացող անսպասելի անցման համար։

Մի քիչ վիճակագրություն։ Այսպես, ԱՄՆ պետբյուջեի դեֆիցիտը 2021 ֆինանսական տարվա առաջին 8 ամիսներին (ԱՄՆ-ում ֆինանսական տարի է համարվում հոկտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը – խմբ.) աճել է ռեկորդային՝ հասնելով $2,1 տրլն-ի։ Եվ սա՝ այն պայմաններում, երբ ֆինանսական տարվա ութամսյա շրջանում՝ ավարտված մայիսին, դաշնային եկամուտներն ավելացել են 29%-ով՝ մինչև ռեկորդային $2,6 տրլն, իսկ ծախսերը ավելացել են 20%-ով՝ մինչև ռեկորդային $4,7 տրլն (https://1prime.ru/state_regulation/20210610/833904327.html)։ Ընդ որում՝ նշենք, որ ԱՄՆ պետբյուջեի դեֆիցիտը 2020թ. ֆինանսական տարվա արդյունքներով (ավարտվել է 2020թ. սեպտեմբերի 30-ին), ֆինանսների նախարարության տեղեկացմամբ, ավելացել է 3,2 անգամ և կազմել $3,132 տրլն։ ՀՆԱ չափի առումով այդ ցուցանիշը հասել է ԱՄՆ ՀՆԱ 15,2%-ին։ Համեմատության համար նշենք, որ 2009թ. ֆինանսական ճգնաժամի շրջանում ԱՄՆ պետբյուջեի դեֆիցիտը հավասարվում էր ԱՄՆ ՀՆԱ 9,8%-ին։ Ընդգծենք, որ այս ցուցանիշը Ռուսաստանի Դաշնությունում 2021թ. ակնկալվում է ՀՆԱ 4,4%-ի մակարդակում:

Ընթերցողներին հիշեցնենք նաև, որ 2021թ. մարտի 6-ին դեմոկրատներն ԱՄՆ Կոնգրեսում հասան այն բանին, որ ընդունվի Ջո Բայդենի նախաձեռնած՝ տնտեսությանը և ամերիկացիներին ցուցաբերվելիք օգնության փաթեթը, որով ամերիկացիներին բաժանում են 1400-ական դոլար։ «Կոնգրեսը հենց նոր ընդունեց նախագահ Բայդենի պլանը՝ պատմական օրենսդրական փաթեթ, որը կշրջի այս համավարակի էջը, ուղղակի օգնություն կբերի ամերիկացիներին և կխթանի մեր տնտեսությունը»,- ասվում է Սպիտակ տան թվիթերյան հաղորդագրությունում։ Ընդ որում՝ ընդգծենք, որ $1,9 տրլն օգնության փաթեթի օգտին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում «կողմ» չի քվեարկել և ոչ մի հանրապետական։

Կոնգրեսի կողմից հավանության արժանացած փաթեթը երկարացնում և ընդլայնում է տնտեսությանն ու ամերիկացիներին ցուցաբերվելիք օգնության միջոցները, մասնավորապես. նրանց համար երկարացվում է գործազրկության նպաստների վճարման ժամկետը շաբաթը $300-ի չափով, գործազրկության գծով ապահովագրության ծրագրերի գործողությունը մինչև 2021թ. սեպտեմբերի 6-ը; պլանը նախատեսում է, որ առաջին $10 200-ը՝ վճարված որպես գործազրկության նպաստ, չի հարկվում; ավելի քան $120 մլրդ հատկացվել է դպրոցական կրթության աջակցությանը; 15%-ով մինչև սեպտեմբեր ավելանում է ուտելիքի և մթերքի ապահովման լրացուցիչ օգնության նպաստը; ընդլայնվում են սուբսիդիաներն ու աջակցության այլ միջոցները, որոնք ապահովում են բժշկական ապահովագրությունն ամերիկացիների համար; ավելանում է աշխատատեղերի պահպանման և ընկերությունների աշխատավարձերի վճարման հարկային հանուրդը։ Կոնգրեսը Բայդենի ստորագրմանն է ուղարկել մոտ $2 տրլն-ի չափով տնտեսությանն օգնության փաթեթը (https://www.forbes.ru/newsroom/finansy-i-investicii/423127-kongress-napravil-na-podpis-baydenu-paket-pomoshchi-ekonomike)։ Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, ներկայացնենք որոշ տվյալներ՝ հրապարակված արժանահավատ usadebt.ru կայքում։ Այսպես, ԱՄՆ քաղաքացիների ընդհանուր պետական պարտքը իրական ժամանակում՝ 2021թ. հունիսի 11-ին կազմել է $28 տրլն 392 մլրդ 101 մլն։ Ընդ որում՝ երկրի յուրաքանչյուր բնակչի պարտքը կազմել է $85 737, իսկ յուրաքանչյուր հարկատուի հաշվարկով՝ $223 896։ Սրան ավելացնենք այն, որ աղքատության սահմանագծից անդին ապրող ամերիկացիների թվաքանակը կազմում է 36 մլն 155 հազ. 512 մարդ, սննդի կտրոն ստանում է 46 մլն 806 հազար 832 մարդ, բժշկական ապահովագրություն չունի 29 մլն 694 հազ. 411 մարդ (usadebt.ru/сколько-бедных-в-сша-2021-статистика)։ Նիկոլ Փաշինյանի կողմից իր ընտրազանգվածի բավական ակտիվ մասի՝ ՀՀ ԼԳԲՏ հանրույթի հանդեպ տածած նուրբ զգացումների պայմաններում մի փոքր ոգևորենք Նիկոլ-դավաճանին հետևյալ տեղեկատվությամբ, դիցուք. վիճակագրական հետազոտությունների համաձայն՝ հարյուր ամերիկացի կանանցից մոտավորապես մեկը և «ուժեղ սեռի» հարյուր ամերիկացի ներկայացուցիչներից երկուսը իրենց նույնականացնում են որպես համասեռամոլներ, ԱՄՆ բնակիչների ևս 4%-ը իրեն համարում է բիսեքսուալ (ԼԳԲՏ-ն ԱՄՆ-ում, 9 ապրիլի 2021թ., usadebt.ru/лгбт-в-сша/)։ Նշենք նաև, որ ԱՄՆ 2021թ. ՀՆԱ-ն (Gross Domestic Product) կանխատեսումների համաձայն՝ կազմելու է $21 տրլն 766 մլրդ 384 մլն, ընդ որում՝ ԱՄՆ ազգային պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 130,45% (usadebt.ru/ввп-сша-2020/)։ Այսինքն՝ ԱՄՆ-ը ծախսում է զգալիորեն ավելի շատ, քան արտադրում է, ինչն, իր հերթին, մշտապես ստիպում է Միացյալ Նահանգներին նորանոր պարտքերի մեջ խրվել։ Այս միտումը շարունակվում է 2013 թվականից։

Կարծում ենք, որ հարգելի ընթերցողը, ծանոթանալով այս տագնապալի վիճակագրությանը, միանգաման իրավացիորեն կարող է հարց տալ. ի՞նչ գործոնների շնորհիվ է ահա արդեն ոչ մեկ տասնամյակ ԱՄՆ-ում պահպանվում բնակչության բավական բարձր կենսամակարդակը։ Այդ երևույթն ապահովող գործոնների բացատրությանը նվիրված են բազում տասնյակներով գիտական հետազոտություններ, այդ թվում համաշխարհային տնտեսության հարցերում մասնագիտացած բավական հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, գիտական կենտրոնների կողմից։ Ընդ որում՝ թերևս, համաշխարհային ֆինանսների ոլորտի հեղինակավոր գիտնականների մեծամասնությունը որպես ԱՄՆ-ում բարձր կենսամակարդակի՝ տնտեսությամբ չամրագրված ապահովման անվիճելի գործոն համարում է ԱՄՆ դոլարի համար աշխարհի գլխավոր պահուստային արժույթի կարգավիճակի պահպանումը։ Այսինքն՝ արժույթ, որը զգալի գումարներով պահվում է ողջ աշխարհի կենտրոնական բանկերում և դրամավարկային այլ մարմիններում որպես նրանց արժութային պահուստների մաս։ Ընդ որում, ԱՄՆ դոլարը՝ որպես պահուստային արժույթ, օգտագործվում է միջազգային գործարքներում, ներդրումներում, գլոբալ տնտեսության մյուս բոլոր սեգմենտներում և ոլորտներում։ Հանրահայտ է, որ XX դարավերջից ԱՄՆ դոլարը ծառայել է որպես գերիշխող պահուստային արժույթ, որը սնուցել է համաշխարհային առևտուրը։ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն՝ ներկայում ևս աշխարհի պաշտոնական արժութային պահուստների արժութային կառուցվածքում դոլարը կազմում է 59%, հաջորդում են եվրոն և ճապոնական իենը՝ համապատասխանաբար 21 և 6%-ով։

Ես հատուկ այսքան մանրամասն ներկայացրի վիճակագրությունը ԱՄՆ տնտեսության մասին, որից ակնհայտ երևում է, որ առանձին ցուցանիշների գծով (գործազրկության մակարդակ, քաղաքացիների ապահովվածություն բժշկական ապահովագրությամբ, պետպարտքի մեծություն բնակչության մեկ շնչի հաշվով և այլն) դրությունը մխիթարական չէ։ Եվ այս պայմաններում մենք դառնում ենք վկաներն այն բանի, որ ակնհայտ է ԱՄՆ-ում տնտեսապես չամրագրված ազգաբնակչության բարձր կենսամակարդակը, որը, կրկնում եմ, զգալիորեն պայմանավորված է դոլարի կարգավիճակի պահպանմամբ՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ։ Այդ պատճառով միանգամայն ակնհայտ է, որ դոլարի՝ այդ կարգավիճակի պահպանումը ԱՄՆ իշխանությունների (ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների) համար դառնում է ազգային անվտանգության խնդիր։ Ընդ որում՝ ԱՄՆ իշխանությունները հիանալի հասկանում են, որ մարտահրավեր նետել դոլարի մոնոպոլ տիրապետությանն արդի աշխարհում ի զորու են միայն Ռուսաստանը և Չինաստանը։ Ուստի, միանգամայն սպասելի էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների 2020-2022թթ. Ազգային հակահետախուզական ռազմավարությունում՝ հրապարակված ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի (Office of the Director of National Intelligence) կողմից, այդ հանգամանքը հստակ արտացոլված է (https://inosmi.ru/politic/20200212/246835728.html)։ Այսպես, 1-ին բաժնում, որը վերնագրված է «Ավելանում է Միացյալ Նահանգների դեմ գործող խաղացողների թվաքանակը», գրված է. «Ռուսաստանը և Չինաստանը գործում են գլոբալ մասշտաբով և օգտագործում են պետության ձեռքում գտնվող գործիքները Միացյալ Նահանգների դեմ գործողությունների համար։ Բացի այդ, նրանք տիրապետում են ժամանակակից հետախուզական հնարավորությունների զգալի ծավալի»։ Հետո ավելին է։ ԱՄՆ ազգային անվտանգության միջանկյալ ռազմավարությունում, որն ընդունվել է արդեն նախագահ Ջո Բայդենի օրեք, նշվում է, որ Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել իր գլոբալ ազդեցությունը։ «Ռուսաստանը նախկինի պես լի է վճռականությամբ՝ ուժեղացնելու իր գլոբալ ազդեցությունը և խափանարար դեր խաղալու համաշխարհային ասպարեզում։ Ե՛վ Պեկինը, և՛ Մոսկվան զգալի ջանքեր են գործադրել, որպեսզի ստուգեն ԱՄՆ ուժեղ կողմերը և խանգարեն մեզ պաշտպանել մեր շահերը և դաշնակիցների շահերը ողջ աշխարհում»,- ասվում է փաստաթղթում (INTERIM NATIONAL SECURITY STRATEGIC GUIDANCE, MARCH 2021)։ Ընթերցողների ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքի վրա, որ կարելի է մեջբերել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի (էլ չեմ ասում նախագահ Ջո Բայդենի խոսքերի՝ աշխարհի շատ քաղաքական գործիչների կողմից սիրված ինքնատիպ մեկնաբան, Սպիտակ տան մամուլի քարտուղար, հմայիչ Ջենիֆեր Ռենե Փսակիի կամ պարզապես Ջեն Փսակիի մասին) տասնյակ արտահայտությունները, որոնք քանիցս Ռուսաստանի մասին խոսել են որպես «նենգ քաղաքական մրցակցի, հակառակորդի», որի հետ այս փուլում, առնվազն, պետք է վարել հիբրիդային պատերազմ։ Հիբրիդային պատերազմ, որի գլխավոր նպատակը ամեն կերպ Ռուսաստանի տնտեսական դրությունը վատացնելն է, սոցիալական և քաղաքական կայունությունը խափանելը՝ ենթադրելով, թե վնասը նման գործողություններից կարող է ավելի պակաս չլինել, քան սովորական զինված հակամարտությունից։ Ավելին, դեռևս 2019թ. ապրիլին ոչ անհայտ RAND (Research and Development – «Հետազոտություններ և մշակումներ» – խմբ.) կորպորացիան՝ ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություն, որը կատարում է ռազմավարական հետազոտական կենտրոնի գործառույթներ, աշխատում է ԱՄՆ կառավարության, նրա զինված ուժերի և նրանց հետ կապված կազմակերպությունների պատվերներով, հրապարակել էր «Corporation Overextending and Unbalancing Russia. Assessing the impact of cost-imposing options» զեկույցը, որը թարգմանաբար նշանակում է «Գերլարված և չհավասարակշռված Ռուսաստան։ Ծախսերի վերադրման տարբերակների ներգործության գնահատական»։ Այս փաստաթղթում տրված են հանձնարարականներ հիմնական ուղղությունների վերաբերյալ, որոնց գծով ԱՄՆ-ը պետք է ակտիվացնի ջանքերը ռուսական պետության թուլացման համար։ Այդ ուղղությունները, RAND-ի զեկույցի համաձայն, մի քանիսն են՝ տնտեսություն, գաղափարախոսություն (և տեղեկատվական քաղաքականություն), աշխարհաքաղաքականություն, պաշտպանություն։ Կարծում եմ, որ հարգելի ընթերցողները դարձել են ԱՄՆ-ի կողմից RAND-ի հանձնարարականների իրագործման վկաները. բազմաթիվ պատժամիջոցներ տնտեսության ոլորտում, մասնավորապես՝ «Հյուսիսային հոսք – 2» գազատարի անցկացման գծով, անթաքույց աջակցություն «հինգերորդ շարասյանը», որը կոչված է ապակայունացնելու Ռուսաստանի ներքաղաքական իրադրությունը ամենամարազմատիկ պատրվակներով (ասվածի վառ դրսևորումը ընդդիմադիր բլոգեր Ա.Նավալնու և նրա նմանների հետ կապված պատմությունն է)։

Գաղափարախոսական և տեղեկատվական քաղաքականության ոլորտում RAND-ը խորհուրդ է տալիս վարել հակակառավարական քարոզչություն հետևյալ նպատակներով. հիասթափեցնել քաղաքացիներին պետական իշխանության քաղաքականությունից, խափանել վստահությունը ընտրությունների համակարգի հանդեպ, խթանել բողոքի ակցիաները և ընդդիմության գործունեությունը, վարկաբեկել Ռուսաստանը այլ պետությունների աչքում։ Պետք է խոստովանել, որ այս հարցերում Եվրամիությունն ընթանում է ԱՄՆ քաղաքականության ծիրով։ Վերցնենք թեկուզ Եվրախորհրդարանի Միջազգային հարաբերությունների կոմիտեի վերջերս հրապարակած զեկույցը (այսուհետ՝ զեկույց) ԵՄ ղեկավարությանը ներկայացվող հինգ խորհուրդ-հանձնարարականներով ՌԴ-ի հետ հետագա հարաբերությունների կառուցման վերաբերյալ։ Այդ փաստաթղթում ԵՄ-ին խորհուրդ է տրվում չընդունել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի սեպտեմբերյան (2021թ.) ընտրությունների արդյունքները։ Նպատակն ակնհայտ է. զեկույցի հեղինակները դրանով հույս ունեն կասկածի տակ դնել ՌԴ քաղաքացիների գալիք կամարտահայտման լեգիտիմությունը։ Ավելին, ռուսատյացները ամեն կերպ փորձելու են նշված ընտրությունները կեղծված հայտարարել, իսկ հետո դրա հիման վրա հեռացնել ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակություններին խորհրդարանական վեհաժողովներ ունեցող բոլոր միջազգային կառույցներից։ Հետաքրքիր է զեկույցում շարադրված ամփոփիչ եզրակացությունը, որում ուղղակիորեն նշվում է, որ «ամբողջ աշխարհում դեմոկրատիայի պաշտպանության համար ԵՄ-ը պետք է միանա ԱՄՆ-ի հետ, որպեսզի մշակի հետագա համատեղ գործողություններ»։ Դե, ուղղակի որպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ պաշտոնն ստանձնելու հենց առաջին օրվանից հնչեցվող վերջին թեզիսների շարունակություն։

Բայց ՀՀ-ի համար հատկապես ակտուալ են RAND-ի հանձնարարականները աշխարհաքաղաքականության ոլորտում, որոնցում առանձնապես ընդգծվում է գործուն միջոցների ընդունման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանը ոչ բարեկամ երկրներով գոտեւորելու նպատակով։ RAND-ը խորհուրդ է տալիս շարունակել ռազմական օգնության ցուցաբերումն Ուկրաինային, սասանել քաղաքական իրավիճակը Բելառուսում (մեր օրերում մենք RAND-ի այդ հանձնարարականի իրականացման վկաներն ենք), խաղալ Հայաստանի և Ադրբեջանի հակասությունների վրա (հակասություններ, որոնք ոչ առանց Նիկոլ-դավաճանի գործուն մասնակցության վերաճեցին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի)։ Հանձնարարականների թվում են Կենտրոնական Ասիայում ամերիկյան ազդեցության ամրապնդումը, Մերձդնեստրի մեկուսացումը, աջակցությունը Սիրիայի գրոհայիններին։ Ընդ որում, ինչպես նշվում է զեկույցում, հավերժ պատերազմը Սիրիայում բեռ կդառնա ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի համար, որը չափազանց ատելի է ԱՄՆ ղեկավարության համար։

Վերլուծելով ահա արդեն երեք տարի ՀՀ իշխանությանը տիրած փաշինյանական հակազգային խառնամբոխի գործողությունները՝ ստիպված ենք փաստել, որ Նիկոլ-դավաճանը ջանադրաբար կատարում է RAND-ի հանձնարարականները Հայաստանում հակառուսական, ռուսատյաց տրամադրությունների հրահրման գծով։ Ընդ որում՝ այդ պարզունակ գավառականն իր հրապարակային ելույթներում ներկայանում է որպես Ռուսաստանի մեծ բարեկամ, որը բավական վստհելի հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ։ Համոզված եմ, որ Նիկոլ-դավաճանը նման արտահայտություններ անում է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ հատուկ ծառայությունների հուշումով, որոնք էլ, ըստ էության, նրան իշխանության բերեցին ՀՀ-ում՝ հակառուսական տրամադրություններ հրահրելու, Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու համար։ Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. պարծենալով լավ հարաբերություններով ՌԴ նախագահի հետ, իր հրապարակային ելույթներում հնչեցնելով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամեն կերպ բարելավելու ձգտումը՝ այդ ինչպե՞ս է Փաշինյանն այդ գործողություններով հակառուսական տրամադրություններ հրահրում, ավելին՝ ինչո՞վ է նա վարկաբեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Դե ինչ, նման հարցադրումն առաջին հայացքից բավական համոզիչ է։ Բայց բանն այն է, որ Նիկոլ-դավաճանի այդ կեղծ արտահայտություններին հաջորդում են նենգ ու սուտ հայտարարություններ և գործողություններ (երբ իշխանությունների անգործության պատճառով Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ-ն գերեվարում է վեց հայ զինծառայողի, երբ ափշերոնյան սուլթանի զինվորական ստորաբաժանումները 3,5 կմ թափանցում են ՀՀ տարածքի խորքը, Հայաստանի տարածքում զավթում Սև լճի 30%-ը, իսկ Նիկոլ Վովաևիչը գոռգոռում է՝ հո այդ պատճառով պատերազմ չի՞ սկսելու Ադրբեջանի հետ), որոնք Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների հոծախումբ քարոզչության շնորհիվ մատուցվում են ոչ այլ կերպ, քան հարկադրյալ գործողություններ, որոնք կատարվում են Նիկոլ-դավաճանի կողմից Մոսկվայի ցուցումով։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի պարզունակ թվացող պնակալեզ հայտարարությունները ընդամենը մտածված հակառուսական, ասել է թե՝ հակահայկական քաղաքականության արտաքին դրսևորումներն են, որոնք, կրկնում եմ՝ հետապնդում են միանգամայն որոշակի նպատակ, դիցուք. հրահրել հակառուսական, ռուսատյաց տրամադրություններ՝ դրան հաջորդող համապատասխան տեղեկատվական ֆոնի ձևավորմամբ Հայաստանից, այսինքն՝ Հարավկովկասյան տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար։ Ընդ որում՝ գունավոր հեղափոխությունների ռազմավարների մանրակրկիտ մտածված և փաշինյանական հակազգային քաղաքական թայֆայի կողմից իրականացվող սադրանքները հայ-ադրբեջանական պետական սահմանին, դատելով ըստ ամենայնի՝ ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված, համակարգային հակառուսական հիստերիայի հրահրման նախերգանքն են տասնյակ ինտերնետ-պարբերականների և ինտերնետ-հեռուստատեսության ալիքների կողմից, որոնք սորոսական թոշակառուներ են։ Եվ այս ողջ տեղեկատվական բաքոսատոնը ընթերցողներին և Հայաստանի ինտերնետ-հեռուստաալիքների դիտողներին մատուցվում է ոչ այլ կերպ, քան 102-րդ ռուսական ռազմակայանի զորակազմի անգործության հետևանք։ Այսպես էլ տեղեկատվական ֆոն է պատրաստվում Հայաստանից 102-րդ ռազմակայանը հանելու համար։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Փաշինյանի՝ Հայաստանի ու հայերի համար բարեկամական Ֆրանսիա վերջերս կատարած այցելությունը և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին անվտանգության ապահովման ոլորտում։ Ընդ որում՝ ուզում եմ հատուկ ընդգծել Հայաստանի և հայերի հանդեպ ֆրանսիացի ժողովրդի՝ դարերի քննությունը բռնած բարեկամության անվիճելի փաստը։ Բայց Ֆրանսիան, Եվրամիության և ՆԱՏՕ անդամ լինելով, բնականաբար, հետևելու է այն որոշումների ոգուն, որոնք ընդունվելու են այդ կազմակերպությունների կողմից և որոնք, կասկածից վեր է, կրելու են անթաքույց հակառուսական բնույթ, ինչը վերջնարդյունքում ունենալու է նաև հակահայկական ուղղվածություն։

Կարելի է ոչ քիչ թվով կոնկրետ օրինակներ բերել, որոնք կհաստատեն հավաքական Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ վարովող հիբրիդային պատերազմում Հայաստանի Հանրապետությանը ներքաշելու ձգտումը։ Կասկած չի հարուցում, որ Ռուսաստանի դեմ հավաքական Արևմուտքի հայտարարած հիբրիդային պատերազմը լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, սպառնալիք հայոց պետականության գոյությանը։ Ավաղ, այսօրվա դրությամբ դրա համար Հայաստանում ստեղծվել են բոլոր պայմանները։ Բավական է միայն այն, որ իշխանությունում է գտնվում Նիկոլ Փաշինյանը, որը դարձել է ազերիա-թուրքական տեղեկատվական քիլերների սիրելին, որոնք ասես հրամանով կանգնել են Նիկոլ-դավաճանին պաշտպանելու դիրքերում Հայաստանի երրորդ նախագահ, մեծարգո Սերժ Ազատի Սարգսյանի հրապարակած ձայնագրությունից հետո, որում Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ գիժ է ձևացել Վ.Պուտինի, Ա.Լուկաշենկոյի և Ն.Նազարբաևի առաջ ու ձախողել է Արցախի Հանրապետության համար շահեկան՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակը։ Նիկոլ-դավաճան քաղաքական արկածախնդրի ողջ մտավոր ողորմելիությունը հասկանալու համար մեջբերումներ կատարեմ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունից, որտեղ ասվում է. «Երբ 2018թ. մայիսի 12-ին ես եկա Սոչի, և այնտեղ սուրճի սեղանի շուրջ հանդիպումներ ունեցանք, այնտեղ տեղի ունեցավ մեր առաջին հանդիպումը։ Այնտեղ սեղանիկ կա, որտեղ նիստերից առաջ և հետո հավաքվում, սուրճ են խմում և այլն, այնտեղ են գալիս Պուտինը, Նազարբաևը և էդ... Լուկաշենկոն, ու ինձ ասում են հետևյալը. «Դու էսօր հսկայական ժողովրդական մեծ վստահություն ունես, դու պատմական շանս ունես լուծելու ղարաբաղյան հարցը։ Ես ասում եմ՝ լավ, կա պատմական շանս, ի՞նչ է նշանակում լուծել։ Իրանք նորից պատմում են ինձ էն, ինչ-որ գրված է «Լավրովի պլանի» մեջ՝ զորքերը հետ քաշվի և այլն, մենք կգանք, կկանգնենք, ճանճ չի տզզա և այլն, և այլն... Ես ասում եմ էն, ինչ-որ ասացի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում՝ շատ կոնկրետ ճշգրտման, դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել և այլն: Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում։ Եվ ստեղ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն ասում են ինձ, թե Ալիևը, իբր, հասկանում է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի։ Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք թղթի վրա, և դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց դնեմ թևիս տակ, գնում եմ, ժողովրդին ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքիր ա՞, թե՞ չէ: Չէ, բայց ասում ա, երկրորդ նյուանսն ա ասում՝ պարզապես ինքն ասում է, եթե ես սա հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան: Ես էլ էդտեղ իրանց ասացի՝ փաստորեն հասկացա, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք` ես դառնամ ազգի դավաճան: Ես ասացի, չի լինի, դա չի լինի։ Դրա արդյունքում ես հասկացա... ես հասկացա, որ նրանք ինձ պարզապես ուզում են տեղավորել այն նույն կանվեյերում, որը առաջ խոսակցություններից, ժպիտներից, սեղաններից հետո հանգեցրել էր ապրիլյան պատերազմին։ Ինձ համար պարզ էր, այդտեղ իմ խնդիրը ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ լինի, պետք է այդ կանվեյերի վրայից թռնել ու ճիշտ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել։ Ամեն գնով, թեկուզ մի քիչ գժի տեղ դնելով, մի քիչ ոչ ադեկվատ թվալով, բայց էդ կանվեյերի վրայից թռնել։ Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր։ Շատ, չափազանց ռիսկային էր»,- ասվում է ձայնագրությունում։

Միևնույն ժամանակ, խիստ մտահոգում է ոչ միայն այն աղաղակող փաստը, որ Հայաստանի Հանրապետության փաստացի ղեկավարն այնքան անադեկվատ է իր զբաղեցրած պաշտոնին, որ դիվանագիտական արվեստի գագաթն է համարում գիժ, խելառ ձևանալը, այլ այն, որ ողջ սորոսական տեղեկատվական համքարությունը ոչ մի վատ բան չի տեսել այն բանում, որ ՀՀ վարչապետը կարող է գիժ ձևանալ։ Ինչպես ասում են՝ տեղ հասանք։ Միևնույն ժամանակ, չպետք է անտեսել նաև այն, որ Փաշինյանն այսօր արդեն իր համար ալիբի է պատրաստում անխուսափելի դատավարության ժամանակ պաշտպանվելու նպատակով, որի առջև նա կկանգնի մեղադրյալի դերում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային շահերի դավաճանության պատճառով։ Պարտադիր չէ հոգեբույժ լինել՝ Նիկոլ Փաշինյանի գործողություններում չտեսնելու համար շիզոֆրենիայի ախտանշաններ, որոնք առնվազն դրսևորվում են գժության սևեռուն մոլուցքով։ Դրա համար, բացի վերը ներկայացված հայտնություններից, բավական է վերլուծել նրա անպատկառ, անհամարժեք արտահայտությունները, ընդդիմախոսների քաղաքական վենդետայի, նոր հեղափոխություն [Փաշինյան և Ко-ն այդպես են անվանում պետական հեղաշրջումը (2018թ. ապրիլ-մայիս)] կատարելու սպառնալիքները։ Միայն մեկ դրվագ մեջբերեմ Նիկոլ-դավաճանի բազմաթիվ ելույթներից, որը բնութագրում է նրա մոլագար հակումները։ Այսպես, 2021թ. հունիսի 11-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում նախընտրական հանրահավաքի ընթացքում Փաշինյանն ասաց. «Մենք թույլ չենք տա էս կեղծ էլիտաներին, որ վերարտադրվեն։ Ու եթե պետք լինի, կանենք հեղափոխություն, կանենք էլի հեղափոխություն, կանենք էնքան հեղափոխություն, մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ (հավանաբար, ժողովուրդ ասելով նկատի ոնի սորոսական բազմաթիվ լափակերներին, ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստներին, տոտալիտար կրոնական աղանդների ներկայացուցիչներին, ինչպես նաև, ավաղ, Հայաստանի դեռևս բթացված քաղաքացիներին)։ Դուք տերերը չեք, այլ ժողովրդի ծառաները։ Սա էլիտաների բունտ է, և ուղղված է ոչ թե իմ դեմ, այլ ժողովրդի։ Նշանակում է՝ Հայաստանում սկսվել է ոչ բռնի (ոչ առանց հավաքական Արևմուտքի հավանության), բայց պողպատյա ժողովրդական հեղափոխություն»։ Փաշինյան-դավաճանի հարձակումները Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ (այսուհետ՝ ՀԱՍԵ) նորություն չեն, քանի որ սահմանի այն կողմի տերերն ու տիկնիկավարները հիանալի տեղեկացված են, որ հենց ՀԱՍԵ-ն է ողջ հայության անսասան հոգևոր հենարանը, որի դերը դժվար է գերագնահատել այն պայմաններում, երբ հավաքական Արևմուտքի հիբրիդային պատերազմը Ռուսաստանի Դաշնության դեմ լուրջ սպառնալիք է հայոց պետականության անվտանգությանը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության պահպանմանը։

Հենց այս ճշմարտության ընկալումն է ակտուալացնում Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքի հետագա խորացման հարցերը։ Մտաբերում եմ, երբ 2013թ. հուլիսի 27-ին տեղեկատվական REGNUM գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը՝ «Արտաշես Գեղամյան. Հայաստանի Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է» վերնագրով։ Հետագայում այդ հոդվածը լույս տեսավ առանձին գրքույկով՝ վեց լեզվով (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, թուրքերեն և հայերեն), որը ես բաժանեցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին։ Առանց կեղծ համեստության նշեմ, որ այդ հրապարակումը դրական դեր խաղաց ԵԱՏՄ Հայաստանի մտնելու մասին ՀՀ երրորդ նախագահ, հարգարժան Սերժ Ազատի Սարգսյանի որոշման ճշմարտացիությունը և անայլընտրանքայնությունը հասկանալու համար։ Եվ ահա այսօր, հարգելի ընթերցող, կարելի է առանց չափազանցության ասել, որ Հայաստանի ու Ռուսաստանի էլ ավելի սերտ ռազմատեխնիկական համագործակցություն, որը կերաշխավորի Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի առավել հուսալի անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության պահպանումը, հնարավոր է միայն Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Հայաստանի անդամագրման պայմաններում։ Այս հաշվով բոլոր հնարավոր չարախոսների համար մեջբերումներ կատարեմ 2000թ. հունվարի 26-ին (ՌԴ Դաշնային ժողովի և Բելառուսի խորհրդարանի կողմից այս փաստաթղթի վավերացումից հետո) ուժի մեջ մտած «Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության ստեղծման պայմանագրի» 7-րդ հոդվածից։ Եվ այսպես, 7-րդ հոդվածում ասվում է. «1. «Միութենական պետության տարածքը կազմված է մասնակից պետությունների պետական տարածքներից; 2. Մասնակից պետություններն ապահովում են միութենական պետության տարածքի ամբողջականությունը և անձեռնմխելիությունը; 3. Միութենական պետության արտաքին սահման են համարվում այլ պետությունների հետ մասնակից պետությունների սահմանները կամ մասնակից պետությունների պետական ինքնիշխանությունների գործողության տարածական սահմանը»։ Կարծում եմ, որ հետագա մեկնաբանություններն ավելորդ են։ Հոդվածն ավարտելով կցանկանայի մեկ անգամ ևս հատկապես ընդգծել, որ Ռուսաստանի դեմ հավաքական Արևմուտքի հիբրիդային պատերազմը լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, ուստի այդ հիբրիդային պատերազմի հնարավոր կործանարար հետևանքների չեզոքացումը ոչ միայն Ռուսաստանի, այլև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բոլոր անդամ պետությունների անվտանգության ապահովման անհրաժեշտ պայմանն է։ Համոզված եմ, որ ՀԱՊԿ առանց բացառության բոլոր անդամ պետությունների համակարգված գործողությունների պայմաններում հավաքական Արևմուտքի հիբրիդային պատերազմը Ռուսաստանի դեմ կվերածվի կամ Եվրամիության պառակտման, կամ, Աստված մի արասցե, կվերաճի մարդկության պատմության մեջ ամենակործանարար, ամենաարյունահեղ պատերազմի։ Ցավոք, սա չափազանցություն չէ։               

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր