Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ

02.05.2021, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3259623.html

 

Անոտացիա

ՀՀ անվտանգության հետագա ամրապնդման հիմքում պետք է դրվի Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի Հանրապետության ընդգրկման մանրակրկիտ մշակված համակարգը։ Սա է հայոց պետականության՝ Հայաստանի Հանրապետության գոյության միակ հուսալի երաշխավորի անկախության և ինքնիշխանության պահպանման միակ պայմանը։

Հարգելի ընթերցող, Հայաստանի Հանրապետության համար եղբայրական, դաշնակցային Ռուսաստանի Դաշնության շուրջ վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունները չեն կարող անտարբեր թողնել ՀՀ ցանկացած քաղաքացու, ով չի բթացել գունավոր հեղափոխությունների՝ մառախլապատ Ալբիոնի և Պոտոմակի ափերին մանրակրկիտ ձևով մշակված տեխնոլոգիաների ահա արդեն ոչ մեկ տասնամյակ ձգվող ազդեցությունից։ Հերթական անգամ չեմ ներկայացնի դրանց էությունը, մոնոազգային ՀՀ-ում, որն ավելի քան յոթ միլիոնանոց Սփյուռք ունի, դրանց կիրառման առանձնահատկությունները, այլ կփորձեմ պարզել Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները՝ շաղկապված այն ամենի հետ, ինչ կատարվում է Հայաստանում։

Եվ այսպես, ս.թ. ապրիլի 29-ին ՌԴ ОРТ ալիքի «Большая игра» բավական լուրջ վերլուծական ծրագրում այն վարողներից մեկը՝ ՌԴ Դաշնային ժողովի VII գումարման Պետական դումայի Կրթության և գիտության կոմիտեի նախագահ Վյաչեսլավ Ալեքսեևիչ Նիկոնովը մոտավորապես այսպես բնութագրեց ռուս-ամերիկյան հարաբերությունները ներկա փուլում։ «ԱՄՆ նախագահ Բայդենը պատռվում է Ռուսաստանի դեմ անդադար պատժամիջոցներ մտցնելու ցանկության և նրա հետ ռազմավարական երկխոսություն վարելու միջև։ Զելենսկին պատռվում է Դոնբասում պատերազմ սանձազերծելու ցանկության և միաժամանակ Պուտինի հետ Վատիկանում (ուրիշ որտե՞ղ երկխոսեն ուղղափառ երկրները, եթե ոչ Վատիկանում) երկխոսություն վարելու միջև։ Ռազմավարական շիզոֆրենիա է։ Ինչպե՞ս վարվի Ռուսաստանն այս պայմաններում»,- հարց է տալիս Վ.Նիկոնովը։ Ծրագրի մյուս վարողը՝ ամերիկացի հայտնի քաղաքագետ Դմիտրի Սայմսը, այս առնչությամբ ասաց. «Վերջին ամիսներին, հատկապես վերջին շաբաթներին այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ստեղծվել է հավաքական Արևմուտքի կոալիցիա Ռուսաստանի դեմ։ Ընդ որում՝ սա հռետորաբանություն չէ։ Դրանք և՛ պատժամիջոցներն են, և՛ ռուս դիվանագետների արտաքսումները։ Ե՛վ նոր մեղադրանքները, և՛ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռների նոր թռիչքները, հետախուզական նավերի հայտնվելը ռուսական (ափերի) սահմաններին, մինչև այժմ,- այնուհետև քաղաքագետը հարց է տալիս։- ...Տեսնո՞ւմ եք, արդյոք, եթե կուզեք՝ ինչ-որ նոր հարձակում Ռուսաստանի վրա։ Եթե այդպես է, արդյո՞ք ինչ-որ նոր քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն չեք տեսնում։ Դեպի այս կամ այն կողմ, իսկ գուցեև միաժամանակ... Այսինքն՝ դեպի մի փոքր ավելի կոշտություն, կամ, եթե կուզեք, ինչ-որ նոր դիվանագիտական նախաձեռնություննե՞ր»։ Քաղաքագետների հարցն ուղղված էր Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Սերգեևիչ Պեսկովին, որն ի պատասխան ասաց. «Ցավոք, իսկապես կարելի է փաստել, որ Ռուսաստանի շուրջ կոնֆլիկտային պոտենցիալը, առճակատման պոտենցիալը աճի միտում ունի։ Բավական տագնապալի է։ Ռուսաստանի զսպման գիծը (որն իրականացվում է արդեն տասը տարի), որն անցկացնում էր ոչ միայն ԱՄՆ-ը, այլ նաև նա, որին մենք անվանում ենք հավաքական Արևմուտք, այդ գիծն այժմ փոխակերպվել է և ստացել առճակատման դրսևորում»։ Ընդ որում՝ խորին բավարարություն է առաջացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այս առնչությամբ տված գնահատականը. «Ռուսաստանը բաց է և շահագրգռված է համագործակցությամբ, բարի հարաբերություններով, մի ամբողջ շարք թեմաների կոոպերացիայով աշխարհի երկրների հետ։ Բայց մենք այսուհետ մտադիր չենք հանդուրժել այդ առճակատային դրսևորումները։ Մենք ինքներս չենք անցնի կարմիր գծերը և ոչ մեկին էլ թույլ չենք տա հատել դրանք (կարմիր գծերը Ռուսաստանն ինքը կորոշի։ Կարմիր գծերը Ռուսաստանի ազգային շահերն են)»։ Նշենք, որ 2021թ. ապրիլի 29-ին Եվրախորհրդարանն ընդունեց Ռուսաստանը SWIFT համակարգից հանելու բանաձև։ Բանաձևին կողմ քվեարկեց 570 պատգամավոր։ Փաստաթղթում նաև առաջարկվում էր կանգնեցնել «Հյուսիսային հոսք – 2» գազատարի շինարարությունը, հրաժարվել ռուսական նավթից և գազից ու չեղարկել երկրի իշխանություններին մերձ ռուս օլիգարխների վիզաները։ Եվրախորհրդարանի պատգամավորները կողմ քվեարկեցին SWIFT վճարումների մասին տեղեկատվություն հաղորդելու միջբանկային համակարգից Ռուսաստանին հանելու և «Հյուսիսային հոսք – 2» գազատարի շինարարության ավարտը դադարեցնելու բանաձևին։ Քվեարկությունն անցկացվում էր խորհրդարանի լիագումար նիստում։ Բանաձևին կողմ քվեարկեց 569 պատգամավոր, դեմ՝ 67. այսպիսին են քվեարկության արդյունքները։

Բանաձևը, ինչպես երևում է դրա տեքստից, ընդունվեց ի պատասխան ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի, Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայման և Չեխիայի դեմ «ռուսական գրոհի»։ Եվրախորհրդարանի բանաձևը ԵՄ-ի համար պարտավորեցնող ուժ չունի։ Բլոգեր Նավալնու հանդեպ եվրախորհրդարանականների հուզիչ նրբազգացություն՝ Ղարաբաղյան պատերազմում կատաղի թուրք ազերիների և սիրիական վարձկան-ահաբեկիչների ձեռքով ավելի քան 5000 զինվորների զոհվելու փաստին անպատկառ անտարբերության պարագայում։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ս.թ. ապրիլի 28-ին՝ չորեքշաբթի օրը, հայտարարեց, որ ԵՄ-ը չունի գործիքներ, որոնք թույլ կտային սառեցնել «ՀՀ – 2»-ի շինարարությունը և հանել Ռուսաստանը SWIFT-ից։ Նա ընդգծեց, որ SWIFT-ը մասնավոր միջազգային կազմակերպություն է, և ԵՄ-ը իրավասություն չունի այս հարցում։ Հետո ավելին է։ Հայտարարվեց, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը ս.թ. մայիսի 12-ին կկրճատի ցուցաբերվող հյուպատոսական ծառայությունների թիվը օտարերկրացիներ վարձելու արգելքի մասին Մոսկվայի որոշման պատճառով։ Բացի այդ, 75%-ով կկրճատվի դիվանագիտական առաքելության աշխատակիցների հաստիքը։ Այս մասին ուրբաթ օրը՝ ս.թ. ապրիլի 30-ին տեղեկացրել է ամերիկյան դեսպանության մամուլի ծառայությունը։

Ս.թ. ապրիլի 27-ին հայտնի դարձավ, որ ՌԴ կառավարությունը շուտով հրապարակելու է «ոչ բարեկամական երկրների» ցուցակը՝ համաձայն Ռուսաստանի նախագահի ս.թ. ապրիլի 23-ին ստորագրած հրամանագրի։

Դրա հետ մեկտեղ, Մոսկվան դադարեցնում է Ռուսաստանի ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններում Պետդեպի և ԱՄՆ այլ գերատեսչությունների աշխատակիցների կարճաժամկետ գործուղումների անլիմիտ փոխադրումների գործելակերպը։ Նշենք նաև, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է մտցրել Եվրախորհրդարանի և Բեռլինի դատախազության ղեկավարների դեմ։ Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, նշենք, որ Մոսկվան պատժամիջոցներ է մտցրել եվրոպացի մի քանի չինովնիկների և քաղաքական գործիչների դեմ՝ ի պատասխան Եվրախորհրդարանի գործողությունների։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Սև ցուցակում է հայտնվել ութ մարդ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Մարիա Սասոլին և Բեռլինի դատախազության ղեկավար Յորգ Ռաուպախը։ Ցուցակում նշված են նաև.        

•  արժեքների և հանդուրժողականության հարցերով եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան;

• Շվեդիայի տոտալ պաշտպանության հետազոտական ինստիտուտի քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության լաբորատորիայի ղեկավար Օսա Սկոտը;

•  ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության անդամ Ժակ Մերը;

•  Լատվիայի էլեկտրոնային ԶԼՄ-ների գծով Ազգային խորհրդի նախագահ Իվարս Աբոլինշը;

•  Լատվիայի Պետական լեզվի կենտրոնի տնօրեն Մարիս Բալտինշը;

•  Էստոնիայի լեզվի տեսչության ղեկավար Իլմար Տոմուսկը։

 

ԱԳՆ հաղորդագրությունում ասվում է, որ կարգելվի նրանց մուտքը Ռուսաստանի տարածք։ Այս անձանց դեմ պատժամիջոցներ մտցնելը դարձավ ԵՄ գործողությունների պատասխանը, որը ս.թ. մարտի 2-ին և 22-ին սահմանափակիչ միջոցներ էր մտցրել վեց ռուսաստանցիների նկատմամբ։

Ռուսաստանի դեմ հավաքական Արևմուտքի միահամուռ գործողությունների (որոնք երբեմն վերածվում են ռազմական հովեր պարունակող բացահայտ շանտաժի) և Ռուսաստանի համապատասխան արձագանքի այսքան մանրամասն նկարագրությունից հետո, հարգելի ընթերցողը կարող է միանգամայն բնականորեն հարց տալ, դիցուք. Ռուսաստանը, 2012թ. մայիսի 14-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (միավորում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը) համահիմնադիրը լինելով, ուներ բոլոր հիմքերը՝ ՀԱՊԿ գործընկերներից ակնկալելու համարժեք արձագանք, դիցուք՝ ԱՄՆ-ի, ինչպես ընդհանուր առմամբ Եվրամիության, այնպես էլ ԵՄ առանձին անդամների առճատակային գործողություններին։ Գնահատականներ չեմ տա ՀԱՊԿ մյուս (Հայաստանից բացի) անդամների գործողություններին, դա առանձին վերլուծության թեմա է։ Հերթական անգամ չեմ ներկայացնի հակառուսական, ռուսատյաց այն գոհարները, որոնցով այս օրերին լի են Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի և արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից շռայլորեն սնվող ՀՀ մաս-մեդիաները և այլ թոշակառուներ։ Ըստ էության, հակառուսական և ռուսատյաց տրամադրություններ հրահրելու համար էլ դրանք ստեղծվել են։ Տագնապի զգացողությունն ավելի է սրում դրանց՝ վերջին օրերին ահագնացող աննախադեպ ակտիվությունը։ Բայց հիմա նաև այդ մասին չէ, որ խոսելու ենք։ Այսպես, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հայտարարմամբ ՀՀ-ում մեկնարկեց Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր ուժերի որոշակի հատվածի համախմբման գործընթացը։ Հատկանշական է, որ իրենց անվիճելի հաղթանակի մասին արդեն հայտարարել են այդ ուժերից մեկ-երկուսը։ Ավելին, ըստ երևույթին Նիկոլ Վովաևիչին, որին ժողովուրդը քամահրանքով Նիկոլ-դավաճան է անվանում, ծաղրելու նպատակով մի ընդդիմադիր կառույց խաղեր տալով հայտարարել է, որ թեև, ինչպես երիցուկով «Սիրում է – չի սիրում» խաղում, կան նաև շատ ընտրողներ, ովքեր իրենց չեն սիրում, բայց դա հաշիվ չէ, գլխավորն այն է, որ ընդդիմությունից առաջնայնության հայցորդներն իրենք են սիրում ընտրողներին։ Իսկ ահա արդեն ուր որ է մեկնարկելու պատրաստ ընտրարշավի մեխը խոստանում է լինել նիկոլվովաևիչյան հակազգային, հակաժողովրդական կերպարի փտած էության բացահայտման բազմակողմանի, համակողմանի, կշռադատված, նպատակաուղվված աշխատանքի կազմակերպումը։ Նշենք, որ վերջին 5 ամիսների ընթացքում ՀՀ-ում ներկայացվել են փաշինյանական ռեժիմի դավաճանական էության ամենաանհերքելի վկայություններ, որոնք հաստատվել են թուրք-ազերիներին Արցախի Հանրապետության տարածքի ավելի քան 75%-ի դավաճանական վաճառքի տրամաբանորեն հավաստված փաստերով։ Ներկայացվել են վկայություններ, որոնց առանց սարսուռի անհնար է ծանոթանալ, դիցուք. թուրք-ազերիների և սիրիական վարձկան-ահաբեկիչների ձեռքով ավելի քան 5000 զինվորների մահը Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ժամանակ, ինչը, կրկնում եմ, ուղղակի հետևանքն էր (ոչ քիչ դեպքերում) փաշինյանական նեխվածքի ու նրա նշանակած անբանիմաց գեներալների դավաճանության։ Եվ հայ ազգի շահերին Փաշինյան և КО-ի դավաճանությունը մերկացնելու այդ գործընթացը ՀՀ-ում շարունակվում է նաև ներկայում։ Որքան էլ հրեշավոր հնչի, բայց դավաճանության օր-օրի, բազմիցս կրկնվող և վերապատմվող սարսափազդու դեպքերը, դավաճանություն, որը, կրկնում եմ, հանգեցրեց հազարավոր հայ զինվորների մահվան, Հայաստանի և Արցախի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիների խեղված ճակատագրերի, ժամանակի հետ մեր շատ քաղաքացների ընկալման համար դառնում են յուրատեսակ մղձավանջ, որը կոշտ, բայց արդարացի հատուցման անհրաժեշտ ռեակցիան չի առաջացնում, չի վերաճում այդ հակազգային փոխակերպուկի մեկուսացմանն ու կալանավորմանն ուղղված գործնական քայլերի։ Չէ՞ որ բոլորովին վերջերս ամենադիվային երազում անգամ անհնար էր պատկերացնել, որ այս ամբողջ արյունալի սպանդի գլխավոր ռազմական հանցագործը ցայսօր էլ (իհարկե, ոչ առանց մեծ թիկնազորի) կշրջի ՀՀ քաղաքներով ու գյուղերով, և այդ տականքը դեռ մի բան էլ մեծ-մեծ կբարբաջի սորոսյան քարոզչությամբ բթացած իր երկրպագուների առջև։

Երկար չեմ նկարագրի քաղաքական առօրյայի մանրամասները, որում այսօր ապրում է ՀՀ-ն, այլապես, ինքս էլ դա չնկատելով, կզբաղեցնեմ նախապես պատրաստված այն խորշը, որը հղկված է Հայաստանում գունավոր հեղափոխությունների նրբահյուս տեխնոլոգիաներով, այսինքն՝ կզբաղեցնեմ յուրատեսակ լուռ ընդվզող ստատիստի տեղը։ Ախր, որքան ավելի շատ խորանանք դրսից մեզ պարտադրված քաղքական վայրիվերումների այսօրվա մանրամասների մեջ, այնքան ավելի կխորանա հայ հասարակության մտածող մասի (50%-ից ոչ պակաս) օտարացումը ակտիվ ընդվզող դիրքորոշման դրսևորումից։ Եվ դրա արդյունքն ակնհայտ է։ Իմ դիտարկումներով՝ ՀՀ բնակչության բավական էական մասն էլ ավելի է հակվում արտագաղթի (հավանաբար, իր հաղթանակի մասին ընդդիմության հատվածի նախապես հայտարարած վստահությունը նրան համոզիչ հիմքեր չի տալիս միանալու սատանիստ Նիկոլից ու անաստված մեղքերի մեջ թաղված նրա հանցակիցներից ՀՀ-ն ազատելու պայքարին)։

Բայց, հարգելի ընթերցող, հույս ունեմ՝ դեռ ամեն ինչ չէ, որ կորած է։ Այսպես, ս.թ. ապրիլի 30-ին ArmNews հեռուստաալիքով եթեր արձակվեց ՀՀ երրորդ նախագահ՝ հարգարժան Սերժ Ազատի Սարգսյանի հետ հարցազրույցը՝ նվիրված ՀՀ-ում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջմանը նախորդած իրադարձություններին։ Ազնիվ զրուցավար Մհեր Մկրտչյանի (լրագրող չէ, այլ պրոֆեսիոնալ կինոռեժիսոր է)՝ Սերժ Սարգսյանին հասցեագրված բազմաթիվ հարցերը բավական անաչառ էին, և որ գլխավորն է՝ դրանց տրված սպառիչ պատասխանները, կարծում եմ, տվեցին շատ հարցերի կոնկրետ բացատրությունները։ Բացատրություններ, որոնք եթե չիմանաս, թերևս, անհնար լինի մինչև վերջ օբյեկտիվորեն դատել այդ օրերի իրադարձությունների, էլ չեմ ասում՝ պետհեղաշրջմանը հաջորդած աղետի մասին։ Այս առնչությամբ մանրամասներ չեմ ներկայացնի։ Այդ մասին քանիցս գրել եմ, ուստի կանդրադառնամ նաև ինձ համար դեռևս հանելուկ մնացած այն թեմային, որն այդպես էլ պատասխան չստացավ. ինչո՞ւ է MI-6-ի և CIA-ի քաղաքական ընկեցիկի դեմ հանդես եկող գրեթե յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական ուժ կամ ընդդիմադիր միավորում շարունակում համառորեն խուսափել ՀՀ-ում պետհեղաշրջման աշխարհաքաղաքական աղբյուրների հանգամանալից վերլուծությունից։ Ինչո՞ւ են նրանք շարունակում առարկայական վերլուծության չենթարկել այն գործընթացները, որոնք վերջին 24 տարիներին (1997թ. ՀՀ-ում Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի հիմնադրման օրվանից) օր-օրի պատրաստում էին պետհեղաշրջումը։ Կամ՝ ինչո՞ւ է անպատասխան մնում այն հարցը, թե ով էր իրականում կանգնած 2008թ. մարտի 1-ին Երևանի հանրահավաքում ցուցարարների զոհվելու իրողության թիկունքում։ Ինչպե՞ս և ո՞վ էր նախաձեռնել, և ինչպե՞ս հնարավոր դարձան Պոտոմակի ափերից շռայլորեն ֆինանսավորվող «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության հակակառավարական գործողությունները, կազմակերպություն, որը, այնուամենայնիվ, այն բանից տառացիորեն մի քանի օր հետո, երբ Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին հաջողվեց ճնշել թուրք-ազերիների կողմից սանձազերծված (2016թ. ապրիլի 1-4) ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում, կարողացավ անկարգություններ հրահրել Երևանում։ Մինչև այժմ չկան այս հարցերի պարզորոշ պատասխանները, ինչն, իր հերթին, նշանավորում է զգուշավորություն, եթե չասենք՝ վախ հավաքական Արևմուտքի որոշակի ուժերի առջև նրանց կողմից, ովքեր պարտավոր են այս ամենի մասին բացահայտ խոսել։ Պատժամիջոցների տակ ընկնելու, վիզաներից զրկվելու վա՞խն է, թե՞ ուրիշ մի բան, բայց սա առանձին վերլուծության թեմա է։ Ինձ համար միանգամայն հասկանալի է, թե ով էր կանգնած այս ամենի հետևում, այդ ամենի մասին ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, քանիցս գրել է, ինչը բնավ չի տարածվել հայկական ընդդիմադիր լրատվամիջոցներում։ Ընդ որում՝ ՀՀ-ում պետհեղաշրջման հեղինակների հարցում իմ համոզվածությունը հիմնված էր մառախլապատ Ալբիոնի՝ հանձին MI-6-ի, և Պոտոմակի՝ հանձին CIA-ի, ափերի հատուկ ծառայությունների կոնկրետ գործողությունների փաստերի վերլուծության վրա։ Հետագայում, ինչպես ցույց տվեցին վերջին ամիսների իրադարձությունները, լիազորությունների մի մասը (MI-6-ի ղեկավարի պաշտոնում Ռիչարդ Մուրի նշանակվելուց հետո, որը Էրդողանի վաղեմի քիրվան է) MI-6-ը փոխանցեց սուլթան Ռեջեփին, սա շատ ավելի մոտ է տեղակայված Հայաստանին, էլ չեմ ասում այն մասին, որ ՀՀ-ում լրտեսական մեծ ցանց ունի։

Եվ ահա, հարգելի ընթերցող, մեր օրերում նույնպես անգամ ակնարկ չի նկատվում, որ հենց այս հարցերը կդառնան մանրազնին դիտարկման և քննարկման առարկա առաջիկա ընտրարշավում։ Իսկ դա բավական վտանգավոր միտում է։ Ըստ էության, մեր մտածող համերկրացիների զգալի մասին մղում են դեպի այն հարցերի քննարկման գործընթաց, որոնք չեն տալիս դրանցից գլխավորի պատասխանը՝ ո՞ւր է գնում Հայաստանը, որտե՞ղ է Հայաստանի Հանրապետության, հայոց պետականության զարգացման ուղիների որոնման գլխավոր ուղղությունը գոնե առաջիկա հինգ տարիներին։ Ո՞րն է յուրաքանչյուր քաղաքացու, Հայաստանի հայրենասերի դերը հայոց պետականության համար բախտորոշ այս ժամանակաշրջանում։ Խոսքն, իհարկե, վերջին տասնամյակներին բազմացած տոտալիտար կրոնական աղանդների, մասնավորապես՝ «Կյանքի խոսքի» հետևորդների մի ամբողջ բանակի, օրեցօր շատացող ու լկտիացող ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների և սորոսյան հակազգային բազմաթիվ թոշակառուների խաժամուժի, արևմտյան հատուկ ծառայությունների և դրանց թուրք ենթավարպետների ուղղակի գործակալների մասին չէ։ Ոչ, դրանց հարցում ամեն բան հասկանալի է։ Նկատի ունեմ ՀՀ լռակյաց բնակչությանը։

Ընթերցողներին չեմ հոգնեցնի ՀՀ արդի քաղաքական կյանքի տարօրինակությունների հետագա պարզաբանմամբ, մանավանդ որ օրակարգում գլխավոր հարցն է՝ համախմբումը և մեր հուսալի ռազմավարական դաշնակցի, հայկական երկու պետությունների անկախության պահպանման, հայ ժողովրդի անվտանգության երաշխավորի  աջակցությունը (ավաղ, ՀՀ համեստ ուժերով, անշուշտ՝ տասը միլիոնանոց հայության համախմբման համակողմանի ջանքերի ընդունմամբ)՝ դիմակայելու համար հավաքական Արևմուտքի՝ Ռուսաստանի ապակայունացմանն ուղղված սադրիչ ջանքերին։ Կարծում ենք, որ այսօր շատ կարևոր է, որպեսզի մեր ռուս, ռուսաստանցի եղբայրները Հայաստանից լսեն անմնացորդ աջակցության խոսքեր՝ Ռուսաստանի Դաշնության դեմ հավաքական Արևմուտքի առավել ռելիեֆային ձևով նշմարվող առճակատման գծին հանդիման։

Կարծում եմ, որ ՀՀ անվտանգության հետագա ամրապնդման հիմքում պետք է դրվի Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի Հանրապետության ընդգրկման մանրակրկիտ մշակված համակարգը։ Սա է հայոց պետականության՝ Հայաստանի Հանրապետության գոյության միակ հուսալի երաշխավորի անկախության և ինքնիշխանության պահպանման միակ պայմանը։ Քաղաքական այս իրողությունը չհասկանալը հավասարազոր է իրեն բազմակողմանի մտածող աշխարհաքաղաքան գործիչ երևակայողի ինքնակարծիքի առկայությանը, որի գինը պատմական հեռանկարում միակ հնարավոր հետևանքն է՝ հայ ազգի և Հայաստանի Հանրապետության ողբերգությունն ու հայոց պետականության կորուստը։ Կրկնում եմ, վտանգն այսօրվա իրողությունների մասին սերմանվող անգրագետ, անհամարժեք գնահատականի մեջ է, որի հիմքում ընկած է նոր աշխարհակարգի ձևավորման միտումները բացարձակապես չհասկանալը Երկիր մոլորակի համար վճռորոշ ժամանակակից փուլում։

Վերջաբանի փոխարեն. Եվ այսպես, հարգելի ընթերցող, ս.թ. ապրիլի 24-ին BBC-ին հրապարակեց հոդված՝ «Նախագահ Ջո Բայդենը ճանաչեց 1915թ. Հայոց ցեղասպանությունը» վերնագրով։ Հոդվածի նախաբանում կարդում ենք. «Ջո Բայդենը ԱՄՆ նախագահներից առաջինը ճանաչեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի կոտորածը և արտաքսումը  որպես ցեղասպանություն (ինչը չի համապասխանում իրականությանը, քանի որ 1981թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր ուղերձում՝ նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակին, այդ իրադարձություններն առաջին անգամ անվանեց «հայերի ցեղասպանություն»)։ Այդ հայտարարությունը իրավական հետևանքներ չի ունենա, բայց կարող է փչացնել Բայդենի վարչակազմի հարաբերությունները Թուրքիայի հետ»։ Իր հայտարարությունում ԱՄՆ նախագահը նշել է. «Ամեն տարի այդ օրը մենք հիշում ենք նրանց բոլորին, ովքեր զոհվեցին հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան դարաշրջանում, և նորից պարտավորվում ենք թույլ չտալ նման չարագործությունների կրկնությունը... Ամերիկյան ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում 106 տարի առաջ սկսված ցեղասպանության հետևանքով զոհված բոլոր հայերին»։ Այս առնչությամբ յուրաքանչյուր հայ, անկասկած, երախտագիտության խոսքեր է ուղղել ԱՄՆ ղեկավարության հասցեին։ Միևնույն ժամանակ, հարգելի ընթերցող, ինձ չէր լքում այս ամենից առաջացած վիրավորանքի խորապես թաքուն մի ինչ-որ զգացողություն, և ահա թե ինչու։ Այսպես, 2019թ. հոկտեմբերի 29-30-ին ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բանաձևի ընդունմանը կողմ քվեարկեց Ներկայացուցիչների պալատի 405 անդամ, դեմ՝ 11։ Մտցվեցին պատժամիջոցներ թուրք որոշ պաշտոնյաների հանդեպ, որոնք ավելի շուտ խորհրդանշական քայլեր էին։ Այնուհետև, 2019թ. դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց 150 բանաձևը 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Ընդգծենք, որ 2019թ. դեկտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժեց Սենատի բանաձևը 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, տեղեկացրեց The Hill պարբերականը։ Գերիշխեց ներքաղաքական կոնյունկտուրան ԱՄՆ-ում, ուստի հարկադրված էին փորփրել տասը միլիոնանոց հայերի համար արնածոր այդ վերքը և ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ավելի վաղ ընդունած բանաձևը հաստատելու փոխարեն  այդ ողջ գործընթացը նոր շրջան մտցնել։ Ի՞նչ է սա, եթե ոչ սրբապղծություն և ցինիզմ։ Ես իրավունք ունեմ նման բան պնդելու։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 1995թ. ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման, լսելով ՌԴ ԴԺ ՊԴ պատգամավոր, մեծարգո Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինի զեկույցը, միաձայն ընդունեց հայտարարություն «1915-1920թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ. ապրիլի 20-ին։ Ուրուգվայի Սենատի գլխավոր ասամբլեան և Ներկայացուցիչների պալատները ընդունել են օրենք «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին»։ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում են՝ Կիպրոսը, Հունաստանը, Կանադան, Իտալիան, Լիբանանը, Ավստրալիան, Բելգիան, Ֆրանսիան, Արգենտինան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Վատիկանը։ Նշենք նաև, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են ազդեցիկ շատ միջազգային կազմակերպություններ, դիցուք՝ Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը և այլն։ Կարծում ենք, որ անկողմնակալ ընթերցողը կխորհի կյանքի իրավունք ունեցող այս բավական ոչ միանշանակ հարցերի շուրջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությունն (արված 2021թ. ապրիլի 24-ին) իմաստավորելուց հետո։ Սակայն, համոզված եմ, որ սա նույնպես առանձին վերլուծության թեմա է, որը դուրս է հայտարարության հնարավոր հուզական ընկալման շրջանակներից։

Հ.Գ. Ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Ասել, թե հոդվածը լավատեսական նոտայով ավարտելու պատեհ առիթ ընձեռվեց, բանալ անպատկառի անուն հանել կնշանակի։ Բայց լռության մատնել այն լավ իրողությունների մասին, որոնք, բարեբախտաբար, դեռևս չեն վերացել քրիստոնեական քաղաքակրթական արմատներից իսպառ կտրվող ժամանակակից Հայաստանում, նույնպես անարդարության գագաթնակետը կլիներ։ Չեմ հոգնեցնի ընթերցողներին տառապալից օրերի մասին երկար պատմություններով, օրեր, որոնք ապրում են COVID-19-ով վարակված մեր տասնյակ հազարավոր համերկրացիները։ Հակիրճ կպատմեմ Երևանի կլինիկաներից մեկի անձնուրաց բուժաշխատողների աշխատանքային մեկ օրվա մասին։ Խոսքը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կորոնավիրուսով հիվանդ պացիենտների կենտրոնի բուժանձնակազմի քաղաքացիական սխրանքի մասին է։ Ուրիշ ի՞նչ, եթե ոչ իսկական հրաշք պետք է անվանել այն, ինչն ուղղակի տեղի ունեցավ անցած տարվա 1,5-2 ամսվա ընթացքում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկում, երբ ստեղծվեց և սարքավորվեց 100 մահճակալ և վերակենդանացման 40 տեղ ունեցող հիվանդանոցային համալիրը կորոնավիրուսով հիվանդների բուժման համար։ Թե վիթխարի ինչ ջանքեր ծախսեց դրա համար համալսարանի ռեկտոր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը՝ միջազգային ճանաչում ունեցող ուրոլոգը, հատուկ հետազոտության արժանի թեմա է։ Եվ ահա, կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նոր ստեղծված բժշկական կենտրոնն աչքի է ընկնում շինության կատարյալ մաքրությամբ։ Բայց գլխավոր ձեռքբերումը բուժանձնակազմն է, որը պարզապես արտասովոր բարյացակամություն է ճառագում, լավատեսություն և սրտցավություն միաժամանակ։ Հավասար, սրտագին, հոգատար վերաբերմունքը հիվանդների հանդեպ, անձանձիր բուժումը չեն կարող անտարբեր թողնել անգամ երդվյալ փնթփնթանին, վերաբերմունք, ինչին, ըստ էության, տողերիս հեղինակը ստիպված էր հետևել վերջին տասն օրերի ընթացքում։ Հենց այս հիվանդանոցում գիտակցեցի կոչումով, ինչպես ասում են՝ Աստծուց բժիշկ լինելու ողջ վեհանձնությունը, երբ պացիենտներից յուրաքանչյուրի հետ բժիշկն ապաքինվում ու տառապում է թուլությունից, եթե չասեմ՝ շնչահեղձությունից։ Ընդ որում՝ ստիպված է լինում հաղթահարել ոչ միայն սեփական ցավը, այլև հույս տալ հիվանդներին, ովքեր հույս ու տագնապով ջանում են բաց չթողնել բժշկի, բուժքրոջ կամ սանիտարի որևէ ժեստը։ Համախոհների այդպիսի կոլեկտիվը, որին միավորել է սերը համերկրացիների հանդեպ, վեր է ցանկացած գովասանքից, իսկ մարդկանց կյանքեր փրկող այդ հիանալի, հայրենասեր մարդկանց հավաքական կերպարը, յուրատեսակ լուսապսակն ըստ արժանվույն բժշկական կենտրոնի վարիչն է՝ Երևանի պետական բժշկական համալսարանի վարակիչ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Վիգեն Արայի Ասոյանը։ Չէի ցանկանա Հայրենիքի այդ վեհանձն հայրենասերների հասցեին արվող հերթապահ խոսքերով սահմանափակվել։ Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում ՀՀ բուժաշխատողների ճնշող մեծամասնության քաղաքացիական սխրանքն ըստ արժանվույն կհավերժացվի և, անկասկած, վառ օրինակ կդառնա բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքը կնվիրեն մեր քաղաքացիների առողջությանը։ Շնորհակալություն Ձեզ, բարեկամներ, շնորհակալություն, հարազատներ, որ Ձեր առողջության հաշվին առողջություն եք պարգևում հարյուր հազարավոր մեր համերկրացիներին։           

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր