Բոլոր ուժերի համախմբումն է հայոց պետականության փրկության բանալին
11.03.2021, Ռեգնում
https://regnum.ru/news/polit/3212683.html
13.11.2021, Իրավունք
https://iravunk.com/?p=198218&l=am
Անոտացիա
Կցանկանայի հուսալ, որ հայ հասարակության բոլոր առողջ ուժերը, որոնք իրենց տրամադրության տակ տեղեկատվական ռեսուրսներ ունեն՝ ինտերնետ-պարբերականներ, ինտերնետ-հեռուստատեսություն և այլ լրատվամիջոցներ, շատ շուտով կվերանայեն իրենց տեղեկատվական քաղաքականությունը։ Իսկ որ ամենագլխավորն է՝ իրենց գլխավորած մաս-մեդիաների խմբագրական քաղաքականության հիմքում (մի կողմ թողնելով անձնական վերաբերմունքը իրենց վերահսկողության տակ չգտնվող քաղաքական գործիչների հանդեպ) կդնեն հրապարակած գնահատականների համոզչության աստիճանը, Ն.Փաշինյան – Ա.Սարգսյան ռեժիմի հակաժողովրդական էությունը բացահայտող իրենց հրապարակումների բովանդակությունը։
Վերջին օրերին Հարավկովկասյան տարածաշրջանոմ տեղի ունեցող իրադարձություններն ուշադիր վերլուծելիս ինձ չի լքում խոր տագնապի, նոր դժբախտության, արդեն հենց Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) արյունահեղության սպասման զգացողությունը։ Ընդ որում՝ սևեռուն գաղափարի պես, անընդհատ մտաբերում եմ Թուրքիայի ներկայիս ղեկավարության «սրտցավ» կոչերը, որոնք հնչում են որպես խոր ապրումակցում ՀՀ-ում իրավիճակը գնահատելիս։ Ս.թ. փետրվարի 26-ին Ստամբուլում, ուրբաթօրյա աղոթքից հետո տված կարճ մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց. «Մենք դեմ ենք ամեն տեսակ հեղաշրջումներին։ Մենք պարզապես չենք կարող հաշտվել հեղաշրջման փորձերի հետ... հայ զինվորականների հեղաշրջման փորձն անընդունելի է, վերջին խոսքը պետք է լինի հայ ժողովրդինը գործող իշխանությունը փոխելու անհրաժեշտության դեպքում։ Նրանք պետք է այդ որոշումը թողնեն հայ ժողովրդի հայեցողությանը»։ Հետո ավելին է։
«Խաղաղության աղավնին», նույն ինքը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, իր հերթին հայտարարեց. «Աշխարհում որտեղ էլ որ հեղաշրջում կատարվի, մենք դա կդատապարտենք։ Մենք վճռականորեն դատապարտում ենք նաև դրա փորձը Հայաստանում։ Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը, նորմալ է։ Ոչ միայն կառավարության տապալումը բանակի օգնությամբ, այլև անգամ կոչը նրա կողմից՝ անընդունելի են»։ Չավուշօղլուն նման հայտարարություն արել է Բուդապեշտում աշխատանքային այցի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ։ Սակայն թուրք սրտակիցների կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «բարոյական» աջակցության և ապրումակցման պատկերն ամբողջական չէր լինի, եթե չհիշատակեինք Փաշինյանին թուրքական Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի սատարման վերաբերյալ, ինչի մասին ս.թ. մարտի 2-ին տեղեկացրեց «Անադոլու» գործակալությունը. «Բահչելին հայտարարեց, որ Հայաստանը ահաբեկիչ պետություն է, և նա խաղալիք է արտաքին ուժերի ձեռքին»։ Ընդ որում՝ ԱՇԿ ղեկավարը հայտարարեց, որ հույս ունի, թե Հայաստանը չի գնա ռազմական հեղաշրջումների ճանապարհով։
Ընթերցողներին հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 11-ին կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ, ինչպես գրում է «Красная Весна» տեղեկատվական գործակալությունը, թուրք սուլթան Էրդողանը հայտարարել էր. «Ղարաբաղը նորից ադրբեջանական դարձավ։ Մամեդ Էմին Ռասուլզադեի, Էնվեր փաշայի, Նուրի փաշայի, Հուսեին Ջավադի, Ահմեդ Ջավադի և համազգային հերոս Հեյդար Ալիևի հոգիները փառավորվեցին» (https://rossaprimavera.ru/news/b4550882)։ Հատկանշական է, հարգելի ընթերցող, որ Թուրքիայի նորահայտ սուլթանն առանձնակի երանություն է ապրում ավելի քան հինգ հազար հայ և նույնքան էլ, եթե ոչ զգալիորեն ավելի շատ, ադրբեջանցի զինվորների զոհվելու հետ կապված։ Նա նաև չի կարողանում թաքցնել զմայլանքն այն փաստից, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) հարյուր հազարավոր զինծառայողներ ու խաղաղ բնակիչներ են վիրավորվել և հաշմվել։ Այս ողբերգական տվյալները, հիրավի, կարող են «փառավորել» սատանիստների՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության (1915-1923թթ.) կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր փաշայի, նացիստների հանցակից Մամեդ Էմին Ռասուլզադեի կամ նմանատիպ այլ դժոխքի ծնունդների հոգիները, որոնք այժմ խիստ պահանջված են ազերի-թուրք բազեների շրջանում։ Որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի, թե ում մասին է հիշատակումը, մեջբերում կատարեմ Ալեքսանդր Խալդեյի «Ո՞ւմ էր պետք Ադրբեջանում վերականգնել նացիստների հանցակիցներին» հոդվածից՝ հրապարակված 2019թ. դեկտեմբերի 23-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում։ «...Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո գերմանական ներկայացուցիչները տեղեկացրին ռումինական թագավորության իշխանություններին, որ Ռասուլզադեն իրենց քաղաքական դաշնակիցն է՝ պահանջելով Ռեյխ մշտական ուղևորություններ թույլատրող փաստաթղթեր ձևակերպել նրա համար։ 1942թ. մայիսին Ռասուլզադեն մասնակցել է կովկասյան էմիգրացիայի ներկայացուցիչների հետ գերմանացիների խորհրդակցություններին։ Նա նաև ակտիվորեն ներգրավվել է ռազմագերի ադրբեջանցիներից գերմանական վերմախտի համար լեգեոնականների հավաքագրման աշխատանքում»,- իր հոդվածում գրել է Ալեքսանդր Խալդեյը։ Մյուս կերպարների մասին, որոնց հոգիներն, ըստ Էրդողանի, կփառավորվեին, մանրամասներ չեմ ներկայացնի, ավելի վաղ արդեն գրել եմ այդ հակահերոսների մասին։
Իսկ ինչ վերաբերում է «ականավոր» խաղաղարար Դևլեթ Բահչելիին, ապա ընթերցողներին հիշեցնենք, որ նրա գլխավորած ԱՇԿ-ն ներառում է աջ արմատական «Գորշ գայլեր» շարժումը, որը մեղադրվում է մի շարք սպանությունների և ահաբեկչական գործողությունների, այդ թվում և Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի մահափորձի կազմակերպման մեջ։ Նշենք նաև, որ «Գորշ գայլերը» ստանձնել է ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության պատասխանատվությունը Սիրիայում 2015թ.։ Կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանին, որին ժողովուրդը քամահրանքով Նիկոլ-դավաճան է անվանում, աջակցելը «ազատության և դեմոկրատիայի վերոնշյալ թուրք ջատագովների» կողմից շատ բանի մասին է վկայում։ Եվ արդեն այս փաստը բավական պերճախոս վկայում է այն մասին, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը ճիշտ ժամանակին էր, որը ս.թ. փետրվարի 25-ին, պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ըստ էության նպաստեց հայ ժողովրդի դահիճ Էնվեր փաշայի ու ֆաշիստական Գերմանիայի հանցակից Ռասուլզադեի քաղաքական ժառանգորդների համախմբմանը։ Միևնույն ժամանակ, ինչպես և XIX դարավերջին - XX դարասկզբին, Թուրքիան նույն երկերսանի արնատենչի դերում է մնում։ Թուրքիան այսօր էլ հաջողությամբ խուսավարում է՝ խաղալով Ռուսաստանի և Հայաստանի հանդեպ անգլոսաքսերի պատմական ատելության վրա՝ երբ պետք է, միաժամանակ ձևանալով առաջին հայացքից՝ քմահաճ, իսկ ըստ էության՝ նրանց կամքի հլու կամակատար՝ հանձին սուլթան Ռեջեփի։ Հանուն արդարության նշենք, որ դրա հետ մեկտեղ, Թուրքիան քայլ անգամ չի նահանջում իր պանթուրանական նպատակներին հասնելու գործողություններից։ Եվ հենց սա է դարեր շարունակ օսմանյան տիրակալների քաղաքականության էությունը, իսկ մեր օրերում՝ նրանց քաղաքական ժառանգորդի՝ սուլթան Ռեջեփի քաղաքականության բովանդակությունը։
Որպեսզի ավելի պարզ լինի՝ հղում կատարենք համեմատաբար ոչ վաղ պատմական անցյալի փաստերին՝ օգտագործելով հատվածներ Լինքոլն Սթեֆենսի «Armenians Are Impossible» հոդվածից՝ գրված 1919թ. Փարիզի խաղաղության խորհրդաժողովի ժամանակ, որն առաջին անգամ հրապարակվել է Outlook and Independent ամսագրում 1931թ. (նկատի է առնված հարցազրույցը բրիտանացի հետախույզ Լոուրենս Արաբացու հետ)։ Եվ այսպես, ինչ է գրում Լինքոլն Սթեֆենսը. «Ես հասկացա, որ նա (Լոուրենս Արաբացին – Ա.Գ.) անասելի համակրանք ունի հայերի հանդեպ, ավելի ճիշտ` նրանց մասին գիտի այն, ինչը թույլ է տալիս մարդկայնորեն հասկանալ թուրքերին և հայերի բոլոր մերձավոր հարևաններին, որոնք երբևէ ջանացել են ոչնչացնել այդ որբ ռասան: Նա չասաց, թե հայերն ամբողջությամբ պետք է ոչնչացվեն: Պարզապես այն տպավորությունը ստեղծեց, թե դա է Հայկական հարցի միակ լուծումը, և այդ պատճառով էլ ցանկանում էր, որ այդ գործն ամերիկացիներս հանձն առնենք: Նա համարում էր կամ ինձ ստիպում էր համարել, որ թուրքերը չպետք է այդ գործն անեն` նրանք չափազանց պարզունակ են ու քրիստոնյա չեն:
Նա իմ առջև սփռեց իր ողջ մալթուսական հուսահատությունը և մի այնպիսի սարսափ հայերից, որ քիչ մնաց կուլ տայի խայծը՝ հայերի հանդեպ ամերիկյան մանդատի համակված սխեման։ Ինձ փրկեց իմ ամերիկյան հումորը։
- Բայց ինչո՞ւ հենց բրիտանացիները չանեն այդ գործը,- հարցրի ես և նուրբ ժպտացի (նկատի ունի հայերի լիակատար բնաջնջումը – Ա.Գ.):
Ավա՜ղ: Ամերիկյան հումորը նա չընկալեց: Սպասեց, որ իմ քմծիծաղն անհետանա, ու ամենայն լրջությամբ պատասխանեց.
- Հայերի ուղղակի ջարդը,- ասաց նա,- կարող է սկանդալ դառնալ, եթե դա բրիտանացիներն անեն (Լոուրենս Արաբացու ասածը ստոր է, զզվելի ու ցինիկ, բայց, ավաղ, անկեղծ բնութագրություն է՝ համահունչ XIX դարի Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը – Ա.Գ.):
Եվ նա բացատրեց, որ թեպետ կայսրությունը նման ցնցում ունեցավ և դեռ պետք է դիմանա ուրիշ ցնցումների, բայց չարժե, եթե անհրաժեշտություն չկա, ցնցել այն հիմա (իսկ անհրաժեշտության դեպքում, նրա տրամաբանության համաձայն, Հայոց ցեղասպանությունը սովորական բան է – Ա.Գ.)։
Անգլիացիները գործնական մարդիկ են, իդեալիստներ չեն: Նրանք գիտակցում են, որ համաշխարհային կառավարումը պետք է հիմնվի ոչ թե «ձեր» Ազգերի լիգայի, այսինքն՝ գաղափարների ու իդեալների, այլ շոշափելի հիմքերի վրա` նավթի, օդի, ծովի:
- Բայց դուք գիտեք, որ բերրի հողեր ու հարուստ հանքավայրեր կան Հայաստանում,- առարկեցի ես:
Նա նույնիսկ չժպտաց։ Միայն դադարը ձգեց ու հետո հիշեցրեց ինձ, որ Հայաստանը պետք է բաժանվի: Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի այն մասից, ուր ոչինչ չկա` բացի հայերից: Հայերի մանդատը պետք է տրամադրվի Ամերիկային։ Հայաստանը պետք է բաժին հասնի ոչ թե Բրիտանիային, այլ նույնքան հզոր գործընկերոջը։
- Բայց,- առարկեցի ես,- ի՞նչ օգուտ երկրի բնական հարստություններից առանց ժողովրդի, որ պետք է այդ հարստությունը մշակի: Հանքերը, նավթի պաշարները, բերրի հողերը, բնական հարստությունները օգուտ չեն տա կապիտալին առանց աշխատուժի: Որևէ երկրի բնակիչները բնական աշխատուժն են, ամենաէժանը և ամենահնազանդը: Ես նկարագրեցի թուրք, ֆրանսիացի բանկաատերերի կամ այլ չաշխատող ժողովուրդների անօգնականությունը, որ ջանում էին օգտագործել Հայաստանի հարստություններն առանց հայերի:
- Եթե մենք՝ ամերիկացիներս, հանձն առնենք հայերին,- հայտարարեցի ես,- մենք դա կանենք իրենց իսկ օգուտի համար։ Մենք նրանց կկառավարենք այնքան ժամանակ, մինչև որ իրենք կարողանան կառավարել իրենց։
- Այո, այո, մենք դա հասկանում ենք,- ասաց նա։
Բայց զգացի, որ այդպես չէ և շարունակեցի ծավալել սիլոգիզմս:
- Դե լավ,- դիվանագիտորեն հայտարարեցի ես,- դուք պետք է համաձայնեք, որ հայերի ինքնակառավարվելու ճանապարհին մենք պետք է ստիպենք հայերին աշխատել՝ առանց աշխատանքի օբյեկտի։ Մեզ անհրաժեշտ կլինեն Հայաստանի հողերը և հանքերը, ոչ թե հարստություններ կորզելու, այլ օգտագործելու համար որպես ուսումնադաշտ, ուր ժողովրդին կվարժեցնենք աշխատասիրության, խնայասիրության, այն բոլոր քրիստոնեական առաքինություններին, որոնց միջոցով նրանք կդառնան արժանի մարդիկ և լավ քաղաքացիներ: Նա շփոթված տեսք ուներ։ Չէի հասկանում, թե ինչու, մինչև որ չբացատրեց.
- Հայերը խնայասիրության պակաս չունեն,- ասաց նա չոր,- իհարկե, դուք գիտեք, որ նրանք քրիստոնյաներ են, հնագույն քրիստոնյաներ:
- Բայց,- ասացի ես,- հայերը պետք է աշխատեն: Դա է հաջողության գաղտնիքը` միևնույն է՝ մարդո՞ւ, թե՞ ազգի համար. աշխատանք` համառ, եռանդուն: Եվ հայերը պետք է ունենան Հայաստանը` այնտեղ աշխատելու համար:
- Հայերը չեն աշխատելու,- հայտարարեց նա:- Դա է ձեր ծրագրի ու հայերի ցավոտ կետը: Դա է ցավոտ կետն այն բոլոր հին, երբեմնի քաղաքակիրթ, խաղի կանոններն ուսումնասիրած ցեղերի, որոնք, մի անգամ տիրելով աշխարհին և կառավարելով այն, կորցրել են իշխանությունը և դեգրադացվել: Նրանք առաջ են գնացել տրամաբանության, հոգեբանության և բնախոսության մեջ: Նրանց պետք չէ ծանր աշխատանքը: Դրանով են նրանք տարբերվում այն մանկամիտ, իրականում հետամնաց ազգերից, որոնց հետ գործ եք ունեցել դուք՝ ամերիկացիներդ: Պրիմիտիվ ժողովուրդները պարզապես ծույլ են, նրանց կարելի է ստիպել աշխատել և զարգանալ, նրանց հնարավոր է ցանկության դեպքում շահագործել: Նրանք անհույս չեն, նրանցից ինչ-որ օգուտ կա: Բայց առաջադեմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը ծույլ չեն, նրանք չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար: Դուք` նոր ազգերդ, պետք է հասկանաք հին ժողովուրդների օրինակով, որ անգամ մեծ ու հռչակավոր ազգերի արդի ներկայացուցիչները բնական ու անխուսափելի արդյունքն են արհեստական ընտրասերման, որը կատարվել է այնպիսի հասարակության մեջ, որը բանտարկում է քաջերին, արտաքսում ինքնատիպերին, ճնշում զանգվածին, խեղդում ցեղի միջին մակարդակից ցանկացած տարբերություն և բուծում հեզերի, ճարպիկների ու համբերատարների: Որովհետև դա է համապատասխանում առևտրականի տեսակին:
- Հայերը,- ասաց նա,- ամենազարգացած, ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված ռասան են աշխարհում` քաղաքակրթության տեսակետից:
- Հայերը,- ասաց նա,- չպետք է ունենան Հայաստանը, չպետք է տիրեն բերրի հողերին: Նրանք իրենք չեն աշխատի այնտեղ, անգամ իրենց համար (սա Արևմտահայաստանը՝ պատմական Հայաստանի արևմտյան մասը զավթած օսման թուրքերի յուրատեսակ արդարացում է – Ա.Գ.):
- Ուրեմն,- հակադարձեցի ես,- դուք ուզում եք, որ Հայաստանը տրվի ձեր ոմն դաշնակցին՝ բրիտանական կապիտալի գործակցին, իսկ հայերը տրվեն մեզ` ամերիկացիների՞ս: Հիանալի է: Բայց երկու հարց` ի՞նչ կարող է անել ձեր դաշնակիցը Հայաստանում առանց աշխատանքային ռեսուրսների, և, գրողը տանի, ի՞նչ կարող ենք անել հայերի հետ մենք` ամերիկացիներս, առանց Հայաստանի:
- Օ,- ասաց նա,- ուրիշ ժողովուրդներ էլ կան Բալկաններում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում և Աֆրիկայում, հետամնաց ազգեր, իսկապես հետամնաց, ազգեր, որոնք կաշխատեն: Նրանց կարելի է վերաբնակեցնել Հայաստանում: Աշխատուժի պակաս չկա։
Ես օրինակ բերեցի Ֆիլիպինները, Կուբան, Սանդվիչյան կղզիները, բոլոր այն երկրները, որտեղ կառավարում ենք հաջողությամբ: Եվ համոզելու համար, որ մենք գործնական ենք, պատմեցի օտար աշխատուժի մասին Նոր Անգլիայում, Հարավում, Արևմուտքում, ամենուր, բայց պատահաբար հիշատակեցի նաև մեր սեփական բնիկներին` հնդկացիներին: Եվ նա ուղղակի որսաց դա:
- Ահա,- բացականչեց նա:- Այ թե ինչ էի մտածում անընդհատ: Հնդկացիների հանդեպ ձեր քաղաքականությունը միակ հնարավորն է հայերի նկատմամբ:
- Եվ այսպես,- ասացի ես երկար դադարից հետո,- դուք կարծում եք՝ հենց այդպե՞ս պետք է վարվենք հայերի հետ, պետք է ոչնչացնենք նրանց բոլորի՞ն: Գլխովի՞ն:
- Ոչ, ոչ, ոչ,- ուղղեց նա։- Ինչո՞ւ եք լրագրողներդ սխալ հասկանում ու սխալ մեջբերում:
Նա հիշեցրեց, որ մենք այնքան գաղափարապաշտ ենք և մարդասեր, որ թվում է` կարող ենք անել ինչ ուզենք` չկորցնելով ոչ մեր իդեալիզմը, ոչ բարի անունը:
- Մի՞թե որևէ սկանդալ եղել է ձեր հնդկացիների դեպքում,- հարցրեց նա։- Դուք երբևէ չե՞ք մտածել` ձեր արածը ճի՞շտ էր: Դուք նվաճեցիք Մեքսիկայի մի մասը, օկուպացրիք Հավայան կղզիները, իսպանական բանակների ուժերով վերցրիք Ֆիլիպինները և Պուերտո Ռիկոն, գնեցիք Դանիական կղզիները և ձեր ծովային հետևակը ափհանեցիք Կենտրոնական Ամերիկայում: Ես համոզված եմ, որ դուք` ամերիկացիներդ, կարող եք անել ինչ ուզենաք, և չեք դատապարտվի ո՛չ աշխարհում, ո՛չ ձեր երկրում: Սրանում ինչ-որ նշանակալի, շատ օգտակար բան կա աշխարհի համար: Դա թույլ է տալիս ձեզ իրականացնել Հայաստանում այն, ինչ պետք է` հանգամանալից, աստիճանաբար, կատարելապես` բաց չթողնելով ոչ մի հայի: Եվ այս ամենն՝ առանց սկանդալի, առանց փոքր-ինչ խախտելու ձեր կարծիքը ձեր մասին։
- Ինչպես հասկանում եմ,- ասացի ես,- մենք` ամերիկացիներս, առևտրական մշակույթ ենք, ինչպես հայերը, ինչպես այդ բոլոր հին ազգերը, որոնք պետք է ոչնչանան:
Նա գլխով արեց:
- Դուք` ամերիկացիներդ, լավ եք խոսում,- ամփոփեց նա։- Բայց զգույշ գրեք, ոչ շատ հստակ և, ի դեպ, մի մեջբերեք ինձ, ես ոչինչ չեմ ասել ձեզ, ոչինչ...» (https://www.warandpeace.ru/ru/reports/view/101625/)։
Թող ների ինձ հարգելի ընթերցողն աշխարհի որքան ցինիկ (տեղ-տեղ՝ զայրացնող), նույնքան էլ բացահայտ նեոգաղութատիրական ընկալումն այսքան հանգամանալից ներկայացնելու համար, ընկալում, որն էական փոփոխությունների չի ենթարկվել մառախլապատ Ալբիոնի ափերի ներկայիս կառավարողների քաղաքականությունում։ Ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է առարկել՝ հարցնելով. որքանո՞վ է իրավաչափ հետախույզի մտքերը նույնացնել Մեծ Բրիտանիայի կառավարող դասի քաղաքականության հետ։ Այս հնարավոր կասկածները ցրելու համար մեջբերում կատարեմ Խորհրդային Հայաստանի տաղանդավոր պետական գործիչ, հայ ժողովրդի նորագույն պատմության, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի փայլուն գիտակ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախկին նախարար Ջոն Սահակի Կիրակոսյանի հիմնարար գիտական հետազոտությունից, որը հրապարակվել է առանձին գրքով՝ «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» վերնագրով («Հայաստան» հրատ., Երևան, 1989թ.)։ Որոշ հատվածներ մեջբերեմ այդ մենագրությունից. «...Գլադստոնի (Ուիլյամ Յուարթ Գլադստոն – Մեծ Բրիտանիայի վարչապետ 1880-1885, 1892-1894թթ. – Ա.Գ.) Լիբերալ կուսակցությունը 1895թ. հունվարին թուրքահայերի ազատագրման հարցը դարձրեց իր կարգախոսներից մեկը համընդհանուր խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Իսկ իրականում «միանգամայն հավաստի» է այն, որ Ռոզբերիի լիբերալ կառավարությունը դեռևս 1894թ. սեպտեմբերին գիտեր Սասունի (մարզ Արևմտահայաստանում, որի բնակչությունը ենթարկվեց ցեղասպանության – Ա.Գ.) կոտորածի գլխավոր իրադարձությունների մասին և ամեն կերպ թաքցնում էր այդ փաստերը հանրությունից ընդհուպ մինչև հրաժարական տալը։ Ռոզբերիի սենտիմենտալ քաղաքականությանը փոխարինելու եկավ Սոլսբերիի (լորդ Ռոբերտ Սեսիլ Սոլսբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ է եղել երեք անգամ՝ 1885-1886, 1886-1892, 1895-1902թթ. – Ա.Գ.) մերկանտիլ քաղաքականությունը։ Թուրքերն ուրախացան այդ փոփոխությունից։ 1896թ. վերջին Սոլսբերին արտահայտեց իր տխրահռչակ միտքը. «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները՝ հայերին պաշտպանելու համար»։ Նա խոսում էր այն մասին, որ Հայաստանը լեռնային երկիր է և որ ահեղ անգլիական բանակը նույնպես անզոր է օգնություն ցուցաբերել փորձանքի մեջ գտնվող հայերին։ Բոստոնի «Ասպարեզ» ամսագիրը հոդված տեղադրեց՝ «Անգլիայի ձեռքը խառն է թուրքերի կազմակերպած ջարդերին» վերնագրով»։ Այնուհետև Ջոն Կիրակոսյանը գրում է. «Տարիներ անց Ջ.Բրայսը (Ջեյմս Բրայս, բրիտանացի պետական գործիչ, իրավագետ, Ազգերի լիգայի ստեղծման նախաձեռնողներից մեկը – Ա.Գ.) նշում էր. «...Լորդ Սոլսբերին, ընտրելով հարմար հոգեբանական պահը Հայաստանում, կարող էր կանգնեցնել ջարդերն արագ և եռանդուն գործողություններով։ Ես դեռ հիմա էլ հավատում եմ, որ եթե մենք 1895-1896թթ. մեր նավատորմն ուղարկեինք Կոստանդնուպոլիս, Թուրքիան ստիպված կլիներ զիջել, եթե մենք անգամ միայնակ մնայինք»։ Այնուհետև, ընդհանրացնելով ասվածը, նա շարունակում է. «Եթե այդ այսպես կոչված քրիստոնյա պետությունները նվազագույն պատկերացում ունենային պարտքի մասին, հայկական հարցն առանց դժվարության կլուծվեր»։
Ավաղ, մեր օրերում էլ բրիտանական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ էական փոփոխությունների չի ենթարկվել։ Եթե XIX դարավերջին անգլիական քաղաքական գործիչները խորհրդարանում իրենց հակաթուրքական ելույթներով, հայերի օգտին փարիսեցիական հայտարարություններով միաժամանակ փորձում էին սրել գերմանա-ռուսական հարաբերությունները, խորացնել ավստրո-ռուսական հակասությունները, դա անում էին ոչ վերջին հերթին նաև 1882թ. Եգիպտոսի օկուպացիան օրինականացնելու նպատակով՝ այդ տարածքի հանդեպ Օսմանյան կայսրության իրավունքների ձևական պահպանմամբ, ապա դեռևս այն ժամանակ, ինչպես գրում է Ջ.Ս. Կիրակոսյանը, «1894թ. վերջին անգլիական կառավարությունը, չդադարեցնելով Ռուսաստանի հետ շփման կետերի որոնումները ճապոնա-չինական պատերազմի հարցերում, այդ նույն ժամանակ փորձում էր պայմանավորվել նրա հետ Օսմանյան կայսրության մասնակի բաժանման հիման վրա։ Նա հասավ այն բանին, որպեսզի ցարիզմը ճանաչի Անգլիայի տիրապետությունը Եգիպտոսում և ստիպի սուլթանին նույն կերպ վարվել։ Դրա դիմաց Անգլիան Ռուսաստանին հնարավորություն կտրամադրեր իր հողերին միացնել նաև Տաճկահայաստանը... Ավստրիական մամուլում այս առիթով նշվում էր, որ Սոլսբերին, որն իրեն հատկապես հանդուգն էր պահում հայկական հարցում, «Հայաստանի գնով ցանկանում էր Ռուսաստանից և Ֆրանսիայից ստանալ ուրիշ զիջում, այլ խոսքով՝ Թուրքիան պետք է վճարեր այն բանի համար, որպեսզի Անգլիան իրեն հանգիստ զգար Եգիպտոսում»։
Այդ ժամանակներից անցել է 126 տարի։ Շատ բան է փոխվել աշխարհում, բայց էությամբ նախկինն է մնացել ներկայիս Մեծ Բրիտանիայի հայատյաց քաղաքականությունը։ Մեր օրերում մառախլապատ Ալբիոնի և Պոտոմակի ափերի ստրատեգները, այժմ արդեն օգտագործելով այդ նույն թուրքական գործոնը, իրենց առջև խնդիր են դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիակատար անեքսիան՝ այսպես կոչված քրիստոնեական սեպի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու շրջանի 45 կիլոմետրանոց սահմանի հետագա զավթմամբ, այսինքն՝ Նախիջանի միացումն Ադրբեջանին՝ Ջիբրալթարից Հյուսիսային Աֆրիկայով, Մերձավոր Արևելքով, Հարավային Կովկասով, Կենտրոնական Ասիայով մինչև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-ույղուրական ինքնավար մարզ իսլամական աղեղի ստեղծումը։ Հանուն օբյեկտիվության նշենք, որ այս հարցի լուծմանը գունավոր հեղափոխությունների ստրատեգները բավական հանգամանալից են պատրաստվել։ Այսպես, 2018թ. ապրիլ-մայիսին, պետական հեղաշրջում կատարելով Հայաստանում, իշխանության բերեցին Արևմուտքի և Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալներին՝ հանձինս Նիկոլ-դավաճանի և Արևմուտքի ու Թուրքիայի կողմից հավաքագրված այլ գործակալների։ Մտաբերելով այն օրերի վայրիվերումները՝ չգիտես ինչու հիմա բոլորովին չեն հիշատակում մի բավական էական մանրամասն, դիցուք. ՀՀ VI գումարման Ազգային ժողովը 2018թ. հոկտեմբերի 2-ին ընդունեց օրինագիծ «Ազգային ժողովի Կանոնակարգի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին։ Այս օրինագիծն ստանալուց հետո օրինագծերի քննարկման համար հատկացված օրերի վերջին՝ քսաներորդ օրը միայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օրինագիծն ուղարկեց ՀՀ Սահմանադրական դատարան՝ Հայաստանի Սահմանադրությանը ներկայացված օրենքի համապատասխանությունը ստուգելու համար։ Այդ ընթացքում, 2018թ. հոկտեմբերի 16-ին, Ն.Փաշինյանը հրաժարական տվեց, ինչը վարչապետի չընտրվելու դեպքում, ենթադրում էր խորհրդարանի ցրում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Պետք է կարծել, որ այն օրերին Արևմուտքի հատուկ ծառայությունների կողմից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հասցեով ոչ մի ցուցում չէր ստացվել, դրա համար էլ նա օպերատիվ կերպով, նույն օրը ընդունեց կառավարության հրաժարականը՝ դրանով իսկ կանաչ լույս վառելով ՀՀ VI գումարման ԱԺ-ի ցրման առջև։ Այո, այնուհետև օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարանը հաստատեց «Ազգային ժողովի Կանոնակարգի մասին» օրենքի լրացումները և փոփոխությունները, որոնց համապատասխան՝ ՀՀ ԱԺ ցրումը կճանաչվեր հակասահմանադրական։ Բայց, ինչպես ասում են, հո պարզամիտնե՞րը չէին ղեկավարում վարչապետի և նախագահի հակազգային գործողությունները, և հակասահմանադրական հեղաշրջման հերթական փուլի կատարողներն էլ՝ հանձինս Նիկոլ-դավաճանի և Արմեն Սարգսյանի, դդում չէին։ Ցինիզմն ու միաժամանակ՝ ողբերգականությունը հայ ժողովրդի ու հայոց պետականության համար այն է, որ իրենց հոգիները սատանային ծախած այդ գործիչները հիմա արդեն այդ նույն ֆարսը խաղարկում են ՀՀ Սահմանադրությանը զբաղեցրած պաշտոնից Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին հրամանագրի համապատասխանությունը պարզելու հետ կապված։ Հայաստանի քաղաքական դասի զգալի մասը, դիցուք՝ ընդդիմության 17 կուսակցությունների հանրահավաքներում, սահմանադրական իրավունքի ոլորտի մասնագետները ընդդիմադիր լրատվամիջոցներում զայրույթով արտահայտում են իրենց բողոքը, ընդ որում՝ չմտածելով այն մասին, որ կամա, թե ակամա տեղավորվում են նախապես իրենց համար պատրաստված սցենարում, որը մշակել են արտասահմանյան տիկնիկավարները։ Ցավոք, հազվադեպ բացառությամբ նրանք չեն հիշատակում արտասահմանյան սցենարիստներին, որոնց ցուցումներին անվերապահորեն հետևում են ՀՀ վարչապետն ու նախագահը։ Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ մեր զայրացկոտ քաղաքական գործիչները (հազվադեպ բացառությամբ) չեն հնչեցնում անգլո-ամերիկա-թուրքական հատուկ ծառայությունների հակապետական դավադրության իսկական էությունը։ Այնինչ, արդեն ակնհայտ է, որ այդ դավադրության նպատակը, նախ, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի անդամների հետագա վարկաբեկումն է, ինչը պետք է նպաստի հայկական Զինված ուժերի քանդմանը, երկրորդ՝ համապատասխան տեղեկատվական ֆոնի ստեղծումը, որում ճշմարտանման կթվա վարկածը, որի համաձայն՝ հայկական բանակում անխուսափելի քաոսի մեղքը կարելի կլինի վերագրել մեր գլխավոր ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության «անգործությանը»՝ ՀԱՊԿ հետագա վարկաբեկմամբ ՀՀ բնակչության ոչ փոքր հատվածի աչքում, հատված, որը լիովին բթացել է տասնյակ ինտերնետ-պարբերականների և ինտերնետ-հեռուստատեսության (որոնք շռայլորեն կերակրվում են Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամից և կրկին արտասահմանից ֆինանսավորվող տարատեսակ այլ հակապետական կեղծ-դեմոկրատական ինստիտուտներից և ֆոնդերից) կողմից իրականացվող համակարգային հիմքով իրականացվող հակազգային քարոզչությունից։ ՀՀ Զինված ուժերի լիակատար փլուզումից հետո ՀՀ նախագահի և վարչապետի կողմից հայ հասարակությանը մատուցվող քաղաքական օրակարգում կենտրոնական տեղ կզբաղեցնեն զառանցանքները երկաթուղային հաղորդակցություն բացելու բացառիկ անհրաժեշտության թեմայով, որը Նախիջևանը Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանի հետ, հետագայում՝ մինչև Չինաստանի հետ սահման, ինչը Սյունիքի մարզին խոստանում է բարգավաճում, մարզ, որի տարածքով կիրականացվի երկաթուղային հաղորդակցությունը։ Էլ չեմ ասում սահմանամերձ առևտրի մասին հայ-թուրքական սահմանապահ գոտում, բնականաբար՝ հայ-թուրքական սահմանի բացումից հետո։ Այնուհետև դեմագոգիա կծավալվի այն մասին, որ ներկայում մենք Նիկոլ Վովաևիչի և նրա կառավարության հանդեպ թուրքական ղեկավարության բացառիկ բարեկամության վկաներն ենք, որը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությունից (որով պահանջվում էր Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը) տառացիորեն մի քանի ժամ հետո, արդիականության «իսկական» դեմոկրատների շուրթերով՝ հանձին Էրդողան – Չավուշօղլու – Բահչելի եռամիասնության, հայտարարեց Նիկոլ-դավաճանի հանդեպ հոգատարության և նրան պաշտպանելու պատրաստակամության մասին։ Այս ողջ ծրագրված հակապետական, հակազգային սցենարից հետո Նիկոլ – Արմենի MI-6-ի և CIA-ի տիկնիկավարներին կմնա մի փոքր բան, դիցուք. մոբիլիզացնել իրենց ողջ ոչ քիչ տեղեկատվական ռեսուրսը՝ բացատրելու համար, թե որքան անհրաժեշտ չէ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի, հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների գտնվելը։ Հո կարիք չի լինելու պաշտպանվել 2018թ. ապրիլ-մայիսին պետական հեղաշրջմամբ Հայաստանում իշխանությունը զավթած Նիկոլի ու սորոսյան մյուս թափթփուկների թուրք բարեկամ-պահապաններից։
Եվ այսպես, հարգելի ընթերցող, օրեցօր հստակ ուրվագծվում է այն փաստը, որ հիմա արդեն ամենածույլերին ու բթամիտներին, ավելի շուտ՝ այդպիսին ձևացողներին անգամ պետք է հասկանալի լինի, որ ՀՀ-ում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո կատարվող ամեն ինչ ենթարկված էր միայն մեկ նպատակի՝ Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից։ Իսկ սույն հակապետական դավադրության գլխավոր գործող անձինք սկզբից ևեթ սահմանված էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում՝ առաջինն իր կրթվածությունից ելնելով գործում էր շատ ավելի հմուտ երկրորդի համեմատ, որն իր անկիրթ լինելու պատճառով գործում էր անտաշ, իհարկե, ինչպես այդ մասին հավաստիացնում են տասնյակ արժանահավատ հայրենասիրական ինտերնետ-պորտալներ, ոչ առանց բավական խոշոր ֆինանսական վարձատրման։ Սակայն սա այլ վերլուծության թեմա է, որը բավական համոզիչ կլինի Նիկոլ Փաշինյանին դատական մարմինների ներկայացրած դատավճռի հրապարակումից հետո։ Համոզված եմ՝ այդ օրվան երկար չենք սպասի։
Վերջաբանի փոխարեն. Արդեն կայացած ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Բարիք է, որ այս անգամ էլ նման հնարավորություն ընձեռվեց։ Այսպես, 2021թ. մարտի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձել են մի շարք հարցերի՝ կապված երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության հետ և այլն։ Սակայն, ինչպես գրում է NEWS.am տեղեկատվական պարբերականը, «իրականում հեռախոսազրույցի առիթը մեկն էր՝ ռուսական կողմն իր ուշադրության տակ է պահում ՀՀ ԶՈւ-ի հետ կատարվող իրադարձությունները և մտահոգություն է հայտնում։ Շոյգուն Հարությունյանին փոխանցել է, որ իրենք չեն հանդուրժի, որ հայկական բանակը քանդեն, դա նրանք դիտարկում են որպես արևմտյան պլան, իսկ ՀՀ իշխանությունների ոտնձգությունները բանակի նկատմամբ՝ որպես Արևմուտքից պատվիրված։ Հարությունյանը փորձել է հավաստիացնել, որ բանակ քանդելու նպատակ չկա, խնդիրը միայն Օնիկ Գասպարյանը և այն զինվորականներն են, որոնք դուրս են եկել երկրի ղեկավարության դեմ։ Սակայն, ըստ մեր աղբյուրների, Շոյգուն բավական կոշտ զգուշացրել է, որ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից զատ, այլ պաշտոնանկություններ իրենց կողմից կդիտվեն հայկական բանակը քանդելու պրիզմայով, որն անթույլատրելի է իրենց համար, քանի որ հայկական բանակը Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի այս տարածաշրջանում, ՀԱՊԿ անդամ երկրի բանակ է և այլն» (https://news.am/rus/news/633071.html, «Past.am: «Շոյգուն Հարությունյանին ասել է, որ չեն հանդուրժի, որ հայկական բանակը քանդեն»)։
Հ.Գ. Երբ գրվում էին այս տողերը, Հայաստանի մի շարք ինտերնետ-պարբերականներում հրապարակվեցին սոցհարցման (իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից՝ IRI, կենտրոնակայանը՝ Վաշինգտոնում) արդյունքները՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ, նշված ինստիտուտի սոցիոլոգիական բաժանմունքի (IRI Breavis) պատվերով, փետրվարի 8-ից 16-ը։ Հարցումն իրականացվել է Հայաստանի չափահաս 1910 քաղաքացիների շրջանում։ Մանրամասներ չեմ ներկայացնի սույն սոցիոլոգիական հարցումից, չեմ վիճարկի դրանց հավաստիությունը, ընդամենը ոչ մեծ մեջբերում կկատարեմ դրանից. համաձայն սոցհարցման տվյալների՝ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հետո, որին պատրաստ է ձայն տալ հարցվածների 33%-ը, մեծ տարբերությամբ գալիս է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ, թվաքանակով երկրորդ խմբակցությունն է հայկական խորհրդարանի ներկա կազմում)՝ 3%։ Հետո հաջորդում են երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2%, նախկին կառավարող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ, նախագահն է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը)՝ 1%, «Հայրենիքի փրկության շարժումը» (ՀՓՇ, միավորում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 16 ընդդիմադիր կուսակցություն)՝ 1%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ԼՀԿ-ն ներկայում առանձին խմբակցություն ունի խորհրդարանում)՝ 1%-ից քիչ։
Սա չի կարող խոր մտահոգություն չառաջացնել հայոց պետականության ապագայի առումով, անգամ սույն սոցհարցման անցկացման ընթացքում կեղծումների թույլ տրման պայմաններում։ Այնուամենայնիվ, կարելի է հավաստիացնել, որ տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերի տեղեկատվական քաղաքականությունը ձախողվել է, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով հայոց պետականության ճակատագրի համար։ Շատ կցանկանայի հուսալ, որ հայ հասարակության բոլոր առողջ ուժերը, որոնք իրենց տրամադրության տակ տեղեկատվական ռեսուրսներ ունեն՝ ինտերնետ-պարբերականներ, ինտերնետ-հեռուստատեսություն և այլ լրատվամիջոցներ, շատ շուտով կվերանայեն իրենց տեղեկատվական քաղաքականությունը։ Իսկ որ ամենագլխավորն է՝ իրենց գլխավորած մաս-մեդիաների խմբագրական քաղաքականության հիմքում (մի կողմ թողնելով անձնական վերաբերմունքը իրենց վերահսկողության տակ չգտնվող քաղաքական գործիչների հանդեպ) կդնեն հրապարակած գնահատականների համոզչության աստիճանը, Ն.Փաշինյան – Ա.Սարգսյան ռեժիմի հակաժողովրդական էությունը բացահայտող իրենց հրապարակումների բովանդակությունը։ Ընդ որում՝ շատ կարևոր է, որպեսզի նրանց առաջնորդի այն պարզ ճշմարտության գիտակցումը, որ եթե հայոց պետականության նավը խորտակվի, բնավ կարևոր չի լինի, թե ով կանգնած կլինի նավապետի կամրջակին, ով՝ տախտակամածին, ով կգտնվի նավի խոհանոցում, իսկ ով՝ նավամբարում։ Չէ՞ որ կխորտակվեն բոլորը, իսկ հետո բանադրանքի կենթարկվեն հայկական ութմիլիոնանոց սփյուռքի կողմից։ Եվ հենց սեփական անհատական պատասխանատվության գիտակցմամբ հայ հասարակության բոլոր առողջ ուժերի համախմբմանն ուղղված համարժեք միջոցների շտապ ընդունման մեջ է հայոց պետականության փրկության և պահպանման բանալին։
Արտաշես Գեղամյան
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ