Պատերազմի նախերգանք. ռուս զինվորականներին կարող են դուրս քշել Հայաստանից
10.03.2021, Национальная служба новостей
https://nsn.fm/in-the-world/udar-po-rossii-v-armenii-predrekli-nachalo-grazhdanskoi-voiny
Երևանի նախկին քաղաքապետ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Радиоточка НСН» Telegram-ալիքի հարցազրույցում հորդորել է ուշադրություն չդարձնել հայկական ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հեռացման շուրջ խոսակցություններին։ Նրա խոսքով՝ դրանք շեղում են գլխավորից՝ երկրում քաղաքացիական պատերազմի սանձազերծումից՝ այդ թվում և Ռուսաստանին վնասելու նպատակով։
«Առաջիկայում, թող որ հազար անգամ ճիշտ չլինեմ, լուրջ ռազմական գործողություններ են լինելու Դոնբասում, և դրան զուգահեռ՝ նախաձեռնվելու է քաղաքացիական պատերազմ Հայաստանում։ Մի կողմից՝ Դոնբասը, մյուս կողմից՝ Ռուսաստանի միակ քաղաքական դաշնակիցը Հարավկովկասյան տարածաշրջանում։ Այս ամբողջ խաղուպարը, թե՝ Էրդողանը զանգահարել է, Բայդենն էլ չի պատասխանել, հիմարություն է, սա մանրազնին ծրագրված քաղաքականություն է, որը նախագծվում է Թեմզայի ափերին՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ համաձայնեցված։ Այժմ պետք է քննարկել ոչ թե ինչ ասաց վարչապետ Փաշինյանը կամ հրաման ստորագրեց Գլխավոր շտաբի պետի հեռացման մասին։ Այս ամենը Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրելու նախերգանքն է, որը սադրում և որին աջակցում է Արևմուտքը։ Ուշադրություն դարձրեք. վերջին հարյուր տարում միակ դեպքն է, երբ թուրքական ղեկավարությունն աջակցում է Հայաստանի իշխանություններին և դրանք անվանում դեմոկրատական ճանապարհով ընտրված, չնայած վերջիններն իշխանության են եկել պետական հեղաշրջման արդյունքում»,- համոզված է հայ քաղաքական գործիչը։
Նրա կարծիքով՝ այս բոլոր իրադարձությունների նպատակը ռուս զինվորականներին երկրից վտարելուն հասնելն է։
«Հայաստանը ներսից պայթեցնելով և այստեղից դուրս քշելով Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ չորս սահմանապահ ջոկատները, էլ չեմ ասում «Էրեբունի» ռազմաօդային բազայի մասին, մառախլապատ Ալբիոնի և Պոտոմակի (նկատի ունի Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը – ծան.՝ НСН) ստրատեգները կհասնեն իրենց նպատակին, իսկ մենք անընդհատ քննարկում ենք՝ «նախագահը սա արեց, Փաշինյանը նա արեց»։ Իսկ նրանք բոլորը հայոց պետականության ոչնչացման բութ գործիքներ են։ Նախագահ Արմեն Սարգսյանը MI-6-ի անմիջական հսկողության տակ է, նրա ամբողջ ընտանիքն ու բոլոր բիզնես-պլանները կապված են Անգլիայի հետ»,- ամփոփել է Գեղամյանը։
Գասպարյանին պաշտոնից հեռացնելը հանգեցրել է քաղաքական ճգնաժամի Հայաստանում։ Չորեքշաբթի Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսուհետ երկրի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին համարում է հեռացված, քանի որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել համապատասխան փաստաթուղթը օրենքով սահմանված ժամկետում։ Ինքը՝ Սարգսյանը, սակայն, դիմել է Սահմանադրական դատարան այս դեպքի վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների առիթով։