Արտաշես Գեղամյան. Հայաստանն ուժեղ և անվտանգ կլինի միայն միութենական պետության մեջ
21.01.2021, Իրավունք
https://iravunk.com/?p=193809&l=am
ԱՆՈՏԱՑԻԱ. Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի Հանրապետության մտնելը թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից պատրաստվող նոր պատերազմի և տնտեսական էքսպանսիայի պայմաններում Հայաստանի անկախության և ինքնիշխանության պահպանման, հայկական երկու պետությունների անվտանգության ապահովման կենսականորեն անհրաժեշտ գործոնն է։ Մնացած ամեն ինչ սատանայից է։
Հարգելի ընթերցող, չէի ցանկանա հոդվածս սկսել տեղեկատվական սենսացիայից, բայց մեր օրերում հայ հասարակությունում ծավալվող իրադարձությունների օբյեկտիվ ըմբռնման անհրաժեշտությունը մղում է 2021թ. արդեն չորրորդ անգամ ձեզ հետ կիսել Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – խմբ.) ապագայի իմ տեսլականի մասին խորհրդածություններս։
Եվ այսպես, ընթացիկ տարվա հունվարին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ «Բարի երթ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի միութենական պետությանը» (04.01.2021թ.), «Պարտվեցին Նիկոլն ու նրա հանցակիցները, բայց մեղավոր է Ռուսաստանը» (07.01.2021թ.), «Միութենական պետությանը Հայաստանի անդամակցությանը հակառակվելը սրիկաների վերջին ապաստանն է» (12.01.2021թ.) հոդվածները։ Նշված հրապարակումներում ներկայացվել են որոշ մանրամասներ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ ՀՀ-ի մտնելու հասարակական-քաղաքական շարժման ստեղծման Կազմակերպչական կոմիտեի (այսուհետ՝ Կազմկոմիտե) առաջին քայլերի մասին։ Եվ ահա, չնայած ամանորյա և սուրբծննդյան տոներին՝ Կազմկոմիտեի հիմնադիրների՝ «Ազգային Միաբանություն» կուսակցության (նախագահ՝ Արտաշես Գեղամյան), «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության (ղեկավար՝ Հայկ Բաբուխանյան), «Ռեֆորմիստներ» կուսակցության (ղեկավար՝ Վահան Բաբայան), «Արդարություն և բարգավաճում» կուսակցության (ղեկավար՝ Գայ Պետրոսյան), «Ղրիմի կամավորականների միություն» հասարակական կազմակերպության (ղեկավար՝ Արմեն Մարտոյան), «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի (նախագահ՝ Վահրամ Մկրտչյան), ինչպես նաև հետագայում շարժմանը միացած «Ալյանս» կուսակցության (ղեկավար՝ Տիգրան Ուրիխանյան) հասցեով հարյուրավոր արձագանքներ, առաջարկություններ, սպառնալիքներ, թերահավատ մարգարեություններ ստացվեցին։
Հիմա մանրամասն չեմ անդրադառնա մեր քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների ամենատարբեր արձագանքների և դիմումների բովանդակությանը։ Դրանցից շատերը լի էին խանդավառությամբ և պատրաստակամությամբ՝ ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել մեր շարժման առաջանցիկ զարգացմանը։ Դա չէր կարող չոգևորել մեզ։ Բայց և միաժամանակ նրանց հիացական արձագանքները հնչում էին նաև որպես պատգամ՝ հուսախաբ չանել մեր հարյուր հազարավոր քաղաքացիներին իրենց ակնկալիքներում, որոնք տարիներ շարունակ և այժմ էլ խաբված են նիկոլվովաևիչյան քարոզչության պոպուլիստական կարգախոսներով, կարգախոսներ, որոնք խոստանում են համընդհանուր բարգավաճում ամենամոտ ապագայում՝ մինչև 2050թ.։ Հենց այս անհեթեթությամբ և երկրի ներսում այդ բարձունքին հասնելուն իբր իշխանություններին խանգարող թշնամիների որոնմամբ էլ հենց հեղեղվեց ՀՀ ինտերնետ-հեռուստատեսության եթերը, ինչպես նաև ինտերնետ-պարբերականները, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կողմից։ Հատկանշական է նաև այն, որ Կազմկոմիտեի դեռևս նոր ծավալվող գործողությունների հախուռն վատաբանումը, հակառակ տեղեկատվական քիլերների սպասելիքների, մեզ նաև ուժ է տալիս։ Այո, այո, հարգելի ընթերցող, մեզ ուժ է տալիս։ Մեզ «նեղացնողների» ծայրահեղ ցածր մակարդակը, նրանց անգրագիտությունը և ինչպես հայերենի, այնպես էլ ռուսերենի միանման չիմացությունը մտածել են տալիս, որ «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի, որին ժողովուրդն այժմ քնքշանքով «Նիկոլ-դավաճան» է անվանում, սխրակիցներից լսվող այդ լացուկոծը վկայում է նիկոլվովաևիչյան խառնամբոխի ու նրա սխրակիցների մտավոր ողորմելիության, ասել է թե՝ հասարակության ներսում նրանց զբաղեցրած խարխուլ դիրքի մասին։ Համենայն դեպս, հայ ժողովրդի՝ իրեն դեռևս մտածող համարող հատվածում։ Միևնույն ժամանակ, սույն կոնտինգենտի, այսինքն՝ ՀՀ այն քաղաքացիների, որոնք 2018թ. ապրիլ-մայիսին կատարված պետական հեղաշրջման գլխավոր շարժիչ ուժն էին, միաժամանակյա «գրոհն» ընդդեմ Կազմկոմիտեի, պերճախոս կերպով վկայում է, համենայն դեպս, երկու փաստի մասին. մի կողմից՝ պետական հեղաշրջման արտասահմանյան ուղեվարների (որոնք ողջ էությամբ, ուղնուծուծով են զգում իրենց մոտեցող վտանգը) զգոնության, մյուս կողմից՝ նրանց գաղափարախոսական սնանկության մասին, քանզի բացի կոռուպցիայի ու վերջին 25 տարիներին ՀՀ ազգային հարստության թալանի մասին պոպուլիստական կարգախոսներից ու մեզ արհեստականորեն այդ դառը հիշողություններին կապելու ձգտումից՝ գրոհների նրանց զինանոցում որևէ նոր բան չկար։ Այս առնչությամբ ընթերցողներին հիշեցնենք, որ պետական հեղաշրջումից և ՀՀ-ում նիկոլվովաևիչյան-սորոսական խառնամբոխի կողմից իշխանությունը զավթելուց հետո անցած երկու տարի ութ ամսում ՀՀ նախորդ իշխանությունների ժամանակվա կոռուպցիոներների բացահայտման ոչ մի դեպք այդպես էլ չի դարձել դատաքննության առարկա։ Ի դեպ, ինչպես նաև կոռուպցիոն այն սկանդալները, որոնք այդպես էլ չհասան դատաքննության և որոնք ամիջականորեն վերաբերում էին Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի թիմի անդամներին. դիցուք՝ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի աղմկահարույց գործը, որի դեմ քրեական գործ հարուցվեց պաշտոնեական չարաշահումների (ավելի պարզ՝ կաշառք ստանալու) հետ կապված, Նիկոլ Վովաևիչի աներձագի, կոնկրետ՝ Հրաչյա Հակոբյանի քրեորեն հետապնդելի արկածները, որը ՀՀ բավական պատկառելի ինտերնետ-պարբերականների հրապարակումներում մերկացվել է ՀՀ-ից Ռուսաստան 40 տոննա ծխախոտի մաքսանենգ տարանցման գործին հանցակից լինելու մեջ։ Հարգելի ընթերցողը կարող է նախատել ինձ միամտության համար, դիցուք. եթե ՀՀ և Լեռնային Ղարաբաղի ազգային շահերի դավաճանությունը Փաշինյանի կողմից, ինչը հաստատվում է անհերքելի փաստերով և հարյուրավոր վկաների մերկացումներով, այդպես էլ չի դառնում ռազմական տրիբունալի քննարկման առարկա, ապա Նիկոլ-դավաճանի շրջապատի գողաբարո սրիկաների ի՞նչ դատական հետապնդման մասին կարող է լինել խոսքը։
Սրա հետ մեկտեղ, չէր կարող երկակի ինչ-որ զգացողություն չառաջացնել նաև այն, որ անգամ չնայած տոնական օրերին՝ նկատելիորեն ակտիվացան նաև հակառուսական, ռուսատյաց հարձակումները Կազմկոմիտեի համահիմնադիրների գործունեության վերաբերյալ հրապարակումներում։ Այս փաստը հատկանշական է նրանով, որ սորոսական տեղեկատվական տականքը, ավելի շուտ՝ նրանց պատվիրատուները Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերից, կրկնում եմ, առել էին վտանգի հոտը հայոց պետականության փլուզման և Հայաստանում ու Հարավային Կովկասում կառավարելի քաոսի գոտու ստեղծման (ինչը երբեք իրականանալու բախտին չի արժանանա, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ) իրենց ծրագրերի իրականացման հարցում։ Հենց այդ պատճառով էլ մեր օրերում նրանք այդքան շփոթահար են եղել։ Մեր խորհրդածությունների առարկա դարձավ նաև ՀՀ քաղաքացիների էական խավի սպասողական դիրքորոշման փաստը, որոնք մինչև վերջերս (պատմական չափանիշներով) ՀՀ-ի և Արցախի ճակատագրով քաղաքացիական անհանգստության նշաններ էին ցուցաբերում և հենց դրանով էին բացատրում իրենց աջակցությունը 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջմանը։ Չէի ցանկանա ներկայացնել գրականության մեջ նկարագրված մռայլ անալոգիաները, բայց կամա թե ակամա մտաբերում եմ Ա.Ս. Պուշկինի «Բորիս Գոդունով» ողբերգության (1825թ.) եզրափակիչ տեսարանները, երբ բոյար Մասալսկին՝ Բորիս Գոդունովի կնոջն ու որդուն սպանողներից մեկը, հայտարարում է. «Ժողովո՛ւրդ։ Մարիա Գոդունովան և նրա որդին՝ Ֆյոդորը, թունավորել են իրենց թույնով։ Մենք տեսել ենք նրանց մեռած մարմինները»։ (Ժողովուրդը սարսափած՝ լուռ է)։ «Ինչո՞ւ եք լռում։ Բացականչեք՝ կեցցե ցար Դմիտրի Իվանովիչը»։ (Ժողովուրդը լուռ է մնում)»։ Սույն փաստը գրաքննադատները մեկնաբանել են որպես իշխանությանը ժողովրդի հլու հնազանդության, սեփական շահերը պաշտպանելու ցանկության, կամքի, համարձակության բացակայության կամ կարևոր հարցի քննարկման ժամանակ քաղաքացիների որոշակի խավի գիտակցված լռության վկայություն։ Մի՞թե մեր ժողովուրդը, ավելի ճիշտ՝ Նիկոլ-դավաճանին պաշտպանող հատվածը, որն այժմ լռություն է պահպանում, այնպիսի ընդարմացման մեջ է ընկել, որ չի արձագանքում նիկոլվովաևիչյան ծախու իշխանության ակնհայտորեն դավաճանական գործողություններին։ Սա, անշուշտ, շատ ակտուալ թեմա է ավելի խոր և բազմակողմանի վերլուծության համար։ Հույս ունեմ, որ սրան երկար չենք սպասի, և միութենական պետության մեջ ՀՀ-ի մտնելու հասարակական-քաղաքական շարժումն իր ամենօրյա աշխատանքի ընթացքում, անկասկած, պետք է տա այս հարցերի բացատրությունն ու պատասխանը։
Հարգելի ընթերցող, կարելի էր այսուհետ ևս մանրամասնել Կազմկոմիտեի անդամների դեմ իշխանամետ (իմա՝ սորոսական) լրատվամիջոցների տեղեկատվական գրոհի որոշ առանձնահատկությունները, բայց այդ դեպքում մենք, ինքներս էլ չկասկածելով, կդառնայինք գունավոր հեղափոխությունների ստրատեգների նախապես պատրաստված որոշակի տեխնոլոգիայի գործող անձինք, տեխնոլոգիա, որի էությունն այն է, որ, պսակազերծելով միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու քաղաքական շարժման նախաձեռնողների դեմ հրապարակումների զրպարտչական բնույթը և դա դիտարկելով որպես մեր աշխատանքի գլխավոր հարցը, մենք ակամա սորոսյան տեղեկատվական թափթփուկներին առիթ կտանք նոր ցիկլով վերսկսել մեր օրերի համար այդ անպտուղ բանավեճը։ Իրադարձությունների նման ընթացքը, իր հերթին, կշեղի մեր քաղաքացիների ուշադրությունն իր գլխավոր ակնկալիքներից՝ կապված միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հետ, իսկ ժամանակի ընթացքում նրանց կողմից կընկալվի ոչ այլ կերպ, քան հարցերի հերթական քաղաքական պարզաբանում։ Արդյունքում՝ մի երրորդ անգամ գլուխ կբարձրացնեն վհատությունն ու հուսահատությունը ՀՀ մտածող քաղաքացիների շրջանում, որոնք միանգամայն արդարացիորեն սպասում են նոր քաղաքական օրակարգի։ Օրակարգ, որի իրականացումը թույլ կտա նրանց ինքնուրույն գտնել տարատեսակ ինտերնետ-պարբերականների և ինտերնետ-հեռուստատեսության հնչեցրած և համակարգային հիմքով տարածվող «ահուսարսափը» Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ ՀՀ-ի մտնելու՝ հայոց պետականության համար իբր կործանարար հետևանքների մասին, որոնք կարող են սպառնալ անգամ հայոց պետականության կորստով։ Ուստի, կարևոր է հենց հիմա սպառիչ պատասխաններ տալ սորոսական այդ քարոզչական սրիկայախմբի զրպարտչական մեղադրանքներին։
Նիկոլ-դավաճանի սխրակիցների առաջին՝ գլխավոր մեղադրանքը Կազմկոմիտեի անդամների հասցեին այն է, որ ՀՀ-ի անդամակցությունը միութենական պետությանն իբր անխուսափելիորեն կհանգեցնի անկախության և ինքնիշխանության, իսկ վերջին հաշվով՝ հայոց պետականության կորստին։
Այս ցինիկ ստի հերքման համար հերթական անգամ մեջբերումներ կատարեմ ՌԴ-ի և Բելառուսի Հանրապետության միջև 08.12.1999թ. «Միութենական պետության ստեղծման մասին» պայմանագրից, որոնք այս պնդման կեղծ լինելու սպառիչ ապացույցներ են պարունակում։
Եվ այսպես, Պայմանագրի 1-ին Գլխի 3-րդ հոդվածում՝ «Միութենական պետության նպատակները և սկզբունքները», ասվում է. «1. Միութենական պետությունը հենվում է մասնակից պետությունների ինքնիշխան հավասարության, կամավորության, նրանց կողմից փոխադարձ պարտավորությունների բարեխիղճ կատարման վրա։ 2. Միութենական պետությունը հիմնված է միութենական պետության և մասնակից պետությունների միջև կառավարման առարկաների և լիազորությունների սահմանազատման վրա»։ Այստեղ կարելի էր մեջբերումներ կատարել նաև Պայմանագրի 6-րդ և 7-րդ հոդվածներից, բայց, կարծում ենք, որ, կարդալով վերոշարադրյալը, անգամ սորոսական քարոզչությամբ բթացված homo sapiens-ը, եթե կատարյալ բթամիտ չէ, կհասկանա, թե ինչի մասին է խոսքը։
Երկրորդ «մեղադրանքն է, որ այն պայմաններում, երբ թուրքական զինված ուժերն անմիջական մասնակցություն են ունեցել մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից, ավելին՝ մոբիլիզացրել են ավելի քան երկու հազար սիրիական վարձկան-ահաբեկիչների, Ռուսաստանն իբր հավասար հեռավորություն է պահպանել կռվող կողմերից և ադրբեջանա-թուրքական բազեներին, ասել է թե՝ նաև սիրիական վարձկան-ահաբեկիչներին խաղաղության պարտադրելու արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել։ Այստեղ շատ կարևոր է ընդգծել մի էական մանրամասն, դիցուք. ի սկզբանե կեղծ այս մեղադրանքը ՀԱՊԿ-ի գծով ՀՀ-ի դաշնակից Ռուսաստանի հասցեին հատկապես եռանդուն արծարծվում էր պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում։ Ընդ որում՝ ՀՀ ոչ մի պաշտոնական դեմք այդպես էլ հանդես չեկավ այս զազրելի զրպարտության պաշտոնական հերքմամբ։ Եվ միայն Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համատեղ Հայտարարության ընդունումից հետո ՀՀ-ի և Արցախի Հանրապետության բնակչությունն իմացավ ողջ ճշմարտությունը և տեղի ունեցողի բոլոր մանրամասները։
Մանրամասն չեմ ներկայացնի պաշտոնական Մոսկվայի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կոնկրետ առաջարկները Փաշինյանի հասցեին, որոնք արվել են դեռևս մինչև Լեռնային Ղարաբաղում պատերազմի սկսվելը, բայց առանձին կնշեմ ընդամենը երկու փաստի մասին։ Այսպես, 2020թ. դեկտեմբերի 28-ին «Правда.РУ» ինտերնետ-պարբերականը հրապարակեց Լյուբով Ստեպուշովայի հոդվածը՝ «Հայաստանի էլիտաները մեղադրվում են դավաճանության մեջ» վերնագրով (pravda.ru/world/1575120-armenia), որտեղ կարդում ենք. «հայ քաղաքագետ Արման Բոշյան. Եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նամակը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին Լեռնային Ղարաբաղում պատերազմից 26 օր առաջ, և դրա նպատակը ոչ այնքան մշտական զորավարժություններն էին (խոսքը ՀՀ-ում զորավարժությունների անցկացման մասին է – Ա.Գ.), որքան նախազգուշացումը գալիք պատերազմի և այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ էր սկսել հակաահաբեկչական գործողություն։ «Նամակը դիվանագիտական նախազգուշացում էր և այն գործընթացների կանխատեսում, որոնք պատրաստվում էին տարածաշրջանում։ Բացի այդ, նամակը կարևոր հետախուզական տեղեկատվություն էր պարունակում այն մասին, որ Հայաստանի տարածքում գործում են ահաբեկչական խմբավորումներ, որոնք այստեղ էին նետվել հակառակորդի կողմից մարտական գործողություններն սկսվելուց շատ ավելի առաջ։ Դե-յուրե Ռուսաստանն իր համար հիմքեր էր պատրաստում տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար։ Բայց որպեսզի գործընթացները լեգիտիմություն ստանային, Հայաստանը պետք է դիմեր ՀԱՊԿ-ին, ինչը քանիցս բարձր մակարդակով հնչեցվել է Ռուսաստանում»,- հավաստիացնում է հայ քաղաքագետը։ Կարծում եմ, որ քաղաքագետի՝ կոնկրետ փաստի վրա հիմնված գնահատականները հայկական էլիտային դավաճանության մեջ մեղադրելու իրավաչափության ևս մեկ համոզիչ վկայությունն են և իսպառ հերքում են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կողմերի հանդեպ Ռուսաստանի հավասար հեռավորության վերաբերյալ զրպարտությունը։
Հետո ավելի հետաքրքիր է։ 2020թ. նոյեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, պատասխանելով ВГТРК-ի (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերություն)՝ «Москва. Кремль. Путин» ծրագիրը վարող թղթակցի՝ Պավել Զարուբինի հարցերին Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, մասնավորապես ասաց. «Հոկտեմբերի 19-20-ին ես հեռախոսային բանակցությունների շարք անցկացրի ինչպես Ադրբեջանի նախագահ Ալիևի, այնպես էլ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ։ Եվ այդ ժամանակ Ադրբեջանի Զինված ուժերը վերադարձրել էին աննշան հատվածի՝ Ղարաբաղի հարավային մասի վերահսկողությունը։ Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել մարտական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում և Շուշա(ի) քաղաք։ Ինձ համար անսպասելի՝ մեր հայ գործընկերների դիրքորոշումը ձևակերպվեց այնպես, որ դա նրանց համար անընդունելի է։ Եվ վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակի ասաց, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։ Ինձ հիմա այնքան էլ հասկանալի չէ, թե որտեղ կլիներ այդ սպառնալիքը, նկատի ունեմ, որ ենթադրվում էր խաղաղ քաղաքացիների վերադարձ՝ Ղարաբաղի տարածքի այդ հատվածում, ներառյալ Շուշա(ի)ն, հայկական կողմի վերահսկողության պահպանմամբ (ընդգծումն իմն է – Ա.Գ.) և նկատի ունենալով մեր խաղաղապահներին, ինչի մասին մենք այն ժամանակ արդեն պայմանավորվել էինք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ» (vesti.ru/article/2486722)։
Կարելի էր այսուհետ ևս շարունակել հղումները դաշնակցային, եղբայրական Ռուսաստանի կողմից արված պաշտոնական հայտարարություններին և ելույթներին, որոնց հետևելով Հայաստանին և Արցախին կհաջողվեր կանխել ծայրահեղ ծանր պարտությունը Ղարաբաղյան պատերազմում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր)։ Բարիք է, որ այս ամենի մասին ՀՀ-ում հրաշքով դեռևս պահպանված հայրենասիրական ինտերնետ-պարբերականները բազմիցս տեղեկացրել են։
Կարծում եմ, որ վերը շարադրվածը ցանկացած անկողմնակալ ընթերցողի կհանգեցնի միանշանակ եզրահանգման. Հայաստանի Հանրապետության մտնելը Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից պատրաստվող նոր պատերազմի և տնտեսական էքսպանսիայի պայմաններում Հայաստանի անկախության և ինքնիշխանության պահպանման, հայկական երկու պետությունների անվտանգության ապահովման կենսականորեն անհրաժեշտ գործոնն է։ Մնացած ամեն ինչ սատանայից է։
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ. Հարգելի ընթերցողը կարող է հարց տալ. թուրք-ազերիական այդ ի՞նչ տնտեսական էքսպանսիայի մասին վերը հիշատակեցի։ Եվ ընթերցողն իրավացի կլինի, ուստի մի փոքր ավելի մանրամասն ներկայացնեմ, թե ինչի վրա են հիմնված իմ երկյուղները։
Այսպես, 2020թ. դեկտեմբերի 29-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ցինիկաբար խոսում էր այն մասին, որ Ադրբեջանի նախագահը, «չնայած բոլոր դժվարություններին, խաղաղության ձեռք է մեկնել Հայաստանին», իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ «ամուր խաղաղության պայմանով կարելի է կարգավորել Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի (ա՛յ քեզ ուրախություն – Ա.Գ.) և Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ. «Մենք ցանկանում ենք, որպեսզի խաղաղություն, տնտեսական զարգացում լինի, որպեսզի մենք ապագայում խաղաղությունը վերահսկելու անհրաժեշտություն չունենանք»։ Չավուշօղլուի կեղծավորությունը չափն անցնում է, քանզի Ղարաբաղյան պատերազմը նախաձեռնողը խաղաղությունը վերահսկող է «գրվել»։ Մեկ շաբաթ անց՝ 2021թ. հունվարի 8-ին, այդ նույնի մասին Մևլութ-օղլին խոսել է Լիսաբոնում, իր պորտուգալացի պաշտոնակցի հետ, տեղեկացնում է թուրքական ERMENI HABER ինտերնետ-պարբերականը (հայերեն). «Վերջապես մենք կկարգավորենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ։ Կկարգավորվեն նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Հայաստանը և նրա ժողովուրդը տարածաշրջանում բոլորից շատ կշահեն դրանից (ինչպես դա տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում 1915-1922թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ – Ա.Գ.)։ Այսպիսով, մենք կկարողանանք ամուր խաղաղություն և կայունություն հաստատել Հարավային Կովկասում»։ Որպես սևեռուն գաղափար այս նույն միտքը Մևլութ-օղլին (որը հավակնում է, Աստված մի արասցե, Էրդողանի պանթուրանական զառանցանքի իրականացումից հետո դառնալ Մևլութ-բեյ) օրերս կրկնեց գերմանացի պաշտոնակցի՝ Հայկո Մաասի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս ի՜նչ սրտացավություն է, անզուսպ հոգատարություն հայ ժողովրդի բարօրության համար հենց սուլթան Էրդողանի վեզիրի կողմից։ Այն նույն սուլթանի, որը քաղաքական էքստազի պոռթկման պահին ոգեկոչում էր հայ ժողովրդի դահիճներին՝ Էնվեր փաշային ու նրա զարմիկ Նուրի փաշային։ Համոզված եմ, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման այս նորահայտ գաղափարը Էրդողան-Չավուշօղլուի պատկերացումներում միանգամայն որոշակի աշխարհաքաղաքական համատեքստ ունի։ Հոդվածի սկզբում հիշատակվում էր, որ մինչև Ղարաբաղյան պատերազմի սկսվելը, ավելացնենք, որ նաև պատերազմի առաջին օրերին (արդեն երրորդ օրը), էլ չեմ ասում Ռուսաստանի ղեկավարության 2020թ. հոկտեմբերի 18-19-ի կոնկրետ առաջարկությունների մասին, երբ պարզ էր, որ հայկական զինված ուժերը պարտություն են կրելու, Նիկոլ-դավաճանը մտացածին պատրվակներով հրաժարվում էր խաղաղություն կնքել։ Նրա ամերիկա-բրիտանական տիկնիկավարների սցենարը չափազանց ակնհայտ էր. ամեն կերպ խոչընդոտել խաղաղություն հաստատելու Ռուսաստանի ջանքերին։ Եվ արտասահմանյան ստրատեգների ու նրանց կամակատար՝ լաքեյ Նիկոլի համար բնավ կարևոր չէր, որ զոհվում են հազարավոր երիտասարդ զինվորներ ու խաղաղ բնակիչներ։ Իսկ իմաստը ո՞րն էր, կհարցնի ընթերցողը։ Եթե Ռուսաստանը չմիջամտեր՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ցեղասպանությունը կանխելու նպատակով, պարզապես դուրս կմղվեր Հայաստանից, ասել է թե՝ նաև Հարավային Կովկասից։ Այս պայմաններում միանգամայն սպասելի էին Գյումրիում 102-րդ ռազմակայանի և «Էրեբունի» ռազմաօդային բազայի կորուստը, իսկ հետագայում՝ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության զորակազմի դուրսբերումը։ Փաշինյանի ուղեվարների և հենց իր իսկ հաշվարկները չիրականացան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի քաղաքական կամքը թուրք-ազերիներին և ամեն ինչ տանուլ տված Նիկոլ-դավաճանին 2020թ. նոյեմբերի 9-ին կանգնեցրեց ռազմական գործողությունների դադարեցնելու մասին համատեղ Հայտարարության ստորագրման առջև։ Այստեղ կցանկանայի բավական հետաքրքիր մեջբերում կատարել «Эксперт» ամսագրի քաղաքական բաժնի խմբագիր Պյոտր Սկորոբոգատովի «Ղարաբաղ. նոր ճեղքվածք ռուսական պաշտպանությունում» հոդվածից, որը հրապարակվել է «Эксперт N47» ամսագրում։ «Իրավիճակին նայենք աշխարհաքաղաքական տեսակետից։ Ներկա պահին Թուրքիան նշված չէ որպես խաղաղապահ գործընթացի մասնակից, չնայած բանակցությունները դեռևս շարունակվում են։ Ի դեպ, ոչինչ չի խանգարի Ադրբեջանին սատարել Անկարայի՝ լիարժեք ռազմակայան հիմնելու ձգտմանը, այդ թվում Ղարաբաղի տարածքում (պետք է ենթադրել՝ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության զավթված տարածքում – Ա.Գ.) և հիմնավորապես ամրապնդել թուրքական ուժային գործոնը Հարավային Կովկասում,- գրում է հեղինակն ու այնուհետև շարունակում։- Դա միաժամանակ ուժեղացնում է և՛ հենց Թուրքիայի դիրքերը, որին արդեն պետք է վարժվել անվանել Ռուսաստանի հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցներից մեկը, և՛ ՆԱՏՕ-ի պոտենցիալը, որի անդամ է շարունակում հանդիսանալ Անկարան։ Թող որ քմահաճ, խնդրահարույց, բայց և դեպքերի մեծ մասում Ռեջեփ Էրդողանը հեշտությամբ առաջ կմղի եվրատլանտյան գործընկերների շահերը, իսկ նրանք էլ՝ Թուրքիայի շահերը։ Ըստ երևույթին հենց այդ պատճառով էլ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրոպան այդքան ծուլորեն էին պաշտպանում հայկական կողմի շահերը»։ Հույս ունեմ, հարգելի ընթերցող, որ դժվար է չհամաձայնել Պյոտր Սկորոբոգատովի եզրահանգումների հետ։
Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ տնտեսական էքսպանսիան՝ միանգամայն արդարացիորեն կառարկի ինձ ընթերցողը։ Ասեմ, որ Մևլութ-օղլիի՝ մեր զգոնությունը քնեցնող ողբասացությունը «Հայաստանի տնտեսական շահի» մասին արդեն փորձարկվել է Աջարիայում, որը գտնվում է Վրաստանի հարավ-արևմուտքում։ Որպեսզի չհոգնեցնեմ ընթերցողներին Աջարիայում թուրքերի «հոգատարության» շնորհիվ տեղի ունեցողի մասին պատմելով, հղում կատարեմ Մևլութ-օղլիի՝ գործնականում արդեն իրականացված ցանկություններին և որոշ մեջբերումներ կատարեմ «Աջարիա. թուրքական օկուպացիա, որը ոչ ոք չնկատեց։ Մաս 1» հոդվածից՝ հրապարակված 2019թ. հունվարի 20-ին «ВОЕННОЕ ОБОЗРЕНИЕ» ինտերնետ-պարբերականում. «...Հանրապետության (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն – Ա.Գ.) ղեկավարի պաշտոնում գտնված ժամանակ Ասլանը (նկատի ունի Ասլան Աբաշիձեին – Ա.Գ.) 2000-ական թթ. զրուցել է վրացի անվանի քաղաքագետ Ալեքսանդր Չաչիայի հետ։ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը արդարացի և այն ժամանակների համար «մոդայիկ» հարց է տվել. ինչո՞ւ է Ասլան Իբրահիմովիչը խանգարում թուրքական բիզնեսի ներթափանցմանը Աջարիա։ Չէ՞ որ այդ պահին հարուստ թուրքերի մի ամբողջ շարք իրար հերթ չտալով առաջարկում էր աջարական համագործակցության իր նախագծերը՝ հյուրանոցների ու ռեստորանների շինարարությունից մինչև ենթակառուցվածքի վերակառուցում և զարգացում։ Ասլան Իբրահիմովիչը բացատրել էր ընկեր քաղաքագետին, որ եթե թուրքերին աջարական հողի գոնե մեկ մետր վաճառի, ապա իրենք ողջ Աջարիան կորցնելու վտանգին կենթարկվեն... Ի՞նչ կարող ես ասել։ Թուրքական ներդրումների ալիքը ոտքից գլուխ հեղեղեց Բաթումը, և դուրս լողալու շանսերն ավելի ու ավելի քիչ են... Այո, իրականում Բաթումը նկատելիորեն փոխվել է... Սակայն բուն վրացական բիզնեսի տոկոսը ծովափնյա այդ երազանքում համարյա թե զրո է... Թուրքիայի ամենաիսկական էքսպանսիան վերածվել է այն բանին, որ Աջարիայում թուրքերը գերակշռում են ինչպես արտադրական, այնպես էլ սպասարկման ոլորտներում։ Թուրքական ներդրումների առանձնահատկությունը նաև այն է, որ իրենց ձեռնարկությունների համար թուրք գործարարները նախընտրում են վարձել իրենց հայրենակիցներին՝ նրանց բերելով հայրենիքից և օգնելով ստանալ երկրորդ քաղաքացիություն։ Այսինքն՝ Ստամբուլի և Անկարայի բիզնեսն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի ֆինանսները պտտվեն թուրքական հասարակության ներսում և չհայտնվեն վրացական գրպաններում, եթե, իհարկե, չհաշվենք Վրաստանի մի շարք քաղաքացիների, որոնք լոբբիի են ենթարկում արտասահմանյան շահերը երկրի ներսում։ Ի դեպ, այդպիսի լոբբիստներից մեկն էլ ժամանակին ոչ այլ ոք էր, քան նախագահ Միխայիլ Սաակաշվիլին»։ Այ, սա է «Հայաստանի համար տնտեսական շահի» հեռանկարը, որի մասին անցած երեք շաբաթներին երիցս կրկնեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ահա այս հնարավոր տնտեսական էքսպանսիայի մասին է խոսվում այս հոդվածում։ Ի՞նչ կհետևի դրան՝ Հայաստանից և Հարավային Կովկասից Ռուսաստանի աստիճանական դուրսմղումը։ Եվ արդեն ավելի տեսանելի կդառնա նեոօսմանյան կայսրության՝ Մեծ Թուրանի մասին սուլթան Ռեջեփի երազանքի մարմնացումը։
Կարծում եմ, որ Հայաստանի քիչ թե շատ հասկացող քաղաքացին, որը ամենատարբեր հանգամանքների բերումով անվստահությամբ, իսկ որ ավելի վատ է՝ թշնամաբար է ընկալում Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու գաղափարը, կլարի ուղեղը և կմտածի ազգային անվտանգության և հենց Հայաստանի Հանրապետության գոյության սպառնալիքների մասին, ինչպես կընթանան իրադարձությունները մեր երկրում՝ հերթական չհասկանալու կամ ազգային շահերին դավաճանելու, ըստ Չավուշօղլուի տնտեսական կապեր հաստատելու պարագայում։ Այս մասին փորձել եմ ներկայացնել սույն և իմ նախորդ հոդվածներում, որոնք հիշատակեցի վերը։ Որքան էլ կտրուկ հնչի, անվիճելի է, որ Հայաստանն ուժեղ և անվտանգ կլինի միայն միութենական պետության մեջ։ Եվ սա մեր պետության հայրենասերների, ողջ հայության համար պետք է ընկալվի որպես անբեկանելի փաստ, անհերքելի ճշմարտություն։
Հ.Գ. – Չէի ցանկանա հոդվածս ավարտել տագնապալի նոտայով, ուստի ընթերցողներին կներկայացնեմ լավատեսություն ներշնչող տեղեկատվություն։ Սկզբից ևեթ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը բացասաբար էր վերաբերվում հայ հասարակությունը «սևերի» և «սպիտակների, «հեղափոխականների» և «ռևանշիստների» բաժանելուն։ Ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, միշտ մտածել է այն մասին, թե ինչպես ընդհանուր բան գտնի ՀՀ իշխանավորների և մեկուկես տասնյակ ընդդիմադիր կուսակցությունների միավորման միջև, որոնք արդարացիորեն պահանջում են Նիկոլ-դավաճանի անհապաղ հրաժարականը։ Իսկ իմ մտքերը հետապնդում էին միանգամայն որոշակի նպատակ, այն է. ինչ-որ ընդհանուր բան շոշափելով Նիկոլ և КО-ի ու միավորված ընդդիմության (որն, իհարկե, չի արտացոլում ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների ողջ պատկերը) միջև՝ կարողանալ ինչ-որ կերպ մոտեցնել նրանց դիրքորոշումները՝ թույլ չտալու համար անշրջելին, հայ հասարակության էլ ավելի խոր պառակտումը, որը կարող է վերաճել քաղաքացիական պատերազմի։ Եվ ես գտա Նիկոլ-դավաճանի ու միավորված ընդդիմության թվում է թե ընդհանուր մոտեցումները։ Եվ ի՞նչ եք կարծում, հարգելի ընթերցող,որտե՞ղ են դրանք դրսևորվում։ Դե, չեք հավատա, բայց դրանք դրսևորվում են միութենական պետությանը Հայաստանի անդամակցության Կազմկոմիտեի գործունեությունը համաձայնեցված ձևով լռության մատնելու մեջ։ Խոսքը ոչ թե սորոսական տեղեկատվական հինգերորդ շարասյան կողմից մեր գործունեությունը վատաբանելու մասին է, այլ պաշտոնական լրատվամիջոցների, որոնք ֆինանսավորվում են ՀՀ բյուջեից, ինչպես նաև միավորված ընդդիմությանը ենթակա հեռուստատեսության և տարատեսակ ինտերնետ-պորտալների լռության մասին։ Առաջինների պարագայում ամեն ինչ հասկանալի է, դրանց լռությունը տեղ է թողնում Նիկոլ Վովաևիչի դեմագոգիայի համար պաշտոնական մակարդակում, երբ պետք լինի խոսել իբր լոյալ վերաբերմունքի մասին, անգամ ավելին՝ Ռուսաստանի հանդեպ։ Էլ չեմ ասում պարզունակ քարոզչահնարքի հնարավորության մասին, երբ Նիկոլ-դավաճանն ինքը կհայտարարի միութենական պետությանը Հայաստանի անդամակցության իրավաքաղաքական գործընթաց սկսելու ցանկության մասին։ Ոչ, հարգելի ընթերցող, սա ֆանտաստիկայի ժանրից չէ և շատ ավելի իրական է, քան երեք տարի առաջվա ենթադրությունը, թե Նիկոլ Վովաևիչը՝ իր իսկ սիրեցյալը, կարող է դառնալ ՀՀ վարչապետ։ Բնական է, որ այս մասին նա կհայտարարի գունավոր հեղափոխությունների ստրատեգների արդեն պատրաստի սցենարի դեպքում՝ միութենական պետության գաղափարի վարկաբեկման նպատակով։ Միևնույն ժամանակ, մեր գավառական խորամանկը՝ XIX դարի հնարքներով, հույս կփայփայի, որ մոլորության մեջ կգցի առավել դյուրահավատ ռուս քաղաքական գործիչներին։
Իսկ ինչ վերաբերում է Կազմկոմիտեի անդամների ելույթները, հարցազրույցները և հոդվածները լուսաբանելու վրա միավորված ընդդիմության դրած տեղեկատվական էմբարգոյին, ապա այդ մասին նշյալ հոդվածներում արդեն գրել եմ, ուստի չեմ կրկնվի։ Սակայն միավորված ընդդիմության նման վերաբերմունքը միութենական պետությանը Հայաստանի անդամակցության գաղափարին բավական դրական նշանակություն ունի. այն հաստատում է, որ միավորված ընդդիմության համար Հայաստանի ապագան, նրա անվտանգությունը և տնտեսական զարգացումը բոլորովին չեն պայմանավորվում միութենական պետության մեջ Հայաստանի մտնելով։ Դե ինչ, մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել ընդդիմության մեր գործընկերներին այս հարցում իրենց ազնվության համար։
Ահա այսպիսի բաներ, հարգելի ընթերցող։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ