Հայաստանն ուժեղ է և անվտանգ միայն Ռուսաստանի հետ սերտ միությամբ

23.12.2020, Регнум

https://regnum.ru/news/polit/3149356.html

24.12.2020, Իրավունք

https://iravunk.com/?p=191376&l=am

Անոտացիա

Ստեղծված պայմաններում, իմ խորին համոզմամբ, առաջնահերթ կարևորության խնդիր է հայ հասարակության համախմբումը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման, Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության մեջ ՀՀ-ի մտնելու բոլոր իրավական պայմանների ստեղծման անայլընտրանքայնության գիտակցման հիման վրա։

Ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցումից անցել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ։ Սակայն հանգամանքների ինչ-որ տարօրինակ բերումով  այդ նույն ժամանակաընթացքում աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում ամերիկյան գործակալական ցանցը Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) բոլոր խափանարար գործողությունների համակարգողի՝ «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կամ, ավելի պարզ՝ Սորոսի հիմնադրամի միջոցով։

Լուրջ մտորումների տեղիք է տալիս այն, որ Սորոսի հիմնադրամին ենթակա զանգվածային լրատվամիջոցները (civilnet.am, Lragir.am, 1in.am, Factor.tv, Azatutyun.am, Armtimes), ինչպես նաև մեկուկես տասնյակ ՀԿ-ներ (1. Transparency International հակակոռուպցիոն կենտրոն; 2. Իրազեկ քաղաքացիների միություն; 3. «Ասպարեզ» լրագրողական ակումբ; 4. Լրագրողների միջազգային հովանոցային ցանց; 5. Հանրային լրագրության ակումբ; 6. «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ; 7. Հանրային քաղաքականության ինստիտուտ; 8. Եվրոպական ժողովրդական կուսակցություն; 9. «Հետաքննող լրագրողներ» ՀԿ; 10. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ; 11. Հայաստանի Հելսինկյան կոմիտե; 12. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոն; 13. «Մանդատ» ՀԿ; 14. Արմավիրի զարգացման կենտրոն; 15. Մարտունու Կանանց հանրային խորհուրդ) թվում էր, թե 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական հրոսակների սանձազերծած պատերազմում ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ծանր պարտությունից հետո պարտավոր էին իրենց ողջ ռեսուրսային պոտենցիալը կենտրոնացնել պարտության պատճառների, պատերազմի մատուցած դասերի բազմակողմանի վերլուծության վրա։ Եվ վերջապես, իրենց բոլոր ջանքերը կենտրոնացնել հայ ժողովրդի համախմբման վրա՝ հայկական երկու պետությունների և Սփյուռքի բոլոր ուժերը ազգային անվտանգության դեռևս պահպանված, իսկ որոշ դեպքերում՝ ավելացած սպառնալիքներին համարժեք դիմակայելուն ծառայեցնելու նպատակով։ Գրում եմ այս մասին և մտովի պատկերացնում այն ընթերցողների տարակուսանքը, ովքեր տեղյակ են Հայաստանի և Արցախի բոլոր փորձանքների գլխավոր աղբյուրների մասին։ Չէ՞ որ ՀՀ-ում գործող հենց սորոսյան կառույցներն էին գլխավոր գործիքը գունավոր հեղափոխությունների արտասահմանյան ստրատեգների ձեռքում՝ հայոց պետականության խարխլման, հասարակությունը միմյանց հակադիր՝ «սևերի» ու «սպիտակների» բաժանելու, բնակչության, հատկապես երիտասարդության հավատը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ սասանելու, հայ ընտանիքի՝ հայոց պետականության գլխավոր հենարանի ավանդական քրիստոնեական հիմքերը քայքայելու գործում։

Տողերիս հեղինակը իզուր փորձեց սորոսյան լրատվական հինգերորդ շարասյան բազմաթիվ հրապարակումներում և հեռուստառեպորտաժներում գտնել գոնե մեկ անաչառ վերլուծություն ՀՀ վարչապետ Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի ու նրա թիմի, մեղմ ասած, հանցավոր անձեռնհասության մասին՝ պատերազմական ողբերգությունից պատշաճ դասեր քաղելու նպատակով, ողբերգություն, որը խլեց ավելի քան 5 հազար երիտասարդների ու նրանց հայրերի, Արցախի խաղաղ քաղաքացիների կյանքը, խեղեց հաշմանդամ դարձած ավելի քան 10 հազար զինվորների կյանքը։ Հայաստանի մեդիա-տարածքը լեփլեցուն է ցասումնալից մեղադրանքներով Փաշինյանի ու նրա խառնամբոխի հասցեին, ոչ, ոչ, հարգելի ընթերցող, ո՛չ այն առնչությամբ, որ վաճառվել են Հայաստանի ու Արցախի ազգային շահերը, հաճախ գրեթե առանց դիմադրության ինքնակամ հանձնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի մոտ 80%-ը, և շարունակվում են հանձնվել բնակելի կետեր ու տարածքներ, որոնք մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը վերահսկվում էին Արցախի Պաշտպանության բանակի կողմից։ Սորոսյան գրչակների ու վայ-հեռարձակողների համքարությունը զայրանում է Նիկոլի դեմ այն պատճառով, որ նա վճռական միջոցներ չի ձեռնարկում իր քաղաքական ընդդիմախոսների (մասնավորապես՝ մեկուկես տասնյակ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների) դեմ, որոնք պահանջում են նրա անհապաղ հրաժարականը։ Ընդ որում՝ հրաժարականի սույն պահանջը, կասկած չի հարուցում, որ արտահայտում է Հայաստանի բնակչության զգալի հատվածի ակնկալիքները, որոնք քնքշանքով «ժողվարչապետին» անվանում են ոչ այլ կերպ, քան Նիկոլ-դավաճան։

Սակայն սորոսյան մեդիա-համքարությունը բնավ չի սահմանափակվում ընդդիմությանը զրպարտելով, 1992-1994թթ. ղարաբաղյան առաջին ազգային-ազատագրական հաղթական պատերազմի հերոսների՝ արդեն զզվեցրած համակարգային սևացմամբ։ Եթեր նետվող տեղեկատվության թվացյալ չհամակարգվածությունը և չարախոսական բնույթը միավորում է հստակ նկատվող հակառուսական ուղղվածությունը։ Ընդ որում՝ ազգային շահերի համար կործանարար այս տեղեկատվական դիվերսիան վարվում է լավ մտածված համակարգային հիմքով։ Սորոսականների հրապարակ նետած տեղեկատվության փոխլրացյալության սկզբունքը կարող է առաջացնել անտեղյակ ընթերցողի տարակուսանքը միանգամայն այլ հանգամանքների հետ կապված, դիցուք. ինչո՞ւ այդպես պատահեց, ինչո՞ւ Ռուսաստանը ժամանակին չկանգնեցրեց պատերազմը, և այդուհետ՝ նույն ոգով, բայց աչքի զարնող մեկ ամփոփմամբ. մեղավորին փնտրել ոչ թե ՀՀ ղեկավարությունում, այլ Հայաստանի սահմաններից դուրս։ Այն պայմաններում, երբ ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ տարածքները Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման անվան տակ հանձնվում են Ադրբեջանին, սորոսյան նեխվածքը իշխանություններին դավաճանական անգործության պատճառով դատապարտելու փոխարեն ընթերցողին մղում է այն մտքին, որ մեղավոր են ռուս սահմանապահները, որոնք մատների արանքով են նայում ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանամերձ տարածքների խաղաղ զավթմանը։ Նշենք, որ այդ տարածքների անխախտելիության պատասխանատվությունը դրված է հենց Հայաստանի իշխանությունների վրա։ Այնինչ, չկա որևէ հոդված, որևէ հեռուստառեպորտաժ, որոնցում անկեղծ երախտագիտության գոնե մեկ խոսք հնչի Արցախում տասնյակ հազարավոր զինվորականների և քաղաքացիական անձանց փրկված կյանքերի համար ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման շնորհիվ։ Չկա երախտագիտության ոչ մի խոսք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հասցեին, որը օրը մի քանի անգամ զանգահարում էր սորոսյան դրածո Նիկոլին ու ափշերոնյան սուլթան Ալիևին՝ որքան հնարավոր է շուտ նրանց խաղաղության մղելու նպատակով։ Ռուսաստանի նախագահը նիկոլ-իլհամյան դուետից շատ ավելի խորն էր ցավում զինվորների կյանքի համար՝ հասկանալով, որ պատերազմի շարունակման ամեն մի ժամը նշանակում է հարյուրավոր երիտասարդների կորուստ երկու կողմից էլ։ Այլ բան է, որ ափշերոնյան սուլթանը հիանալի հասկանում էր, որ Ադրբեջանի զինված ուժերի առաջնագծում հիմնականում կռվում էին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ թալիշներ, ավարներ, քրդեր, թաթեր, էլ չեմ ասում սիրիացի վարձկան-ահաբեկիչների ու Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասին։ Ուստի, ափշերոնյան սուլթանի պատկերացմամբ՝ վերջինների զոհվելն այնքան էլ մեծ կորուստ չէր։ Իսկ Նիկոլի ու նրա սիրեցյալ կողակցի համար հայ զինվորի մահը ոչինչ է։ Չեմ ցանկանում ամբողջությամբ մեջբերել նրա թանկագին տիկնոջ ստոր ցիտատն այս հաշվով, որպեսզի ստվեր չգցեմ հանուն Հայրենիքի հերոսաբար ընկած հազարավոր հայ զինվորների լուսավոր կերպարի վրա։ Facebook-ի իր էջում շատ հուզիչ և ազնիվ գրառում է կատարել այս առիթով Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Մտորեք, հարգելի ընթերցող, հայրենասերի խոսքերի շուրջ. «Նիկոլ Փաշինյանը չի հարգում և երբեք չի հարգել մահը։ Նիկոլն ամեն ինչ արեց, որ պատերազմի զոհերը չունենան «դեմք»։ Նիկոլն արգելեց տեսանկարահանել մեր զոհված հերոսների հուղարկավորությունները, որ «հաղթանակի» մասին ստերով կերակրվող հանրությունը չընկալի ողբերգության ծավալները, ռազմական գործողությունների աշխարհագրությունը, իր հրամանով մսաղացի մեջ հայտնված մեր եղբայրների դառը ճակատագիրը, սխրանք գործած զինվորների անձնազոհությունը»:

Եվ ահա, վերլուծելով ասես առատության եղջյուրից ՀՀ մեդիա-տարածք հորդող տեղեկատվությունը՝ աչքի է զարնում սորոսյան տիկնիկավարների նոր մարտավարությունը՝ շեշտադրել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սորոսյան գրանտակերների ցանցի հնարավոր տարածումը։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ներկայացնեմ կոնկրետ օրինակներ։ Նախ՝ ընթացիկ տարում «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամը ֆինանսավորել է 66 ծրագիր (ծրագրերի թիվը համահունչ է դրանց սատանայական էությանը)։ Օրինակի համար՝ ամերիկյան գրանտատուներն անհամբերությունից այրվում էին՝ Հայաստանի քաղաքացիների հետ կիսելու անդրօվկիանոսյան գործընկերների «հարուստ փորձը» COVID-19 կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցում։

 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» կազմակերպությունն, օրինակ, ս.թ. սեպտեմբերին  ստացել է $30 000 դրամաշնորհ ազնիվ նպատակի իրականացման համար, դիցուք. «Նախագիծն ուղղված է կոնկրետ հիմնախնդիրների վրա հանրության ուշադրությունը հրավիրելուն, որոնց բախվում են կանայք Հայաստանում COVID-19 համավարակի հետ կապված (ավելի ստոր զրպարտություն հայերի հասցեին հիվանդ մարդկանց, մանավանդ՝ հիվանդ կանանց վերաբերյալ ի զորու են անել միայն զազրելի հրեշները, որոնք դրա մեջ որևէ սրբապիղծ բան չեն տեսնում – Ա.Գ.), և գենդերային բռնության դեմ պայքարին՝ տեղեկատվա-քարոզչական նախաձեռնությունների միջոցով։ Այս նպատակով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ն հոգեբանական աջակցություն կցուցաբերի գենդերային և ընտանեկան բռնության զոհերին, կկազմակերպի թրենինգներ իր անդամ կազմակերպությունների համար COVID-19-ի կանխարգելման միջոցների վերաբերյալ»։

Կամ էլ ս.թ. օգոստոսին «Արևամանուկ» կազմակերպությանը տրամադրված $8 000 դրամաշնորհը հետևյալ նպատակով. «Կանխել երեխաների դեմ բռնությունը համավարակի ժամանակ (ի սկզբանե մեր քաղաքացիներին վերագրում են սադիզմի մեղքը – Ա.Գ.)։ Այդ նպատակով «Արևամանուկ» հիմնադրամը կկազմակերպի դպրոց 90 ծնողների համար Շիրակի մարզում, կտարածի տեղեկատվական նյութեր երեխաների և ընտանեկան բռնության վերաբերյալ՝ սոցիալական ցանցերի և Շիրակի մարզի տեղական ռադիոկայանների հաղորդումների միջոցով» (համոզված եմ, որ եթե երեխաների դեմ բռնության գոնե մեկ դեպք լիներ, ՀՀ դատախազության մարմիններն անհապաղ քրեական գործեր կհարուցեին, իսկ նիկոլվովաևիչյան իշխանություններն օպերատիվ կերպով կօգտագործեին դա նախկին իշխանություններին հայ հասարակությունում դաժան բարքեր սերմանելու մեջ մեղադրելու նպատակով – Ա.Գ.)։

Կամ էլ Սորոսի հիմնադրամը $7 300-ից $7 900 է տրամադրել Սպիտակ քաղաքի Հելսինկյան խմբին, «Սինեմարտ» ՀԿ-ին, «Երիտասարդական ավանգարդ» ՀԿ-ին, «Հանրային իրազեկում» ՀԿ-ին՝ բացատրելու նպատակով, թե «ինչպես է համավարակն ազդել Սպիտակ քաղաքում կրթության իրավունքի, այն միջոցների մասին տեղեկատվություն հավաքելու վրա, որոնք պետական, միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններն իրականացրել են Սպիտակ քաղաքի դպրոցներում COVID-19-ի կարանտինի ժամանակ; պարզելու համար, թե ինչպես է համավարակն ազդել Վանաձոր քաղաքում այն երեխաների կրթության իրավունքի վրա, որոնք դպրոց չեն գնում, կամ էլ՝ ինչպես է համավարակն ազդել կրթության իրավունքի վրա Արմավիրի մարզում»։ Պետք է ենթադրել, որ սորոսականները հրահանգ են ստացել ոչինչ չանել այն ամենից, ինչ արվում է ԱՄՆ-ում COVID-19 համավարակի շրջանակում, որպեսզի հանկարծ գերակա տեղ չզբաղեցնեն կորոնավիրուսի համավարակի տարածման գծով ռեկորդակիրների տխուր ցանկում, ինչպես իրենց երկրում՝ ԱՄՆ-ում։

Ընթերցողը կարող է առարկել, որ փոխանցվող գումարներն աննշան են դրանց օգնությամբ ՀՀ մարզերում ծավալուն խափանարար աշխատանք ծավալելու համար։ Եվ նա իրավացի կլինի, բայց մասամբ։ Քանի որ Հայաստանում, որտեղ աղքատության մակարդակն ավելի քան 23% է, այդ գումարները թույլ կտան ստեղծել «հենակետեր» պետականության սորոսյան դիվերսանտ-խափանարարների համար ՀՀ բոլոր մարզերում։ Իրենց հերթին, նրանց աշխատանքը համակարգում են հայոց պետականությունը քայքայող շնաձկները։ Օրինակ, «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ-ն ս.թ. հունիսին ստացել է $139 505՝ «հանրային ընկալման կարևորագույն հարցերի (ինչպիսին են դեմոկրատական բարեփոխումները, մարդու իրավունքների հարցերը, կոռուպցիայի դեմ պայքարը, COVID-19-ի բռնկումը և թվային դիտարկումը) փաստերի վրա հիմնված զարգացմանը նպաստելու...» նպատակով, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն ս.թ. հունիսին ստացել է $140 000 դրամաշնորհ, «Գործոն» տեղեկատվական կենտրոնը ս.թ. ապրիլին ստացել է $220 000, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ն ս.թ հունիսին ստացել է $46 700 դրամաշնորհ։ Կարելի է որոշ մեջբերումներ կատարել այս և շռայլորեն ֆինանսավորվող բազմաթիվ այլ ծրագրերից, որոնք իրականացնում են սորոսյան ՀԿ-ները և որոնք, իբր, պետք է ծառայեն ազնիվ նպատակների իրագործմանը։ Միևնույն ժամանակ, դրանց հնչեղությունն ակտուալացնելու նպատակով այդ նախագծերից յուրաքանչյուրում այս կամ այն կերպ հիշատակվում է COVID-19 համավարակի և դրա հետևանքների դեմ պայքարը։ Ոչ, ոչ, հարգելի ընթերցող, այդ ծրագրերից ոչ մեկում դուք չեք գտնի ՀՀ բուժհաստատություններին թոքերի արհեստական շնչառության գոնե երկու-երեք տասնյակ սարքի կամ մեկ այլ անհրաժեշտ բուժսարքավորման նվիրատվության թեկուզև մեկ օրինակ։ Այդ ծրագրերի նպատակը հնարավորինս պարզ է՝ բազմակողմանի տեղեկատվության հավաքում ամենատարբեր մասնագիտությունների և տարիքի տեր մարդկանց վարքագծի մասին, հայ հասարակությունում տեղի ունեցող երևույթներին տրվող այս կամ այն արձագանքը պարզող առավել խոցելի կողմերի բացահայտում։ Այս ամենն ի վերջո դառնում է ելակետային տեղեկատվություն սորոսյան տիկնիկավարների կողմից ՀՀ ծախու իշխանությունների վրա ներգործելու, իրենց ռազմավարական նպատակին հասնելու մարտավարություն մշակելու համար. ՀՀ-ում կառավարելի քաոսի իրադրության ձևավորում՝ ՀՀ-ում իրավիճակի հետագա ապակայունացմամբ, և Սյունիքի մարզ ադրբեջանա-թուրքական ներխուժման նպաստավոր պայմանների ստեղծում, Զանգելանի, Ջեբրաիլի և Ֆիզուլիի հետ Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետության ուղղակի տրանսպորտային հաղորդակցության նպաստավոր պայմանների ստեղծում, այսինքն՝ ելք Իրանի Իսլամական Հանրապետության հետ Ադրբեջանի 105 կիլոմետրանոց սահման, հետագայում այնտեղ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի զինված ուժերի կենտրոնացման նպատակով։ Թուրք ստրատեգների ընկալմամբ՝ իրադարձությունների նման ելքը կլինի Թուրքիայի ինքնատիպ ռևանշը Ռուսաստանին այն բանի համար, որ ռուսական կողմը թույլ չտվեց, որպեսզի թուրքական զինված ուժերը մասնակցեն խաղաղապահ առաքելությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և նրա շուրջ։

Պատահական չէ, որ այսքան մանրամասն ներկայացրի Սորոսի հիմնադրամի կողմից շռայլորեն ֆինանսավորվող տարատեսակ հասարակական կազմակերպությունները։ Այս տարվա դրանց գործունեության վերլուծությունը վկայում է այն մասին, որ անգամ պատերազմում կրած դաժան պարտությունից, ՀՀ-ում վերահաս խոր տնտեսական ճգնաժամից հետո նրանց քաղաքական ճորտ, դավաճան Նիկոլի առջև դրված խնդիրները մինչև վերջ կատարված չեն։ Ռուս խաղաղապահների մուտքը պատերազմի գոտի, բուն պատերազմի կասեցումը խստորեն խափանել են Պոտոմակի և Մառախլապատ Ալբիոնի ափերի ստրատեգների ծրագրերը։ Դրա համար էլ մեր օրերում արվում է հնարավոր ամեն բան ամեն գնով Նիկոլին ՀՀ կառավարության ղեկին պահելու համար։ Հենց այդ պատճառով էլ լուսավորյալ և դեմոկրատական Եվրոպան ԱՄՆ-ի հետ միասին պահպանում է խոր լռություն Հայաստանի քաղաքացիների ամեն տեսակ իրավունքների և ազատությունների անթիվ խախտումների վերաբերյալ։ Կամ էլ՝ մենք այդպես էլ չլսեցինք մարդու իրավունքների պահպանման ջատագովների կողմից գոնե մեկ փաստաթղթի ընդունման մասին, որը կդատապարտեր թուրք-ադրբեջանական հրոսակների և սիրիական վարձկան-ահաբեկիչների ցեղասպանական վայրագությունները հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ։

Վերջաբանի փոխարեն.  Ստեղծված պայմաններում, իմ խորին համոզմամբ, առաջնահերթ կարևորության խնդիր է հայ հասարակության համախմբումը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման, Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության մեջ ՀՀ-ի մտնելու բոլոր իրավական պայմանների ստեղծման անայլընտրանքայնության գիտակցման հիման վրա։ Ասվածը հաստատելու նպատակով նորից ու նորից ընթերցողների ուշադրությանը ներկայացնենք փաստարկներ՝ հօգուտ հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պահպանման համար այդ քայլի բացառիկ կարևորության և անայլընտրանքայնության։

Հարգելի ընթերցող, նորից ընդգծենք, որ պետական հեղաշրջումը Հայաստանում, որը տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսին, Հայաստանի Հանրապետությունից և Հարավային Կովկասից Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու անգլո-ամերիկյան հատուկ ծառայությունների ռազմավարական ծրագրի առաջին փուլի իրականացման արդյունքն էր։ Հեղաշրջման իրականացնողներ դարձան Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող բացահայտ ռուսատյացները, «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի հարյուր-հազարավոր հետևորդները և ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստները։ Նրանք, իրականացնելով գունավոր հեղափոխությունների արևմտյան ստրատեգների պլանները, իշխանության բերեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պաթոլոգիական հակառակորդ Նիկոլ Փաշինյանին։ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեմ ադրբեջանա-թուրքական հրոսակների սանձազերծած պատերազմը լուծեց պետական հեղաշրջման ստրատեգների գլխավոր խնդիրներից մեկը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղի սահմանի 105 կիլոմետրանոց անվտանգության գոտու զավթումը՝ հետագայում այդ տարածքում ՆԱՏՕ անդամ Թուրքիայի զինված ուժերի տեղակայման հեռանկարով։ Էլ չեմ ասում Ռուսաստանի Դաշնության ողջ հարավային սահմանով իսլամական աղեղի միակցման մասին, ներառյալ Միջին Ասիայի պետությունները, ընդհուպ մինչև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-ույղուրական ինքնավարությունը։ Նորից ու նորից հատկապես նշենք, որ բացառապես շնորհիվ Ռուսաստանի ղեկավարության, անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետևողական և նպատակաուղղված գործողությունների հաջողվեց սանձել ագրեսորին, դրանով իսկ կանխել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ցեղասպանությունը։ Խոստովանենք, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պարտությունը պատերազմում ինչպես հայկական զինված ուժերի ղեկավարման հարցում, այնպես էլ դիվանագիտական ճակատում հիմնականում Փաշինյանի ու նրա թիմի գործողությունների հանցավոր անհամարժեքության հետևանքն էր։ Լիակատար հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանական Հանրապետության նախագահների, Հայաստանի Հանրապետության վարչապետի Հայտարարության ստորագրումից հետո անցած ժամանակը համոզիչ կերպով ցույց տվեց, որ թուրք-ադրբեջանական հրոսակները այսուհետ ևս սադրելու են իրավիճակի ապակայունացում Ադրբեջանի և Արցախի Հանրապետության զինված ուժերի սահմանազատման գծում։ Հետո ավելին կլինի. արևմտյան հայտնի հովանավորների լուռ աջակցությամբ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական սադրանքներ կսկսեն Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանին Սյունիքի մարզի շրջանում։ Եվ սա, ավաղ, կասկածներ չի հարուցում, քանի որ նրանք չեն էլ թաքցնում Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ իրենց զավթողական ծրագրերը։

Հայոց պետականության և հայ ժողովրդի պատմության արդի ծայրահեղ վտանգավոր փուլում հենց սա նկատի ունենալով՝ հայ ժողովրդի և հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգ գոյությունը, ապագան և բարգավաճումը մենք տեսնում ենք մեր դարավոր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի հետ նոր քաղաքական միության ստեղծման մեջ։ Կարևոր է հասնել այն բանին, որպեսզի Հայաստանի քաղաքացիները գիտակցեն, որ հզոր Հայաստանի կառուցումն իրապես հնարավոր է միայն Ռուսաստանի հետ եղբայրական միությամբ, ինչը հնարավոր է լոկ այն պայմաններում, երբ Հայաստանը մտնի Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության մեջ։

 Հարավային Կովասում ստեղծված ծայրահեղ բարդ և վտանգավոր աշխարհաքաղաքական իրադրությունում երկրի հայրենասիրական ուժերի առաջնահերթ կարևորության խնդիրը պետք է դառնա ՀՀ բնակչության լայն խավերին հայերի բազմաթիվ սերունդների քննությունը բռնած այն ճշմարտության պարզաբանումը, որ Հայաստանն ուժեղ և անվտանգ է միայն Ռուսաստանի հետ սերտ միությամբ։

Հ.Գ. Չէի ցանկանա հոդվածն ավարտել տխուր նոտայով։ Բարիք է, որ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք աշխարհի բազմաթիվ հայերի ինչ-որ վերերկրային հանգստություն պարգևեցին։ Այո, հարգելի ընթերցող, ի վերուստ ուղարկված հանգստություն։ Ինչպես և վերջին ավելի քան 1700 տարիների ընթացքում՝ տեղի ունեցավ  հայկական երկու պետություններում և Սփյուռքում բնակվող հայերի ճնշող մեծամասնության ազգային միաբանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ։ Այսպես, 2020թ. դեկտեմբերի 8-ին Ծայրագույն պատրիարք և Համայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորեց հրաժարական տալ՝ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Խորհենք մեր Ծայրագույն պատրիարքի խոսքերի շուրջ. «Անհանգիստ լինելով տագնապալի իրադարձություններով՝ մենք նաև հանդիպեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական զարգացումները»։ Այդ նույն օրը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նույնպես հորդորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ Խորհենք Նորին Սրբության խոսքերի շուրջ. «Արդարացիորեն մեր զավակների արյունով կերտված ու ծաղկած Արցախի մեծ մասը կորցրեցինք։ Կորցրեցինք նաև մեր ազգային արժանապատվությունը և հպարտությունը։ Ունեցանք մեծաթիվ զոհեր, գերիներ, վիրավորներ և գաղթականներ։ Երկրագունդի վրա չկա գեթ մեկ հայ, որ ազգի այս մեծ կորուստի տառապանքը չապրի։ Այս ահավոր ողբերգության մասին ժողովուրդը համապարփակ ու հստակ հաշվետվություն է պահանջում... Ներկայիս ճգնաժամային պայմաններում կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին հրաժարվել վարչապետի պաշտոնից և հնարավորություն տալ Ազգային ժողովին՝ սահմանադրական կարգն ու գործընթացը հարգելով, նոր վարչապետ ընտրել։ Ակնկալում ենք, որ ընտրվող նոր վարչապետի գլխավորությամբ կազմվող անցումային կառավարությունն առաջնային կհամարի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շուտափույթ կազմակերպումը»։

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ծայրագույն պատրիարքների հորդորը անկյալ դավաճան Նիկոլին, թվում է, խիստ նախազգուշացում էր սատանայի ուժերին, որն իր պիղծ կամակատարի ձեռքերով փորձում էր քանդել հայկական հնագույն քրիստոնեական քաղաքակրթությունը։ Դե ինչ, հարգելի ընթերցող, Փաշինյանի կերպարանքով սատանայի կամակատարի գահընկեցության ժամկետը, Օնորե դը Բալզակի նկարագրած Շագրենի կաշվի նման, օրեցօր սեղմվում է։ Եվ դեպի չգոյություն Փաշինյանի հեռանալով Հայաստանի երկնքում կծագի վառ արևը, որը կմոխրացնի սատանայական բոլոր կախարդությունները, որոնցով երկուսուկես տարի առաջ կախարդվեց դյուրահավատ ու աշխատասեր հայ ժողովուրդը։ Եվ ինչպես ասել է հայ մեծ բանաստեղծ, ХХ դարի երկրորդ կեսի հանճարեղ քնարերգու Պարույր Սևակը՝ եղիցի՛ լույս։

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ 

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր