Արյուն կլինի. Երևանում սպասում են ոստիկանության հետ Փաշինյանի հակառակորդների բախման

22.12.2020, Национальная служба новостей

https://nsn.fm/in-the-world/budet-krov-v-erevane-zhdut-stolknoveniya-protivnikov-pashinyana-s-politsiei

Երեքշաբթի Երևանում տեղի են ունենում զանգվածային ցույցեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքը կազմակերպել են Հայաստանի 17 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ստեղծել են «Հայրենիքի փրկության կոմիտե» շարժումը։ Ցուցարարները Փաշինյանին մեղադրում են Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսելու և նոյեմբերի 9-ի հրադադարը ստորագրելու մեջ, ինչը ընդվզողները համարում են կապիտուլյացիա։ Չորեքշաբթի օրն սպասվում է, որ նրանք կդիմեն ավելի վճռական գործողությունների։

Երևանի նախկին քաղաքապետ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը НСН-ի (Ռուսաստանի Դաշնության Նորությունների Ազգային ծառայություն) եթերում անդրադարձել է երկրում անարյուն իշխանափոխության հնարավորությանը։

«Հայ ժողովրդի զգալի մասի ցանկությունն է՝ Հայաստանը տեսնել առանց Նիկոլ Փաշինյանի։ Իսկ ինչ վերաբերում է անարյուն իշխանափոխությանը, ապա դա կախված է Փաշինյանի տերերից, որոնք գտնվում են Լոնդոնում և Վաշինգտոնում։ Նրանց պետք է արյուն և Հայաստանում իրավիճակի ապակայունացում։ Այդ ժամանակ կսկսվի  նոր թեժացում Լեռնային Ղարաբաղում»,- ասաց Գեղամյանը։

Նա նշեց նաև, որ Հայաստանում քաղաքական իրավիճակի ապակայունացումը անհրաժեշտ է նաև Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին։

Նրա խոսքով՝ խաղաղ ցույցերը կարող են ավարտվել ոստիկանության հետ ուղղակի բախումներով։ «Մութն ընկնելուն պես կգտնվեն վճարված սադրիչներ, որոնք ամեն ինչ կանեն, որպեսզի բախումներ լինեն»,- կարծում է Գեղամյանը։

Պատասխանելով Փաշինյանի հնարավոր հաջորդի մասին НСН-ի հարցին՝ հայ քաղաքական գործիչը խորհուրդ տվեց դիմել ամերիկյան դեսպանատուն։

Ինքը՝ Փաշինյանը, չի պատրաստվում հրաժարական տալ։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ավելի վաղ կոչ էր արել արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկ մինչ այդ ձևավորել ազգային համաձայնության կառավարություն։

Հայաստանի և Ադրբեջանի բազմամյա հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում սրվեց 2020թ. սեպտեմբերի 27-ին։ Կողմերը միմյանց մեղադրում էին շփման գոտում իրականացվող գրոհների համար, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարեց խաղաղ բնակչության գնդակոծման մասին։ Նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտավ հրադադարի մասին համաձայնագիրը՝ ստորագրված Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի կողմից։       

           

 

 

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր