Ուժեղ Ռուսաստանը խաղաղության երաշխավորն է Երկիր մոլորակի վրա
17.12.2020, Regnum
https://regnum.ru/news/polit/3144612.html
18.12.2020, Իրավունք
https://iravunk.com/?p=190828&l=am
Անոտացիա
Կամ լրիվ ապուշ, կամ բացահայտ դավաճան (Հայաստանի պարագայում ապուշության «ազգականն» է) պետք է լինել՝ հայոց պետականության արդի փուլում չհասկանալու համար, որ մեր ժողովրդի և հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – խմբ.) անվտանգ գոյությունն ու բարգավաճումը հնարավոր են լոկ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու պայմաններում։ Ուժեղ Ռուսաստանը խաղաղության երաշխավորն է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև Երկիր մոլորակի վրա։
Հարգելի ընթերցող, իմ նախորդ՝ «Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանում բորբոքում են երրորդ համաշխարհային պատերազմի օջախ» հոդվածում, հրապարակված 2020թ. դեկտեմբերի 13-ին REGNUM տեղեկատվական գործակալության կողմից, ես խոստացել էի առանձին վերլուծել ազգային անվտանգության ութ օբյեկտիվ աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը, դիցուք՝ տարածքային-աշխարհագրական, քաղաքական, տնտեսական, էկոլոգիական, ռազմաստրատեգիական, էթնիկական, ժողովրդագրական և կրոնական։ Մի խոսքով՝ ընդգրկել անընդգրկելին։ Հասկանալով այս գործոնների ողջ հրատապությունը հայոց պետականության ճակատագրի համար՝ փոքր-ինչ ավելի հանգամանալիորեն պարզաբանեմ դրանցից մի քանիսը։
Եվ այսպես, 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ ՀՀ) վավերացրեց Հավաքական անվտանգության պայմանագրի ստեղծման մասին Համաձայնագիրը, իսկ 2002թ. հոկտեմբերի 7-ին վավերացրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կանոնադրությունը՝ դառնալով 1992թ. մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայմանագրի ստեղծման Համաձայնագրի և 1999թ. ապրիլի 21-ի Հավաքական անվտանգության պայմանագրի երկարացման Արձանագրության հիմնադիրներից մեկը (ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը)։ Ընթերցողներին հիշեցնենք, որ ՀԱՊԿ Կանոնադրության Ներածականում գրված է. «Լի են վճռականությամբ՝ այսուհետ ևս զարգացնելու և խորացնելու ռազմաքաղաքական համագործակցությունն ի շահ ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման և ամրապնդման; իրենց առջև նպատակ դնելով շարունակել և ամրացնել սերտ և համակողմանի դաշնակցային հարաբերություններ արտաքին քաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, ինչպես նաև պետությունների և ժողովուրդների անվտանգության անդրազգային մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայության ոլորտում...»։ Այժմ մտաբերենք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում ոչ վաղ անցյալում։
Եվ այսպես, 2018թ. նոյեմբերի 2-ին «Русский Еврей» թերթում հրապարակվեց հոդված՝ «Փաշինյան. Հայաստանը ցանկանում է մասնակցել և՛ ՆԱՏՕ-ում, և՛ ՀԱՊԿ-ում» վերնագրով, որում ասվում է այն մասին, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է իր պետության՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու ցանկության մասին՝ միաժամանակ մնալով ՀԱՊԿ անդամ։ Նա այսպիսի հայտարարություն արել է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Նորվեգիայում անցկացվող Trident Juncture 2018 զորավարժությունների ժամանակ, ուր մեկնել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի անձնական հրավերով։ «Ինձ մշտապես ասում են, որ չի կարելի միանգամից երկու աթոռի վրա նստել։ Ասում են, որ ընտրությունը պետք է լինի կամ եվրատլանտյան, կամ ռուսամետ։ Ես սրա հետ արմատապես համաձայն չեմ։ Իմ ժողովուրդը հաջողությամբ ինտեգրված է աշխարհի երկրների մեծամասնության սոցիալական կյանքում, ինչն ապացուցում է ցանկացած դաշինքի գոյության հնարավորությունը (ընդ որում՝ Նիկոլ Վովաևիչը համեստորեն լռության է մատնում այն փաստը, որ հայ ժողովուրդը ցրված է ողջ աշխարհով Օսմանյան կայսրությունում 1915-1922թթ. իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով, հանցագործություն՝ կատարված ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներկայիս ղեկավարության կուռքերի կողմից, որն այդպես էլ չի ապաշխարել մարդկության դեմ իր նախնիների կատարած հանցագործության համար – Ա.Գ.)։ Այո, առայժմ չկա երկիր, որ մտնի և՛ ՆԱՏՕ-ի, և՛ ՀԱՊԿ-ի մեջ, բայց Հայաստանը կարող է դառնալ այն կամրջակը, որը կօգնի սկսել այդ երկխոսությունը խոշոր ռազմական դաշնակիցների միջև։ Եթե ՆԱՏՕ մտնելու համար Հայաստանն, այնուամենայնիվ, ստիպված կլինի դուրս գալ ՀԱՊԿ-ից, մենք կկատարենք այդ պայմանը։ Ես այդ մասին արդեն խոսել եմ Պուտինի հետ։ Կարծում եմ, նա կհասկանա և հավանություն կտա մեր որոշմանը»,- այսպես էր բարբաջել Նիկոլը Նորվեգիայում (http://rusjev.net/2018/11/02/pashinyan-armeniya-hochet-uchastvovat-i-v-nato-i-v-odkb/)։
Հարգելի ընթերցողը կարող է հարց տալ. իսկ այդ ինչի՞ համար էր ՆԱՏՕ գլխավոր քարտուղարն անձամբ հրավիրել գունավոր (թավշյա) հեղափոխության, իսկ իրականում՝ պարզապես պետական հեղաշրջման պարագլուխ Փաշինյանին ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Պատասխանը պարզ է. «2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների մասին քրեական գործի նախաքննության շրջանակում հավաքված ապացույցների համադրման հիման վրա 2018թ. հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ներկայացվեց մեղադրանք Հայաստանի Քր. օր. 300,1 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»,- ասվում էր ՀՀ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում։ Այսինքն՝ Փաշինյանը ՆԱՏՕ-ի զորավարժություններից արդեն երեք ամիս առաջ էր նախաձեռնել կոնկրետ քայլեր «ՆԱՏՕ-ին և ՀԱՊԿ-ին ՀՀ միաժամանակյա անդամակցության համար», իհարկե՝ բավական ինքնատիպ ձևով, դիցուք՝ հենց ՀԱՊԿ ինստիտուտի վարկաբեկմամբ։ Ընթերցողն, անշուշտ, հասկանում է, որ ՀՀ Քր. օր. նշված հոդվածները ոչ մի ընդհանուր բան չունեին Հայաստանի հարգանքի արժանի հայրենասեր, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ։ Նրան զրպարտեցին Փաշինյանի աջակիցներն իր իսկ ուղղակի հրամանով, որը տրվել էր Արևմուտքի համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնից։ Նրանց նպատակը մեկն էր՝ վարկաբեկել ՀԱՊԿ-ը, նշանակում է՝ նաև Ռուսաստանը։ Հետո ավելին է։ Արդեն 2019թ. մարտի 19-ին մոլագարության աստիճանի գրգռված Նիկոլ Վովաևիչը մամուլի ասուլիս հրավիրեց՝ նվիրված ՀԱՊԿ-ին, և սպառնաց, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը չի նշանակվի առանց Հայաստանի համաձայնության։ «Հակառակ դեպքում դա նշանակում է, որ այդ կառույցը գոյություն չունի»,- իր դատավճիռը հրապարակեց «անվախ» Նիկոլ Վովաևիչը, որին հիմա քնքշորեն անվանում են Նիկոլ-դավաճան։ Եվ ահա, հարգելի ընթերցող, կարելի է շարունակել մեջբերել Փաշինյանի զառանցանքները ՀԱՊԿ-ի վերաբերյալ, բայց դրա կարիքը չկա այն պարզ պատճառով, որ, չնայած դրանց թվացյալ տարբեր ուղղվածություններին, դրանք ենթարկված են միայն մեկ նպատակի, կրկնում եմ՝ ՀԱՊԿ և Ռուսաստանի վարկաբեկմանը։ Իհարկե, Նիկոլ Վովաևիչի ջանքերն աննկատ չմնացին։ Այսպես, Փաշինյանի համակիրներից մեկը, ՆԱՏՕ այդ նույն գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, որին այդքան անթաքույց քծնում էր Փաշինյանը, ս.թ. դեկտեմբերի 15-ին Չեռնոգորիայի վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին (ըստ երևույթին, ի նշան երախտագիտության Փաշինյանին), ոչ, ոչ, հարգելի ընթերցող, ո՛չ ՆԱՏՕ անդամի գործողությունների գնահատականի վերաբերյալ, որը ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Թուրքիայով մոտ 2 հազար սիրիացի վարձկան-ահաբեկիչ էր նետել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի դեմ թուրք-ադրբեջանական զինված ուժերի ռազմական գործողությունների թատերաբեմ, «լուսավորեց» քաղաքակիրթ Արևմուտքի սրտացավ լրագրողներին, որոնց փորը, ավելի շուտ՝ ուղեղը ցավում էր անհամբերությունից՝ իմանալու ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ (ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի Սուրբծննդյան տոների նվերը թուրք սուլթան Էրդողանին)։ Սրտիցս քար ընկավ, երբ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը անթաքույց տառապանքների ու ապրումների միջից հայտարարեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ափսոսում է պատժամիջոցների համար, որոնք Վաշինգտոնը մտցրել է Թուրքիայի դեմ ռուսական ՀՕՊ С-400 համակարգեր գնելու պատճառով։ Եվ ինչպես չափսոսել, եթե ԱՄՆ-ը սահմանափակումներ է մտցրել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության, նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի, ինչպես նաև երեք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հակաօդային պաշտպանության ռուսական համակարգեր գնելու պատճառով։ Ռուսաստանի դեմ հավաքական Արևմուտքի ամեն տեսակ հնարավոր ու անհնար պատժամիջոցներ մտցնելու ֆոնին ինչքա՜ն կոշտ են թվում ԱՄՆ պատժամիջոցները միանգամից չորս թուրք պաշտոնյաների դեմ։ Իրոք որ, շատ ահավո՜ր է։ Տեղի ունեցող ողջ անհեթեթության համատեքստում ինձ լրջորեն տագնապեցնում է այլ բան, այն է. մի՞թե ԱՄՆ-ում և լուսավորյալ Եվրոպայում իսպառ անհետացել են պայծառ ուղեղները, մի՞թե Մառախլապատ Ալբիոնի մշուշն իսկապես մթագնել է հավաքական Արևմուտքի բանականությունը, որը չի տեսնում տարեցտարի Երկիր մոլորակին սպառնացող գլոբալ մարտահրավերները, որոնք սպառնում են կյանքի գոյությանն այդ մոլորակի վրա, դիցուք՝ կլիմայի գլոբալ փոփոխությունները, շարունակական համավարակի սպառնալիքը, սովը... Բայց սա միանգամայն այլ վերլուծության թեմա է։ Իսկ այստեղ սահմանափակվենք նրանով, որ ազգային անվտանգության մակարդակի վրա ազդող ութ օբյեկտիվ գործոններից երկուսը՝ քաղաքականը և ռազմաստրատեգիականը, վերջին 2,5 տարում Փաշինյանի և իշխանությունում սորոսյան լափակերների նպատակասլաց, հնարամիտ քաղաքականության հետևանքով, մեղմ ասած, ոչ մի կերպ չեն նպաստել Հայաստանի ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Ինչ վերաբերում է տարածքային-աշխարհագրական գործոնի ազդեցությանը ազգային անվտանգության մակարդակի վրա, ապա այստեղ ևս տագնապի քիչ հիմքեր չկան։ Հայաստանի հետ պետական սահման ունեցող չորս երկրներից Թուրքիան և Ադրբեջանը մեզ բացահայտ թշնամական պետություններ են։ Հայաստան – Վրաստան միջպետական հարաբերությունները, ավաղ, հիմնված են ոչ միայն հայ և վրացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա, այլև շատ բանով պայմանավորված են ոչ պակաս կարևոր տարածքային-աշխարհագրական, ռազմաստրատեգիական, քաղաքական և տնտեսական գործոններով, որոնք անմիջականորեն ազդում են հենց Վրաստանի ազգային անվտանգության մակարդակի վրա։ Մի կողմից՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում մայրուղային գազատարը կամ Հարավկովկասյան գազատարը, մյուս կողմից՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին (տրանսպորտային միջանցք, որը միմյանց է կապում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերը)։ Այստեղ պետք է հիշատակել նաև թուրքական կապիտալի գերակշիռ առկայությունն Աջարիայում։ Միևնույն ժամանակ, Վրաստանի անթաքույց ձգտումը՝ դառնալ ՆԱՏՕ անդամ, ռուս-վրացական հարաբերությունների չկարգավորվածության առկայությունը (Հարավային Օսիայի և Աբխազիայի առնչությամբ), անկասկած, էական (քաղաքական և ռազմաստրատեգիական) գործոններ են, որոնք ազդում են Վրաստանի ազգային անվտանգության մակարդակի վրա և, բնականաբար, որոշում նաև Հայաստանի ու Վրաստանի միջպետական հարաբերությունների համալիրը։ Եվ վերջապես, չորրորդ երկիրը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որի հետ ՀՀ-ն ունի 40 կմ-ից մի փոքր ավելի պետական սահման։ Մեկ հոդվածի շրջանակում Հայաստան - Իրան միջպետական հարաբերությունների ողջ համալիրը պարզաբանելը կնշանակի բնավ չիմանալ մեր համատեղ 2700-ամյա պատմության ողջ բազմազանությունը, նվազեցնել իրանական (պարսկական) պետականության խորքային, անխախտ հիմքերն ու ավանդույթները։ Բայց վստահաբար կարող եմ հավաստիացնել, որ Իրանի ղեկավարությունն օբյեկտիվորեն շահագրգռված է ուժեղ և Ռուսաստանի կողմից պաշտպանված Հայաստանով, քանի որ դա համահունչ է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության ապահովման շահերին։ Այդպիսի Հայաստանի առկայությունը, անշուշտ, զրոյի կհանգեցնի սուլթան Ռեջեփի տնտեսական նկրտումները, որը ձգտում է ամեն գնով տիրանալ հայ-իրանական պետական սահմանի ողջ երկայնքով ընկած տարածքին՝ միավորելով Նախիջևանի ինքնավար հանրապետությունը (Ադրբեջանի կազմում) 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին ադրբեջանա-թուրքական պատերազմի ընթացքում (մոտ 2000 սիրիացի վարձկան-ահաբեկիչների մասնակցությամբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից խլած անվտանգության գոտու շրջանների՝ Զանգելանի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի հետ։ Իրանի ղեկավարությունը հիանալի հասկանում է, թե ինչ էին իրականում նշանակում սուլթան Ռեջեփի մեջբերումները Բախտիյար Վահաբզադեի «Արաս-Արաս» ոտանավորից, որը սուլթանն արտասանեց վերջերս Բաքվում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Էրդողանի կողմից հենց այդ՝ «Արաս-Արաս» ոտանավորն (որը համարվում է ադրբեջանցի անջատողականների կարգախոսը, դրա համար էլ անմիջապես կոշտ դատապարտման ենթարկվեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆի կողմից) արտասանելն է հաստատ իրանական կողմին մղել որոշակի մտքերի։ Էլ չեմ ասում նաև մեր օրերում Իրանի սահմանի մոտ սիրիացի հարյուրավոր վարձկան-ահաբեկիչների գտնվելու փաստի մասին։ Իրանում չէին կարող չնկատել նաև իսրայելական արտադրության ամենաարդիական սպառազինության զգալի քանակությունը, որով զինված էին ադրբեջանական հրոսակները, ինչը հիմնականում հետևանքն էր Իսրայելի և Ադրբեջանի տարեցտարի զարգացող ռազմատեխնիկական համագործակցության։
Այսպիսով, հարգելի ընթերցող, ես հակիրճ ներկայացրի տարածքային-աշխարհագրական, քաղաքական, ռազմաստրատեգիական գործոնների հնարավոր ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մակարդակի վրա։ Իսկ հիմա դիտարկենք, թե ինչպիսին է տնտեսական գործոնի ազդեցությունը ՀՀ անվտանգության մակարդակի վրա։ Եվ այսպես, 2020թ. մայիսի 5-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը՝ «Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի» վերնագրով (https://regnum.ru/news/polit/2938898.html), որում նշվում էր. «...ընթացիկ գործառնությունների հաշվեկշռի բացասական սալդոյի զգալի ծավալի պայմաններում, որը ստեղծվում է ապրանքների և ծառայությունների արտաքին առևտրային հաշվեկշռի սալդոյից, ներդրումների և զուտ դրամական փոխանցումների զուտ եկամտից, կապիտալի հոսքի զգալի կրճատման պարագայում (2018թ. $125 մլն-ից մինչև $54,46 մլն 2019-ին), ՀՀ վճարային հաշվեկշիռը կլինի մեծ դեֆիցիտով։ Այս պայմաններում, եթե ՀՀ ԿԲ-ն չիրականացնի արժութային ինտերվենցիա իր պահուստներից, ապա տեղի կունենա դրամի փոխարժեքի զգալի նվազեցում, այսինքն՝ ՀՀ ազգային արժույթի արժեզրկում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով...»։ Այս հոդվածի հրապարակումից հետո անցել է ավելի քան յոթ ամիս։ Բնական է, որ Նիկոլ Վովաևիչը՝ իր իսկ սիրեցյալը, որը ոչինչ չի հասկանում տնտեսությունից և ֆինանսներից, ավաղ, առհասարակ բոլոր հարցերից, որոնք նրան՝ որպես ՀՀ վարչապետի, պետք է որ հայտնի լինեին, հավատարիմ մնաց իր տարերքին, դիցուք. բազմաթիվ live-երով շարունակեց մթագնել իր պոպուլիստական կարգախոսներից բթացած զանգվածների ուղեղները բռնագանձելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու արդեն զզվեցրած սպառնալիքներով։ Այնուհետև, իր հանցավոր անձեռնհասության կամ ծախվածության պատճառով (հակված եմ կարծելու, որ այս երկու գործոնն էլ առկա են) նա կապիտուլացվեց սիրիացի վարձկան-ահաբեկիչների հետ միասին կռվող թուրք-ադրբեջանական հրոսակների առջև՝ հանձնելով Արցախի Հանրապետության տարածքի մոտ 80%-ը։ Հատկապես ընդգծենք, որ Փաշինյանը ՀՀ-ում իշխանությունը զավթելու առաջին իսկ օրվանից իր գործողություններով սադրում էր այդ պատերազմը։ Այս ներածական նախադասություններից հետո ներկայացնենք որոշ տնտեսական վիճակագրություն։ Այսպես, ՀՀ արտաքին պետական պարտքը 2020թ. ինն ամիսներին ավելացել է $192,259 մլն-ով՝ 31.12.2019թ. $5784,518 մլն-ից 30.09.2020թ. հասնելով $5976,777 մլն-ի (ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտե, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-հոկտեմբերին», էջ 98)։ Նշենք, որ ս.թ. հունվար-հոկտեմբերին արտաքին և փոխադարձ առևտրային հաշվեկշիռը կազմել է (մինուս) – $1 մլրդ 580 մլն 745,3 հազ. (նույն տեղում, էջ 111)։ Ընդ որում՝ ՀՀ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) միջազգային արժութային պաշարները 2020թ. հունվար-հոկտեմբերին կրճատվել են 21,16%-ով՝ արտահայտված ազգային արժույթով՝ դրամով («ՀՀ ԿԲ տեղեկագիր», 2020թ. հոկտեմբեր, էջ 33)։ Ազգային արժույթի՝ դրամի արժեզրկման հետևանքով միջազգային արժութային պաշարների կրճատումն ավելի բարձր կլիներ։ Ընդ որում՝ հատկանշական է, որ 2020թ. հունվար-հոկտեմբերին էապես ավելացել են ՀՀ կառավարության պարտավորություններն առևտրային բանկերի առջև՝ 30,6%-ով («ՀՀ ԿԲ տեղեկագիր», 2020թ. հոկտեմբեր, էջ 34)։ Ասվածին հավելենք, որ 2020թ. առաջին կիսամյակում ուղղակի ներդրումները ՀՀ տնտեսությունում կազմել են (մինուս) - $102,4 մլն, այսինքն՝ տեղի է ունեցել դրանց զուտ փոխառություն, ֆինանսական պարտավորությունների ընդունում (ԱՎԿ, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-օգոստոսին», էջ 111)։ Նշենք նաև, որ եթե 2019թ. հունվար-հոկտեմբերին բանկային ոլորտով ֆիզիկական անձանց դրամական միջոցների ներհոսքը կազմել է $403 մլն 501 հազ., այդ թվում ներհոսքը Ռուսաստանից՝ $543 մլն 31 հազ., ԱՄՆ-ից (մինուս) – $23 մլն 614 հազ. (այսինքն՝ տեղի է ունեցել դրամական միջոցների զուտ արտահոսք), ապա 2020թ. հունվար-հոկտեմբերին ֆիզիկական անձանց դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է համապատասխանաբար $523 մլն 678 հազ., այդ թվում Ռուսաստանից կազմել է $317 մլն 102 հազ., ԱՄՆ-ից տեղի է ունեցել $238 մլն 269 հազ. գումարի դրամական միջոցների զուտ ներհոսք («ՀՀ ԿԲ տեղեկագիր», 2020թ., էջ 23)։ Ռուսաստանից ՀՀ դրամական միջոցների մուտքի էական կրճատումը զգալի չափով պայմանավորված էր ՀՀ-ից Ռուսաստան արտագնա աշխատուժի արտահոսքի էական կրճատմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սահմանափակումների հետևանքով։ Այս գործոնը միաժամանակ վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքացիների որոշակի հատվածի բարեկեցությունն էապես կախված է ՌԴ-ում զբաղվածության ապահովման հնարավորությունից, ինչը շատ բանով հեշտանում է այն հանգամանքով, որ ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը։ Ինքներդ դատեք, հարգելի ընթերցող։ Ս.թ. հունվար-հոկտեմբերին ՌԴ-ից դրամական փոխանցումները ՀՀ ֆիզիկական անձանց բանկային ոլորտով կազմել են $671 մլն 939 հազ. (չշփոթել դրամական միջոցների զուտ ներհոսքի հետ), դրանց տեսակարար կշիռը ընթացիկ տարվա տասն ամիսների արդյունքներով կազմել է ՀՀ 2020թ. տարեկան բյուջեի 18,8%-ը։ Եվ ահա, այսքան էական արտաքին օգնության, արտաքին պետական պարտքի ոչ փոքր ավելացման, 24,2%-ով ներքին պետական պարտքի պատկառելի աճի պարագայում (ԱՎԿ, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-հոկտեմբերին», էջ 97) ՀՀ կառավարությանն, այնուամենայնիվ, չհաջողվեց կանխել ազգային արժույթի՝ դրամի արժեզրկումը։ Եթե 2019թ. հունվար-դեկտեմբերին դրամի միջին փոխարժեքը կազմում էր 480,45 դրամ $1-ի դիմաց, ապա այս տողերի գրվելու պահին այն կազմում էր 524,9 դրամ $1-ի դիմաց, այսինքն՝ հայկական ազգային արժույթի փոխարժեքի նվազումը դոլարի նկատմամբ ներկա պահին կազմում է 9,25%, և այս միտումը կշարունակվի նաև 2021թ.։ Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, նշենք նաև, որ ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրային հաշվեկշռում Ռուսաստանի տեսակարար կշիռը ս.թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 30,3% (ԵՏՄ երկրներ – 31,7%), ընդ որում՝ ՀՀ-ից ՌԴ արտահանման տեսակարար կշիռը կազմել է դրա ընդհանուր ծավալի 25,5%-ը, իսկ ներմուծմանը՝ 33%-ը (ԱՎԿ, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-հոկտեմբերին», էջ 113-114)։ Պատկերի ամբողջականության համար նշենք նաև, որ Հայաստանում, երկրի տնտեսության առաջատար ճյուղերում գործում են ավելի քան 40 խոշոր ձեռնարկություններ ռուսական կապիտալի 100%-ոց կամ էական մասնակցությամբ, որոնք երկրի խոշոր հարկատուների ցուցակում են, ինչպես նաև հանդիսանում են խոշոր գործատուներ ՀՀ-ում, դրանց թվում են՝ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որոնք ամեն տարի Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակում են։
Կարծում եմ, հարգելի ընթերցող, որ վերոնշյալ փաստերը կասկածներ չեն թողնում այն հարցում, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մակարդակը որոշող այնպիսի օբյեկտիվ գործոնների վրա, ինչպիսին են տարածքային-աշխարհագրականը, քաղաքականը, տնտեսականը, ռազմաստրատեգիականը, Ռուսաստանն ունի վճռական նշանակություն և դրանից ելնելով հանդիսանում է Հայաստանի ինքնիշխանության և ազգային անվտանգության երաշխավորը։ Եվ պետք է կամ լրիվ ապուշ, կամ բացահայտ դավաճան լինել (Հայաստանի պարագայում ապուշության «ազգականն» է)՝ հայոց պետականության արդի, հիրավի բախտորոշ փուլում չհասկանալու համար այն պարզ ճշմարտությունը, որ մեր ժողովրդի և հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – խմբ.) անվտանգ գոյությունն ու բարգավաճումը հնարավոր են լոկ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու պայմաններում։ Ուժեղ Ռուսաստանը խաղաղության երաշխավորն է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև Երկիր մոլորակի վրա։ Եվ հայ ժողովրդի՝ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ ՀՀ-ի մտնելու գիտակցված ընտրությանը հասնելը հենց պետք է դառնա Հայաստանի քաղաքական դասի գլխավորագույն խնդիրը։ Կարևոր է հստակ պարզաբանել, որ միութենական պետության մեջ մտնելը պետք է լինի միութենական պետության ստեղծման մասին նոր Պայմանագրի հիման վրա, որի 3-րդ հոդվածը կմնա անփոփոխ, ինչպես և ներկայում գործող Պայմանագրում, դիցուք. «Հոդված 3. 1. Միութենական պետությունը հենվում է մասնակից պետությունների (Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի – Ա.Գ.) ինքնիշխան հավասարության սկզբունքների, ինքնակամության, նրանց կողմից փոխադարձ պարտավորությունների բարեխիղճ կատարման վրա։ 2. Միութենական պետությունը (Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի) հիմնված է միութենական պետության և մասնակից պետությունների միջև կառավարման առարկաների և լիազորությունների սահմանազատման վրա»։
Այստեղ նորից ու նորից կցանկանայի ընդգծել, որ ուժեղ Հայաստանի ստեղծումը երազանքից կարող է վերածվել իրականության միայն ուժեղ և բարգավաճ Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ։ Մնացած բոլոր իմաստակությունները ստերիլ ինքնիշխանության, արտաքին քաղաքականությունում կոմպլեմենտարության, համաշխարհային քաղաքականության ուժի գլխավոր կենտրոններից հավասար հեռավորության, հայ ժողովրդի հատուկ ուղու և հատուկ նշանակության մասին կլինեն միայն բարեմաղթանքներ, որոնցով, ինչպես հայտնի է, գցված է դեպի նեոօսմանյան դժոխք տանող ճանապարհը։ Սա՝ միայն աշխարհաքաղաքական կարճատեսության դրսևորման լավագույն պարագայում, երբ ակնհայտ են միավորված Արևմուտքի «խաղաղության ու անվտանգության լուսատուների աջակցության» փաստերը, ՆԱՏՕ անդամ Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության С-400 հրթիռների գնման սրտահույզ քննարկումները, երբ լռության է մատնվում հազարավոր երիտասարդների ու Արցախի խաղաղ բնակիչների հեղված արյունը, որոնք զոհվեցին Թուրքիայի անմիջական հանցավոր մասնակցությամբ, Թուրքիայի, որը ՆԱՏՕ ռազմավարական դաշնակիցն է և Հյուսիսատլանտյան դաշինքի հարավարևելյան մատույցների, այսինքն՝ նորաստեղծ նեոօսմանյան-էրդողանյան կայսրության սահմանների ողջ պարագծի ժանդարմը։ Կայսրություն, որը, հիրավի, XXI դարի չարի կայսրություն է։
Վերջաբանի փոխարեն. Հարգելի ընթերցողը կարող է տարակուսած մեկ այլ հարց էլ տալ։ Իսկ այդ ինչո՞ւ ես իմ հոդվածում միայն հպանցիկ հիշատակեցի Նիկոլ Վովաևիչին՝ իր իսկ սիրեցյալին, որին ժողովուրդը քնքշաբար Նիկոլ-դավաճան է անվանում։ Եվ ահա երեկ՝ դեկտեմբերի 16-ին, նա հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոյի հայկական բաժնին (ԶԼՄ-ն օտարերկրյա գործակալ է)։ Այո, այո, հարգելի ընթերցող, այն նույն հեռուստառադիոհեռարձակող ընկերությանը, որը 2018թ. ապրիլ-մայիսին իրական ժամանակի ռեժիմով, գրեթե շուրջօրյա, ցուցադրում և ներկայացնում էր Նիկոլի՝ երկրի բնակչության բթացման տիտանական մանիպուլյացիաները։ «Ազատություն» ռադիոյի (ԶԼՄ-ն օտարերկրյա գործակալ է) հարցազրուցավարը, իր պրոֆեսիոնալիզմից ելնելով, չէր կարող անհարմար, բայց բավական ակտուալ հարցեր չտալ Նիկոլ Վովաևիչին, իհարկե՝ ձայնի մեջ երբեմնի ավյունն ու խանդավառությունը չկային։ Նրա ամբողջ տեսքը վհատված, հուսալքված, իր հույսերի մեջ խաբված՝ ընդհանուր առմամբ կիրթ լրագրողի կերպար էր ներկայացնում։ Չեմ անդրադառնա Փաշինյանի հերթական բարբաջանքին, քանի որ դա «զուր աշխատանք արտել»-ի սերիայից է, չնայած խոստովանում եմ, որ չափավոր ճկուն անհեթեթություն էր։ Գլխավոր նպատակը, որ դրել էր Նիկոլը հարցազրույցի մեջ, այն էր, որպեսզի պատերազմի 5000 զոհերի արյան հեղման մեջ մասնակիցներին բացահայտ մանիպուլացնելով՝ հայ հասարակության ուշադրությունը շեղի զայրույթով բռնկված քաղաքացիների բուռն բանավեճից և չթուլացող բողոքի շարժումից, որպեսզի չվերլուծվի իշխանությունների հանցավոր գործունեությունը, ավելի ճիշտ՝ լռության մատնելով մոռացության տրվի անձամբ իր՝ Նիկոլ Փաշինյանի բացահայտ դավաճանությունը Հայաստանի և Արցախի ազգային շահերին, ինչն էլ նոյեմբերի 9-ին հանգեցրեց աղետի։ Ողջ ասվածի մեջ միայն մի բանում չխորամանկեց «ժողվարչապետը», այն է. Փաշինյանն իրեն ճանաչեց 2020թ. հոկտեմբեր-նոյեմբերին կատարված աղետի թիվ 1 պատասխանատու, ինչը՝ թիվ 1 պատասխանատու լինելը, նրա կարծիքով (եթե կարծիք ունի, այլ ոչ թե դա գլուխը մտցրել են անդրօվկիանոսյան տիկնիկավարները), բնավ չի նշանակում լինել թիվ 1 մեղավոր։ Դե ինչ, արդեն վատ չէ, որ իր արյունոտ կարիերայի վերջում Փաշինյանն, այնուամենայնիվ, հասկացավ, որ հանցագործություն (մեր պարագայում՝ առանձնապես ծանր) կատարելու մեջ մեղադրանքներ հարուցելը դատական մարմինների իրավասությունն է, որոնց ինքն ու ողջ սորոսյան նեխվածքը երկուսուկես տարի ծաղրուծանակի են ենթարկել։
Ամփոփելով՝ հաշվի առնելով այն, ինչ ասվեց Նիկոլ Փաշինյանի սատանայական արարքների մասին, որպեսզի հանկարծ Նիկոլի թուղթուգրին չարժանանամ, հոդվածս ավարտեմ Սուրբ գրքի խոսքերով, որոնց իմաստը այդպես էլ հասու չդարձավ Փաշինյանին. «Մի դատեք, որ չդատվեք։ Որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նրանով պիտի դատվեք և ինչ չափով որ չափում եք, նրանով կչափվի ձեզ։ Եվ ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, և քո աչքի միջի գերանը չես նշմարում»։ Միևնույն ժամանակ, չեմ կարող ձեռնպահ մնալ և կշտամբանք չուղղել Փաշինյանի սատանայական պոպուլիզմով զոմբիացված տասնյակ հազարավոր քաղաքացիներին, առավել ևս՝ «ժողվարչապետի» դեռևս երեկվա երկրպագուների կրթյալ հատվածին, որոնք այն ժամանակ այդպես էլ չհասկացան, որ Նիկոլին Երևանի հրապարակներում իրենց հիացական ողջույններով դիմավորելով՝ կատարում էին ընդամենը իրենց համար նախանշված՝ փորձի ենթակա էակների դեր՝ իրականացնելու համար այն ողբերգությունը, որը պատրաստվել էր Հայաստանի համար գունավոր հեղափոխությունների անդրկուլիսյան ստրատեգների կողմից։ Դե ինչ, պարոնայք, փնտրո՛ւմ եք արդարություն՝ կարդացեք Աստվածաշունչ, և կտրվի ձեզ. «Սուրբ բանը շներին մի տաք, ոչ էլ ձեր մարգարիտները գցեցեք խոզերի առաջին, որ նրանց կոխ չտան իրանց ոտքերովը և ետ դառնան ձեզ պատառեն»։
Արտաշես Գեղամյան
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ