Ռուսաստանի և Բելառուսի միություն Հայաստանի մտնելու այլընտրանքը պատերազմն է

01.12.2020,  Իրավունք

https://iravunk.com/?p=189205&l=am

Անոտացիա

Մեղմ ասած՝ տարօրինակ կլիներ, եթե կառավարությունը, որն այդքան կոպտաբար սխալվել է հաշվարկների մեջ, բացարձակ անիրազեկ է (ես անգամ կավելացնեի՝ հանցավոր անիրազեկ – Ա.Գ.), հայ ժողովրդի կողմից կոչված էր այն բանի համար, որպեսզի ուղղեր սխալները, վերականգներ նյութատեխնիկական, և որ գլխավորն է՝ հոգևոր-բարոյական հիմքերը Հայաստանի գործունակության, ազգային ոգու վերածնունդի համար։

 Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության (այսուհետ՝ Հայտարարություն) հրապարակման օրվանից անցել է երեք շաբաթ։ Մանրամասն չեմ ներկայացնի փաստաթղթի ստորագրմանը նախորդած իրադարձությունները, որոնք վկայում են ՀՀ վարչապետի զբաղեցրած պաշտոնին Նիկոլ Փաշինյանի լիակատար անհամարժեքության մասին, համոզիչ կերպով ապացուցում են նրա հանցավոր ոչ պրոֆեսիոնալիզմը, ինչը հանգեցրեց ազգային աղետի։ Չեմ վերլուծի նաև երկրի քաղաքական կուսակցությունների վրիպումները, որոնք, հստակ գիտակցելով, որ «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչը՝ իր իսկ սիրեցյալը, իրականում Հայաստանի, Արցախի Հանրապետության և ութ միլիոնանոց Սփյուռքի շահերի դավաճան դուրս եկավ, չկարողացան ձեռնարկել գործողություններ, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեին Փաշինյանին ու նրա հանցավոր թայֆային իշխանությունից հեռացնելուն։

Չեմ ներկայացնի նաև իմ կուսակիցների, ընտանիքիս անդամների, հարևաններիս խոր ապրումները, որոնք առանց արցունքների չեն կարողանում լսել տեղեկություններն ու կարդալ հրապարակումները պատերազմի օրերին զոհվածների մասին, որոնց մարմինները դեռևս փնտրվում են։ Էլ չեմ ասում խոր հոգեկան ցնցումների մասին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) օրերին անհայտ կորած զինվորների ու սպաների մայրերի, հայրերի, կանանց ու երեխաների տառապանքները դիտելիս։ Նրանք անզորությունից գիշեր-ցերեկ մաշում են Հայաստանի կառավարության, պաշտպանության նախարարության շեմերը՝ մի որևէ լուր ստանալու հույսով, թե իրենց հարազատը ողջ է՝ լինի գերության մեջ, թե Լեռնային Ղարաբաղի անտառներում թաքնված։ Անձամբ ինձ բնավ չի արդարացնում և բոլորովին չի մխիթարում այն փաստը, որ 2018թ. ապրիլից, երբ Հայաստանում պետական հեղաշրջում տեղի ունեցավ, ես և իմ կուսակիցները, մասնավորապես՝ Հայկական ԽՍՀ ներքին գործերի նախկին նախարար Լևոն Հակոբի Գալստյանը, քանիցս հանդես ենք եկել հրաշքով դեռևս գոյատևող ընդդիմադիր լրատվամիջոցներում՝ կոշտ հոդվածներով, որոնք բացահայտում են նիկոլվովաևիչյան հակաժողովրդական ռեժիմի հակազգային, դավաճանական էությունը։ Բարեբախտաբար, գտնվեցին Ռուսաստանի և Հայաստանի հայրենասիրական ինտերնետ-պորտալների հրատարակիչներ և խմբագիրներ, որոնք արիաբար հրապարակեցին մեր այդքան դաժան, բայց իրատեսական գնահատականները։ Նրանց չհիշելը խղճի դեմ մեղք գործել է, շնորհակալություն չհայտնելը՝ ազգակցությունն ուրացած Իվաններին նմանվել։ Եվ այսպես, հիշենք նրանց անուն առ անուն. REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերով, «Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյան, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյան, «Новое время» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյան, Shame.am ինտերնետ-ռեսուրսի հրատարակիչ Արտյոմ Խաչատրյան (արդեն ավելի քան չորս ամիս ՀՀ իշխանություններն արգելել են այդ հայրենասիրական ինտերնետ-ռեսուրսը), «Голос Армении» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյան։ Մեր տագնապահույզ օրերում, վերլուծելով Հայաստանի իշխանությունների, նաև քաղաքական դասի տապալման պատճառները, որոնք չկարողացան ժամանակին հեռացնել նրանց երկրի կառավարումից, բնականաբար, հարց ես տալիս, դիցուք. ո՞րն է Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդական դավաճանական ռեժիմի՝ առայսօր շարունակվող իշխանության ղեկին գտնվելու պատճառը։ Այո, կարելի է հերթական անգամ վկայակոչել նիկոլվովաևիչյան խառնամբոխի արտասահմանյան տիկնիկավարների լավ մտածված համակարգային աշխատանքը, որոնք հենվում են շռայլորեն վարձատրվող տեղական շշալցման սորոսական մերձքաղաքական թայֆայի, իրենց կարգապահությամբ աչքի զարնող «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի ակտիվիստների վրա, որոնք խարխլում են Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հանդեպ հավատի հիմքերը։ Էլ չեմ ասում պարտվողական Նիկոլի առանձնապես փայփայած, նրա կառավարման օրոք իրենց հատկապես արտոնյալ զգացող ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների մասին։ Այո, պետք է խոստովանել, որ գունավոր հեղափոխությունների անդրօվկիանոսյան ստրատեգները Մառախլապատ Ալբիոնի իրենց գործընկերների հետ միասին, այնուամենայնիվ, կարողացան միավորել հայոց պետականության այդ տարաշերտ խարխլողների ջանքերը, Հայաստանն ու Արցախը հասցնել տապալման։ Նրանց տրամադրության տակ տասնյակ ամենատարբեր լրատվամիջոցներ կան՝ ինտերնետ-հեռուստատեսություն, ինտերնետ-պորտալներ, տպագիր ԶԼՄ-ներ, ինչպես նաև հայ հարկատուների փողերի հաշվին գործող Հանրային հեռուստատեսությունը, տեղեկատվական գործակալություններ և իշխանամետ թերթեր։ Դրանց հակադրվում էին առանձին թիրախային «կրակոցներ» վերոնշյալ հայրենասիրական պարբերականներում, այն դեպքում, երբ ընդդիմադիր հեռուստաալիքներում, մասնավորապես՝ համեստ անձիս ելույթների վրա թաբու էր դրված։ Այս մասին ցավալի է գրել այն պայմաններում, երբ իշխանամետ գործիչների ցանկացած գովերգում իրական ժամանակի ռեժիմով հեռարձակվում էր ռադիոյով և հեռուստատեսությամբ, օրինակ՝ «Ազատություն» ռադիոյի հայկական բաժնի կողմից։ Եվ հիմա, երբ փոքր-ինչ մարում են բողոքի հանրահավաքները, որոնք կազմակերպում էին 17 ընդդիմադիր կուսակցությունները, ճիշտ ժամանակն է առանց չարախնդության և հիշաչարության հասկանալ, թե որն է, կրկնում եմ, ելքն այս ծայրահեղ տագնապալի վիճակից, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը։ Իսկ դրա համար հայացք նետենք ոչ հեռավոր անցյալին։ Եվ այսպես, հարգելի ընթերցող, 1997թ. մայիսի 31-ին և հունիսի 3-ին «Голос Армении» թերթում հրապարակվեց տողերիս հեղինակի հոդվածը՝ «Շահարկում և... անկախություն» վերնագրով։ Որոշ մեջբերումներ կատարեմ այդ հոդվածից։

Որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի դրանց բովանդակությունը և թե ինչի մասին է խոսքը, հիշեցնենք, որ 1997թ. մայիսի 12-ին Երևան քաղաքում տեղի էր ունեցել հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք, որոնք սատարում էին Հայաստանի գիտության և մշակույթի ակնառու գործիչների այն կոչին, ըստ որի՝ Հայաստանը պետք է մտներ Բելառուսի և Ռուսաստանի միության մեջ, և որով հայտարարվում էր ստորագրահավաք այս հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար։ 1997թ. մայիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման հանդես եկավ դիմումով՝ «Բելառուսի և Ռուսաստանի միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպությունների նախաձեռնության աջակցության մասին»։ Դիմումում, մասնավորապես, ընդգծվում էր, որ, չնայած մեր պետությունների ունեցած դժվարություններին, Հայաստանը նախկինի պես հանդիսանում է Ռուսաստանի հուսալի ռազմավարական դաշնակիցը։ Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, մեջբերում կատարեմ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի «Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի՝ Բելառուսի և Ռուսաստանի միության կազմ Հայաստանի Հանրապետության մտնելու ժողովրդական նախաձեռնության աջակցման հանձնաժողովի մասին» որոշումից, որում, մասնավորապես, գրված է. «Հարգելով Հայաստանի Հանրապետության պետական անկախությունը, նրա ժողովրդի հնագույն մշակույթն ու պատմությունը, ինչպես նաև ձգտելով վերականգնել և ամրապնդել ընդհանուր տնտեսական, քաղաքական և պաշտպանական տարածքը, Պետական դուման հայտարարում է Հայաստանի ժողովրդին իր լիակատար աջակցության մասին՝ նոր իրավահավասար Միություն հանրապետության մտնելու հարցի վերաբերյալ հանրաքվե  նախապատրաստելու և իրականացնելու գործում» (Մոսկվա, 1997թ. սեպտեմբերի 25, N 1748-II ՊԴ)։ Եվ ահա, Պետդումայի այս հայտարարությունն ընդունելուց (1997թ. մայիսի 20) չորս օր հետո ՀՀՇ-ական իշխանությունների ողջ քարոզչամեքենան քննադատության և վարկաբեկելու ալիքի տակ վերցրեց Հայաստանի մտավորականության լավագույն ներկայացուցիչներին, ովքեր մտահոգ էին իրենց երկրի ապագայով։ Դրանից երկու ամիս առաջ ստեղծված «Ազգային Միաբանություն» կուսակցության հիմնադիրը լինելով, որի ծրագրի հիմքում հատուկ տեղ էր հատկացվում Ռուսաստանի հետ Հայաստանի կապերի համակողմանի ամրապնդմանը՝ անկախ այն բանից, թե ինչ քաղաքական ուժ է այնտեղ գտնվում իշխանությունում, ես չկարողացա անտարբեր մնալ, և արդեն 1997թ. մայիսի 31-ին լույս տեսավ, կրկնում եմ, իմ «Շահարկում և... անկախություն» վերնագրով հոդվածը։ Մեջբերումներ կատարեմ այդ հոդվածից. «Շահարկում և անկախություն։ Երկու, թվում է, թե անհամատեղելի հասկացություններ։ Բայց պարզվեց, որ անկախության մասին ճամարտակություններն ինչպես եղել, այնպես էլ մնում են մեզ մոտ՝ Հայաստանում, զուտ շահարկում քաղաքական գործիչների համար, ովքեր իրենց Հայրենիքի ավելի քան «անկախ» փրկիչներ են երևակայում, թեև օրակարգում հարցն է՝ «լինի՞ Հայաստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ միությունում, թե՞ ոչ»։ Ցանկանում եմ նախապես հայցել ընթերցողների ներողամտությունը, բայց պատկերի ամբողջականության համար նշեմ, որ ՀՀՇ-ական իշխանությունների թիրախ դարձան մեր մտավորականության հիրավի անզուգական ներկայացուցիչները։ Ուժերիցս վեր էր լռության մատնել նրանց դեմ հարձակումները, մանավանդ որ նրանցից շատերի հետ մեծ բարեկամություն ունեի, անշուշտ՝ կրտսեր ընկերոջ իրավունքով։

«Մեզ խիստ հիասթափեցրին «Республика Армения» թերթի քաղաքականության  բաժնի վերլուծաբանները, ովքեր մայիսի 20-ի համարում մեկնաբանել էին Պետդումայի հայտարարությունը։ Ահա թե ինչ են նրանք գրում. «Եվ ի՞նչն է հատկանշական. «մայիսի 12-ի այսպես կոչված կոնֆերանսը» միավորել է մարդկանց և կազմակերպություններ, որոնց վարկանիշը հանրության շրջանում չնչին է»։

«Ովքե՞ր են այդ մարդիկ։ Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյան, որին ԽՍՀՄ Գրողների վերջին համագումարում հայտնի հրապարակախոս Մայա Գանինան անվանել էր արդի պոեզիայի կենդանի դասական և միաժամանակ նախատել, որ մեր հպարտ հայրենակցուհին նստած է ո՛չ համագումարի նախագահությունում։ Դահլիճում ներկա պատվիրակների ծափահարությունների որոտի ներքո սխալը շտկվեց։ Ըստ երևույթին, սեփական խղճի դեմ գործարքի մեջ չմտնողները շնորհազրկվում են ցանկացած ռեժիմի դեպքում... Իսկ հիմա մնում է միայն ձեռքերը թափահարել. բանաստեղծուհին, որը տառապում էր զոհված ազատամարտիկների ընտանիքների դժբախտությունից, բանտախցերում օրերը մաշող քաղբանտարկյալների հարազատների ու մերձավորների վշտից, «Республика Армения» թերթի քաղաքականության բաժնի կարծիքով, աննշան վարկանիշ ունի։

Նույն շարքում է նաև Սոս Սարգսյանը, որն իր մեջ էր ամփոփել մեր բազմաչարչար ժողովրդի ցավն ու խիղճը, մեր օրերի այդ անկոտրում, ազգային արժանապատվության զգացումը չկորցրած Ձորի Միրոն ու Նահապետը (համանուն ֆիլմերի սիրելի հերոսները), որը հանրապետության նախագահի հրամանագրով լրիվ վաստակած իրավունքով և արժանիորեն պարգևատրվեց Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (ստացվում է, որ նախագահը հաշվի չէր նստել «РА»-ի քաղաքականության բաժնի «ծանրակշիռ» կարծիքի հետ և պարգևատրել էր մի մարդու, որն աննշան վարկանիշ ուներ հանրությունում)։

Վարկանիշի հարցում չէր բերել նաև Ռազմիկ Դավոյանի՝ մեր կողքին ապրող տաղանդավորագույն բանաստեղծի, Համո Սահյանի ու Վահագն Դավթյանի հետևորդի և հոգևոր եղբոր բախտը։ Այսօր բարձր չէ նաև ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի՝ Ռուսաստանում և արտասահմանում հայկական պատմական և մշակութային ժառանգության արտակարգ և լիազոր դեսպանի վարկանիշը։ Վատ են գործերը նաև ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի՝ ազնվագույն մարդու, տնտեսագետ-ժողովրդագրի, աշխարհահռչակ գիտնականի վարկանիշի հետ կապված...»,- հենց այս տողերն էի պարտքս համարել գրել հոդվածում։

Ահա և այլ մեջբերումներ նույն հոդվածից. «Այսքան դժվարին իրավիճակում պարզ երկնքում ճայթած ամպրոպի նման ընդունվեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի հայտարարությունը Ռուսաստանի և Բելառուսի միությանը Հայաստանի միանալուն մտավորականության նախաձեռնության աջակցության մասին։ Թվում էր, թե Պետդումայի հայտարարությունը դառնալու է խոր իմաստավորման սկիզբը, թե որ երկրի և ում հետ է Հայաստանի Հանրապետությունը մտնում XXI դար։  Բայց, ավաղ, մարդիկ, ովքեր իրենց քաղաքական էլիտա էին համարում, և զանգվածային լրատվամիջոցների մեծ մասն առաջնորդվում են միանգամայն այլ հասկացություններով։ Ոմանք իրենց կուսակցության համագումարի ամբիոնից ահաբեկում են մեզ՝ մոլորության մեջ գցելով, թե, իբր, Հայաստանի մտնելը Ռուսաստանի կազմի մեջ ներկա իշխանությունները հավերժական կդարձնեն։ Բայց չէ՞ որ խոսք անգամ չկա Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին։ Ինքնիշխան Ռուսաստանը մնում է Ռուսաստան, Բելառուսը մնում է Բելառուս, եթե Հայաստանը միանա նրանց միությանը, կմնա ինքնիշխան Հայաստան։ Մյուս քաղաքական գործիչներն իրենց ուսերի վրա են վերցնում ակնհայտորեն իրենց ուժերից վեր բեռ՝ հանդես գալով Ռուսաստան – Բելառուս Միության մի ինչ-որ միջազգային դատավորի դերում, որպեսզի նախազգուշացնեն մեզ, որ Հայաստանի միանալն այս միությանը կսահմանափակի ՀՀ անկախությունը։ Ընդ որում՝ չեն պարզաբանում, մոռանում են նշել, թե անկախության ինչ սահմանափակումների մասին է խոսքը։ Ռուսաստան-Հայաստան ռազմաստրատեգիական միությունն արդեն ամրագրված է երկու երկրների նախագահների ստորագրություններով։ Ուրեմն, խոսքը տնտեսական անկախության սահմանափակումների մասին է, այն անկախության, որը, ըստ էության, մենք կորցրել էինք առանց Ռուսաստանի կամ Բելառուսի որևէ մասնակցության»։ Եվ հոդվածի ամփոփիչ մասում բերվում էին տողեր, որոնք, ըստ իս, հատկապես ակտուալ են նաև մեր օրերում։ Խորհեք, խնդրում եմ, հարգելի ընթերցող. «Խոսքն, ախր, այլ բանի մասին է. ի՞նչ ճանապարհով պետք է ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը դառնա ուժեղ ինչպես տնտեսապես, այնպես էլ ռազմական առումով, ինչպե՞ս համախմբել ազգը, հասնել Արցախի հարցի արդարացի լուծման, ապահովել Հայաստանի և Սփյուռքի միասնականությունը, ինչպե՞ս կենսագործել հայերի դարավոր երազանքը՝ մեկ ազգ՝ մեկ Հայրենիք։ Կարևոր է որոշել, թե որ պետությունների հետ են համընկնում Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական շահերը, և իմաստավորել, թե որքանով է հնարավոր, ՀՀ սահմանադրական կարգին, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Հայաստանի անդամակցությունն այս կամ այն միությանը։

Համոզված եմ, որ Հայաստան – Ռուսաստան – Բելառուս 3 ինքնիշխան պետությունների ջանքերի միատեղումը տարբեր ոլորտներում, ներառյալ ռազմականը, ժողովուրդների կենսամակարդակի բարձրացումը, մասնակից պետությունների կայուն զարգացման ապահովումը՝ նրանց պոտենցիալների բազմապատկման ճանապարհով, ինչպես նաև շուկայական մեխանիզմների օգտագործումը բարիք կծառայեն բոլորի համար»։ Հետագայում Ռուսաստանի և Բելառուսի միությանը Հայաստանի անդամակցության գաղափարն է հենց համախմբել չորս քաղաքական կուսակցություններին՝ «Ազգային Միաբանություն», «Սահմանադրական իրավունք միություն», «Գարդմանք», «Արցախ-Հայաստան», ինչպես նաև Գիտաարտադրական և քաղաքական միությունը՝ «Իրավունք և Միաբանություն» միասնական նախընտրական դաշինքով, որը 1999թ. ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով դարձավ խորհրդարանական խմբակցություն։ Նշենք նաև, որ հիմա էլ «Սահմանադրական իրավունք միություն» (ղեկավար՝ Հայկ Բաբուխանյան) և «Ազգային Միաբանություն» (ղեկավար՝ Արտաշես Գեղամյան) կուսակցությունների օրակարգում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքի խորացման հարցերը զբաղեցնում են գերակա տեղ։ Իսկ Հայաստանի անդամակցությունը Ռուսաստան – Բելառուս միութենական պետությանը երբեք չի կորցրել ակտուալությունը։ Ընթերցողը միանգամայն տեղին կարող է հարց տալ. այդ ինչո՞ւ է  տողերիս հեղինակը մեջբերումներ կատարում քսանամյա վաղեմության իր իսկ հոդվածներից։ Այդ ամենի մասին՝ հերթով։ Թուրք-ադրբեջանական հրոսակների (սիրիական ահաբեկիչների լայն ներգրավմամբ)՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած Սեպտեմբերյան պատերազմին (2020թ.) հաջորդած ողբերգական իրադարձություններից հետո Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ տեղեկատվական պատերազմի վարման ողջ գործիքանին ժամանակավորապես լռել է։ Թվում էր, թե տեղեկատվական պատերազմի ստրատեգները գիտակցեցին, որ այն պայմաններում, երբ բնակչության ճնշող մեծամասնությունը գտնվում է շոկային վիճակում, այնքան էլ լավ ժամանակ չէ հայ հանրությանը պարտադրելու ամեն տեսակ մեղավորներ թուրքադրբեջանա-արցախյան խայտառակ պարտության համար՝ որպես կատարված չարագործության գլխավոր մեղավոր՝ հանձին Սորոսի ու Մառախլապատ Ալբիոնի հատուկ ծառայությունների դրածո, ներկայում ժողովրդի կողմից քնքշորեն Նիկոլ-դավաճան հորջորջվողից բացի։ Դատելով նրանց գործողություններից՝ մեր օրերում նիկոլյան արտասահմանյան տիկնիկավարները վերլուծում են իրենց մարտավարությունը նոր՝ հայոց պետականության վերջնական փլուզման եզրափակիչ փուլում։ Արձանագրելով հատկապես վերջին օրերին սորոսյան «Բաց հասարակություն» հիմնադրամի կողմից վարձված տարատեսակ ինտերնետ-պորտալների և ինտերնետ-հեռուստատեսության նկատելի ակտիվացումը՝ հակազգային նեխվածքն արդեն կողմնորոշվել է իր հետագա գործողությունների պլանի հարցում։ Նրանց հարվածի հիմնական ուղղությունը, ո՛չ, հարգելի ընթերցող, 17 քաղաքական կուսակցությունների ղեկավարների դեմ չէ, որոնք միավորվել են Փաշինյանի հրաժարականի պահանջով, նրանց էլ են հայհոյում, բայց հենց այնպես, իմիջիայլոց։ Հակազգային ուժերի գլխավոր թիրախը ինչպես եղել, այնպես էլ մնում է Ռուսաստանը։ Կամաց-կամաց, բավական նենգաբար սերմանվում է միտքն այն մասին, որ Ռուսաստանը օգնության չեկավ Հայաստանին և Արցախին, որ Ռուսաստանը դավաճանեց իր ռազմավարական դաշնակից Հայաստանին և նման ստոր մտահանգումներ՝ նույն հակազգային ուղղվածությամբ։ Ցավոք, դրան հակադարձվում են միայն եզակի հրապարակումներ, որոնցում ուղղակիորեն հայտարարվում է, որ հենց Ռուսաստանը, հենց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է կանխել Արցախի հայ բնակչության ցեղասպանությունը։ Որ հենց Ռուսաստանի նախագահի վճռական գործողություններն են կանգնեցրել թուրքական զինված ուժերի մուտքը Արցախի Հանրապետության դեռևս պահպանվող մի մասի տարածք խաղաղապահների դիմակի ներքո։ Որ հենց ռուս սահմանապահների առկայությունն է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական պետական սահմանին սառեցրել «հաղթական» թուրք գեներալներ Բախտիյար Էրսայի և Շերեֆ Օնգայի ավյունը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ կառավարման պետ, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայի գլխավորած խումբն անմիջականորեն մասնակցել է մարտական գործողությունների կազմակերպմանը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղում գործողության պլանավորմանը և իրականացմանը անմիջական մասնակցություն է ունեցել նաև  Թուրքիայի ցամաքային զորքերի 3-րդ դաշտային բանակի (որի երկու ընտրյալ կորպուսն արդեն մեկ տարի չէ, որ տեղակայված է Նախիջևանի Ինքնավար Մարզում, որը երկար սահման ունի Հայաստանի հետ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայը։ Հայաստանի և Արցախի համար ճակատագրական այս փաստերի թերասացությունն է հենց հայկական լրատվամիջոցներում ուժ տվել շռայլորեն վարձատրվող տարատեսակ ռուսատյացներին, նորահայտ նեոօսմանյան սուլթան Էրդողանի գաղափարներն իրականացնողներին։ Ցասում և միևնույն ժամանակ զմայլանք է (եթե զգացումների նման համադրությունը հնարավոր է) արտահայտում այն հանգամանքը, որ YouTube-ում սորոսյան ֆունկցիոներներին ենթակա ինտերնետ-հեռուստաալիքներում տարատեսակ հարցազրույցների և ռեպորտաժների տեղադրվելուց հետո տառացիորեն առաջին երկու ժամում ինչ-որ հանելուկային ձևով հավաքվում է տասնյակ հազարների հասնող հանդիսատեսների լսարան։ Ընդ որում՝ ժամանակը, երբ այդ հեռուստապասկվիլները եթեր են արձակվում, բնավ էական չէ, դիցուք. վաղ առավոտյան լինի, ցերեկը, թե կեսգիշերն անց։ Իսկ զմայլանք առաջացնում է այն հանգամանքը, որ այդ նույն սորոսյան խառնամբոխի «մշակների» եթերում մանրակրկիտ բեմադրած ռեպորտաժներն իբր Արցախի դեմ սանձազերծված պատերազմին երիտասարդ մարտիկների մասնակցությամբ, որպես կանոն, ուղեկցում են նրանց «հայտնությունները» ոչ այլ կերպ, քան զզվելի հայհոյախոսությունների օգտագործմամբ Նիկոլ Վովաևիչի ընդդիմախոսների հասցեին, ով, ֆեյքի վարպետների բանակի շնորհիվ, շարունակում է ներկայացվել որպես կուռք հազարավոր զոմբիացված քաղաքացիների, անվերջանալի ֆեյք գրոհների զոհերի համար։ Բայց նրանց գործունեությունը նույնպես մինչև վերջ մտածված չէ։ Այսպես, երեկ կեսգիշերին եթեր հեռարձակվեց մի ինչ-որ սուբյեկտ՝ աչքերում հազիվ թաքցվող վախով, որը հետն էլ սարսափեցնում ու վայրահաչում էր ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորների հասցեին։ Յուրաքանչյուր անկողմնակալ քաղաքական գործիչ, և ինչու միայն քաղաքական գործիչ, իրեն հարգող ցանկացած քաղաքացի, դիտելով այս ստոր ներկայացումը, անկասկած, կցանկանար հասցնել այդ չկայացած քրեական հեղինակության ասեմ, թե սկսնակ «ջեբկիրի» քիթումռթին։ Բայց հարցն այլ է, դիցուք. տառացիորեն մեկ ժամ անց՝ արդեն կեսգիշերից հետո, ինտերնետ հեռուստատեսության ավելի քան երեք հազար օգտատերեր վկայեցին, որ ռեպորտաժն իրենց դուր է եկել։ Իմ սիրտն էլ հրճվեց, որ նիկոլվովաևիչյան իշխանությանը հաջողվել է այնպես տիրանալ երևանյան, և ոչ միայն, խուլիգանների մտքին ու սրտին, որ գիշերվա ժամերին նրանք հիմա «հոպ-ստոպ» անելով չեմ զբաղվում, չեն հարբում կամ մարմնավաճառներին չեն հսկում, այլ համակ ուշադրությամբ դիտում են իշխանությունների կողմից վարձված ինտերնետ-հեռուստաալիքները։ Այսինքն՝ բնակչությանը բթացնելու երկրորդ փուլը շարունակվում է նոր թափով։ Ընդ որում, երբ եթեր են դուրս գալիս բացահայտ անտաշները, մի քանի խնդիր է լուծվում. երկրի՝ հացն արդար աշխատանքով վաստակող նորմալ քաղաքացիների ահաբեկում, մի կողմից, ինչպես նաև բնակչության մտածող մասի օտարում տեղեկատվության ցանկացած աղբյուրից, ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր։ Մակերեսին են մնում այդ նույն սորոսյան պնակալեզները, տոտալիտար կրոնական աղանդի և ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստները։

Հատուկ այսքան մանրամասն ներկայացրի Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական պատերազմի ոլորտի մասնագետների գործունեության ակտիվացման նշանները Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Հայտարարության ընդունումից հետո։ Չէ՞ որ նրանց վերջնանպատակը՝ Ռուսաստանին Հայաստանից և Արցախից դուրս մղելը, դեռևս չի իրականացված։ Այդ նպատակին հասնելու առաջին քայլը արդեն հետպատերազմյան շրջանում երկրի բնակչության լայն շերտերին Ռուսաստանի՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակցի, անհուսալիության առասպելի հետևողական սերմանումն է։ Թերևս, հայոց պետականության համար կործանարար այս գաղափարի պաշտպանության փաստարկների ողջ զինանոցը, եթե այն, Աստված մի արասցե,  տիրի բնակչության դեռևս շոկային վիճակի մեջ գտնվող զգալի մասի մտքին, կդառնա երկրում քաղաքացիական պատերազմի սանձազերծման կռվան և կհանգեցնի հայոց պետականության վերջնական կորստին։ Հակահայ ռուսատյաց քարոզչության ստրատեգների գլխավոր «փաստարկների» ինքնատիպ ինտեգրալային զինանոցը ներկայացվել է հայ քաղաքական գործիչերից մեկի՝ Անդրիաս Ղուկասյանի հարցազրույցում, որը տվել է Իրինա Տումակովային («Новая газета»)՝ հրապարակված 2020թ. նոյեմբերի 17-ին, «Հայերն այլևս չեն կարող Ռուսաստանը դաշնակից համարել» վերնագրով։ Բոլորովին միանշանակ չէ նաև հրապարակման ենթավերնագիրը. «Ղարաբաղը կիսեցին հանուն թուրքերի հետ ռուսների բարեկամությա՞ն։ Փաշինյանը դավաճա՞ն է։ Ինչպե՞ս է Հայաստանը ընկալում ազգային աղետը» (https://novayagazeta.ru/articles/2020/11/17/87996-armyane-bolshe-ne-mogut-schitat-rossiyu-soyuznikom)։ Չեմ ներկայացնի ի սկզբանե վտանգավոր և սուտ եզրահանգումները, որոնք հիմք են ծառայել հոդվածի վերնագիրն ընտրելու համար, բայց կներկայացնեմ նաև այլ ԶԼՄ-ներում արծարծվող պասաժները, դիցուք. «պատերազմի այդ 44 օրերին, առնվազն, զոհված զինվորների կեսը սպանվել է ռուսական «Սմերչ» համազարկային համակարգերի կողմից, իսկ քաղաքներն ավերվել են բելոռուսական «Պոլոնեզ» համակարգերով; Ռուսաստանի և Թուրքիայի բարեկամությունը և եղբայրությունն արդեն այն ժամանակ (խոսքը Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության մասին Մոսկվայի պայմանագրի մասին է – Ա.Գ.) կառուցվում էին Հայաստանի կողմից տրվող զոհերի վրա, և այսօր մենք նորից տեսնում ենք կոնսենսուս և փոխըմբռնում Ռուսաստանի և Թուրքիայի միջև; Փաշինյանն, անշուշտ, հայ է, և նա հայրենասեր է; հետո Ռուսաստանը, որին այժմ հայ ժողովուրդը մեղադրում է, որ նա դավաճանել է իրեն, այդ ամենը կկախի Փաշինյանի վրա, որպեսզի մաքրի իր իմիջը, և ինչպես Թուրքիան մտավ Ադրբեջան, այդպես էլ Հայաստան կմտնի Ֆրանսիան, այդ ժամանակ, գուցե, Ռուսաստանում կմտածեն՝ արժե՞ր արդյոք գնալ այդ քայլերին» (նկատի ունի Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Հայտարարության ընդունումն առանց Ֆրանսիայի մասնակցության – Ա.Գ.)։

Եվ ահա, վերլուծելով տասնյակ ու տասնյակ տարատեսակ հրապարակումներ, բազմաթիվ ինտերնետ-պորտալների և ինտերնետ-հեռուստատեսության հարցազրույցներ՝ հստակ ուրվագծվում է առաջին հայացքից ամենատարբեր սյուժեների և թեմաների հնչեցման գիծ, որոնք այսօր հրատապ նշանակություն ունեն և հետապնդում են միանգամայն կոնկրետ նպատակ. Հայաստանի ամենատարբեր համոզմունքներ, կրթության և պրոֆեսիոնալ զբաղվածության տարբեր մակարդակներ ունեցող քաղաքացիների գիտակցության մեջ սերմանել վերը բերված եզրահանգումների իբր օբյեկտիվությունը։ Կրկնում եմ, այս ամենն արվում է հստակ համակարգային հիմքով։ Իսկ ի՞նչ է հակադրվում դրան, հարց կտա հարգելի ընթերցողը։ Այսօրվա դրությամբ պատասխանն այսպիսին է. մասնակիցների նոսրացող թվով բազմամարդ հանրահավաքներ՝ միայն մեկ օրակարգով. Նիկոլը դավաճան է, պետք է ձևավորել ազգային համաձայնության կառավարություն։ Հանրահավաքներ, որոնք օրեցօր ավելի դաժանաբար են ճնշվում ոստիկանության կողմից։ Այդ կարգախոսների բուն էության լայն պարզաբանման անհրաժեշտությունը և ակտուալությունը, մեր քաղաքացիների գիտակցության թունավորման նրանց հեռուն գնացող նպատակների բացահայտումը, անկասկած, հապաղման ենթակա չեն։ Բայց, իմ կարծիքով, մեր օրերում շատ ավելի կարևոր է բացահայտել տեղի ունեցած աղետի խորքային պատճառները, կարողանալ ցույց տալ ահա արդեն ոչ մեկ տասնամյակ գործող սորոսյան հինգերորդ շարասյան, տարատեսակ տոտալիտար կրոնական աղանդների և ԼԳԲՏ հանրույթի ողջ հանցավորությունը, բացահայտել դրանց ֆինանսավորման աղբյուրները և դրանց հասցեատերերին, որոնք ահա արդեն ավելի քան երկու և կես տարի խրամատավորվել են իշխանական կառույցներում։ Եվ վերջապես, փնտրել և գտնել ընդդիմադիր խմբակցությունների հետագա գործողությունների սահմանադրական հիմքեր, որոնց իրականացումը կհանգեցնի VII գումարման Ազգային ժողովի ցրմանը, որոնք, անշուշտ, առկա են։ Բարիք է, որ Հայաստանի գործող խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների կազմում կան սահմանադրական իրավունքի պրոֆեսիոնալ մասնագետներ։ Եվ միայն ՀՀ Ազգային ժողովի ցրումից հետո  Հայաստանի քաղաքական ուժերը պետք է հանդես գան խոր հասարակական և քաղաքական ճգնաժամից Հայաստանի դուրս գալու ծրագրերով, ճգնաժամ, որի մեջ հայտնվել է հայ հասարակությունը, չէ, ոչ հիմա, հարգելի ընթերցող, այլ 2018թ. ապրիլ-մայիսին երկրում կատարված պետական հեղաշրջումից հետո։

Ինչ վերաբերում է «Ազգային Միաբանություն» կուսակցությանը, ապա մեր տագնապահույզ օրերում ստեղծված չափազանց վտանգավոր իրադրությունից, որը կարող է հանգեցնել հայոց պետականության կորստին, դուրս գալու միակ ճիշտ ելքը միանալն է քաղաքական կուսակցություններին, որոնք ահա արդեն ոչ մեկ տասնամյակ հայտարարում են իրենց հավատարմությունը Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքի հետագա խորացմանը։ Դա առաջին հերթին«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունն է, որի հետ դեռևս 1998թ., Հայաստանի Հանրապետության երկրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների նախօրեին, կնքվեց քաղաքական համաձայնություն, որի հիմքում մեր կուսակցությունների հավատարմությունն ու վճռականությունն են՝ պատրաստել հայ հասարակությանը Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելուն։ Միևնույն ժամանակ, նշեմ, որ այս գաղափարի հեղինակն արդի փուլում «Սահմանադրական իրավունք միության» առաջնորդ Հայկ Բաբուխանյանն է, ինչը համահունչ է ինչպես «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավարության, այնպես էլ մեր կուսակցության շարքային անդամների ակնկալիքներին։ Ընդ որում՝ այս փուլում, կարծում եմ, մեզ սպասվում է ամբողջական ծրագրի մշակման տքնաջան աշխատանք՝ ստեղծելու Ռուսաստանի և Բելառուսի հետ միասնական քաղաքական, տնտեսական, ռազմական, արժութային, իրավաբանական, հումանիտար և մշակութային տարածքի հիմքերը։ Հատկանշական է, որ օրերս «Սահմանադրական իրավունք միության» գրասենյակում ստեղծված աղետալի վիճակից Հայաստանի դուրս գալու ուղիների մասին քննարկումներին ներկա էր նաև աշխարհազորի առավել հայտնի ներկայացուցիչներից մեկը, որը զգալի դեր է խաղացել Ռուսաստանին Ղրիմի երկրամասի միավորման հարցում, մեր հայրենակից Արմեն Համլետի Մարտոյանը (անվանականչը՝ «Սամվել»)։ Նա, իր հերթին, միանգամայն համոզիչ կերպով հիմնավորում էր այն մեկ և, ըստ իս, անբեկանելի ճշմարտությունը, որ ուժեղ Հայաստան կարող է լինել միայն Ռուսաստանի հետ դաշինքով, ասել է թե՝ անհրաժեշտ է Ռուսաստանի և Բելառուսի հետ Հայաստանի նոր միության լայն համաժողովրդական շարժման կազմակերպումը։ Դե ինչ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ։ Հանուն նոր միության» գաղափարը, համոզված եմ, դրա իրագործման գրագետ կազմակերպման դեպքում, այն հիմքն է, որի վրա կվերածնվի Հայաստանի Հանրապետությունը, և այդ դեպքում շատ ավելի անվտանգ և հուսավառ կլինի Հայաստանի Հանրապետության ապագան։ Հիմա արդեն իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում համոզմունքը, որ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու այլընտրանքը պատերազմն է։

Վերջաբանի փոխարեն. Վերլուծելով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերյան (2020թ.) պատերազմում հայկական կողմի կրած դաժանագույն պարտության պատճառները, կարդալով թեմայի վերաբերյալ ռազմական թղթակիցների և ռազմական փորձագետների բազմաթիվ հրապարակումները՝ հատկապես մտապահել եմ Եվգենի Գիլբոյի «Ղարաբաղի դասերը և ռուս-թուրքական վերջին պատերազմի հեռանկարները» հոդվածը՝ հրապարակված ս.թ. նոյեմբերի 28-ին World Crisis ինտերնետ-պարբերականում։ Հեղինակի որոշ եզրակացությունների հետ դժվար է չհամաձայնել, դիցուք. «Հայաստանի ողբերգությունը, հայոց պետականության ազգային տապալումը ինքն իրեն երկարատև և անվերապահորեն ստելու հետևանքը դարձավ։ Երեսնամյա վաղեմության փայլուն հաղթանակը, որն ի ցույց դրեց հայկական բանակի բացարձակ գերազանցությունը ադրբեջանականի հանդեպ, ստիպում էր մտածել, որ այդ գերազանցությունը մշտական է (հատկապես 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հաղթանակից հետո – Ա.Գ.)։ Եվ իսկապես, մենք տեսանք, թե ինչպես Ղարաբաղի բանակը 1։10 հարաբերակցության պայմաններում կարողացավ խափանել ադրբեջանա-թուրքական բանակի բլից-կրիգը։ Բայց պարտությունը, միևնույն է, վիթխարի էր և բացարձակ։ Դրա պատճառը պարզ է. հայկական բանակի ռազմատեխնիկական և կազմակերպչական հետամնացությունը... Հետամնացության համար ստիպված ես վճարել։ Հայ ժողովուրդը այսօր թանկ գին է վճարում ռազմատեխնիկական և կազմակերպչական հետամնացության համար... Վճարում է այն բանի համար, որ չէր ցանկանում տեսնել ազգային դավաճանության իրողությունը։ Ազգային  դավաճանությունը կարող է տարբեր համազգեստներով քողարկվել։ Պարտադիր չէ ուղղակիորեն համագործակցել հակառակորդի հետ։ Բավական է չանել այն, ինչը ՊԵՏՔ Է ազգի գոյատևման համար»։ Ահա Հայաստանի Հանրապետության ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, հանցավոր ոչ պրոֆեսիոնալիզմի տարողունակ բնորոշումը։

Հ.Գ. Չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Բարիք է, որ երբ գրվում էին այս տողերը, հրապարակվեց ռուս հայրենասեր-դերժավնիկ, Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի մեծ բարեկամ, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, միջազգային «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինի հարցազրույցը «Ноев Ковчег» հանրածանոթ թերթին։ Կսահմանափակվեմ միայն «Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պարտությունից հետո։ Փաշինյանը պե՞տք է հրաժարական տա» հարցին Կոնստանտին Ֆյոդորովիչի տված պատասխանով։ Հարցին հետևել է միանշանակ ազնիվ և տրամաբանորեն անվիճելի պատասխան. «Ես կարծում եմ, որ, մեղմ ասած, տարօրինակ կլիներ, եթե կառավարությունը, որն այդքան կոպտաբար սխալվել է իր հաշիվներում, եղել բացարձակ անիրազեկ (ես կավելացնեի՝ հանցավոր – Ա.Գ.), կկոչվեր հայ ժողովրդի կողմից այն բանի համար, որպեսզի շտկեր սխալները, վերականգներ նյութատեխնիկական, և որ գլխավորն է՝ հոգևոր-բարոյական հիմքերը Հայաստանի գործունակության, ազգային ոգու վերածնունդի համար»։ Դե ինչ, ավելի համոզիչ չես ասի։

                                   

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր