Կծափահարի՞ արդյոք Փաշինյանը Նավալնուն
10.09.2020, Ռեգնում
https://regnum.ru/news/polit/3059845.html
11.09.2020, Shame.am
http://www.shame.am/news/view/68546.html
11.09.2020, Իրավունք
https://iravunk.com/?p=180747
Հարգելի ընթերցող, չեմ թաքցնի, որ ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնու հետ կապված՝ ապաշնորհ պլանավորված սադրանքի իմ վարկածը նկարագրելու ոչ մի ցանկություն չկար։ Այդ ամենը չափից ավելի ծանոթ է՝ սկսած ««Նովիչոկով» Սկրիպալների թունավորման» պատմությունից։ Անթաքույց ռուսատյաց այս երկու գործողությունների նպատակը, որոնց սցենարները գրվել էին գլոբալիստների անդրօվկիանոսյան հայտնի հետևորդների կողմից, միանգամայն ակնհայտ է, դիցուք՝ Ռուսաստանի և նրա արժանավորագույն նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի դեմոնացումը։ Այդ սցենարների (որ գրվել են ժամանակակից անգլիական քաղաքական բեսթսելերների ոգով և ի կատար ածվել հոլիվուդյան քաղաքական կինոհիթերի՝ արդեն ձանձրացրած ավանդույթներով) հեղինակների կարծիքով՝ այս Նավալնիանան նպատակ ունի շեղելու ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիների ուշադրությունն այն սուր հիմնախնդիրներից, որոնք գոյություն ունեն այնտեղ։
Դա, առաջին հերթին, վերաբերում է ԱՄՆ-ին, որտեղ այսօր տեղի են ունենում երկրի պատմության մեջ ամենամեծ զանգվածային անկարգությունները, որոնք պայմանավորված են ոչ վերջին հերթին, ո՛չ, ո՛չ, հարգելի ընթերցող, ոչ թե ռասայական բախումներով և ոչ էլ կորոնավիրուսի համավարակով, այլ 2020թ. նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններով։ Եվ հենց մեր տագնապալից ժամանակներում էլ, ԱՄՆ-ի և Չինաստանի բավական բարդ հարաբերությունների պայմաններում, որոնք կարող են վերաճել ռազմական բախման, համաշխարհային ֆինանսական հետնաբեմի համար միանգամայն տեղին էր սադրել Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ այժմ արդեն կտրուկ դիմակայությունը։ Անդրօվկիանոսյան հատուկ ծառայությունների մանրակրկիտ և տարիներ առաջ ծրագրված և այժմ Բելառուսի Հանրապետության հարևան երկրների նրանց եվրոպացի կամակատարների կողմից իրականացվող գործողությունը, որի գագաթնակետը ս.թ. օգոստոսի 9-ը (Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրությունների օրը) և հետագա օրերն էին, դատելով արտասահմանյան տիկնիկավարների նյարդային արձագանքից, խափանվեց։ Դրան ոչ քիչ չափով ծառայեց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի կշռադատված, անգամ բթամիտների համար միանգամայն հասկանալի հարցազրույցը «Россия» հեռուստաալիքի «Вести недели» ծրագրի հեղինակ և վարող Սերգեյ Բրիլյովին։ Ամերիկյան գլոբալիստների համար իրադարձությունները Բելառուսում և Ռուսաստանի արձագանքը դրանց սպասվող արդյունքը չեն տալիս Գերմանիայի Դաշնային Հանրապետության վրա ճնշումն ուժեղացնելու առումով՝ որպեսզի նրան դրդեն դադարեցնել «Հյուսիսային հոսք – 2» գազատարի շինարարությունը։ Հենց դրա համար էլ արևմտյան ստրատեգներն ամեն գնով պետք է մի ավելի դաղդղող բան մտածեին, քան դատարկ տեղը բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ հանձինս Սվետլանա Տիխանովսկայայի, Վերոնիկա Ցեպկալոյի և Մարիա Կոլեսնիկովայի, մեծարելն ու հերոսացնելը։ Պետք էր սաստիկ խռովել հավաքական Արևմուտքի շարքային քաղաքացիների հանրային կարծիքը՝ առաջ բերելով վրդովմունք Ռուսաստանի «ուխտադրուժ» գործողությունների հանդեպ։ Եվ այստեղ սկսեցին իրականացնել պլան «Բ»-ն, որը կրում էր «Ալեքսեյ Նավալնու թունավորումը «Նովիչոկով»» կոդային անվանումը, որի իրագործման ականատեսներն ենք դարձել մենք։ Այս հաշվով արդեն հարյուրավոր հոդվածներ են գրվել, եթեր արձակվել տասնյակ հեռուստատեսային տեղեկատվա-վերլուծաբանական ծրագրեր։ Ընթերցողների ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն հետազոտության վրա, որը հրապարակվել է այսօր՝ ս.թ. սեպտեմբերի 10-ին, Deutsche Bank-ի կայքում, որը կանխագուշակում է աշխարհում «Անկարգության դարաշրջանի» գալստյան մասին։ Զեկույցի հեղինակ Ջիմ Ռեյդի ու նրա գործընկերների կանխատեսմամբ՝ «Անկարգության դարաշրջանի» բնորոշ գիծը դառնալու է Չինաստանի տնտեսության ավելի բարձր լինելը ԱՄՆ տնտեսությունից, ընդ որում՝ երկրների դիմակայությունն ընթանալու է տնտեսական ոլորտում, և դա հիշեցնելու է սառը պատերազմի ժամանակների Միացյալ Նահանգների և ԽՍՀՄ-ի փոխհարաբերությունները։ Ինձ համար դժվար է չտրվել գայթակղությանը՝ փոքր-ինչ ավելի մանրամասն ներկայացնելու այդ զեկույցում բերված հարցերը, սակայն կսահմանափակվեմ միայն business-magazine.online/fn_42590.html կայքի ս.թ. սեպտեմբերի 10-ի հրապարակմամբ, որում ներկայացվում են այդ զեկույցում նշված ութ առանցքային թեմաները, դիցուք.
• ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունների վատթարացում՝ Պեկինի տնտեսական կշռի ավելացմանը զուգընթաց;
• ճշմարտության պահը Եվրոպայի համար. COVID-19 համավարակը նոր խթան տվեց ինտեգրացիոն գործընթացներին, այսինքն՝ հավանականություն, որ Եվրոպան կմնա տնտեսական լճացման վիճակում՝ քաղաքական հատվածայնացման հեռանկարով;
• պարտքերի հետագա մեծացում և որպես մոնետար մեյնսթրիմ՝ «ուղղաթիռային փողերի» քաղաքականության տարածում;
• սղաճի հավանական աճ՝ ֆիսկալ-մոնետար էքսպանսիայի հետևանքով;
• տնտեսական անհավասարության սաստկացում հետքովիդյան դարաշրջանի առաջին փուլում, բայց և հետագայում՝ այդ թրենդի շրջադարձ; պետությունները կսկսեն ավելի շատ հարկեր գանձել հարուստներից;
• սերունդների միջև մրցակցության ուժեղացում. միլենիալներն ու ավելի երիտասարդները մինչև 2030 թվականը թվաքանակով կանցնեն ավագ սերնդին, ինչը նրանց թույլ կտա որոշել դեմոկրատական ընտրությունների արդյունքները;
• կլիմայի հարցերով գլոբալ մտահոգության աճ;
• նոր տեխնոլոգիական հեղափոխություն։
Բնավ պատահական չէ, որ մեջբերումներ կատարեցի Deutsche Bank Research-ի զեկույցից։ Համոզված եմ, որ աշխարհում այսքան հեղինակավոր ֆինանսական ինստիտուտի այս հետազոտությունն անցկացվել է ոչ առանց Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հուշման։ Եվ ահա, Եվրոպայի առաջատար և աշխարհի չորրորդ՝ Գերմանիայի (որի ՀՆԱ-ն $3 տրլն 963 մլրդ 880 մլն է) տնտեսության կապիտանները հաստատ հաշվարկել են ահռելի տնտեսական և ոչ փոքր քաղաքական վնասներն այն դեպքում, եթե Գերմանիան հրաժարվի «Հյուսիսային հոսք – 2» գազատարի շինարարությունն ավարտելուց և հետագա շահագործումից։ Ասվածի համատեքստում նշեմ Գերմանիայի առաջատար քաղաքական գործիչների որոշ արտահայտությունները Նավալնու գործի հետ կապված։
«Ես դեռ վերջնական որոշում չեմ կայացրել այս առնչությամբ,- հայտարարել է Անգելա Մերկելը «Հյուսիսային հոսք – 2»-ի դեմ պատժամիջոցներ ընդունելու վերաբերյալ՝ ի պատասխան Նավալնու թունավորման։- Պետք է ուշադիր լսել, թե ինչ են ասում ԵՄ գործընկերները»։ Ընդ որում՝ շատ հստակ դիրքորոշում գազատարի շինարարության իրականացման վերաբերյալ արտահայտել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխկանցլեր Օլֆ Շոլցը, որը զբաղեցնում է ֆինանսների նախարարի պաշտոնը. «Մենք հստակ դիրքորոշում ենք որդեգրել այդ խողովակաշարի հարցում, այն է. խոսքը կոմերցիոն նախագծի մասին է, կան բազմաթիվ թույլտվություններ... Այսպիսին է իրավիճակը»։
Հարգելի ընթերցողն անհամբերությամբ սպասում է, թե ինչպիսին է Հայաստանի «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի արձագանքը Նավալնու գործի հետ կապված իրադարձություններին։ Մինչ այս հարցին պատասխանելը որոշ փաստեր ներկայացնենք ոչ վաղ (պատմական չափումներով) անցյալից։ Եվ այսպես, 2015թ. ապրիլի 24-ին, այն օրը, երբ ողջ աշխարհի հայերը միջոցառումներ էին իրականացնում ի հիշատակ Օսմանյան կայսրությունում անմեղ նահատակված ավելի քան մեկուկես միլիոն հայերի, Նիկոլ Վովաևիչի այդ ֆավորիտը, նույն ինքը՝ Ալեքսեյ Նավալնին (ինչո՞ւ ֆավորիտ՝ կնշենք ստորև), իր բլոգում՝ «Ցեղասպանության 100-ամյակը. ընթերցանության 20 րոպեն հիշատակի լավ տուրք կլինի» ցինիկ վերնագրով, գրել է. «Կարող եմ վիճել, որ այս տեքստը կարդացողների 90%-ը ավելին չգիտե հայերի ցեղասպանության մասին, քան ես դրա մասին գիտեի մեկ շաբաթ առաջ. դե, ապրել են Թուրքիայում հայեր, նրանց սպանել են (Նավալնու տգիտությունն ու նրա լկտիությունը զուգահեռ են. հայերն ապրում էին իրենց բնիկ պատմական հողում՝ Արևմտյան Հայաստանում, որը զավթել էին թուրքերը՝ քոչվոր ցեղերի հետնորդները, հիմնավորվելով մեր հողերում – Ա.Գ.)։ Զանգվածային կոտորածը ոչ առաջին և, ավաղ, ոչ էլ վերջինն է մարդկության պատմության մեջ։ Հիմա թուրքերը հրաժարվում են ընդունել դա որպես ցեղասպանություն, իսկ հայերը ողջ աշխարհում հրմշտելով օրենքներ են ընդունել տալիս դրա ճանաչման մասին (Նավալնու անտաշությունը, նրա բացահայտ լկտիությունը, ըստ իս, պետք է մտահոգեն, ոչ վերջին հերթին, Բունդեսթագի՝ այժմ որպես նրա պաշտպաններ «գրված» պատգամավորներին, որոնք 2016թ. հունիսի 2-ին տրվեցին «հայերի հրմշտոցներին» և պաշտպանեցին այն բանաձևը, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում)։ Վեճը հասկանալի է, բայց նման շարժը (движ) հարյուր տարի հետո «տարօրինակ է թվում» (ընդգծումը բլոգեր Ալեքսեյ Նավալնունն է)։ Այս գործչի համար Հայոց ցեղասպանությունը և այն մոռացության տալու դեմ պայքարը «движ» է։ Հետո ավելին է։ «Շատ ճիշտ ներդրում կլինի մարդկության ապագայի մեջ, որն այսօր կարող է անել մեզանից յուրաքանչյուրը, մի փոքր ժամանակ ծախսել և կարդալ հայերի ցեղասպանության մասին»։ Այս լկտիի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը «ճիշտ ներդրում» է։ Դատապարտման, կարեկցանքի ոչ մի խոսք։ Փոխարենն այս նույն պերսոնաժը, որի անունը Նավալնի է, բավական հուզվել էր Նիկոլ Վովաևիչի գործողությունների առնչությամբ, որոնք մանրամասն ներկայացվել են «Ազատություն» ռադիոյի Հայկական բաժնի կայքում 2019թ. մայիսի 28-ին, «Նավալնի. «Ես պարզապես ծափահարում եմ Փաշինյանին» վերնագրով նյութում։ Այդ հրապարակման մեջ կարդում ենք. «Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին իր հերթական տեսանյութում՝ նվիրված Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հայտարարեց, որ հետևում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը և համակրում է նրան... Նավալնին նշեց, որ Փաշինյանն սկսել է հեղափոխության երկրորդ փուլը (հեղափոխություն ասելով նկատի ունի Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը – Ա.Գ.)՝ կոչ անելով շրջափակել դատարանները, որովհետև դրանք նրան թույլ չեն տալիս պայքարել կոռուպցիայի դեմ։ «Շատերը կարծում են, որ դա վտանգավոր բան է, որովհետև այսօր դու արգելափակել ես դատարանները, վաղը՝ էլի ինչ-որ բան, իսկ վաղը չէ մյուս օրը դու վերածվել ես իշխանություն զավթողի (ասես գուշակ լինի – Ա.Գ.)։ Բայց, այնուամենայնիվ, նա ասաց, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ, և նա ընթանում է այդ ուղղությամբ։ Նա, օրինակ, հայտարարեց, որ պաշտոնից կհանի բոլոր դատավորներին, որոնք ունեն դատավճիռներ՝ չեղարկված Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ես պարզապես ծափահարում եմ Փաշինյանին»։ Խոստովանենք, հարգելի ընթերցող, որ արևմտյան թոշակներ ստացողների համերաշխության զգացումը անգամ այլ երկրների ընկերակիցների հետ բավական բարձր մակարդակի է։ Սակայն սրանով Նիկոլի և Ալեքսեյի սիրալիրությունների փոխանակումը չի ավարտվել։
Այսպես, 2020թ. հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսությունը եթեր արձակեց ռեպորտաժ, որում նիկոլվովաևիչյան քարոզչությանը բնորոշ հակառուսական ոգով հայ հեռուստադիտողին որպես ռուսական ընդդիմության կարծիքի խոսնակ հանդես եկավ Ալեքսեյ Նավալնին։ Ընդ որում՝ նշենք, որ դեռևս ս.թ. հունիսի 15-ին Նավալնին իր You Tube ալիքում LIVE տեղադրեց տեսաուղերձ՝ «Նավալնին այն մասին, թե ինչ պետք է անել Սահմանադրության փոփոխությունների քվեարկության հետ կապված» վերնագրով։ Մանրամասներ չեմ ներկայացնի բլոգեր Նավալնու այդ 19 րոպեանոց տեսաուղերձից, որի իսկական էությունն իր մասին վկայում է տառացիորեն եթերի առաջին իսկ րոպեից։ Այսպես, իբր թե հեռուստադիտողներից մեկի հարցին՝ բոյկոտել՞, թե՞ դեմ քվեարկել, նա ուղղակի պատասխանել է. «Բնականաբար, ոչ ոք չի քննարկում, որ պետք է «կողմ» քվեարկել։ Ես ուզում եմ ասել այսպես. ինչ ուզում եք՝ արեք, գլխավորը՝ մի ընդունեք։ Դե, ուզում եք դեմ քվեարկել, գնալ ու քվեարկե՞լ։ Ինձ նման ռազմավարությունը թվում է, դե, մի փոքր էկզոտիկ, միամիտ ու մի փոքր էլ անգամ ծիծաղելի։ Եթե, ասենք, ձեր սրտին դուր է գալիս, գնացեք ու դեմ քվեարկեք։ Գլխավորը՝ չընդունեք» (քվեարկության արդյունքները – Ա.Գ.)։ Ինչո՞ւ հենց այս նախադասությունները մեջբերեցի Նավալնու չարաբաստիկ տեսաուղերձից։ Չէ՞ որ Նիկոլ Վովաևիչին անհատապես, անկասկած, զեկուցվել էր Նավալնու հակառուսական, հակապուտինյան տեսադիմումի բովանդակության մասին։ Մի՞թե ընդդիմադիր բլոգերի՝ «Փաշինյանին ծափահարելու» պատրաստակամությունը շատ ավելի մեծ ներգործություն էր ունեցել Հանրային հեռուստատեսության եթերով այս բացահայտ հակառուսական, հակապետական և, վերջապես, հակապուտինյան կոչը հեռարձակելու նրա որոշման վրա, կոչ, որը հնչեց իր իսկ՝ փաշինյանական քարոզչության խոսափողով։ Իսկ գուցե դա անդրօվկիանոսյան տիկնիկավարների պահանջն էր, որը միաժամանակ պետք է դառնար անդրօվկիանոսյան հովանավորների առջև Նիկոլ Վովաևիչի պարտավորություններին հավատարմության յուրատեսակ լակմուսի թուղթը։ Այստեղ արդեն էլ չեմ ասում պաշտոնական Երևանի կոչերին հայկական ծագմամբ ռուսաստանցի ընտրողների մի մասի հայտնի վերաբերմունքի մասին, որոնք 2018թ. ապրիլ-մայիսին տրվեցին Փաշինյանի՝ սորոսյան ծածկագրերից հնչած, գունավոր հեղափոխությունների փորձառու տեխնոլոգների գրած պոպուլիստական հայտարարություններին և հիացմունքով ընդունվեցին նրանց կողմից։
Իսկ այժմ, հարգելի ընթերցող, մտաբերենք ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին ղեկավար և 2016թ. նախագահական ընտրություններում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից Դոնալդ Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի կոչը։ Ինչպես տեղեկացնում է Fox News-ը, Հ.Քլինթոնը կոչ է արել ԱՄՆ նախագահի կայանալիք ընտրություններում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին ոչ մի դեպքում չընդունել պարտությունը ս.թ. նոյեմբերի 3-ի ընտրությունների օրը. «Ջո Բայդենը չպետք է ընդունի պարտությունը ոչ մի դեպքում,- Հ.Քլինթոնին մեջբերում է Fox News ալիքի կայքը։- Չէ՞ որ, ինչպես ինձ թվում է, գործընթացը կձգձգվի, բայց ես համոզված եմ, որ արդյունքում նա կհաղթի (կարծես անդրօվկիանոսյան տիկնիկավարների կողմից բելառուսցի Սվետլանա Տիխանովսկայային տրված հրահանգները լինեն – Ա.Գ.),- եթե մենք ոչ մի թիզ հող չզիջենք, և եթե մենք նույնպես կենտրոնացված ու դաժան լինենք, ինչպես մեր հակառակորդները»։ Չէ՞ որ ընտրությունների արդյունքները չընդունելու նման տեխնոլոգիան դեռևս 2008թ. կիրառվեց Հայաստանում, երբ Սերժ Ազատի Սարգսյանի հաղթանակը օվկիանոսի այն կողմից տրված ուղղակի ցուցմամբ չճանաչվեց Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա սպասարկուների կողմից, որոնց սադրիչ թևի առաջնորդն էր մեր «հեղափոխական» Նիկոլ Վովաևիչը։ Այդ նրանց խղճի վրա է մեր տասը համաքաղաքացիների արյունը, այն դեպքում, երբ այժմ դրա համար քաղաքական վենդետայի է ենթարկվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը։ Իսկ ի՜նչ արժեն նիկոլվովաևիչյան՝ իրենց էությամբ զզվելի դրամական ողորմությունները 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհվածների հարազատներին ու մերձավորներին, որոնք դարձան մեր հազարավոր հերոսների հիշատակի հանդեպ անհարգալից վերաբերմունքի և ցինիզմի հերթական դրսևորումը, հերոսներ, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանեցին Արցախի Հանրապետությունը 2016թ. Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից աջակցվող Քառօրյա (ապրիլյան) պատերազմի օրերին։
Կարծում եմ, որ ընթերցողներին հաստատ հայտնի է, որ հետխորհրդային տարածքի երկրները վաղուց դարձել են պետական հեղաշրջումների տեխնոլոգիաների իրականացման և կատարելագործման փորձադաշտ։ Ուստի, միամտություն կլիներ կարծել, թե Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ Ալեքսեյ Նավալնու տեսաուղերձի մի հատվածի ցուցադրումը լոկ պատահական զուգադիպություն էր։ Համոզված եմ, որ լուռ սխրանքի մարդիկ, որ կանգնած են Ռուսաստանի Դաշնության, ուրեմն և Հայաստանի անվտանգության ապահովման պաշտպանության դիրքերում, վերլուծելով ասվածը, կկարողանան պարզել, թե ով էր համառորեն խորհուրդ տվել Ն.Փաշինյանին ՀՀ Հանրային հեռուստատեսության եթեր թողնել ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնուն, բլոգեր, որի գործունեությունն ու կարծիքը հետաքրքիր չէին ՀՀ բնակչության ճնշող մեծամասնության համար։ Ուրեմն, ինչի՞ համար էր սադրել սա նիկոլվովաևիչյան, ավելի շուտ՝ նրա տիկնիկավարների քարոզչությունը։ Պատասխանելով այս հարցին՝ դժվար չէ հասկանալ, թե որոնք են Ալեքսեյ Նավալնու «թունավորման» տրագիֆարսի թե՛ ակունքները, թե՛ սցենարները։
Հոդվածի վերջում կցանկանայի նորից երախտագիտության խոսքեր ասել փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյովին իր անկեղծ ապրումակցման, զայրույթի ու հոգեհարազատ խոսքերի համար՝ ասված ս.թ. հուլիսի 2-ին СОЛОВЬЁВ LIVE ինտերնետ-պորտալի եթերում. «Մենք այնպես սիրում էինք Հայաստանը, այն մեզ բարեկամ երկիր է։ Բայց մեր բարեկամ Հայաստանում, Հանրային հեռուստատեսությամբ, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ռեպորտաժի շրջանակում, ցույց են տալիս նացիստ Նավալնուն, որը հայերին խաչիկներ էր անվանում, որն ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում նրան։ Եվ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը նրան ցուցադրում է եթերում։ Համա թե հնարեցիք, հա՜»։ Եվ իհարկե, չեմ կարող երախտագիտության խոսքեր չասել REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր, հարգարժան Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովի հասցեին, որը, իր հեղինակավոր REGNUM տեղեկատվական գործակալության էջերում հրապարակելով իմ հոդվածները, հիմնականում լրացնում է այն հեռուստատեսային տեղեկատվական վակուումը, որում տողերիս հեղինակը հայտնվել է վերջին տարիներին, հատկապես 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո, ընդ որում՝ ես օտարված եմ նաև ընդդիմությանը պատկանող հեռուստաալիքների եթերից։ Կրկնում եմ, ըստ երևույթին, տիեզերական մասշտաբի ստրատեգի, ինչպիսին Նիկոլ Վովաևիչն է, հանդեպ մեծահոգությունն է ուղղորդում ընդդիմության՝ ընդդիմադիր հեռուստաալիքները ղեկավարող իմ գործընկերների գործողությունները։ Այնինչ, առանց կեղծ համեստության կարող եմ ասել, որ «Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ» հոդվածը՝ հրապարակված REGNUM տեղեկատվական գործակալությունում և վերատպված Shame.am հայրենասիրական ինտերնետ-պորտալում, որի գլխավոր խմբագիրը Հայաստանում հայտնի հրապարակախոս Արտյոմ Խաչատրյանն է, մեկ շաբաթվա ընթացքում դիտել է ավելի քան 45 600 ընթերցող, իսկ քվեարկածների 90%-ը այն գնահատել է «գերազանց» և «լավ»։ Սա՝ որպես զուտ տեղեկատվություն։
Ընթերցողները կարող են որոշակի վրդովմունք ունենալ, որ այսքան խիստ եմ գրում մի մարդու մասին, որը հայտնվել է կոմայի մեջ։ Շտապում եմ հայտարարել. հոդվածն սկսեցի գրել այն բանից հետո, երբ ճշտեցի, որ Ալեքսեյ Նավալնուն հանել են արհեստական կոմայի վիճակից, մասամբ անջատել են թոքերի արհեստական շնչառության սարքը, նա արձագանքում է խոսքին և երբ դիմում են իրեն, և սկսում է ինչ-որ բան հիշել (հավանաբար նրանից, ինչ իրեն կհիշեցնեն ԱՄՆ հատուկ ծառայություններից ու Արևմուտքի՝ նրանց հետ նույնացվող գործընկերներից, բնականաբար՝ հաշվի առնելով վրիպումներն ու բազմաթիվ հակասությունները, որ կային Սկրիպալների պարագայում)։ Չպարզված է մնում միայն հարցը. կծափահարի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը Նավալնուն այն բանի համար, որ նա դարձել է գործիք հակառուսական «խրախճանքում»։
Հետգրության փոխարեն.
Որպեսզի ընթերցողները տպավորություն չստանան, որ ես լոկ քննադատում եմ ադրբեջանցի հեղինակների հոդվածներն ու ելույթները, ցանկանում եմ հատվածներ մեջբերել Ադրբեջանի ժողովրդական գրող Չինգիզ Աբդուլաևի հոդվածից՝ հրապարակված ս.թ. սեպտեմբերի 9-ին Haqqin.az ինտերնետ-պարբերականի էջերում, «Չինգիզ Աբդուլաև. «Հեռուստաալիքներում միայն խելացի ու բանիմաց հայերն են։ Ե՞րբ կհայտնվեն ադրբեջանցիները» վերնագրով։ Միայն որոշ մեջբերումներ կատարեմ այդ հոդվածից. «Այսօր հաղորդեցին հարցազրույցը Լուկաշենկոյի հետ։ Ամենուրեք հայտարարված է, որ նրանք Ռուսաստանի առաջատար լրագրողներն են։ Չորսից երկուսը՝ Սիմոնյան և Բաբայան, գլխավոր խմբագիրներ են։ Ռուսաստանյան ալիքներում հանդես են գալիս Կուրղինյանը, Սարկիսովը, Շահնազարովը, Պողոսյանը, Քեոսայանը, երկար կարելի է թվարկել։ Չհամարձակվեք ասել ինձ նրանց լոբբիի մասին։ Նրանք խելացի, բանիմաց ու տաղանդավոր մարդիկ են, որ փայլուն տիրապետում են ռուսերենին։ Մենք հակառակ օրինակներն ունենք։ Համեմատեք Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ելույթները ռուսերեն կամ անգլերեն։ Մեկնաբանություններ պե՞տք են։ Խոսենք մեր տնաբույս նացիոնալիստների մասին։ «Փակենք ռուսական դպրոցները»՝ արդեն որերորդ անգամ լսում ենք նրանց ցասումնալից գոչյունը։ Հանգստացեք։ Մենք առանց այդ էլ ոչ մեկը չունենք արտասահմանյան ալիքներում, իսկ եղածներն էլ հրեշավոր են տիրապետում ռուսերենին։ Անգլիալեզու ալիքների մասին նույնպես ոչ մի լավ բան ասել չեմ կարող։ Չնայած անգլերենին տիրապետողների թիվն ավելանում է։ Հարգելի տեղական անուսներ...»։ Համաձայն եմ մուալիմ Չինգիզ Աբդուլաևի եզրահանգումների հետ, դրա համար էլ քննադատում եմ «հարգելի տեղական անուսներին» (ադրբեջանցի – Ա.Գ.), միևնույն ժամանակ բռնում ինձ այն մտքի վրա, որ դրանով իսկ օգնում եմ նրանց։