ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՄՆ-Ի ԵՎ ԵՄ-Ի ՀԱՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԱՆՁԱԶԵՐԾԻ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ

 

23.05.2020, Shame.am

http://www.shame.am/news/view/68302.html

23.05.2020, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/2959453.html

24.05.2020, Իրավունք

https://iravunk.com/news/112690

 

Անոտացիա

Ադրբեջանն, ըստ էության, ԱՄՆ-ի և Եվրամիության հավանությամբ նոր պատերազմ կսանձազերծի Արցախի Հանրապետության դեմ։ Կասկածից վեր է, որ ափշերոնյան բազեները նորից ջախջախիչ պարտություն կկրեն։ Համոզված եմ նաև, որ այս անգամ Հայաստանի Հանրապետությունն անպայման կճանաչի Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը։ Սա կասկած չի հարուցում։

 

Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ տեղեկատվական պատերազմի ավանգարդին՝ տարատեսակ ռուսատյաց առանձնյակների (առանձնյակների, քանզի հաճախ դժվար է տարբերել հայ-ռուսական ռազմավարական դաշինքը պարսավողների սեռը) խոսափողին՝ 1in.am ինտերնետ-պարբերականի կոլեկտիվին ուղղված երախտագիտության խոսքերով։ Միևնույն ժամանակ, հասկանում եմ, որ հայ-ռուսական ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնության մասին իմ աներկբա դիրքորոշմանը ծանոթ ընթերցողները, կարդալով այս տողերը, կմտածեն, որ դրանց հեղինակը, ըստ երևույթին, չի կարողացել խուսափել կորոնավիրուսով վարակվելուց, ինչն ազդել է նրա ողջամտության վրա։

Սակայն ի մեծ հիասթափություն տարբեր տրամաչափի ռուսատյացների՝ շտապեմ տեղեկացնել, որ 1in.am-ի non-stop ռեժիմով տրվող հրապարակումներն ու հեռուստառեպորտաժները օգնում են ինձ բավական ժամանակ խնայել։ Եվ ահա թե ինչու։ Ուշադիր ուսումնասիրելով, այո, այո, հարգելի ընթերցող, ուսումնասիրելով հարցերը, որոնք տրվում են 1in. am-ում միմյանց հաջորդող տեղեկատվական ծրագրերի հյուրերին, հետևելով հրավիրվածների պատասխաններին զրուցավարների տված արձագանքին՝ ամբողջական պատկերացում եմ կազմում այն մասին, թե ինչ նպատակային խնդիրներ են փորձում իրականացնել դրանց պատվիրատուները մեր տարածաշրջանում։ Նկատի ունեմ համաշխարհային քաղաքականության հայտնի անդրօվկիանոսյան կենտրոնը։ Պարզաբանեմ կոնկրետ օրինակներով։ Այսպես, ս.թ. մայիսի 20-ին և 21-ին 1in.am ինտերնետ-հեռուստատեսության բոլոր տեղեկատվա-վերլուծական ծրագրերում առաջատար տեղը զբաղեցրել են այն հարցերը, որոնք քննարկվել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստի ընթացքում, որը տեղի ունեցավ 2020թ. մայիսի 19-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։ Իսկ ավելի ճիշտ՝ ԵՏՄ երկրներին Ռուսաստանի մատակարարած բնական գազի գների նվազման հարցերը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ, բացելով նիստը (տեսակոնֆերանսը)՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրացրեց ԵՏՄ երկրների տարածքով գազի փոխադրման գնագոյացման հարցը։ Նա, մասնավորապես, ասաց. «Չկարգավորված է մնում ԵՏՄ ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցը։ Վերջնական փոխընդունելի լուծման հարցում մենք չենք կարողանում կողմնորոշվել արդեն մի քանի տարի։ Ընդ որում, խնդրի ակտուալությունը մշտապես աճում է։ Այսօր մենք պետք է գտնենք մեզ բոլորիս անհրաժեշտ կոնսենսուսը»։

ԵՏՄ-ում էներգառեսուրսների ընդհանուր շուկայի և գազի գնագոյացման հարցում միասնական մոտեցում ձևավորելու անհրաժեշտության մասին խոսեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մի խոսքով՝ Մինսկը և Երևանը հանդես են գալիս գազի փոխադրման և տարանցման միասնական սակագին ընդունելու օգտին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ԵՏՄ-ն դրան առայժմ պատրաստ չէ։

«Միասնական սակագինը կարող է իրականացվել միասնական բյուջե, հարկման միասնական համակարգ ունեցող միասնական շուկայում։ ԵՏՄ-ում ինտեգրման այդքան խոր մակարդակ դեռևս ձեռք չի բերվել, մենք ձեզ հետ միասին այդ մասին լավ գիտենք, իսկ առայժմ գազի գները պետք է ձևավորվեն շուկայական իրավիճակի հիման վրա, հաշվի առնեն մատակարարողների ծախսերը և ներդրումները, ինչպես նաև ապահովեն արդյունահանման մեջ դրված կապիտալում շահույթի հիմնավորված նորմը»,- պարզաբանել է Վ.Վ. Պուտինը։

Գազի գինը Հայաստանի տնտեսության, նրա մրցունակության համար վճռական նշանակություն ունի, էլ չեմ ասում այդ գործոնի բացառիկ կարևորության մասին մեր քաղաքացիների ճնշող մեծամասնության համար։ Եվ միանգամայն սպասելի էր, որ Ռուսաստանի նախագահի նման պատասխանը և առաջարկությունն այն մասին, որ «գազի գնի գոյացման մոտեցումների քննարկումը կարելի է շարունակել ԵՏՄ անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետների միջոցով», վաղուց փայփայված պատրվակ դարձավ, որպեսզի 1in.am-ն ու КО-ն մոլի հակառուսական հիստերիա բարձրացնեն։ Ընդ որում՝ դա արվում էր ամենահմուտ ձևով։ Այդ պարբերականի թղթակիցները Երևանի փողոցներում քաղաքացիներին տալիս էին միևնույն հարցերը. ինչպե՞ս եք վերաբերվում Ռուսաստանի՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացնելու որոշմանը։ Կամ էլ՝ արդյո՞ք չեք կարծում, որ գազի գնի բարձրացումը նպատակ ունի խափանելու Հայաստանի տնտեսական անվտանգությունը; ըստ ձեզ՝ արդյո՞ք գազի գնի բարձրացումը չի սպառնում Հայաստանի ինքնիշխանության կորստով։ Չեմ պատմի, թե ինչ պատասխաններ էին տալիս Հայաստանի սովորական քաղաքացիները։ Ինձ համար կարևոր էր այլ բան, որ սադրիչ այդ հարցերի պատասխանների ճնշող մեծամասնությունում իսպառ բացակայում էր ռուսատյացությունը։ Այո, մեր քաղաքացիներն այդ հանգամանքի հետ կապված ափսոսանք ունեին, վիրավորվածություն կար, այդ ոլորտում նման զարգացման իսկական պատճառները չհասկանալը նույնպես ակնհայտ էր։ Փողոցում անցկացված հարցումներից դրանց պատվիրատուներին հասկանալի դարձավ, որ Հայաստանի սովորական քաղաքացիների մակարդակով հակառուսական հիստերիա հրահրելու սույն մտահղացումը ձախողվեց, ուստի նրանք սկսեցին դրությունը փրկել 1in.am ինտերնետ-հեռուստատեսություն հրավիրելով հաստիքային ռուսատյացների՝ առաջին հերթին գրանտակերների  և սորոսյան լափակերների ու տարատեսակ արևմտյան հիմնադրամների թոշակառուների շարքից։ Հետևելով ռուսատյացների այս հակառուսական վաքխանալիային՝ ես էլ ավելի էի համոզվում այն բանում, որ սույն հակահայկական արարի անդրօվկիանոսյան տիկնիկավարները չգիտես ինչու շատ են շտապում։ Փորձենք հասկանալ, թե ինչով է պայմանավորված այդ շտապողականությունը։

Այսպես, ս.թ. մայիսի 11-ին Բրյուսելում Եվրոպական միության Խորհուրդը տարածեց փաստաթուղթ՝ «(Եվրամիության) Խորհրդի եզրահանգումները Արևելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ 2020թ. հետո» (այսուհետ՝ Եզրահանգումներ) կամ «Council Conclusions on Eastern Partnership policy beyond 2020» վերնագրով (https://www.consilium.europa.eu/media/43905/st07510-re01-en20.pdf), որը նախապես տեղեկացնում էր. պատվիրակությունները Հավելվածում կգտնեն Արևելյան գործընկերության քաղաքականության մասին Խորհրդի եզրահանգումները։ Այդ փաստաթղթի 2-րդ կետում կարդում ենք. «Խորհուրդը հաստատում է ռազմավարական նշանակությունը, որ տալիս է Արևելյան գործընկերությանը՝ որպես Հարևանության եվրոպական քաղաքականության (ՀԵՔ) կոնկրետ տարածաշրջանային չափման, աջակցելով բարեփոխումների կայուն գործընթացներին և առաջարկելով սերտ քաղաքական ասոցիացիա, ինչպես նաև տնտեսական ինտեգրում Եվրամիությանն ու զգալի ազդեցություն մարդկանց կյանքի վրա» (ընդգծումն իմն է – Ա.Գ.)։

Հատկանշական է, որ այնուհետև այդ փաստաթղթում գրված է. «նեցուկ ունենալով մեր ընդհանուր հավատարմությունը՝ հենվելով միջազգային կարգի կանոններին, միջազգային իրավունքին, ներառյալ տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը, ինչպես նշված է Հելսինկյան Եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ Փարիզի խարտիայի սկզբունքներում...»։

Ընդգծելով միայն տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը՝ առանց հիշատակելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ակամա գալիս ես այն եզրահանգման, որ դրանց գլխավոր հասցեատերերը Հայաստանն ու Ադրբեջանն են, ինչպես նաև Արցախի Հանրապետությունը։ Այսպես, «առաջարկելով սերտ քաղաքական ասոցիացիա» բանաձևը, անշուշտ, վերաբերում է Հայաստանին, որը 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրեց «Հայաստան – ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր), այլ ոչ թե ասոցիատիվ համաձայնագիր Եվրամիության հետ։ Դրանով իսկ ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագիրը տարբերվում էր, հիմնականում, Մոլդովայի և Վրաստանի ասոցիատիվ պայմանագրերից, օրինակ, նրանով, որ նրանց հետ ասոցիատիվ համաձայնագրերում Եվրամիությունը պատրաստակամություն էր հայտնում հարգել նրանց տարածքային ամբողջականությունը։ Իսկ Վրաստանի հետ ստորագրված փաստաթղթում հատկապես նշված էր նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգումն ու ճանաչումը։ Իսկ Հայաստանի դեպքում նման բանաձևեր չեն օգտագործվել, այլ եղել է ընդհանուր հղում ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքներին (ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք) ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ Եզրահանգումներից հանվել է հենց  ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Այսինքն՝ տեղի է ունենում բացահայտ սիրալիրություն ԵՄ-ի կողմից Ադրբեջանի ղեկավարությանը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 23-ին Իլհամ Ալիևը Ափշերոնյան սուլթանության չորս խոշոր հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանը չի պլանավորում դուրս գալ «Արևելյան գործընկերություն» ծրագրից, բայց և դրա ակտիվ մասնակիցը չի լինի. «Ադրբեջանը Եվրոպայից չի սպասում ինչ-որ արտոնություններ, մենք, ի տարբերություն ծրագրի մի շարք մասնակից երկրների, մեզ ապահովում ենք և այսօր դառնում ենք դոնոր երկիր։ Մենք մնում ենք ծրագրում, բայց, եթե անկեղծ ասենք, դրան կարևոր նշանակություն չենք տալիս, քանի որ այդ ծրագրի նպատակները մեզ համար մինչև վերջ պարզ չեն»։

Դե ինչ, Եվրամիությունում ափշերոնյան սուլթանի կշտամբանքը լսեցին ու նրա ցանկություններն արտացոլեցին Եզրահանգումներում։ Բայց դրան նախորդել են նաև այլ իրադարձություններ, որոնց մասին կխոսենք ստորև։ Այսպես, 2018թ. հունիսին новости-азербайджана.ru ինտերնետ-պորտալում հրապարակվեց հոդված՝ «Եվրոպա է եկել այլընտրանքային գազ Ադրբեջանից – Գազպրոմի մրցակից» վերնագրով։ Հոդվածի անոտացիայում կարդում ենք. «Բաքվում պաշտոնապես բացել են «Հարավային գազային միջանցք», որով Թուրքիա և Եվրոպա կգնա ադրբեջանական գազը։ Ի տարբերություն ամերիկյան թանկարժեք հեղուկացված բնական գազի՝ նոր խողովակաշարային խաղացողը կարող է իրական մրցակցություն կազմել ռուսական գազի համար։ Կդիմանա՞ արդյոք «Գազպրոմը» մրցակցի հայտնվելուն։ Թե՞ ռուսական գազի արտահանումը Եվրոպա կսկսի նվազել»։

Ընթերցողներին հիշեցնենք, որ Հարավային գազային միջանցքը ներառում է երեք գազատար՝ Հարավկովկասյան, Տրանսանատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP)։ Դրանով ըստ պայմանագրի պետք է մղվի 16 մլրդ խորանարդ մետր գազ՝ 6 մլրդ դեպի Թուրքիա TANAP-ով և 10 մլրդ դեպի Եվրոպա՝ TAP-ով։ Ծրագրերում նշվում էր TANAP-ի հզորություններն ավելացնել մինչև 24 մլրդ խորանարդ մետր 2023թ. և մինչև 31 մլրդ՝ 2026թ.։ Ռեսուրսային բազան ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրն է։ Նշենք նաև, որ 2020թ. Անկարան կտրուկ կրճատեց ռուսական գազի գնումների ծավալը՝ «Գազպրոմին» դնելով դժվար կացության մեջ։ Այսպես, ս.թ. մարտին «Գազպրոմի» մատակարարումները Թուրքիային կազմել են 210 մլն խորանարդ մետր՝ անցած տարվա 1,14 մլրդ խորանարդ մետրի համեմատ, այսինքն՝ մատակարարումները կրճատվել են յոթ անգամ, ընդ որում՝ Թուրքիայի կողմից ռուսական գազի ներկրման կրճատումը չի կարելի վերագրել միայն տնտեսության դանդաղմանը կորոնավիրուսի համավարակի պատճառով, քանի որ այն սկսվել է 2018թ.։ Եթե 2017թ. Թուրքիան գնում էր 29 մլրդ խորանարդ մետր գազ, ապա 2018թ. ծավալը կրճատվել է մինչև 23,96 մլրդ խորանարդի, իսկ անցած տարի գնումների կրճատումը եղել է 40% և հասել մինչև 15,5 մլրդ խորանարդ մետրի։ Այսպիսով, անցած տարվա բոլոր ծավալների փոխադրման համար կբավականացներ «Երկնագույն հոսք» գազատարը, որը հաշվարկված է տարեկան 16 մլրդ խորանարդ մետր ծավալով գազ մղելու համար, այսինքն՝ 2019թ. գործարկված «Թուրքական հոսքը»՝ 15,75 մլրդ խոր. մետր մղման ծավալով, կարող է առհասարակ պետք չլինել։ Ս.թ. մարտին «Երկնագույն հոսքը» և «Թուրքական հոսքը» գործարկվեցին իրենց ընդհանուր հզորության մոտավորապես 10%-ի չափով։ Պետք է նշել, որ գազի ներմուծման ծավալների այսքան էական կրճատման տնտեսական պատճառներից բացի՝ փորձագետները նշում են վարկածն այն մասին, որ ռուսական գազի գնումների այսքան կտրուկ անկումը ոչ քիչ չափով կապված է նաև Սիրիայում և Լիբիայում Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների սրման հետ։ Հստակ երևում է, որ թուրքական իշխանությունները գազային գործարքներն օգտագործում են որպես Կրեմլի վրա ճնշում բանեցնելու լծակներից մեկը։ Տողերիս հեղինակը հակված է մտածելու, որ ս.թ. մայիսի 18-22-ին Նախիջևանում Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնք տեղի ունեցան Թուրքիայի հովանավորությամբ, նույնպես ենթարկված էին այդ նպատակին։ Ընթերցողներին հիշեցնենք, որ զորավարժությունների մտահղացմամբ նախատեսվում էր զորքերի կիրառում ընտրված ուղղություններում, հրթիռային զորքերի և հրետանու, ավիացիայի ռմբագրոհային կենտրոնացված հարվածներ, ինչպես նաև սպառազինության մեջ գտնվող գերճշգրիտ միջոցների օգտագործում հակառակորդի  զորքերի օպերատիվ զորաշարի ողջ խորությամբ։ Պարզ է, որ ափշերոնյան բազեների հակառակորդ սկզբից ևեթ նշանակված են Հայաստանը և Արցախի Հանրապետությունը։ Նշենք, որ զորավարժություններին մասնակցել են 10 հազար զորակազմ, մոտ 120 միավոր տանկեր և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային սարքավորումներ, համազարկային կրակի հրթիռային համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր բանակային և ճակատային ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունների նախօրեին՝ ս.թ. մայիսի 13-ին, REGNUM լրատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը՝ «Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է» վերնագրով, որում երկյուղ էր հայտնվում, որ ադրբեջանա-թուրքական զինվորականությունը, օգտվելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջատար տերությունների զբաղվածությունից, հերթական սպանդը կսանձազերծի Ադրբեջանի և Արցախի Հանրապետության զինված ուժերի դիմակայության գծում։ Ավելին, իմանալով ժամանակակից նեոօսմանների նենգությունը՝ ես մտահոգություն էի հայտնել, որ պետք է սպասել սադրանքների շարքի հայ-ադրբեջանական սահմանին Նախիջևանի շրջանում։ Ինչպես ասում են, այս անգամ վտանգն անցավ, բայց բնավ ոչ այն պատճառով, որ փոխվել է ափշերոնյան վայ-մարտիկների ու նրանց թուրք զինվորական վերահսկողների նենգ էությունը, այլ որովհետև ս.թ. մայիսի 18-ին տեղի ունեցան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հեռախոսազրույցները Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հետ։ Չնայած Կրեմլի պաշտոնապես հայտարարած տեղեկությանը հեռախոսային բանակցությունների բովանդակության մասին՝ չպետք է կասկածել, որ Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցների ընթացքում շոշափվել են նաև անվտանգության հարցեր, ընդ որում՝ ոչ միայն Սիրիայում և Լիբիայում, այլև, անշուշտ, Ռուսաստանի հարավային սահմաններին, ինչի մասին են վկայում թուրքական և ադրբեջանական կողմերի տարածած՝ ռուսականից տարբերվող տեղեկությունները։

Հարգելի ընթերցողը կարող է հարց տալ. իսկ ի՞նչ կապ կա ԵՏՄ ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման (որը քննարկվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ս.թ. մայիսի 19-ի նիստի ընթացքում) և 2020թ. մայիսի 11-ի «(Եվրամիության) Խորհրդի եզրահանգումները Արևելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ 2020թ. հետո» փաստաթղթի բացահայտ ադրբեջանամետ մեջբերումների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Մոսկվա-Բաքու-Անկարա եռանկյունում գազի արտահանման և ներմուծման գործընթացների ու, վերջապես, Նախիջևանում ադրբեջանական ԶՈւ լայնամասշտաբ զորավարժությունների՝ թվում է, թե միանգամայն տարբեր հարցերի միջև։ Նախ՝ հիշեցնենք ընթերցողներին, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի այդ տեղամասը պահպանվում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ջոկատի կողմից։ Մինչ այդ հարցերին պատասխանելը, որպեսզի պատկերն ամբողջական լինի, մեջբերումներ կատարենք Իլհամ Ալիևին Հանրապետության օրվա՝ մայիսի 28-ի և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկամյա վաղեմության շնորհավորանքից։ Եվ այսպես, Դոնալդ Թրամփը ափշերոնյան սուլթանին 2018թ. մայիսի 24-ին հղած նամակում գրել է. «Ես գնահատում եմ Ձեր համագործակցությունը անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաև մեր երկարաժամկետ առևտրային կապերը։ Մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, որը շարունակվում է երկար տարիներ, այս տարի, որպես անհավանական ձեռքբերում, հասել է իր գագաթնակետին Հարավային գազային միջանցքի միջոցով գազի փոխադրման բնագավառում, որը կապահովի Եվրոպային անհրաժեշտ էներգետիկ անվտանգությունը... Առաջիկա ամիսները հնարավորություններ կստեղծեն ղարաբաղյան հակամարտության լուծման համար, իսկ դա էլ ավելի լավ պայմաններ կստեղծի ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության համար։ Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, անկեղծորեն ցանկանում է համագործակցել Ձեզ հետ՝ խաղաղ ճանապարհով այդ հակամարտության կայուն լուծման համար»։ Կարծում ենք, որ Դոնալդ Թրամփը հիանալի տեղեկացված է հակամարտության կարգավորման հարցում ադրբեջանական կողմի դիրքորոշման մասին, և այդպիսով գիտի՝ երբ «դա էլ ավելի լավ պայմաններ կստեղծի ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության համար»։ Անվիճելի է նաև այն, որ ԱՄՆ նախագահը, համոզմունք հայտնելով, որ «առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավորություններ կստեղծեն», հիանալի տեղեկացված էր Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման մասին, ինչի արդյունքում ՀՀ վարչապետ դարձավ սորոսյան գրանտակերների, «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի և ԼԳԲՏ հանրույթի, մի խոսքով՝ ազդեցության ամերիկյան գործակալների, այսինքն՝ նրանց դրածոն, որոնք արդեն ոչ մեկ տասնամյակ ֆինանսավորվում են օվկիանոսի այն կողմից, դիցուք՝ Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամից, ԱՄՆ տարատեսակ դեմոկրատական ինստիտուտներից։ Դե ինչ, պնդել, թե Նիկոլ Վովաևիչը՝ իր իսկ սիրեցյալը, չի ջանում կատարել անդրօվկիանոսյան պատվիրատուների պատգամը, նշանակում է՝ մեղք գործել ճշմարտության դեմ։ Արցախի հերոսների՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումները, հայ հասարակությունը «սպիտակների» և «սևերի» բաժանելը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և անհատապես Ծայրագույն պատրիարք, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ նողկալի հարձակումները, այս բոլոր հակազգային գործողությունները ծառայեցված են մեկ նպատակի հասնելուն՝ խափանել հայկական պետականության հիմքերը, պարարտ հող ստեղծել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիա սանձազերծելու համար։ Դոնալդ Թրամփի հրահանգները կատարելու համար Նիկոլ Վովաևիչը գիշերուզօր, ուժերի ներածին չափով ջանք չի խնայում։ Ընթերցողների ուշադրությունը հրավիրենք նաև ԱՄՆ նախագահի շնորհավորանքի մեկ այլ անցման վրա, այն է. «Ես գնահատում եմ Ձեր համագործակցությունը անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում»։ Նշենք նաև, որ արդեն ս.թ. մայիսի 14-ին Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ադրբեջանցի ժողովրդին Հանրապետության օրվա առիթով։ Իր հերթական շնորհավորանքում Դոնալդ Թրամփը, մասնավորապես, գրում է. «Միացյալ Նահանգները և Ադրբեջանը մոտ 30 տարի համագործակցել են հանուն միջազգային անվտանգության ամրապնդման, դեպի Եվրոպա էներգառեսուրսների մատակարարման երթուղիների և մատակարարումների բազմազանեցման և երկու մեծ ժողովուրդների փայլուն ապագան կառուցելու համար»։

Չեմ կարծում, թե նման գնահատական տալով՝ ԱՄՆ նախագահը հիմք է վերցրել, օրինակ՝ վեհանձնության այնպիսի դրսևորում, ինչպիսին է ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի կողմից գլխակեր հատուկջոկատայինին պետական շքանշանով պարգևատրելու փաստը, որը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած Ապրիլյան (2016թ.) քառօրյա պատերազմի ընթացքում գլխատել էր Արցախի Պաշտպանության բանակում ծառայող, ազգությամբ եզիդ Քյարամ Սլոյանին, իսկ հետո շրջել էր գյուղերով ու լուսանկարվել և տեսանկարահանվել նրա գլուխը ձեռքին։ Իսկ գուցե միջազգային անվտանգության ամրապնդում ասելով ԱՄՆ նախագահը նկատի ուներ Ադրբեջանից սերածների ամենալայն մասնակցությունը ԻԼԻՊ ավազակային կազմավորումներին (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում)։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, հղում կատարեմ ադրբեջանական ինտերնետ-պորտալին (ru.oxu.az/society/286366), որը 2018թ. նոյեմբերի 28-ին հրապարակել էր հոդված՝ «Ադրբեջանցիները՝ հայտնի գործարարների զավակները, մեկնել են ԻԼԻՊ (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում)։ ՌԴ փորձագետ» վերնագրով։ «Ուժայինների պաշտոնական գնահատականների համաձայն՝ ԻԼԻՊ (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում) նախագծի ակտիվ փուլի ընթացքում Իրաքի և Սիրիայի տարածքում զոհվել է ավելի քան 100 ադրբեջանցի գրոհային։ Կարծում եմ, իրական թիվը շատ ավելի բարձր է։ Ինձ հայտնի գնահատականներով՝ ԻԼԻՊ-ին (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում) 2013-2016թթ. միացել է մինչև հազար ադրբեջանցի։ Ընդ որում, խոսքն ինչպես Ադրբեջանի Հանրապետության՝ հարևան Թուրքիայից ուղղակի Սիրիա անցած քաղաքացիների, այնպես էլ այն ադրբեջանցիների մասին է, որոնք ապրում են Ռուսաստանում և արմատական են դարձել արդեն ՌԴ-ում»,- Oxu.Az-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաղաքագետների ռուսաստանյան ընկերության (ՔՌԸ) փորձագետ, Ժամանակակից Աֆղանստանի ուսումնասիրման կենտրոնի առաջատար մասնագետ Անդրեյ Սերենկոն։

Երբ գրվում էին այս տողերը, մտաբերեցի հայտնի հրապարակախոս, Shame.am հայրենասիրական ինտերնետ-պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանի հոդվածը՝ հրապարակված Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված Ապրիլյան (2016թ.) քառօրյա պատերազմից 4 ամիս առաջ։ Այսպես, հոդվածը վերնագրված էր՝ «ԱՄՆ-ը Բաքվից պահանջում է պատերազմ Ղարաբաղում» (http://www.shame.am/ru/news/view/61378.html, 17 դեկտեմբերի 2015թ.)։ Մեջբերում կատարեմ այդ հոդվածից. «ԱՄՆ-ում կա դաշնային կառավարության անկախ գործակալություն՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով... Հանձնաժողովը հետևում է, որպեսզի հետխորհրդային հանրապետությունները պահպանեն իրենց պարտավորությունները ԵԱՀԿ-ի հանդեպ։ Հանձնաժողովը բաղկացած է ԱՄՆ Սենատի ինն անդամից, Ներկայացուցիչների պալատի ինն անդամից և պետդեպարտամենտի ու պաշտպանության նախարարության մեկական աշխատակցից... «Մենք ընդունում ենք մեր երկրների միջև կարևորագույն կապերի գոյությունն ազգային անվտանգության և տնտեսության ոլորտներում, բայց Միացյալ Նահանգներն այլևս չի կարող կույր մնալ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների ահավոր փաստերի հանդեպ»,- բուռն հայտարարել է կառավարական Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Ք.Սմիթը։- «Լրագրողներին և ակտիվիստներին անընդհատ  ձերբակալում և բանտ են նստեցնում; ընդդիմադիր քաղաքական գործիչներն առ այսօր բանտում են, անցկացվող ընտրություններն ազատ ու արդար չեն; մարդու իրավունքների ոլորտի փաստաբանները ենթարկվում են հետապնդումների և զրկվում են փաստաբանի կարգավիճակից»։ Կրկնում եմ, որ «Ադրբեջանի դեմոկրատիայի ակտ» անունն ունեցող օրինագիծը առաջադրվել է 2015թ. վերջին, ազդեցիկ կոնգրեսական, ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիսթոֆեր Սմիթի կողմից։ Բաքվում այդ օրինագիծն անվանել են հայամետ՝ այդ պնդումը հիմնավորելով նրանով, որ Ք.Սմիթը հանդես է եկել 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ Ինքը՝ կոնգրեսական Սմիթը, հետևյալ կերպ է մեկնաբանել իր հասցեին Բաքվից հնչող մեղադրանքները. «Ադրբեջանի դեմոկրատիայի ակտը» ոչ մի կերպ կապված չէ հայերի հետ, դա փաստաթուղթ է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին։ Հայերն առհասարակ դրա հետ կապ չունեն, ավելին՝ նրանք ընդհանրապես տեղյակ չէին այդ օրինագծի պատրաստման մասին... Ուստի, երբ ես լսում եմ, որ նման բան ասում են Ադրբեջանի խորհրդարանում, կառավարամետ ԶԼՄ-ները և նախագահի մամուլի քարտուղարը, ես մտածում եմ՝ իսկ որքանո՞վ են նրանք տեղեկացված այլ հարցերում...» (regnum.ru/news/polit/207477.html, 12 փետրվարի 2016թ.)։

Եվ հանկարծ նման գնահատականների ֆոնին, երբ «Ադրբեջանի դեմոկրատիայի ակտ» օրինագծի առաջին կետում գրված է, որ մտցվել է «վիզաների տրամադրման արգելք և չեղարկում գործող նախագահին (!!!), վարչապետին, փոխվարչապետերին, խորհրդարանի կոմիտեների նախագահներին, նախարարներին, անվտանգության մարմինների աշխատակիցներին, դատավորներին և այլոց, ինչպես նաև նրանց ընտանիքներին», իմանում ենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով Իլհամ Ալիևը 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում մասնակցել է միջուկային անվտանգությանը նվիրված գագաթաժողովին։ Իսկ մեկ օր հետո՝ 2016թ. ապրիլի 2-ին, Ադրբեջանն սկսեց ռազմական ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ՝ սանձազերծելով Ապրիլյան (2016թ.) քառօրյա պատերազմը։ Կարծում եմ, որ քաղաքականության մեջ անգամ ամենաանտեղյակ ընթերցողը գլխի կընկնի, որ մահակի (մեր պարագայում՝ «Ադրբեջանի դեմոկրատիայի ակտի») և բլիթի (Բարաք Օբամայի կողմից Ալիևին Վաշինգտոն հրավիրելը) չարաբաստիկ քաղաքականությունն ունեցավ ահրաժեշտ ազդեցությունը. Ադրբեջանը, պատերազմ սկսելով Արցախի Հանրապետության դեմ, Ռուսաստանի հարավային մատույցներում, Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին իրավիճակի ապակայունացման գծով «Վաշինգտոնյան մարզկոմի» հանձնարարությունը կատարելու ճանապարհին էր։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մարտիկների հերոսականությունը ջնջեց ԱՄՆ-ի, ինչպես նաև Թուրքիայի և Իսրայելի՝ անվտանգության 105 կիլոմետրանոց գոտում ռազմական ներկայություն ապահովելու հեռուն գնացող պլանները, գոտի, որը ներկայում Իրանի հետ սահմանին, Զանգելանի, Ջեբրաիլի և Ֆիզուլիի շրջանում վերահսկում է Արցախի Պաշտպանության բանակը։

Հարավկովկասյան տարածաշրջանում իրադարձությունների այսքան մանրակրկիտ նկարագրությունը Ապրիլյան (2016թ.) քառօրյա պատերազմի նախօրեին, որը սանձազերծեց Ադրբեջանն ընդդեմ Արցախի Հանրապետության, և դրանց համադրումը Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո տեղի ունեցող հետագա զարգացման հետ միանգամայն օբյեկտիվորեն բերում է բավական տագնապալի եզրահանգման. Ադրբեջանն, ըստ էության, ԱՄՆ-ի և Եվրամիության հավանությամբ նոր պատերազմ կսանձազերծի Արցախի Հանրապետության դեմ։ Կասկածից վեր է, որ ափշերոնյան բազեները նորից ջախջախիչ պարտություն կկրեն։ Համոզված եմ նաև, որ այս անգամ Հայաստանի Հանրապետությունն անպայման կճանաչի Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը։ Սա կասկած չի հարուցում։ Կարծում եմ, որ քաղաքակիրթ աշխարհը վաղուց է հասկացել, որ Արցախի ժողովրդի համար ցանկացած պատերազմ իր անկախության դեմ լինելու է պատերազմ հանուն Հայրենիքի՝ ի տարբերություն ափշերոնյան ագրեսորների, որոնց համար Արցախի Հանրապետությունը լոկ տարածք է, իսկ հիմնականում ազգային փոքրամասնություններով՝ լեզգիներով, թալիշներով, ավարներով, թաթերով համալրված զինվորական կազմավորումները ընդամենը թնդանոթի միս են։

Հետգրության փոխարեն. Ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Բարիք է, որ այս անգամ էլ մեր տագնապահույզ կորոնավիրուսային առօրյան պսակվեց լուսավոր նորություններով։ Այսպես, ս.թ. մայիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության նոր ղեկավար, նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը։ Իր ելույթում Արցախի նորընտիր նախագահը նշեց վեց սկզբունք, որոնք դրվելու են նրա գործունեության հիմքում, դիցուք՝ «Միացյալ Հայրենիքի անվտանգությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային արժանապատվությունը ենթակա չեն որևէ վերապահման և սակարկման; օրենքի գերակայությունը և բոլորի հավասարությունը պետք է լինեն կողմնորոշիչ հասարակական հարաբերություններում; դեմոկրատիան այլընտրանք չունի; վերջնանպատակը համընդհանուր բարեկեցության և սոցիալական արդարության պետության կառուցումն է; ընդհանուր խնդիրները պետք է լուծվեն թիմային աշխատանքի օգնությամբ; հաջողության բանալին հասարակության համերաշխությունն է։ Ես ակնկալում եմ կառուցողական աշխատանք բոլորի հետ, և համերաշխության և համագործակցության ձեռք եմ մեկնում բոլոր հայրենակիցներին»։

Կարծում եմ, որ բոլորը, ովքեր ուղիղ եթերով դիտում էին երդմնակալության արարողությունը, անտարբեր չմնացին Արայիկ Հարությունյանի խոսքերի հանդեպ իր ավագ եղբոր՝ Սամվել Հարությունյանի մասին, որը զոհվել է 1993թ. ղարաբաղյան Մարտակերտի մոտ տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ։

  «1988թ. փետրվարի 13-ին նա ինձ հարցրեց՝ պատրա՞ստ եմ արդյոք զոհվել հանուն Հայրենիքի։ Ես դրական պատասխան տվեցի։ Եղբայրս պահեց խոսքը։ Իսկ ես՝ ոչ»,- հուզված և դողացող ձայնով ասաց Արցախի նախագահը։

Լսելով այս անկեղծ և սրտահույզ խոսքերը, ինչպես նաև երախտագիտության խոսքերը Արցախի Հանրապետության արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանի հասցեին (նա, անշուշտ, արժանի է դրանց գոնե այն պատճառով, որ նախագահության 10 տարիների ընթացքում Բ.Սահակյանը թույլ չի տվել հայկական այդ հպարտ երկրամաս սորոսյան տականքի, տարատեսակ տոտալիտար կրոնական աղանդների, ԼԳԲՏ հանրույթի ներթափանցումը. հանուն արդարության նշենք, որ այս հարցում մեծ է նաև ազատ Արցախի հոգևոր հովվի՝ Պարգև Սրբազանի արժանիքը)՝ ես անհամբերությամբ սպասում էի երախտագիտության խոսքերի Արցախի 1992-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի հերոսների, հատկապես Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի, Սեյրան Օհանյանի հասցեին, որոնց դեմ օվկիանոսի այն կողմից տրված պատվերով Հայաստանի ներկայիս խամաճիկային իշխանությունները հորինված պատրվակներով քրեական գործեր են հարուցել։ Կարծում եմ, որ հիբրիդային պատերազմի (որն ահա արդեն ավելի քան երկու տասնամյակ վարվում է ընդդեմ հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության) ադրբեջանա-թուրքական գաղափարախոսները լրջորեն կխորհեին նաև այն մասին, եթե Արայիկ Հարությունյանն իր ելույթում հիշատակեր նաև անցած ռազմական տարիների մեկ այլ փաստ՝ այն, որ Ռոբերտ Սեդրակովիչի և Սերժ Ազատովիչի կանայք և մանկահասակ երեխաները անգամ ադրբեջանական զինվորականության կողմից Շուշիի բարձունքներից Ստեփանակերտի կենտրոնացված հրետակոծության օրերին ոչ մի օր չեն հեռացել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքից։ Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահից լսելով այդ խոսքերը Արցախի առաջնորդների ընտանիքների հերոսական առօրյայի մասին՝ երդմնակալության արարողությանը մասնակցող «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչը և նրա տիկինը, էլ չեմ ասում նրա անդրօվկիանոսյան հովանավորների մասին, կխորհեին իրենց հույսերի անիրականանալիության շուրջ, հույսեր, որոնք հնչեցրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից անմիջապես հետո։ Կրկնում եմ, խոսքն այն մասին է, որ. «առաջիկա ամիսները հնարավորություններ կստեղծեն ղարաբաղյան հակամարտության լուծման համար, իսկ դա համագործակցության էլ ավելի լավ պայմաններ կստեղծի ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև»։ Ի՛նչ ասեմ ձեզ, քնքուշ պարոններ. ձեր այդ երազանքին վիճակված չէ իրականանալ։ Բարիք է, որ երդմնակալության ելույթի ավարտին այդ մասին միանգամայն համոզիչ կերպով հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։     

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր