ՆԻԿՈԼԸ ՊԵ՛ՏՔ Է ՀԵՌԱՆԱ

ՍԱ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ

 

25.04.2020, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/2928686.html

25․04․2020, Իրավունք 

https://iravunk.com/news/110589

26.04.2020, Shame.am

http://www.shame.am/news/view/68222.html

 

Անոտացիա

Իշխանությունում Նիկոլ Վովաևիչի հետագա գտնվելը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքն է։ Ուստի, քաղաքական բոլոր ուժերի առաջնահերթ կարևորության խնդիրը, որոնց համար թանկ է հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ճակատագիրը, պետք է դառնա երկրում սահմանադրական կարգի, որը ոտնահարվել է Հայաստանի Հանրապետության VI գումարման Ազգային ժողովի ցրմամբ, վերականգնմանն ուղղված համատեղ անհետաձգելի միջոցների ընդունումը։ Համոզված եմ, որ հայկական պետության պահպանման համար մեր օրերում հրատապ է «Նիկոլը պե՛տք է հեռանա» կոչը, քանզի դա է Հայաստանի Հանրապետության փրկությունը ինքնակործանումից։

 

Արդեն երկու տարի է անցել 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) գունավոր հեղափոխությունների նորագույն տեխնոլոգիայի իրականացման միջոցով տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո։ Արդեն բազմիցս գրել եմ հեղաշրջման գլխավոր շարժիչ ուժի՝ գրանտակերների մեծաթիվ բանակի մասին, որն ահա արդեն երկրորդ տասնամյակն է՝ շռայլորեն ֆինանսավորվում է Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» (անգլ.՝ Open Society Institute, OSI) հիմնադրամի, անդրօվկիանոսյան տարատեսակ դեմոկրատական ինստիտուտների և արևմտաեվրոպական երկրների նրանց գործընկերների կողմից։ Իրենց ողջ «պերճագեղությամբ» իշխանության զավթման առաջնագծում էին նաև ԼԳԲՏ հանրույթի և «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի ներկայացուցիչները։

Եվ շատ ափսոս, որ պետական հեղաշրջման «լեգիտիմացման» մեջ ոչ վերջին դերը խաղացին կարիքից կամազուրկ դարձած մեր տասնյակ հազարավոր քաղաքացիները, որոնց, ավաղ, մի փոքր համբերություն չհերիքեց դառնալու ներառական զարգացման ռելսերի վրա ՀՀ տնտեսության աստիճանական անցման ոչ միայն վկաները, այլև մասնակիցները։ Չէ՞ որ նախադրյալները, ո՜չ, շատ ավելի առարկայական՝ ներառական զարգացման ռելսերի վրա Հայաստանի տնտեսության անցնելու ծրագիրը մանրամասն մշակված էր, ավելին՝ մի քանի ամիս առաջ հնչեցվել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի կողմից։ Միայն այս իրողությունը համոզիչ կերպով վկայում է այն մասին, որ արտասահմանյան տիկնիկավարներին բնավ չէին հետաքրքրում ՀՀ բնակչության բարեկեցության բարձրացման, սոցիալական արդարության կամ օրենքի գերակայության հաստատման հարցերը։ Եվ վայ-հեղափոխականների հռետորաբանությունն էլ հագեցած էր օրենքի և իրավունքի գերակայության հաստատման մասին բարեհունչ կարգախոսներով ու կոչերով, ինչը գործնականում վերածվեց «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի՝ դատարանները շրջափակելու, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ ներկայում իրավական ամենաթողության ճանապարհին կանգնած միակ պատնեշի նախագահի ու անդամների անթաքույց հետապնդման կոչերի։ Ընդ որում՝ ամենաթողությունն իրականացվում էր բացահայտ՝ մարդու իրավունքների, ՀՀ-ում դեմոկրատիայի և քաղաքացիական հասարակության հիմքերի ամրապնդման ջերմ պաշտպան ջատագովների լուռ համաձայնությամբ, ասել է թե՝ նաև նրանց օրհնությամբ։ Կարելի է տասնյակ տարբեր տեսակի խոստումներ և պարտավորություններ նշել, որոնցով քողարկվելով՝ նիկոլվովաևիչյան քաղաքական հաճկատարները զավթեցին իշխանությունը։ Իսկ գլխավոր նպատակը, որն առաջադրում էին ՀՀ ներկայիս իշխանավորների տիկնիկավարները, միանգամայն այլ հարթությունում էր։ Այստեղ շատ կարևոր է, հարգելի ընթերցող, չշփոթել պետական հեղաշրջման ընթացքում օգտագործված գործիքանին գլխավոր նպատակի հետ, հանուն որի ձեռքբերման էլ կատարվեց իշխանության զավթումը։ Իսկ գլխավոր նպատակն օրեցօր ավելի ու ավելի ակնբախ է դառնում՝ ստեղծել անկայունության գոտի Հայաստանում, Ռուսաստանի հարավային սահմաններին։ Իսկ այդ նպատակին հասնելու միջոցները որքան բազմազան, նույնքան էլ անտաշ ու ակնհայտ են։ Իսկ առաջադրված նպատակին հասնելու գլխավոր միջոցը նոր ռազմական ագրեսիայի հրահրումն է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ, ինչն ըստ ադրբեջանա-թուրքական ստրատեգների պլանների՝ անխուսափելիորեն պետք է հանգեցներ Արցախի Հանրապետության շուրջ անվտանգության գոտու զավթմանը, ընդ որում՝ հատկապես կարևոր էր ռազմական ներկայության ապահովումը բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կողմից վերահսկվող 105 կիլոմետրանոց  սահմանին (նկատի է առնվում Իրանին սահմանակից Զանգելանի, Ջեբրաիլի և Ֆիզուլիի շրջանների տարածքը)։ Կարծում եմ, որ հարկ չկա ընթերցողներին մանրամասն բացատրել, թե ինչ գրկաբացությամբ կընդունվեր սա ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարության կողմից՝ Իրանի հետ նրանց անթաքույց, մեղմ ասած՝ լարված հարաբերություններից ելնելով։ Մի բան պարզ է, որ եթե ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հայտնվեին Իրանի հետ սահմանի այս հատվածում, բանը դրանով չէր ավարտվի։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ ադրբեջանա-թուրքական նացիոնալիստները, առաջինները՝ բացահայտ, երկրորդները՝ ծածուկ, արդեն ոչ մեկ տասնամյակ փայփայում են Իրանից նրա հյուսիսային, այսպես կոչված՝ Իրանական (Հարավային) Ադրբեջանի, պատմական Ատրպատականի տարածքները պոկելու երազանքը, որն, իհարկե, ոչ մի ընդհանուր բան չունի Ադրբեջանի հետ։ Եվ այդ ժամանակ, Մեծ Թուրանի մասին ժամանակակից նեոօսման երազողների կարծիքով՝ կստեղծվեն բոլոր պայմանները իրենց բաղձալի տենչանքները կենսագործելու համար, որոնք, մասնավորապես, հնչեցվել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կողմից, որը, բնութագրելով Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները, արտաբերել է Թուրքիայի ներկայիս առաջնորդների սրտին խորապես հաճելի արտահայտությունը՝ «մեկ ազգ՝ երկու պետություն»։ Ընդ որում՝ այդ արտահայտությունը դարձել է ինքնատիպ սևեռուն գաղափար՝ այն աստիճանի, որ այդ թեմայով գումարվում են գիտաժողովներ, համաժողովներ և այլն։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, բերեմ միայն մեկ օրինակ։ 2009թ. հուլիսին Բաքվում տեղի ունեցավ կոնֆերանս՝ նվիրված Հեյդար Ալիևի դերին Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական կապերի ամրապնդման գործում։ Ընդ որում՝ բավական հատկանշական է, որ այն տեղի է ունեցել Աթաթյուրքի ժառանգության ուսումնասիրման կենտրոնում, իսկ կոնֆերանսի թեման հետևյալն էր. «Մեկ ազգ՝ երկու պետություն. Հեյդար Ալիևի ֆենոմենը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»։ Կոնֆերանսը նվիրված էր Հեյդար Ալիևի իշխանության գալու 40-ամյակին։ Եվ ահա, Թուրքիայի համար Արցախի Հանրապետության անվտանգության գոտում ռազմական ներկայությունն, անշուշտ, քայլ է հարկավոր ուղղությամբ՝ իրագործելու իր նեոօսմանյան նկրտումները, ազգը հո մե՛կն է։ Եվ հենց այս հարացույցի համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շիֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ ս.թ. մարտի 2-ին Անկարայում տեղի ունեցած հանդիպումը։ Այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ Չավուշօղլուն գրառում է կատարել Twitter-ում. «ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ։ Լուծումը պետք է  լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման շրջանակում»։ Ոչինչ չես ասի՝ ձրի խրատներ կարդալու մեջ շռայլ է մուալիմ Մևլութը։ Այսինքն՝ հերթական անգամ մենք դարձել ենք վկաներն այն բանի, որ Թուրքիան բացահայտ հայտարարում է նեոօսմանականության քաղաքականությանն իր անդավաճան հավատարմության մասին։ Կամ էլ, ինչպես ասված է Աստվածաշնչում. «Ոչ ով ճրագ չի վառիլ և անոթով թաքցնիլ՝ կամ մահիճի տակ դնիլ. այլ ճրագակալի վրա կդնե, որ ներս մտնողները լույսը տեսնեն։ Որովհետև ծածուկ բան չկա, որ չհայտնվի, և ոչ թաքուն բան, որ չիմացվի և հայտնվի» (Ավետարան ըստ Ղուկասի, 8։16-17)։ Թող ների ինձ ընթերցողն այն բանի համար, որ Էրդողան-Չավուշօղլուի սատանայական պլանները, որոնք կարող են տարածաշրջանը ներքաշել մեծ արյունահեղության, եթե չասենք՝ համաշխարհային պատերազմի մեջ, թուրքական ղեկավարության այդ վտանգավոր քաղաքականությունը ես պարզաբանում եմ Սուրբ գրքից բերված բառերով։ Թող իմ այս արարքի մեջ հարգելի ընթերցողները տեսնեն խոր տագնապ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ նոր արյունալի սպանդի սանձազերծման բարձր հավանականության համար։ Ընդ որում՝ Հայաստանի չեզոքացման համար թուրք ստրատեգներն իրենց բնորոշ ուխտադրժությամբ կնախաձեռնեն արյունալի սադրանք արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանամերձ գոտում, ամենայն հավանականությամբ՝ Նախիջևանի շրջանում։ Չէ՞ որ բնավ պատահական չէ, որ ներկայում հենց Նախիջևանում է ընթանում Ադրբեջանի զինված ուժերի մասշտաբային վերազինումը, որտեղ թուրքական զորամիավորումներն ու հրահանգիչները և հատուկ նշանակության այլ զինվորականները ավելի շատ են, քան ադրբեջանցի զինվորականները։ Պատահական չէին նաև պարբերական ինտենսիվ զորավարժությունները, որոնք իրականացվում էին Նախիջևանի ինքնավարության տարածքում՝ թուրք զինվորական հրահանգիչների զգոն հայացքի ներքո և նրանց անմիջական մասնակցությամբ։ Օրինակ, հերթական թուրք-ադրբեջանական զորավարժությունն անցավ «Անսասան եղբայրություն – 2019թ.» կարգախոսով։ Ընդ որում՝ նշենք, որ նման զորավարժություններ իրականացվում են Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ գոտում։ Դրանք, բնականաբար, չեն կարող չանհանգստացնել Ռուսաստանին, որը, ոչ մեկի համար գաղտնիք չէ, մեր տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է։

Այս պայմաններում տարակուսանք և տագնապ է առաջացնում ՀՀ իշխանությունների բացարձակ անհամարժեքությունը տարածաշրջանում ադրբեջանա-թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականությանը։ Այսպես, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Չավուշօղլուի հանդիպումից հետո, ս.թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց այն մասին, որ պաշտոնական Երևանը մտահոգություն չունի Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման առնչությամբ։ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը (ամեն բան գիտի «խորաթափանց» Զոհրաբ Հրաչևիչը, ոչինչ չես ասի – Ա.Գ.), որի մեջ են մտնում նաև հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի, անհրաժեշտության դեպքում՝ միջազգային կառույցների անդամների հետ՝ ՄԱԿ-ից մինչև Կարմիր խաչ»,- ասաց Զ.Մնացականյանը։ Այնպես որ, ցնծա՛, հայ ժողովուրդ, քանզի Էրդողանի ու Ալիևի բանսարկությունները  իր՝ Զոհրաբ Հրաչևիչի անխոնջ հսկողության տակ են. «Մենք լավ գիտենք այդ պլանի մասին, և գիտենք, թե ինչ մոտեցումներով են աշխատում համանախագահները, քանի որ ինքներս ենք աշխատում նրանց հետ» (ըստ Մնացականյանի՝ ասել է թե ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է Մնացականյան-Փաշինյան երկյակի ծածկաթերթիկներով – Ա.Գ.)։ Այս բարբաջանքի վերջն ու խայտառակ պսակազերծումը ի ցույց դրվեցին միանգամայն անսպասելի կողմից։

Այսպես, 2020թ. ապրիլի 21-ին Մոսկվայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովի ելույթը, որին հաջորդեցին նրա պատասխանները Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության ակումբի նիստի շրջանակում (https://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/4103828)։ Որպեսզի սորոսյան լափակերների ու «ժողվարչապետի» և КО-ի անդրօվկիանոսյան տիկնիկավարների կողմից տարատեսակ շահարկումներ չլինեն, կներկայացնեմ ինչպես Ս.Վ. Լավրովին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տրված հարցի, այնպես էլ դրան տրված պատասխանի ամբողջական տեքստերը։

Հարց. «Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Է.Մ. Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը միջազգային հանրությունից սպասում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի կատարման գործուն քայլեր հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում։ Ձեր կարծիքով՝ ի վիճակի՞ են արդյոք համապատասխան միջազգային ինստիտուտները, հատկապես ընթացիկ ճգնաժամի պայմաններում, արդարացնել այդ սպասումները։ Ի՞նչ մեխանիզմներ կարող են աշխատանքային ռեժիմի բերել ընդունվող, բայց չկատարվող բանաձևերը»։

Ս.Վ. Լավրով. «Բանաձևերը, որոնց մասին է խոսքը, հայտնի փաստաթղթերն են։ Դրանք ընդունվել են մարտական գործողությունների թեժ պահին և նախատեսում էին ամենից առաջ մարտական գործողությունների լիակատար դադարեցում և անցում կարգավորման։ Այո, դրանցում հաստատվում էր Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, բայց դրանցում կար պահանջ՝ կանգնեցնել պատերազմը և անցնել բանակցությունների։ Այդ ժամանակվանից բանակցությունների դիմել են ո՛չ մեկ անգամ։ Եղել են այսպես կոչված «Քի Ուեսթի պայմանավորվածությունները» 2001թ.։ Եղել են նաև հետագա պայմանավորվածություները տարբեր ձևաչափերով, որոնք ձեռք են բերվել նաև առանց Ղարաբաղի մասնակցության։ Այժմ արդեն կայացել է Բաքու-Երևան-ԵԱՀԿ Մինսկի խումբ բանակցությունների ձևաչափը ղարաբաղյան կարգավորման (ՂԿ) հարցով՝ հանձինս երեք համանախագահողների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, և ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը։ Ձևաչափն օգտակար է, լավն է։ Հենց դրանում է մարմնավորվել ՄԱԿ ԱԽ պահանջն այն մասին, որ պետք է դադարեցնել պատերազմը և սկսել պայմանավորվել։ Կան «Մադրիդյան սկզբունքները», ինչպես նաև փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-2011թթ., այսպես կոչված «Կազանյան փաստաթուղթը»։ Կան նախագծեր, որոնք տարածվել են մեկ տարի առաջ (անցած տարվա ապրիլին) Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ՝ Մոսկվայում, համանախագահների մասնակցությամբ։ Դրանք հիմա ակտիվ քննարկվում են։ Այդ փաստաթղթերը ենթադրում են կարգավորման գնալ փուլային մոտեցման հիման վրա՝ նախատեսելով առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծումը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատագրումը և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Համոզված եմ, որ երբ որոշման հանգենք այդ փաստաթղթերի ստորագրման մասին, դա կլինի կարևորագույն քայլ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման ուղղությամբ, որոնց մասին է խոսքը, և որոնք, կրկնում եմ, պահանջում էին դադարեցնել պատերազմն ու սկսել պայմանավորվել։ Պայմանավորվել սկսել են։ Հիմա հարկավոր է պայմանավորվել։ Հենց դրան էլ ձգտում ենք որպես ՂԿ գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»։

Ամբողջությամբ կարդալով Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի ելույթն ու պատասխանները՝ տողերիս հեղինակը հերթական անգամ հպարտության և հարգանքի զգացումով լցվեց Ռուսաստանի՝ ՀՀ ռազմավարական դաշնակցի, հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի և Հայ Սփյուռքի անվտանգության երաշխավորի հանդեպ։ Հարգանքի զգացում Ռուսաստանի և նրա ականավոր ղեկավարի՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի նկատմամբ՝ իրենց ազնվության համար Հայաստանի ու մեր ժողովրդի հանդեպ, որն արդեն երկու տարի հայտնվել է քողարկված ռուսատյացների իշխանության ներքո, որոնց՝ Ռուսաստանի հետ իբր լավ հարաբերությունների մասին խուճուճ ճամարտակությունների հետևում ավելի ու ավելի հստակ են երևում Ռուսաստանի բարին չկամեցողների ականջները։ Որպեսզի համոզվենք նման գնահատականի ճշմարտացիությանը, բավական է վերլուծել վերջին օրերի հրապարակումները բացահայտ հակառուսական ինտերնետ-պարբերականներում, որոնց հանկարծակիի են բերել Ս.Վ. Լավրովի՝ ՀՀ այսօրվա անգամ բթամիտ ու տգետ իշխանավորների ընկալման համար մատչելի պարզաբանումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ներկա իրողությունների մասին։ Ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ այդ ինչո՞ւ են ՌԴ արտաքին գործերի նախարարի պատասխանները հանկարծակիի բերել նիկոլվովաևիչյան խառնամբոխին ու նրա թիկունքին կանգնած տիկնիկավարներին։ Պատասխանը պարզ է։ Հայաստանում պետական հեղաշրջումից և իշխանության զավթումից հետո անցած երկու տարում Նիկոլ Վովաևիչը և նրա նմանները քանիցս մոլորության մեջ են գցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքացիներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, ավելի պարզ ասած՝ ցինիկաբար ստել են։ Ընդ որում՝ նրանց համարյա թե ամեն ամիս փոխվող դիրքորոշումն այս հարցում կարելի էր բնութագրել որպես ցածրակարգ ծաղրածուություն, եթե դրա հետևում չթաքնվեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ծավալուն պատերազմ սանձազերծելու վտանգը։ Չէ՞ որ ըստ էության Ս.Վ. Լավրովի միջոցով մեր ռազմավարական դաշնակիցը վերին աստիճանի դիվանագիտորեն բացեց հայկական երկու պետությունների մտածող և սորոսյան ողորմություններով չկաշառված քաղաքական էլիտայի աչքերն առ այն, որ հայ ժողովրդի թիկունքի հետևում կատարվում է ազգային շահերի դավաճանություն։ Միանգամայն խորհրդանշական է, որ Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի պատասխանները հնչել են հենց Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության ակումբի մասնակիցների հետ կլոր սեղանի ժամանակ։ Ուրեմն, հիշենք այդ նշանավոր ռուս դիվանագետի՝ Ռուսական կայսրության վերջին կանցլերի, Սրբազնագույն իշխան Ալեքսանդր Միխայլովիչ Գորչակովի խոսքերը՝ գրված 1853-1856թթ. Ղրիմի պատերազմից հետո, այն շրջաբերական ճեպագրում, որի բովանդակության մասին դեսպանություններին հրամայվել էր տեղեկացնել արտասահմանյան կառավարություններին. «Ռուսաստանին կշտամբում են նրանում, որ մեկուսանում է և լռում է այնպիսի փաստերի առջև, որոնք չեն ներդաշնակում ոչ իրավունքի, ոչ արդարության հետ։ Ասում են, թե Ռուսաստանը բարկանում է։ Ռուսաստանը չի բարկանում, Ռուսաստանը կենտրոնանում է»։ Եվ ըստ երևույթին կորոնավիրուսի դաժան համավարակի մեր օրերում Ռուսաստանի կշռադատված և ակտիվ արտաքին քաղաքականությունը հակառուսական տարատեսակ ուժերին շփոթության մեջ է գցում։ Ռուսատյացների ճամբարում առաջացած իրարանցման ու շփոթմունքի թեման ավարտելու համար, որում նրանք հայտնվել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս.Վ. Լավրովի խոսքերից հետո, միայն մեջբերում կատարեմ Հայաստանի հակառուսական ԶԼՄ-ների «դրոշակակիր» ինտերնետ-պարբերականի (որը շռայլորեն ֆինանսավորվում է օվկիանոսի այն կողմից) հրապարակումից 1in.am կայքում։ Այսպես, ս.թ. ապրիլի 23-ին նշված ինտերնետ-պարբերականը հրապարակեց հոդված՝ «Ռուսական էլիտայի հոգեվարքը. Պուտինն այլևս ի վիճակի չէ» վերնագրով (https://www.1in.am/2739059html)։ Ռուսաստանի ուղղությամբ արձակված կենդանաբանական այդ սուլոցի նմուշում կարդում ենք. «Լավրովի հայտարարությունները (նկատի ունեն ղարաբաղյան կարգավորման և ընդհանրապես Հայաստանի մասին – Ա.Գ.), թերևս, ավելի շատ ի ցույց էին դնում Ռուսաստանում բարդ խնդիրները, քան որևէ վկայում Հայաստանի համար որևէ խորքային խնդրի մասին: Կամ՝ Հայաստանի համար խնդիր կարող է լինել այն, թե ինչպիսի իրավիճակ ու հոգեվիճակ է Ռուսաստանի իշխող համակարգում, բայց կապված ոչ թե Հայաստանի հանդեպ վերաբերմունքի, այլ համաշխարհային իրավիճակի հետ»։ Այնուհետև հաջորդում է լիակատար զառանցանք դիլեմայի մասին, որն, իբր, կանգնած է Ռուսաստանի առջև և պայմանավորված է նրա ընտրությամբ՝ լինել Արևմուտքի՞, թե՞ Չինաստանի հետ, հրաժարվելով «այսպես ասած՝ սեփական խաղից, հրաժարվել այն հավակնություններից, որ ներկայացնում էր Արևմուտքի հետ դիմակայության գնալով»։ Այս ակնհայտ քաղաքական պարանոյայի հեղինակների հետ բանավեճի մեջ մտնելը, կարծում եմ, այնքան էլ արդարացված չէ։ Իսկ եթե չարձագանքենք այս զառանցանքին, այդ դեպքում կսկսեն շահարկել այն թեման, թե, իբր, առարկելու բան չունեին։ Եվ ահա միանգամայն տեղին մտաբերեցի տեսարանը «Խանումա» ներկայացումից՝ Ավքսենտի Ցագարելիի համանուն վոդևիլի հիման վրա։ Ընթերցողներին հիշեցնենք, որ վոդևիլի հերոսներից մեկը՝ Սերոժ անունով, ցանկանում է վաճառել իր տունը և գնորդներ է հրավիրում, «Տուն եմ ծախում, լավ տուն, կենտրոնը՝ կողքին, Քուռը (գետ Թբիլիսիում – Ա.Գ.) կողքին, եկե՛ք, տեսե՛ք»։ Նրան է մոտենում հնարավոր գնորդներից մեկն ու ասում. «Սերոժ, կացո՛, կենտրոնը կողքին՝ լավ է, լավ տունը լավ է, իսկ ի՞նչ կլինի, եթե Քուռը ափերից դուրս գա ու հեղեղի քո տունը»։ Ինչին Սերոժը պատասխանում է. «Արա, էդ ի՞նչ ես ասում, Քուռն ուր, իմ տունն ուր»։ Կցանկանայի Նիկոլ Վովաևիչի հուշարարներին ասել, որ իրենց բարբաջանքը չափից ավելի կոմիկական է, բայց ոչ միայն ծիծաղ, այլ նաև վիրավորանք է առաջացնում։ Այդ որքան պետք է կուրացած լինել Ռուսաստանի նկատմամբ ատելությունից, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հարցին Սերգեյ Լավրովի հարգալից և ազնիվ պատասխանի մեջ տեսնեն ռուսական էլիտայի հոգեվարքը, էլ չեմ ասում դրության անելանելիության մասին, որում, իբր, հայտնվել է Ռուսաստանի առաջնորդը, որին հույսով ու հավատով են նայում արդեն համաշխարհային շատ այլ առաջնորդներ ևս։ Մի խոսքով, Օդեսայի լեզվով ասած՝ հույս չունենաք, աչքներդ ջուր կկտրի, բայց չեք տեսնի։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ այս հակառուսական քարոզչաթեփի վարպետները գիտակցել են իրենց գնահատականների ողջ անհեթեթությունը և այդ ժամանակ էլ հենց՝ ս.թ. ապրիլի 23-ին, այդ նույն ինտերնետ-պարբերականում ռուսերեն հրապարակել են հոդված՝ «Եվրոպական ուղղության լճացումը. ծանր լռություն Երևանում» (https://ru.1in.am/1283656.html) վերնագրով, որում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի ներքաղաքական դաշտի դերակատարները ակնթարթորեն արձագանքեցին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հայտարարություններին, ընդ որում՝ ոչ միայն արցախյան թեմայի, այլ նաև հայ-ռուսական հարաբերությունների, գազի գնի և այլ թեմաներով։ Անկասկած, պետք է ողջունել այդ արձագանքը, հատկապես օպերատիվության համար, քանի որ հիմնականում արձագանքի բովանդակային մասը բոլորովին չէր կարելի ողջունել»։ Դրանով իսկ նրանք փաստորեն ընդունեցին Ս.Վ. Լավրովի ելույթին իրենց սեփական արձագանքի ողջ անհեթեթությունը՝ բացասաբար գնահատելով ՌԴ ԱԳՆ պատասխանների արձագանքի բովանդակային մասը։

  Հարգելի ընթերցողը կարող է միանգամայն իրավացիորեն հետաքրքրվել այն մասին, թե ինչ է ասել Սերգեյ Վիկտորովիչը  վերոնշյալ տեսակոնֆերանսի ընթացքում ռուս-հայկական հարաբերությունների, մասնավորապես՝ գազի գնի և այլ հարցերի վերաբերյալ։ Տեղին եմ համարում ներկայացնել կլոր սեղանի ժամանակ հնչած այդ հարցի և դրա պատասխանի ամբողջական տեքստը։

Հարց. «Սկզբում Դուք ասացիք ընդհանուր էներգետիկ շուկայի և կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների դեմ ԵՏՄ երկրների համատեղ պայքարի անհրաժեշտության մասին։ Այդ առնչությամբ կցանկանայի բարձրացնել գազի գնի հարցը։ Բոլորին է հայտնի, որ գազի գինը ոչ միայն բիզնես է, այլև շատ բանում՝ նաև քաղաքականություն։ Մենք Հայաստանում և Բելառուսում  տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը իջեցնում գներն անգամ հետին թվով ԵՄ երկրների համար, օրինակ՝ Բուլղարիայի, կամ բարեկամական Մոլդովայի Հանրապետության համար հիմա գինն ավելի ցածր է, քան Հայաստանի։ Հարց է ծագում. ինչո՞ւ այդ քաղաքականությունում Ռուսաստանը չի գնում գնի այդպիսի նվազեցման առաջին հերթին ԵՏՄ երկրների, իսկ հետո արդեն՝ այլ երկրների համար։ Չէ՞ որ դա խթան կհանդիսանար այլ երկրների համար՝ անդամագրվել ԵՏՄ-ին, համագործակցել ԵՏՄ-ի հետ՝ հասկանալով, որ դրանից տնտեսական մեծ օգուտներ են գալիս»։

Ս.Վ. Լավրով. «Հարցը հասկանալի է։ Ես տեսնում եմ տրամաբանությունը, բայց պետք է այդ ժամանակ արդեն տրամաբանական լինել մինչև վերջ։ Երբ գինը, որն այժմ կա Հայաստանի, Բելառուսի Հանրապետության համար, երկու-երեք անգամ ցածր էր շուկայականից, դա ընկալվում էր որպես իրողություն, և ոչ ոք չէր խոսում այն մասին, որ դա քաղաքականություն է։ Բոլորն ասում էին, որ իրենց համար կարգն է այդպես։ Ես կարծում եմ, որ դաշնակիցներն, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություն, ոչ մի կասկած իմ մեջ այստեղ չի առաջանում։ Բայց երբ գինը գնաց-հասավ այնտեղ, որտեղ հիմա գտնվում է, կան ինչ-որ կոնկրետ պարտավորություններ։ Համոզված եմ, որ դիմումների քննարկման ընթացքում, որոնք վերջին ժամանակներս ստացվել են բելոռուս և հայ ընկերների կողմից, մեր դաշնակցային հարաբերություններն, իհարկե, ուշադրության են առնվում։ Ճիշտ չէ, հավանաբար, այդ մասին հիշել միայն այն ժամանակ, երբ իրավիճակը դառնում է տրամագծորեն հակառակ այն իրավիճակին, որը կար դեռևս 3-4 տարի առաջ, այն ժամանակ, երբ գնագոյացման այդ մեխանիզմը ձևավորվում էր դաշնակցային պարտավորությունների լիակատար հաշվառմամբ։ Եթե կոնկրետ Հայաստանի մասին ենք խոսում, ապա այդ հարցով մեզ մոտ զբաղվում են Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը և «Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերությունը։ Բայց խնդիրներից մեկը, որը կրում է քրոնիկական բնույթ և չի լուծվում արդեն մի քանի տարի, ներքին սակագներն են Հայաստանում, որոնք այնպիսին են, որ դա դժվարացնում է գնագոյացման առավելագույն արտոնյալ մոտեցումների կիրառումը։ Ես հիմա չեմ խորանա կոնկրետ բաների մեջ։ Եթե մենք խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա, հավանաբար, դաշնակցությունը պետք է դրսևորվի բոլոր ոլորտներում։ Եթե խոսում ենք տնտեսության մասին, ապա մեծ հույս ենք դնում այն բանի վրա, որ այն դատավարությունները, որոնք վերջին մի քանի տարիներին սկսվել են Հայաստանում համատեղ ձեռնարկությունների դեմ, ներառյալ Հարավկովկասյան երկաթուղին, կկարգավորվեն առանց դրանցում այնպիսի բաներ մտցնելու, որոնք անհարիր են դաշնակիցների միջև։ Ես այս մասին շատ անկեղծ եմ ասում, որովհետև ծագել են մի քանի բարդ իրավիճակներ, որոնց մեջ հայտնվել են ռուսական ընկերությունները։ Հույս ունեմ, որ այս բոլոր հարցերը մենք կկարգավորենք երկկողմանի բավարարման սկզբունքով։

Բոլորովին վերջերս տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Փաշինյանի հետ։ Նրանք տեսնում են մեր դաշինքի և ռազմավարական գործընկերության զարգացման ուղիները։ Հավաստիացնում եմ Ձեզ, հենց այդ հունով են լուծվելու երկու կողմերի բոլոր հարցերը»։ Կարծում եմ, որ այս պատասխանի մեջ տրված է Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի վարած խորամանկ արտաքին քաղաքականության օբյեկտիվ ախտորոշումը։

Միևնույն ժամանակ, հարգելի ընթերցող, որքան էլ որ տխուր լինի, բայց պետք է ընդունել, որ նիկոլվովաևիչյան խունտայի անդրօվկիանոսյան տիկնիկավարներին, այնուամենայնիվ, հաջողվել է սասանել Ռուսաստանի հավատը Հայաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի հուսալիության հանդեպ, ինչի մասին վկայում է, կրկնում եմ, Ս.Վ. Լավրովի վերը բերված անկեղծ պատասխանը։ Եվ սա արդարացում չունի ոչ միայն «ժողվարչապետի»՝ տիեզերական մասշտաբի (իմա՝ Նյու Վասյուկիի չափի տիեզերքի) քաղաքական գործչի, այլ նաև ժամանակակից Հայաստանի հակազգային իշխանությունների իսկական ընդդիմության համար։ Ցավով նշենք, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ասես զգուշանում են բացել այն ոչ փոքր տեղեկատվական ռեսուրսի գոնե հնարավորությունները, որոնք նրանք տնօրինում են։ Արդյունքում, մասնավորապես, ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, ստիպված է գոհանալ միայն հոդվածներ գրելով, որոնք, բարեբախտաբար, հրապարակվում են ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալության էջերում, ինչի համար խորին շնորհակալություն նրա խմբագրությանն ու գլխավոր խմբագիր, Ռուսաստանի հայրենասեր-դերժավնիկ Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովին։ Բարիք է, որ ՀՀ-ում ևս պահպանվել են հայրենասիրական պարբերականներ, դիցուք՝ Iravunk.com, Shame.am, «Новое Время» և «Голос Армении», որոնք, որպես կանոն, վերահրապարակում են իմ հոդվածներն իրենց կայքերում։ Օգտվելով առիթից՝ չեմ կարող երախտագիտություն չհայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Ֆեոդորովիչ Զատուլինին՝ ինստիտուտի կողմից «Голос Армении» և «Новое Время» ռուսալեզու թերթերին ցուցաբերված ֆինանսական օգնության համար։ Ֆինանսական օգնություն, որը գոնե մեկ-երկու ամիս կերկարացնի այդ պարբերականների գործունեության հնարավորությունը։ Ցանկանում եմ հավատալ, որ դրան կհաջորդի աջակցության համակարգային մոտեցման մշակումը ոչ միայն Հայաստանի հայրենասիրական տեղեկատվական պարբերականներին, այսինքն՝ ռուս-հայկական ռազմավարական դաշինքի համոզված ջատագովներին, այլև ՀՀ քաղաքական ուժերին, որոնք ներկայում Սորոսի հիմնադրամի և КО-ի կողմից շռայլորեն ֆինանսավորվող համակարգային հակառուսական աշխատանքում հնարավորություն ունեն հակադրելու միայն իրենց մտավոր ռեսուրսը։ Ընդ որում՝ մենք ու մեր բազմահազար կողմնակիցները, այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի, բազմահազար կողմնակիցները զրկված ենք պարբերական հանդիպումների կազմակերպման հնարավորությունից՝ լինի Երևանում, թե Հայաստանի մարզկենտրոններում։ Ավաղ, չկան նվազագույն ֆինանսական ռեսուրսներ, որքան էլ որ դա խոստովանելը ցավալի լինի։ Միջոցներ գոնե մեր կողմնակիցների՝ ռուս-հայկական ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնության մեջ համոզվածների տեղաշարժի ծախսերը հոգալու համար։

Թող ների ինձ ընթեցողը նման՝ բնավ ոչ քնարական շեղման համար, ուստի նորից անդրադառնանք հոդվածի հիմնական թեմային, որը շարժառիթ դարձավ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի համար՝ հանդես գալու հայտարարությամբ։ Ընդ որում՝ ցանկանում եմ անպայման օգտվել հնարավորությունից՝ երախտագիտություն հայտնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակի Սահակյանին, որը տասներեք տարի ղեկավարեց այդ հպարտ ու աննկուն երկիրը՝ Արցախի Հանրապետությունը։ Առանց չափազանցության կարելի է փաստել, որ շատ բանով նրա կշռադատված քաղաքականության շնորհիվ Հայաստանի հինգերորդ շարասյանը, Սորոսի տարատեսակ ճտերին չհաջողվեց Արցախը ներքաշել մասշտաբային քաղաքացիական դիմակայության սարդոստայնի մեջ Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո ընկած ժամանակաշրջանում։ Հատկապես ընդգծեմ, որ դրա իրականացման համար առաջնագիծ էին հանվել սորոսյան լափակերները, ավելին՝ հատկացվել էին միջոցներ ՀՀ 2020թ. պետական բյուջեից։ Էլ չեմ ասում այն մասին, որ ապակայունացման դրոշի ներքո Արցախում միավորվել էին ոչ միայն նիկոլվովաևիչյան սխրակիցները Սորոսի ճտերի կազմից, այլև այսպես կոչված «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարությունը։ Ըստ էության, սա ռազմականացված խմբավորում է, որի ղեկավարները արտասահմանից ֆինանսավորվող սովորական ահաբեկիչներ են։ Որպեսզի ընթերցողի համար պարզ լինի այն մասին, որ Արցախում դրության ապակայունացմամբ շահագրգռված էին համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնն ու նրա արբանյակները՝ հանձինս Ադրբեջանի և Թուրքիայի, ներկայացնեմ փաստ ոչ այնքան հեռավոր անցյալից։ Այսպես, 2016թ. հուլիսի 17-ին ռազմականացված այդ խմբավորման անդամները զավթեցին Երևանի պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) շենքը և մինչև հուլիսի 31-ը պահեցին շենքում գտնվող մարդկանց մեծ մասին։ Այդ զինված արկածախնդրությունը վերջնարդյունքում վերածվեց ողբերգության՝ զոհվեց երեք ոստիկան։ Այդ օրերին, ոչ առանց արտասահմանյան ֆինանսավորման, Երևանում տեղի էին ունենում հանրահավաքներ՝ ի պաշտպանություն ՊՊԾ-ն գրաված ռազմականացված խմբավորման, այսինքն՝ ահաբեկիչների։ Եվ ահա 2016թ. հուլիսի 23-ին հանրահավաքում բարձրախոսը ձեռքին հայտնվում է Նիկոլ Վովաևիչը, որն այժմ ՀՀ «ժողվարչապետն» է, ինչը միանգամայն սպասելի էր, քանի որ տեսնելով մարդկանց զանգվածային կուտակումը՝ նա չէր կարող չգայթակղվել հանրահավաքի «կառավարման սանձերն» իր ձեռքը վերցնելու հնարավորությամբ։ Իշխանազավթման սույն «գլխավոր փորձի» ժամանակ արդեն, երբ ելույթ էր ունենում Նիկոլ Վովաևիչը, զինված խմբի անդամներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Փաշինյանը ցանկանում է «ձեռքերը տաքացնել արյամբ», իսկ մեկ այլ Սասնա ծուռ՝ ՊՊԾ-ի զավթման մասնակիցներից Պավլիկ Մանուկյանը, ՊՊԾ գրավված շենքից հեռախոսով հրահանգում էր հանրահավաքի կազմակերպիչներին. «Մարդկանց ասա՝ թող Նիկոլին աղբամանը նետեն, թող քարկոծեն, ծեծեք, քշեք էդ Նիկոլին»։ Արդեն այն ժամանակ կար հստակ գիտակցումն այն բանի, որ Փաշինյանը կսոսնձվի խռովությանն ու հաջողության դեպքում կփորձի քաղաքական դիվիդենդներ ստանալ։ Այդ խոսակցության ձայնագրությունը, հարգելի ընթերցող, ներկայացվել է դատարանում որպես «Սասնա ծռերի» հանցագործության նյութեղեն ապացույցներից մեկը։ Հիմա, չորս տարի անց, էլ ավելի ես համոզվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կշռադատված քաղաքականության ճշմարտացիության մեջ, որն արդեն այն ժամանակ լրիվ կռահել էր այդ զինված գրավման սադրիչների նենգ մտադրությունը, որի նպատակն էր զանգվածային արյունահեղության և Հայաստանում իրավիճակի հետագա ապակայունացման հրահրումը՝ որոշում ընդունելով ուժային գործողություն չկիրառել այդ զինված խմբի չեզոքացման համար։ Ահաբեկիչների և նրանց հետևում կանգնած արտասահմանյան տիկնիկավարների մտադրությունը չհաջողվեց իրականացնել։ ՀՀ իշխանությունները կարողացան խուսափել զանգվածային արյունահեղությունից, ինչում էական էր «Արցախի հերոս», գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի դերը, որի անառարկելի հեղինակությունը՝ որպես Արցախի ժողովրդի 1992-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի անձնուրաց հրամանատարի, ըստ իմ համոզման, կրկնում եմ, խաղաց էական դեր այն բանում, որ զինված խումբը հանձնվեց իշխանություններին։

Եվ ահա, այն ուժերը, որոնք չորս տարի առաջ կոչ էին անում Նիկոլին նետել «աղբամանը, քարկոծել» (ինչպես ապաշխարած անառակ Մագթաղինեին – Ա.Գ.), հիմա, փորձելով ապակայունացնել իրավիճակն Արցախում, չնայած տարբեր շարժառիթներով, հայտնվել են բարիկադների նույն կողմում։ Իսկ մյուս կողմում միանգամայն արժանապատվորեն իրենց դրսևորեցին Արցախի Հանրապետության օրինական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանն ու նրա թիմը։

Համոզված եմ, որ մեր ընթերցողին այնքան էլ անհետաքրքիր չի լինի իմանալ, թե ինչպես արձագանքեց վերջին իրադարձություններին Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանը միանգամայն ճիշտ է վարվել՝ արձագանքելով ս.թ. ապրիլի 21-ին կայացած տեսակոնֆերանսին, որին մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, այլ ոչ թե Ս.Վ. Լավրովի ելույթին։ Որոշ մեջբերումներ կատարենք ս.թ. ապրիլի 22-ին Facebook-ի իր էջում Արցախի նախագահի արած գրառումից։ «Իհարկե, մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության իշխանությունների բացառիկ դերակատարումն այս հարցում (նկատի ունի ղարաբաղյան կարգավորումը – Ա.Գ.), բայց պետք է ընդունել, որ բանակցային սեղանին ներկայացված ցանկացած առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են Արցախի Հանրապետության իշխանությունները»։ Անվիճելի է, որ այս խոսքերը հասցեագրված են «ժողվարչապետին», որը մեկ տարի շարունակ Հայաստանի և Արցախի հասարակություններից թաքցրել է Ի.Ալիևի հետ բանակցությունների էությունը կամ ցինիկաբար ստել, ինչը բացահայտվեց, նորից եմ ընդգծում, Ս.Վ. Լավրովի կողմից. «Կան նախագծեր, որոնք տարածվել են մեկ տարի առաջ (անցած տարվա ապրիլին) Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ՝ Մոսկվայում, համանախագահների մասնակցությամբ»։

Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, կարծում եմ, որ իմաստ ունի ներկայացնել յոթ պայմաններից գոնե երկուսը, որոնք նշված են Արայիկ Հարությունյանի հայտարարությունում, չնայած բոլոր յոթ պայմաններն էլ խորապես փաստարկված են և օրգանապես փոխկապակցված։

Երրորդ պայման։ «Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև (նկատի ունի Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանը – Ա.Գ.) բովանդակային քննարկման առարկա դառնալ»։

Պայման չորրորդ։ «Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք» (https://www.armenpress.ru/news/1013003/

Երբ գրվում են այս տողերը, հարգելի ընթերցող, ինձ չեն լքում տագնապահույզ մտքերն այն մասին, թե ինչպիսին է լինելու աշխարհը կորոնավիրուսի համավարակից հետո, ինչպիսի՞ն կդառնան Ռուսաստանը, նրա դաշնակիցները ԵՏՄ և ՀԱՊԿ գծով, ՇՀԿ գործընկերների գծով։ Այսօր հեղինակավոր շատ քաղաքագետներ համակարծիք են, որ երբ կորոնավիրուսի համավարակի սպառնալիքն անցնի, քաղաքակրթությունն ու շրջակա աշխարհն այլևս երբեք նախկինի պես չեն լինի. կձևավորվեն անվտանգության նոր համաշխարհային համակարգ, նոր համաշխարհային տնտեսություն, կստեղծվեն նոր միջպետական հարաբերություններ։ Հուսալ, թե այս անխուսափելի փոփոխությունները կհասկացվեն Նիկոլ Փաշինյանի և КО-ի կողմից և արդեն այժմ կընդունվեն անհրաժեշտ միջոցներ, ավաղ, չարժե, ինչի հերթական հաստատումն են դարձել նրա վերջին ամենօրյա live-երն ու հարցազրույցը Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, ինչպես և նրա հերթական ցինիկ ստի բացահայտումն ու հանրությունից ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի էությունը թաքցնելը։ Հերթական անգամ արդեն չարժե ընդգծել այն փաստը, որ Նիկոլ Վովաևիչը չունի գիտելիքների գոնե նվազագույն պաշար արդի աշխարհում տեղի ունեցող գործընթացների էությունը հասկանալու համար։ Ավելի մատչելի արտահայտվելով՝ մենք պետք է փաստենք այն անբեկանելի ճշմարտությունը, որ «ժողվարչապետի» հետագա գտնվելը իշխանությունում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքն է։ Ուստի, քաղաքական բոլոր ուժերի առաջնահերթ կարևորության խնդիրը, որոնց համար թանկ է հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ճակատագիրը, պետք է դառնա երկրում սահմանադրական կարգի, որը ոտնահարվել է Հայաստանի Հանրապետության VI գումարման Ազգային ժողովի ցրմամբ, վերականգնմանն ուղղված համատեղ անհետաձգելի միջոցների ընդունումը։ Խորհրդարանի ցրմամբ, որը տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտումների հետևանքով, իսկ պարզ լեզվով ասած՝ ցրվեց ստոր դավաճանության արդյունքում, որը կատարվեց անդրօվկիանոսյան ստրատեգների մանրակրկիտ մտածված սցենարով։ Ընդ որում՝ չափազանց կարևոր է այն իրողության գիտակցումը, որ հապաղումն այս հարցում հղի է հայոց պետականության կորստով։ Դժբախտաբար, սա չափազանցություն չէ։

Հոդվածի վերջում կցանկանայի կարճ ամփոփել այն։ Հոդվածը գրելիս հիշողությանս մեջ, որպես սևեռուն գաղափար, վերակենդանացան «պատերազմի կուսակցության»  վառ ներկայացուցչի՝ հին հռոմեական քաղաքական և պետական գործիչ Մարկոս Պորկիոս Կատոնի ահեղ կոչերը, որն իր յուրաքանչյուր ելույթ Հռոմի Սենատում ավարտում էր նույն նախադասությամբ. «Կարթագենը պե՛տք է կործանվի» («Carthago delenda est»)։ Ճակատագրի բերումով մ.թ.ա. 149 թվականը դարձավ Կատոնի մահվան և Երրորդ Պունիկյան պատերազմի սկսվելու տարեթիվը, որի արդյունքը դարձան Կենտրոնական Միջերկրածովի այդ երբեմնի ամենամեծ ու հզոր քաղաքի լիակատար կործանումն ու այրումը։

Թող հարգելի ընթերցողին գրոտեսկային չթվան այսօրվա իրադարձությունների զուգորդումները և համեմատություններն այն իրադարձությունների հետ, որոնց միմյանցից բաժանում են 22 դարեր։ Իսկ այսօր ինքնակործանումից հայոց պետականության պահպանման համար, անկասկած, հրատապ է «Նիկոլը պե՛տք է հեռանա» կոչը, քանզի դա է Հայաստանի Հանրապետության փրկությունը ինքնակործանումից։

Հ.Գ. Այսօր՝ 2020թ. ապրիլի 24-ին, Վեհափառ Տեր, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով։ Կաթողիկոսի ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Այսօր ազգովի վերստին մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հավատի և հայրենիքի։ Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն իր զավակների սպանդը, իր ազգային-հոգևոր արժեքների, մեր սրբավայրերի, վանքերի ու եկեղեցիների, մեր գյուղերի ու քաղաքների ավերումը, կորցրեց իր պատմական հայրենիքի մեծագույն մասը... Հոգևոր միասնությամբ աղոթենք և ուխտենք՝ իրագործել ազգային նվիրական տեսիլքները ազատ և անկախ մեր հայրենիքի ապահովության, առաջընթացի ու բարօրության, սփյուռքի առավել շենացման, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, մեր արդար դատի՝ պահանջատիրության հաղթանակի»։ Իմ կողմից կցանկանայի ավելացնել. ուխտենք, որ կկանգնեցնենք հայ ժողովրդի ընդհանուր սրբավայրի՝ Հայաստանի Հանրապետության արդեն երկու տարի շարունակվող ինքնակործանումը։

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր