ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈՄԻՏԵԻ ՀԻՄՆՈՒՄԸ

 

07.02.2020, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/2851874.html

 

Անոտացիա

2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը Հայաստանի Հանրապետությունում ռուսատյաց ուժերին իշխանության բերելու մանրակրկիտ մշակված տեխնոլոգիայի եզրափակիչ գործողությունն էր՝ Անդրկովկասից Ռուսաստանը դուրս մղելու, Արցախի Հանրապետության սահմանների ողջ պարագծով ՆԱՏՕ խաղաղարար ուժեր (իմա՝ ամերիկա-թուրքական) մտցնելու, Իրանի Իսլամական Հանրապետության հետ 105 կիլոմետր սահմանի (որը ներկայում վերահսկվում է Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից) վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Հայաստանի և Արցախի պաշտպանության միավորված կոմիտեի հիմնումը՝ հայկական երկու պետությունների գոյության վտանգավոր սպառնալիքի չեզոքացման նպատակով, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պահպանման պարտադիր պայմանն է։ Այլընտրանքը հայոց պետականության կորուստն է։

                                  

  Եվ այսպես, 2020թ. հունվարի 25-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը, որի ընթացքում «ժողվարչապետը» 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո երրորդ անգամ ներկայացրեց «100 փաստ «Նոր Հայաստանի» մասին» (այսուհետ՝ 100 փաստ), ինչպես նաև «Նոր Հայաստանի» կառավարության հերոսական առօրյայի «աննախադեպ» արդյունքները։ Հարգելի ընթերցողները միանգամայն իրավացիորեն կարող են հարց տալ. իսկ այդ ինչո՞ւ եմ երկու շաբաթ հետո անդրադառնում այդ թեմային։ Եվ ընթերցողներն իրավացի կլինեն։ Չեմ թաքցնի, որ, հեռուստաէկրանի առջև նստելով 5 ժամ 20 րոպե, այսինքն՝ սույն արարի առաջին իսկ րոպեից մինչև վերջ, ամենահակասական զգացողություններ ունեցա։

Մի կողմից՝ խոր հիասթափության զգացողություն, որ ՀՀ գործադիր իշխանության ղեկին հայտնվել է զբաղեցրած պաշտոնին լիովին անհամարժեք գործիչ, որը բնավ չի հասկանում, թե ինչ պետություն է ղեկավարում, որտեղ է այն գտնվում, ովքեր են մեր հարևանները, ինչպիսին է միջազգային դրությունը, որ ստեղծվել է մեր տարածաշրջանում և, վերջապես, բնավ տեղյակ չէ, թե ինչպիսի ցուցանիշներ են բնութագրում երկրների սոցիալ-տնտեսական վիճակն արդի աշխարհում։ Մյուս կողմից՝ ինձ չէր լքում հույսի զգացողությունը՝ մոտ ապագայում անհրաժեշտ ուղղությամբ փոփոխությունների հետ կապված։ Այս ամենը հասկանալու համար ժամանակ էր պետք։ Թող ընթերցողը հակասություններ չփնտրի տեսածիցս ու լսածիցս ստացած՝ առաջին հայացքից փոխբացառող իմ սպասումների մեջ, և ահա թե ինչու։ Օրինակ, ընթերցելով 100 փաստերը՝ Նիկոլ Վովաևիչը հպարտությամբ հայտարարեց ՀՀ արտաքին առևտրի ցուցանիշների բարձր տեմպերի մասին, ընդ որում՝ այն աստիճան հրապուրվեց դրանով, որ թվերով հնչեցրեց արտահանվող բանջարեղենի ծավալները. դիցուք՝ բադրիջան, կանաչ տաքդեղ, լոլիկ և այլն։ Խոստովանում եմ, որ Նիկոլ Վովաևիչի գթասրտությանը չես կասկածի։ Մտածեք միայն, հարգելի ընթերցող, թե որքան անխնա կվարվեր նա մեր հանդեպ, եթե սկսեր, ասենք, հատային արտահայտությամբ հնչեցնել բադրիջանի արտահանումը։ Չէ, նա դա չարեց, քանի որ ձայնային էֆեկտներն ու պոռոտախոսությունը խորթ են նրան։ Իսկ եթե լուրջ, ապա «ժողվարչապետը», խոսելով արտաքին առևտրում իբր հաջողությունների մասին, բոլորովին չի հասկանում, թե որքան տագնապալի են գործերը հենց այդ ոլորտում։ Այսպես, համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի 2020թ. հունվարի 31-ի «Հիմնական նախնական մակրոտնտեսական ցուցանիշներն ըստ 2019թ. դեկտեմբերին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփագրերի (2020թ. հունվարի 31-ի դրությամբ)» հրապարակման՝ 2019թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ-ից արտահանման աճի տեմպը (դոլարով արտահայտված), 2018թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, կազմել է 109,4%, իսկ ներմուծման աճի տեմպը նույն ժամանակամիջոցում կազմել է 110,8%։ Ընդ որում՝ առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը անցած տարի կազմել է $2 մլրդ 873,5 մլն, այն դեպքում, երբ առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2018թ. կազմել է $2 մլրդ 551,3 մլն։ Այսինքն՝ տեղի է ունեցել ՀՀ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի աճ $322,2 մլն-ով։ Համեմատության համար նշենք, որ 2017թ. արդյունքներով, այսինքն՝ մինչև 2018թ. ապրիլ-մայիսի հեղաշրջումը, առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը հավասար էր $1 մլրդ 859,4 մլն-ի։ «Ժողվարչապետը» բոլորովին տեղյակ չէ մի էական մանրամասնի մասին, դիցուք՝ թե որքան կործանարար է առևտրային հաշվեկշռի դեֆիցիտն անդրադառնում ՀՀ վճարային հաշվեկշռի վրա, մանավանդ օտարերկրյա ուղղակի ներդրումների (այսուհետ՝ ՕՈւՆ) առանց այդ էլ քիչ ծավալի կրճատման պայմաններում։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2017թ. հունվար-դեկտեմբերին ՕՈւՆ-ը ՀՀ տնտեսությունում կազմել է $249,8 մլն, 2018-ին՝ համապատասխանաբար $254,3 մլն («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-փետրվարին», էջ 93), 2019թ. հունվար-սեպտեմբերին համապատասխան ցուցանիշը կազմել է $67,79 մլն։ Տեղեկության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակամիջոցի համար ՕՈւՆ-ը կազմել է համապատասխանաբար $127,28 մլն («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-հոկտեմբերին», էջ 117)։ Ցավոք, պետք է խոստովանել, որ 2019թ. IV եռամսյակում ՀՀ-ում չի նկատվել ՕՈւՆ էական ներհոսք, հանգամանք, որն ընթացիկ տարվա մարտին, անկասկած, կհաստատվի պաշտոնական վիճակագրությամբ։ Ավելին, անցած տարի ՀՀ ֆինանսների ոլորտում նկատվել է չափազանց տագնապալի միտում՝ ՀՀ-ից ֆինանսական կապիտալի արտահոսք, ավելի պարզ ասած՝ կապիտալի փախուստ Հայաստանից։ Այսպես, եթե 2018թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը բանկային համակարգով կազմել է $504 մլն 706 հազ., ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնությունից զուտ ներհոսքը եղել է 480 մլն 988 հազ., ԱՄՆ-ից՝ $23 մլն 48 հազ., ապա 2019թ. նույն ժամանակամիջոցում դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է $403 մլն 501 հազ., ընդ որում՝ Ռուսաստանից՝ $543 մլն 31 հազ., և դա՝ այն դեպքում, երբ ԱՄՆ-ից Հայաստան և հակառակը դրամական փոխանցումների հաշվեկշիռը եղել է բացասական։ Այսպես, ԱՄՆ-ից ՀՀ դրամական միջոցների ներհոսքը կազմել է $227 մլն 890 հազ., իսկ արտահոսքը՝ համապատասխանաբար $251 մլն 503 հազ. (ՀՀ ԿԲ Տեղեկագիր, 2019թ. հոկտեմբեր, էջ 78)։ Չէի ցանկանա այս տագնապալի վիճակագրությունն ուղղակիորեն շաղկապել սորոսյան լափակերների և ամերիկյան հարկատուների կողմից ֆինանսավորվող տարատեսակ դեմոկրատական ինստիտուտների թոշակառուների՝ 2018թ. ապրիլ-մայիսին պետական հեղաշրջում կատարելու անսանձ մղման հետ։ Սակայն նման վիճակագրությունը, համաձայնեք, հարգելի ընթերցող, բավական ընկճող է։ Կարելի էր շարունակել «ժողվարչապետի» դիլետանտական, մակերեսային դատողությունները ներկայացնելը, ավելին՝ ցույց տալ դրանց կտրվածությունը սոցիալական կենսական խնդիրներից, որոնք կանգնած են մեր երկրի քաղաքացիների առջև, սակայն բավարարվենք բերված օրինակներով։ Տարակուսած ընթերցողը իրավունք ունի նաև հարցնելու. իսկ ի՞նչը, մամուլի ասուլիսի արդյունքներից ելնելով, վերը նշված հույսի զգացողություն ներշնչեց, թե երկրում կարող են դրական փոփոխություններ սպասվել։ Փորձեմ հակիրճ բացատրել։ Փաստը, որ Հայաստանի գիտակից քաղաքացիները սկզբից ևեթ թերահավատորեն էին վերաբերվում օվկիանոսի այն կողմից հովանավորվող՝ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման իրականացնողներին, իրողություն է, որը բնավ նորություն չէ։ Բավական է ընթերցողներին հիշեցնել, որ Հայաստանի ընտրողների ավելի քան 51%-ը չի մասնակցել ՀՀ VII գումարման Ազգային ժողովի ընտրություններին։ Սա նաև պաշտոնապես արձանագրված փաստ է։ Միևնույն ժամանակ, փաստ է նաև այն հանգամանքը, որ բացի սորոսյան բազմաթիվ լափակերներից, ԼԳԲՏ հանրույթի ու «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի ակտիվիստներից, Նիկոլ Վովաևիչի ընտրողների մեջ քիչ չէին Հայաստանի այն քաղաքացիները, որոնք տենչում էին փոփոխություններ տեսնել իրենց կյանքում։ Քաղաքացիներ, որոնք ընտրարշավի ընթացքում գայթակղվեցին գունավոր հեղափոխությունների մասնագետների լավ մտածված, փորձարկված և Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրելիի կողմից հնչեցված պոպուլիստական խոստումներով։ Կցանկանայի հավատալ, որ, լսելով «ժողվարչապետի» մտքի գոհարները, որոնք հնչեցրել է Կապանում հունվարի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ, Ն.Փաշինյանի երկրպագուներից շատերը չէին կարող չնկատել ողջ կեղծիքը, սուտն ու դատողությունների խղճուկությունը, հատկապես լրագրողների անհարմար հարցերին պատասխանելիս։ Վերցնենք, օրինակ, «Իրավունք» թերթի թղթակցի հարցն այն մասին, թե ինչու Ն.Փաշինյանը չի սահմանափակում ՀՀ-ում սորոսականների հակազգային ակտիվությունը։ Այս հարցը, մեղմ ասած, հունից հանեց առանց այդ էլ կասկածելի իմպուլսիվ «ժողվարչապետին»։ Հավանաբար, լրագրողի միանգամայն օբյեկտիվ դիտարկումն այն մասին, որ Նիկոլ Վովաևիչը դարձել է սորոսյան գրանտակերների գերին, թեկուզև այն պարզ պատճառով, որ նրա քաղաքական թիմի զգալի մասը հաշվետու է և ենթարկվում է ոչ նրա և, առավել ևս, ոչ մեր ընտրողների կամքին, այլ ենթակա է տարատեսակ ու բազմացած սորոսյան ֆոնդերին, վերջնականապես հունից հանեց տիեզերական մասշտաբի ստրատեգին, ինչպիսին է «ժողվարչապետը»։ Հարցը, ինչպես ասում են, ուղիղ նշանակետին էր։ Եվ հորդեցին «թավշյա հեղափոխության», ասել է թե՝ պետական հեղաշրջման հեգեմոնի օրհնաբանված (միայն թե ոչ Բարձրյալի կողմից) բերանից  անձնական բնույթի վիրավորանքներ, ավելին՝ մեղադրանքներ պետական դավաճանության մեջ (չէ՞ որ «խորաթափանց» է Նիկոլ Վովաևիչը) լրագրողի ու «Իրավունք» հայրենասիրական մեդիա-հոլդինգի ղեկավարների հասցեին, էլ չեմ ասում նախկին իշխանությունների հասցեին վիրավորանքների մասին։ Ասել, թե ամեն բան ի վնաս Նիկոլ Վովաևիչի էր, նշանակում է՝ ցանկալին իրականի տեղ ներկայացնել։ Այո, այո, հարգելի ընթերցող, այս հարցը շատ տեղին հնչեց, ընդ որում՝ հայրենասիրական պարբերականի լրագրողի կողմից, քանի որ վերջին ժամանակներս նկատվում է, որ սորոսյան տիկնիկավարները որոշ կասկածով են մոտենում «ժողվարչապետին», ըստ երևույթին, նրա անվճռականության պատճառով այն խնդիրների իրականացման հարցում, որոնք սկզբից ևեթ դրվել էին նրա առջև պետական հեղաշրջման անդրօվկիանոսյան կազմակերպիչների և ֆինանսիստների կողմից, որոնք նրան իշխանության բերեցին։ Կուզենայի հուսալ, որ «ժողվարչապետի» մեղսունակ երկրպագուները ուշադրություն դարձնեին նաև մեկ այլ զազրելի ստի վրա, որը Նիկոլ Վովաևիչը հնչեցրեց մամուլի ասուլիսի ժամանակ։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց. «Մեզ մեղադրում են այն բանում, որ Սերժ Սարգսյանի ժառանգությունը Արցախյան խնդրում կորցրել ենք»։ Նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Ղարաբաղի հարցում: Վերջերս լրատվականներից մեկում մի փաստաթուղթ հրապարակվեց (համաձայնեք, հարգելի ընթերցող, որ չափից ավելի դյուրահավատ է Նիկոլ Վովաևիչը ասեկոսեի հանդեպ՝ գրված «լրատվականներից մեկում»  ̶   Ա.Գ.), որում ըստ էության փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը, և պաշտոնական հերքումներ նախորդ իշխանությունից չեն եղել» (այդ ինչի՞ց ելնելով «լրատվականներից մեկի» հրապարակմանը պետք է տրվեն պաշտոնական հերքումներ՝ միայն Նիկոլ Վովաևիչին է հայտնի – Ա.Գ.)»։ Այնուհետև, Lragir.am ինտերնետ-պարբերականի «Վարչապետի սենսացիոն բացահայտումը Արցախի խնդրում» հոդվածում (lragir.am/ru/2020/01/25/165065) գրված է. «Ըստ այդ փաստաթղթի, որը ներկայացրեց Փաշինյանը, ղարաբաղյան հարցի կարգավորման նպատակներ են 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցք: Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտումը հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին: Ընդ որում՝ հարցերը կարող են ներառել կարգավիճակի բոլոր տարբերակները։ Ըստ փաստաթղթի՝ վերաբնակները լքելու են 5 շրջանների տարածքները, Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում գտնվող զինված ուժերը: Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին ԼՂԻՄ շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների, Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ մշտադիտարկման տակ։ Մինչ վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»։ Այնուհետև Lragir.am-ը մեջբերում է Ն.Փաշինյանի խոսքերը. «Սա այն ժառանգությունն է, ըստ այս հրապարակման, որը չի հերքվել, որը եղել է սեղանին: Մեզ մեղադրում են, որ այս ժառանգությունը կորցրել ենք: Որ պահին հենց այս նույն կետից ՀՀ-ն ուզենա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի խնդիր չի ստեղծի (սույն անանուն հրապարակմանը Նիկոլ Վովաևիչն իր այս պնդմամբ տալիս է պաշտոնական կարգավիճակ – Ա.Գ.): Ես ուրիշ բան եմ ասում՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն՝ այս տեքստը իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ: Թող Արցախի ժողովուրդն ասի՝ իր համար ընդունելի՞ է, թե՞ ոչ: Թող հայ ժողովուրդն ասի՝ ընդունելի՞ է, թե՞ ոչ: Եթե Արցախի ժողովուրդը որոշի, որ սա է ընդունելի տարբերակը, ճիշտ բովանդակությունը, երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին, ոչ մի պրոբլեմ չի լինի»: Էլ չեմ շարունակի Նիկոլ Վովաևիչի այս՝ նախապես սադրիչ խոստովանությունը ներկայացնել, նշեմ միայն, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության խոսափողի, այն է՝ Lragir.am ինտերնետ-պարբերականի կայքում այս հրապարակումը հայտնվել է տեղի ժամանակով ժամը 14.25-ին, այսինքն՝ Կապանում «ժողվարչապետի» կողմից այս գոհարները հնչեցնելուն գրեթե միաժամանակ։ Այսինքն՝ հարկ չկա կասկածելու, որ այն նախապես էր պատրաստված։ Իսկ ինչ վերաբերում է հարցի բովանդակային կողմին, ապա դրա գնահատականը պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացված է Սերգեյ Շաքարյանցի «Տարօրինակները. Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսները և որոշ պատասխաններ Ստեփանակերտից» հոդվածում, որը հրապարակվել է 2020թ. հունվարի 29-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում։ Ես հատուկ այսքան մանրամասն ներկայացրի Նիկոլ Վովաևիչի՝ տիեզերական մասշտաբի քաղաքական գործչի այս հերթական բարբաջանքը։ Դատելով ըստ ամենայնի՝ նրա համար հիմա այնքան էլ հեշտ չէ, քանի որ տիկնիկավարները նրանից սպասում են կոնկրետ արդյունքներ, խոստացածի կատարում։ Չէ՞ որ դիմելով Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներին, Արցախի և Հայաստանի ժողովրդին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ի սկզբանե մեռելածին, միայն իրեն հայտնի փաստաթղթի հարցով՝ նա հիանալի գիտի, թե ինչպիսին է լինելու միահամուռ պատասխանը։ Այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Վովաևիչը դիմում Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներին։ Այսպիսի մի դավադիր միտք արտահայտեմ. ըստ երևույթին, նրան ու նրա անդրօվկիանոսյան հովանավորներին հաստատ հայտնի է, որ նրանց մեջ կա(ն) Սորոսի հիմնադրամի և անդրօվկիանոսյան տարատեսակ դեմոկրատական ինստիտուտների հովանավորյալ(ներ), որը (որոնք) այնպես, ինչպես և Նիկոլ Վովաևիչը, կաշկանդված է(են) իր(ենց) գործողություններում Արցախի անկախության պաշտպանության հարցում։ Ի դեպ, «ժողվարչապետին» նաև հաստատ հայտնի է, որ պետք է կատարյալ բութ լինել՝ չհասկանալու համար, որ Արցախում օրը ցերեկով ճրագով անգամ չես գտնի գոնե մեկ այնքան անհույս մի հիմարի, որը կհամաձայներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Վովաևիչի նշած փաստաթղթին։ Եվ ահա, այս դավաճանական բարեհիմարությունը «ժողվարչապետը» հնչեցրել է մեկ նպատակով՝ արտասահմանյան կուրատորներին ցույց տալու, որ թեև ամեն կերպ ջանում է դուր գալ Արևմուտքին, բայց իր առջև դրված խնդիրները Արցախը հանձնելու մասով անգամ ինքը՝ «ժողվարչապետը», ի զորու չէ կատարել։ Այո, հորինված պատրվակներով նա կարողացավ հասնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, ակնհայտ սուտ մեղադրանքներով քրեական գործ հարուցեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, զրպարտեց Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսներին՝ հետապնդելով միանգամայն կոնկրետ նպատակ. պառակտել հայ հասարակությունը, նրան բաժանել «սևերի» և «սպիտակների, «հեղափոխականների» և «ռևանշիստների», սակայն նրա ուժերից վեր է սասանել ողջ հայության հավատը, նրա պատրաստակամությունը՝ կյանքի գնով պահպանելու Արցախի Հանրապետության անկախությունը, հայկական երկու պետությունների անվտանգությունը։ Կարծում եմ, որ համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնը գիտակցում է այս իրողությունը, դրա համար էլ ավելացնում է տարատեսակ հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնց գործունեությունն ուղղված է հայոց պետականության քայքայմանը, հայ հասարակությունում անվստահության և պառակտման մթնոլորտի ստեղծմանը, իսկ վերջնարդյունքում՝ հայ ժողովրդի միասնական կամքի ընկճմանը ազգային անվտանգության սպառնալիքների հաղթահարման գործում։ Որպեսզի ասածներս մերկապարանոց չհնչեն, վկայակոչեմ կոնկրետ փաստեր։ Ասպես, 2018թ. Սորոսի հիմնադրամից ՀՀ-ում գրանցված 43 կազմակերպություն ստացել է $1 մլն 766 հազար 855, ինչպես նաև 77 մլն 968 հազար 600 հայկական դրամ։ 2019-ին Սորոսի հիմնադրամը ֆինանսավորել է 35 կազմակերպություն՝ $1 մլն 858 հազար 664 ընդհանուր գումարով։ 2018-2019թթ. Սորոսի հիմնադրամն ընդհանուր առմամբ ֆինանսավորել է 59 կազմակերպություն՝ $3 մլն 625 հազար 119 և 77 մլն 968 հազար 600 հայկական դրամ գումարով։ Այդ գումարից վերջին 2 տարիներին 22 կազմակերպություն ստացել է $2 մլն 564 հազար 203 և 77 մլն 968 հազար 600 հայկական դրամ երկու և ավելի փոխանցումներով։ Պետք է կարծել, որ լավ աշխատանքի համար։ Դրանց թվում «Լրագրողների «Ասպարեզ» ակումբը»  ստացել է $128 210, «Թրանսփարենսի ինթերնեշընըլ հակակոռուպցիոն կենտրոնը»՝ $181 000, Հավասար իրավունքների ՀԿ-ն՝ $220 850, «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ $296 000 և 39 021 600 հայկական դրամ, «Առանց սահմանների իրավունքների պաշտպանություն» կազմակերպությունը՝ $56 790, «Մանդատ» ՀԿ-ն՝ $158 090, Վանաձորի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» գրասենյակը՝ $365 212, «Հանրային լրագրության ակումբը»՝ $139 000, «Factor» տեղեկատվական կենտրոնը»՝ $323 948։ Եվ ահա, հարգելի ընթերցող, բավական է ուշադիր ուսումնասիրել նախագծերի նպատակները, որոնց համար տրվում է այս հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը, իսկ հետո ուսումնասիրել, թե ինչ գործերում են դրանք արտացոլվում, որպեսզի դառնանք սորոսյան այդ լափակերների անթաքույց հակապետական գործունեության վկաները։ Համադրելով հայոց պետականությանն ու հայ ժողովրդին բացահայտ թշնամական այս կազմակերպությունների տարբեր գործողությունները՝ հստակ երևում է դրանց հակառուսական և ռուսատյաց ուղղվածությունը, որը հետապնդում է միանգամայն կոնկրետ նպատակներ՝ վարկաբեկել Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) և ՀԱՊԿ-ը, հասնել այն բանին, որպեսզի Հայաստանից հանվի 102-րդ ռուսական ռազմակայանը և ռուսաստանյան «Էրեբունի» ավիաբազան։ Ընդ որում՝ սորոսյան լափակերների բոլոր փաստարկներն այս հաշվով հիմնված են բացահայտ ստի և զրպարտության վրա։ Մի խոսքով՝ Ռուսաստանի դեմոնացմանը հասնելու համար վերջին երկու տարում ՀՀ-ում Սորոսի հիմնադրամից ծախսվել է ավելի քան $3 մլն։ Էլ չեմ ասում շուրջօրյա հեռարձակվող և հայերեն ու ռուսերեն թողարկվող «Ազատություն» ռադիոյի և ինտերնետ-հեռուստատեսության, «Ազատություն» ռադիոյի հայկական ծառայության մասին, որը գոյություն ունի ամերիկայն հարկատուների շռայլ ֆինանսավորման հաշվին։ Հարկ է հատկապես նշել, որ այդ խափանարար կառույցն այնքան է լկտիացել, որ նիկոլվովաևիչյան խառնամբոխի լռելյայն համաձայնությամբ, եթե չասենք՝ հավանությամբ, հետևողականորեն դեմոնացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։ Ընդ որում՝ այդ աշխատանքը տարվում է համակարգային հիման վրա՝ ԱՊՀ (և ոչ միայն) տարածքում գունավոր հեղափոխությունների ընթացքում փորձարկված՝ պետությունների կործանման տեխնոլոգիաներով։ Ընթերցողի մեջ կարող են միանգամայն իրավացիորեն բազմաթիվ հարցեր ծագել. իսկ ինչպե՞ս են արձագանքում պետությունը, Հայաստանի «հեղափոխական» իշխանությունները, ինչպես նաև ինքը՝ Նիկոլ Վովաևիչը, այս անթաքույց օտարերկրյա միջամտությանը համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնի կողմից, որն իրականացվում է ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունների միջոցով։ Չէ՞ որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ քրեորեն պատժելի հանցագործություն։ Այդպիսի հարց տալով ընթերցողն, իհարկե, իրավացի կլինի։ Հարցի պատասխանը բավական պարզ է. ՀՀ կառավարությունը ցուցադրաբար հովանավորում է այդ խափանարար կառույցներին։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, նորից վկայակոչեմ կոնկրետ փաստ։ Այսպես, 2019թ. մարտի 1-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր N86-A որոշմամբ վերը իմ նշած սորոսյան կազմակերպությունները ճանաչեց «բարեգործական» և ազատեց դրանց հարկումից։ Դրանց թվում այդ նույն՝ Վանաձորի «Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի» գրասենյակն է, «Լրագրողների «Ասպարեզ» ակումբը», «Հանրային լրագրության ակումբը», «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Առանց սահմանների իրավունքների պաշտպանությունը», «Factor» տեղեկատվական կենտրոնը»։ Ահա այսպիսի բաներ, հարգելի ընթերցող։ Կարծում եմ, որ այս փաստերից հետո անգամ «ժողվարչապետի» մոլի երկրպագուների (նկատի ունեմ մեղսունակներին, եթե այդպիսիք դեռևս կան) աչքերից փառը կընկնի, և նրանք միանգամայն այլ լույսով կտեսնեն լրագրողի՝ Սորոսի հիմնադրամից նրա կախվածության մասին Նիկոլ Վովաևիչի նյարդապարալիտիկ արձագանքի իսկական դրդապատճառները։ Միևնույն ժամանակ, նշենք, որ այս բոլոր սորոսյան կազմակերպությունները, որոնք աշխատում են բարեհունչ ցուցանակների ներքո, բերանները ջուր էին առել, երբ ամենակոպիտ ձևով ոտնահարվում էին իրենց լրագրող գործընկերների իրավունքները, կամ էլ կոպիտ կերպով ոստիկանության բաժիններ բերման էին ենթարկվում «այլախոհ» (իմա՝ պետականամետ մտածող) հասարակական կազմակերպությունների ղեկավարները, որոնց ողջ «հակաիրավական» գործունեությունը  սորոսյան պնակալեզների ու նրանց հովանավորող՝ հայաստանյան այսօրվա իշխանավորների հակապետական, հակազգային գործերը մերկացնելն է։

Հանուն արդարության նշենք, որ Նիկոլ Վովաևիչի ողջ երկվության և սուտ էության ամենավտանգավոր դրսևորումը նրա խուսափողական պատասխանն էր լրագրողի այն հարցին, թե շարունակում է արդյոք Ն.Փաշինյանը հավատարիմ մնալ չորս տարի առաջ իր ատահայտած այն կարծիքին, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը (2016թ.), որը սանձազերծեց Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ, սկսվել է, իբր, Ռուսաստանի գիտությամբ և թույլտվությամբ՝ Հայաստանի կողմից հետագա տարածքային զիջումների նպատակով և Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի միանալու պայմանով։ Ընթերցողներին հիշեցնենք Ն.Փաշինյանի պատասխանը հստակ առաջադրված հարցին. «Այն ամենը, ինչ ես այն ժամանակ գրել եմ իմ Facebook-ում, սկզբից մինչև վերջ քննարկել եմ ռուս գործընկերների հետ (իսկ քննարկելու ի՞նչ կար, պարզապես պետք էր զրպարտության համար ներողություն խնդրել – Ա.Գ.)։ Մենք մանրամասն քննարկել ենք իրավիճակը և ստացել բոլոր հուզող հարցերի պատասխանները։ Ես փորձում եմ պահպանել առավելագույն ազնիվ գործընկերային հարաբերություններ նրանց և մյուս բոլոր գործընկերների հետ»։ Առաջինը, ինչի մասին կարողանում եմ մտածել, այն է, որ պարզեմ, թե ինչ նկատի ունի «ժողվարչապետը» ազնվություն ասելով։ Երկրորդը, ինչի մասին հիշելով՝ դժվար է չժպտալ, եթե համադրենք նիկոլվովաևիչյան ազնվության այս դրսևորումները նրա պրակտիկ գործողությունների հետ։ Տիեզերական մասշտաբի սույն քաղաքական գործիչը կարող է և իրոք իրեն համոզել է, թե իր գեղջկական պարզունակ հնարքները կարող են հաջողություն ունենալ բարձր պրոֆեսիոնալների, կայացած քաղաքական առաջնորդների շրջանում, որոնք ի նշան հայ ժողովրդի և հայոց պետականության հանդեպ հարգանքի՝ ստիպված են նրբանկատորեն հանդուրժել իշխանություն թափանցած քաղաքական դուրսպրծուկի երկերեսանի զառանցանքները, որը չի ստում գուցե թե միայն այն ժամանակ, երբ սելֆի է խնդրում ԵՏՄ և ՀԱՊԿ դաշնակից պետությունների ղեկավարների հետ։ Եվ միանգամայն կանխատեսելի էր, որ ս.թ. հունվարի 25-ին Կապանում, մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Վովաևիչը խուսափելու էր ուղղակի պատասխան տալուց թղթակցի տված ուղղակի հարցին. շարունակո՞ւմ է արդյոք նա մնալ այն դիրքորոշմանը, որ Ապրիլյան քառօրյա (2016թ.) պատերազմը սկսվել է Ռուսաստանի գիտությամբ և թույտվությամբ։

 Նիկոլ Վովաևիչի ողջ գործունեությունը վարչապետի պաշտոնում Հայաստանի և Արցախի հասարակությանը ղարաբաղյան կարգավորման հարցում անձնատուր լինելու որոշումներին պատրաստելն է։ Ընդ որում՝ կատարելով անդրօվկիանոսյան տիկնիկավարների հանձնարարությունները՝ նա այնքան պրիմիտիվ է, որ կարծում է, թե փորձագիտական հանրությունը չի նկատի կապը վերջին մեկուկես տարիների տարբեր իրադարձությունների միջև։ Այսպես, Նիկոլ Վովաևիչն ամեն առիթով ու ամեն անգամ կրկնում է, որ ղարաբաղյան կարգավորումը պետք է բավարարի ինչպես Հայաստանին, Արցախի Հանրապետությանը, այնպես էլ Ադրբեջանին, կամ էլ տիկնոջ հետ միասին ավելի լավ կիրառման արժանի համառությամբ կրկնում է, որ պետք է հայ և ադրբեջանցի ժողովուրդներին պատրաստել խաղաղության։ Ընդ որում՝ նա համեստորեն լռում է, երբ տեղեկատվական դաշտ է նետվում միտքն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների Ժնևյան վերջին բանակցություններում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ, քննարկվել են ադրբեջանցի փախստականներին Շուշի վերադարձնելու և Լեռնային Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակության գոտիների ստեղծման հարցերը։ Միևնույն ժամանակ, եթե Նիկոլ Վովաևիչը ճշմարտության տեղ է ընդունել լրատվականներում մի ինչ-որ հրապարակում իբր նախկին իշխանությունների կողմից Ադրբեջանին 7 շրջանների հանձնման և Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակի մասին՝ միայն այն պատճառով, որ այդ անհեթեթությունը պաշտոնական հերքում չի ստացել իշխանությունների կողմից, ապա այժմ չի շտապում բողոքարկել Ժնևում քննարկված հարցերի մասին «արտահոսքը»։ Իսկ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի նման գործողությունների իմաստը։ Պատասխանը պարզ է. Նիկոլ Վովաևիչը գիտակցում է, որ չի կարողանա կատարել այն ամենը, հանուն ինչի նրան բերել են իշխանության, այն է. պայմանների ստեղծում, որոնց դեպքում Արցախի Հանրապետության անվտանգության գոտու երկայնքով կմտցվեն ՆԱՏՕ խաղաղարար ուժեր (իմա՝ ԱՄՆ և Թուրքիա), որոնց համար հատկապես կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության հետ 105 կիլոմետր սահմանի վերահսկումը, որը ներկայում վերահսկում են Արցախի Հանրապետության զինված ուժերը։ Առանց առանձնակի ջանքերի կարելի է հիմնավորել, որ այդ նպատակին հասնելուն է ենթարկեցված ՀՀ իշխանությունների՝ Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների վարկաբեկման քաղաքականությունը, կամ էլ Նիկոլ Վովաևիչի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացը խափանելու գործողությունները, երբ նա տեղեկատվական դաշտ նետեց «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսը, հայկական երկու պետությունների քաղաքացիների գիտակցության մեջ ղարաբաղյան կարգավորման հարցերում ՀՀ նախկին իշխանությունների իբր պարտվողական քաղաքականության մասին կեղծ վարկածի սերմանումը, հայ հասարակությունը պառակտելու հմուտ աշխատանքը՝ նրա քաղաքացիներին «սևերի» ու «սպիտակների» բաժանելով։ Կասկածելու հարկ չկա, որ այս ամենը Լեռնային Ղարաբաղի անկախությունն անսասան պահող համայն հայության հավաքական կամքը կոտրելու զազրելի, լկտի դավադրության օղակներն են։ Իսկ դա ընդհանուր առմամբ նպաստավոր պայմաններ է ստեղծում Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծելու համար։ Եվ այդ դեպքի համար մեր Նիկոլ Վովաևիչն արդեն որոշել է մեղավորին՝ Ռուսաստանին, իր երկրպագուների հաճախ, ավաղ, դատարկ գլուխները հետևողականորեն մտցնելով այն զզվելի սուտը, որի համաձայն՝ առանց Ռուսաստանի համաձայնության Ադրբեջանն Արցախի դեմ պատերազմ չի սկսի։ Այս առնչությամբ ակնհայտ է, որ Նիկոլ Վովաևիչի և Իլհամ Հեյդարովիչի գործողությունները համակարգվում են համաշխարհային քաղաքականության ուժի նույն կենտրոնից։ Այլապես, հարգելի ընթերցող, այսքան նմանություն չէր լինի նախկին իշխանությունների գործունեության նրանց գնահատականների մեջ։ Այսպես, 2018թ. հուլիսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բերկրանքով հայտարարել է. «Ես ուզում եմ ասել, որ մեր դերն էլ կա Հայաստանի քաղաքական ասպարեզից Սերժ Սարգսյանի քրեական ռեժիմը քշելու գործում։ Ես չեմ ուզում այդ մասին խոսել և ուռճացնել մեր դերը (Իլհամ Հեյդարովիչն իր թուրք, անգլիացի և ամերիկացի հովանավորներին հո չի՞ մատնի – Ա.Գ.)։ Կարող եմ միայն ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք իրականացրել ենք Հայաստանի հանդեպ, արդարացնում է իրեն» (https://interfax.az/view/738379)։ Կամ էլ ափշերոնյան սուլթանի մեկ այլ հայտարարությունը. «Պատահական չէ, որ տապալվեց քրեական ռեժիմը, որն ավելի քան 20 տարի ղեկավարում էր Հայաստանը, և այսօր հայ ժողովուրդը ասում է այն, ինչ ասում ենք մենք (այստեղ Իլհամ Հեյդարովիչը մի փոքր վրիպել է. Նիկոլ Վովաևիչ և КО-ն և նրանք, ովքեր կրկնում են նրա խոսքերը, բոլորովին էլ հայ ժողովուրդը չեն – Ա.Գ.)։ Հույս ունենք, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կառուցողական դիրքորոշում կորդեգրի հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության հետ կապված» (https://www.trend.az/azerbaijan/politics/2947148.html)։ Այնուհետև, նիկոլվովաևիչյան կառավարության առաջին քայլերով ոգևորված՝ Ի.Ալիևը 2018թ. նոյեմբերի 6-ին հայտարարել է. «Հայաստանում այս տարի տեղի ունեցած փոփոխությունները նշանակում են նրանց զավթողական քաղաքականության լիակատար ձախողում, սա՝ մեկ (հավանաբար, ափշերոնյան սուլթանը դեռևս այն ժամանակ հաստատ գիտեր, թե ինչ արդյունքի ձեռքբերմանն է ուղղված լինելու Ն.Փաշինյանի քաղաքականությունը – Ա.Գ.)։ Երկրորդ՝ այդ իրադարձությունները վկայում են այն մասին, որ մեր իրականացրած քաղաքականությունը արդյունքներ է տալիս (ավելի պարզ ասած՝ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը տեղի է ունեցել ոչ առանց Ադրբեջանի մասնակցության – Ա.Գ)» (https://www.trend.az/azerbaijan/politics/2975933.html։ Կամ էլ Իլհամ Հեյդարովիչի մեկ այլ հայտարարությունն՝ արված 01.01.2019թ.։ «Մենք մեր առջև խնդիր էինք դրել. այդ քրեական ռեժիմը պետք է տապալվի, և հասանք դրան։ Մենք հասանք դրան՝ օգտագործելով բոլոր միջոցները։ Ես քանիցս ասել եմ, այսօր ուզում եմ ասել ևս մեկ անգամ. նրանում, որ քրեական, կոռումպացված խունտայի ռեժիմը տապալվեց, մեր բաժինն էլ կա» (https://www.trend.az/azerbaijan/politics/2998037.html։ Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են։

Ընդհանրացնելով վերն ասվածը՝ ես իրավունք ունեմ պնդելու, որ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը Հայաստանի Հանրապետությունում ռուսատյաց ուժերին իշխանության բերելու մանրակրկիտ մշակված տեխնոլոգիայի եզրափակիչ գործողությունն էր՝ Անդրկովկասից Ռուսաստանը դուրս մղելու, Արցախի Հանրապետության սահմանների ողջ պարագծով ՆԱՏՕ խաղաղարար ուժեր (իմա՝ ամերիկա-թուրքական) մտցնելու, Իրանի Իսլամական Հանրապետության հետ 105 կիլոմետր սահմանի (որը ներկայում վերահսկվում է Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից) վերահսկողություն իրականացնելու նպատակով։

Միակ եզրակացությունը, որը ստեղծված պայմաններում կարելի է անել, այսպիսին է. Հայաստանի և Արցախի պաշտպանության միավորված կոմիտեի հիմնումը՝ հայկական երկու պետությունների գոյության վտանգավոր սպառնալիքի չեզոքացման նպատակով, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պահպանման պարտադիր պայմանն է։ Այլընտրանքը հայոց պետականության կորուստն է։

ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԱՐՁԱԳԱՆՔԻՐ։

Հետգրության փոխարեն. Ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել հոռետեսական նոտայով։ Լավ է, որ օրերս լավատեսության և էներգիայի հզոր լիցք ստանալու լավ հնարավորություն կստեղծվի Արցախյան ազգային-ազատագրական շարժման գլխավոր գաղափարախոսներից մեկի՝ Զորի Հայկի Բալայանի հետ հաղորդակցվելով։ 2020թ. փետրվարի 10-ին Զորի Հայկովիչը կդառնա 85 տարեկան։ Խոստովանում եմ, այդքան բազմակողմանի անձնավորության, Հայաստանի, Արցախի ու Մեծ Ռուսաստանի հայրենասերի մասին գրելը հեշտ գործ չէ։ Ուստի, կօգտվեմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առաջին դեսպան, լուսահոգի Վլադիմիր Պետրովիչ Ստուպիշինի՝ մեծ տերության հայրենասերի հուշերից, որին ջերմությամբ են հիշում Հայաստանում և Արցախում։ Ահա նա իր «Իմ առաքելությունը Հայաստանում. 1992-1994» հոդվածում գրում է. «Շատ թանկ եմ գնահատել և գնահատում բարեկամությունս հայտնի գրող, խորհրդային իշխանության առջև Լեռնային Ղարաբաղի ամենահետևողական պաշտպաններից մեկի՝  Զորի Բալայանի հետ։ Այդ նա Սիլվա Կապուտիկյանի հետ միասին բացահայտ առճակատման մեջ մտավ Գորբաչովի հետ՝ պաշտպանելով իր ցեղակիցների՝ նա ինքը ծնունդով Ղարաբաղից է, բնական իրավունքը՝ ազատագրվել ազերիա-թուրքական լծից։

1989-1991թթ. ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր լինելով՝ Զորի Բալայանը, որը ժամանակին երկար տարիներ բժիշկ է աշխատել Կամչատկայում և դեռևս այնտեղ դարձել պրոֆեսիոնալ գրող, իր գրիչը ծառայության է դրել ղարաբաղյան գործին և ամբողջովին նվիրվել հրապարակախոսությանը։ Նրա գրչին են պատկանում գրքեր, որոնք պատմում են Հայաստանի և Արցախի պատմության մասին, թուրք եկվորների դեմ պայքարի, ներկայիս փորձությունների մասին, որոնք բաժին են ընկել հայ ժողովրդին... Նա լավ է գրել ռուս լեյտենանտ Դիմա Մոտրիչի մասին, որը կյանքը տվել է ղարաբաղյան արդար գործին, և նրա հոր՝ կադրային զինվորականի, սուզանավի հրամանատարի մասին, որը, իմանալով որդու զոհվելու մասին, նրա տեղն է զբաղեցրել Ղարաբաղի ինքնապաշտպանության ջոկատներից մեկում։

1991թ. մայիսին Զորի Բալայանը ծանոթացել է Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի երկրորդ խոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ... Ղարաբաղում և նրա շուրջ «Կոլցո» հանցավոր գործողությունն արդեն հասցրել էր ամայացնել տասնյակ հայկական գյուղեր։ Ըստ էության, Հայաստան էր հորդել Ադրբեջանից փախստականների նոր ալիքը։ Լեդի Քոքսը Գորբաչովից թույլտվություն կորզեց՝ մեկնելու Ղարաբաղ։ Մոսկվա վերադառնալով՝ նա սկսեց իր պայքարը ի պաշտպանություն ղարաբաղցիների՝ հետևելով զոհերի կողմը լինելու սախարովյան սկզբունքին։ «Ես համոզված եմ, որ այս հակամարտությունում գլխավոր զոհը հայ ժողովուրդն է, ուստի ես նրա կողմից եմ»,- ասել էր Քերոլայն Քոքսը, և այդ ժամանակվանից ամուր ու անշեղ հետևել է այդ սկզբունքին՝ ղարաբաղյան հակամարտության մասին ճշմարտությունը տանելով Եվրոպա և Ամերիկա, ելույթ ունենալով Բրիտանիայի Կոնգրեսի Լորդերի պալատում և ԱՄՆ Կոնգրեսում, Եվրախորհրդարանում և ՄԱԿ-ում, քրիստոնեական և իրավապաշտպան կազմակերպություններում։

Այնտեղ նա մեկ անգամ չէ, որ ստիպված է եղել պատասխանել նրանց, ովքեր սիրում են խոսել «հայկական ագրեսիայի» մասին. «Պատկերացրեք մի մարդու, որի քիթն ու բերանը փակել են, չեն թողնում շնչել, իսկ երբ նա սկսում է ձեռքերը թափահարել և հասցնել բռնարարի դեմքին, սա հանկարծ նեղանում է ու բողոքում իր զոհի դեմ։ Այսպես է և Ղարաբաղի ու Հայաստանի պարագայում։ Նրանք օրինական են դիմադրում։ Եվ նրանց մեղադրելն ագրեսիվության մեջ պարզապես հիմարություն է» (https://biography.wikireading.ru/11069)։

Գրելով վերջին նախադասությունը՝ ինքս ինձ բռնեցի այն մտքի վրա, որ կարող եմ տրվել գայթակղությանն ու արտագրել Վլադիմիր Պետրովիչի ամբողջ հոդվածը։ Բայց անգամ այս երկու ոչ մեծ դրվագը վկայում են այն մասին, որ եթե մարդը համոզված է, որ իր գործն արդար է, նա կարող է դրանում համոզել անգամ Բրիտանական խորհրդարանի երկրորդ խոսնակին։ Համոզված եմ, որ դեռ հնարավորություն կունենամ առանձին հոդվածով հանդես գալու, որը կպատմի այդ ականավոր հայի կյանքի սխրանքի մասին, որը դարձել է Արցախի ազատասեր ժողովրդի անկոտրում կամքի և արիության խորհրդանշաններից մեկը։         

 

 Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր