Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միաժամանակյա անդամակցությունը ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին՝ նրանց անվտանգության և արարման երաշխավորն է

Ալընտրանքը պատերազմն է

 

Հոկտեմբերի 14, 2019

http://www.shame.am/news/view/67683.html

Արտաշես Գեղամյան

 

Կարդալով վերջին ամսվա հրապարակումներն ադրբեջանական լրատվամիջոցներում՝ ակամա ուզում ես հիացմունքով բացականչել՝ վերջապես կատարվեց, հասանք այն օրվան, երբ Հայաստանի «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի ճակատագիրը դարձել է ձևականորեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող առաջատար ադրբեջանական քաղաքագետների առանձնակի հոգածության առարկան։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի։ Այդպե՛ս է, և այսուհետ ադրբեջանական քաղաքական միտքը կանգնած է «մեր» Նիկոլ Վովաևիչի պաշտպանության դիրքերում։ Որպեսզի ընթերցողներին չհոգնեցնեմ իմ դիտարկման օբյեկտիվության հաստատման սրտատրոփ սպասման մեջ, ներկայացնեմ միայն ադրբեջանական ինտերնետ-պորտալների վերջին ժամանակվա հոդվածների վերնագրերը։ Ահա դրանցից մի քանիսը. «Սերգեյ Մարկով. Փաշինյանը պատրաստ է փոխզիջումների, բայց վախենում է», «Ռուսաստանը դեմ չէ Ղարաբաղում Ադրբեջանի պատերազմին. Սերգեյ Մարկով», «Մարկով. Դուք հիշում եք գնդակահարությունը Հայաստանի խորհրդարանում։ Փաշինյանը չի ցանկանում նույն ճակատագրին արժանանալ»։ Կարելի է տասնյակ հոդվածներ մեջբերել՝ նույնքան սադրիչ վերնագրերով, որոնց հեղինակները, որպես կանոն, Ադրբեջանի քաղաքացիներ կլինեն, և տեղեկատվական սնամեջ «փուչիկից» բացի այլ բան դրանք չեն պարունակի։ Իսկ այստեղ իր մտքերն է արտահայտում ինքը՝ Սերգեյ Մարկովը, որին Media.az-ը ներկայացնում է ոչ այլ կերպ, քան «ռուսաստանցի հայտնի հասարակական գործիչ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԴ Հանրային պալատի անդամ և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ»։ Բերեմ միայն որոշ մեջբերումներ վերոնշյալ հոդվածներից։ Այսպես, ս.թ. հոկտեմբերի 7-ին Ս.Մարկովը, գտնվելով Բաքվում, մամուլի ասուլիս է տվել։ «Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ապաշրջափակել Հայաստանը, պատրաստ է համաձայնել խնդրի լուծման Կազանի պլանին (շրջափակման վերացում, տնտեսական հարաբերությունների հաստատում Ադրբեջանի հետ, Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում նրան հարակից յոթ շրջանները վերադարձնելու դիմաց – խմբ.), բայց Փաշինյանը վախենում է հայ արմատական խմբավորումներից, որոնք կարող են պայթեցնել նրան, գնդակահարել, ինչպես վարվեցին հայկական խորհրդարանի հետ 1999թ. (ավելի ստոր սադրանք՝ հիմնված կեղծիքի վրա, իրենց թույլ չէին տա անգամ ամենամոլի, զրպարտության մեջ մասնագիտացող ադրբեջանցի քարոզիչները, բայց դա առանձին վերլուծության թեմա է – Ա.Գ.) կամ զավթել ոստիկանության բաժանմունքը («Սասնա ծռեր» խմբավորումը – խմբ.)։

Փաշինյանը վախենում է ազգությամբ հայ լիբանանյան և սիրիական գրոհայիններից (հավանաբար, Մարկովը նկատի ունի Սիրիայի և Լիբանանի հայկական հայրենասիրական ուժերը, որոնք մահացու վտանգավոր պայքար են մղում «Իսլամական պետության» դեմ՝ ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում, քանզի տարածաշրջանում այլ «հայ գրոհայիններ» չկան – Ա.Գ.), ուստի ղարաբաղյան խնդրի լուծումը դնում է Ղարաբաղի ղեկավարության վրա։ Այնտեղ եկող տարի տեղի են ունենալու նախագահի ընտրություններ, հետևաբար, հարկ է սպասել, մինչև այնտեղ հաստատվի կայուն իշխանություն, բայց Ադրբեջանը հոգնել է սպասել»,- այսպես է ասել Մարկովը մամուլի ասուլիսում։ Առաջին բանը, ինչին հանգեցրին Ս.Մարկովի խոսքերը, այն էր, որ պետք է շնորհավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նոր արտահաստիքային (թեև, դատելով մամուլում բազմաթիվ հրապարակումներից՝ բարձր վարձատրվող) մամուլի քարտուղարի առիթով՝ հանձին Մարկովի, որը տրտնջում է, թե «Ադրբեջանը հոգնել է սպասել»։ Չեմ թաքցնի, որ այդ նշանակումը բխում է Հայաստանի և Արցախի շահերից, քանի որ ոչ այնքան հեռավոր ժամանակում գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների քաղաքական հանրույթը հերթական անգամ կարող է համոզվել մի պարզ ճշմարտության մեջ. Ափշերոնյան սուլթանության ողջ պաշտոնական քարոզչությունը կառուցված է կեղծիքի վրա։ Ի հաստատումն իմ խոսքերի՝ մեջբերեմ հատվածներ Արցախի պանծալի հերոս, լեգենդար գեներալ Վիտալի Բալասանյանին։ Այսպես, ս.թ. հոկտեմբերի 9-ին Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը LIVEnews.am ինտերնետ-պարբերականի հարցազրույցում, անդրադառնալով Նիկոլ Վովաևիչի վերջերս տեղի ունեցած հանդիպմանը «Սասնա ծռեր» կուսակցության (Ս.Մարկովի հիշատակած) ղեկավարների հետ, սույն հանդիպումը բնութագրել է որպես այլախոհների վրա ճնշում բանեցնելու փորձ։ «Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, ինչու չէ, և ինձ, և իմ նմաններին, որ տեսեք՝ «ինձ ունեմ մարտական թև, կարող եմ մեկ փոքր հրաման տալ, և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես լուծեն», ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ «Սասնա ծռերին»՝ ընդհանրապես թող չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալեն կամ քննարկեն, րոպե առաջ պատասխան են տալու։ Վախկոտները Փաշինյանն ու նրա կողմնակիցներն են... 2016-ին մենք ներեցինք այդ ահաբեկիչներին և չսպանեցինք, բայց հիմա ես հայտարարում եմ. բոլորին ֆիզիկապես կոչնչնացնենք, եթե նրանք փորձեն սադրանքներ իրականացնել և ահաբեկչական գործողություններ իմ, մեր ժողովրդի, պետության, պետականության դեմ»։ Դե ինչ, մարտական գեներալին հասկանալը և նրան աջակցելը մեր պարտքն է, չէ՞ որ Վ.Բալասանյանի համար ժողովուրդ, պետություն և պետականություն հասկացությունները զուգորդվում են Արցախի, Հայաստանի և Հայ Սփյուռքի հազարավոր հայրենասերների կյանքերի հետ, որոնք նրանք դրել են 1992-1994թթ. Արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարիներին Արցախի Հանրապետության ազատության, հայոց պետականության՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պահպանման զոհասեղանին։ Ադրբեջանական ագիտպրոպի դատողությունների կոմիկականությունն՝ այս դեպքում Ս.Մարկովի կերպարանքով, կարող է միայն քմծիծաղ առաջացնել, այս քարոզչական կլոունադան ավելին չարժե։ Անհանգստացնում է այլ փաստ. ս.թ. հոկտեմբերի 7-ի «Ռուսաստանը դեմ չէ Ղարաբաղում Ադրբեջանի պատերազմին. Սերգեյ Մարկով» հրապարակման մեջ կարդում ենք. «Ռուսաստանը չի արգելում Ադրբեջանին կռվել Ղարաբաղում, օգտագործել ՌԴ-ից գնած զենքը։ Ավելին, նախագահ Վլադիմիր Պուտինը քանիցս ասել է, որ ՀԱՊԿ-ը լիազորված է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և չի պատրաստվում մասնակցել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությանը»։ Եվ այսպիսի բարբաջանք Ղարաբաղում պատերազմի՝ Ռուսաստանի լռելյայն խրախուսման մասին արտահայտում է ադրբեջանական քաղաքագետ Ս.Մարկովը, որը, ըստ էության, չէր կարող չիմանալ, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ռուսական քաղաքականությանը նվիրված նիստում, Սոչիում, 2019թ. հոկտեմբերի 2-ին, պատասխանելով «Որքանո՞վ է բարձր Պարսից ծոցում Իրանի հետ ռազմական հակամարտության և առհասարակ մեծ տարածաշրջանում ռազմական հակամարտությունների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության «ապասառեցման» ռիսկերը» հարցին, ասել է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա վերջին ժամանակներս իրավիճակը շփման գծում բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են, դրանք այնքան էլ մեծ չեն։ Տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում, պատրաստվում են փոխանակել կալանավորված անձանց՝ ոչ մեծ թվով, բայց գործընթացն ընթանում է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի գծով համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, աշխատում են սերտորեն և բարեկամաբար։ Այս տարի արդեն երեք անգամ հանդիպել են արտաքին գործերի նախարարների հետ, այդ թվում ապրիլին Մոսկվայում՝ իմ մասնակցությամբ, մենք հանդիպել ենք Ադրբեջանի, Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ՝ համանախագահների ներկայությամբ։ Իսկ ինչ վերաբերում է «հողի վրա» իրադրությանը, այժմ այն շատ ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ։ Բայց քաղաքացիական գործընթացն արգելակված է, առայժմ չի ստացվում հանել արգելակները։ Կողմերը բավական լուրջ հայտարարություններ են անում, այդ թվում հնչել են խոսքեր այն մասին, որ Ղարաբաղը Հայաստան է, ճիշտ այնպես, ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետ Է.Ռաման ասաց, որ Կոսովոն Ալբանիա է։ Դա, իհարկե, չի օգնում ստեղծել մթնոլորտ քաղաքական գործընթացի վերսկսման համար։ Բայց մենք՝ որպես համանախագահներ, ամերիկացիների և ֆրանսիացիների հետ միասին ենք աշխատում։ Այստեղ այն քիչ իրավիճակներից մեկն է, որտեղ մենք միասնական տեսլական ունենք։ Մենք ունենք բազային փաստաթղթեր, չենք ցանկանում ռևիզիայի ենթարկել դրանք։ Մենք ցանկանում ենք բազային սկզբունքների հիման վրա, որոնք բազմիցս քննարկվել են, փնտրել հանգուցալուծումը։ Բայց այն պետք է գտնել ուղղակի երկխոսության միջոցով։ Շփումներ կան, բայց երկխոսությունը կարգավորման մասին առայժմ չի վերսկսվում։ Չեմ տեսնում այստեղ լայնածավալ մարտական գործողությունների ակնհայտ կամ ոչ ակնհայտ վերսկսման վտանգ։ Կանենք ամեն բան, որպեսզի դա տեղի չունենա»։ Հարգելի ընթերցող, ես հատուկ ներկայացրի Ս.Վ. Լավրովի պատասխանի ամբողջական տեքստը, որպեսզի մինչև վերջ հասկանալի լինի, որ հանձին Ս.Մարկովի մենք ունենք մի պերսոնաժ, որն, ըստ էության, իր մամուլի ասուլիսներով ու դրանց հաջորդող լուսաբանմամբ ադրբեջանական լրատվամիջոցներում ադրբեջանցիների ուղեղներում մտցնում է միտքն այն մասին, որ «Ռուսաստանը չի արգելում Ադրբեջանին կռվել Ղարաբաղում, օգտագործել ՌԴ-ից գնված զենքը»։ Այսինքն՝ կոնկրետ այս դեպքում մենք ունենք սովորական սադրիչ-սուտասան։ Բայց չեմ սխալվի, եթե ասեմ, որ ՀՀ «ժողվարչապետի» կողմնակիցները, հատկապես սորոսյան լափակերների թվից, պետք է շնորհակալություն հայտնեն Ս.Մարկովին, այո, այո, հարգելի ընթերցող, շնորհակալություն հայտնեն այն բանի համար, որ նա փաստորեն հաստատեց մինչ այդ Ն.Փաշինյանի արտահայտած բարեհիմարությունը. Ապրիլյան պատերազմը (2016թ.), սանձազերծված Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ, չէր լինի, եթե Մոսկվան չտար իր համաձայնությունը։ Ավելին, զմայլանք է առաջացնում Ս.Մարկովի ձգտումը՝ ադրբեջանցի ընթերցողներին բացատրել «ժողվարչապետի» արտահայտած բացահայտ վնասաբեր, իսկ ըստ էության՝ ադրբեջանական քարոզչության ջրաղացին ջուր լցնող արտահայտությունն այն մասին, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», որը Նիկոլ Վովաևիչն ասել է ս.թ. օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի հանրահավաքի իր ելույթում։ Ո՞րն է սադրանքի էությունը, կարող է հարցնել հարգելի ընթերցողը։ Այդ մասին հնարավորություն ունեցել եմ մանրամասն գրել ավելի վաղ REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված հոդվածներում՝ «Փաշինյանի սադրանքը Ստեփանակերտում սպառնում է պատերազմով Հայաստանի և Արցախի դեմ» (REGNUM, 17 օգոստոսի 2019թ.) և «Թույլ չտալ Փաշինյանին Հայաստանը և Արցախը ներքաշել պատերազմի մեջ» (8 սեպտեմբերի 2019թ.)։ Եվ միանգամայն սպասելի էր, որ փաշինյանական այս ողջ սադրանքի վտանգավորությունը մատնանշել է գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանն իր LIVEnews.am ինտերնետ-պարբերականի հարցազրույցում։ Հանուն արդարության նշենք, որ Արցախի հերոսն այս հարցին մոտեցել է նաև միանգամայն անսպասելի կողմից՝ հիշատակելով այն մասին, որ պատերազմի դեպքում նիկոլվովաևիչյան թիմը կարող է ստամոքսի խանգարում ունենալ՝ հայտնի գարշահոտ հետևանքներով, սանիտարահամաճարակաբանական առումով։ Այս ամբողջ պատմության մեջ զմայլելին այլ բան է, այն, որ հանձին Սերգեյ Մարկովի՝ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը ձեռք են բերել «քաջարի», տիեզերական մասշտաբի մտածողության հավակնող փաստաբանի։

Եվ միանգամայն կանխատեսելի էր, որ Ս.Մարկովի խորհուրդներից, հեծեծումներից ու հիացմունքից, թե՝ «Ադրբեջանն արդեն հոգնել է։ Ընտրություններ, հեղափոխություն, հայկական կառավարության ձևավորում և այլն։ Ինչքա՞ն կարելի է սպասել։ Այս հողի վրա ռուսական դիվանագիտությունը ռազմավարական համբերություն ցուցաբերող Ադրբեջանին վերաբերվում է մեծ հարգանքով» (իր վրա վերցնելով հարգելի Մարիա Զախարովայի դերը՝ այսպես է մարգարեացել Ս.Մարկովը – Ա.Գ.), կօգտվի սուլթանության ագիտպրոպը։ Իսկ արդեն ս.թ. հոկտեմբերի 12-ին Minval.az ինտերնետ-պարբերականում հրապարակվեց հոդված՝ «Ադրբեջանը Ղարաբաղում պետք է օգտագործի Թուրքիայի ստեղծած «հակաահաբեկչական զտման» նախադեպը» վերնագով, որում հեղինակ Նուրանին, որն ավելի հայտնի է որպես Թոֆիգա խանում, գրում է. «Թուրքիան, ըստ էության, ստեղծեց, ավելի ճիշտ՝ հաստատեց անդրսահմանային ռազմական հակաահաբեկչական գործողություն (նկատի ունի Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը – Ա.Գ.)։ Եվ դրա անցկացման համար ձեռք բերեց և՛ Վաշինգտոնի, և՛ Մոսկվայի համաձայնությունը միաժամանակ։ Եվ եթե PKK գրոհայինները Սիրիայից իսկապես իրանական միջանցքով փախչեն Հայաստան ու օկուպացված Ղարաբաղ, ապա արդյո՞ք հաջորդ «մաքրումը» արդեն այստեղ տեղի չի ունենա։ Մանավանդ որ Անկարան լիովին կարող է ևս մեկ անգամ ձեռք բերել և՛ Վաշինգտոնի, և՛ Մոսկվայի աջակցությունը միաժամանակ։ Բայց եթե անգամ դա տեղի չունենա, մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանում պարզապես կօգտվեն Անկարայի ստեղծած նախադեպից։ Թուրքիան, հիշեցնենք, տվել է հակաահաբեկչական գործողության մեկնարկը ՄԱԿ Կանոնադրության Հոդված 51-ի (որում ասվում է անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության անքակտելի իրավունքի մասին – Ա.Գ.) և ՄԱԿ Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական բանաձևերի հիման վրա։ Իսկ Ղարաբաղի օկուպացիայի դեպքում առկա են նաև ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը, որոնք ընդունվել են դեռևս իննսունականների առաջին կեսին, բայց այդպես էլ մնացել են թղթի վրա, և առավել ևս՝ ինքնապաշտպանության իրավունքը։ Հենց ՄԱԿ ԱԽ «ղարաբաղյան» բանաձևերին է Վալդայի համաժողովի իր ծրագրային ելույթում հղում կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Իսկ Վալդայի համաժողովը «ռուսական» հարթակ է, որն արդեն լրիվ սարսափելի է Երևանի համար։ Վերջապես, կան լուրջ տվյալներ այստեղ ահաբեկության ենթակառուցվածքի գոյության մասին։ Դրանց կարելի է հավատալ կամ չհավատալ, բայց ահա սպառնալիքները՝ գործի դնել «դիվերսիոն-գրոհային ստորաբաժանումները» և «Ադրբեջանի թիկունքում քաոս» ապահովել՝ հարվածներ հասցնելով նավթատարներին ու երկաթուղիներին, ճակատի գծի մյուս կողմում հնչել են միանգամայն պաշտոնապես։ Եվ այս ամենը տեղավորվում է միասնական պատկերում. «Ադրբեջանն ունի բոլոր հիմքերը՝ Ղարաբաղում իրականացնելու իր «մաքրումը»։ Թող ների ինձ հարգելի ընթերցողն այսքան ընդարձակ մեջբերման համար Թոֆիգա խանումի հոդվածից։ Սա հարկադրյալ միջոց է, քանի որ նրա ասածն անմիջականորեն մատնանշում է այն, որ Ադրբեջանը պատրաստում է տեղեկատվական հենք Արցախի Հանրապետության դեմ նոր պատերազմի սանձազերծման համար։ Ըստ էության, Ափշերոնյան սուլթանության ագիտպրոպը առանձնապես չի էլ թաքցնում իր նմանատիպ ռազմաշունչ մտադրությունները։ Ի հաստատումն այս եզրահանգման՝ մեջբերենք Թոֆիգա խանումի նույն հոդվածի վերջաբանը. «Այստեղ, իհարկե, ենթադրություններն ու վարկածները (ՀՀ-ում ահաբեկության ենթակառուցվածքի առկայության մասին – Ա.Գ.) դեռևս գերակշռում են փաստերի հանդեպ (ի՛նչ խնդիր Մարկովի ու Թոֆիգա խանումի համար. չկա՝ կհորինեն, միայն թե լավ վճարվող պատվեր լինի – Ա.Գ.)։ Արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Վալդայի համաժողովում արդեն ադրբեջանական հակաահաբեկչական ռեյդի ազդարարումն էր։ Քննարկվե՞լ է արդյոք այդ հարցը Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի բանակցություններում (այստեղ կասկածից վեր է, որ այս տողերը նախատեսված են ոչ այնքան Ափշերոնյան սուլթանության ներքին լսարանի, որքան Նիկոլ Վովաևիչի սխրակիցների համար սորոսյան ֆոնդերի ու տարատեսակ անդրօվկիանոսյան ազգային դեմոկրատական ինստիտուտների լափակերների թվից, որոնք հատկապես շռայլ ֆինանսավորվում են իրենց շուրջօրյա հակառուսական և բացահայտ ռուսատյաց հսկումների համար, ու ահա այսպիսի նվեր – Ա.Գ.)։ Եվ եթե այո, ապա հաջողվե՞լ է արդյոք Ադրբեջանին ստանալ Կրեմլի համաձայնությունը։ Կլինի՞ արդյոք այդ գործողությունն ադրբեջանական, թե՞ Թուրքիայի հետ համատեղ։ Մանավանդ որ վերջին ժամանակներս երկու երկրների զինված ուժերը կանոնավորապես համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Այս ամենի մասին մնում է միայն կռահել։ Բայց կասկած չկա, որ Հայաստանի անպատասխանատու վարքագծի ֆոնին տարածաշրջանն ունի սեփական «Խաղաղության ակունքի» անհրաժեշտություն»։ Ահա այսպիսի բաներ։ Պատկերի ամբողջականության համար նշենք, որ այդ հոդվածում բաժին է հասել նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը. «Հայաստանը Սիրիայի հետ ընդհանուր սահման, իհարկե, չունի, «սողոսկել» թուրքական տարածքով հազիվ թե ստացվի, բայց «միջանցք» կարող է տրամադրել Իրանը։ Այն նույն Իրանը, որի իշխանություններն անհանգստացած են Թուրքիայի գործողություններով Սիրիայում և դեռ սիրիական սահմանին իրենց զորավարժություններն են կազմակերպել։ Վերջապես, իրանական տարածքով ահաբեկիչները կարող են անցնել և՛ Հայաստան, և՛ օկուպացված Ղարաբաղ»։ Եթե Թոֆիգա խանումը նկատի ունի ԻԼԻՊ անդամներին, որոնք մինչև վերջերս քրդական զինված կազմավորումների պահպանության ներքո էին գտնվում, ապա դա իսկապես մտահոգում է։ Չէ՞ որ դեռ վերջերս իրենք՝ ադրբեջանական ինտերնետ-պարբերականներն էին գրում այդ մասին։ Որպեսզի ասածներս մերկապարանոց չհնչեն, հղում կատարեմ «Ադրբեջանցիները՝ հայտնի գործարարների որդիները, գնացել են ԻԼԻՊ։ Փորձագետ ՌԴ-ից» հոդվածին, որը հրապարակվել է ադրբեջանական ինտերնետ-պորտալում 2018թ. նոյեմբերի 28-ին։ Այսպես, Oxu.az-ի թղթակցի հետ զրույցում Քաղաքագետների ռուսական ընկերության (ՔՌԸ) փորձագետը՝ ժամանակակից Աֆղանստանի ուսումնասիրման կենտրոնի (ԺԱՈւԿ) առաջատար մասնագետ Անդրեյ Սերենկոն, ասել է հետևյալը. «Համաձայն ուժայինների պաշտոնական գնահատականների՝ ԻԼԻՊ նախագծի ակտիվ փուլի ժամանակ Իրանի և Սիրիայի տարածքում զոհվել է 100 ադրբեջանցի գրոհային։ Կարծում եմ, որ իրական թիվն էականորեն ավելի բարձր է։ Ինձ հայտնի գնահատականներով՝ ԻԼԻՊ-ում 2013-2016թթ. մինչև հազար ադրբեջանցի կար։ Ընդ որում՝ խոսքը ինչպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների, որոնք Սիրիա էին հասել ուղղակի հարևան Թուրքիայով, այնպես էլ Ռուսաստանում ապրող և արդեն ՌԴ-ում արմատական դարձած ադրբեջանցիների մասին է»։ Oxu.az-ի զրուցակիցն ընդգծել է, որ իրեն հայտնի են դեպքեր, երբ ռուսական մի շարք շրջաններում երիտասարդ ադրբեջանցիները՝ ռուսական բուհերի ուսանողները, բավական հաջողակ բիզնեսմենների որդիները, մեկնել են Սիրիա, որպեսզի միանան ԻԼԻՊ-ին։ «Կրկնում եմ, նրանք բնավ աղքատ չէին և բավական ուսյալ մարդիկ էին, որոնք, այնուամենայնիվ, ընդունել էին արմատական սալաֆիական քարոզչությունը և թողել էին իրենց հարազատներին հանուն «ջիհադի»,- նշել է Ա.Սերենկոն։ ԻԼԻՊ-ում ադրբեջանցիների առկայության մասին իր եզրահանգման մեջ Ա.Սերենկոն բնավ միայնակ չէ։ Այսպես, «Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է մարտնչում ԻՊ կողմից» հոդվածում, որը հրապարակվել է 2016թ. սեպտեմբերի 20-ին, կարդում ենք. «ԱՊՀ երկրների մեջ Ադրբեջանը գրավում է երրորդ տեղը քաղաքացիների թվով, որոնք մասնակցում են Իսլամական պետության (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը։ Այդ մասին Echo.az-ին ասել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Ալիևը։ «Ընթացիկ տարեսկզբին Իսլամական պետություն» խմբավորումում կար Ադրբեջանի մոտ 1000 քաղաքացի։ Ներկայում Ադրբեջանի մոտ 300-400 քաղաքացի մարտնչում է ԻՊ կողմից»։ Հավանաբար, խոսելով «ահաբեկության ենթակառուցվածքի» մասին՝ Թոֆիգա խանումը նկատի ուներ հենց այդ իլիպականներին՝ Ադրբեջանի քաղաքացիներին, որոնք խրամատավորվել էին մինչև վերջերս Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական զինված կազմավորումների կողմից վերահսկվող ճամբարներում, որոնց էլ շտապել է փրկել թուրքական ագրեսիվ զինվորականությունը։

Չէի ցանկանա անարձագանք թողնել նաև Ի.Ալիևի ելույթի հատվածը Աշգաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստում (2019թ. հոկտեմբերի 10-11)։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Ի.Ալիևը նշել է, որ ԱՊՀ ղեկավարները քանիցս դեմ են հանդես եկել ֆաշիստների հերոսացմանը։ «Ցավոք, նման բան տեղի է ունենում ԱՊՀ տարածքում, մասնավորապես՝ Հայաստանում, որտեղ նախկին իշխանությունը Երևանի կենտրոնում կանգնեցրել է ֆաշիստական դահիճ և դավաճան Գարեգին Նժդեհ կեղծանունով Գարեգին Տեր-Հարությունյանի արձանը, որը ծառայել է գերմանական ֆաշիստներին... Ցավոք, Հայաստանի նոր իշխանությունը չի ապամոնտաժել այդ արձանը։ Կարծում եմ, որ ֆաշիզմի հերոսացումը տեղ չպետք է ունենա ԱՊՀ տարածքում»,- ցասումնալից ասել է Ափշերոնյան սուլթանը։ Ավաղ, Ի.Ալիևի հերթական, մեղմ ասած՝ անկոռեկտ հարձակմանը կարելի էր չարձագանքել։ Տողերիս հեղինակն արդեն դիմել է այս թեմային։ Կատարեմ միայն ոչ մեծ մեջբերում իմ «Արտաշես Գեղամյան. Մի՛ ոտնձգեք Հայաստանի ազգային հերոսների դեմ» հոդվածից՝ հրապարակված 2018թ. փետրվարի 7-ին «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալության կողմից: Դրանում, մասնավորապես, նշված է. «Ադրբեջանի կողմից վարձված քաղաքական գործիչներն այսուհետ ևս ջանալու են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում։ Հայ նշանավոր զորավար, պետական գործիչ և մտածող Գարեգին Նժդեհին թուրքերը ժամանակին տվել էին Նժդեհ-Աժդա փաշա անունը, որը նշանակում է ահուսարսափ տարածող փաշա։ Նա իսկապես ահուսարսափ էր տարածում հայերին սպանողների և հայերի թշնամիների վրա՝ ստիպելով ենիչերիներին դողալ վախից։ Բայց իր մահվանից 63 տարի անց էլ Հայաստանի Ազգային հերոսը շարունակում է սարսափով պատել Հայաստանի թշնամիներին, որոնք դեռ փորձում են խեղաթյուրել պատմությունը, մրոտել այն մարդու անունը, ով եղել է անվերապահ հայրենասեր և խորապես երկրպագվող հերոս իր երկրում... Կասկածից վեր է, որ այդ իրադարձություններին անդրադառնալը պահանջում է ավելի խոր պրոֆեսիոնալ ուսումնասիրում և հավուր պատշաճի իրազեկություն։ Սույն պարագայում, կարծում եմ, կարելի էր ծանոթանալ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական գնահատականին, որը տրվել է Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման առիթով և հնչեցվել է պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից 2016թ. հուլիսի 4-ին. Զախարովան ուղեկցում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որը Երևան էր եկել՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այսպես, պատասխանելով «Ազատություն» ռադիոյի («Ազատություն» ռադիոյի հայկական ծառայություն) հարցին, թե արդյոք Մարիա Զախարովան նախկինի պես շարունակում է կարծել, որ Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրումը «նացիզմը հերոսացնելու փորձ է», ասել է տառացիորեն հետևյալը. «Ինչ վերաբերում է հուշարձանին, դա, անշուշտ, Հայաստանի և Երևանի ներքին գործն է։ Ես շատ եմ խնդրում ձեզ գտնել իմ մեկնաբանությունը և «Ազատություն» ռադիոյով տառացիորեն մեջբերել այն և այլևս այն չխեղաթյուրել։ Որովհետև իմ խոսքերը խեղաթյուրելով դուք ավելի վատ եք վարվում և, բնականաբար, այդ ամենն աշխատում է այն մարդկանց օգտին, որոնք Հայաստանի բարեկամներ չեն հանդիսանում»։ Կարծում եմ, ավելի համոզիչ չես ասի։ Դե ինչ, հարգելի ընթերցող, սրանով կարելի էր վերջակետ դնել կամ, գոնե, Ափշերոնյան սուլթանի ճաշակով, բացականչական նշան։ Բայց չէ, վերջակետ չդրվեց։ Այդ նույն նիստում Նիկոլ Վովաևիչի՝ Իլհամ Ալիևի խոսքերին, այսպես ասենք, հուզական-սիրողական պատասխանից հետո վերջինը ոգեշնչվեց։ Ն.Փաշինյանից հետո ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստում պետք է ելույթ ունենար Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, բայց Ի.Ալիևը, ըստ երևույթին, նրա հին բարեկամի իրավունքով, դիմեց նրան՝ խնդրելով թույլ տալ իրեն պատասխանել Հայաստանի վարչապետի ելույթին։ Ադրբեջանական ոճով «Նյուրնբերգյան դատավարության» ցայժմ անհայտ-նորահայտ դատախազի պոռթկմամբ Ափշերոնյան սուլթանը հայտարարեց. «Ռազմական հակահետախուզության գործունեությունը պատերազմի եզրափակիչ փուլում» հոդվածում, որը հրապարակվել է «Գաղտնի պատերազմ, հետախուզությունը և հակահետախուզությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» հրատարակության 6-րդ հատորում ասվում է. «114 Դրոմեդար» օբերխմբի գործակալների գործի շրջանակում (հատկանշական է, որ Ի.Ալիևը նոր անվանում է հորինել աբվերխմբի համար՝ այն անվանելով օբերխումբ – Ա.Գ.) հակահետախույզները պարզել և ձերբակալել են դաշնակցական բանակի նախկին գեներալ, տարագիր Տեր-Հարությունյանին, որը ծառայել է գերմանացիների մոտ՝ Նժդեհ կեղծանունով։ Հայրենական մեծ պատերազմի շրջանում նա Բուլղարիայի տարածքում հավաքագրել է ավելի քան 30 գործակալ, ազգությամբ հայեր, մասնակցել է նրանց դիվերսիոն պատրաստմանն ու Կարմիր բանակի թիկունք ուղարկելուն՝ խափանարար գործունեության համար։ 17 դիվերսանտներ՝ ՍՄԵՐՇ-ի աշխատակիցներ կալանավորվեցին, մյուսների նկատմամբ հետախուզում հայտարարվեց։ Նժդեհը մասնակցել է նաև Եվրոպայի հրեա բնակչության Հոլոքոստին։ 1942թ. նա կազմակերպել է հայկական լեգեոնը, որը պայքարել է Խորհրդային Միության դեմ...»։ Կարելի է էլի շարունակել Ափշերոնյան սուլթանի սևացումները, բայց այստեղ կարևորն այլ բան է, այն է. «114 («Դրոմեդար») գործակալների գործի շրջանակում հակահետախույզները պարզել և ձերբակալել են դաշնակցական բանակի նախկին գեներալ, տարագիր Տեր-Հարությունյանին, որը ծառայել է գերմանացիների մոտ՝ Նժդեհ կեղծանունով։ Հայրենական մեծ պատերազմի շրջանում նա Բուլղարիայի տարածքում հավաքագրել է ավելի քան 30 գործակալ, ազգությամբ հայեր, մասնակցել է նրանց դիվերսիոն պատրաստմանն ու Կարմիր բանակի թիկունք ուղարկելուն՝ խափանարար գործունեության համար։ ՍՄԵՐՇ-ի 17 դիվերսանտ աշխատակցի կալանավորեցին՝ թույլ չտալով կատարել դիվերսիոն ակտեր, իսկ մյուսների հանդեպ հետախուզում հայտարարեցին»։ Հենց դրա համար Գարեգին Նժդեհը ձերբակալվեց և դատվեց։ Եթե նա կատարեր այն, ինչ սրանից զատ նրան վերագրում է Ի.Ալիևն իր «բոցաշունչ» ելույթում, չարժե կասկածել, որ Գարեգին Նժդեհը Խորհրդային Միության ռազմական տրիբունալով կդատապարտվեր գնդակահարության։ Խոսքերիս հավաստիության մեջ կասկածողները կարող են համոզվել Իլհամ Ալիևի «լրացումների» մեջ՝ կարդալով «Ռազմական հակահետախուզության գործունեությունը պատերազմի եզրափակիչ փուլում»հոդվածը կայքում։

Հարգելի ընթերցող, բնավ չեմ ցանկանում չարաշահել ձեր համբերությունը, բայց որպեսզի տեղեկատվությունն ամբողջական լինի, թե ում հետ գործ ունենք, կոնկրետ պատմական փաստեր ներկայացնեմ, որոնք, ի թիվս այլոց, գուցե, որոշակի պարզություն կմտցնեն այն հարցում, թե ինչու Իլհամ Ալիևը Աշգաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստում գնաց բոլորին լավ հայտնի պատմական փաստերի միտումնավոր խեղաթյուրման։ Եվ այսպես, 2018թ. հունիսի 24-ին հրապարակվեց հոդված «Ադրբեջանական լեգեոնը ԽՍՀՄ-ի դեմ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ» վերնագրով։ Հոդվածում, մասնավորապես, գրված է. «Ադրբեջանական լեգեոնը ռազմական կազմավորում է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է գերմանական վերմախտի կողմից։ Լեգեոնի ստեղծման սկիզբը դրվեց 1941թ., բայց այն ժամանակ կազմավորումը կոչվում էր «կովկասյան-մուսուլմանական լեգեոն», որի մեջ մտնում էին ոչ միայն ադրբեջանցիներ, այլև Դաղստանի և կովկասյան որոշ այլ հանրապետությունների իսլամ դավանող ներկայացուցիչներ։ Բայց ադրբեջանցիների թիվն աստիճանաբար սկսեց քանիցս գերազանցել կովկասյան մյուս ժողովուրդների ներկայացուցիչներին, և 1942թ. հուլիսին ընդունվեց որոշում առանձին ադրբեջանական լեգեոն ստեղծելու մասին, որը բաղկացած էր բացառապես ադրբեջանցիներից, իսկ մյուս ազգությունները տեղափոխվեցին այլ զորամասեր... Ադրբեջանական լեգեոնի մարտիկների թիվը հասավ մոտավորապես 40 հազար մարդու։ Բայց, 40 հազարանոց լեգեոնից բացի, գերմանական վերմախտում կային նաև այլ զորակազմավորումներ՝ բաղկացած ադրբեջանցիներից՝ պահապանների տարբեր դասակներ և ՍՍ-ական ստորաբաժանումներ, որոնց թվաքանակը դժվար է պարզել, տվյալները տարբեր են։ Ադրբեջանական լեգեոնի զորամասերը մասնակցում էին մարտերին ինչպես արևելյան ճակատում, Կարմիր բանակի դեմ, այնպես էլ արևմտյանում՝ դաշնակիցների զորքերի դեմ (ամերիկացիների, կանադացիների, բրիտանացիների, ավստրալացիների, նորզելանդացիների)։ Մինչև 1943թ. լեգեոնը մարտնչում էր արևելյան ճակատում։ Ադրբեջանցիներն աչքի են ընկել Ուկրաինայի, Կովկասյան շրջանի (Նալչիկ և Մոզդոկ), Կրասնոդարի երկրամասի (Տուապսե, Անապա, Նովոռոսիյսկ), Աբխազիայի (Սուխում) մարտերում, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել են պարտիզանների դեմ պայքարում Ուկրաինայում, Լեհաստանում և Բելոռուսիայում։ 1943-44թթ. արդբեջանական լեգեոնի զորամասերն ուղղվեցին դեպի արևմտյան ճակատ՝ Դանիա, Իտալիա, Սլովակիա և Ֆրանսիա։ Այնտեղ նրանք նույնպես օգտագործվեցին տեղի պարտիզանների դեմ պայքարում, իսկ Ֆրանսիայում դաշնակիցների ափհանումից հետո կռվեցին նրանց դեմ։ Երկրորդ համաշխարհայինի ամենահայտնի պատմական իրադարձություններից մեկը, որին մասնակցել է ադրբեջանական լեգեոնը, 1944թ. հանրահայտ Վարշավյան ապստամբությունն է։ Լեհաստանի մայրաքաղաքում նախաձեռնվեց օկուպացիոն ռեժիմի տապալման փորձ, բայց այն (նկատի է առնվում ապստամբությունը – Ա.Գ.) դաժանաբար ճնշվեց, մասնավորապես, ադրբեջանական լեգեոնի ներկայացուցիչների կողմից (հավանաբար, Ի.Ալիևը, Հոլոքոստին Գարեգին Նժդեհի մասնակցության մասին ճամարտակելով՝ շփոթել է նրան ադրբեջանական լեգեոնի դահիճների հետ, որոնք զանգվածաբար ոչնչացնում էին Վարշավյան գետոյի կալանավորներին – Ա.Գ.), որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել ապստամբության ճնշման գործում։ Գերմանական հրամանատարությունը քանիցս դրական է արտահայտվել ադրբեջանական լեգեոնի մասին, իսկ նրա շատ սպաներ և զինվորներ երկաթե խաչեր են ստացել... Որոշ ադրբեջանցի լեգեոնականներ կռվել են վերմախտում ընդհուպ մինչև պատերազմի ավարտը։ Օրինակ, Բեռլինի պաշտպանությունում 1945թ. խորհրդային զորքերի դեմ մասնակցել է մոտ 700 ադրբեջանցի։ Գերմանիայի կապիտուլյացիայից հետո ադրբեջանական լեգեոնի մասնակիցները ձգտել են գերի հանձնվել միայն ամերիկացիներին ու անգլիացիներին և հույս ունեին, որ իրենց չեն հանձնի Խորհրդային Միությանը»։ Ինչպես կասեր Ի.Ալիևը, մեկնաբանություններն այստեղ ավելորդ են։ Այնպես որ, Հիտլերին տորթ մատուցելու ասեկոսեների, որի վրա գերմաներեն գրված էր «Կասպից ծով», և իր ելույթում «այդ խորությունում» (Կասպից ծովի տեղում – Ա.Գ.) սև շոկոլադի պարունակության մասին զմայլելի մանրամասների նկարագրության փոխարեն վատ չէր լինի, եթե Իլհամ Հեյդարովիչը մի քանի նախադասությամբ ծանոթացներ ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստի մասնակիցներին, օրինակ, այն վայրագությունների մասին, որոնք կատարել է «Ադրբեջանական լեգեոնի» ստեղծողներից մեկը՝ Աբդուռահման Ֆաթալիբեյլին։ Ահա թե ինչ է Վարշավյան գետոյի հրեաների այդ դահճի մասին գրված 2016թ. նոյեմբերի 20-ին այդ նույն ոչ անհայտ Minval.az ինտերնետ-պարբերականում, «Աբդուռահման Ֆաթալիբեյլի Դուդենգցի» վերնագրով հոդվածում. «Ա.Ֆաթալիբեյլիի հերոսության, խիզախության մասին լեգեոնական Շամիլ Աթաբեկը գրել է. «Սկսած 1942 թվականից՝ Ա.Ֆաթալիբեյլին լեգեոնականների հետ միասին գտնվել է ճակատում։ Շուտով նրա հրամանատարության տակ գտնվող լեգեոնականների հերոսությունը սկսել է հիացնել գերմանացիներին։ NN 805, 806, 807, 816, 818, 819, 1/111, 2/111 և 370 գումարտակները գործում էին Կովկասում, Ուկրաինայում, Ղրիմում, Բելոռուսիայում և Լեհաստանում»։ Կարելի է տասնյակ հայտնի ադրբեջանական ինտերնետ-պորտալներ վկայակոչել, որոնք խորամանկորեն արծարծում են լեգեոնական Շամիլ Աթաբեկի բաժակաճառերը Ա.Ֆաթալիբեյլիի հասցեին, ընդ որում՝ խոսքը ինտերնետ-պարբերականների մասին է, որոնք Ադրբեջանում ունեն Ափշերոնյան սուլթանության նախագահական աշխատակազմի խոսափողները լինելու իմիջ։ Բավարարվենք միայն նրա կյանքի ավարտի մասին տեղեկությամբ. «Պատերազմի ավարտից հետո Ֆաթալիբեյլին գերի է ընկել բրիտանական զորքերի մոտ։ Ազատվելուց հետո եղել է Իտալիայում, երկու տարի ապրել է Եգիպտոսում, իսկ հետո ուղևորվել Արևմտյան Գերմանիա։ Երկու ամիս անցկացրել է Թուրքիայում և նորից վերադարձել Մյունխեն։ Գտնվելով Իտալիայում՝ Ֆաթալիբեյլին նամակ է գրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քլեմենտ Էթլիին, որում ներկայացրել է իր մտքերը Սառը պատերազմի սկսվելու և ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը շարունակելու անհրաժեշտության մասին, բայց նրա նամակն անպատասխան է մնացել... 1954թ. նոյեմբերին նա անհետ կորել է, իսկ մի քանի օր անց, մյունխենյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է ոմն Միկաիլ Իսմայիլովի դին։ Քննության ընթացքում պարզվել է, որ դա հենց Ֆաթալիբեյլիի դին է, իսկ Իսմայիլովը ԿԳԲ գործակալ էր, որն ուղարկվել էր Արևմտյան Գերմանիա Ֆաթալիբեյլիին վերացնելու համար։ Որոշ ժամանակ անց Միկաիլ Իսմայիլովը կախված է գտնվել իր տանը Բաքվում»: Որպես տեղեկություն նշենք, որ «1952թ. մարտին Գարեգին Նժդեհին բերել են Երևան։ 1953թ. ամռանը, Վլադիմիրի բանտ տեղափոխելուց առաջ, Հայկական ԽՍՀ պետանվտանգության նախարարի կարգադրությամբ Գարեգին Նժդեհին մեքենայով տարել են ցուցադրելու Երևանը, վեր հառնող կառույցները, տարբեր տեսարժան վայրեր... 1955թ. սեպտեմբերին նրան նորից ուղարկել են Վլադիմիրի բանտ, որտեղ նա մահացել է նույն թվականի դեկտեմբերի 21-ին»: Այս իրադարձություններից, չեմ թաքցնի՝ շատ ու շատ ծանր, մինչև օրս արնահոսող մեր ընդհանուր պատմության, ԽՍՀՄ պատմության վերքերի շուրջ իմ խորհրդածություններից հետո մի բան չեմ հասկանում. ինչո՞ւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն ապրում է ապակե պալատում, պետք եկավ քար նետել հարևանների վրա։ Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը, որին գնահատականների մեջ խստապահանջ մեր «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչը, նրա հետ Դուշանբեում, վերելակում երեսուն վայրկյան շփվելուց հետո (ուզում եմ հավատալ, որ վերելակը անսարքության պատճառով կանգ չի առել հարկերի միջև), անվանել էր կիրթ մարդ, այսքան բացահայտ սուտ հնչեցնում ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստում։ Ավելին, կրկնում եմ, Նիկոլ Վովաևիչի խոսքերից ելնելով՝ կիրթ մարդ լինելով՝ մի՞թե Ի.Ալիևն Աստվածաշնչից չհիշեց որքան պարզ, նույնքան էլ իմաստուն ճշմարտությունը. «Եվ ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, և քո աչքի միջի գերանը չես նշմարում։ Կամ ինչպե՞ս կասես քո եղբորը. «Թող շյուղը աչքիցդ հանեմ, և ահա քո աչքի մեջ գերան կա։ Կեղծավո՛ր, առաջ քո աչքից գերանը հանիր, և հետո մտիկ կտաս քո եղբոր աչքից շյուղը հանելու» (Մատթեոսի Ավետարան, Գլուխ 7. 3, 4, 5)։

Խոստովանո՛ւմ եմ, հարգելի ընթերցող, որ հոդվածի ամփոփիչ մասը գրելն ինձ համար առանձնապես դժվար է։ Եվ բնավ ոչ այն պատճառով, որ մտքեր չկան, ուղիղ հակառակը։ Պատճառն այլ է. չափից ավելի մեծ է ցանկությունը վերջապես գրելու հայկական երկու պետությունների խաղաղ արարման հեռանկարների, հարևանների՝ ադրբեջանցիների, թալիշների, լեզգիների, Ադրբեջանի Հանրապետությունում ապրող ազգային մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ զուտ մարդկային շփման վերականգնման մասին։ Եվ որպեսզի դա տեղի ունենա հնարավորինս մոտ հեռանկարում, որպեսզի հերթական անգամ ստիպված չլինեմ գրել և ապացուցել միջազգային իրավունքի նորմերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռքբերման գործընթացի լիակատար համապատասխանությունը։ Նորից ու նորից հիշատակել այն մասին, որ 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին»։ Որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, հենվելով Անկախության մասին հռչակագրի վրա, որն ընդունվել էր Ադրբեջանի Ազգային խորհրդի կողմից 1918թ. մայիսի 28-ին, և առաջնորդվելով Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991թ. օգոստոսի 30-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով՝ ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական ակտը Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին», որում հաստատել է Ադրբեջանի Հանրապետության պետական, քաղաքական և տնտեսական կարգի հիմքերը, որի Հոդված 1-ում գրված է. «Հոդված 1. 1920թ. ապրիլի 27-28-ին ՌԽՖՍՀ 11-րդ բանակի ներխուժումը Ադրբեջան, հանրապետության տարածքի անեքսիան, Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության տապալումը, որը միջազգային իրավունքի սուբյեկտ է հանդիսանում, համարել անկախ Ադրբեջանի օկուպացիա Ռուսաստանի կողմից»։ Իսկ Հոդված 2-ում կարդում ենք. «Հոդված 2. Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը»։ Հիշատակենք նաև Հոդված 3-ը. «Հոդված 3. 1922թ. դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը անվավեր է համարվում ստորագրման պահից՝ Ադրբեջանին վերաբերող մասով»։ Եվ ահա, հարգելի ընթերցող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի մտել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմի մեջ։ Չկա նման բան պատմության մեջ, ուստի խոսել ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին, նրա կազմում ենթադրելով Արցախի Հանրապետությունը, առնվազն միջազգային իրավունքի տեսակետից լիակատար իրավաբանական անգրագիտություն է։ Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս հիշեցնենք հարգելի ընթերցողին, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի է ունեցել հանրաքվե, իսկ քվեաթերթիկում մտցված է եղել հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք արդյոք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, որն ինքնուրույն է որոշում այլ պետությունների և ընկերակցությունների հետ համագործակցության ձևերը»։ 132 328 ձայնի իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 108 736 մարդ (82,6%), «կողմ» քվեարկել է 108 615 մարդ (քվեարկողների թվի 99,89%)։ Այսպիսին է իրողությունը, որը համառորեն չեն ցանկանում տեսնել Ափշերոնյան կառավարողները, ավելին, հարյուր միլիոնավոր նավթադոլարներ են ծախսում համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցելու համար։ Կա՞ արդյոք ելք ստեղծված իրավիճակից՝ միանգամայն իրավացիորեն կարող է հարցնել հարգելի ընթերցողը, և նա, իհարկե, իրավունք ունի անելու դա։ Այո, ելք կա՛։ Եթե Ադրբեջանի Հանրապետության կառավարողներն անկեղծ են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին իրենց հայտարարություններում, թող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների հետ հանդես գան համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետության և Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտների, Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) մտնելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին։ Միայն այդ հեղինակավոր միջազգային կազմակերպություններին Ադրբեջանի և Արցախի միաժամանակյա անդամակցության դեպքում կբացվեն Հարավային Կովկասի անկախ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման իրական հեռանկարներ։ Այլապես տարածաշրջանը կարող է հայտնվել այս բավական կարևոր աշխարհաքաղաքական տարածքում գերիշխանության համար մղվող պայքարի էպիկենտրոնում։ Ավելի պարզ ասած՝ կվերածվի համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների մշտական ռազմական դիմակայության օջախի՝ արյունահեղ պատերազմի վերաճելու հեռանկարով։ Ավաղ, այսպիսին է Անդրկովկասում և նրա շուրջ ժամանակակից գործընթացների տրամաբանությունը։ ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Ադրբեջանի և Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտների, համատեղ անդամակցության այլընտրանքը պատերազմն է, այն դեպքում, երբ Ադրբեջանի Հանրապետության և հայկական երկու պետությունների անդամակցությունն այդ միջազգային կազմակերպություններին խաղաղության և անվտանգության երաշխիքն է։ Հաշվի չնստել սրա հետ, ինչպես պատկերավոր արտահայտվել է Էնգիենի հերցոգի մահապատժի ժամանակ (Նապոլեոն I-ի հրամանով) Օրենսդիր հանձնաժողովի նախագահ, Նապոլեոնի հանրահայտ Քաղաքացիական օրենսգրքի հեղինակ Անտուան դը լա Մյորթը, դա ավելին է, քան հանցագործությունը. դա սխալ է։

Մի խոսքով՝ եկել է հավակնություններից հրաժարվելու և առկա ֆինանսական, կազմակերպչական, մտավոր ռեսուրսները ոչ թե կոնյունկտուրային խնդիրների լուծմանն ուղղելու, այլ ազնիվ նպատակին հասնելու ուղղությամբ աշխատելու ժամանակը, այն է՝ հասնելու Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության, եթե կուզեք՝ պետականության կորստից փրկության ապահովմանը։ Քանզի չի լինի ցանկացած այլ գործողությունների ոչ մի արդարացում և ներում, որքան էլ որ բարի մտադրություններով քողարկվեն դրանք, որոնք, կարելի է վստահաբար ասել, վերջնարդյունքում կհանգեցնեն հայ հասարակության պառակտմանը, ազգային միասնության հնարավորությունների խափանմանը։ Եվ գլխավոր շարժիչ ուժը համազգային հաշտեցման այս պահանջված գործընթացում պետք է դառնա Հայաստանի Հանրապետության երեք նախագահների՝ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Սերժ Ազատի Սարգսյանի համախմբող դերը։ Իսկ մինչ այդ Նիկոլ Վովաևիչը, գերմանացի հռչակավոր պոետ Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում» պիեսի կերպարի՝ մավրի նման (այն բանից հետո, երբ օգնեց կոմս Ֆիեսկոյին ապստամբություն կազմակերպել դոժ Դորիայի՝ Ջենովայի բռնակալի դեմ և շուտով պարզեց, որ այլևս պետք չէ դավադիրներին, որոնք նրա մեջ տեսնում էին իրենց նպատակներին հասնելու գործիքի), պետք է հեռանա։ Իհարկե, Նիկոլ Վովաևիչը չարդարացրեց «դավադիրների» հույսերը, չկարողացավ ներսից քանդել արցախցիների միասնականությունը, չհամարձակվեց ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հակահայկական նախագծերի տակ, որոնք կազմվել էին Ջոն Բոլթոնի «գծաքանոններով»։ Ընթերցողը կարող է տարակուսած հետաքրքրվել, իսկ ինչո՞ւ եմ այս ամենի մասին խոսում որպես կատարված փաստի։ Պատասխանը պարզ է. Նիկոլ Վովաևիչի համար նախանշված նման առաքելությունն անիրականանալի է, անգամ եթե նրան ապահովված էր կատարել պետական հեղաշրջում, անպատիժ, ուժի և սպառնալիքի կոպիտ կիրառմամբ հասնել ՀՀ VI գումարման Ազգային ժողովի ցրմանը՝ ՀՀ VII գումարման ԱԺ-ում որակյալ մեծամասնության հետագա ապահովմամբ։

Այո, հարգելի ընթերցող, ՀՀ երեք նախագահների համախմբման անհրաժեշտությունը ժամանակի հրատապ հրամայականն է։ Եվ բնավ ոչ այն պատճառով, որ ողջ հայ ժողովուրդը աղոթում է նրանց համար կամ նրանց այլընտրանք չի տեսնում, այլ այն պատճառով, կրկնում եմ, որ նրանց համախմբման այլընտրանքը պետականության կորուստն է։ Այս եզրահանգումը, հարգելի ընթերցող, հիմնված է Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների համակողմանի վերլուծության վրա։ Նման համախմբումն արժանի է Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված մեր հարյուր հազարավոր հայրենակիցների, Արցախի 1992-94թթ. ազգային-ազատագրական պատերազմի տարիներին զոհված հազարավոր զոհվածների լուսավոր հիշատակին։ Նման համախմբումը կլինի հիշատակի տուրք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված Ապրիլյան (2016թ.) պատերազմում զոհված 105 զինվորականներին և Արցախի Հանրապետության անմեղ նահատակված խաղաղ քաղաքացիներին։

Ես ավելի քան համոզված եմ, որ հայկական երկու պետությունների նախաձեռնությունը՝ Ադրբեջանի և Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտների, միաժամանակյա անդամակցության մասին եթե պաշտոնապես առաջադրվի, ապա մեր դաշնակիցների, և առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից, առանց որևէ կասկածի, կաջակցվի։ Այս համոզվածությունը տալիս է նաև ռուս հայրենասեր-դերժավնիկ, Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Արցախի Հանրապետության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինի ելույթը ս.թ. հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում, Արցախի բարեկամների միջազգային համաժողովում, որը տեղի էր ունենում «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» կարգախոսի ներքո։ Խորհենք համաժողովում Կոնստանտին Ֆյոդորովիչի ելույթի հետևյալ տողերի շուրջ. «Ռուսաստանը վարում է ինքնուրույն քաղաքականություն։ Չնայելով ոչ մի սպառնալիքի և պատժամիջոցի՝ մենք ճանաչել ենք Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնորոշումը (ես այստեղ առաջին շարքում տեսնում եմ իմ լավ բարեկամ Դմիտրի Մեդոևին՝ Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին), մենք աջակցել ենք Ղրիմի Հանրապետությանը վերադառնալու հայրենի հանգրվան, մենք մասնակցում ենք Ուկրաինայի արևելքում քաղաքացիական պատերազմի կարգավորման ջանքերին, որովհետև մենք չենք կարող թույլ տալ հետագա բռնություն մեր հայրենակիցների հանդեպ Դոնբասի հողում։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը՝ ոպես պետություն, թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության անարդար լուծում։ Ռուս ժողովուրդն առաջին հերթին գնահատում է խիղճն ու արդարությունը։ Իսկ նրանք ձեր կողմում են»։ Եվ այս բնորոշումների հետ, որոնք ավելի քան խորն են բնութագրում ռուս ժողովրդի մեծությունը, անհնար է չհամաձայնել։

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր