Արտաշես Գեղամյան. Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքը Հայոց պետականության պահպանման երաշխավորն է

«Քրիստոս հարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի»

 

Ապրիլի 26, 2019

http://www.shame.am/news/view/67240.html

26.04.2019, Regnum

Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից (այսուհետ՝ պետական հեղաշրջում) հետո անցել է մեկ տարի, և կարծում եմ, որ եկել է տեղի ունեցածի օբյեկտիվ իմաստավորման ժամանակը։ Չեմ թաքցնի, որ այդ ընթացքում ես մշտապես այսպես կոչված «թավշյա հեղափոխության» մասին մտորումներս կիսել եմ Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) և դաշնակցային Ռուսաստանի քաղաքացիների հետ՝ գրելով մոտ չորս տասնյակ հոդվածներ այդ թեմայով։ Դրանցում ներկայացվել է ՀՀ-ում և նրա շուրջ տեղի ունեցած գործընթացների իմ տեսլականը, ավելին՝ պարտքս եմ համարել քննադատաբար իմաստավորել Հայաստանի նոր իշխանությունների գործողությունները, որոնք, ըստ իս, հղի էին վտանգավոր հետևանքներով։ Ընդ որում՝ մատնանշել եմ կոնկրետ մարտահրավերներն ու սպառնալիքները հայոց պետականության համար, ներկայացրել դրանց հաղթահարման և չեզոքացման վերաբերյալ իմ մոտեցումները։

Պատահաբար չէ, որ հիշեցի ռուս ընթերցողի մասին և, օգտվելով առիթից, ուզում եմ հատուկ երախտագիտությունս հայտնել «REGNUM» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագրին (Մոդեստ Կոլերովին), հայկական հայրենասեր «Իրավունք» (Հովհաննես Գալաչյան) և «Հայոց աշխարհ» (Գագիկ Մկրտչյան) թերթերի, Shame.am (Արտյոմ Խաչատրյան) ինտերնետ պորտալի գլխավոր խմբագիրներին, որոնք պարբերաբար հրապարակել են իմ հոդվածները։ Եվ այս երախտագիտությունը բնավ ձևական պատշաճության տուրք չէ, քանի որ պետական հեղաշրջման առաջին իսկ օրերից ՀՀ նոր իշխանություններն իրենց հասցեին ցանկացած քննադատություն ընկալել են (կամ ձևացրել են) ոչ այլ կերպ, քան «հակահեղափոխության» փնտրտուք, դրանք որակել են որպես «սևերի» վտանգավոր դիվերսիոն գործողություններ։ Ընթերցողներին հիշեցնենք, որ այդ ընթացքում նրանք, ովքեր դատապարտել են «հեղափոխականների» գործողությունները, վերագրվել են «սևերին», ի տարբերություն «սպիտակների», այսինքն՝ նոր իշխանությունների։ Եվ նման իրավիճակում հոդվածների հրապարակումը, որոնցում վեր են հանվել ՀՀ-ում կատարված պետական հեղաշրջման ողջ խորագաղտնիքները՝ դրանց պարագլուխների կիրառած տեխնոլոգիաների մանրամասն պարզաբանումներով, միանգամայն վտանգավոր բան էր։ Ընդ որում՝ հոդվածներում ընթերցողների դատին էին ներկայացվում մանրամասն հղումներ «գունավոր հեղափոխությունների» ժամանակակից հեղինակների աշխատություններին՝ ուղղված պետականության քայքայմանը։ Մասնավորապես, հղումներ էին կատարվում «թավշյա հեղափոխության» պարագլուխների, իսկ ավելի ճիշտ՝ նրանց ուղեվարների կողմից այն երաշխավորությունների օգտագործմանը, որոնք պարունակվում են «գունավոր հեղափոխությունների» տեսաբաններից մեկի՝ Սթիվեն Մանի «Քաոսի տեսությունը և ռազմավարական միտքը» ոչ անհայտ հոդվածում։ Նկատենք, որ այդ հոդվածը տպագրվել է 1992թ. ԱՄՆ բանակի գլխավոր պրոֆեսիոնալ ամսագրում (US Army War College Quarterly)։ Եվ ահա, եթե նպատակ դնենք Հայաստանում պետական հեղաշրջման առաջին տարելիցի բնաբան ընտրել, ապա ավելի լավ, քան Սթիվեն Մանի հետևյալ մտքերը նրա վերոնշյալ հոդվածից, դժվար թե գտնենք. «Աշխարհը դատապարտված է լինել քաոսային, որովհետև մարդկային քաղաքականության բազմակերպ ակտորները դինամիկ համակարգում... ունեն տարբեր նպատակներ և արժեքներ (Ն.Փաշինյան և Ко-ի պարագայում դա կասկած չի հարուցում – Ա.Գ.)։ ...Յուրաքանչյուր ակտոր քաղաքականապես կրիտիկական համակարգերում արտադրում է կոնֆլիկտի էներգիա..., որը սադրում է ստատուս-քվոյի փոփոխություն՝ այդ կերպ մասնակցելով կրիտիկական վիճակի ստեղծմանը... և ցանկացած ուղեգիծ իրավիճակը հանգեցնում է անխուսափելի աղետալի վերակառուցման»։ Հարկ է նաև նշել պետական հեղաշրջման ուղեվարների «լայն մտահորիզոնը», որոնք եռանդուն հետևել են «գունավոր հեղափոխությունների» մեկ այլ տեսաբան Ջին Շարփի՝ պետական իշխանության դեմ ոչ բռնի պայքարի մեթոդների վերաբերյալ գրքի հեղինակի երաշխավորություններին։ Այսպես, ՀՀ-ում պետական հեղաշրջման իրականացման ընթացքում օգտագործվել են ավելի քան 40 երաշխավորություններ «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդներից («198 Methods of Nonviolent Action»), որոնք նկարագրված են այդ հեղինակի «Բռնապետությունից դեպի դեմոկրատիա» գրքի համանուն հավելվածում։ Այդ մասին ավելի վաղ արդեն գրել եմ։

Հարկ է առանձնապես նշել, որ մինչև պետական հեղաշրջման իրականացման գործնական քայլերի կատարումը՝ մեր պսևդոհեղափոխականների ուղեվարները պարարտ հող էին նախապատրաստել հնարավորինս անցնցում իշխանափոխության համար, դիցուք՝ նրանք միանգամայն լկտի, անտաշ ձևով մի քանի տարի ՀՀ-ում իրականացնում էին «Օվերթոնի պատուհանի» հայեցակարգը, որն այդպես է կոչվել նրա հեղինակի՝ ամերիկացի հասարակական գործիչ Ջոզեֆ Օվերթոնի հիշատակին։ Ես բնավ պատահական չէ, որ օգտագործեցի «լկտի» և «անտաշ» մակդիրները։ Ինքներդ դատեք, հարգելի ընթերցողներ, չէ՞ որ ընդամենը մեկ տասնամյակ առաջ անգամ ամենամղձավանջային երազում ՀՀ-ում ոչ ոք երևակայել չէր կարող, որ ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչները կարող են Երևան քաղաքում զավթել ոստիկանության բաժանմունքը և ըստ էության մնալ անպատիժ, կամ էլ զավթել պարեկապահակային ծառայության (այսուհետ՝ ՊՊԾ) գնդի շենքը՝ սպանելով երեք ոստիկանի, իսկ հետագայում դառնալ բողոքի շարունակական ակցիաների ականատեսը, չէ, հարգելի ընթերցող, ոչ թե ոստիկաններին սպանողների դատապարտմամբ, այլ իշխանությունների դեմ՝ ի պաշտպանություն զինված անձանց, որոնք զավթել էին ՊՊԾ շենքը։ Էլ չեմ ասում տրանսգենդերին ընձեռված հնարավորության մասին՝ ելույթ ունենալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից և հետն էլ խրատ կարդալ սեռական փոքրամասնությունների հանդեպ լավ վարքի կանոնների մասին։ Այստեղ հարկ է հատկապես նշել այն վտանգը, որը բխում է «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի հետևորդների նախապես մանրակրկիտ մտածված և բեմականացված սրբապիղծ գործողություններից։ Նրանց հարվածի գլխավոր ուղղությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է և նրա արժանապատիվ հայրապետ, Ծայրագույն պատրիարք, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։

Հայաստանում պետական հեղաշրջումից մեկ տարի հետո արդեն չարժե կասկածել, որ նրա ճարտարապետների մտահղացմամբ իշխանության պետք է գային մարդիկ, որոնք լիովին կհամապատասխանեին չափանիշներից գլխավորին, որը ներկայացված է Լոուրենս Ջ. Պիտերի համանուն՝ «Պիտերի սկզբունքը» գրքում։ Ահա թե ինչի մասին է խոսքը. «Հիերարխիկ համակարգում յուրաքանչյուր անհատ միտում ունի բարձրանալու մինչև իր անիրազեկության մակարդակը»։ Այս անհերքելի փաստի համոզիչ հաստատումն է ՀՀ գործող կառավարությունը՝ «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին կներկայացվի մի փոքր ավելի ուշ։ Այսքան մանրամասն ներածությունից հետո նշենք, որ, ինչպես և պետք էր սպասել, «REGNUM» Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ հոդվածներին բավական խոցված արձագանքել է ոչ անհայտ 1in.am ինտերնետ պորտալը, որը շռայլորեն ֆինանսավորվում է օվկիանոսի այն կողմից, ընդ որում՝ ֆինանսավորվում է ոչ միայն այդ հեռավոր ափերից։ Աչքի է զարնում ինտերնետ պորտալի մի փոքր ուշացած արձագանքը, որն ավելի շուտ պայմանավորված էր նրանով, որ իմ հոդվածները՝ հրապարակված «REGNUM» ՌԴ տեղեկատվական գործակալությունում, ամեն անգամ բավական պատկառելի ընթերցողական լսարան էին հավաքում Հայաստանում։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, բերեմ ընդամենը որոշ փաստեր։ Այսպես, ՀՀ-ում հայտնի Shame.am ինտերնետ պորտալը, որը տառացիորեն մեկ օր անց իր կայքում տեղադրում էր իմ հոդվածները՝ք մինչ այդ հրապարակված «REGNUM» ՌԴ տեղեկատվական գործակալությունում, վկայում է դրանց հանդեպ ընթերցողական արագ աճող հետաքրքրության մասին։ Օրինակ, «Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ» հոդվածի դիտարկումների քանակը կազմել է 369200, ընդ որում՝ ընթերցողների 70,27%-ը, որոնք գնահատել են հոդվածը, այն գնահատել է «գերազանց», 10,81%-ը՝ «լավ», 17,57%-ը՝ «շատ վատ» (տե՛ս www.shame.am/ru/news/view/67166.html)։ Ընթերցողների մեծ հետաքրքրությունն է առաջացրել նաև ս.թ. մարտի 2-ի «Արևմուտքի պատժամիջոցների պատերազմն ընդդեմ Ռուսաստանի պատերազմ է ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության դեմ» հոդվածը։ Այդ հոդվածի դիտարկումների թիվը կազմել է 128565, ընդ որում՝ հոդվածը գնահատողների 84,62%-ը տվել է «գերազանց» գնահատական, միայն 4,62%-ն է տվել «շատ վատ» գնահատականը (տե՛ս www.shame.am/ru/news/view/67081.html)։ Ընթերցողներին անտարբեր չի թողել նաև «Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է» հոդվածը (տե՛ս www.shame.am/ru/news/view/66907.html), որը կարդացել է 217292 ընթերցող, ընդ որում՝ այն գնահատածների 88,89%-ը հոդվածը համարել է «գերազանց», և միայն 7,41%-ն այն գնահատել է «շատ վատ»։ Այս տվյալները ես ներկայացնում եմ ոչ թե իմ առանձնակի նշանակությունն ընդգծելու ցանկությունից, այլ որպեսզի ցույց տամ, որ ներկայում ակնհայտ է Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների պահանջը՝ իմաստավորել պետական հեղաշրջման իսկական նպատակները, ինչպես նաև ակնհայտ է մեր Հայրենիքի վրա, յուրաքանչյուր հայ ընտանիքի վրա կախված աճող վտանգի՝ հայերի համար բնածին երկյուղը։ Չէ՞ որ փոքր Հայաստանի համար ընթերցողական լսարանի նման պատկառելի թիվը թանկ արժե։ Նշեմ, որ մյուս հոդվածներս՝ հրապարակված «REGNUM» տեղեկատվական գործակալությունում, իսկ հետո տեղադրված Shame.am կայքում, կարդացել են միջինը 30-50 հազար ընթերցողներ։ Այո, հայ հասարակության պահանջարկը՝ ծանոթանալ իշխանությունների գնահատականից տարբեր այլ գնահատականների ՀՀ-ում ընթացող իրադարձությունների մասին, չի կարող չոգևորել։ Ընդ որում՝ լավատեսության է մղում այն հանգամանքը, որ կազմակերպիչների կողմից «թավշյա հեղափոխություն» անվանված պետական հեղաշրջման էյֆորիան մարելու և զրոյի հանգելու կայուն միտում է դրսևորում։ Այս առնչությամբ չարժե կասկածել, որ այսքան պատկառելի ընթերցողական լսարանը և նրա վերաբերմունքը հեղինակի հրապարակումների հանդեպ լրջորեն մտահոգել են պետական հեղաշրջման հովանավորներին, որոնք վերջին տարիներին տասնյակ ու հարյուր միլիոնավոր դոլարներ են ծախսել Հայաստանում այդ պետական հեղաշրջման կազմակերպման համար պարարտ հող նախապատրաստելու նպատակով։ Եվ հանկարծ բացահայտ ռուսամետ կուսակցության (հենց այդպես են, ի պատիվ մեզ, ընկալում «Ազգային միաբանություն» կուսակցությունը տարատեսակ գրանտակերները) նախագահը՝ ձեր խոնարհ ծառան, համարձակվում է բացել այսպես կոչված «թավշյա հեղափոխության» ողջ գաղտնարանները, նրա իսկական նպատակները, դիցուք՝ ներսից խափանել պետականությունը (իսկ դա նրանց միակ նպատակը չէ)՝ դրանով իսկ ստեղծելով անկայունության գոտի Ռուսաստանի հարավային մատույցներում, իսկ այնտեղ էլ՝ պայմաններ Հայաստանից 102-րդ ռուսական ռազմակայանի, «Էրեբունի» օդանավակայանից ռուսական ավիաբազայի, ինչպես նաև ռուս սահմանապահների դուրսբերման համար, սահմանապահներ, որոնք պաշտպանում են հայ-թուրքական և հայ-իրանական պետական սահմանը։ Չեմ թաքցնում, որ ինչպես իմ, այնպես էլ բազմաթիվ գործընկերներիս քմծիծաղն ու զմայլանքն է առաջ բերում այն հանգամանքը, երբ 1in.am ինտերնետ պորտալում ի հայտ են գալիս զրպարտչական հոդվածներ և անձնական վիրավորանքներ իմ հասցեին։ Փաստ, որը վկայում է գրածներիս ճշմարտացիության, իսկ ընդդիմախոսներիս թուլության մասին։ Ավելին, նաև նկարահանվեց օպերատիվ տեսահարցազրույց, որն ի սկզբանե խեղաթյուրում էր և միաժամանակ ցասումնալից դատապարտում ինձ՝ որպես իբր հակապետական հրապարակումների հեղինակի, այն էլ՝ ռուսական «REGNUM» տեղեկատվական գործակալությունում։ Դրա վկան դառնալով՝ ակամա մտածեցի, որ անդրօվկիանոսյան քարոզչամեքենայի խոսափողը, ինչպիսին, անվիճելիորեն, 1in.am ինտերնետ պորտալն է, համառությամբ, որը հատուկ է «մարդկանց կողմից չհասկացված չորքոտանի երազողին» (միտքը մեծն Վիկտոր Հյուգոյինն է, որն այդպիսի գնահատականով անմահացրել է սովորական ավանակին), պարբերաբար կոչ է անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, չէ՝ նրանից պահանջում է հակապետական գործունեության համար քրեական պատասխանատվության ենթարկել Արտաշես Գեղամյանին։ Իմ «հանցավոր» գործունեության վառ դրսևորումը, համաձայն 1in.am-ի քաղաքական հայացքների, առարկայական քննադատությունն էր ՀՀ «ժողվարչապետի» հասցեին, ինչպես նաև իմ հոդվածներում այն անքակտելի ճշմարտության հաճախակի հիշատակումը, որ տեղի է ունեցել պետական հեղաշրջման պատկառելի ֆինանսական աջակցություն Սորոսի ֆոնդի ու նրա նմանների կողմից։ Ինձ «սևացնողների» փաստարկները, ամեն տեսակ հիմարություններից զատ, հիմնվում էին նաև ինձ այնպիսի մտքեր ու պնդումներ վերագրելու վրա, որոնք տրամագծորեն հակադիր են իմ հոդվածներում պարունակվող՝ վերջին ժամանակների իրադարձությունների գնահատականներին։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, վկայակոչեմ կոնկրետ փաստ։ Այսպես, ս.թ. փետրվարի 22-ի «Նիկոլ Փաշինյանը խելահեղ մոլեգնում է» հոդվածում (տե՛ս https://regnum.ru/news/polit/2578778.html) ես գրել եմ. «Կարծում եմ, որ անգամ թուրք թղթակցի վերոնշյալ տողերն են լիովին հիմնավորում ՀՀ կառավարության որոշման ճշմարտացիությունը Սիրիայի Արաբական Հանրապետություն Հայաստանի ռազմամարդասիրական առաքելություն ուղարկելու մասին։ Ընդ որում՝ նշեմ, որ, ըստ իս, դա միակ ճիշտ որոշումն էր Հայաստանի իշխանությունների գործունեության ողջ ընթացքում՝ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո։ Եվ հանկարծ այս իրավիճակում, անամպ երկնքում ճայթած ամպրոպի նման, հնչում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ս.թ. փետրվարի 13-ի շշպռանքը Սիրիա Հայաստանից ռազմամարդասիրական առաքելություն ուղարկելու առնչությամբ»։ Միևնույն ժամանակ, 1in.am-ի տեսաեթերից տարածվում էր ինձ վերագրվող միտքը, միայն թե ուղիղ հակառակ իմաստով։ Չէ, չէ, հարգելի ընթերցող, ոչ թե Սորոսի ֆոնդի հերթական նպաստառուի բերանով, այլ լափակերի, որը մի ժամանակ տզրուկի պես կպել էր 1992-94թթ. Արցախյան պատերազմի ականավոր ռազմական գործիչներից մեկին ու, զուգահեռաբար, կարծում եմ, նաև բավական պատկառելի հայ բանկիրներից մեկի անձնական խնայողություններին։ Ընդ որում՝ ես բոլորովին չեմ բացառում, որ իմ հասցեին զրպարտչական մտավարժանքները նաև այլ նպատակ են հետապնդել։ Չէ՞ որ դա լավ հայտ է՝ Սորոսի ֆոնդից և Հայաստանում դեմոկրատիայի ու քաղաքացիական հասարակության ամրապնդման մյուս սերմանողներից գրանտ ստանալու համար, մանավանդ եթե այդ սուտ օպուսների հեղինակը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է։ Այո, ինձ մեղադրելով հակապետական գործունեության մեջ, խեղաթյուրելով իմ հոդվածների բովանդակությունը, անշուշտ, կատարվել է նաև այն ուժերի պատվերը, որոնք գուցե խանդից, գուցե քաղաքական դաշտի ամայացման նպատակով բնավ չէին ցանկանում հաշտվել «REGNUM» տեղեկատվական գործակալությունում իմ հրապարակումների հայտնվելու և առավել ևս՝ դրանց հետագա տարածման հետ։ Չէ՞ որ դրանցում, ի դժգոհություն «քաղաքական մրցակիցների», հետևողականորեն վեր էր հանվում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնությունը ՀՀ անվտանգության ապահովման գործում, հիմնավորվում էր դրա հետագա խորացման, հայ-ռուսական հարաբերությունները մինչև ռազմաքաղաքական դաշինքի բարձրացնելու անհրաժեշտությունը։ Նշենք, որ լռության մատնելու նման քաղաքականությունը ձեռնտու էր համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնին։ Չեմ կասկածում, որ այս հաշվով համապատասխան պարզաբանումները զեկուցվել են նշյալ հասցեատիրոջ հայաստանյան ներկայացուցչությանը։ Իմ հրապարակումների անցանկալի լինելը և միևնույն ժամանակ դրանց վտանգավորությունը պետական հեղաշրջման ուղեվարների համար, կրկնում եմ, հիմնականում պայմանավորված էր նրանով, որ դրանք տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության «REGNUM» տեղեկատվական գործակալության կայքում։

Ես հատուկ եմ գրում որոշակի ուժերի արձագանքի մասին, որոնք ուղղորդում են արևմտյան տարատեսակ հովանավորներին ենթակա ինտերնետ պորտալները, արձագանք, որը կամ խեղաթյուրում է հոդվածներիս բովանդակությունը կամ վատաբանում դրանք, կամ էլ լիովին լռության է մատնում ՀՀ անվտանգության հրատապ հարցերը։ Կարծում եմ, որ այս հարցում պարզություն մտցնելը սկզբունքային նշանակություն ունի։ Չէ՞ որ փոքր Հայաստանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ովքեր են այդ ինտերնետ պորտալների «տերերը»։ Տարակուսանքս պայմանավորված է նրանով, որ այն պայմաններում, երբ ՀՀ-ում ցանկացած առողջ դատող մարդու միանգամայն հասկանալի է, որ Հայրենիքը վտանգի մեջ է, որ Հայաստանը փորձանքի մեջ է, ուրեմն և նրանք, ում համար թանկ է մեր Հայրենիքի ճակատագիրը, պետք է միավորվեն՝ ստեղծելով դիմակայության միասնական ճակատ ազգային անվտանգության սպառնալիքներին, մեղմ ասած՝ չգիտես ինչու, նրանք այլ կերպ են վարվում։ Ընդ որում՝ հանուն արդարության և լիարժեք պատկերացում ունենալու համար նշենք և այն, որ հայոց պետականության սպառնալիքները, ըստ իս, բխում են բնավ ոչ «ժողվարչապետի» մի ինչ-որ չար մտահղացումից, այլ, որպես կանոն, պետական կառավարման հարցերում նրա լիակատար անիրազեկության օրինաչափ հետևանքն են։ Այս հանգամանքը շատ բանով խորանում է նաև նրանով, որ Ն.Փաշինյանի «թիմում» հիմնականում անձինք են, որոնք ոչ մեկ կամ երկու տարի սնվել են տարատեսակ այլածին, Հայաստանին խորթ, երբեմն էլ բացահայտ թշնամական օտարերկրյա ֆոնդերից։

Հարգելի ընթերցող, ես այսքան մանրամասն ներկայացրի այն բարդ իրադրության մասին իմ տեսլականը, որի մեջ է գտնվում Հայաստանը պետական հեղաշրջումից հետո, երբ մեր աչքերի առջև գործնականում անարգել իրականացվում են «գունավոր հեղափոխությունների» արդի տեխնոլոգիաները, որպեսզի հարց տամ՝ իսկ ի՞նչ ենք հակադրում մենք դրան։ Ցավով նշեմ, որ մենք վկաներն ենք այն բանի, երբ համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնի՝ հայոց պետականության քայքայման և Հայաստանում՝ Ռուսաստանի մերձավորագույն ռազմավարական դաշնակից երկրում անկայունության ու լարվածության նոր օջախի ստեղծման համակարգային աշխատանքին, ըստ էության, հակադրվում են եզակի տեղեկատվական հակագրոհներ։ Դեռ լավ է, որ այդ պատասխան գործողությունները վերջին ժամանակներս դառնում են ավելի ու ավելի պահանջված ՀՀ բնակչության կողմից։ Համոզված եմ, որ Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքների չեզոքացման համարժեք միջոցներ չկիրառելու դեպքում մենք կդառնանք հայ հասարակությունում անխուսափելի կոշտ քաղաքացիական դիմակայության վկաները։ Ավաղ, նման եզրահանգում անել ինձ դրդում է Հայաստանում վերջին իրադարձությունների ամբողջ տրամաբանությունը։ ՀՀ-ում իրավիճակի նման զարգացումը ափշերոնյան քաղաքական գործիչներին կարող է հանգեցնել Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիա սկսելու գայթակղությանը, ինչը անտարբեր չի թողնի ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին, էլ չեմ ասում Ռուսաստանի մասին։

Եվ ահա այսքան պայթյունավտանգ իրավիճակում հայտարարվում է այն մասին, որ ս.թ. ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով պատասխանելու է Facebook օգտատերերի հարցերին։ Երկժամյա եթերի ընթացքում, ավաղ, արդարացան վատթարագույն սպասելիքները. «ժողվարչապետը» Հայաստանի Հանրապետությունում տիրող չափազանց վտանգավոր դրության մասին երանելի անտեղյակության մեջ է։ Չէր կարող չտագնապեցնել նաև այն հանգամանքը, որ հարցերի բովանդակությունը՝ հասցեագրված «ժողվարչապետին», ըստ էության, ցույց տվեց հայ հասարակության կրթյալ հատվածի լիակատար օտարվածությունը գործող իշխանությունից։ Չէ՞ որ Facebook օգտատերերի բարձրացրած հարցերի ճնշող մեծամասնությունը կենցաղային ուղղվածություն ուներ։ Դա ոչ մի կերպ չի նվազեցնում դրանց նշանակալիությունը, մանավանդ Ն.Փաշինյանի այս կամ այն խոստման տեսանկյունից, խոստումներ, որոնք մեկ տարվա ընթացքում ասես առատության եղջյուրից հորդել են նրա բազմաթիվ ելույթներում։ Չէ, հարգելի ընթերցող, ես տագնապում եմ այլ բանից, որ Facebook-ի ուղիղ եթերում այդպես էլ չշոշափվեցին ՀՀ ազգային անվտանգության ապահովման հիմնարար հարցերը, որոնց լուծումից է շատ բանով կախված նաև բարձրացված սոցիալական հարցերի հաջող իրականացումը։ Facebook օգտատերերի հարցերի պատասխաններում այդպես էլ բախտ չվիճակվեց լսել այն մասին, թե ինչպես են հայկական իշխանությունները մտադիր պաշտպանել ազգային անվտանգության այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսին են՝ հայոց պետականության պահպանումը համակարգային խափանարար աշխատանքի պայմաններում, որն իրականացնում են տարատեսակ գրանտակերները; պետության ու ժողովրդի տեղեկատվական պաշտպանվածությունը չդադարող տեղեկատվական պատերազմի պայմաններում, որը սանձազերծվել է Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ; հայության քրիստոնեական ազգային ինքնության պահպանումը ազգային մշակույթի համակողմանի զարգացման հիման վրա՝ նրա յուրատիպության ամրապնդման պայմաններում; Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձր մակարդակի ապահովումը՝ ՀՀ բնակչության աղքատության մակարդակի նվազեցմանը, գործազրկության կրճատմանը, թոշակների փուլային բարձրացմանն ուղղված կառավարության կոնկրետ գործողությունների նշմամբ։ Էլ չեմ ասում այն մասին, որ այդպես էլ հանելուկ մնաց, թե ինչպես է տեսնում «ժողվարչապետը» ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարը, ինչ կոնկրետ դասեր են քաղվել 2016թ. ապրիլյան պատերազմից։ Մի խոսքով, Facebook օգտատերերի՝ ՀՀ վաչապետին ուղղված հարցերի բովանդակությանն ուշադիր ծանոթանալը, ինչպես նաև նրա պատասխանները հանգեցնում են բավական տխուր եզրակացությունների, այն է. վկայում են հայ հասարակության մի մասի լիակատար կտրվածությունը արդիականության դաժան իրողություններից։ Նրանք բոլորը գտնվում են «թավշյա հեղափոխության» հեգեմոնի հմայքի պատրանքների գերության մեջ, կրկնում եմ, լրիվ կտրված են դաժան իրողություններից, որում հայտնվել է Հայաստանը պետական հեղաշրջումից հետո։ Մյուս կողմից՝ այդ ամբողջ երկժամյա եթերը, անշուշտ, շեղեց Facebook օգտատերերի գոնե մի մասի ուշադրությունը շատ ավելի լուրջ խնդիրներից, որոնք պահանջում են անհապաղ լուծում։

Որպեսզի ընթերցողները կասկածներ չունենան Facebook-ի ուղիղ եթերի իմ կանխակալ կոշտ գնահատականի հետ կապված՝ վկայակոչեմ որոշ՝ առավել հաճախ հիշատակված հարցերն ու դրանց պատասխանները, ի դեպ՝ պատասխանները հրապարակելն իմաստ չունի, քանի որ ըստ Ն.Փաշինյանի՝ այն ամենը, ինչ խոստացել է, նա կատարել է։ Եվ այսպես, առավել հրատապ խոստումները, «ժողվարչապետի» կարծիքով, որոնք հնչեցվել են Facebook օգտատերերի կողմից, հետևյալն են. ոչ մի պաշտոնյա իր «քավոր-սանիկներին» պետապարատում չի տեղավորի; պետական բյուջեն խոստացել են ավելացնել 10%-ով; կառավարությունը լիովին չեղարկել է 12 մլրդ դրամ (ավելի քան 25 մլն դոլար) տուգանքներ մայրուղիներին արագության գերազանցման համար; չեղարկել է այսպես կոչված ռեգիստրատորների տուգանքները (ընկերություններ, որոնք մասնագիտանում են արագաչափ տեսախցիկների և արագության ռադարների տեղադրմամբ ողջ Հայաստանում); վերացրել է ամբողջ շարք ապրանքների շուկաներում մենաշնորհը (թեև դրանից այդ ապրանքներից շատերի գները աճի միտում են ցուցաբերում – Ա.Գ.)։ Կարելի է էլի շարունակել Ն.Փաշինյանի իբր կատարած խոստումները, բայց դա ապարդյուն աշխատանք է, քանի որ դեռևս 2018թ. հունիսին ես մանրամասն վերլուծել եմ ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը 2018թ. հունիսի 5-ի «Կառավարության ծրագիրը՝ Հայաստանի անվտանգության մարտահրավեր» հոդվածում (տե՛ս https://regnum.ru/news/polit/2426350.html), որտեղ հիմնավորվել է հոդվածի վերնագրի օբյեկտիվությունը։ Կրկնում եմ, լուրջ տագնապ է հարուցում Ն. Փաշինյանի ղեկավարած ՀՀ կառավարության լիակատար անհամարժեքությունը Հայաստանի ազգային անվտանգության մարտահրավերներին դիմակայելու հարցում։

Բնականաբար, այս պայմաններում հարց է ծագում. ի՞նչը խանգարեց Ն.Փաշինյանին, օրինակ, ուշադիր ծանոթանալ մեր իսկ դաշնակիցներ Ռուսաստանի կամ Ղազախստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդեն մշակված ծրագրային փաստաթղթերին։ Վերցնենք թեկուզ Ռուսաստանի նախագահի 2018թ. մայիսի 7-ի № 204 հրամանը «Ռուսաստանի Դաշնության ազգային նպատակների և զարգացման ռազմավարական խնդիրների մասին մինչև 2024 թվականը»։ Չէ՞ որ այդ նույն ուղղությունները, որոնք արտացոլված են Ռուսաստանի ազգային նախագծերում, շատ ավելի հրատապ նշանակություն ունեն նաև Հայաստանի համար։ Լինի դա առողջապահությունը, կրթությունը, ժողովրդագրությունը, մշակույթը, էկոլոգիան, փոքր ու միջին ձեռներեցությունը, աջակցությունն անհատական ձեռնարկատիրական նախաձեռնությանը, զբաղվածությանն աջակցելը, թե մեկ այլ բան։ Ավաղ, մենք հերթական անգամ վկան դարձանք այն բանի, որ մարդիկ, որոնք պաշտոնական հիերարխիայում հասել են իրենց անիրազեկության մակարդակին՝ Լոուրենս Ջ.Պիտերի անիրազեկության սկզբունքին համապատասխան, անգամ գիտակցելով, որ գլուխ չեն հանում այդ պաշտոնից (իսկ Ն.Փաշինյանի պարագայում մենք ունենք այդ երևույթի դասական օրինակ, ինչի մասին վկայում է նրա վարքագիծը, երբ հայտնվում է իր համար անհասկանալի իրավիճակում – Ա.Գ.), որպես կանոն, չեն կարողանում հրաժարվել դրանից։ Մեր պարագայում, եթե Ն.Փաշինյանը փորձի հրաժարվել պաշտոնից, կասկածից վեր է, որ նա կենթարկվի կոշտ ճնշման այսպես կոչված «թավշյա հեղափոխության» (պետության ճակատագրի համար վտանգավոր գործողություն) ուղեվարների կողմից, որի վրա ծախսվել են ամենատարբեր ֆոնդերի միլիոնավոր դոլարներ դեմոկրատիայի, քաղաքացիական հասարակության ամրապնդման և ամեն տեսակ ի սկզբանե կեղծ անհեթեթության բարեհունչ կարգախոսների ներքո։ Չէ՞ որ արդեն հիմա ՀՀ ոչ մի մտածող քաղաքացի չի կասկածի, որ նրանց վերջնանպատակը, նորից ու նորից ընդգծում եմ, հայոց պետականության քայքայումն է։ Եթե Ն.Փաշինյանը համարձակվի այդքան քաջարի հայրենասիրական քայլ կատարել, կենթարկվի ճնշման նաև ՀՀ Ազգային ժողովի նորաթուխ պատգամավորների, ինչպես նաև զինակիցների կողմից, որոնք բարձր պետական պաշտոններ են զբաղեցրել, որոնց միակ արժանիքը Երևանի փողոցները փակելն էր չարտոնված հանրահավաքների ժամանակ կամ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան վրա ձվեր նետելը, որն ուղեկցվում էր 102-րդ ռուսական ռազմակայանը Հայաստանից դուրս բերելու մշտական պահանջներով, ինչը, օրինակ, ոչ մեկ անգամ տեղի է ունեցել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի կողմից։ Նշենք, որ ներկայում Ն.Փաշինյանը հավանություն է տվել քննիչի որոշմանը՝ ժամանակավորապես դադարեցնել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի, այդ նույն տխրահռչակ Դավիթ Սանասարյանի լիազորությունները։ Այսպես, համաձայն ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հաղորդման՝ «Հայաստանի վարչապետը հանձնարարել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության երկրորդ բաժնի պետ, մայոր Ս.Ոսկանյանին ապահովել 2019թ. ապրիլի 18-ի որոշման կատարումը «Հայաստանի Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազարությունների կատարման ժամանակավոր դադարեցման մասին», համաձայն Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական օրենսգրքի 151 հոդվածի 2-րդ մասի»։ Նշենք, որ վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չբացակայելու ստորագրությունը։ Այս հաշվով հատկանշական է Նիկոլ Փաշինյանի գրառումը Facebook-ի իր էջում. «Դավիթը նաև իմ ընկերն է, բայց իմացեք. Հայաստանում անձեռնմխելիներ չկան։ Լինի ընդդիմադիր, թե իշխանության ներկայացուցիչ, հեղափոխական, թե հակահեղափոխական։ Ով սա չի հասկացել, թող մնա սերժանտական նոստալգիայի անուրջներում»։ Այստեղ մեզ թույլ տանք հարց տալ խոսքի մեջ քաջարի «ժողվարչապետին». իսկ ի՞նչ հողի վրա է ծնվել ընկերությունը ռուսատյացությունը չթաքցնող Դ.Սանասարյանի հետ։ Մի՞թե Հայաստանի ապագայի նույնական ընկալման հիման վրա՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի լիակատար խզման, 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման (և այսպես շարունակ՝ նույն ոգով) պայմաններում, ինչին քանիցս կոչել է Դ.Սանասարյանը։ Ի՞նչն է այդքան սրտագին միավորում Նիկոլ Վովաևիչին ու Դավիթ քեռիՍեմովիչին։ Հարգելի ընթերցող, սա բնավ հռետորական հարց չէ, քանի որ ներկա իշխանությունների քաղաքական հենարանը ծայրից ծայր կազմված է Դավիթներից ու նրա նմաններից։

Անվիճելի է մի բան. Ն.Փաշինյանի բազմակի հայտարարությունները արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձերի անհնարինության, հայ-ռուսական ռազմավարական դաշինքին հավատարմության մասին ոչ այլ ինչ են, եթե ոչ պարզ խորամանկություն նրա կողմից։ Հիշենք, որ Մատթեոսի Ավետարանում ներկայացված Հիսուս Քրիստոսի պատգամներում Բարձրյալը նախազգուշացնում է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային» (Մատթ. 6:24)։ Թող ների ինձ Բարձրյալը, որ նրա անմահ, խորիմաստ սրբասուրբ բառերը փոխադրում եմ մեր մեղսավոր Երկրի վրա։ Նիկոլ Վովաևիչ, ասեմ ձեզ հետևյալը. չի կարելի ընկերություն անել երդվյալ ռուսատյացի հետ, որն իր ողջ գիտակից կյանքը նվիրել է հակառուսական գործունեությանը, դրանով էլ հենց կհիշվի Դավիթ Սանասարյանը, և միևնույն ժամանակ, խղճի որևէ խայթ չզգալով՝ տեղի-անտեղի երդվել հայ-ռուսական ռազմավարական դաշինքին հավատարմությամբ։ Ինչպես այս պարագայում կասեին իմ երիտասարդ տարիների երևանցի ընկերները՝ հոգյակս, քո գավառական բորբոսնած ֆինտերը մեր դաժան իրողություններում չեն անցնի, մանավանդ մեծ քաղաքականությունում։ Այնպես որ, հանդարտվեք ու եկեք միասին մտածենք ձեր կողմից իշխանությունը Հայաստանի հայրենասեր ուժերին քաղաքակիրթ ձևով փոխանցելու մասին, ուժերին, որոնք ձեր կործանարար կառավարման մեկ տարվա ընթացքում Նախախնամության ուժով, բարեբախտաբար, դեռ չեն վերացել։ Եվ որպեսզի այդ գործընթացն անվտանգ լինի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար, արեք առաջին քայլը. օժանդակեք, որպեսզի ՀՀ նախագահ Արմեն Վարդանի Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակի Սահակյանի հետ ստորագրի երկու հայկական պետությունների համատեղ հրամանագիր «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերի միավորված պաշտպանության կոմիտեի ստեղծման մասին»։ Եվ սա ձեր միակ շանսն է, Նիկոլ Վովաևիչ, մտնելու Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ ոչ թե որպես կործանարար, այլ որպես պետական այր, որը թվացյալ փառքի գագաթնակետին հասկացավ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իր հետագա գտնվելու ողջ վտանգն ու ինքնակամ ապահովեց իշխանության անարյուն փոխանցումը։

Ընդ որում՝ նորից ընդգծեմ, որ պաշտպանության միավորված կոմիտեի գլխավոր գործող անձինք, բացի Հայաստանի և Արցախի համապատասխան պաշտոնատար անձանցից (բացառությամբ նրանցից, ովքեր մինչ այդ Սորոսի և խափանարար այլ միջազգային կազմակերպությունների թոշակառու են եղել), պետք է դառնան ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը, Արցախի հերոսներ Վիտալի Բալասանյանը, Սամվել Բաբայանը, Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այսինքն՝ պետական և զինվորական գործիչներ, որոնց պրոֆեսիոնալիզմի և աննկուն կամքի շնորհիվ ձեռք բերվեց հաղթանակը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պարտադրված պատերազմում 1992-94թթ.։

Հետգրության փոխարեն. Չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով, մանավանդ որ Հայաստանի քաղաքացիները, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդները 2019թ. ապրիլի 21-ին նշեցին Սուրբ Զատկի՝ Քրիստոսի Հարության տոնը։ Իսկ մեր ռուս ուղղափառ եղբայրների համար Սուրբ Զատկի օրը կնշվի 2019թ. ապրիլի 28-ին։ Կարծում եմ, որ մեր ժողովուրդների համար իրենց քրիստոնեական և համամարդկային արժեքներին հավատարմության (որոնք արտացոլվել են Աստվածաշնչում և համաշխարհային մյուս կրոնների սուրբ գրքերում) փորձությունների այս դաժան ժամանակներում մենք պետք է նորից ու նորից ջանանք իմաստավորել Զատկվա մաղթանքի խոր իմաստը. «Քրիստոս հարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի»։

Շնորհավոր Սուրբ Զատիկ, հարգելի ընթերցողներ։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր