ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԻ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՄԵՂՔԵՐԸ
25.01.2015, Ռեգնում
Արդեն մեկնարկած 2015-ն օբյեկտիվորեն կոչված է դառնալու XX դարում կատարված ողբերգական իրադարձությունների խոր իմաստավորման տարի։ Չէ՞ որ հենց այս թվականին են քաղաքակիրթ բոլոր պետությունները և ժողովուրդները նշելու Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մայիսի 9-ին նշելու են նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի և սովետական ժողովրդի տարած փառահեղ հաղթանակի 70-ամյակը, հաղթանակ, որը 25 միլիոն խորհրդային քաղաքացու կյանք արժեցավ։ Ավստրալացիների և նորզելանդացիների համար ապրիլի 25-ը ԱՆԶԱԿ-ի օրն է (ANZAC Day)՝ Հայրենիքի պաշտպանի ոգեկոչման օրը։ 100 տարի առաջ հենց այդ օրն ավստրալական և նորզելանդական բանակային կորպուսը (Australian and New Zealand Army Corps-ANZAC) ափ հանվեց Գալիպոլիում (Թուրքիա)։ Թուրքական Գալիպոլի թերակղզում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է ավստրալացի 8000 և նորզելանդացի 2700 զինվոր։ Շատ ավստրալացիների և նորզելանդացիների գիտակցության մեջ արմատացել է այն միտքը, թե Երկրագնդի մյուս ծայրում երիտասարդ տղաների զանգվածային սպանությունը բրիտանական հրամանատարության ապաշնորհության և մարդկային կորուստների հանդեպ թքողական վերաբերմունքի հետևանք էր։ Նշենք նաև, որ ահա արդեն քանի տասնամյակ մարտի 18-ին Թուրքիայում հանդիսավորապես նշում են Չանաքկալեի ճակատամարտի (Գալիպոլիի ճակատամարտ, որը հայտնի է նաև Դարդանելի գործողություն անվամբ) հերթական ամյակը. 1915թ. մարտի 18-ին Բրիտանական կայսրության և Ֆրանսիայի նավերը հետ շպրտվեցին Չանաքկալեի (Դարդանել) նեղուցն անցնելու փորձ կատարելիս։ Նշենք նաև, որ Դարդանելի գործողության ժամանակ Բրիտանական կայսրությունն ունեցավ 119.7 հազար սպանված, վիրավոր, անհայտ կորած, Ֆրանսիան՝ 26,5 հազար, Օսմանյան կայսրությունը՝ 186 հազար։
Մեր օրերում հատկապես կարևոր են ողբերգական այս իրադարձությունների խոր իմաստավորումն ու դրանցից դաս առնելը, քանի որ մենք վկան ենք այն բանի, թե ինչպես Ուկրաինայի Հարավ-արևելքում չեն դադարում մարտական գործողություններն Ուկրաինայի զինված ուժերի և ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների աշխարհազորայինների միջև, թե ինչպես Սիրիան դեռևս ծվատվում է դաժան քաղաքացիական պատերազմի հետևանքով, թե ինչպես դեռևս շարունակվում են ԻԼԻՊ-ի մարտական գործողություններն Իրաքում և Սիրիայում, որոնց ընթացքում զոհվում են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ ծերեր, կանայք և երեխաներ։
Այս պայմաններում աշխարհի ժողովուրդներն իրավունք ունեն ակնկալելու իրենց երկրների ղեկավարներից, միջազգային կազմակերպություններից՝ ընդունել համաձայնեցված, համատեղ և պատասխանատու գործողություններ՝ ուղղված այն բանին, որպեսզի չթույլատրվի XX դարում տեղի ունեցած ողբերգությունների կրկնությունը։ Այս հարցում հատուկ պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության իշխանությունները և քաղաքացիները, ութմիլիոնանոց հայկական Սփյուռքը, որն Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակման 100-րդ տարում փորձելու է ողջ աշխարհի ժողովուրդներին հասցնել ոչ միայն անդառնալի կորստի վիշտն ու ցավը, այլ նաև վճռականությունը՝ Երկրագնդի բարի կամքի տեր բոլոր մարդկանց հետ միասին անել ամեն բան, որպեսզի այլևս երբեք և ոչ մի տեղ որևէ ժողովուրդ չենթարկվի ցեղասպանության։ Առաջնորդվելով հենց այս մղումներով, հավատարիմ մնալով իր քրիստոնեական արմատներին և արժեքներին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը պաշտոնապես հրավիրել է իր թուրք պաշտոնակցին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, 2015թ. ներկա գտնվել Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը՝ նվիրված այդ ողբերգության 100-ամյակին։ Նշենք, որ հրավերն Էրդողանին 2014թ. օգոստոսի 28-ին անձամբ հանձնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն Անկարայում, ի պատիվ Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության այդ երկիր ժամանած պատվիրակությունների ղեկավարների ընդունելության ժամանակ։ Հայաստանի ղեկավարի այս չափազանց պատասխանատու որոշումը մեր երկրի ղեկավարության և մեր ժողովրդի բարի կամքի համոզիչ դրսևորումն էր, որոնք այսքան տագնապալի ժամանակաշրջանում պատմական պատասխանատվություն են հանդես բերում տարածաշրջանում խաղաղության ճակատագրի հարցում։ Կարծում ենք, որ առողջ դատող քաղաքական գործիչներն իրավունք ունեին ակնկալելու, որ Թուրքիայի նախագահը կօգտվի իր հայ պաշտոնակցի հրավերքից և 2015թ. ապրիլի 24-ին անպայման կգա Երևան՝ մասնակցելու հիշատակի արարողություններին։ Չէ՞ որ եթե նման բան պատահեր, ոչ միայն նորից կյանքի կկոչվեին Ցյուրիխի հայ-թուրքական արձանագրությունները (2009թ.), այլև նախագահ Էրդողանը կբարձրանար XXդարի ականավոր քաղաքական գործիչների մակարդակին։ Հիշենք նրանցից մի քանիսին։
1970թ. դեկտեմբերի 7-ին ԳՖՀ կանցլեր Վիլի Բրանդտը Լեհաստանում իր պետական այցի ժամանակ ծունկի եկավ Վարշավայի գետտոյի հերոսների և զոհերի հուշարձանի առջև։ Ոտք դնելով Հրեական գետտոյի հողի վրա՝ Վ.Բրանդտը չխոսեց նոր Գերմանիայի մասին, չբացատրեց, որ բոլոր գերմանացիները չէ, որ նացիստ էին, առավել ևս՝ ամբողջ ժողովուրդը չէ, որ հանցակից էր Հոլոքոստին, այլ ծունկի եկավ և ապաշխարեց ողջ ազգի, այդ թվում և նրանց անունից, ովքեր չէին ցանկանում և չէին պատրաստվում զղջալ ինչ-որ բանի համար։ Ո՛չ մինչ այդ, ոչ՛ էլ հետո։
Երբ 1997թ. մարտին հորդանանցի զինծառայողը կրոնական մոլուցքով տարված գնդակահարեց իսրայելցի յոթ դպրոցական աղջիկների սահմանամերձ Բակուրայում, Հորդանանի թագավոր Հուսեյն բեն Թալալն անձամբ մեկնեց Իսրայել և այցելեց զոհվածների ընտանիքներ՝ նրանց իր ցավակցությունները հայտնելու համար։ Ավելին, թաղման կարգի ժամանակ անմեղ սպանվածների հոգիների փրկության համար իսրայելցիներն աղոթում էին Թալմուդով, իսկ Հուսեյն թագավորը՝ Ղուրանով... Հիրավի, առաջնորդների մեծությունը երևում է զղջալու նրանց կարողության մեջ։
Եվ այսպես, ի պատասխան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերի՝ ապրիլի 24-ին գալ Երևան և մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին, Թուրքիայի նախագահը ս.թ. հունվարի երկրորդ տասնօրյակում պատասխան հրավեր է ուղարկում Հայաստանի նախագահին՝ 2015թ. ապրիլի 24-ին մեկնել Թուրքիա և մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին։ Ի՞նչ անուն տալ սրան։ Գուցե, պոլսահայերի արտահայտությամբ՝ «անկիրթ տգետի նենգ քայլ» կամ «անկիրթ երեսպաշտի արարմունք», որը հետապնդում է համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվանից դեպի Թուրքիայի «ռազմական հաղթանակների» կողմը շեղելու նպատակ։ Ինչի՞ է փորձում հասնել իր նենգ հրավերով Թուրքիայի նախագահը։ Չէ՞ որ անվիճարկելի է փաստը, որ ամեն տարի մարտի 18-ին Անկարայի Հանրապետության հրապարակում տեղի են ունենում պաշտոնական միջոցառումներ՝ ծաղկեպսակներ են դրվում Աթաթյուրքի հուշարձանին, տրվում է 21 համազարկ։ Այդ օրը Թուրքիայում համարվում է «Դարդանելում զոհված զինվորների օրը»։ Օրինակ, 2013թ. մարտի 18-ին այդ արարողությանը մասնակցել են աշխարհի 20 երկրների ներկայացուցիչներ, որոնք այցելել են Չանաքկալեի մարտական գործողությունների վայրեր։ Միջոցառումներին մասնակցել են Իրանի, Իրաքի, Սիրիայի, Սաուդյան Արաբիայի, Եմենի, Իսրայելի, Պաղեստինի, Լիբանանի, Հյուսիսային Կիպրոսի, Վրաստանի, Լիբիայի, Հունաստանի, Ալբանիայի, Մակեդոնիայի, Բուլղարիայի, Կոսովոյի, Սերբիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Ռումինիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Այս տարի Թուրքիայի նախագահն այդ հանդիսություններին մասնակցելու է հրավիրել 102 պետությունների ղեկավարների, բայց դրանք անցկացվելու են ոչ թե 2015թ. մարտի 18-ին, այլ ապրիլի 23-24-ին։ Կարելի է համաձայնել փորձագետների այն կարծիքին, թե նման միջոցառումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրն անցկացնելու դրդապատճառների թվում կարող էր լինել Էրդողանի ձգտումը՝ «այդ հանդիսությունների» ընթացքում պարտադրել թեզիսն այն մասին, թե 1915թ. Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդները, հատկապես թուրքերը, ինչպես և Ֆրանսիայի, Բրիտանական կայսրության, Ռուսական կայսրության ժողովուրդները, հսկայական կորուստներ են կրել, ուստի բնավ պարտադիր չէ սևեռվել միայն Հայոց ցեղասպանության վրա։ Այս պնդման օգտին է խոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիայի մերձավորագույն դաշնակցի ակնթարթային համաձայնությունը, որը վայրկենապես գնահատեց օրվա օրինաչափությունը. «Մենք միասին ապրիլի 24-ին կնշենք Չանաքկալեի մոտ տարած հաղթանակը։ Մեր անունից և ադրբեջանական ողջ ժողովրդի անունից խորապես երախտապարտ եմ ձեզ այդ օրն ընտրելու համար։ Դա շատ իմաստուն քայլ է։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդներն ըստ արժանվույն կգնահատեն այն»։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ Թուրքիայի նախագահի նման անկիրթ դիվանագիտական դեմարշը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում։
Այս համատեքստում հատկանշական է, որ հունվարի 21-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է. «Ինչպես արդեն ասացի, մենք նախագահի հետ խոսել ենք Լեռնային Ղարաբաղի թեմայի վերաբերյալ։ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, որի նախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, և մենք այս համատեքստում աջակցում ենք հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին։ Մենք տեսել ենք, թե ինչպես է նախագահ Ալիևը քանիցս հանդիպել իր հայ գործընկերների հետ՝ ցուցաբերելով բանակցություններ վարելու պատրաստակամություն։ Եվ մենք այն միահամուռ կարծիքին ենք, որ կա խնդրի կարգավորման միայն խաղաղ ճանապարհ։ Մենք մտահոգված ենք հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերով և, իհարկե, ուշադիր հետևելու ենք իրադրությանը։ Ես կարծում եմ, իհարկե, որ Ռուսաստանը, եթե չափազանց զգույշ արտահայտվեմ, այս հակամարտությունում վերջին դերը չի խաղում։ Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը և Հայաստանը սույն հակամարտությունում որոշ բաներ համատեղ են անում, մենք պետք է ելնենք այն բանից, որ միասնական մոտեցումներ ունենանք»,- մասնավորապես ասել է Անգելա Մերկելը։ Եվ հենց այդ նույն ժամանակ, հանգամանքների զարմանալի բերումով, ս.թ. հունվարին ադրբեջանական զինված ուժերը գրեթե ամեն օր տասնյակ, երբեմն էլ հարյուրավոր անգամներ խախտում են հրադադարի ռեժիմը ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության գծում, այլև հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ։ Հայաստանի Պաշտպանության նախարարության օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 23-24-ին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 86 անգամ։ Էլ ավելի լարված է իրավիճակը ԼՂՀ ԶՈւ և Ադրբեջանի դիմակայության գծում, որտեղ ս.թ. հունվարի 21-ին հրադադարի ռեժիմն Ադրբեջանի կողմից խախտվել է մոտ 300 անգամ։ Արցախյան դիրքերի վրա արձակվել է 3000 կրակոց տարբեր տրամաչափի զենքերից (այդ թվում՝ РРПГ -7 և ГП-25 նռնակատերից)։ Չեմ ուզում մտածել, թե լարվածության թեժացումն Ադրբեջանի հետ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններին հետևանքն է այն բանի, որ Ադրբեջանն ուԳԴՀ-ն «միասնական մոտեցումներ ունեն»։
Ինչ վերաբերում է «խիստ զգուշավոր» արտահայտված մտքերին, թե «Ռուսաստանը վերջին դերը չի խաղում այս հակամարությունում», այո՛, իսկապես այդպես է։ Բավական է ասել, որ ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության ամենալարված օրերին Ռուսաստանի նախագահների նախաձեռնությամբ տեղի են ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների տասնմեկ եռակողմ հանդիպումներ, որոնք, անկասկած, նպաստել են լարվածության զգալի լիցքաթափմանը։ Ավելին, Ռուսաստանը, ինչպես և ՀԱՊԿ մյուս անդամ պետությունները, չնայած ադրբեջանական կողմի բացահայտ ահաբեկչական գործողություններին, որոնց հետևանքով զոհվում են Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից շրջանների խաղաղ բնակիչները, ինչը լուրջ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, բայց, ցավոք, ՀԱՊԿ մեր դաշնակիցները դեռ երբեք չեն դիմել իրենց պարտականությունների կատարմանը, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության կազմակերպության մասին պայմանագրի (2002թ. հոկտեմբերի 7) Կանոնադրության 7-րդ հոդվածով։ Այս պայմաններում ամենազարմանալին այն է, որ ադրբեջանական իշխանամետ էլեկտրոնային պարբերականներում մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին։ Այսպես, ս.թ. հունվարի 18-ին, ժամը 23։23-ին հրապարակվել է (http://haggin.az/news/3761 կայքում) Աքպեր Հասանովի հոդվածը՝ բազմանշանակ վերնագրով. «Ո՞վ է ոտքերը սրբում հայ ժողովրդի վրա» (շարունակելով Լատինինայի թեման)։ Այս հրապարակման հետ կապված՝ կուզենայի շնորհավորել հայ ժողովրդին այն առիթով, որ ադրբեջանական լրագրողական համքարությունում նոր աստղ է ծագում։ Հոդվածագիրն անառարկելի տոնով գրում է. «Չէ՞ որ 102-րդ ռուսական ռազմակայանը ստեղծվել է Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ Զինված ուժերի կարգավիճակի մասին պայմանագրին համապատասխան... Ռազմակայանի գործունեության մասին պայմանագիրը կնքվել է 25 տարի ժամկետով և երկարացվել ևս 49 տարով (մինչև 2044թ.) Դմիտրի Մեդվեդևի՝ 2010թ. Հայաստան կատարած այցի ժամանակ։ Ավելի պարզ ասած՝ Հայաստանի և ոչ մի նախագահ չի առարկել իր տարածքում ռուսական ռազմակայանի ներկայության դեմ, իսկ Սերժ Սարգսյանի օրոք Գյումրիում նրա ներկայության ժամկետը երկարաձգվեց երկար տասնամյակներ»։ Այնուհետև Աքպեր Հասանովն ավելի հեռուն է գնում Հայաստանի ղեկավարությանը նախատելու մեջ. «Համեմատության համար հիշեցնեմ, որ ոչ Վրաստանում, ոչ Ադրբեջանում չկան ռուսական ռազմակայաններ։ Թեև, իհարկե, Ռուսաստանի ղեկավարությունը շահագրգռված էր դրանց առկայությամբ։ Մենք հիշում ենք, թե որքան դժվար էր ընթանում Գաբալայի ՌԼԿ-ի հարցը։ Բայց արդյունքում, շնորհիվ, պաշտոնական Բաքվի վճռականության, այդ հարցը լուծվեց. 2013թ. ՌԼԿ-ն հանձնվեց Ադրբեջանին, ռուս զինծառայողները թողեցին կայազորը, իսկ ողջ սարքավորումը ապամոնտաժվեց և տարվեց Ռուսաստան։ Սա էլ հենց ազգային և պետական շահերի գրագետ, ամուր պաշտպանություն է նշանակում։ Եվ Կրեմլը մեղավոր չէ (մուալիմ Աքպեր Հասանովը պաշտպանում է Կրեմլին- Ա.Գ.), որ Հայաստանի ղեկավարությունում մշտապես եղել և շարունակում են լինել քաղաքական գործիչներ, որոնք անկարող են իրենց պետության շահերին համապատասխան կամք ցուցաբերել։ Կրեմլը բոլորի հետ գործում է ճիշտ այնպես, ինչպես իրեն թույլ են տալիս վարվել։ Պաշտոնական Երևանն ինքն է համաձայնություն տվել քանդելու իր պետության անկախության և ինքնիշխանության գրեթե բոլոր տարրերը»։ Այս ի՞նչ է պատահել, որ ադրբեջանական իշխանամետ էլեկտրոնային պարբերականն այսքան ցավագին է տանում նրա (հայկական) պետության անկախության և ինքնիշխանության գրեթե բոլոր տարրերի քանդումը»։ Հատկապես հեղափոխական է հնչում ադրբեջանցի գրչակի վրաերթը Եվրասիական միության հասցեին. «Վերջապես հիշեցնեմ այն մասին, ինչ տեղի ունեցավ 2013թ. սեպտեմբերի 3-ին։ Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, առանց սեփական ժողովրդի, կառավարության և խորհրդարանի հետ համաձայնեցնելու (Ադրբեջանում դեմոկրատական նորմերի նման ոտնահարում երբեք չէր կարող տեղի ունենալ- Ա.Գ.), երկրի արտաքին քաղաքական գիծը շրջեց 180 աստիճանով և եվրոպական ինտեգրացիայի մասին պայմանագիրը ստորագրելու փոխարեն երկիրը տարավ Եվրասիական միություն... Հայաստանում նման թքողական վերաբերմունքը հանրությունը չնկատեց»։ Բայց հոդվածի բովանդակությունն այլ բան է։ Այսպես, մուալիմ Աքպերը, հղում կատարելով ս.թ. հունվարի 17-ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում «Կոդ դոստուպա» հաղորդման մեկնաբան Յուլիա Լատինինայի արած հայտարարություններին, մեկնաբանելով 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի «աղմկահարույց գործը», որը գնդակահարել էր յոթ հոգուց բաղկացած հայկական ընտանիքի, վրդովված գրում է. «Օրինակ, նա (Յուլիա Լատինինան- Ա.Գ.) ՆԱՏՕ-ին ցուցանել է, որ «ինչ-որ մեկը Կրեմլում որոշել է ոտքերը սրբել հայ ժողովրդի վրա»։ Օրիորդ Լատինինայի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ՝ չեմ կարող համաձայնել նրա այս պնդման հետ։ Որովհետև ավելի ճիշտ կլիներ, ըստ իս, ՆԱՏՕ-ի ուշադրությունը հրավիրել այն բանին, թե, ինչպես է իրեն պահել և շարունակում է պահել հայկական իշխանությունը»։ Բավական հատկանշական է, որ բաքվեցի թղթակիցն ու «Էխո Մոսկվի»-ի մեկնաբանը դիմում են ՆԱՏՕ-ին՝ խնդրելով պաշտպանել Հայաստանը ռուսական սապոգից։ Բայց նշենք, որ ի տարբերություն մուալիմ Աքպեր Հասանովի, Յու. Լատինինան շատ ավելի պրոֆեսիոնալ կերպով է դիպչում հայ ժողովրդի ցավոտ լարերին. «...Դեռ 20 տարի առաջ Հայաստանից հեռացել է արարող, արդյունավետ բնակչության զգալի մասը։ Ադրբեջանը, ընդհակառակը, շնորհիվ նավթի և շնորհիվ բավական խելամիտ քաղաքականության (հավանաբար, օրիորդ Լատինինան նկատի ունի Հայաստանի շրջափակումը, որն իրականացվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահա արդեն ավելի քան 22 տարի- Ա.Գ.), շատ ուժեղ զարգացել է և վերելք ապրել։ Եվ քանի որ «Հայաստանը հայտնվել է արհամարհված վիճակում (հավանաբար, օրիորդ Լատինինայի ուղեղն է, արդի Ռուսաստանի բոլոր դաշնակիցների հանդեպ կենդանական ատելության հետևանքով, վաղուց արդեն թմբիրի մեջ ռուսատյաց բոլոր տարրերի հետ միասին- Ա.Գ.), ուրեմն, միակ բանը, որ հետ է պահում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը զավթելուց, դա, բնականաբար, ռուսական օգնությունն է Հայաստանին»։ Իր միայն այս «անցմամբ» Լատինինան, մի կողմից, ադրբեջանցիներին տրամադրում է Ռուսաստանի դեմ, մյուս կողմից՝ վիրավորում է զոհված հազարավոր հայ մարտիկների հիշատակը, որոնք իրենց անօրինակ հերոսության շնորհիվ հաղթանակ տարան Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին 1992-1994թթ. պարտադրված պատերազմում։ Այո, այն տարիներին, Ռուսաստանն օգնեց Հայաստանին՝ համոզելով, որ սխալ է Հայաստանի զինված ուժերի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն ազատագրելու մտադրությունը։ Կարծում եմ՝ իրականում դա կնշանակեր մեծ պատերազմի սանձազերծում Հարավային Կովկասի տարածաշրջանում, և ոչ միայն... Կարելի է, իհարկե, պատասխանել նաև օրիորդ Լատինինայի վիրավորական վրաերթերին Հայաստանի հասցեին, «որը մեզ հնազանդ է բոլոր հարցերում, մեր հետևից գալիս է, ինչպես պոչը շան հետևից...». դրա հետ մեկտեղ, նա իր մասին չի հիշատակում «այդ նույն շան» արտաթորածում, բայց փոխարենը նոր հրապարակումների համար պարարտ հող է ստեղծում ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ներում։ 2015թ. հունվարի 21-ին http://haggin.az/news/37894 կայքում, հանգամանքների տարօրինակ բերումով,ՀՀ կրկին կեսգիշերին մոտ՝ ժամը 23։40-ին, հրապարակվել է Զաուր Ռասուլզադեի «Հայաստանի էվոլյուցիան՝ սատրապից մինչև պոչ (Գյումրիի քաղաքական արդյունքները)» հոդվածը։ Պարզվում է՝ մուալիմ Զաուրի սիրտը ցավում է մեզ համար. «Ուղիղ մեկ շաբաթ Հայաստանի ղեկավարությունը սպասում էր Կրեմլի պաշտոնական ներողություններին։ Մի խոսքով՝ Սարգսյանն իր ռուս տիրոջ ներողությունն ստացավ մեկ շաբաթ անց (բացահայտ սուտ, որովհետև այդ սահմռկեցուցիչ հանցագործության կատարման օրը Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները երկրի ղեկավարության անունից ցավակցություն հայտնեցին իրենց հայ գործընկերներին, այդ նույն օրը Ռուսաստանի անունից ցավակցություն հայտնեց նաև Հայաստանում ՌԴ դեսպանությունը- Ա.Գ.)։ Եվ թերևս, եթե հայ հանրությունը չվրդովվեր,- շարունակում է պարոն Զաուրը,- շատ հավանական է, որ չէր լինի նաև այդ հեռախոսազանգը»։ Այնուհետև այս զավեշտի հեղինակն ապշեցուցիչ եզրահանգումներ է անում. «Հայաստանը, ինչպես վկայում է այս ամբողջ պատմությունը, վերջնականապես կորցրել է իր անկախության մնացորդները և ֆորպոստից վերածվել Ռուսաստանի սատրապի։ Մինչդեռ, կարող էր և այլ կերպ լինել, եթե նրա իշխանությունները քաղաքականապես ավելի հեռատես լինեին։ Միանգամայն հավանական է, որ եթե Գյումրիում կատարվածից հետո Ս.Սարգսյանը զանգահարեր Ի.Ալիևին և նշեր հաշտության համաձայնագրի ստորագրման կոնկրետ ժամկետները, ապա Երևանը դեռ կարող էր Մոսկվայի հետ մի ինչ-որ անկախ գծի հույս ունենալ։ Բայց դա տեղի չունեցավ, և Հայաստանը բոլորի առջև հանդես եկավ ոչ թե անգամ որպես Ռուսաստանի սատրապ, այլ, ինչպես ճիշտ արտահայտվել է Յուլիա Լատինինան, ՛՛պոչ՛՛։ Զգո՞ւմ եք մուալիմ Զաուրի երևակայության թափը, և որքան է նրա ասածը նման Հայաստանում հարգանք վայելող տիկին Մերկելի՝ Ռուսաստանի անվայելուչ դերի վերաբերյալ վերոնշյալ արտահայտություններին։ Այսքանով հոդվածագրի մտքի թռիչքը չի սահմանափակվում, և նա նորանոր աներևակայելի բարձունքներ է նվաճում անհեթեթ եզրահանգումների ոլորտում. «Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց Հայաստանի անկախության միակ երաշխավորը տարածաշրջանում կարող էր լինել միայն Ադրբեջանը։ Բայց առասպելներն ու լեգենդները, որոնցից հայերը չեն կարողանում բաժանվել վերջին 100 տարիների ընթացքում, թույլ չեն տալիս նրանց սթափ նայել իրականությանը»։ Կարելի է նաև մտքի այս տիտանի այլ «գլուխգործոցներ» էլ ներկայացնել, բայց դրանց բոլորի բովանդակությունը հանգում է մի բանի. «Ռուսաստանը՝ կոկորդում մնացած ոսկորի նման, հետ է պահում Ադրբեջանին և Թուրքիային իրենց անհագուրդ նեոօսմանյան նկրտումներից, Կասպիայից մինչև Սայաններ նոր «Մեծ Թուրան» ստեղծելու իրենց անզուսպ ձգտումից։
Բնավ պատահական չէր, որ ոչ մեծ էքսկուրս կատարեցի այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 2015թ. հունվարին։ Մի բան անվիճելի է, որ Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանին Հարավային Կովկասից, ավելի ճիշտ՝ Հայաստանից դուրս մղելու համակարգված արտաքին քաղաքականություն են վարում, իսկ վերջինը, ինչպես և 100 տարի առաջ, կոկորդում մնացած ոսկորի նման, թույլ չի տալիս, որ իրականանան Նոր Մեծ Թուրանի գաղափարախոսների վտանգավոր անուրջները։ Ըստ էության, հենց սրան էլ ուղղված է Թուրքիայի՝ 2015թ. ապրիլի 23-24-ին Դարդանելի ճակատամարտի հարյուրամյակը նշելու որոշումը։ «Էրդողան and Co»-ն այս ակտով ցանկանում են իրենց դաշնակիցների ինքնատիպ ստուգատես իրականացնել։ Համաձայնեք, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հարյուրամյակի օրը Գալիպոլիի ճակատամարտում թուրքերի տարած հաղթանակի առիթով հանդիսություն անցկացնելը խորապես վիրավորական է մեր ժողովրդի համար։ Չէ՞ որ դժվար կլինի բացատրել տասնմեկմիլիոնանոց հայ ժողովրդին, որ համաշխարհային հանրությունն այնքան անզոր է, որ ոչ միայն ուզում է համակերպվել այս սրբապղծությանը, այլև, ավելին, մեր համազգային վշտի օրը իր առաջնորդներին պատվիրակում է մասնակցելու այդ սատանայական հանդիսություններին։
Կարծում եմ, որ աշխարհի առաջատար երկրների ղեկավարները, նախքան 2015թ. ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակի տոնակատարություններին իրենց մասնակցության որոշումը կայացնելը, չեն զլանա և կծանոթանան հազարավոր այն փաստաթղթերին, որոնք վկայում են հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ գործված հանցագործությունների մասին։ Կծանոթանան, օրինակ, «Գերմանական աղբյուրները հայերի ցեղասպանության մասին. Առաջին համաշխարհային պատերազմի շրջան». փաստաթղթերի և նյութերի ժողովածու 2 հատորով գրքին՝ գրված Պոտսդամի գերմանական կենտրոնական արխիվի, Դրեզդենի Սաքսոնական գլխավոր պետական արխիվի, Մերզեբուրգի գերմանական կենտրոնական արխիվի (պատմական բաժին¹ 2) և Շվերինի պետական արխիվի փաստաթղթերի հիման վրա։ Կամ էլ գերմանացի մեծ հումանիստ, աստվածաբանության դոկտոր Յոհանես Լեփսիուսի «Գերմանիան և Հայաստանը 1914-1918թթ.։ Դիվանագիտական փաստաթղթերի ժողովածու» գրքին։ Կծանոթանան Ռեյխստագում նրա ցասումնալից և կարեկցությամբ լի ճառին, որում նա դատապարտել է հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը, Գերմանիայի կառավարությանը կոչ արել անհապաղ միջամտել՝ կանխելու համար հայերի կոտորածը։ Դոկտոր Լեփսիուսի ելույթից հետո այս թեման հայտնվել է զինվորական գրաքննության տակ։ Նախքան Էրդողանի հրավերն ընդունելը նրանք թող մարդկայնորեն մտածեն գերմանացի այս մեծ մարդասերի հետևյալ գրառման շուրջ. «Մինչև պատերազմը Օսմանյան կայսրությունում ապրող 1 մլն 850 հազար հայերից աքսորի ենթարկվեց 1 մլն 400 հազար հայ, նրանց միայն 10%-ը հասավ աքսորավայր, մնացածը զոհվեցին ճանապարհին սովից ու հիվանդություններից, իսկ կանայք հարեմներին վաճառվեցին ժանդարմների կողմից կամ առևանգվեցին... Բնակչության երկու երրորդը՝ մոտ 1 մլն 200 հազար մարդ, բնաջնջվեց»։ Էրդողանից հրավեր ստացած 102 պետությունների ղեկավարներին շատ բան կպատմի Հենրի Մորգենթաուի «Հայ ժողովրդի ողբերգությունը։ Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գիրքը՝ գրված 1918թ. հոկտեմբերին, որն սկսվում է այսպես. «Նվիրվում է Վուդրո Վիլսոնին՝ Ամերիկայում համաշխարհային լուսավորյալ հանրային կարծիքը ներկայացնողին, որը հայտարարել է, որ փոքր ժողովուրդների իրավունքները պետք է հարգվեն, և որ այս գրքում նկարագրված հանցագործություններն այլևս երբեք չպետք է մթագնեն պատմության էջերը»։
Անարդարացի կլիներ այս հոդվածն ավարտել՝ չհիշատակելով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը Ստամբուլում զոհված հայազգի հայտնի հասարակական գործիչ, «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցի կապակցությամբ։ Որոշ մեջբերումներ անենք թուրք վարչապետի հայտարարությունից. «Հրանտ Դինքի հիշատակի օրը, լուսավորվելով նրա վառած ջահից (ջահակրին սպանեց թուրք նացիոնալիստը- Ա.Գ.), որը նա վառեց դեպի բարեկամություն տանող ճանապարհին, մենք ցանկանում ենք, որպեսզի բացվեն մտքերի և սրտերի դռները։ Թուրքիան նախկինում էլ հայտարարել էր, որ պատերազմի պայմաններում ստիպված է եղել կիրառել բռնիտեղահանության քաղաքականություն, ներառյալ 1915-ը, որը անմարդկային հետևանքներ է ծնել»։ Ի՞նչ է սա։ Սեփական պատմության չիմացությո՞ւն։ Բնավ ոչ, պարոն Դավութօղլուն հիանալի գիտի այն, չէ՞ որ քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դոկտոր է։ Բայց, հավանաբար, նրա հիշողությունից ջնջվել են պատմական փաստերը. «Հայերի բնաջնջումը,- գրում է Դ.Լանգը,- երիտթուրքերի քաղաքականության կենտրոնական խնդիրն էր» (1)։ «Էնվեր փաշան Կոստանդնուպոլսի հասարակության ներկայացուցիչներին հայտարարել էր, թե չի հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացնի բոլոր հայերին։ Աքսորի նպատակը,- նշում էր նա,- ողջ հայ ժողովրդի բնաջնջումն է» (2)։ Ավելի ուշ Էնվեր փաշան ինքն է խոստովանել, որ հայերի ցեղասպանությունը Թուրքիայում պետական մարմինների կողմից ծրագրված մտադրություն է եղել (3)։
Կարելի է բազմաթիվ այլ սարսափազդու փաստեր բերել, որոնք վկայում են այն մասին, որ հոգեվարք ապրող Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պետական մարմինների կողմից նախապես ծրագրված քաղաքականություն է եղել։ Եվ պատմական այս իրողությունները նկատի ունենալով՝ դոկտոր Դավութօղլուի «սրտահույզ» խոսքերը, թե տեղի է ունեցել «բռնի տեղահանության քաղաքականություն պատերազմական պայմաններում, նրա խոստովանությունը, թե՝ «կիսելով հայ ժողովուրդի վիշտը` Թուրքիան համբերությամբ և վճռականությամբ ջանք է գործադրում երկու ժողովուրդներիմիջև զգացմունքային կապը կրկին վերականգնելու համար», և նրա այսօրինակ մյուս բարի ցանկությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ կեղծավորություն։ Սակայն Թուրքիայի վարչապետն իրավացի է, երբ ասում է, որ «երկու հին ժողովուրդները կարող են հասնել փոխըմբռնման և ապագայի հանդեպ համաձայնեցված մոտեցման։ Թուրքերը և հայերը, ապրելով միևնույն տարածաշրջանում և երկարատև ընդհանուր պատմություն ունենալով, կարող են միմիայն միմյանց միջև քննարկել առկա բոլոր հարցերը և բացառապես միմյանց միջև գտնել դրանք լուծելու ուղիները»։ Կարդալով այս տողերը՝ բանից անտեղյակ ընթերցողները կարող են տպավորություն ունենալ, թե թուրքական կողմը չէ, որ չեղյալացրել է 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի կողմից ստորագրված փաստաթղթերի (այն է՝ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմանի հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների) վավերացումը։ Այս առնչությամբ մեջբերումներ անեմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014թ. սեպտեմբերի 24-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած ելույթից, որը տալիս է Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունում բարձրացված հարցերի պատասխանները։ «Արդեն շուրջ մեկ դար ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը, այլև ողջ առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան ի վերջո քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ ազատելով հետագա սերունդներին անցյալի ծանր բեռից։ Ավաղ, փոխարենը հնչեցվում են երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհին հավասարեցնում են դահճին, խեղաթյուրում անցյալի իրադարձությունները»,- ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է Հայաստանի ղեկավարը։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանը երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում։ Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են՝ սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը»։ Միևնույն ժամանակ, կուզենայի հավատալ Դավութօղլուի խոսքերի անկեղծությանը, երբ նույն հայտարարության մեջ նա ասում է. «Մեր անկեղծ ցանկությունն է կիսելվիշտը, ամոքել վերքերը և կրկին բարեկամություն հաստատել: Մեր հորիզոնը բարեկամությունն ու խաղաղությունն է»:
Հ.Գ. Վարչապետի հայտարարության դրդապատճառներն ավելի լավ հասկանալու համար, կարծում եմ, անհրաժեշտ է ծանոթանալ 2015թ. ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար իր թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիթ Էրդողանի հրավերին նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի տված պատասխանին։ 2015թ. հունվարի 15-ի պատասխան նամակում Հայաստանի նախագահը հիշեցրել է Էրդողանին, որ Գալիպոլիի ճակատամարտի մասնակիցներից մեկը եղել է հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը, որը ծառայել է Օսմանյան կայսրության զորքերում, սպա, որն իրեն նվիրել է Օսմանյան կայսրության անվտանգության և պաշտպանության գործին և հավատարմության ու մարտական սխրանքների համար արժանացել զինվորական պարգևների Օսմանյան կայսրության կողմից։ «Մինչդեռ, նույն թվականին իր գագաթնակետին հասած՝ Օսմանյան կայսրության կողմիցհայ ժողովրդի նկատմամբ նախապես ծրագրված և իրականացված զանգվածային ջարդերի ու բռնի տեղահանման ալիքըչշրջանցեց անգամ Սարգիս Թորոսյանին: Ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի թվում էին նրածնողները, ովքեր դաժանաբար սպանվեցին, իսկ քույրը մահացավ Սիրիայի անապատում»,- նշել է Սերժ Սարգսյանը և շարունակել,- ըստ ձեզ՝ Գալիպոլիի մարտերը ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ աշխարհի համար պատերազմից ծնունդ առածբարեկամական հարաբերությունների առանձնահատուկ օրինակ են, իսկ ճակատամարտի դաշտը՝ պատերազմի դառըժառանգության մասին հիշեցնող խաղաղության և բարեկամության հուշարձան: Մի կողմ թողնելով բոլորին քաջ հայտնիԳալիպոլիի ճակատամարտի նշանակությունը կամ Թուրքիայի վիճահարույց դերակատարությունը Առաջին և Երկրորդհամաշխարհային պատերազմների ընթացքում՝ անհրաժեշտ է հիշել, որ խաղաղությունը և բարեկամությունն առաջինհերթին պետք է հիմնված լինեն սեփական անցյալի հետ առերեսման խիզախության, պատմական արդարության, ինչպեսնաև համամարդկային հիշողության ոչ թե ընտրովի, այլ ամբողջական ճանաչման վրա»:
Կողմնակից լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ ես կարծում եմ, որ առաջին քայլն այս դժվարին ճանապարհին պետք է անի Թուրքիան՝ ընդունելով սեփական պատմական անցյալի մեղքերը։
Արտաշես Գեղամյան
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար