ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԱԳՆԱՊԸ՝ ԱԶԴԱՆՇԱՆ ԳԼՈԲԱԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՆԱՅԼԸՆՏՐԱՆՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

24.09.2014, Ռեգնում

Օրերս Երևանում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ, աշխատանքն ավարտեց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության (նախարար՝ Հրանուշ Հակոբյան) փայլուն կազմակերպած «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համահայկական համաժողովը։ Այն հսկայական հետաքրքրություն առաջացրեց Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների շրջանում և Սփյուռքի հայ համայնքներում։ Եվ դա միանգամայն օրինաչափ է, որովհետև Հայաստանում էին հավաքվել աշխարհի ավելի քան 60 երկրների հայկական համայնքների 150 կազմակերպությունների 700 ներկայացուցիչներ, ինչպես նաև եկեղեցու բարձրագույն հովվապետեր՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Կիլիկիայի Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը։ Համաժողովում խոր վերլուծության ենթարկվեցին Հայկական աշխարհի խնդիրներն Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, սիրիահայերի և արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգության հիմնախնդիրները։ Մեծ ուշադրություն հատկացվեց հայերենի պահպանման հարցերին։ Սփյուռքյան լրատվամիջոցների մոտ 120 խմբագիրներ և ներկայացուցիչներ քննարկեցին Սփյուռքի օրախնդիր հարցերը։ Այդ օրերին, ուշադիր վերլուծելով մեր հայրենակիցների ելույթներն ինչպես համաժողովում, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներում, ակամա խորհում էի խաղաղության ճակատագրի մասին։ Այո՛, այո, հենց մեր Երկիր մոլորակի խաղաղության։ Առանձնակի հուզմունքով լսվեցին Սիրիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Իրանի, Իրաքի, Արգենտինայի մեր հայրենակիցների և, իհարկե, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակների ելույթները։ Չեմ թաքցնի, հպարտության զգացումով էի համակվում իմ արտասահմանցի եղբայրների ու քույրերի, նրանց ցուցաբերած բարձր քաղաքացիականության համար։ Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. իրականացված Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերի ժառանգներ լինելով՝ նրանք այսօր ոչ միայն օրինապաշտ քաղաքացիներ, այլև մեծ հայրենասերներ են, որոնք իրենց փառահեղ գործերով վաստակել են իրենց երկրորդ Հայրենիքի ժողովուրդների ու կառավարությունների սերն ու հարգանքը։

Լինելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը՝ ես կարդացածիս ու լսածիս տպավորության տակ նորովի իմաստավորեցի նաև իմ անձնական պատասխանատվությունն իմ հայրենակիցների անվտանգության ապահովման համար՝ արդիականության գլոբալ մարտահրավերներին (որոնք հաճախ հանգեցնում են արյունահեղության, խաղաղ քաղաքացիների մահվան, ինչպես տեղի է ունենում Սիրիայում) դիմակայելու գործում միջազգային այդ լուրջ կազմակերպության դերի ամրապնդման միջոցով։ Մանավանդ որ մեր տագնապալի օրերում միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՀԿ ԽՎ պատասխանատվությունը խաղաղության և անվտանգության ապահովման հարցերում հատկապես բարձր է, իսկ դա նոր պարտավորություններ է դնում բոլոր երկրների խորհրդարանականների վրա։ Եվ այս պայմաններում ամենևին էլ պատահական չէ, որ «Հայաստան-Սփյուռք» համաժողովում ունեցած ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հատկապես նշել է. «Ցավոք սրտի, տարածաշրջանային հակամարտությունները գնալով ավելանում են, և մեր գերնպատակը պետք է լինի աշխարհի ցանկացած ծայրում փորձության մեջ հայտնված յուրաքանչյուր հայի ցավին ու տառապանքին արձագանքելը՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից, միասնական ուժերով նրանց օգնելն ու սատարելը»։

«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի արդյունքներից ստացած անգամ առաջին տպավորություններից կարելի է համարձակորեն պնդել, որ այնտեղ հնչեցված բազմաթիվ հարցեր խիստ հրատապ են և գլոբալ բնույթ ունեն։ Դրանք արժանի են համակողմանի վերլուծության և այնուհետև միջազգային համագործակցությանը, քաղաքակրթությունների երկխոսությանը, խաղաղության պահպանմանը և ժողովուրդների անվտանգության ապահովմանը կոչված հեղինակավոր միջազգային կազմակերպությունների քննարկմանը ներկայացվելու։ Այս առնչությամբ, կարծում եմ, Երևանում սկսված բանավեճի համար լավ հարթակ կարող է դառնալ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, որը ս.թ. հոկտեմբերի 3-5-ը հերթական խորհրդաժողովի է հավաքվելու Ժնևում։ Խորհրդաժողովի օրակարգում բավական արդիական հարց է՝ «Անվտանգության նոր մարտահրավերները. խորհրդարանների դերը»։ Դրանով իսկ, Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդի Հելսինկիի Եզրափակիչ ակտի ընդունման 40-ամյակի նախօրեին Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի 57 երկրների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում համատեղ ջանքերով գտնելու համատեղ աշխատանքի սկզբունքորեն նոր ուղիներ՝ աշխարհում ճգնաժամային երևույթների, մեր դարաշրջանի մարտահրավերների հաղթահարման նպատակով։ Ավելին, առաջարկելու Սիրիայում, Իրաքում և Ուկրաինայում ընթացող իրադարձությունների հետ կապված՝ միջազգային հարաբերություններում առաջացած լարվածությունը շուտափույթ լիցքաթափելու միջոցներ։ Այստեղ հայկական պատվիրակության անդամներն իրենց գործընկերների հետ կիսվելու բան ունեն։ Չէ՞ որ Հայաստանի Հանրապետության օրինակով մենք կարող ենք շատ փաստարկված ձևով պնդել, որ երրորդ երկրների հետ ԱՄՆ-ի, Եվրամիության կամ էլ Ռուսաստանի, Չինաստանի փոխգործակցությամբ անլուծելի խնդիրներ չեն լինի։ Գաղտնիքը պարզ է. կարևոր է, որպեսզի երրորդ երկրների վարած քաղաքականությունը լինի ազնիվ, հիմնվի մեծ տերությունների շահերի հաշվառման վրա, այլ ոչ թե կառուցվի այն հակասությունների վրա, որոնք կարող են լինել համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների միջև։ Կարևոր է, որպեսզի նրանց աշխատանքի հիմքում դրվի արդիականության գլոբալ մարտահրավերներին համատեղ դիմակայելու գաղափարը։

Որպեսզի այս պնդման վերաբերյալ ասածներս մերկապարանոց չհնչեն, կոնկրետ օրինակ բերեմ։ Այսպես, 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը միանալու մեր երկրի ցանկության մասին հայտարարությամբ։ Մաքսային միությանը միանալու իր որոշումը պարզաբանելով՝ Հայաստանի նախագահը, մասնավորապես, ասաց. «Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից: Սա (Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին- Ա.Գ.) ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից։ Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ և մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում ևս շարունակելու բարեփոխումները»։ Եվ պետք է ասել, որ Հայաստանի ղեկավարության այս սկզբունքային դիրքորոշումը բռնել է ժամանակի քննությունը։ Այսպես, Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի և շատ այլ երկրների նախագահները, միջազգային կազմակերպություններ, եկեղեցու հովվապետեր։ Կուզենայի մեջբերումներ անել մի քանի շնորհավորանքներից։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձում, օրինակ, մասնավորապես ասվում է. «Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն գործընկերության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների հարուստ պատմություն: Մարդկանց միջև շփումները, մշակութային և տնտեսական կապերը, որոնք միավորում են մեր երկրները, տպավորիչ են և ոգեշնչող: Մենք գնահատում և հարգում ենք Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաև այն մեծ ավանդը, որը տարիների ընթացքում հայկական ծագմամբ ամերիկացիները ներդրել են Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները մնում են ամուր, և մենք առաջիկա բազում տարիների համար ևս ակնկալում ենք համագործակցության շարունակում և խորացում»։

            Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ երկրի, Եվրասիական տնտեսական միության համահիմնադրի թեկնածու երկրի նախագահ Սերժ Սարգսյանին ջերմորեն շնորհավորել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը. «...Ավելի քան քսան տարի է, ինչ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ձևավորվել են առանձնահատուկ հարաբերություններ՝ հիմնված վստահության և բարեկամության վրա: Ես հետամուտ եմ Ձեզ հետ միասին շարունակելու աշխատանքը՝ միտված մեր երկու երկրների միջև կապերի խորացմանը, ինչպես դա իրականացրել ենք վերջին երկու տարիների ընթացքում: Այս տարվա մայիսին Երևան կատարած իմ պետական այցի ընթացքում հնարավորություն ունեցա նաև իրազեկ լինելու այն կարևոր բարեփոխումներին, որոնք նախաձեռնել է Ձեր երկիրը՝ ապահովելու համար իր զարգացումն ու արդիականացումը: Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան լիակատար աջակցություն կցուցաբերի այս ձեռնարկի շարունակման գործում... Խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն նախագահ, ամենախորին հարգանքներիս հավաստիքը»։

Ահա և մեջբերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձից. «Բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային նմանությունների բազմադարյա ավանդույթների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են դաշնակցային գործընկերության ոգով։ Փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում որակական նոր մակարդակի է բարձրանում եվրասիական ինտեգրացիոն նախագծում Ձեր երկրի ներգրավման լույսի ներքո»: Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ կապահովվեն երկկողմ կապերի ողջ համալիրի հետագա զարգացումը և տարածաշրջանային ու միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում ջանքերի արդյունավետ համախմբումը՝ ի շահ  Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների։

Կարծում ենք, որ երեք մեծ տերությունների (որոնք միշտ չէ, որ համընկնող շահեր ունեն) նախագահների այս շնորհավորանքները բնավ ձևական չեն և Հայաստանի Հանրապետության պարագայում, անշուշտ, մտահոգություն և պատրաստակամություն են դրսևորում հետագայում ևս զարգացնելու ամենասերտ հարաբերություններ Երևանի հետ տնտեսության, քաղաքականության, հումանիտար ոլորտներում, անվտանգության հարցերում։ Այսինքն՝ խնդիրների այն ողջ համալիրի առումով, որոնց իրագործումն, անկասկած, ամուր հիմք է ստեղծում ԵԱՀԿ հիմնարար նպատակների իրագործման համար։ ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի համագործակցության դրական փորձը, Վրաստանի հետ վերջին տարիներին բուռն զարգացող ամենասերտ բարիդրացիական հարաբերությունները, եղբայրական Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ տարեցտարի ամրապնդվող դաշնակցային հարաբերությունները պետք է դառնան մանրակրկիտ ուսումնասիրության առարկա՝ ունիվերսալացման և հետագա հարստացման նպատակով, և Հայաստանի համագործակցության այդ կուտակված դրական փորձը կարող է իր զարգացումն ստանալ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում։ Դրանից կշահեն ԵԱՀԿ անդամ երկրների ժողովուրդները։

Միջազգային հարաբերություններում այսօր տիրող իրողությունների պայմաններում, կարծում ենք, ԵԱՀԿ-ի վրա հատուկ պատասխանատվություն է դրվում այն գործընթացների իմաստավորման գործում, որոնք տեղի են ունենում այն երկրներում, որոնց առանձին շրջաններ նոր անկախ պետություններ ստեղծելու նպատակ են հետապնդում, երբ ինքնավար կազմավորումների անկախության ձեռքբերման գաղափարը տարեցտարի դառնում է էլ ավելի հրապուրիչ ԵԱՀԿ տարածքի միլիոնավոր քաղաքացիների համար։ Այսպես, ս.թ. սեպտեմբերի 18-ին անցկացված Շոտլանդիայի անկախության հանրաքվեն, որի արդյունքներով՝ Շոտլանդիայի բնակիչների 55,3%-ը կամ 2 միլիոն մարդ քվեարկեց Մեծ Բրիտանիայի հետ միասնությունը պահպանելու օգտին, իսկ անկախ Շոտլանդիային կողմնակից էր 44,7%-ը կամ 1,6 միլիոն մարդ, լուրջ մտորելու տեղիք է տալիս։ Հիշենք նաև, որ այդ նույն օրը՝ սեպտեմբերի 18-ին, Իսպանիայում Կատալոնիայի խորհրդարանը բանաձև էր ընդունել ի պաշտպանություն անկախության հանրաքվեի, իսկ սեպտեմբերի 19-ին ընդունվել է համապատասխան օրենք, որը թույլ է տալիս Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնել առանց Մադրիդի թույլտվության։

Շոտլանդիայի հանրաքվեի պարագայում համաշխարհային հանրությունը դարձավ ինչպես Մեծ Բրիտանիայի կառավարող Պահպանողական կուսակցության, այնպես էլ Շոտլանդիայի ազգային կուսակցության բարձր քաղաքական գիտակցականության դրսևորման ականատեսը, որոնք ցույց տվեցին իրենց հավատարմությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների պահպանման գաղափարներին։ Շոտլանդիայում անցկացված հանրաքվեն ամենայն համոզչությամբ հաստատեց այն անբեկանելի ճշմարտությունը, որ չեն կարող պահպանվել առանձին վերցրած մարդու իրավունքները և, միևնույն ժամանակ, արհամարհվել մի ողջ ժողովրդի իրավունքներն իրենց ապագա ճակատագրի ընտրության հարցում։ Ինչո՞ւ, օրինակ, ԵԱՀԿ-ն դեռ մերժում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ազատասեր ժողովրդի՝ ԽՍՀՄ գործող օրենքներին լիովին համապատասխան անցկացված համաժողովրդական հանրաքվեով ձեռք բերած անկախությունը։ Ինչո՞ւ ԵԱՀԿ անդամ շատ երկրներ կանխակալ կերպով են գնահատում Ղրիմում 2014թ. մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքները։ Այնինչ, նրանցից շատերը ճանաչել են Կոսովոյի անկախությունը Սերբիայից, որը հայտարարվել է 2008թ. փետրվարի 17-ին՝ այդ երկրամասի խորհրդարանի ընդունած համապատասխան հռչակագրով, այլ ոչ թե համաժողովրդական հանրաքվեով։ Ի՞նչ է սա։ Երկակի չափորոշիչների կիրառման դասական օրինա՞կ։ Հօգուտ այս պնդման բազմաթիվ անվիճելի փաստարկներ են բերվել, բայց այստեղ կուզենայի փորձել վերլուծել այս չափազանց հրատապ հարցերը քաղաքակրթական դիրքերից։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։ «Տիրոջ չարչարանքները» հանրահայտ պատմության մեջ ասվում է. «Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մօտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Յիսուս արեց։ Քահանայապետներն ու փարիսեցիները ատեան գումարեցին եւ ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։ Եթէ նրան այնպէս թողնենք, ամէնքը կը հաւատան նրան, եւ հռոմէացիները կը գան ու կը վերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»։ Նրանցից մէկը՝ Կայիափա անունով, որ այդ տարուայ քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ չգիտէք, ոչ իսկ խորհել էք, թէ մեզ համար աւելի լաւ է, որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ ամբողջ ազգը կորչի»։ Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ, քանի որ այդ տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ, որ Յիսուս մեռնելու էր ազգի համար։ Եւ ոչ միայն ազգի համար, այլ՝ որպէսզի նաեւ Աստծու ցրուած որդիներին ի մի հաւաքի։ Ապա այն օրուանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն» (Ավետարան ըստ Հովհաննեսի, 11։46-53)։ Հայերի՝ հնագույն քրիստոնեական քաղաքակրթության ժառանգների համար յուրաքանչյուր մարդու կյանքն ինքնին մեծ արժեք է, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատությունն ու անկախությունը, որ ձեռք են բերվել մեր հազարավոր փառապանծ հայորդիների կյանքի գնով՝ անանց ու անսասան արժեք։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության պահպանման համար պայքարում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի տասնմեկմիլիոնանոց հայությունն իր քրիստոնեական քաղաքակրթական ընտրությունը կատարել է դեռ 301 թվականին՝ առաջինն աշխարհում քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունելով։ Եվ այսօր ողջ աշխարհի հայությունը հանդես է գալիս որպես միասնական, միատարր քաղաքակրթական հանրություն, որը երբեք չի զոհաբերի արցախցիների կյանքը «հանուն ողջ ժողովրդի փրկության», քանի որ հուդայական քահանայապետ Կայիափայի մոտեցումներն անընդունելի են հայկական քաղաքակրթության համար։ Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ հիմա, ինչպես մինչ այժմ երբևէ, անհրաժեշտ է քաղաքակրթությունների երկխոսություն, և դրանով պետք է շահագրգռված լինեն նախևառաջ բարի կամքի տեր բոլոր մարդիկ, ում թանկ է այսքան փխրուն խաղաղության ճակատագիրը։ Կարծում եմ՝ քաղաքակրթությունների երկխոսությունը չպետք է դուրս գա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի օրակարգից։ Չէ՞ որ երկխոսության այլընտրանքն անխուսափելիորեն կդառնա քաղաքակրթությունների բախումը՝ աղետալի հետևանքներով։

Կուզենայի գոհունակությամբ նշել, որ այս հարցում բավական հետաքրքիր փորձ է կուտակվել՝ Հռոդոսի «Քաղաքակրթությունների երկխոսություն» Միջազգային հասարակական համաժողովի փորձը, որը միավորում է հասարակական, կրոնական և պետական գործիչներին, գիտնականներին, արվեստի, լրատվամիջոցների ներկայացուցիչներին ողջ աշխարհից։ Համոզված եմ, որ Հռոդոսի համաժողովի վերլուծությունները, որը մոտ օրերս գումարվելու է իր ամենամյա՝ 12-րդ գիտաժողովն անցկացնելու համար, կարող են օգտակար լինել ԵԱՀԿ ԽՎ աշխատանքի կազմակերպմանը, մանավանդ համաշխարհային զարգացման ներկա փուլում կարծիքների միջքաղաքակրթական փոխանակման սկզբնավորման ամբողջական մոտեցում ձևավորելու հարցերում։ Կարծում եմ, որ Միջազգային հասարակական համաժողովի հիմնադիր, «Քաղաքակրթությունների երկխոսության» անփոփոխ համանախագահ Վլադիմիր Իվանովիչ Յակունինը, ինչպես նաև վերջերս ԵԱՀԿ ԽՎ նախագահ ընտրված Իլկա Կաներվան լիովին ի վիճակի են նոր, հզոր ազդակ հաղորդել փոխհարաբերությունների հաստատմանը՝ ԵԱՀԿ տարածքում ընդհանուր քաղաքակրթական արժեքների հիման վրա։ Դրա համար անհրաժեշտ է մշակել գլոբալ օրակարգ, որը համարժեք կլինի աշխարհում ստեղծվող բավական բարդ իրադրությանը։ Սա ավելի քան պահանջված է և ժամանակի հրամայականն է, քանի որ նրանց համագործակցության այլընտրանքը կարող է դառնալ այն օրակարգը, որն, ասենք, մշակվել է Բիլդերբերգյան ակումբի 62-րդ ամենամյա նիստում, որը տեղի ունեցավ ս.թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 1-ը Կոպենհագենում։ Օրակարգ, որը, ցավոք, միշտ չէ, որ հաշվի է առնում թե՛ մեծ, թե՛ փոքր պետությունների շահերը։ Եվ սա՝ այն պայմաններում, երբ այդ երկրների ղեկավարներն այսօր միաբևեռ աշխարհին առաջարկում են նոր, արդարացի, բազմաբևեռ աշխարհակարգի հաստատում։

Ահա այսպիսի մտորումներով էի ուզում կիսվել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանից առաջ, որը կարող է դառնալ բեկումնային ԵԱՀԿ անդամ պետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործում։               

 

Արտաշես Գեղամյան, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր