«Եվրասիական միությանը ինտեգրումը չի նպաստի ԽՍՀՄ կարգերի վերականգնմանը»
15.08.2012, 168 ժամ
«Ճիշտ հակառակը: Եվրասիական Միությանը Հայաստանի ինտեգրումն այն պայմաններով և այն հարթության վրա, որի մասին բազմիցս հիշատակել է նախագահ Սերժ Սարգսյանը, է՛լ ավելի կնպաստի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու ավելի հզորացմանը»,- այս մասին 168.am-ին ասաց «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք վտանգ չե՞ք տեսնում, որ Եվրասիական միությանն անդամագրվելը կհանգեցնի ԽՍՀՄ-ի վերականգնմանը:
Ա. Գեղամյանը վտանգ չի տեսնում նաև, թե անդամագրվելով Եվրասիական միությանը՝ կվերականգնեն ԽՍՀՄ կարգերը՝ ընդգծելով, թե դա անհնարին է եղել ի սկզբանե: «Դա անհնարին է մի շարք պատճառներով: ԽՍՀՄ անդամ երկրներն առաջնորդում էին իրենց պետական գործունեությունը ԽՍՀՄ Սահմանադրությամբ, որն իմպերատիվ նշանակություն ուներ հարևան պետությունների Սահմանադրությունների համեմատ, և կար միասնական՝ միության ամբողջ տարածքում գործող Սահմանադրություն: Բացի դրանից, նախկին ԽՍՀՄ գլխավոր մարմինը հանդիսանում էր ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցությունը, որն ուներ իր ծրագիրը, կանոնադրությունը, որը նույնպես անպայման էր իր կիրառման առումով ԽՍՀՄ անդամ պետությունների իշխող Կոմունիստական կուսակցությունների համար: Եվ, վերջապես, նախկին ԽՍՀՄ տնտեսության հիմքը կազմում էր պետական սեփականությունը և կոլտնտեսային սեփականությունը: Ներկայիս պարագայում երկրի տնտեսության հիմքը կազմում է մասնավոր սեկտորը, քանզի երկրի արտադրության շուրջ 80%-ը հենց նրան է պատկանում, իսկ հարստության մի մասն էլ տնօրինվում է օտար երկրների կողմից: Այս բոլորն ամրագրված է միջազգային իրավունքի համապատասխան նորմերին համահունչ փաստաթղթերում, պայմանագրերում և այդ ամենը վավերացված է ՀՀ օրենսդրությամբ»: