Վարչապետն իր տեղում է գտնվում

14.08.2012, 168 ժամ

Վերջին օրերին իշխանական շրջանակներում համառ խոսակցություններ են պտտվում սեպտեմբեր ամսին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության մասին:

Հիշեցնենք, որ 168.am-ի տեղեկություններով` Տ. Սարգսյանի փոխարեն վարչապետ է նշանակվելու «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ական մեր աղբյուրների համաձայն, դրա վերաբերյալ իշխանական վերնախավում քաղաքական որոշում է կայացվել նախագահ Սերժ Սարգսյանի` օգոստոսի 8-ին Մոսկվա կատարած այցից հետո: Նույն աղբյուրի համաձայն, Կարեն Կարապետյանի թեկնածության շուրջ Սերժ Սարգսյանը քննարկումներ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, և նրա նշանակումը քաղաքական վերնախավում ներկայացվելու է՝ որպես երկու ուժերի միջև փոխհամաձայնության արդյունք:

168.am-ի թղթակիցը ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանից փորձեց պարզել, թե որքանո՞վ է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը:

 

«Չնայած Տիգրան Սարգսյանի կողմից վարվող քաղաքականությունը պարբերաբար իմ կողմից քննադատության է ենթարկվում, սակայն, միևնույն ժամանակ, կարող եմ ասել, որ նա գտնվում է իր տեղում, իր պարտականությունները (հաշվի առնելով ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը) կատարում է բավական լավ, և որևէ հիմք՝ նման փոփոխության համար, ես՝ որպես անձ և որպես «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար, չեմ տեսնում: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա, ես կարծում եմ, որ նա դեռ մեծ բարոյական պարտք և պարտավորվածություն ունի Երևանի քաղաքացիների նկատմամբ: Երբ մի պարտքը չի կատարվել, նա ավելի մեծ ավանսային պատասխանատվության է ենթարկվում, դա, կարծում եմ, ողջամտությունից դուրս գտնվող հարց է: Դա ասում է մի մարդ, ով ժամանակին շատ դրական է գնահատել Կարեն Կարապետյանի քաղաքապետ դառնալու փաստը»,- 168.am-ին ասաց Արտաշես Գեղամյանը:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր