Ինչո՞ւ է հայկական պատվիրակությունը դեմ քվեարկել ԵԱՀԿ ԽՎ հայանպաստ հռչակագրին
07.07.2016, 168 ժամ
Թբիլիսիում հուլիսի 5-ին ընդունված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրում մի քանի էական հայանպաստ կետեր կան։ Դրանում մտահոգություն է հայտնվել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման առնչությամբ, ԵԱՀԿ ԽՎ-ի պատգամավորները ողջունել են «ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների քաղաքական լուծման ուղղությամբ բանակցությունների ձևաչափերի և մեխանիզմների հաստատման նպատակով ԵԱՀԿ նախագահության ակտիվ մասնակցությունը»։
Փաստաթղթում նաև կոչ է արվում խորհրդարանականներին՝ «դրդել բոլոր կողմերին ցուցաբերել քաղաքական կամք՝ լուրջ ջանքեր կատարելու վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ՝ նվազեցնելու ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ռիսկը և ՄԽ շրջանակում հասնելու կարգավորման համընդգրկուն համաձայնագրի»։
Եվ այս հայանպաստ փաստաթղթին հայկական պատվիրակությունը դեմ է քվեարկել։
Վերլուծաբանների և քաղաքագետների կարծիքով՝ պատճառը Ռուսաստանն է, որը նույնպես դեմ է քվեարկել հռչակագրին, քանի որ դրանում խիստ քննադատություն է պարունակվում և կոչ է արվում ՌԴ-ին՝ զերծ մնալ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման, ինչպես նաև՝ Ղրիմի միավորման գործընթացից:
ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն է, անդամները՝ ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն ու ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։ ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանն ու ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը փոխարինող անդամներ են և Թբիլիսիի վեհաժողովին չեն մասնակցել։ Հռչակագրին դեմ է քվեարկել միայն Գեղամյանը, Դեմիրճյանն ու Մելքումյանը չեն քվեարկել։
«168 Ժամի» հետ զրույցում Արտաշես Գեղամյանը հայկական պատվիրակության դիրքորոշումը «շատ հստակ» որակեց՝ հիշեցնելով, որ 2 շաբաթ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված բանաձևին ևս հայկական պատվիրակությունը դեմ էր քվեարկել։ Ըստ նրա՝ Թբիլիսյան հռչակագրում հայանպաստ կետեր կան, որոնք առաջին կոմիտեի կողմից ընդունված բանաձևից են տեղափոխվել ընդհանուր դեկլարացիայի մեջ։
– Եթե հայանպաստ կետեր կան, ինչո՞ւ եք դեմ քվեարկել։
– Իմ ակնկալիքներն ավելին էին, և իմ ելույթների հարցադրումները շատ ավելի սուր էին։ Ինչ խոսք, մեծ առաջընթաց կա այս դեկլարացիայի միջև և նախորդ դեկլարացիայի, բայց Դուք Ձեզ հարց տվեք՝ ինչո՞ւ է Ադրբեջանը կողմ քվեարկել Թբիլիսիի դեկլարացիային։
Իմ գործընկերները, որոնց հետ փայլուն հարաբերություններ են, խոսքը հիմնականում եվրոպական և ռուսական պատվիրակների մասին է, իրենք ըմբռնումով մոտեցան, որ, երբ պատերազմ է լինում, այն էլ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված, ես կետ եմ ավելացնում, որ ոչ թե «մտահոգություն են հայտնում», այլ «դատապարտում են ագրեսիան», հետո այդ ուղղումը չի ընդունվում, և դեմ է հանդես գալիս Ադրբեջանը։ Այսինքն՝ իրենք են ագրեսիան արել։ Եվ քանի որ բացահայտ ագրեսորն ինքնաբացահայտվեց, ես գտնում եմ, որ թույլ է, ճիշտ է՝ շատ հայանպաստ է, բայց թույլ է։
Եվ իրենք էլ թող իմանան՝ դա չի կարող մեզ գոհացնել։ Հռչակագրի 35-րդ, 40-րդ, 47-րդ, 49-րդ կետերը, հատկապես՝ 35-րդը, որտեղ հստակ ասվում է, որ ձգձգվող հակամարտությունները պետք է լուծվեն 3 մայր սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում և կիրառման վտանգի բացառում, ժողովուրդների հավասարության և ինքնորոշման իրավունք, որից հետո ստորակետ են դրել և կոչ արել ՌԴ-ին՝ դադարեցնել Ղրիմի անեքսիան։ Ասել կուզի, որ այս կետը վերաբերում է մյուս կոնֆլիկտներին, իսկ այնտեղ մերն է և Մերձդնեստրն է, և չի վերաբերում Ուկրաինային։ Երբ ՄԱԿ-ում Ղրիմի վերաբերյալ ավելի մեղմ գնահատականներ էին տրված, հայկական պատվիրակությունը դեմ քվեարկեց, այսինքն՝ մեր պաշտոնական դիրքորոշումը դեմ էր։ Սա էլ գումարվեց իմ ակնկալիքների չկատարմանը, և դեմ քվեարկեցի։
Սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ ԽՎ-ն «փախստականներ» ասելով՝ հիշատակում է Հայաստանը։ Մշտապես Ադրբեջանն է եղել՝ իր 1 մլն ադրբեջանցիներով, այսինքն՝ իրենց փախստականների հաղթաթուղթն այս կետով լրիվ ջրվեց։
Այս փաստաթղթում կան շատ ծանր գնահատականներ Ռուսաստանի հասցեին, առանձին բանաձև է ընդունվել Ղրիմում մարդու իրավունքների խախտումների հետ կապված։ Այն ոգևորությունը, որով ադրբեջանցիները դիմավորում են այս փաստաթուղթը, հասկանալի էր, որ իրենք պետք է նույնն անեն Ղարաբաղի մասով։ Ժամանակին շատ ճիշտ էին կողմնորոշվել մերոնք ՄԱԿ-ում անցած տարի և 15 օր առաջ, և շատ լավ է, որ դեմ էին։ Էնպես որ, թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ, փայլուն արդյունք է գրանցվել։ Հռչակագիրն ընդունվել է 6 «դեմ»-ով, 100-ից ավելի կողմ և 28-29 ձեռնպահով։ Այնպես որ, մենք ձեռքի տակ ունենք փաստաթուղթ, որը 0-ի է հասցնում ադրբեջանական ցանկացած դեմագոգիա։
– Եվ հենց նման փաստաթղթին հայկական կողմի դեմ քվեարկելն ընկալվում է՝ որպես Ռուսաստանի շահերը սպասարկող հերթական քայլ։
– Հայաստանի շահերն են պաշտպանվել նախ և առաջ։ Միայն այն, որ ագրեսիայի ժամանակ 500-800 մարդ զոհվել է, և դա միայն անհանգստություն է պատճառում, ինձ համար անընդունելի է այդ ձևակերպումը, փոխանակ ագրեսորին անարգանքի սյունին գամեն։
Այլ պարագայում, իհարկե, կարելի է ձոնել այս ամեն ինչը, բայց մենք ավելի խստապահանջ լինենք և չմոռանանք, որ սանձազերծել են պատերազմ մեր դեմ, չմոռանանք, որ 103 հոգի զոհ ենք տվել, չմոռանանք, որ այսօր էլ կրակում են դեռ, սահմանին օրական հայ զինվոր ու խաղաղ քաղաքացի է զոհվում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, սա արդեն մեր քաղաքական ղեկավարությանը հնարավորություն կտա ասելու, որ՝ տես, ում ես զենք վաճառում, որ հակառուսական ռեզալյուցիայի տակ կողմ է քվեարկում, իսկ ում դեմ ուղղում են այդ զենքը, նա՝ դեմ է քվեարկում։ Հարցեր կան, մեծ քաղաքականություն է, կրքերը դնենք մի կողմ։ Դուք տեսեք՝ ինչ հետաքրքիր է ստացվում, որ ընդունում են այդ կետերը հռչակագրում։
– Ու տարօրինակն էլ հենց դա է, որ Հայաստանը դեմ է քվեարկում։
– Այո, դեմ է քվեարկում, որովհետև ասում եմ՝ 500 զոհի պարագայում չեն դատապարտում ագրեսորին։ Հենց միայն դրա համար դեմ եմ քվեարկել, շատ էլ լավ եմ արել։ Հիմա հետին մտքով որ նայում եմ, գտնում եմ, թե ինչքան ճիշտ ու գրագետ եմ վարվել։ Ու իրանք պետք է իմանան մի բան, որ մենք նեղացածություն ունենք, որովհետև էդ ո՞նց է ստացվում, որ Կոսովոյին ճանաչեցին, անկախություն տվեցին, իսկ Ղարաբաղը, որ միջազգային իրավունքի տեսակետից շատ ավելի անխոցելի է դառել, ինքնուրույն, անկախ հանրապետություն է, մինչև հիմա ձգձգում են էդ ամենը։ Հարցեր կան, ու մեր ծանր տեղը չթեթևացնենք։ Հա, դեմ ենք, բա ո՞նց։