«Հրադադարի խախտման ցանկացած դեպք այսուհետ պատժվելու է ամենայն խստությամբ»
07.08.2014, Իրավունք
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ
պրն Իլկա Կաներվային
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝
Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ
պարոն Ժոաո Սոարեշին
Հարգարժան գործընկերներ,
Այսօր՝ ս.թ. օգոստոսի 5-ին, ուշադիր ուսումնասիրեցի Ռիչարդ Սոլաշի «OSCE PA South Caucasus Representative urges fresh commitment from all sides to Nagorno-Karabakh resolution» նամակը։
Սրտանց երախատապարտ եմ այն տագնապի և խոր մտահոգության համար, որ ցուցաբերել եք ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրահրվող և չթուլացող ռազմական լարվածության առիթով։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, ինչպես նաև չեն դադարեցնում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի գնդակոծությունը։ Հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը, անհամեմատ ավելի մեծ մարդկային կորուստներ կրելով, հետ է շպրտվել (ցավոք, վերջին օրերին կորուստներ է կրել նաև հայկական կողմը)։
Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի ղեկավարությունը լիովին անտեսում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քսաներեքերորդ ամենամյա խորհրդաժողովում ընդունված Բաքվի հռչակագրի պահանջները։ Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ ԽՎ Հռչակագրում ընդգծվում է «Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ սահմանները և տարածքային ամբողջականությունը չխախտելու, վեճերը խաղաղ կարգավորելու, ժողովուրդների իրավունքների հավասարության և ինքնորոշման սկզբունքներին հետևելու կարևորությունը»։ Նշեմ, որ այս խմբագրումը ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեի բանաձևի նախագիծ է մտցվել հայկական պատվիրակության կողմից։
Հիշեցնեմ նաև, որ ադրբեջանական պատվիրակությունը՝ հանձին իր ղեկավարի, դեմ է արտահայտվել մեր պատվիրակության այս լրացմանը։ Սա ակնհայտորեն վկայում է այն մասին, որ, դեմ լինելով վեճերի խաղաղ կարգավորմանը, ժողովուրդների իրավունքների հավասարությանն ու ինքնորոշմանը, ադրբեջանական իշխանությունները դեռ ս.թ. հունիսի վերջից ծրագրել էին լայնածավալ ռազմական սադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս առնչությամբ կուզենայի նշել, որ Ադրբեջանի կողմից նման սադրանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային կազմակերպությունների և նրանց ղեկավարների փաստաթղթերում և կոչերում չեն նշվի Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության սրման կոնկրետ նախաձեռնողներն ու մեղավորները, այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունները։ Նման եզրահանգում անելու հիմք են տալիս այն համոզիչ ապացույցները, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mil.am) զետեղված տեսանյութերում և լուսանկարներում։
ԵԱՀԿ ԽՎ մեծարգո պարոն նախագահ Իլկա Կաներվա, հարգելի պարոն հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշ, նամակս ուզում եմ ավարտել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 2014թ. օգոստոսի 3-ի հայտարարությունից արված մեջբերմամբ. «ՀՀ պաշտպանության նախարարությունն ափսոսում է երկուստեք կորուստների համար, որի ողջ պատասխանատվությունը մնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության խղճին: Ինչպես միշտ, ադրբեջանական ղեկավարության համար սեփական զինվորների կյանքը ոչինչ չարժե:
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի ԶՈւ նման գործելակերպն ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և կրկին կոչ է անում ադրբեջանական կողմին` զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից ու վրեժխնդրությամբ տրամաբանված գործողություններից: Հրադադարի խախտման ցանկացած դեպք այսուհետ պատժվելու է ամենայն խստությամբ»:
Որպես ԵԱՀԿ Խորհրդարանական ժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար՝ վստահություն եմ հայտնում, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման 40-ամյակի շեմին ԵԱՀԿ ԽՎ-ն կսատարի ԵԱՀԿ Մինսկի խմբի, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին՝ ԵԱՀԿ ԽՎ Բաքվի հռչակագրին (2014թ.), ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների հինգ հայտարարություններում ներկայացված սկզբունքներին համապատասխան։
Հարգանքով՝
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում
Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար
Արտաշես Գեղամյան