ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՆՈՒՅՆՆ Է. ՀԱՂԹԵԼ` ՍԱՆՁԵԼՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ

23.07.2014, Իրավունք

Հարցազրույց Հանրապետական կուսակցությունից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ

-Արտաշես Մամիկոնովիչ, վերջերս Դուք` որպես հայկական պատվիրակության ղեկավար, մասնակցեցիք ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (այսուհետ` ԵԱՀԿ ԽՎ)` Բաքվում անցկացված խորհրդաժողովի աշխատանքին: Հաջողվեց արդյոք Ձեզ ներկայացնել հայկական կողմերի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, արդյոք այն ընկալվեց Ձեր գործընկեր-խորհրդարանականների կողմից:

- Կարծում եմ` հաջողվեց: ԵԱՀԿ ԽՎ Բաքվի խորհրդաժողովի դասերը ցույց տվեցին, որ առաջադրված խնդիրների իրագործման ամենաճիշտ մոտեցումն այն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար փաստաթղթերում առանձնացվեն այն դիրքորոշումներն ու սկզբունքները, որոնք կարող են դրվել ղարաբաղյան հակամարտության (այսուհետ` հակամարտություն) կարգավորման հիմքում: ԵԱՀԿ Մինսկի խմբի (այսուհետ` ԵԱՀԿ ՄԽ) համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների արած բոլոր հինգ հայտարարություններում էլ (ԼþԱքվիլ, Դովիլ, Մուսքոկ, Լոհ Էրն, Լոս Կաբոս) կրկնվում է հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, սահմանների եւ տարածքային ամբողջականության անխախտելիություն, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունք: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հրապարակային ելույթներում քանիցս խոսել է այն մասին, որ այս սկզբունքները կարող են դրվել հակամարտության կարգավորման շուրջ բեկումնային բանակցությունների հիմքում: Ցավոք, Ադրբեջանի նախագահն իր հրապարակային ելույթներում քանիցս հայտարարել է այն մասին, որ իր երկիրը հավատարիմ է մնում հակամարտության կարգավորմանը լոկ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Այսինքն` ըստ էության, Ադրբեջանի նախագահն արհամարհում է մյուս երկու սկզբունքները, որոնք հայտարարությունից հայտարարություն կրկնվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում:

Բնականաբար, ԵԱՀԿ ԽՎ ամբիոնից, նախագահների մոտեցումների տարբերության գրագետ մատուցման պարագայում, կարելի կլիներ մեր դաշնակիցը դարձնել առնվազն երեք ներկայացուցչական պատվիրակությունների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի: Հենց դա էլ հնարավոր եղավ իրագործել: Հակամարտության էության եւ բանակցային գործընթացի մասին բավականաչափ չտեղեկացված մյուս երկրների պատվիրակությունների համար միանգամայն օգտակար կլիներ (ինչպես հետագայում ցույց տվեց քվեարկությունը Բաքվի հռչակագրի ընդունման ժամանակ) հանգամանալի տեղեկություններ ստանալ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունների սեղանին գտնվող հիմնական դրույթների մասին: Նրանց ներկայացվեց հարցի էությունը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք մեծ տերությունները, զբաղվելով հակամարտության կարգավորմամբ, ձեւակերպել են երեք հիմնարար սկզբունք, այն է` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդի Հելսինկյան եզրափակիչ ակտի (ընդունվել է 1.08.1975թ.) II, III, IV եւ VIII սկզբունքները: Սա ընկալվեց որպես ԵԱՀԿ ԽՎ եզրափակիչ հռչակագրում այդ սկզբունքների ամրագրումն ամեն կերպ խրախուսելու անհրաժեշտության վկայություն, մանավանդ որ ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովի կարգախոսը ձեւակերպված էր առավելագույնս հստակ` Հելսինկի+40:

Բացի այդ, ԵԱՀԿ ԽՎ-ում ունեցած իմ ելույթներում ես բազմիցս վկայակոչում էի ՄԱԿ Կանոնադրության 1-ին հոդվածի թիվ 2 պարագրաֆը, որտեղ սեւով սպիտակին գրված է. ՙԶարգացնել բարեկամական հարաբերություններ ազգերի միջեւ` ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքի հարգման հիման վրա, ինչպես նաեւ համապատասխան այլ միջոցներ ձեռնարկել համընդհանուր խաղաղության ամրապնդման համար՚: Երբ այս մասին ի լուր ամենքի հայտարարում ես ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի 57 պատվիրակությունների առջեւ` միաժամանակ վկայակոչելով այդ նույն ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերը, ՄԱԿ Կանոնադրությունը եւ երեք նախագահների հայտարարությունները, դա, իհարկե, չէր կարող աջակցություն չստանալ: Այլապես կարելի կլիներ խոսել այն մասին, որ աշխարհի 57 երկրների մոտ 500 պատգամավորներ իզուր էին հավաքվել` ջուր ծեծելու համար: Երբ ղարաբաղյան կարգավորման մեզ հուզող հարցը լսարանին մատուցվեց այս դիրքերից, ի խորին զարմանս եւ ի հիասթափություն ու հուսահատություն ադրբեջանական պատվիրակության` անցավ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության` վերոնշյալ սկզբունքները հաշվի առնող ճշտումը, եւ դրանք տեղ գտան ԵԱՀԿ ԽՎ Բաքվի ամփոփիչ հռչակագրում: Չեմ թաքցնի, ճշտման հեղինակը ես էի, որին միահամուռ պաշտպանեցին մեր պատվիրակության բոլոր անդամները: Ադրբեջանական պատվիրակությունը հայտնվեց բավական բարդ իրավիճակում, որովհետեւ հիմա մեր երկրի նախագահը, հայկական դիվանագիտությունը, առաջ մղելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը վերոնշյալ սկզբունքների հիման վրա, որոնք տեղ են գտել Բաքվի հռչակագրում, իրենց փաստարկումներում արդեն էլ ավելի համոզիչ կլինեն: Միեւնույն ժամանակ, ադրբեջանական կողմի ցանկացած անհամաձայնություն արդեն կգնահատվի որպես ապակառուցողական մոտեցում, որը հակասում է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Բաքվի հռչակագրին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այլեւս չի կարողանա խոսել այն մասին, որ այդ Հռչակագիրն ընդունվել է ՙհայկական լոբբիի՚ ճնշմամբ, այն երկրների պատվիրակությունների պրեսինգի ներքո, որտեղ ուժեղ է հայկական սփյուռքը, էլ չեմ ասում նրանց համար այնքան հասկանալի կաշառումներին արվող հղումների մասին եւ այլն: Այսինքն` ադրբեջանական կողմը չի կարողանա օգտվել դեմագոգիայի այն ամբողջ զինանոցից, որից ահա արդեն քսան տարի օգտվում է բանակցային գործընթացում: Մի խոսքով` հայկական դիվանագիտությունն ստացավ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշման ճշմարտացիության եւ կառուցողականության եւս մեկ հավաստում:

- Բայց չէ± որ մենք գիտենք, որ միշտ չէ, որ հարցերի լուծման եւ դրանց վերաբերյալ դիրքորոշումների ձեւավորման ժամանակ գերիշխում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են արդարությունը, իրավունքը, տրամաբանությունը: Դուք կարծում եք, որ Ձեր թվարկած հանգամանքները կօգնե±ն կոտրել այս միտումը, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում:

- Ձեր հարցում, ավաղ, դառը ճշմարտություն կա: Այո, եթե մենք մեր գործողություններում, միջազգային ասպարեզում ունեցած մեր ելույթներում ղեկավարվենք բացառապես տրամաբանությամբ եւ Միջազգային իրավունքի նորմերով, ապա ամենեւին չի բացառվում, որ կարող ենք հայտնվել երկակի դրության մեջ: Ցավոք, հիմա Միջազգային իրավունքի նորմերը հաճախ անտեսվում են, կամ դրանք կիրառվում են ընտրաբար` ելնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններից, միջազգային հակամարտությունների կարգավորման բանակցային գործընթացի համար որպես գերակա նախադրյալներ հանդես չեն գալիս: Ավելին, հազվադեպ չեն դեպքերը, երբ դրանք դառնում են այդ նույն Միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները կոծկելու քողածածկույթ: Մի խոսքով, երբ համաշխարհային քաղաքականության առանձին ուժի կենտրոնների պետք է` այդ նորմերը գործում են, երբ աշխարհիս հզորներին պետք չէ` դրանք չեն գործում: Օրինակների համար հեռու գնալու հարկ չկա, դրա օրինակը Կոսովոյի անկախության ճանաչումն է: Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման իրավաբանական հիմքը Միջազգային իրավունքի տեսակետից անվիճելի է: Սակայն այդ փաստը հաճախ համառորեն չեն նկատում: Ընթերցողներին հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ԽՍՀՄ օրենքներին եւ Միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան, ինքնորոշվեց իր իսկ տարածքում: Չկար մի բան, որից կարողանային կառչել` ԼՂՀ-ին ԽՍՀՄ օրենքները կամ Միջազգային իրավունքը խախտելու մեջ ՙմեղադրելու՚ համար: Ցավոք, մենք վկաներն ենք այն բանի, որ յուրաքանչյուր դեպքում Միջազգային իրավունքի նորմերը մեկնաբանվում են շատ կամայական ձեւով, կրկնում եմ` ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից:

Այժմ իրավիճակն էլ ավելի բարդ է: Մի կողմից` ԲՌՀՉՀ-ի (ԲՐԻՔՍ) մեջ մտնող երկրները` Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, մյուս կողմից` Եվրասիական տնտեսական միության հիմնադիր երկրներն ավելի ու ավելի հաճախ են հայտարարում ինքնուրույն տարածաշրջանային ֆինանսական գոտիների ստեղծման անհրաժեշտության մասին, որոնք կարող են դուրս գալ համաշխարհային պահուստային արժույթների, հատկապես ԱՄՆ դոլարի մոնոպոլիայի վրա հիմնված համաշխարհային ֆինանսական համակարգի թելադրանքի տակից: Նշենք, որ այդ գործընթացը հզոր խթան ստացավ օրերս Բրազիլիայում ավարտված` ԲՐԻՔՍ անդամ պետությունների ղեկավարների VI գագաթաժողովի ընթացքում: Գագաթաժողովի արդյունքներով ս.թ հուլիսի 15-ին ընդունվեց Ֆորտալեզեի հռչակագիրը, որի 8-րդ հոդվածում ասվում է. ՙ...Չնայած համաշխարհային տնտեսության ամրապնդմանը, որոշ զարգացած երկրների դրամավարկային քաղաքականությունը կարող է ֆինանսական շուկաներում նոր խնդիրների եւ փոփոխականության պատճառ դառնալ՚: Ավելին, հոդված 11-ում հայտարարվեց ԲՐԻՔՍ երկրների Զարգացման նոր բանկի (ԶՆԲ) ստեղծման մասին` ՙԲՐԻՔՍ եւ այլ երկրներում ենթակառուցվածքային նախագծերի եւ կայուն զարգացման նախագծերի ֆինանսավորման համար՚: Եվ վերջապես, 13-րդ հոդվածում հայտարարվեց ԲՐԻՔՍ պայմանական արժութային պահուստների Փուլ/դրամական միավոր ստեղծելու Պայմանագրի ստորագրման մասին, որտեղ օգտագործվելու են ԲՐԻՔՍ երկրների արժույթները: Այսինքն` մենք վկաներն ենք այն բանի, որ ԲՐԻՔՍ VI գագաթաժողովի ընթացքում դրվեց նոր հաստատության հիմքը, որը, առնվազն, ամեն կերպ սատարելու է ազգային արժույթների կիրառմանն առեւտրային հարաբերություններում: Սրա հետեւանքներն առանձին վերլուծության թեմա են: Ակնհայտ է, որ համաշխարհային պահուստային արժույթներ թողարկողները փորձելու են ամեն կերպ խոչընդոտել ԲՐԻՔՍ այս նախաձեռնությանը, եւ այստեղ Միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաեւ Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքները պարզապես չեն գործելու:

Արդի աշխարհաքաղաքական իրողություններում չարժե զարմանալ, որ եթե համաշխարհային ֆինանսական ընտրանուն շահավետ չէ նոր ինքնորոշվող պետությունների կազմավորումը, ուրեմն դրանց ինքնորոշումը կարգելափակվի, լինեն դրանք ԵԱՀԿ տարածքում, թե որեւէ այլ տեղ: Ընդ որում, չգիտես ինչու, ոչ ոք չի հարցնում, թե ինչի հիման վրա են լույս աշխարհ եկել Սլովենիան, Չեռնոգորիան, Մակեդոնիան, Խորվաթիան, Բոսնիա-Հերցեգովինան, էլ չեմ ասում Կոսովոն: Վերջին կես դարի ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզին գոյացել են հարյուրից մի փոքր պակաս ինքնուրույն պետություններ: Միայն Եվրոպայում, 1975թ. Հելսինկյան Եզրափակիչ ակտի ընդունումից հետո, մոտ երկու տասնյակ նոր պետություններ են ի հայտ եկել:

Այսպիսի պայմաններում Միջազգային իրավունքի նորմերի համոզիչ փաստարկումներին եւ անհերքելի հղումներին ապավինելը` սեփական դիրքորոշման ճշմարտացիությունը տեղ հասցնելու հույսով, միամտության գագաթնակետն է: Վաղուց` արդեն 60 տարի, մենք համոզվում ենք, որ աշխարհում գործում է քաղաքական ռեալիզմի 6 սկզբունք, որոնց հեղինակը Հանս Մորգենթաուն է: Ավաղ, այդ սկզբունքների շրջանակում բարոյականությանը եւ միջազգային կանոնների ինչ-որ ժողովածուի ապավինելու հարկ չի առաջանում: Մի խոսքով` ինչպես ասում էր Real Politic-ի հայրը, ՙազգն իրավունք չունի բարոյականությունը բարձր դասել հաջող քաղաքականությունից, որն ինքնին հիմնված է ազգի գոյատեւման բարոյական սկզբունքի վրա՚: Բայց ի¯նչ գնով է ձեռք բերվում այդ գոյատեւումը:

- Դուք խոսում եք չարաբաստիկ երկակի ստանդարտների մասին: Համաձայնեք` բավական ճիշտ եւ տարողունակ սահմանում է:

- Այո, մաշված սահմանում է, բայց Դուք միանգամայն իրավացի եք, այն առավել ճշգրիտ է բնորոշում մեր ժամանակը: Երկակի ստանդարտները, իսկ վերջնարդյունքում` գլոբալ գերիշխանությունը տնտեսությունում եւ ֆինանսներում իրենցից վեր են դասում Միջազգային իրավունքի նորմերը:

- Ավելի մանրամասն` փողի մասին...

- Համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը ցայտուն ցույց տվեց, որ գործող գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերը չեն կարող ապահովել այն բարձր կենսամակարդակը, որն այժմ գոյություն ունի Հյուսիսային Ամերիկայում եւ ԵՄ առաջատար երկրներում: Արժանահավատ շատ մակրոտնտեսագետներ հաշվել են, որ ԱՄՆ տնային տնտեսություններն ամեն տարի ծախսում են 20-25%-ով ավելի, քան իրենց ունեցած իրական եկամուտներն են: Իսկ դա տարեկան հաշվարկով կազմում է մոտ 3 տրլն ԱՄՆ դոլար: Այս դեֆիցիտը ծածկվում է ի հաշիվ խնայողությունների, տնային տնտեսությունների պարտքերի եւ բյուջետային աջակցության աճի, որն ուղեկցվում է ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի մեծացմամբ: Սա տեղի է ունենում ի հաշիվ տնային տնտեսությունների վարկավորման, ԱՄՆ ներքին եւ արտաքին պարտքի զգալի ավելացման: Այսպես, 2013թ. արդյունքներով` ԱՄՆ արտաքին պարտքը կազմել է 17 տրլն 453 մլրդ դոլար կամ Միացյալ Նահանգների ՀՆԱ 106,6%-ը: Եվրագոտու երկրների ընդհանուր արտաքին պարտքը նույնպես գերազանցել է այնտեղ մտնող երկրների ՀՆԱ 100%-ը: Այսինքն` սա Արեւմուտքի ֆինանսական համակարգին բնորոշ վիճակ է, որն ուղղված է իրենց քաղաքացիների սպառողական բարձր պահանջարկի պահպանմանը` պետական պարտքային պարտավորությունների ավելացման հիման վրա: Միեւնույն ժամանակ, այդ պետություններն իրենք իրենց պարտքերը վճարել չեն կարող, քանի որ դա հնարավոր է միայն բյուջեի դեֆիցիտի զգալի կրճատման, ասել է թե` իրենց երկրների բնակչության կենսամակարդակի նվազեցման պայմաններում: Ուստի, նրանք ընտրել են այլ ճանապարհ` հիմնված համաշխարհային պահուստային արժույթների թողարկողը լինելու արտոնության վրա: Ավելի պարզ ասած` նրանք ունեն ամենագլխավորը` դրամանիշ տպելու սարքը: Եվ երբ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը միացնում է իր տպագրասարքը, Եվրասիական Կենտրոնական բանկը` իրենը, այն բոլոր երկրները, որոնք իրենց ոսկու արժույթի պաշարները պահում են ԱՄՆ դոլարով եւ եվրոյով, իրենց երկրների տնտեսության վրա զգում են նման գործելակերպի բացասական հետեւանքները: Գաղտնիք չէ, որ երբ դրամական զանգվածի աճի տեմպը զգալիորեն գերազանցում է համաշխարհային պահուստային արժույթներ թողարկող պետությունների ՀՆԱ աճի տեմպը, դա անխուսափելիորեն հանգեցնում է այդ արժույթների արժեզրկմանը, դրանց ինֆլյացիային: Եթե դրա հետ միասին հաշվի առնենք նաեւ այն, որ ԱՄՆ արտասահմանյան վարկատուների թվում, օրինակ, Չինաստանին բաժին է ընկնում 1 տրլն 169,9 մլրդ դոլար կամ ԱՄՆ վարկավորման ընդհանուր գումարի 22,86%-ը, Բրազիլիային` 237,4 մլրդ դոլար կամ 4,64%, Ռուսաստանին` 146,7 մլրդ դոլար կամ 2,87%, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ բազմամիլիարդ վնասներ է կրում այդ երկիրը դոլարի արժեզրկման պատճառով: Եվ որպես մխիթարանք` դրա դիմաց ապահովվում է Արեւմուտքի առաջատար երկրների տնային տնտեսությունների բարձր կենսամակարդակը: Ինչպես արդեն նշել ենք, նման իրադրությունն առաջ է բերում գլոբալ տնտեսության էական կատարելագործման եւ ինքնուրույն այլընտրանքային ֆինանսական համակարգերի ստեղծման անհրաժեշտության հարցը, որոնք միասին կարող են պայմաններ ստեղծել համաշխարհային ՀՆԱ ավելի արդարացի բաշխման համար: Այսինքն` այս հարցերը պետք է դառնան լուրջ քննարկման առարկա G-8 ձեւաչափում: Այո, ես չսխալվեցի` G-8 ասելով, Ռուսաստանի պարտադիր մասնակցությամբ, իսկ հետագայում նաեւ G-20 ձեւաչափում: Դա թույլ կտա մշակել նոր համաշխարհային ֆինանսական կառույցի փոխընդունելի ճանապարհներ: Թե չէ` այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այսօր արեւմտյան փորձագետ-ստրատեգներն այս բարդագույն խնդիրների լուծումը հանգեցնում են պարզապես անկայունության գոտու ստեղծմանը ողջ հյուսիսային Միջերկրածովի երկայնքով եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, ինչի հետեւանքով կապիտալը փախչում է առավել կայուն երկրներ` ԱՄՆ, ԵՄ եւ այլն: Եվ ահա, այս ֆոնին ԲՐԻՔՍ, ԵԱՏՄ երկրների առաջնորդները հստակ գիտակցում են անկախ, տարածաշրջանային ֆինանսական համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը, ինչպես արդեն նշեցինք, արտացոլվել է Ֆորտալեզեի հռչակագրում: Հատկանշական է, որ արդեն որերորդ տարին բանակցություններ են վարվում այն մասին, որ Ռուսաստանը եւ Թուրքիան փոխադարձ առեւտրում հաշվարկն անեն ազգային արժույթով: Հիմնական համաշխարհային պահուստային արժույթներ թողարկողները, իհարկե, կփորձեն խանգարել համաշխարհային պահուստային արժույթների բաժնի նվազմանը ԲՐԻՔՍ, ԵԱՏՄ եւ իրենց ազգային արժույթն ավելի լայնորեն օգտագործելուն հակված այլ երկրների հետ առեւտրում: Իսկ ինչպե±ս խանգարել այդ միտման խորացմանը, ի±նչ հակադրել դրան: Ավաղ, այսօր այդ նպատակին հասնելու բավական ինքնատիպ եղանակ է գտնվել. անկայունության գոտիների ստեղծումը: Ուկրաինան ձեզ օրինակ...

- Ուկրաինա, Ղարաբաղ, ԵԱՏՄ... Ղարաբաղյան հակամարտությունը ձեռք է բերում առանձնակի երանգավորում` եվրասիական ինտեգրացիոն նախագծի զարգացման եւ ուկրաինական ճգնաժամի ֆոնին: Ի±նչ եք կարծում, կկարողանա±ն արդյոք արտաքին դերակատարները փորձել խաղարկել ղարաբաղյան խաղաթուղթն ընդդեմ Ռուսաստանի, հակամարտությունն օգտագործել նրա դիրքերը հարավային ուղղությամբ խափանելու համար: Որպեսզի հետո ինչ-որ մեկը ՙնայի Ղարաբաղին՚:

- Իհարկե, օգտագործելու փորձեր կլինեն: Սակայն Հայաստանի նախագահը, իմ կարծիքով, գտել է միակ ճիշտ բանաձեւը: Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկության մասին 2013թ. սեպտեմբերի 3-ի իր հայտարարությունից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քանիցս ընդգծել է, որ Հայաստանը մտադիր չէ դադարեցնել իր հարաբերությունները Եվրամիության հետ: Հայաստանն այսուհետ եւս ջանալու է միասնականացնել մեր օրենսդրությունը եվրոպականի հետ, փորձելու է փոխառել եւ ներդնել եվրոպական առաջավոր փորձը, կատարելագործել Հայաստանի օրենսդրական դաշտը: ՀՀ նախագահի այդ հայտարարությունն ընդունվեց սվիններով, մասնավորապես` ԵՄ ընդլայնման եւ բարիդրացիության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կողմից, որը միանշանակ հայտարարեց, թե Երեւանը պետք է կողմնորոշվի ՙկամ-կամ՚ սկզբունքով` Ասոցիատիվ համաձայնագրի եւ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Մաքսային միություն մտնելու միջեւ: Շտեֆան Ֆյուլեին փոքր-ինչ այլ կերպ սատարեց Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը` հայտարարելով, թե Մաքսային միություն մտնելով` Հայաստանը հայտնվել է այլ լիգայում: Նրան միացավ նաեւ իր լեհ գործընկեր Ռադոսլավ Սիկորսկին: Նշենք, որ նրանք ՙԱրեւելյան գործընկերության՚ հիմնադիրներն են: Բայց Հայաստանի նախագահը չերկնչեց այս բավական լուրջ նախազգուշացումներից: Դրանք, ըստ էության, նշանակում էին, որ Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի հետ հումանիտար, օրենսդրական բնագավառներում, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խորացման ոլորտներում շատ կարճ ժամկետում կվերանա:

Անշուշտ, Հայաստանի քաղաքական ղեկավարության դիրքորոշումն ավելի հեռատեսական էր, ինչպես նաեւ (ինչը պակաս կարեւոր չէ) ազնիվ ինչպես իր հիմնական ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի, այնպես էլ եվրոպական գործընկերների հանդեպ: Հատկանշական է, որ երեք ամիս առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Հայաստան կատարած պետական այցի ժամանակ, իր հայ պաշտոնակցի հետ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ Եվրամիությունը, եւ առաջին հերթին Ֆրանսիան, փորձում են գալ հարաբերությունների այնպիսի ձեւաչափի, որի դեպքում կողմերը համագործակցելու եւ հետագայում եւս Հայաստան-ԵՄ կապերը տարբեր ոլորտներում զարգացնելու հնարավորություն կունենան: Այսպիսով, նախագահ Սարգսյանի քաղաքական գիծը սատարվեց նախագահ Օլանդի կողմից, ինչը բավական ծանրակշիռ է, քանի որ Ֆրանսիան, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին, Եվրամիության հիմնական լոկոմոտիվներն են:

Ավելին, Մաքսային միություն, իսկ այնուհետեւ` Եվրասիական տնտեսական միություն մտնելու իր որոշման մասին հայտարարելով` հայկական կողմը քանիցս ընդգծել է, որ հավանություն է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ազատ տնտեսական գոտու ստեղծման անհրաժեշտության մասին առաջարկությանը: Այսինքն` Հայաստանի քաղաքական ղեկավարությունն իր օրինակով բացահայտ հայտարարում էր, որ կարելի է սերտ դաշնակցային հարաբերությունների մեջ լինել Ռուսաստանի հետ, լինել ՀԱՊԿ անդամ, մտնել Եվրասիական տնտեսական միություն, բայց եւ միաժամանակ խորացնել հարաբերությունները Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի հետ, ակտիվորեն մասնակցել ծրագրերի` ՆԱՏՕ շրջանակում եւ այլն:

- Այսինքն` Հայաստանի արտաքին քաղաքականության կոմպլեմենտար բաղադրիչը խանգարո±ւմ է ղարաբաղյան հակամարտությունը որպես հակառուսական տարր օգտագործելուն:

- Հայաստանի գործող իշխանությունների ներկա դիրքորոշման եւ նրանց վարած քաղաքականության պարագայում դա անհնար է: Պատճառն այն է, որ մենք չենք հակազդում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների առաջադրած համաձայնեցված սկզբունքներին: Գնդակն Ադրբեջանի կողմում է, իսկ նրանք, ցավոք, արդեն որերորդ տարին ապակառուցողականություն են ցուցաբերում: Պատահական չէ, որ Բաքվում եղած ժամանակ ես հարցազրույց տվեցի տեղական լրատվամիջոցներին, որտեղ հստակ ասացի հետեւյալը. եթե ադրբեջանական կողմն անկեղծ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ցանկության մեջ, ապա թող ինքնիշխան, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` Ադրբեջանի եւ Հայաստանի հետ միասին, դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ: Դա, բնականաբար, իր հետեւից կբերի բոլոր սահմանների բացում երեք պետությունների միջեւ, խթան կհանդիսանա տնտեսության ոլորտում միասնական օրենսդրական դաշտի ստեղծման համար: Ավելին, դա այնքան էլ չի հակասում Ադրբեջանի գլխավոր դաշնակցի` Թուրքիայի շահերին: Վերջինը, ինչպես հայտնի է, Վիետնամի, Իսրայելի, Սիրիայի հետ միասին, բավական մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ԵԱՏՄ-ի հանդեպ, ինչի մասին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նախավերջին խորհրդաժողովում ասաց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: ԵԱՏՄ տարածք մտնելուն, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական կապեր ստեղծելուն պես` նրանք, բնականաբար, պաշտպանված կլինեն ռազմաքաղաքական դաշինքով, որի անունն է ՀԱՊԿ: Դա նվազագույնի կհասցնի մեր տարածաշրջանում ռազմական լարվածության ծագման հնարավորությունը: Այս առաջարկը չընդունելն անուղղակի ապացույցն է այն բանի, որ ինչ-որ մեկը չափից ավելի է շահագրգռված Անդրկովկասի տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ: Նմանատիպ բոլոր հակամարտություններից ղարաբաղյանը, որ պարտադրվել է Ադրբեջանի եւ նրա հովանավորների կողմից, ունիկալ է նրանով, որ ինքնիշխան, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքը, իր ուժերով, առանց դրսից օգնության (ինչ-որ խաղաղարար զորակազմերի իմաստով), չնայած Ադրբեջանի կողմից հրահրվող ռազմական սադրանքներին, ապահովում է խաղաղությունն իր սահմանների ողջ պարագծով: Այս փորձը եզակի է, եւ այն կարելի է օգտագործել այլ հակամարտություններում, որոնք, ցավոք, գոյություն ունեն աշխարհում:

- Փաստորեն, Հայաստանը, ըստ Ձեզ, հանդես է գալիս Անդրկովկասում Ռուսաստանի շահերի ապահովման երաշխավորի դերում` մի կողմից եւ որպես կայունության երաշխավոր` մյուս կողմից:

- Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում ամրապնդում է Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում եւ բացառում է հակամարտությունը նրա շահերի խափանման համար օգտագործելու հնարավորությունը: Հենց Հայաստանը տրվի ադրբեջանական կողմի սադրանքներին, ներքաշվի տառացիորեն ամեն օր հրահրվող մարտական գործողություններին, դրանք անխուսափելիորեն պարարտ հող կստեղծեն տարածաշրջան խաղաղարար ուժեր մտցնելու հարցի քննարկման համար: Բնականաբար, դա կարվի` հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական դասավորությունը: Ադրբեջանի թիկունքին կանգնած են Թուրքիան եւ ՆԱՏՕ-ն, Հայաստանի թիկունքին` Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը: Խաղաղարարների զորակազմ մտցնելը տարածաշրջանի երկարատեւ ապակայունացման սկիզբը կհանդիսանա: Հետեւաբար, Հայաստանի կշռադատված դիրքորոշումը բխում է ինչպես Երեւանի, այնպես էլ Մոսկվայի, ինչպես նաեւ Ստեփանակերտի շահերից: Մենք պատերազմ չենք ուզում, որովհետեւ մեզ համար մարդու կյանքը սրբություն սրբոց է: Մենք հնագույն քրիստոնեական քաղաքակրթություններից մեկն ենք, եւ մեզ համար շատ թանկ է յուրաքանչյուր զինվոր, յուրաքանչյուր քաղաքացի կորցնելու գինը: Դա, առանց չափազանցության, համազգային ողբերգություն է: Տեսեք, թե որքան ցավագին են ապրում յուրաքանչյուր զինվորի կորուստը ՀՀ նախագահը, պաշտպանության նախարարը, ողջ ժողովուրդը: Պաշտպանության նախարարը մասնակցում է դիպուկահարների կրակոցներից զոհված զինծառայողների հուղարկավորություններին, այցելում է վիրավորներին հոսպիտալներում, հանդիպում է զոհված զինվորների ծնողների հետ: Մենք գիտակցում ենք, որ Ցեղասպանություն վերապրած ազգը պարտավոր է այսուհետ եւս ցույց տալ ողջ աշխարհին, որ ամենախաղաղասեր եւ ազատասեր ժողովուրդն է, որի գաղափարական պարադիգմը հիմնված է գթասրտության քրիստոնեական արժեքների վրա: Եվ այսօր աշխարհում ոչ մեկի համար գաղտնիք չպետք է լինի, որ մեր ժողովուրդը հաղթանակ է տարել Ադրբեջանի սանձազերծած պատերազմում միայն մի պատճառով` ադրբեջանցիները մարտնչում էին հանուն ՙիրենց ինչ-որ տարածքների՚, իսկ հայերը` հանուն Հայրենիքի:

- Այդ դեպքում տրամաբանական է այն պնդումը, որ Հայաստանի տարածաշրջանային հակառակորդը, այսինքն` Ադրբեջանը, հանդես է գալիս լրիվ հակառակ դիրքերից:

- Ահա արդեն 20 տարի է անցել Բիշքեկի համաձայնագրի ստորագրման պահից, իսկ մենք դեռ լսում ենք մեկը մյուսին փոխարինող ադրբեջանցի նախագահների ռազմատենչ հայտարարությունները: Այս ուղղությամբ հատկապես աչքի է ընկնում գործող նախագահ Իլհամ Ալիեւը... Նա մշտապես խոսում է Ադրբեջանի ռազմականացման գործում ունեցած հաջողությունների, հարձակողական սպառազինության խոշոր խմբաքանակների գնման մասին: Նա խոսում է այն մասին, որ Մինսկի խումբը ոչինչ չի անում, իսկ Ադրբեջանը կարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով: Ցավոք, Ափշերոնյան քաղաքական գործիչների ռազմաշունչ հռետորաբանությունը երբեք չի կասեցվել միջնորդների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: Ավելին, մենք դատապարտող խոսքեր չենք լսում այն ուժերի կողմից, որոնք այժմ հանդես են գալիս խաղաղության աղավնիների, արդարության եւ ՙթավշյա՚ այլ հասկացությունների հաստատման դիրքերից: Ավաղ, ահա արդեն երկրորդ տասնամյակն է` ոչ ոք այդպես էլ չի շշպռել պաշտոնական Բաքվին` հակահայկական, հայատյաց քաղաքականության համար, որն ընկած է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում: Բոլորն աչք են փակում այդ երկրի պաշտոնական քարոզչության վրա, որն ադրբեջանական հասարակությանը պատերազմի է պատրաստում, բայց չէ± որ դա տեղի է ունենում երկրի համատարած ռազմականացման ֆոնին, ինչն սպառնում է արյունահեղության վերականգնմամբ: Զենք կարելի է ձեռք բերել որտեղից ասես, առաջարկի դեֆիցիտ չկա, բայց հասարակությանը պատերազմի պատրաստելուց ավելի վտանգավոր բան չկա, մանավանդ երբ դա արվում է բացահայտ, երբ այդ մասին խոսվում է միջազգային բարձր ամբիոններից: Ես ինքս եմ դրա ականատեսը եղել, երբ նախագահ Ալիեւը ԵԱՀԿ ԽՎ ամբիոնից, կառույց, որը կոչված է պաշտպանելու անվտանգությունը եւ համագործակցությունն իր տարածքում, հանդես եկավ այդ ռազմատենչ ոգով` չբացառելով ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը:

- Դուք խոսեցիք Թուրքիայի եւ ԵԱՏՄ-ի հետ նրա հնարավոր մերձեցման մասին: Բացի այդ, մի տարածաշրջանային տերություն էլ կա` Իրանը: Ի±նչ կարելի է ասել նրանց մասին մեր զրույցի համատեքստում:

- Թուրքիան հիանալի հասկանում է, որ Եվրոպական միություն տանող ճանապարհն իր համար փակ է: Այդ մասին հայտարարել են թե° Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, թե° Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, թե° նրա հաջորդը` Օլանդը, շատերը: Անկարան այժմ Արեւմուտքին ցույց է տալու, որ լրջորեն մտադիր է մտնել Եվրասիական տնտեսական միություն: Նպատակը այլընտրանքի առկայության ցուցադրումն է եւ Եվրամիության հետ իր հարաբերություններում ինչ-որ արտոնությունների շուրջ սակարկելը: Բացի այդ, Թուրքիայի երկդիմի քաղաքականությունը, որն իր իսկական դեմքը ցույց տվեց Լիբիայի, Եգիպտոսի, Սիրիայի արյունալի իրադարձությունների ժամանակ, վնասեց նրա իմիջին, իսկ ՙԶրո խնդիրներ հարեւանների հետ՚ դոկտրինի ձախողումից հետո, որի հեղինակն արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն էր, այդ երկիրը բախվեց էլ ավելի մեծ խնդիրների հարեւան պետությունների հետ: Այս պայմաններում Թուրքիային անելու ոչինչ չի մնում` իր եզակի աշխարհագրական դիրքի վրա հաշվարկ կառուցելուց բացի: Անկարան անպայման կօգտվի Ռուսաստանի, ինչպես նաեւ ԵՄ-ի համար իր պահանջվածությունից` կապված ինչպես ՙՀարավային հոսք՚ գազամուղի (որն անցնելու է նրա տարածքային ջրերով), այնպես էլ Տրանսանատոլիական եւ Տրանսադրիատիկ գազամուղների հետ:Այդ երկրի ղեկավարությունը հիանալի հասկանում է, որ թուրքմենա-ադրբեջանական գազը, մանավանդ ադրբեջանական ՙՇահ Դենիզ-2՚ հանքավայրինը` տարեկան 16 մլրդ խորանարդ մետր ծավալով, կրկին հարավային եւ արեւելյան Եվրոպայի տերմինալներ է մղվելու Թուրքիայի տարածքով: Հայտնի է, որ ԵՄ երկրներին գազի մատակարարման դիվերսիֆիկացիան (անգամ փոքր ծավալներով) Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին շատ հրատապ է Եվրոպայի համար: Բնական է, որ Անկարան փորձելու է առավելագույնը քաղել այս իրավիճակից:

Ռուսաստանն, իր հերթին, հիանալի հասկանում է, թե ինչ է նշանակում Թուրքիան Ղրիմում արհեստականորեն արծարծվող խնդիրների առկայության պարագայում: Խոսքը Ղրիմի թաթարների մասին է, որոնք Ղրիմի` Ռուսաստանին միացմամբ հասան նրան, ինչի հույսն ուրիշ որեւէ այլ պայմաններում ունենալ չէին կարող. նրանց լեզուն պետական է ճանաչված Ղրիմի Հանրապետությունում: Նրանց դերը, մի շարք հայտնի հանգամանքների բերումով, ներկայում աճել է, իսկ դա այն գործոնն է, որն իր նպատակների համար առանց օգտագործվելու չի մնա Թուրքիայի կողմից: Այս պայմաններում Հայաստանի դերը, նկատի ունենալով ոչ միայն տարածաշրջանային տերությունների, այլեւ առհասարակ Արեւմուտքի շահերի միահյուսումը, բացառիկ է: Եվ այս ֆոնին հարկ է խոստովանել, որ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը լուրջ գործոն է: Թուրքական զինվորական ստրատեգները, մինչեւ իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում զգալիորեն ուժեղացնելուն ուղղված ինչ-որ քայլեր ձեռնարկելը, 10 անգամ կմտածեն, օրինակ` մտցնե±ն իրենց երրորդ ցամաքային բանակը Նախիջեւան, թե ի խախտումն Մոնթրեի 1936թ. կոնվենցիայի` թույլատրեն, որ Սեւ ծով մտնեն ԱՄՆ եւ ՆԱՏՕ բազմատոննանոց ռազմանավերը... Բնականաբար, այս բոլոր հարցերը մեր դաշնակից Ռուսաստանը երբեք ուշադրությունից դուրս չի թողնի, անգամ եթե հաշվի առնենք, որ արդի փուլում որոշակի տարածաշրջանային հիմնախնդիրների տեսլականը Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերի համընկնումն է: Չէ± որ եթե ավելի քան 20 տարի առաջ չլիներ ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Եվգենի Շապոշնիկովի կոշտ նախազգուշացումը, թուրքական 3-րդ ցամաքային բանակը, որ տեղակայված էր Հայաստանի հարավային սահմանին` Նախիջեւանում, տառացիորեն հրամանի էր սպասում սահմանը հատելու համար` ՙՆախիջեւանը պաշտպանելու՚ մտացածին պատրվակով:

Ինչ վերաբերում է Իրանին, մենք, իհարկե, խոսելով տարածաշրջանային անվտանգության մասին, ոչ մի պարագայում չպետք է անտեսենք Հայաստանի համար բարեկամական տարածաշրջանային այդ տերության կարեւոր գործոնը: Չնայած որոշակի երկրների կողմից Իրանի հանդեպ վերաբերմունքում առկա համապատասխան դժվարություններին` այդ պետությունը միշտ իր կոնկրետ գործողություններով նպաստել է տարածաշրջանում ռազմական գործողություններ չհրահրելուն: Իրանի Իսլամական Հանրապետության հետ անկախ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների ողջ պատմության ընթացքում Իրանը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից, որքանով որ դա հնարավոր է եղել տվյալ կոնկրետ պատմական շրջանում: Դա տարածաշրջանային լիդեր է, որը նպաստում է խաղաղության եւ կայունության պահպանմանը Հարավային Կովկասում:

Այսպիսով, ակնհայտ է, որ Անդրկովկասում ստեղծված իրավիճակը բազմաշերտ է եւ հագեցած տարբեր նրբություններով, որոնց մասին դատելը միշտ չէ, որ նպատակահարմար է: Բայց մի բան հաստատ հայտնի է, որ Ռուսաստանը եւ Հայաստանն Անդրկովկասում խաղաղության հիմնական երաշխավորներն են: Ես չսխալվեցի` Ռուսաստա°նը եւ Հայաստա°նը: Եվ դա` հիմնականում շնորհիվ այն բանի, որ մեր պետություններն անվերապահորեն հետեւում են իրենց ստանձնած դաշնակցային պարտավորություններին, որոնք տարեցտարի համալրվում են նաեւ հոգեւոր բաղադրիչով: Հավանաբար, ռուսական 102-րդ ռազմակայանի, ինչպես նաեւ Էրեբունի ավիաբազայի զինծառայողները կկարողանան հաստատել, որ մեր ժողովուրդների զինվորական եղբայրությունն էլ ավելի է խորացրել մեր քաղաքակրթական հոգեհարազատությունը: Չէ± որ մենք ընդհանուր քաղաքակրթական արմատներ ունենք, ընդհանուր քրիստոնեական գթասրտություն, ընդհանուր հակում արդարության հանդեպ: Սա վկայում է Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմաստրատեգիական գործընկերության անսասանության մասին: Եվ ամենեւին պատահական չէ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս արգենտինական Clarin պարբերականին տված հարցազրույցում պատասխանելով թղթակցի` ռուսական կողմից Ադրբեջանին վաճառած սպառազինությունների մասին հարցին, ասել է. ՙՄեզ համար դա ցավոտ թեմա է, իսկ մեր ժողովուրդը շատ է մտահոգված այն փաստով, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին: Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանը բավականաչափ խելք եւ ուժ ունի, որպեսզի պաշտպանի իր սահմանները: Չնայած նրան, որ Ռուսաստանը Բաքվին զենք է վաճառում, եթե ժամանակը գա, եթե այն կգա, Ռուսաստանը հանձն կառնի իր ստանձնած պարտավորությունները՚: Ես հատուկ մեջբերեցի այս հատվածը Հայաստանի նախագահի հարցազրույցից, քանի որ եթե այժմ ծանոթանալու լինենք հայտնի ուղղվածությամբ հայկական կայքերի տեղեկատվական հաղորդագրությունների բովանդակությանը, ապա դրանք գրեթե բոլորն էլ մեջբերում են Սերժ Սարգսյանի հայտարարության միայն առաջին մասը, որտեղ խոսվում է Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու հետ կապված մտահոգության մասին: Այնինչ, միանգամայն հասկանալի պատճառներով հայ գրանտակերները զլանում են վերծանել Հայաստանի նախագահի խոսքերի իմաստը Ռուսաստանի պարտավորությունների մասին: Արժեր նրանց ներկայացնել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի այն հատվածը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է. ՙԵթե (Պայմանագրի) մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի (նրա անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա դա մասնակից պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Ցանկացած մասնակից պետության դեմ ագրեսիայի դեպքում մյուս բոլոր մասնակից պետություններն այդ պետության խնդրանքով անհապաղ նրան են տրամադրում անհրաժեշտ օգնություն, ներառյալ` ռազմական, ինչպես նաեւ ցուցաբերում են աջակցություն իրենց տրամադրության տակ եղած միջոցներով` ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգով՚: Ավելի համոզիչ չես ասի, բայց լրատվամիջոցների հակառուսական քարոզչական ողջ վակխանալիայում (որ ֆինանսավորվում են արտասահմանից) ՙվշտացնում է՚  ոչ միայն պրոֆեսիոնալիզմի բացակայությունը, այլեւ արգենտինական պարբերականին մեր նախագահի տված հարցազրույցի անգրագետ մեկնաբանությունը: Թվում էր, որ եթե տարածքային առումով հեռու, բայց Հայաստանին ու հայ ժողովրդին հոգով հարազատ, բարեկամական Արգենտինայում տեղի Clarin պարբերականի թղթակիցը հարց է տալիս Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառման հանդեպ մեր վերաբերմունքի մասին, ապա դա նշանակում է, որ այդ հարցը հուզում է, առնվազն, Արգենտինայի 150 հազարանոց հայկական սփյուռքին: Ասել է, թե` դա չի կարող չանհանգստացնել հայ ժողովրդին, լինի Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում, թե Լիբանանում, այսինքն` բազմամիլիոնանոց հայկական սփյուռքում: Թող, ուրեմն, ողջ աշխարհի հայությունն իր նախագահի խոսքերից համակվի պաշտպանվածության զգացումով, որը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կկատարի ստանձնած պարտավորությունները: Երաշխավորները Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներն են, մեր երկրների ժողովուրդները, որոնք նույն ճակատագիրն ունեն. հաղթել` սանձելով պատերազմը:

- Հայաստանի ո±ր դիրքորոշումն է, ըստ Ձեզ, ավելի օպտիմալ կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում:

- Հայաստանի համար անպայման շահող կլինի հետեւյալ տարբերակը. եթե մեր երկիրը, որ հայտարարել է ԵԱՏՄ մտնելու ձգտման, Եվրոպական միության երկրների հետ հարաբերությունները խորացնելու մտադրության մասին, կարողանա իր օրինակով ցույց տալ աշխարհին բարեկեցիկ երկրի կառուցման արդի մոդելը, աշխարհին ներկայանալ նոր լույսով, իր օրինակը վարակիչ դարձնել մյուս երկրների համար: Հավատացե°ք, եթե նման բան պատահի, իսկ դա մենք ի զորու ենք անել, տասնյակ այլ երկրներ հետաքրքրություն կցուցաբերեն ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի շահերի ներդաշնակման այդ եզակի փորձի հանդեպ: Խոսքն այն մասին է, որպեսզի օրինակ ցույց տրվի, թե ինչպես է հնարավոր հասնել տնտեսության զարգացման, ժողովրդի բարեկեցության աճի բարձր արդյունքների այն դեպքում, երբ մեր բարդ աշխարհում պետությունների քաղաքականությունը կառուցվում է ոչ թե ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի շահերի հակասությունների, այլ դրանց համադրման հիման վրա` առանձին վերցրած երկրի համատեքստում: Այդ դեպքում, հնարավոր է, Ադրբեջանը նույնպես անկեղծորեն կցանկանա մտնել Եվրասիական տնտեսական միություն: Թեեւ այս երկրի պարագայում կան մի շարք վերապահումներ` մարդկանց ոչ մեծ խմբի ձեռքում հսկայական հարստությունների կուտակման բարձր աստիճանը եւ այլն: Մի խոսքով` այդ երկրի յուրահատկությունը հայտնի է: Այնուամենայնիվ, Հայաստանի օրինակով կարելի է աշխարհին ապացուցել, որ համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների միջեւ առճակատումը եւ դիմակայությունն ունեն իրենց այլընտրանքը` համագործակցությունն ու արարումը:

 

ԷՄԻԼ ԲԱԲԱՅԱՆ

REGNUM News Agency

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր