ՙՆՐԱՆՔ ԽՈՐՈԶԼԱՄԻՇ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ՚
01.07.2014. Իրավունք
Օրերս հայկական 5 հոգանոց պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Բաքու է մեկնել: Երեկ ՙԻրավունքը՚ ուղիղ կապ հաստատեց պատվիրակության կազմում ընդգրկված ԱԺ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ: Նախ` պարոն Գեղամյանից հետաքրքրվեցինք` ճի±շտ են այն տեղեկությունները, որ ելույթի ժամանակ միկրոֆոնն անջատել են, ասաց.
-Բացարձակապես նման բան չի եղել, իրենք արհեստականորեն ասացին, որ ռեգլամենտ է, սակայն երբ նկատեցին, որ ես բարձրաձայն շարունակում եմ իմ ելույթը, անմիջապես միացրին եւ զգուշացրեցին, որ միտքն ամփոփելու համար ունեմ 30 վայրկյան: Իսկ երբ 17 վայրկյան հետո անջատեցին, ես հակադարձելով, ասացի, որ հարկավոր չէ ժամանակը արհեստականորեն առաջ գցել, կարճ կյանք կունենաք:
- Ինչ մթնոլորտ է տիրում թշնամի երկրում` հայկական պատվիրակության ժամանման հետ կապված:
- Մեր ժամանման օրը` հունիսի 27-ին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը եւ գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը նախ շնորհակալություն հայտնեցին հայկական պատվիրակությանը` իրենց անհատական հրավերն ընդունելու համար: Այդ ժամանակ ես իրենց ասացի, որ այն վարքագիծը, որը դրսեւորել էր ադրբեջանական կողմը` ԵԽԽՎ-ում վերջերս կայացած նստաշրջանում, երբ Ադրբեջանի նախագահն իրեն վերապահեց անվանարկել մեր երկրին, իշխանություններին, ես զգուշացրեցի, որ եթե նա իրեն նման բան թույլ տա, ապա համոզված եղեք, որ ձեւը կգտնեմ եւ ամենակոշտ ձեւով հակահարված կհասցնեմ:
Ինձ հավաստիացրեցին, որ նման բան տեղի չի ունենա, ասել կուզեին, որ կան որոշակի պայմանավորվածություններ, եւ հյուրընկալող կողմը կլինի հնարավորինս կոռեկտության սահմաններում: Իսկ հաջորդ օրը, երբ ելույթ ունեցավ այդ երկրի նախագահը, իհարկե անհամեմատելի էր ԵԽԽՎ-ի իր ելույթին, ասաց այն, ինչ ասում է արդեն 20 տարուց ավել. 20 տոկոս հողերը, փախստականների հարցը, եւ որ ադրբեջանական տարածքում են գտնվում ԼՂՀ-ի հողերը, ինչպես նաեւ հպանցիկ անդրադարձ կատարեց Խոջալուին: Նրա ելույթի հենց հաջորդ օրը դաժան, ջախջախիչ ու հեգնական տոնով ես քննադատության ենթարկեցի իրեն, ինչը անշուշտ համոզիչ էր: Ներքին համոզմունք ունեմ, որ, հավանաբար, իրենք փոշմանեցին, որ վերը նշված հիշատակումները կատարեցին, որովհետեւ, երբ դու Բաքվում ներկայացնում ես` հղում անելով Խոջալուի դեպքերը, ոչ թե այս կամ այն հայկական աղբյուրի վրա, այլ այն տարիների առաջնորդ Այազ Մութալիբովին տրված հարցազրույցով, որը նա տվել էր ոչ թե հայկական կամ ադրբեջանական լրագրողին, այլ ազգությամբ չեխի, որտեղ նա ուղղակիորեն ասում է, որ հայկական կողմը խաղաղ միջանցք էր թողել, որպեսզի բնակչությունը Խոջալուից դուրս գա: Իսկ Ադրբեջանը, որը սերտաճած էր ժողովրդական ճակատի հետ, նրանք այդ սպանդը կազմակերպեցին, որպեսզի հեղափոխություն տեղի ունենա: Ինչ վերաբերում է այն թեզին, թե ՀՀ-ն ու ԼՂՀ-ն ադրբեջանական պատմական հողերի վրա են գտնվում, հակադարձեցի հետեւյալ կերպ, որ եթե այս բանի մասին իմանային հին պատմիչներ Քսենոֆոնը եւ Գեոդոպը, ինչպես նաեւ այլ ճշտապահ պատմիչներ, խորը հիասթափություն կապրեին: Իսկ այն թեզը, որ Երեւանն էլ է ադրբեջանական տարածք եղել, նշեցի, որ բավական է չզլանալ եւ ծանոթանալ աշխարհահռչակ ֆրանսիացի գեղանկարչ Սիմեոն Շարդենի այն կտավին, որը պահպանվում է Երեւանի պատմության թանգարանում, որտեղ պատկերված է 18-րդ դարի Երեւանը, որտեղ պատկերված են եկեղեցիներ, եւ որեւէ մզկիթ չկա:
- Հայրենի արեւմտամետներն այս օրերին իրենց վերլուծություններն են ներկայացրել` նշելով, որ ձեր ելույթներից հետո, ամենայն հավանականությամբ, ԼՂՀ-ն կհանձնվի Ադրբեջանին:
- Բնականաբար, իրենք իսկ գիտակցում են իրենց ֆիասկոն, ովքեր խորոզլամիշ են լինում Երեւանում, եւ նրանցից ոչ մեկը չի հանդգնել գալ Բաքու եւ 57 երկրների պատվիրակների առաջ ունենալ ջաղջախիչ ելույթ, որը ես տվեցի` ուղղված ոչ թե այս կամ այն նազիր-վեզիրին, այլ այդ երկրի առաջնորդին: Այդ ամենը դուք կարող եք տեսնել մեր կուսակցության կայքէջում:
Ինչ վերաբերում է հայաստանյան պատվիրակության անվտանգությանը, ապա ըստ պարոն Գեղամյանի. ՙՄեզ բավականին վստահ ենք զգում, բայց իհարկե չեմ էլ կարող ասել, որ իրենց աչքի լույսն ենք՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ