ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԱՆԴՐԿՈՎԿԱՍՆ ԱՆՇՐՋԵԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
03.06.2014, Իրավունք,
03.06–04.06.2014, Հայոց աշխարհ
Խորհրդանշական է, որ այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, իմաստավորում ես սեփական պատասխանատվությունդ երեխայի իրավունքների պաշտպանության գործում, որպեսզի բոլոր երեխաները մեծանան երջանիկ, սովորեն, զբաղվեն սիրելի գործով, իսկ ապագայում դառնան հիանալի հայրեր և մայրեր, իրենց երկրի արժանավոր քաղաքացիներ։ Եվ այս շնորհակալ գործում դժվար է գերագնահատել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դերը, որի գործունեությունը նպատակաուղղված է հակամարտությունների կանխմանը, ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը, հակամարտությունների հետևանքների վերացմանը։ Հիշեցնենք, որ այս կազմակերպության հիմնական մարմիններից մեկը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն է (ԵԱՀԿ ԽՎ), որը ս.թ. հունիսի 28-ից մինչև հուլիսի 2-ը Բաքվում անցկացնելու է 23-րդ Ամենամյա նստաշրջանը՝ «Հելսինկի + 40. նպատակը յուրաքանչյուր մարդու անվտանգությունն է» կարգախոսով։ Անկասկած, ԵԱՀԿ 57 անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակություններից յուրաքանչյուրն ասելիք ունի գործընկերներին՝ նպատակ ունենալով իր պատկառելի ավանդը ներդնել այն փաստաթղթերի մշակման գործում, որոնք կնպաստեին, որպեսզի մեր երկրները հասնեն այն վեհ նպատակների իրագործմանը միջազգային-իրավական, ռազմաքաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում, որոնք դրված են Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի Եզրափակիչ ակտի հիմքում, և որի ընդունման 40-ամյակը հանդիսավորապես նշվելու է 2015թ. Հելսինկիում։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը, համաձայն հաստատված ավանդույթի, առանձնակի պատասխանատվությամբ է վերաբերվում իր աշխատանքին ԵԱՀԿ ԽՎ-ում։
Սակայն Ադրբեջանում ծավալվող վերջին իրադարձությունները մտորելու տեղիք են տալիս ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքվում կայանալիք Ամենամյա նստաշրջանին մեր մասնակցության նպատակահարմարության մասին։ Եվ մենք դրա համար փաստարկներ ունենք։ Այս հաշվով հայկական պատվիրակության ունեցած կասկածները ես ներկայացրել եմ ս.թ. մայիսի 20-ին ԵԱՀԿ ԽՎ նախագահ, հարգարժան Ռանկո Կրիվոկապիչին և ԵԱՀԿ ԽՎ Գլխավոր քարտուղար, բազմափորձ Սփենսեր Օլիվերին գրած նամակում։ Որպեսզի մեր ընթերցողներին պարզ լինի, մեջբերում եմ նամակիս տեքստը։
ԵԱՀԿ Խորհրդարանական Խորհրդարանական վեհաժողովի Նախագահ պրն
Ռանկո Կրիվոկապիչին
ԵԱՀԿ վեհաժողովի Գլխավոր քարտուղար պրն Սփենսեր Օլիվերին
ԵԱՀԿ ԽՎ մեծարգո Նախագահ,
Մեծարգո Գլխավոր քարտուղար
Օգտվելով առիթից՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (ՀՀ ԱԺ) պատվիրակության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և հանձին Ձեզ՝ Միջազգային քարտուղարությանը՝ ԵԱՀԿ ԽՎ 21-րդ և 22-րդ Ամենամյա նստաշրջանների հիանալի կազմակերպման, մեր պատվիրակության արդյունավետ աշխատանքին անհրաժեշտ բոլոր պայմանների ստեղծման համար։
Միևնույն ժամանակ, մենք բնավ վստահ չենք, որ Բաքվում, ԵԱՀԿ ԽՎ 23-րդ Ամենամյա նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների անվտանգության ապահովման և հայկական պատվիրակության աշխատանքի համար կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները։
Հայաստանի պատվիրակության երկյուղները հիմնված են փաստերի վրա, որոնք պերճախոս վկայում են Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող և շարունակվող հայատյաց պետական քաղաքականության մասին, որն առանձնապես անզուսպ է դարձել վերջին տարիներին։ Ասվածի համոզիչ վկայությունն է ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, որը կացնի 16 հարվածով սպանել էր հայկական բանակի սպա, իր հետ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացներին մասնակցող Գուրգեն Մարգարյանին։
Լուրջ մտահոգություն են առաջացնում նաև այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման առաջնորդների՝ ադրբեջանական պետական քարոզչությամբ խրախուսվող ռազմաշունչ ելույթները։ Հայերի հանդեպ նրանց թշնամական գործողությունները, ինչպեսև ամեն տեսակ լրագրողների, քաղաքական գործիչների ու պաշտոնական անձանց հայատյաց հոդվածներն ու հայտարարությունները լայնորեն տարածվում են ադրբեջանական ԶԼՄ-ներում։
Մեզ խիստ տագնապեցնում են նաև Ադրբեջանի տարածքից Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի սահմանամերձ գյուղերի շարունակվող գնդակոծումները դիպուկահարների կողմից, ինչի հետևանքով զոհվում են մեր խաղաղ քաղաքացիները։
Մտահոգիչ է նաև ս.թ. հունիսի 26-ին՝ ԵԱՀԿ ԽՎ 23-րդ Ամենամյա նստաշրջանի նախօրեին նախատեսված լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումն Ադրբեջանում, որոնք, որպես կանոն, ուղեկցվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Ադրբեջանի սահմանին կազմակերպվող ռազմական սադրանքներով։
Վերն ասվածը նկատի ունենալով՝ մենք ակնկալում ենք Ձեր սկզբունքային դիրքորոշումը և գործողությունները, որոնք կապահովեն Բաքվում անցկացվելիք 23-րդ Ամենամյա նստաշրջանում Հայաստանի պատվիրակության անվտանգության ապահովումը և պատշաճ աշխատանքային պայմանները։
Հարգանքով՝ Արտաշես Գեղամյան,
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար
Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահն արդեն մայիսի 28-ին արձագանքել էր իմ նամակին, ընդ որում՝ ըմբռնումով, անկեղծությամբ և մտահոգությամբ։ Ի դեպ, պարոն Ռանկո Կրիվոկապիչի նամակի տեքստն ամբողջությամբ նույնպես ներկայացնում եմ մեր ընթերցողների ուշադրությանը։
Պրն Արտաշես Գեղամյանին
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարին
Հարգարժան պրն Գեղամյան
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր 2014թ. մայիսի 20-ի նամակի, ինչպես նաև ԵԱՀԿ ԽՎ աշխատանքի հանդեպ Ձեր պատվիրակության կողմից մշտապես ցուցաբերվող հետաքրքրության համար։ Խորհրդաժողովի և ինձ՝ որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահի համար առաջնահերթ կարևորություն ունի Վեհաժողովի աշխատանքներին պատվիրակությունների բոլոր անդամների արդյունավետ մասնակցության պայմանների ստեղծումը։
Ձեր անվտանգության ապահովման հարցերի հետ կապված երկյուղներս կիսեցի Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահ պրն Ասադովի հետ, որը հավաստիացրեց ինձ, որ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները Բաքվում Ամենամյա գագաթաժողովի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Ձեզ եմ ուղարկում նամակի բնօրինակը՝ անգլերեն թարգմանության հետ միասին՝ թողնելով Ձեր հայեցողությանը։
ԵԱՀԿ-ի համար այս դժվար ժամին կուզենայի ողջունել Ձեզ Բաքվում մեր Ամենամյա գագաթաժողովում։
Անկեղծ հարգանքով՝
Ռանկո Կրիվոկապիչ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ
Թվում է՝ հարցն սպառված է. Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ պրն Օքթայ Ասադովն անձամբ հավաստիացրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին, «որ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները Բաքվում Ամենամյա գագաթաժողովի մասնակիցների անվտանգությունը երաշխավորելու համար»։ Ավաղ, ցավով ուզում եմ փաստել, որ Միլի մեջլիսի նախագահի հավաստիացումները ոչ մի կերպ համահունչ չեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ս.թ. մայիսի 27-ին Հանրապետության օրվա առիթով հրավիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ հնչեցրած արտահայտություններին։ «Մեր մյուս ընկերոջ»՝ Ալիևի խոսքերն այլ կերպ, քան ցինիզմ, սրբապղծություն և միջազգային անվտանգությանն ուղղված մարտահրավեր չես բնութագրի. «Քանի դեռ Հայաստանի ղեկավարությունում քրեական, կոռումպացված դիկտատորական վարչակազմը կլինի, Հայաստանի դրությունն էլ ավելի է դժվարանալու։ Եվ եթե հայ ժողովուրդը ցանկանում է հետագայում հարևանների հետ բարեկամության մեջ ապրել, ապա սկզբում պետք է հրաժարվի քրեական, արնատենչ, ապօրինի ռեժիմից, ուղարկել նրան պատմության պահոցը։ Հայաստանը պարտավոր է հեռանալ զավթած հողերից, հակառակ դեպքում այդ երկրի ճակատագիրը մռայլ կլինի... Եթե Հայաստանը չի ուզում, որ սկսվի պատերազմի երկրորդ փուլը, ապա պետք է ճիշտ եզրահանգում անի և ինքնակամ հեռանա զավթած հողերից։ Հնարավոր է՝ այդ ժամանակ քարտեզին կմնա անկախ հայկական պետությունը»։ Ըստ երևույթին, Ադրբեջանի նախագահը, խոսելով «քրեական, կոռումպացված, դիկտատորական վարչակազմի մասին», նկատի ուներ «Ադրբեջանական ամերիկացիները՝ հանուն դեմոկրատիայի» ոչկառավարական կազմակերպության (AZAD) մերկացումները, կազմակերպություն, որը պարբերաբար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հարստությունների հետաքննություն է անցկացնում։ Կամ գուցե նկատի ուներ «Ազատություն« ռադիոյի լրագրողուհի Խադիջա Իսմայլովայի՝ քաղաքակիրթ ողջ աշխարհում մեծ աղմուկ հանած հետաքննությունը, կամ գուցե «Վաշինգթոն փոսթ» թերթի հետաքննությունը Դուբայում վիթխարածավալ անշարժ գույքի սեփականության մասին, թե՞ նկատի ուներ վերջին ժամանակների անվիճելի բեսթսելերը՝ CNBC հեռուստաընկերության «Անվայելուչ հարստություն» ռեպորտաժը (http://k4500.com/video/3024-dictator.html)։ Ադրբեջանի սուլթանությունում հաստատված բռնապետական կարգի մասին բավական շատ և համոզիչ է գրվել, ինչն, իհարկե, անհետևանք չի մնացել ադրբեջանցի իրավապաշտպանների, քաղաքագետների և լրագրողների համար։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինտերնետ-լրագրողների, բլոգերների, ինչպես նաև ավանդական ԶԼՄ-ների լրագրողների հետապնդումները դարձել են գերիշխող միտում, որը բնութագրում է Ադրբեջանի «ազատ մամուլում» տիրող իրավիճակը։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, նշենք, որ ս.թ. մայիսին ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բերը ԱՄՆ առաքելության կայքում հայտարարություն էր հրապարակել, որում ասվում է. «Մենք սևեռուն հետևել ենք Ադրբեջանի արձագանքին այն անհանգստության հետ կապված, որը հնչեցրել է Եվրամիությունը քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների, հետապնդումների և դատավճիռների առիթով, և պետք է ասենք, որ Ադրբեջանի բացատրությունները մեզ չեն բավարարում։ Ցավոք, Ադրբեջանի պարզաբանումները ձևակերպվել են այն նույն քաղաքականության, նույն օրենքների ու իրավաբանական ընթացակարգերի հիման վրա, որոնք էլ առաջ են բերել այդ անհանգստությունները»։ Բերն իր փաստաթղթում հիշեցրել է նաև ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի ս.թ. մայիսի 14-ի հայտարարությունը, որում նա նույնպես խոսում է Ադրբեջանում լրագրողների հետապնդումների մասին։ Ըստ Միյատովիչի՝ Ադրբեջանում ավելի քան 10 լրագրող բանտարկության մեջ է։ Սա ամենաբարձր ցուցանիշն է այն երկրների շարքում, որոնք դիտարկվում են ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի կողմից՝ գրասենյակի հիմնադրման օրվանից ի վեր։ Այս տագնապալի միտումը խանգարում է հետաքննող լրագրությանը և ստեղծում վախի մթնոլորտ, ասել է Դունյա Միյատովիչը։
Միանգամայն սպասելի էր ԱՄՆ Պետդեպարտամենտի արձագանքը նախագահ Ալիևի մայիսի 27-ի ռազմաշունչ ելույթին։ Մայիսի 30-ի ճեպազրույցում Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ալիևի վերջին հայտարարությունը, որում նա նախազգուշացնում էր Հայաստանին «մռայլ ճակատագրի» մասին, նշել է. «Թույլ տվեք ինձ նախ ասել, որ բորբոքված հռետորաբանությունը և հայտարարությունները, որոնք հակասում են մեր սկզբունքներին, սրում են լարվածությունը տարածաշրջանում և վնաս հասցնում խաղաղ գործընթացին»։
Որպեսզի մեծարգո Ռանկո Կրիվոկապիչն ավելի ամբողջական պատկերացում կազմի Ադրբեջանում տիրող մթնոլորտի, ԵԱՀԿ-ի հանդեպ այդ երկրի ղեկավարության վերաբերմունքի մասին, հիշեցնենք հետևյալը։ Վերջերս՝ մայիսի երկրորդ տասնօրյակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ադրբեջան կատարած այցելության ժամանակ, առաջին անգամ նրա ամբողջ պատմության ընթացքում նրանք Բաքվում չհանդիպեցին Ադրբեջանի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ, քանի որ վերջիններն այցով գտնվում էին Չինաստանում և Վիետնամում, չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման օրը նախօրոք պայմանավորված էր։ Միջնորդները ստիպված եղան բավարարվել միայն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Բայրամ Սաֆարովի հետ հանդիպումներով։ Սա ամենևին էլ պատահական չէ. ուզում են ասել, թե դիվանագիտական մակարդակով պայմանավորվելու բան չկա, խոսքը պատկանում է Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանը։
Այս ֆոնին մենք հատուկ նշանակություն ենք տալիս Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԱԲՏԽ)՝ վերջերս Աստանայում ավարտված նիստին, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրեցին պայմանագիր Եվրասիական տնտեսական միության մասին։ Քննարկվեց նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի հարցը։ Մասնավորապես, քննարկվեցին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախապատրաստման ընթացքի վերաբերյալ հարցերը։ ԵԱԲՏԽ նիստում ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, որն իր գործընկերներին դիմեց առաջարկությամբ. «Խնդրում եմ հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը: Հասկանալով, որ ժամկետը շատ սեղմ է, ձեր պատրաստակամության դեպքում, վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում մենք կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք կբավարարեն մեզ և մեր գործընկերներին»։ Ես ավելի քան վստահ եմ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, լիովին կիսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականն առ այն, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրումը «առանց չափազանցության, ունի հատուկ, դարակազմիկ նշանակություն», նպատակահարմար չհամարեց ՀԱՊԿ անդամ պետություններ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի առաջնորդների ուշադրությունը հրավիրել Իլհամ Ալիևի ս.թ. մայիսի 27-ին հնչեցրած ռազմաշունչ հայտարարություններին, «որպեսզի այնտեղ մեր ևս մեկ ընկերոջն Ադրբեջանում չգրգռենք»։ Ավելին, Սերժ Սարգսյանը շատ հարգանքով էր վերաբերվել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կոչին, որը 2013թ. դեկտեմբերին Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ կտրականապես դեմ էր արտահայտվել ապագա Եվրասիական տնտեսական միության քաղաքականացմանը։
Փորձագիտական հանրությունում տպավորություն է ստեղծվել, թե Ադրբեջանի նախագահի հանդեպ ընդգծված փափկանկատությունը ԵԱԲՏԽ նիստում, Եվրասիական տնտեսական միության յուրօրինակ ուղերձն է, քողարկված առաջարկություն Ադրբեջանին՝ միանալու Եվրասիական տնտեսական միությանը։ Մանավանդ այն սպառնալիքների ֆոնին, որոնք վերջերս հնչեցրեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։ Մայիսի կեսին «Ազատություն» ռադիոյի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նա ասել էր, թե Ադրբեջանում կարող են կրկնվել ուկրաինականի նման իրադարձություններ։ «Եթե կառավարությունն ավելի կոշտ քաղաքականություն վարի, թույլ չտա շնչել քաղաքացիական հասարակությանը, ապա մայդանի իրադարձությունները կարող են կրկնվել Բաքվում։ Եթե անգամ հիմա էլ չէ, ապա 5-10 տարի անց»։ Ընդ որում՝ բավական հետաքրքիր է, որ ԱՄՆ դեսպանը միաժամանակ հերքել է այն պնդումները, թե Վաշինգտոնը զոհում է դեմոկրատիան հանուն էներգետիկ շահերի՝ հայտարարելով. «Այդպես չէ։ Մենք չենք պատրաստվում Ադրբեջանից նավթ և գազ գնել։ Մենք պարզապես ուզում ենք Ադրբեջանի օգնությամբ թուլացնել Ռուսաստանի մոնոպոլիան Եվրոպայի գազի շուկայում»։ Կօգնի՞ արդյոք Ադրբեջանն իր ամերիկացի գործընկերներին անել դա։ Կարծում եմ՝ այո։ Չէ՞ որ Ուկրաինայի ճգնաժամի կարևոր դասերից մեկն էլ այն է, որ օլիգարխների հայրենիքն այն երկիրն է, որտեղ գտնվում են նրանց կապիտալները։ Այնտեղ՝ հարևան երկրում «ևս մեկ ընկերոջ» համար ԵԱՏՄ հիմնադիր պետություններն այդպիսին չեն, դրանք գտնվում են բավական հեռու արտասահմանում։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ս.թ. մայիսի 30-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հստակ զեկուցել է «Եվրոպայի գազի շուկայում Ռուսաստանի մոնոպոլիայի թուլացման» ջատագովներին. «Ադրբեջանը մտադիր չէ մտնել Եվրասիական տնտեսական միություն»։ Ափսոս, չէ՞ որ երկու ինքնիշխան պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միաժամանակյա անդամակցությունը Եվրասիական միությանը լավ հիմք կհանդիսանար Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։
Ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարության, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 31-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, որը վերաբերում էր Իլհամ Ալիևի՝ Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից կարդացված նամակին ԵԱՏՄ-ին անդամակցելու պարագայում Հայաստանի սահմանների հետ կապված, ասել է. «Նախ պետք է ասեմ, որ որևէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են և վերաբերում են մեր առևտրային հարաբերություններին... Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը՝ սա միանշանակ է»:
2013թ. նոյեմբերի 16-ին Ռուսաստանի դաշնային տեղեկատվական REGNUM գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը՝ գլոբալ փոփոխությունների սկիզբ Հարավային Կովկասում» վերնագրով։
Համաձայնեք՝ այդպես է, որ կա. Անդրկովկասը գտնվում է անշրջելի փոփոխությունների շեմին։
Արտաշես Գեղամյան,
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
Հանրապետական կուսակցությունից,
«Ազգային միաբանություն»
կուսակցության նախագահ,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում
Հայաստանի պատվիրակության ղեկավար