«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունը ամբողջովին պաշտպանում է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը Ուկրաինայի ճգնաժամի և Ղրիմի ինքնորոշման առնչությամբ

13.03-17.03.2014, Իրավունք

– Պարոն Գեղամյան, օրերս ԱԺ-ում հնչեց ՍԻՄ կուսակցության դիրքորոշումը Ղրիմի ինքնորոշման հետ կապված: Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետները, որոնք ներկայացրեց կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

– ՍԻՄ-ի հայտարարությանը գնահատական տալիս նախևառաջ պետք է հստակ  արձանագրել հետևյալ իրողությունները.

Առաջին. պարոն Բաբուխանյանի հայտարարության մեջ Ուկրաինայում ընթացող զարգացումներին տրվել է համապարփակ գնահատական համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների միջև ընթացող տեղեկատվական սուր պատերազմի համապատկերում: Ուշագրավ է, որ այդ ամենը վերլուծվում է նոր աշխարհակարգի ձևավորմանը միտված գործընթացների փոխկապակցվածության ֆոնին: Գնահատելի է, որ առկա պրոցեսներն անվանվում են իրենց իրական բովադակությանը համահունչ:

Երկրորդ. ես բարձր եմ գնահատում նաև այն, որ հակառակ տասնամյակներ շարունակ հայ մարդկանց փաթաթվող կարծրատիպերին, այն է, որ աշխարհիս ժողովրդավարության դրսևորումները պետք է որոնել միայն Արևմուտքում, ՍԻՄ-ի հայտարարության մեջ այդ թեզը ոչ միայն համոզիչ ժխտվում է, այլև վերջին շրջանի պատմական իրողությունների հիշատակմամբ հիմնավորվում է ճիշտ հակառակը: Խոսքը Արևմուտքի որդեգրած երկակի ստանդարտների կիրառման ապացույցների ներկայացման մասին է: Այսպես, ՍԻՄ-ի հայտարարությունում իրավացիորեն նշվում է. «… 1990-ականներից հետո ինքնորոշվել են մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ Սերբիայի մաս կազմող Կոսովոն, որը վայելում է Արևմուտքի հովանավորությունը: ՍԻՄ կուսակցությունը դրական է գնահատում այն փաստը, երբ Ղրիմի ժողովուրդը ցանկություն է հայտնել անցկացնել հանրաքվե ժողովրդավարական նորմերի  և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան և ոչ թե տրվել է սադրանքների, որոնք կարող էին բերել քաղաքացիական կամ ազգամիջյան բախումների, բռնությունների և արյունահեղության»:

Երրորդ.  ՍԻՄ-ի հայտարարության մեջ հիմնավորվում է նաև Ղրիմի ու Լեռնային Ղարաբաղի ճակատագրերի նմանությունը, երբ ԽՍՀՄ-ի օրոք, իրավամբ, կուսակցական դիկտատորների կամային որոշումների հիման վրա Ղրիմը հանձնվեց Ուկրաինային, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանին: Միանգամայն արդարացի է ՍԻՄ կուսակցության մեր գործընկերների վրդովմունքն առ այն, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովուրդների ազատ ինքնորոշման մեր բարեկամ արևմտամետները, չգիտես ինչու, իրենց բազում վերլուծություններում համառորեն շրջանցում են այս փաստերը, վերստին հաստատելով այն համոզմունքը, որ, ավա՜ղ, համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնները հաճախ գործում են առաջնորդվելով ոչ թե միջազգային իրավունքի նորմերով, այլ՝ միայն ու միայն սեփական շահերով:

Չորրորդ. ՍԻՄ-ի հայտարարության մեջ առանձնահատուկ կարևորում եմ այն, որ կուսակցությունն իր բոլոր եզրակացությունները բխեցնում է ուկրաինական ժողովրդի շահերից, զերծ պահելով մարդկանց ընկնել մոլորության մեջ (ինչին դրդում են բազում հրապարակումներ մամուլում) և Կիևում ընթացող զարգացումները պայմանավորել, իբր, ժողովրդավարություն հաստատելու նպատակներով: Այսպես, ՍԻՄ-ի հայտարարության մեջ արդարացիորեն նշվում է. «Մենք ականատես եղանք, որ Ուկրաինայում իշխանությունը բռնազավթեցին ուժեր, որոնք զանգվածաբար ոտնահարում են ժողովրդավարության սկզբունքները, փակվում են այլակարծիք ԶԼՄ-ները, տարբեր կուսակցական գրասենյակներ են այրվում, զենքի սպառնալիքով պաշտոնյաներ են հեռացվում աշխատանքից, փակվում են ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, կան քաղբանտարկյալներ»:

 – Պարոն Գեղամյան, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ-ի դիրքորոշումը Ուկրաինայում  և, մասնավորապես, Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններին:

– Հայաստանի Հանրապետության ընդունած պաշտոնական դիրքորոշումը բավականին հավասարակշռված է, որովհետև այնտեղ կարմիր թելի պես անցնում է այն գաղափարն ու միտքը, որ Ուկրաինայի ժողովուրդը մեր եղբայրներն են, ովքեր ի զորու են հանրաքվեի միջոցով ինքնուրույն տնօրինելու իրենց ապագան: Ուստի, պետք է անել ամենը, որ հանրաքվեի միջոցով, խաղաղ պայմաններում մարդիկ կարողանան արտահայտել իրենց դիրքորոշումը:

– Մեր երկրում կան որոշ ԶԼՄ-ներ, որոնք ավելի շատ պրոպագանդում և գովերգում են Արևմուտքի միջամտությունները Ուկրաինայի հարցերում: Ինչպե՞ս կգնահատեք սա:

– Դուք միանգամայն իրավացի եք: Բարեբախտաբար, նման տեսակետներ գովերգողներն իրենց բազում հրապարակումներում համոզիչ չեն: Ավելին, եթե այս իրողությանը գումարենք նաև այն հանգամանքը, որ նման տեսակետներ են հայտնվում նաև ՀՀ երկրորդ նախագահի կողմից ուղղորդվող հասարակության լայն շրջանակներում կոյուղային էլեկտրոնային լրատվամիջոցների համբավ ունեցող կայքերը, ապա պատկերն ավելի ամբողջական կլինի: Ուստի, կարծում եմ,  առանձնապես մտահոգվելու հիմքեր չկան, քանզի ոչ միայն վերլուծաբանները, այլև պարզապես յուրաքանչյուր գրագետ մարդ տեղեկատվական այս իրարանցումի հետևում իսկույն ևեթ պարզորոշ  կտեսնի քաղաքական լուսանցքում հայտնված երիտասարդ թոշակառու-օբիժնիկների ականջները: Եվ վերջապես, դուք ինչո՞ւ եք ցանկանում ձեր առանձին գործընկերներին, առավել ևս առողջության համար վտանգավոր կոյուղատար կայքեր սպասարկողներին զրկել իրենց գոյության եզակի միջոցից: Չէ՞ որ  այդ ֆեյսբուքյան ֆեյքերի դեղնակտուց գրչակները լրագրողական ոչ մի լուրջ շրջապատում  ինքնադրսևորվել ի զորու չեն և դատապարտված կլինեն գործազրկության: Չմոռանանք, որ նրանք ֆինանսավորվում են նաև համապատասխան ուժային կենտրոնների կողմից, աշխատավարձ են ստանում և իրենց հանապազօրյա հացի խնդիրն են լուծում: Փորձենք այդ երևույթում էլ դրական դրսևորումներ տեսնել: Այո՛, այո՛ դրական դրսևորումներ, որոնք հիմնավորապես ապացուցում են, որ Հայաստանի Հանրապետությունում խոսքի, մամուլի ազատությունը Նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք խորը արմատներ է գցել: Էլ չասենք, որ կոյուղային էլեկտրոնային կայքերի «աշխատավորական կոլեկտիվները» քաջ գիտակցում են, թե ինչ դառն ու գարշահոտ է նրանց վաստակը, ինչով են իրենք զբաղված …

Ավարտելով խոսքս, կրկին փաստեմ, որ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունը ամբողջովին պաշտպանում է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը Ուկրաինայի ճգնաժամի և Ղրիմի ինքնորոշման առնչությամբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր