“ՈՒՂԵՂՆԵՐԴ ԱՇԽԱՏԵՑՐԵՔ,  ՊԱՐՈՆԱՅՔ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ”

26.02.2014, Իրավունք

Օրերս որոշ լրատվամիջոցներ անդրադարձ էին կատարել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, “Ազգային միաբանություն կուսակցության” նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԱՀԿ վեհաժողովի նիստին հնչած ելույթին, որտեղ պնդել էին, որ պատգամավորը նիստերից մեկի ժամանակ անհարմար վիճակում է հայտնվել: Սրա հետ կապված “Իրավունքի” հետ զրույցում պատգամավորը հերքեց բոլոր այն ապատեղեկատվությունները, որը գրվել էր իր մասին` նշելով, որ հայկական որոշ լրատվամիջոցներ պարզապես ներկայացրել են այնպես, ինչպես ներկայացվել է ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներում:  

-Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում են լրատվամիջոցներ, որոնք մեր երկրում ուղղակիորեն պաշտպանում են  ադրբեջանաթուրքական պետական շահը` հլու-հնազանդ կատարելով  համաշխարհային  քաղաքականության ուժի կենտրոնների հանձնարարականները: Այսպես, ս.թ. փետրվարի 13-14-ին Վիեննայում` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, հանդես եկա 6 ելույթով, որոնց առանցքն էր` ԵԱՀԿ ԽՎ-ի պատգամավորներին իրազեկել այն ծայրաստիճան ռասիստական, հայատյացության մթնոլորտին, որը տիրում է Ադրբեջանում (նշեմ, որ ելույթներիս տեսագրությունը տեղադրված է ԵԱՀԿ ԽՎ-ի պաշտոնական կայքէջում): Ավելին, ելույթներումս հնարավոր դարձավ հիմնավորել, որ Ադրբեջանի Հանրապետությունը ոտնահարում է ԵԱՀԿ-ի կողմից ընդունված հիմնարար 10 սկզբունքներից 7-ը:

Ըստ որում, իմ կողմից տրված նման գնահատականը հիմնավորում էի կոնկրետ փաստերով, մատնանշում էի  այն սկզբնաղբյուրները, որոնք, որպես հավաստի, ընդունված են միջազգային փորձագիտական հանրության կողմից: Ասեմ ավելին, ԵԱՀԿ ԽՎ-ի Մշտական կոմիտեում ունեցած ելույթում անդրադարձա այն իրողությանը, որ իմ կողքին նստած է ադրբեջանական Միլիմեջլիսի պատվիրակության անդամ Ազայ Գուլիեւը, որը նախորդ նստաշրջանում ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից, ժողովրդավարական բոլոր սկզբունքների ոտնահարման արդյունքում ընտրվեց ԵԱՀԿ ԽՎ-ի Առաջին կոմիտեի փոխնախագահ: Ելույթումս նաեւ ասացի, որ ադրբեջանական սույն պատվիրակը ոչ այլ ոք է, քան հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացման սցենարի անմիջական կազմակերպիչն ու կատարողը: Նման ուղղվածության ելույթներիս հիմնական նպատակն էր ԵԱՀԿ  անդամ երկրների պատվիրակություններին հիմնավոր կերպով հորդորել, որ չի կարելի թույլ տալ, որ այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, իր հերթական նստաշրջանն անցկացնի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Ինչ խոսք, ինձ համար սպասելի էր, որ թե° ադրբեջանական պատվիրակությունը, թե° նրան սատարող միջազգային քարոզչական ողջ մեքենան կփորձեն ամեն գնով խեղաթյուրել ու ստվեր գցել ունեցածս ելույթների վրա: Իմ խոսքին հաջորդեց Ազայ Գուլիեւի ելույթը, որտեղ նա ԽՎ-ի պատվիրակներին կոչ արեց չհավատալ բերված փաստերին` դրանք որակելով որպես իրականությանը չհամապատասխանող: Ահա դրա համար էր, որ Երեւան վերադառնալուն պես, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամ 56 անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին ուղարկեցի համապատասխան տեսանյութեր եւ ֆոտոներ, այն էլ` ադրբեջանական էլեկտրոնային կայքերից, որտեղ պատկերված է Ազայ Գուլիեւը եւ մարդասպան Ռամիլ Սաֆարովը` վերջինիս հերոսացման միջոցառումներին:

Դրանից հետո ադրբեջանաթուրքական քարոզչամեքենան, ասես թե, պապանձվեց: Մեկ էլ հանկարծ փետրվարի 22-ին “Հայկական ժամանակ” թերթի համարում կարդում եմ լրատվություն, որը խնդրո առարկայի վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական հրապարակումների, հնչեցված  տեսակետների ճիշտ եւ ճիշտ կրկնությունն է: Չթաքցնեմ, դա այնքան էլ մեծ անակնկալ չէր ինձ համար: Անգամ անցյալ տարվա ամռանը Ստամբուլում կայացած ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում ունեցած իմ սուր քննադատական ելույթները, եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի լրատվամիջոցներում աղավաղված ներկայացվեցին, ապա հայաստանյան հայտնի գրանտակեր լրատվամիջոցները նրանցից բացարձակապես եւ ոչ մի հարցում ետ չմնացին. նրանք նույնպես ուղղակիորեն նենգափոխեցին ելույթներիս բովանդակությունը: (Չնայած այն հանգամանքին, որ թե° Ստամբուլում, թե° Վիեննայում ունեցած ելույթներիս տեսագրությունները տեղադրվել են ԵԱՀԿ ԽՎ-ի պաշտոնական կայքէջում, ինչպես նաեւ “Ազգային միաբանություն կուսակցության” կայքում` http://amiab.am): Նման գործելակերպը հայտնի է ինչ նպատակներ է հետապնդում` ադրբեջանաթուրքական քարոզչամեքենային հնարավորություն տալ հղումներ կատարելով Հայաստանի առանձին ԶԼՄ-ների հրապարակումների վրա` արժեզրկել միջազգային կազմակերպություններում ունեցած ելույթներիս կշիռը` սեփական երկրների ընթերցողների շրջանում:

- Ստացվում է, որ ադրբեջանական քարոզչական ջրաղացին ջուր են լցնում հայաստանյա±ն որոշ լրատվամիջոցներ:

- Տվյալ պարագայում ոչ թե ադրբեջանցիների ջրաղացին են ջուր լցնում, այլ հենց “մերոնք” են կատարում Ադրբեջանի քարոզչամեքենայի հանձնարարականները: Խեղաթյուրելով փաստերը` ապատեղեկատվություն են տարածում եւ հետն էլ` անթաքույց ուրախանում  գոյություն չունեցող իրենց “փաստերի” վրա, դիցուք, իբրեւ թե, Ադրբեջանի փոխխոսնակը ելույթիցս առաջ հեգնել է, ասելով` Ipad-դ միացրու: Ադրբեջանական պատվիրակները ԽՎ-ի նստաշրջանի առաջին իսկ օրվանից սառել էին իմ կողմից բերված եւ իրենց երկրի բարքերը մերկացնող ծանր փաստերից: Նրանք ոչ մի պատասխան ասելիք  չունեին: Սակայն ցավալին այն է, որ  ադրբեջանական դիրքերից այսօր  բարբաջում են մեր տեղական առանձին լրատվամիջոցներ: Սա խոսում է այն մասին, որ մեզանում ունենք 5-րդ շարասյուն, որը ոչ էլ թաքցնում է սեփական հրճվանքը, երբ տիրաժավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքական գործիչների հասցեին ասված ադրբեջանական քարոզչամեքենայի հերյուրանքները:

- Ըստ հավաստի աղբյուրների` Ազայ Գուլիեւը Իլհամ Ալիեւի մորաքրոջ տղան է:

- Այո, դա այդպես է, ավելին`  Սաֆարովին օդանավակայանում դիմավորել է հենց Գուլիեւը եւ նրա շուրջ ծավալված քարոզչության ընթացքում մեկ րոպե անգամ չի հեռացել Սաֆարովից եւ վերջինիս գովքն է արել: Նա Միլի մեջլիսի այն եզակի պատգամավորն է, որն ուղեկցել է մարդասպանին` հերոսացման բոլոր միջոցառումների ժամանակ: Դրանով իսկ ցանկացել են հասկացնել, որ Ռամիլ Սաֆարովին հովանավորում է անձամբ Իլհամ Ալիեւը, որովհետեւ Ադրբեջանում բոլորն էլ գիտեն, որ Գուլիեւը  նրա մորաքրոջ տղան է: Այսինքն` դրանով Ալիեւը, այո, ուզեցել է ադրբեջանական հանրությանն ասել, որ ինքը հարազատորեն է ընդունում Սաֆարովին եւ խոսքից գործի է անցել` նրա զինվորական կոչումն է բարձրացրել, Բուդապեշտի բանտախցում անցկացրած տարիների համար 7 տարվա սպայի աշխատավարձ է շնորհել:

Ինչեւէ, ներկայումս ոչ միայն մեր տարածաշրջանը, այլեւ ողջ աշխարհը կանգնած է աշխարհաքաղաքական լուրջ ձեւափոխումների շեմին: Իրողություն, որը բոլորիցս պահանջում է աչալրջություն, ավելին` համախմբում երկրի առաջ վերահաս մարտահրավերներին դիմակայելու համար: Իսկ այս գործում անհրաժեշտ է ցուցաբերել մեծ զգոնություն` խնդիր ունենալով ժամանակին վնասազերծել մեր երկրի ներսի թշնամուն, հատկապես փոփոխական վարքագիծ դրսեւորող այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք թութակի պես կրկնում են Բաքվում եւ Ստամբուլում թխված հերյուրանքներն ու զազրախոսությունները` խնդիր ունենալով թուլացնել մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական գիծը սատարողների դիրքերը` միջազգային կառույցներում: Զուր ջանքեր, ուղեղներդ աշխատեցրեք, պարոնայք ադրբեջանական գործակալներ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր